Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.05.1998
  • Գլուխ I     Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II    Անշարժ գույքը քաղաքաշինության բնագավառում
  • Գլուխ III   Քաղաքաշինական գործունեության սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները
  • Գլուխ IV  Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարումը
  • Գլուխ V  Քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը
  • Գլուխ VI Հասարակայնության մասնակցությունը քաղաքաշինական գործունեության իրականացմանը
  • Գլուխ VII  Քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի եւ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգերը, քաղաքաշինական փաստաթղթերը
  • Գլուխ VIII Քաղաքաշինական գործունեության կարգավորումը
  • Գլուխ IX Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար
  • Գլուխ X  Միջազգային համագործակցությունը քաղաքաշինության բնագավառում
  • Գլուխ XI  Անցումային դրույթ

  • ԳԼՈՒԽ I

    Ընդհանուր դրույթներ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները եւ կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:

    Հոդված 2. Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում

    Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝

    ա) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձեւավորման, տարածքների նպատակային օգտագործման ուղղությունների եւ գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման եւ նախագծման բոլոր տեսակները.

    բ) շենքերի, շինությունների (ներառյալ՝ ժամանակավոր) շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման եւ բարեկարգման (ներառյալ՝ քանդման), հողակտորների, բնական լանդշաֆտի տարրերի գործառնական նշանակության, տեսքի, չափերի եւ սահմանների փոփոխությունների բոլոր տեսակները.

    գ) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներինհամապատասխան:

    Հոդված 3. Քաղաքաշինական գործունեության օբյեկտները

    Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են՝

    ա) Հայաստանի Հանրապետության տարածքը.

    բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների

    տարածքները.

    գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, դրանց առանձին թաղամասերը եւ գոտիները, ինչպես նաեւ հերթափոխային, արշավախմբային, պաշտպանական նշանակության, մաքսային սպասարկման, այգեգործական, ամառանոցային եւ այլ գործառնական տարածքները.

    դ) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները եւ հանգույցները.

    ե) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի եւ ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը եւ բաղկացուցիչ մասերը.

    զ) առանձին հողակտորները, շենքերը, շինությունները, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները.

    է) ինժեներատրանսպորտային հաղորդակցությունների համակարգերը.

    ը) քաղաքաշինական փաստաթղթերը:

    Սույն հոդվածի «ա» - «է» կետերում նշված օբյեկտների սահմանները որոշվում եւ փոփոխվում են օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

    Հոդված 4. Քաղաքաշինական գործունեության սուբյեկտները

    Քաղաքաշինական գործունեության սուբյեկտներ են Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք եւ միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են հանդես գալ որպես կառուցապատողներ, քաղաքաշինական օբյեկտների սեփականատերեր, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներ, շինարարություն իրականացնողներ:

    ԳԼՈՒԽ II

    Անշարժ գույքը քաղաքաշինության բնագավառում

    Հոդված 5. Քաղաքաշինության բնագավառում անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները

    Քաղաքաշինական գործունեության սուբյեկտների՝ անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով:

    ԳԼՈՒԽ III

    Քաղաքաշինական գործունեության սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները

    Հոդված 6. Կառուցապատողի իրավունքները եւ պարտականությունները

    Կառուցապատող կարող են հանդես գալ քաղաքաշինական գործունեության այն սուբյեկտները, որոնք սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասում կամ ամրակայված գույքի նկատմամբ իրականացնում են քաղաքաշինական գործունեություն (բացի շահագործումից):

    Կառուցապատող կարող են հանդիսանալ նաեւ անշարժ գույքը փոփո- խությունների ենթարկելու իրավազորությամբ օժտված այլ սուբյեկտները:

    Կառուցապատողներն իրավունք ունեն՝

    ա) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրել քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին եւ շինարարություն իրականացնողներին.

    բ) քաղաքաշինական փաստաթղթերում կատարել փոփոխություններ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով, այնպիսի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք, սույն օրենքի 23 հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.

    գ) իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.

    դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները սահմանափակող գործողությունները:

    Կառուցապատողները պարտավոր են՝

    ա) կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարա-պետաշինարարական նախագծին համապատասխան՝ շինարարության թույլտվության հիման վրա.

    բ) մինչեւ շինարարություն սկսելը, ինչպես նաեւ շինարարության ընթացքում, համաձայնության գալ կառուցապատման հետեւանքով վնասներ կրող սուբյեկտների հետ՝ հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.

    գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.

    դ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու հայտ ներկայացնել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին, իսկ Երեւան քաղաքում՝ քաղաքապետին:

    ե) ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանալ քաղաքաշինական գործունեության օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման եւ շահագործման տեխնիկական պայմանները.

    զ) ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային հսկողությունը՝ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

    Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն՝ համաձայն սույն օրենքի 23 հոդվածի:

    Հոդված 7. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերի իրավունքները եւ պարտականությունները

    Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերն իրավունք ունեն՝

    ա) քաղաքաշինական գործունեություն իրականացնել սեփականության իրավունքով իրենց պատկանող քաղաքաշինական օբյեկտի նկատմամբ՝ գործող քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին, կառուցապատման կանոններին եւ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.

    բ) պատվիրել սեփականության իրավունքով իրենց պատկանող օբյեկտին առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, ներկայացնել այլընտրանքային նախագծեր.

    գ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները սահմանափակող գործողությունները.

    դ) իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.

    ե) սահմանված կարգով ստանալ սեփականության իրավունքով իրենց պատկանող օբյեկտներին առնչվող քաղաքաշինական գործունեության բոլոր տեսակների վերաբերյալ ամբողջական տեղեկություն:

    Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերը պարտավոր են՝

    ա) քաղաքաշինական գործունեությունն իրականացնել օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով.

    բ) քաղաքաշինական գործունեության օբյեկտներն օգտագործել միայն հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.

    գ) ապահովել օբյեկտների շահագործման որակական վիճակը, կատարել ընթացիկ եւ հիմնական նորոգումներ՝ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

    Հոդված 8. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների իրավունքները եւ պարտականությունները

    Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով :

    Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են՝

    ա) ունենալ դրանց մշակման եւ նախագծման իրավունքի լիցենզիա.

    բ) կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների եւ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները.

    գ) կատարել հեղինակային հսկողություն՝ շինարարության իրականացման ընթացքում:

    Հոդված 9. Շինարարություն իրականացնողների իրավունքները եւ պարտականությունները

    Շինարարություն իրականացնողներն իրավունք ունեն՝

    ա) հրաժարվել կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնստրուկցիաները եւ ինժեներական սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք չեն համապատասխանում գործող ստանդարտներին կամ նորմատիվ պահանջներին.

    բ) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնել շինարարական աշխատանքները եւ պահանջել նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն:

    Շինարարություն իրականացնողները պարտավոր են՝

    ա) ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա.

    բ) շինարարության ընթացքում պահպանել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

    գ) սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում (բայց ոչ պակաս, քան մեկ տարվա ընթացքում՝ շինարարության ավարտական ակտը ձեւակերպելու օրվանից) հայտնաբերված թերությունները, եթե դրանք առաջացել են շինարարության ընթացքում իրենց թույլ տված խախտումների հետեւանքով:

    ԳԼՈՒԽ IV

    Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարումը

    Հոդված 10. Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը քաղաքաշինության բնագավառում՝

    ա) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը.

    բ) սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող իրավական ակտերի, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգերը.

    գ) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգերը, վերահսկում է դրանց իրականացումը .

    դ) հաստատում է բնակավայրերի, համայնքների քաղաքաշինական (բացառությամբ՝ թաղային համայնքների) գլխավոր հատակագծերի նախագծերը.

    ե) մշակում է քաղաքաշինական գործունեության տնտեսական խրախուսման քաղաքականությունը եւ իրականացնում է այն՝ իր լիազորությունների շրջանակներում .

    զ) սահմանում է պետական վերահսկողության իրականացման կարգը.

    է) սահմանում է պետական մարմինների լիազորությունները, դրանց իրականացման կարգերը.

    ը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ :
     
     

    ԳԼՈՒԽ V

    Քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

    Հոդված 11. Քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

    Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն եւ այլ օրենքներով:

    Համայնքների ղեկավարները (բացառությամբ՝ թաղային համայնքների ղեկավարների) ավագանու հավանությամբ կարող են ընդունել բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակասելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության, բնակավայրի գլխավոր հատակագծի եւ տարածքների գոտեւորման նախագծերի պահանջներին, սահմանում է քաղաքաշինական գործունեության կարգը տվյալ բնակավայրում:

    Երեւան քաղաքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատում է Երեւանի քաղաքապետը:
     
     

    ԳԼՈՒԽ VI

    Հասարակայնության մասնակցությունը քաղաքաշինական գործունեության իրականացմանը

    Հոդված 12. Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները

    Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են՝

    ա) պետության, հասարակության եւ քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.

    բ) հրապարակայնության ապահովումը, բացի օրենքով սահմանված դեպքերից.

    գ) քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը:

    Հոդված 13. Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները

    Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն՝

    ա) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.

    բ) մինչեւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի հաստատումը՝ մասնակցել դրանց քննարկմանը, ներկայացնել իրավական եւ նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր եւ ծրագրեր.

    գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը եւ նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.

    դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունները:

    Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:

    Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 14. Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը

    Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի եւ նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, անշարժ գույքի օգտագործման, վերաբաժանման, օգտակալությունների (սերվիտուտների), տարածքի գոտեւորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին:
     
     

    ԳԼՈՒԽ VII

    Քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի եւ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգերը, քաղաքաշինական փաստաթղթերը

    Հոդված 15 Քաղաքաշինական գործունեությունը եւ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համակարգը

    Քաղաքաշինական գործունեությունը եւ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական այլ ակտերից:

    Քաղաքաշինական գործունեության հետ առնչվող հողային, ջրային, անտառային, օդային տարածքների, ընդերքի օգտագործման, շրջակա միջավայրի, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության, սեփականության, գույքային, ինչպես նաեւ հեղինակային իրավունքի իրականացման ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

    Հոդված16. Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը

    Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ եւ այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաեւ նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ՝ օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:

    Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:

    Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:

    Հոդված17. Քաղաքաշինական փաստաթղթերը

    Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են եւ բաժանվում են երկու խմբի՝

    1. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր՝

    ա) քաղաքաշինական հայեցակարգեր (կոնցեպցիաներ).

    բ) տարաբնակեցման, բնօգտագործման, արտադրողական ուժերի տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծեր՝ հանրապետության եւ առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար.

    գ) քաղաքաշինական կանխատեսումներ եւ ծրագրեր.

    դ) տարածքային հատակագծման ուրվագծեր եւ նախագծեր.

    ե) տարածքների գոտեւորման նախագծեր.

    զ) բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծեր.

    է) գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերի նախագծեր.

    ը) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծեր.

    թ) պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծեր.

    ժ) մանրամասն հատակագծման նախագծեր:

    2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր՝

    ա) կառուցապատման նախագծեր.

    բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի եւ շինությունների նախագծեր.

    գ) առանձին հողակտորների գործառնական նշանակության, չափերի եւ սահմանների փոփոխման, շենքերի եւ շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման եւ բարեկարգման (ներառյալ՝ քանդման) նախագծեր.

    դ) տարածքներում կենսագործունեություն ապահովող ինժեներական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների եւ դրանց մասերի նախագծեր:

    Հաստատված յուրաքանչյուր քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի դրույթները հիմք են հանդիսանում դրանցից բխող եւ հաջորդող քաղաքաշինական փաստաթղթի մշակման առաջադրանքի համար:

    Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման եւ շինարարության պարտադիր պայմաններ, պահանջներ եւ սահմանափակումներ:

    Ճարտարապետահատակագծային առաջադրանքները համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երեւան քաղաքում՝ քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

    Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման հաստատման եւ դրանց փոփոխման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:

    Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են ծառայում քաղաքաշինական գործունեության վերահսկողության եւ վիճելի հարցերի լուծման համար:

    Սահմանված կարգով համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը՝ բացառությամբ բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի:
     
     

    ԳԼՈՒԽ VIII

    Քաղաքաշինական գործունեության կարգավորումը

    Հոդված 18. Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում

    Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում իրականացվում է նպատակային՝ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, կառուցապատման նախագծերին, իրավական այլ ակտերին համապատասխան:

    Քաղաքաշինության բնագավառում հողօգտագործման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:

    Հոդված 19. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները

    Քաղաքաշինական գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման, եթե տարածքների օգտագործումը, հատակագծումը, կառուցապատումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումն առանց օրենսդրական լրացուցիչ լուծումների դառնում է դժվար կամ անհնար:

    Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացումը որոշվում է՝ ելնելով դրանց սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների եւ բնապահպան իրավիճակի հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, լանդշաֆտային եւ բնապատկերային արժեքների պահպանման, աղետների, պատերազմական գործողությունների, արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման անհրաժեշտությունից:

    Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները կարող են չհամընկնել վարչատարածքային միավորների սահմանների հետ:

    Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացումը եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

    Երեւան քաղաքը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է:

    Հոդված 20. Պետական քաղաքաշինական կադաստրը

    Պետական քաղաքաշինական կադաստրը Հայաստանի Հանրապետության կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասերից է, որի հիմքն անշարժ գույքի պետական միասնական կադաստրն է:

    Քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական-իրավական համակարգ է, որը պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտեւորման եւ օգտագործման, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի, իրավական այլ ակտերի, հողամասերի եւ այլ անշարժ գույքի օգտագործման քաղաքաշինական սահմանափակումների եւ օգտակալությունների, տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների, բարեկարգման, ինժեներաերկրաբանության, սեյսմիկ իրադրության, գեոդեզիայի եւ քարտեզագրության, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների մասին:

    Պետական քաղաքաշինական կադաստրը համայնքում վարում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում եւ ամբողջ մարզի համար՝ մարզպետը, Երեւան քաղաքում՝ քաղաքապետը: Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրային ամփոփումը կատարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

    Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 21. Լիցենզավորումը քաղաքաշինության բնագավառում

    Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման են ենթակա գործունեության հետեւյալ ոլորտները՝

    ա) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննում, նախագծում եւ փորձաքննություն).

    բ) շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքներ, շենքերի եւ շինությունների տեխնիկական հետազոտում եւ որակի տեխնիկական հսկողություն).

    գ) միջնորդական ծառայություններ:

    Քաղաքաշինական գործունեության լիցենզավորումն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

    Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է անհրաժեշտ փաստաթղթերի ստացման պահից 30 օրվա ընթացքում:

    Լիցենզիայի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման հիմքերը: Լիցենզիայի մերժման հիմքերն են՝

    ա) ներկայացվող փաստաթղթերի անհամապատասխանությունը սույն օրենքի եւ լիազորված մարմնի սահմանած պահանջներին.

    բ) թերի կամ ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելը.

    գ) տվյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար մասնագիտական որակավորման բացակայությունը:

    Լիցենզիան տրվում է երեք տարի ժամկետով:

    Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով եւ կարգով:

    Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

    Հոդված 22. Քաղաքաշինական գործունեության իրականացման օգտակալությունը

    Քաղաքաշինական գործունեության բնագավառում օգտակալությունը սահմանվում է «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով:

    Հոդված 23. Շինարարության թույլտվությունը

    Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում եւ շինություններում:

    Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:

    Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երեւան քաղաքում՝ թաղային համայնքի ղեկավարը՝ Երեւանի խորհրդի սահմանած կարգով՝ օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով :

    Շինարարության թույլտվություն չի պահանջվում շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման եւ տարածքների բարեկարգման աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը կամ չեն հակասում սահմանված օգտակալություններին:

    Հոդված 24. Քանդման թույլտվությունը

    Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ իրավունքը՝ իրականացնել շենքերի եւ շինությունների քանդումը:

    Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երեւան քաղաքում՝ թաղային համայնքի ղեկավարը՝ Երեւանի խորհրդի սահմանած կարգով՝ օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Հոդված 25. Շինարարության ավարտի փաստագրումը

    Շինարարության (շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ընդլայնման եւ բարեկարգման)

    ավարտի փաստագրումը կատարվում է ավարտական ակտով:

    Շինարարության ավարտական ակտը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երեւան քաղաքում՝ քաղաքապետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Հոդված 26. Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը

    Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝ քաղաքաշինական պետական տեսչության միջոցով:

    Քաղաքաշինական պետական տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում է վարչատարածքային սկզբունքով՝ քաղաքաշինական պետական տեսուչների միջոցով:

    Քաղաքաշինական պետական տեսչությունը՝

    ա) վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում՝ իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.

    բ) քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս է պարտադիր կատարման հրահանգներ եւ ցուցումներ, հետեւում է դրանց իրականացմանը.

    գ) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում է վարչական տույժեր, ինչպես նաեւ իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ՝ քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

    Մարզի տարածքում մարզպետը՝

    ա) վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջների կատարումը, հողերի եւ ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը եւ օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետեւանքների վերացումը.

    բ) վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում:

    Քաղաքային եւ գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի եւ ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաեւ կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը եւ օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետեւանքների վերացումը:

    Երեւան քաղաքում քաղաքաշինական գործունեության հսկողությունն իրականացնում է Երեւանի քաղաքապետը:
     
     

    ԳԼՈՒԽ IX

    Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար

    Հոդված 27. Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերի լուծումը

    Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

    Հոդված 28. Պատասխանատվությունը քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար

    Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
     
     

    ԳԼՈՒԽ X

    Միջազգային համագործակցությունը քաղաքաշինության բնագավառում

    Հոդված 29. Միջազգային համագործակցությունը քաղաքաշինության բնագավառում

    Քաղաքաշինության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, այլ օրենքներին եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

    Օտարերկրյա պետությունների, դրանց ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների քաղաքաշինական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:

    Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
     
     

    ԳԼՈՒԽ XI

    Անցումային դրույթ

    Հոդված 30. Քաղաքաշինական գործունեության կարգավորումը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում

    Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի, տարածքի գոտեւորման նախագծի, մանրամասն հատակագծման նախագծի բացակայության դեպքերում, մինչեւ դրանց մշակումը եւ հաստատումը, տվյալ տարածքում քաղաքաշինական որեւէ գործունեություն (քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումներ եւ առանձին հողակտորների գործառնական նշանակության, տեսքի, չափերի եւ սահմանների փոփոխություններ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Սույն հոդվածի գործողության ժամկետը սահմանվում է մինչեւ 2000 թվականի դեկտեմբերի 31-ը:
     
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    26 մայիսի 1998թ.
    ՀՕ-217




    26.12.2000 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    11.12.2002 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    08.07.2005 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    26.12.2008 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    19.05.2009 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    23.06.2011 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    19.06.2015 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    23.06.2015 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    21.12.2015 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    19.10.2016 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    23.03.2018 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    25.03.2020 «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
    09.07.2020 «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    29.12.2020 «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    26.05.2021 «Քաղաքաշինության մասինե օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    01.07.2021 «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
    16.12.2021 «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
    04.03.2022 «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
    06.07.2022 «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    16.11.2022 «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    16.11.2022 «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    16.11.2022 «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
    01.03.2023 «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    13.04.2023 «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    13.04.2023 ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    07.02.2024 «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին