Russian    
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2003
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 57-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «է» եւ «թ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«է) համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաեւ տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

թ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները:».

2) 4-րդ մասը «սեփականության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հողի)» բառերով.

3) 6-րդ մասում՝

ա) «ա» կետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1 » կետ՝

«ա1 ) համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը.»,

բ) վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները եւ Երեւանի խորհուրդը սույն մասում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:»:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում «բյուջեի ընթացիկ ծախսերը ժամանակին կատարելու նպատակով» բառերը փոխարինել «բյուջեի ծախսերը կատարելու նպատակով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Համայնքի բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին համայնքի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:»:

Հոդված 4. Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:»:

Հոդված 5. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:»:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 մայիսի 2003թ.
ՀՕ-542