English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.02.1994

ԳԼՈՒԽ 1. Հարկման օբյեկտը եւ վճարողները

Հոդված 1. Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական եւ ժամանակավոր օգտագործողները:

Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:

Հոդված 2. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
 

ԳԼՈՒԽ 2. Հողի հարկի դրույքաչափերը եւ հաշվարկման կարգը

Հոդված 3. Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձեւով, որը վճարվում է տարվա համար:

Հոդված 4. Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:

Հոդված 5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկը սահմանվում է հետեւյալ չափերով՝

ա) արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը եւ արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհերարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաեւ ջրային ֆոնդի հողերի համար հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի նկատմամբ հետեւյալ չափերով՝

- բնակավայրերի ներսում 1 տոկոս.

- բնակավայրերից դուրս՝ 0,5 տոկոս.

բ) անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման միջին արժեքի 1 տոկոսի չափով.

գ) ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով:

Հոդված 6 . Հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են՝ շենքերով եւ շինություններով զբաղեցված հողերը, դրանց պահպանության համար անհրաժեշտ տարածքները, ինչպես նաեւ օբյեկտների սանիտարապահպան, տեխնիկական եւ մյուս գոտիները:

Հոդված 7. Գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանիքի արտադրության) գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Նրանք ազատվում են շահութահարկից (եկամտահարկից), բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների (ջերմոցային եւ գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ եւ այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից (եկամտահարկից): Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության եւ շրջանառության ծախքերի, ինչպես նաեւ իրացման առանձնացված հաշվառում:

Հոդված 8. Հողի հարկը հաշվարկվում է սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեռքբերման հաջորդ ամսից:

Հոդված 9. Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնություն ունեցող սուբյեկտը հարկի վճարումից ազատվում է այն ամսից, երբ ծագել է արտոնության իրավունքը:

Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից:
 

ԳԼՈՒԽ 3. ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10 . Հողի հարկից ազատվում են՝

ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ պետական արգելանոցները եւ արգելավայրերը, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության եւ ծառայողական օգտագործման տրված հողերի.

բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած երկու տարվա ընթացքում.

գ) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր՝ այդ ժամկետի ընթացքում.

դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ եւ այլն).

ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարանների (պրոֆտեխուսումնարաններին) եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը.

զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում:

Հոդված 11. Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են՝

ա) գյուղատնտեսական եւ անտառատնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկների եւ ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային եւ սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները եւ հենակետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական եւ ուսումնական, ինչպես նաեւ գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտահարկի վճարումից ազատված քաղաքացիները՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի համար:

ԳԼՈԻԽ 4. ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 12. Հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:

Հոդված 13 . Ձեռնարկությունները (բացառությամբ գյուղատնտեսական տնտեսությունների), հիմնարկները, կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն եւ ոչ ուշ, քան մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը, հարկային պետական տեսչության մարմիններին են ներկայացնում հաշվարկներ՝ հարկման ենթակա յուրաքանչյուր հողամասի համար:

Նոր հատկացված հողամասի հարկման վերաբերյալ հաշվարկները ներկայացվում են հողօգտագործման իրավունքի ձեռքբերման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 14. Քաղաքացիները եւ գյուղացիական տնտեսությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից հաշվարկված եւ մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը իրենց հանձնված վճարման ծանուցագիրը:

Հոդված 15. Վճարողների հաշվառումը եւ հողի հարկի հաշվարկումը կատարվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ:

Հարկային պետական տեսչության մարմիններն իրականացնում են վճարողների հաշվառում, վերահսկողություն են սահմանում հարկի ճիշտ հաշվարկման եւ ժամանակին վճարման նկատմամբ:

Հոդված 16 . Հաշվարկված հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվա նոլեմբերի 15-ը եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները՝ եռամսյակը մեկ անգամ, մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:

Հոդված 17 . Հողի հարկի վճարումը պետական բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար վճարողները, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար կարող է սահմանել հողի հարկի այլ դրույքաչափեր եւ չափեր, հաշվարկման ու վճարման այլ կարգ ու արտոնություններ:

Հոդված 20 . Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում եւ հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների, գյուղատնտեսության եւ արդարադատության նախարարությունների հետ:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
27 ապրիլի 1994 թ.
Հ. Ն. -1005-1-ՀՕ-101

Փոփոխվել է՝  09.11.1995 թ. Ն-047-1.-ՀՕ-11:
 
 




25.10.1995 ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին
05.04.2000 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
03.03.2004 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
27.09.2004 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
28.11.2006 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
30.04.2008 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
11.05.2011 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
08.12.2011 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատաելու մասին
27.02.2012 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
21.03.2012 «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
06.03.2020 «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին