Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004
                                                                         


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Համայնքային ծառայությունը

1. Համայնքային ծառայությունը հանրային ծառայության ինքնուրույն տեսակ  է:

Համայնքային ծառայությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում մասնագիտական գործունեություն է, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանն է ուղղված:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականությունն իրականացնում են համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում, քաղաքական որոշումների ընդունմամբ եւ դրանց կատարման համակարգմամբ:

3. Քաղաքացիական աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմիններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով այդ մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է վարձու  աշխատողների միջոցով:

4. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։

Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով ամրագրվում են Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայության հիմնական սկզբունքները, կարգավորվում են համայնքային ծառայության պաշտոնների եւ դասային աստիճանների դասակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

ա) համայնքային ծառայություն՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից կամ տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների արդյունքներից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով այդ մարմիններին  վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով.

բ) համայնքային ծառայության պաշտոն՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

գ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված համայնքային ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

դ) համայնքային ծառայող՝ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմում պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող  անձ.

ե)  համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար համայնքային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաեւ համայնքային ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու  պահանջները սահմանող` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

զ) համայնքային ծառայության դասային աստիճան՝ համայնքային  ծառայողի  մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

է) համայնքային ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

ը) համայնքային ծառայողների վերապատրաստում՝ համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործում.

թ) համայնքային ծառայության կադրերի ռեզերվ՝ համայնքային ծառայության պաշտոններ չզբաղեցնող, սակայն սույն օրենքով սահմանված կարգով բացակայող համայնքային ծառայողներին առանց մրցույթի ժամանակավոր փոխարինելու իրավունք ունեցող անձանց  հանրույթ.

ժ) ծառայողական քննություն՝ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն:

Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:

2. Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:

Հոդված 5. Համայնքային ծառայության հիմնական սկզբունքները

Համայնքային ծառայության հիմնական սկզբունքներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը.

բ) համայնքային ծառայության կայունությունը.

գ) համայնքային ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը եւ օրենքի առջեւ համայնքային ծառայողների  իրավահավասարությունը.

դ) համայնքային ծառայության հրապարակայնությունը.

ե) համայնքային ծառայողների քաղաքական զսպվածությունը.

զ) քաղաքացիների համար համայնքային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխան.

է) համայնքային ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

ը) համայնքային ծառայողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը.

թ) համայնքային ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

ժ) համայնքային ծառայողների գործունեության վերահսկելիությունը եւ հաշվետու լինելը:

Հոդված 6. Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Համայնքային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,  ինչպես նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերով:

2. Համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ  չեն սահմանված:

3. Համայնքային ծառայողների միջեւ ծառայողական փոխհարաբերությունները  կարգավորվում են նաեւ  աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգով, որը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած օրինակելի կանոնակարգի հիման վրա:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ  ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ  ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 7. Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ            ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

ա)  համայնքային ծառայության գլխավոր պաշտոն` 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի քարտուղար.

բ)  համայնքային ծառայության առաջատար պաշտոններ.

գ)  համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ, բացի գլխավոր պաշտոնից, դասակարգվում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ  ենթախմբերի: Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն  ենթախումբն է:

4. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հոդված 8. Համայնքային ծառայության դասային աստիճանները

1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության գլխավոր խորհրդականի դասային աստիճան.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին, 2-րդ եւ  3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության   1-ին, 2-րդ եւ  3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճանները շնորհում է համապատասխան համայնքի ղեկավարը:

3. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ ծառայողին շնորհվում է համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան:

Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է ատեստավորումից հետո:

Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

4. Համայնքային ծառայության գլխավոր ծառայողի դասային աստիճանը  համապատասխանում է քաղաքացիական ծառայության 3-րդ դասի գլխավոր ծառայողի դասային աստիճանին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններին:

5. Քաղաքացիական ծառայողին համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան:

6. Համայնքային ծառայության դասային աստիճանը կարող է իջեցվել դատական կարգով:

7. Համայնքային ծառայողը դասային աստիճանից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ժ», «ժա», «ժբ» եւ «ժէ» կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:

Հոդված 9. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը եւ համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի հաստիքացուցակը եւ (կամ) համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման սույն հոդվածի 1-ին մասում նշված անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը

 1. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը:

Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի  առնվազն հետեւյալ չափանիշները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոն` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ եւ համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան եւ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երկու տարվա ընթացքում համայնքի ղեկավարի, ինչպես նաեւ  հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ` միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի եւ փորձի:

2. Մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրը ընդգրկում է համայնքային կամ քաղաքացիական ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, առաջատար պաշտոնների անձնագրերը` տեղական ինքնակառավարման մարմիններում կամ քաղաքացիական ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

3. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստումից հետո:
 


ԳԼՈՒԽ 3

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 11. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու պայմանները

Սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Մրցույթին մասնակցելու վերաբերյալ դիմումի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, որը համապատասխան որոշում է կայացնում եռօրյա ժամկետում։

Մրցույթին մասնակցելու վերաբերյալ դիմումի մերժման մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու դեպքում դատարանը պարտավոր է եռօրյա ժամկետում որոշում կայացնել։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Հոդված 12. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք  չունի այն անձը, որը՝

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատական կարգով զրկվել է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները

1. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը եւ ատեստավորումն անցկացնում են  սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով  կազմավորվող մրցութային եւ ատեստավորման  հանձնաժողովները։

2. Հայաստանի Հանրապետության  համայնքներում մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքների ղեկավարը, ավագանու անդամները, ինչպես նաեւ մարզպետարանի 3 ներկայացուցիչ: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի։

3. Համայնքային ծառայության  մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության  լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգի հիման վրա:

Հոդված 14. Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ  պաշտոնն զբաղեցվում է մրցույթով, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը  մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային տեղեկատվության այլ միջոցներով:

3. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն  անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության  լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով՝ վաղօրոք կազմված հարցաշարից եւ դրանից պատահական ընտրված  հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
դ) մասնագիտական հմտությունների:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից եւ խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ պատասխան:
Գաղտնիությունն ապահովելու նպատակով թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ:

8. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի  երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ունեն թեստավորման առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Հարցազրույցն անցկացվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի միջոցով յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատում է 20 բալային համակարգով: Նվազագույն դրական գնահատականը 8 բալն է:

Մրցույթի հաղթող է ճանաչվում  առավել բարձր բալեր ստացած մասնակիցը: Եթե երկու կամ ավելի մասնակիցներ են առավել բարձր բալեր ստանում, ապա բոլորը մրցույթի հաղթող են ճանաչվում:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելու օրը:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ եռօրյա ժամկետում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկը նշանակվում է համապատասխան պաշտոնում:

11. Եթե մրցույթում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման  առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը  քվեարկությունից հետո դրական գնահատական չի ստացել, ապա մրցույթում հաղթող չի ճանաչվում, եւ երկու ամիս հետո անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ  ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ երկու ամիս հետո անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:
12. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հոդված 15. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Համայնքային ծառայողին պաշտոնում նշանակում է համայնքի ղեկավարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:

Համայնքային ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է:

2. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման դեպքում սահմանվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջան՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 16. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակվելիս համայնքային ծառայողի երդումը

1. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամների  ներկայությամբ տրված երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ` անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը,  արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական  պարտականություններս»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝  երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Համայնքային ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը: Երդման մասին գրառում է կատարվում նրա անձնական գործում:

Հոդված 17. Համայնքային ծառայության ստաժը

1. Համայնքային ծառայության ստաժը ներառում է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, տեղական ինքնակառավարման մարմիններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ մինչեւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է համայնքային ծառայողի ընդհանուր եւ մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների  կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում պահպանվում է նրա`  համայնքային ծառայության պաշտոնը, վարձատրությունը եւ համայնքային ծառայության ստաժը:

Հոդված 18. Համայնքային ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

1. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, համայնքային ծառայողի կողմից իր  ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով,  ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում) այն զբաղեցվում է համապատասխան համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում՝  այլ համայնքի համայնքային  ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի` վեց ամսից ոչ ավելի ժամկետով պարտադիր գործուղմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

2.  Սույն օրենքի հիման վրա համայնքային ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման եւ համայնքային ծառայողի պարտադիր գործուղման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 4

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԿԱԴՐԵՐԻ  ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 19. Համայնքային ծառայողի ատեստավորումը

1. Համայնքային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

2. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

3. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համայնքի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ կամ համայնքային ծառայողի ցանկությամբ:

4. Ատեստավորումն անցկացվում է համայնքային ծառայողի անմիջական մասնակցությամբ:

5. Ատեստավորման ենթակա չեն՝

ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող համայնքային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

բ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած համայնքային ծառայողները վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

գ) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող համայնքային ծառայողները, եթե նրանք այդպիսի ցանկություն չեն հայտնել:

Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

6. Ատեստավորման ենթակա համայնքային ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման մասին:

7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է համայնքային ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի համայնքային ծառայողի մասին տվյալներ եւ նրա` գործնական, մարդկային հատկանիշների ու ծառայողական  գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում համայնքային ծառայողի կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:

Եթե ատեստավորումների միջեւ ընկած ժամանակաշրջանում համայնքային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա նրա տված եզրակացություններն իրավաբանական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջեւ ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա համայնքային  ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Համայնքային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ    շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

8. Ատեստավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

ա) փաստաթղթային.

բ) թեստավորման եւ հարցազրույցի:

9. Համայնքային այն  ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝  հարցազրույցի  միջոցով:

Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

10. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են համայնքային  այն ծառայողները`

ա) ովքեր փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի  9-րդ մասի 3-րդ պարբերության «բ» կետում նշված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել համայնքային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

12. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

ա) շնորհել ավելի բարձր դասային աստիճան.

բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ատեստավորումից հետո` վեց ամսվա ընթացքում, վերապատրաստում անցնելու եւ վերապատրաստումից հետո դրական գնահատական ստանալու պայմանով.

դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են համայնքի ղեկավարի համար:

13. Համայնքային ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին եւ բողոքարկելու դրանք մինչեւ  համայնքի ղեկավարին ներկայացնելը:

14. Ատեստավորման արդյունքներն ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին, որն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

ա) համայնքային ծառայողին ավելի բարձր համայնքային ծառայության դասային աստիճան շնորհելու մասին.

բ) համայնքային ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.

գ) համայնքային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

Նման որոշում կայացվում է նաեւ, եթե համայնքային ծառայողը վերապատրաստումից հետո ստանում է բացասական գնահատական:

15. Համայնքի ղեկավարը ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

Եթե համայնքային ծառայողը ժամանակավոր անաշխատունակ է, գտնվում է  արձակուրդում կամ անցնում է վերապատրաստում, ապա համայնքի ղեկավարը  ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է  ընդունում  ծառայողի աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

16.  Սույն օրենքի հիման վրա համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հոդված 20. Համայնքային ծառայողի վերապատրաստումը

1. Համայնքային ծառայողի վերապատրաստումն անցկացվում է համայնքային ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաեւ համայնքային  ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ՝ վերջինիս հայտի հիման վրա:

2. Յուրաքանչյուր համայնքային  ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

3. Համայնքային ծառայողների վերապատրաստումը անցկացվում է մրցութային կարգով ընտրված կազմակերպություններում: Համայնքների ղեկավարներից ստացված հայտերի հիման վրա մրցույթը անցկացնում է միջհամայնքային միավորումը, իսկ այն համայնքներում, որոնք ընդգրկված չեն միջհամայնքային միավորումներում` համապատասխան մարզպետարանը: Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

4.  Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաեւ  համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հոդված 21. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը

1. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  «զ», «է» եւ «ժը» կետերով նախատեսված հիմքերով համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձինք:

Համայնքային ծառայության ռեզերվում գրանցվում են նաեւ`

ա) համայնքի ղեկավարի պաշտոն կամ տեղական ինքնակառավարման մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.

բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

2. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը  մեկ տարի է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

3.  Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության  լիազորած պետական կառավարման մարմինը:

ԳԼՈՒԽ 5

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 22. Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները

Համայնքային ծառայողի հիմնական իրավունքներն են՝

ա) ծանոթանալ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված իր պաշտոնական իրավունքներին եւ պարտականություններին.

բ) ծանոթանալ իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին ու այլ փաստաթղթերի եւ ներկայացնել բացատրություններ.

գ) ծառայողական պարտականությունների կատարման համար ստանալ անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր.

դ) իր լիազորությունների շրջանակներում ընդունել որոշումներ.

ե) պահանջել անցկացնել ծառայողական քննություն.

զ) ունենալ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմաններ.

է) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

ը)  իրավական պաշտպանությունը, ներառյալ՝ քաղաքական հետապնդումներից.

թ)  օրենքով սահմանված կարգով բարձրացնել համայնքային  ծառայության դասային աստիճանը.

ժ) վերապատրաստվել համայնքային բյուջեների միջոցների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

ժա) բողոքարկել մրցույթի եւ ատեստավորման արդյունքները , ընդ որում՝ դատական կարգով.

ժբ) մասնակցել համայնքային ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննարկմանը եւ ներկայացնել առաջարկություններ:

Համայնքային ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 23. Համայնքային ծառայողի հիմնական պարտականությունները

Համայնքային ծառայողի հիմնական պարտականություններն են՝

ա) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջները.

բ) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար ապահովել անհրաժեշտ այլ գիտելիքներ.

գ) ճշգրիտ ու ժամանակին կատարել  իրեն վերապահված պարտականությունները եւ ներկայացնել հաշվետվություններ.

դ) կատարել վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ օրենքով սահմանված կարգով տված հանձնարարականները եւ ընդունած որոշումները.

ե) պահպանել օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները.

զ) օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում քննության առնել եւ  ընթացք տալ առաջարկություններին, դիմումներին եւ բողոքներին.

է) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, ընդ որում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

ը) պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած համայնքային ծառայողի էթիկայի կանոնները.

թ) օրենքով սահմանված կարգով ներկայացնել գույքի եւ եկամուտների հայտարարագիր:

Համայնքային ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
 

Հոդված 24. Համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Համայնքային ծառայողն իրավունք չունի՝

ա) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

բ) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն, կամ անմիջականորեն վերահսկում է ինքը.

գ) խախտելու համայնքային ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը,  իր ծառայողական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, ներառյալ՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց հանդեպ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրականացնելու քաղաքական կամ կրոնական այլ գործունեություն.

դ) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

ե) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական կամ  համայնքային այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

զ) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

է) որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելուց  կամ նույն համայնքի տարածքում գտնվող առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ձեռք բերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, համայնքային ծառայողը օրենքով սահմանված կարգով պարտավոր է դա հանձնել հավատարմագրային կառավարման: Համայնքային ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Համայնքային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Հոդված 25.  Համայնքային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Համայնքային ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.

բ) դուրս են հանձնարարականներ տվողի եւ կատարողի լիազորությունների շրջանակներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում համայնքային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին եւ համայնքի ղեկավարին:

Եթե համայնքի ղեկավարը, հանձնարարական տվողը գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա համայնքային ծառայողը  պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Համայնքային ծառայողի կողմից այդ հանձնարարականի            կատարման համար պատասխանատվությունը կրում է համայնքի ղեկավարը:

Հոդված 26. Համայնքային  ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Համայնքային ծառայողի համար երաշխավորվում են`

ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

բ) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

գ) ամենամյա վճարովի արձակուրդ.

դ) վերապատրաստում` պահպանելով  պաշտոնը եւ աշխատավարձը.

ե) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ  կարգով համայնքային ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից եւ այլ ոտնձգություններից.

է) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Համայնքային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված դեպքերում եւ կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը

1. Յուրաքանչյուր համայնքային ծառայող, առանց  խտրականության, ունի համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Համայնքային ծառայողի վարձատրության չափը եւ դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր համայնքային ծառայողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:

Հոդված 28. Համայնքային ծառայողի սոցիալական ապահովությունը

Համայնքային ծառայողի սոցիալական ապահովությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 29.  Համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության ժամանակ

1. Համապատասխան տեղական ինքնակառավարման  մարմնի աշխատակազմի վերակազմակերպումը եւ կառուցվածքային փոփոխությունը  համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ համայնքային ծառայության առավել երկար ստաժ ունեցող համայնքային ծառայողին:

2. Համապատասխան տեղական ինքնակառավարման  մարմնի աշխատակազմի կառուցվածքային փոփոխության  հետեւանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցվածքային փոփոխություն կրած աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները:

Հոդված 30. Համայնքային ծառայողի անձնական գործը

1. Համայնքային ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը:

2. Համայնքային ծառայողների անձնական գործերի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

ԳԼՈՒԽ 6

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ  ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ  ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ  ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 31. Համայնքային ծառայողի խրախուսումը

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները բարեխղճորեն կատարելու համար համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգեւատրում.

գ) հուշանվերով պարգեւատրում.

դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

ե) աշխատավարձի բարձրացում.

զ) կարգապահական տույժի հանում:

Համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Համայնքային ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է համայնքի ղեկավարը:

Հոդված 32. Համայնքային ծառայողների կարգապահական պատասխանատվությունը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետեւյալ  տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:

2. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը խախտում թույլ տված համայնքային ծառայողից պահանջվում է բացատրություն:
Կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, չհաշված ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելու ժամանակը:

Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ:
Կարգապահական տույժ նշանակելու մասին համայնքային ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե համայնքային ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե համայնքային ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ իրեն դրսեւորել է որպես բարեխիղճ ծառայող:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառում է համայնքի ղեկավարը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի վարձատրության պահպանմամբ:

Հոդված 33. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

ա) անձնական դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

գ) սույն օրենքի  32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը.

դ) սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը.

ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

զ) հաստիքների կրճատումը.

է) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

ը) իր գրավոր համաձայնությամբ այլ պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը կամ համայնքային ծառայողի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի անցնելը.

թ) համայնքային ծառայության պաշտոնում նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը կամ փախստականի կարգավիճակ կորցնելը՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման.

ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ժգ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքի լրանալը.

ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

ժե) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

ժզ) դատական կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

ժէ) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.

ժը) համապատասխան մարմնի լուծարումը:

2. Համայնքային ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի  «զ», «է» եւ «թ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող համայնքային ծառայողները:

Հոդված 34. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում համայնքի ղեկավարի որոշմամբ ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Հոդված 35. Համայնքային ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Համայնքային ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ներառյալ` համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

ԳԼՈՒԽ 7

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ

Հոդված 36. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը համայնքային ծառայության մասին օրենսդրությունը խախտելու դեպքերում

1. Համայնքային ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաեւ դատական կարգով:

2. Համայնքային ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն  են կրում օրենքով   սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 8

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 37. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։

Հոդված 38. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի  մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Հոդված 39. Սույն օրենքի պահանջների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ստանձնած պարտավորությունների հետ կապված ծախսերի ֆինանսավորումը

Սույն օրենքի պահանջների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ստանձնած պարտավորությունների հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է համայնքների բյուջեների հաշվին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներ սահմանված չեն, ընդ որում` սույն օրենքի կիրարկման հետ կապված` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  67-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները չեն գործում:

Հոդված 40. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով  ենթակա է հաստատման սույն օրենքն ուժի  մեջ մտնելուց հետո՝ ութերորդ ամսվա 1-ից:

Հոդված 41. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի հաստիքացուցակը եւ  ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի հաստիքացուցակը եւ ծառայության պաշտոնների անձնագրերը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո՝ չորսամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հաստատման (փոփոխման):

Հոդված 42. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի հաստիքացուցակի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի` սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել միայն այդ մարմինների անժամկետ աշխատանքային պայմանագրերով աշխատողները:

Հոդված 43. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը

1. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են համայնքային ծառայողներ՝ սույն օրենքն ուժի  մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատողները սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի պահանջները:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայող համարված տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի աշխատողներին ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորումից հետո:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից հետո, համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:

Հոդված 44. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում  ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում ծառայության  պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի  մեջ մտնելուց հետո՝ իններորդ ամսվա 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ   նախատեսված չեն:

Հոդված 45. Համայնքային ծառայողների  առաջին վերապատրաստումը

Համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանյոթերորդ ամսվա 1-ից:

Համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսունիններորդ ամսվա 1-ից:

Վերապատրաստումը անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` մշակված ծրագրերին համապատասխան:

Հոդված 46. Համայնքային ծառայողների  առաջին ատեստավորումը

Վերապատրաստում անցած համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնյոթերորդ ամսվա 1-ից:

Վերապատրաստում անցած համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանիններորդ ամսվա 1-ից:

Վերապատրաստում անցած համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝  քառասունմեկերորդ ամսվա 1-ից:

Սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի պահանջը:

Հոդված 47. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով համայնքային ծառայողին պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.01.2005
ՀՕ-43


22.12.2006 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
30.09.2008 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.12.2008 «Համայնքային ծառայության մաuին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
19.05.2009 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
10.02.2011 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.12.2011 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.03.2012 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.03.2012 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
05.02.2013 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.03.2013 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
24.11.2015 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
07.12.2015 «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
14.11.2019 «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.01.2020 «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
09.06.2022 «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին