Russian    
Քրեական օրենսգիրք
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.03.2001

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի ծանոթագրության՝

ա) 1-ին կետի «քսանապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով.

բ) 2-րդ կետի «քսանապատիկից մինչեւ հազարապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչեւ երկուհազարապատիկի» բառերով.

գ) 3-րդ կետի «հազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից մինչեւ վեցհազարապատիկի» բառերով.

դ) 4-րդ կետի «երեքհազարապատիկի» բառը փոխարինել «վեցհազարապատիկի» բառով։

Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53-րդ հոդվածում «քսանապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով։

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցներ վարող անձի կողմից տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգության եւ շահագործման կանոնների խախտումը, որը տուժողին նվազ ծանր կամ թեթեւ մարմնական վնասվածք է պատճառել՝»։

Նույն հոդվածի առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»։

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ մասով.

«Նույն արարքը, որի հետեւանքով տուժողին ծանր մարմնական վնասվածք է պատճառվել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից մինչեւ երեք տարի ժամանակով՝ տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ՝ մինչեւ երկու տարի ժամանակով կամ առանց դրա:»։

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որի հետեւանքով տուժողը մահացել է՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից մինչեւ վեց տարի ժամանակով՝ տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ՝ մինչեւ երեք տարի ժամանակով կամ առանց դրա:»։

Այդ կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս:

Հոդված 6 . Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 222. Խուլիգանություն

Խուլիգանությունը, այսինքն՝ այն դիտավորյալ գործողությունները, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը եւ արտահայտում են բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ՝

պատժվում է տուգանքով՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով։

Նույն արարքը, եթե կատարել է նախկինում դատապարտված անձը, կամ մեկ տարվա ընթացքում կատարվել է երկրորդ անգամ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով՝ մինչեւ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Չարամիտ խուլիգանությունը, այսինքն՝ նույն գործողությունները, որոնք իրենց բովանդակությամբ աչքի են ընկել բացառիկ ցինիզմով կամ առանձին հանդգնությամբ ու կապված են եղել իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարող հասարակության ներկայացուցչին կամ խուլիգանական գործողություններըխափանող այլ քաղաքացիներին դիմադրություն ցույց տալու հետ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից մինչեւ երկու տարի ժամանակով։

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, եթե դրանք կատարվել են հրազենի կամ դանակի, կաստետի կամ այլ սառը զենքի, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ կամ դրանց գործադրման փորձով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից մինչեւ յոթ տարի ժամանակով:»։

Հոդված 7 . Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 254. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնագլուխ թողնելը

Պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնագլուխ թողնելը, ինչպես նաեւ զորամասից արձակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի տեւողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ մեկ տարի ժամանակով։

Նույն արարքները, եթե կատարել են սպան կամ ենթասպան տասն օրից ավելի տեւողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի՝

պատժվում են ազատազրկմամբ՝ մինչեւ երկու տարի ժամանակով։

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե ինքնագլուխ բացակայությունը տեւել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ մեկից մինչեւ հինգ տարի ժամանակով:»։

Ծանոթագրություն. - Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, ծառայությունից խուսափելու պահից հինգ օրվա ընթացքում մեղայականով զորամաս, ծառայության վայր կամ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում, ինչպես նաեւ, եթե այդ արարքները կատարվել են ծանր հանգամանքների զուգորդման հետեւանքով։

Հոդված 8. Սույն օրենքի հետ կապված՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճիռները եւ որոշումները եռամսյա ժամկետում վերանայվում են դատապարտյալի դիմումի կամ դատախազի միջնորդության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ եւ 438-րդ հոդվածներով սահմանված կարգով։

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 2001թ.
ՀՕ-156