Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.02.2004


ԲԱԺԻՆ I

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները եւ անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաեւ վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ անձինք) միջեւ ծագած հարաբերությունները։

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի I եւ VII բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների` հանրային իրավունքի բնագավառում ցանկացած գործունեության վրա:

2. Սույն օրենքի II-VI բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների՝ վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող ցանկացած գործունեության վրա, իսկ սույն օրենքի IV-VI բաժինների գործողությունը տարածվում է նաեւ վարչական մարմինների այնպիսի գործողության եւ անգործության վրա, որոնք անձանց համար առաջացնում են փաստական հետեւանքներ:

3. Սույն օրենքի II-VI բաժինների գործողությունը չի տարածվում վարչական իրավախախտումներին վերաբերող հարաբերությունների վրա:

4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1) վարչական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ՝

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ եւ Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.

բ) տարածքային կառավարման մարմիններ՝ մարզպետներ, Երեւանի քաղաքապետ.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններ՝ համայնքի ավագանի եւ համայնքի ղեկավար. թաղապետ` Երեւան քաղաքում, քաղաքապետ՝ քաղաքային համայնքում, գյուղապետ՝ գյուղական համայնքում:

Եթե վերը թվարկված մարմիններից բացի, վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա սույն օրենքի իմաստով` դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ.

2) վարչարարություն՝ վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաեւ գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստացի հետեւանքներ:
 


ԳԼՈՒԽ 2.

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4. Վարչարարության օրինականությունը

1. Վարչական մարմինները պարտավոր են հետեւել օրենքների պահպանմանը:

2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

Հոդված 5. Ձեւական պահանջները չարաշահելու արգելքը

Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

Հոդված 6. Հայեցողական լիազորությունները սահմանափակելը

1. Հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է՝ ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որեւէ մեկը:

2. Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Հոդված 7. Կամայականության արգելքը

1. Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք:

Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:

2. Եթե վարչական մարմինը որեւէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձեւով, ապա միանման դեպքերում հետագայում եւս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձեւով:

Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:

Հոդված 8. Վարչարարության համաչափությունը

Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակին, եւ դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր։

Հոդված 9. Առավելագույնի սկզբունքը

1. Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

2. Եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալներ, տեղեկություններ) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլեւս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձեւով:

3. Եթե վարչական մարմինների կողմից անձանց տրված թույլտվությունները բովանդակային առումով ներառում են այլ թույլտվություններ, ապա դրանք նույնպես համարվում են տրված:

Հոդված 10. Հավաստիության կանխավարկածը

1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն եւ իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

2. Անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար։

Հոդված 11. Տնտեսավարությունը

Վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու՝ առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը:

Հոդված 12. Այլ սկզբունքներ կիրառելը

Սույն գլխով սահմանված վարչարարության հիմնարար սկզբունքներն սպառիչ չեն եւ չեն կարող արգելք լինել վարչարարության այլ սկզբունքներ կիրառելու համար:

ԳԼՈՒԽ 3.

ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Գործերի տարածքային ենթակայությունը

1. Անշարժ գույքին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում գտնվում է տվյալ անշարժ գույքը:

2. Իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը որեւէ իրավունք տրամադրելը կամ նրա վրա որեւէ պարտականություն դնելը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:

3. Ֆիզիկական անձին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում հաշվառված է կամ մշտապես կամ առավելապես բնակվում է տվյալ անձը։

4. Եթե որեւէ հարցի լուծում վերապահված է միաժամանակ երկու եւ ավելի վարչական մարմինների իրավասությանը, ապա իրավասու է այն վարչական մարմինը, որին անձը դիմել է, կամ որի նախաձեռնությամբ պետք է լուծվի այդ հարցը:

5. Անմիջականորեն սպառնացող վտանգի կամ վնասի առաջացման դեպքում վարչական մարմինների անհապաղ լուծումը պահանջող հարցերը վերապահվում են այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում առաջացել է այդ իրավիճակներով պայմանավորված գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքին հարում է այդ տարածքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Այլ օրենքներով գործերի տարածքային ենթակայության այլ կարգ սահմանված լինելու դեպքում գործում է այդ օրենքներով սահմանված կարգը:

Հոդված 14. Գործերի առարկայական ենթակայությունը

Վարչական մարմիններին գործերի առարկայական ենթակայության հարցը լուծվում է այդ գործերում արծարծվող փաստական հանգամանքներին վերաբերող օրենքներով:

Հոդված 15. Վարչական մարմինների փոխադարձ օգնության պարտականությունը

1. Վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ՝ փոխօգնություն) տրամադրել միմյանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար:

Փոխօգնությունը տրամադրվում է փոխօգնություն հայցող վարչական մարմնի հայտի հիման վրա:

2. Փոխօգնություն չէ միմյանց նկատմամբ ենթակայության հարաբերությունների մեջ գտնվող վարչական մարմինների միջեւ օգնությունը:

Հոդված 16. Փոխօգնության համար դիմելը

Եթե փոխօգնությունը կարող են տրամադրել մեկից ավելի վարչական մարմիններ, ապա հայցող վարչական մարմինը փոխօգնություն տրամադրելու համար պետք է դիմի այն վարչական մարմին (հայցվող վարչական մարմին), որն իր կարծիքով առավել արդյունավետ եւ սեղմ ժամկետում կտրամադրի անհրաժեշտ փոխօգնությունը:

Հոդված 17. Փոխօգնություն չտրամադրելու հիմքերը

1. Հայցվող վարչական մարմինն իրավունք չունի տրամադրելու փոխօգնությունը, եթե՝

ա) հայցվող վարչական մարմնի համար ակնհայտ է փոխօգնության կարգով ձեռնարկվելիք միջոցների ոչ իրավաչափ լինելը.

բ) փոխօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ գործողությունների կատարումը չի մտնում հայցվող վարչական մարմնի իրավասության մեջ.

գ) փոխօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալներ, տեղեկություններ) դասվում են օրենքով պահպանվող գաղտնիքների շարքին, եւ հայցող վարչական մարմնին դրանց տրամադրելը՝ նույնիսկ տրամադրման գաղտնիությունն ապահովող եղանակով, արգելվում է օրենքով։

2. Հայցվող վարչական մարմինն իրավունք ունի չտրամադրելու փոխօգնությունը, եթե՝

ա) որեւէ այլ վարչական մարմին, քան ինքն է, փոխօգնությունը կարող է տրամադրել էապես ավելի նվազ ջանքերի գործադրմամբ.

բ) փոխօգնություն տրամադրելու համար պետք է գործադրի դրան ոչ համարժեք ջանքեր.

գ) փոխօգնության տրամադրումը կարող է էապես խոչընդոտել սեփական լիազորությունների իրականացմանը:

3. Հայցվող վարչական մարմինը փոխօգնության տրամադրումը չի կարող մերժել սույն հոդվածի 1-2-րդ մասերով չնախատեսված հիմքերով:

4. Եթե հայցվող վարչական մարմինը սույն հոդվածի 1-2-րդ մասերով նախատեսված որեւէ հիմքով մերժում է փոխօգնության տրամադրումը, ապա նա այդ մասին պարտավոր է եռօրյա ժամկետում տեղեկացնել փոխօգնություն հայցած վարչական մարմին, որը մերժումը կարող է վիճարկել հայցվող վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում:

Վերադաս վարչական մարմինը սեղմ ժամկետում վերջնական որոշում է ընդունում փոխօգնությունը մերժելու վերաբերյալ վեճով։ Վերադաս վարչական մարմինը, մերժումն անհիմն ճանաչելու դեպքում, հայցվող վարչական մարմնին հանձնարարում է անհապաղ տրամադրել փոխօգնությունը:

Հոդված 18. Փոխօգնության կարգով ձեռնարկվող միջոցների իրավաչափությունը

1. Փոխօգնության կարգով կատարվելիք գործողության իրավաչափությունը որոշվում է հայցող վարչական մարմնին վերաբերող իրավական ակտերին համապատասխան, իսկ փոխօգնություն ցուցաբերելու իրավաչափությունը՝ հայցվող վարչական մարմնին վերաբերող իրավական ակտերին համապատասխան:

2. Փոխօգնության կարգով անձի հանդեպ իրականացված բոլոր գործողությունների համար պատասխանատվությունը կրում է հայցվող վարչական մարմինը:

3. Հայցող եւ հայցվող վարչական մարմինների հարաբերություններում հայցող վարչական մարմինը պատասխանատվություն է կրում փոխօգնության կարգով հայցվող միջոցների իրավաչափության համար: Հայցվող վարչական մարմինը պատասխանատվություն է կրում իր՝ փոխօգնության կարգով ձեռնարկած միջոցների իրավաչափության համար:
 


ԲԱԺԻՆ II

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

ԳԼՈՒԽ 4.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Վարչական վարույթի հասկացությունը

Վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է։

Հոդված 20. Վարչական վարույթի փուլերը

1. Վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված՝ վարույթի հարուցման, ընթացիկ եւ եզրափակիչ փուլերից:

2. Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ)։

3. Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ)։

4. Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ)։

5. Անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետեւանքները վերացնելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով։

Հոդված 21. Վարչական վարույթի մասնակիցները

1. Վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ՝ վարույթի մասնակիցներ)՝

ա) վարչական ակտի հասցեատերը՝ այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), եւ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով։

2. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

Հոդված 22. Այլ անձինք վարչական վարույթում

Վարչական վարույթում կարող են հանդես գալ նաեւ այլ անձինք՝ վկաներ, փորձագետներ, թարգմանիչներ, ինչպես նաեւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ այլ մարմիններ) ներկայացուցիչներ։

Հոդված 23. Ներկայացուցչությունը վարչական վարույթում

1. Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին։

2. Վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ։

Վարույթի անգործունակ մասնակիցներին վարչական վարույթում ներկայացնում են նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված օրինական ներկայացուցիչները։

3. Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ։

Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում։

4. Լիազորագրի գործողությունն օրենքով սահմանված դեպքերում դադարելիս վարչական վարույթ իրականացնող մարմինն այդ մասին պետք է գրավոր տեղեկացվի լիազորողի կամ լիազորված անձի միջոցով։

5. Վկան, փորձագետը, թարգմանիչը եւ այլ մարմինների ներկայացուցիչները վարչական վարույթում կարող են հանդես գալ միայն անմիջականորեն։

Հոդված 24. Վարչական մարմնի պաշտոնատար անձի կողմից գործը քննարկելու եւ լուծելու անհնարինությունը

Վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու եւ լուծելու գործը, եթե նա՝

ա) վարույթի մասնակից է.

բ) վարույթի մասնակիցներից որեւէ մեկի ներկայացուցիչն է.

գ) աշխատում է վարույթի մասնակիցներից որեւէ մեկի մոտ.

դ) վարույթի մասնակիցներից կամ նրանց ներկայացուցիչներից որեւէ մեկի ազգականն է՝ երեխան, ծնողը, հարազատ համահայրը կամ համամայրը, եղբայրը կամ քույրը, պապը, տատը, հորեղբայրը, հորաքույրը, քեռին, մորաքույրը կամ նրա ամուսինը (ընդ որում, ամուսնալուծության փաստը սույն կետով նախատեսված հիմքը բացառող հանգամանք չէ) կամ նրա փեսան, հարսը, աները, զոքանչը, քենին կամ տեգրն է.

ե) նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը:

Հոդված 25. Բացարկ հայտնելու հիմքերը եւ կարգը

1. Վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս՝ կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե՝

ա) առկա է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը.

բ) մինչեւ գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչեւ ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որեւէ մեկին.

գ) տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը երբեւէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որեւէ մեկի.

դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ:

2. Բացարկը կարող է հայտնվել մինչեւ վարչական վարույթն ավարտվելը՝ վարույթի այն փուլում, երբ բացարկ հայտնողին հայտնի է դառնում սույն հոդվածով սահմանված որեւէ հիմքի առկայությունը:

3. Նույն պաշտոնատար անձին կրկին հայտնված բացարկը կարող է քննարկվել, եթե դրանում մատնանշված են նոր հիմքեր կամ նոր փաստեր։

4. Բացարկի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան բացարկ հայտնելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում։

Բացարկի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է այն պաշտոնատար անձի անմիջական ղեկավարը, ում նկատմամբ բացարկ է հայտնվել, իսկ կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացվելու դեպքում՝ համապատասխան կոլեգիալ մարմինը՝ ձայների պարզ մեծամասնությամբ։ Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացարկ է հայտնվել։

Վարչական մարմնի ղեկավարին հայտնված բացարկի վերաբերյալ որոշումն ընդունում է ղեկավարն ինքը։

Վարչական մարմնի ղեկավարին հայտնված բացարկի ընդունման դեպքում ղեկավարի փոխարեն վարչական վարույթն իրականացնում է նրա տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձ։

Հոդված 26. Վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի ինքնաբացարկը

1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով եւ 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը) պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել։

Վարչական մարմնի ղեկավարի ինքնաբացարկի դեպքում նրա փոխարեն վարչական վարույթն իրականացնում է օրենքով նշված պաշտոնատար անձը, իսկ օրենքով համապատասխան պաշտոնատար անձ նշված չլինելու դեպքում՝ ինքնաբացարկ հայտնած ղեկավարի տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձ։

Եթե ինքնաբացարկ է հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձը, ապա եռօրյա ժամկետում վարչական մարմնի ղեկավարի կողմից նա փոխարինվում է իրավասու այլ անձով:

Եթե ինքնաբացարկ է հայտնել կոլեգիալ մարմնի անդամը, ապա այդ մարմինը վարույթն իրականացնում է կոլեգիալ կազմի մնացած անդամների մասնակցությամբ:

2. Ինքնաբացարկը հայտնվում է գրավոր: Դա պետք է պատճառաբանված լինի։ Ինքնաբացարկի պատճենը պատշաճ ձեւով ուղարկվում է վարույթի մասնակիցներին՝ ի գիտություն:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց ինքնաբացարկ հայտնելու հիմքը հայտնի է դարձել գործի վարույթն սկսվելուց հետո, ապա նրանք պետք է ինքնաբացարկ հայտնեն վարույթի այն փուլում, երբ ի հայտ է եկել համապատասխան հիմքը՝ պահպանելով սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Հոդված 27. Վարչական վարույթի իրականացման լեզուն

1. Վարչական վարույթն իրականացվում, եւ վարչական ակտն ընդունվում է հայերենով։

2. Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք, օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, վարչական վարույթի իրականացման համար դիմումը եւ դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան փոքրամասնության լեզվով։ Այդ դեպքում վարչական մարմինը պահանջում է ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով:

3. Վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում են, եւ ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով։

Վարչական վարույթի մասնակիցները վարչական ակտի հիմք չհամարվող կամ էական նշանակություն չունեցող փաստաթղթերը կարող են ներկայացնել այլ լեզվով, սակայն օրենքով սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանված տեքստի հետ միասին։ Եթե վարույթի մասնակիցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաեւ դրանց հայերեն թարգմանությունները։

4. Վարչական վարույթի իրականացման ընթացքում թույլատրվում է վարույթի մասնակիցների կողմից օտար լեզուների օգտագործումը։ Սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի։

Հոդված 28. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարելը եւ հաշվառելը

1. Վարչական վարույթ հարուցելու պահից վարչական մարմինը կազմում է առանձին գործ, որում պահվում են տվյալ վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը (դրա հաստատված պատճեն)։

Վարչական մարմինը միաժամանակ վարում է վարչական գործերի ժամանակագրական եւ առարկայական հաշվառման գրանցամատյաններ, ինչպես նաեւ առանձին գրանցամատյան` վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման համար։

2. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի եւ դրանց հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաեւ վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի վարման կարգն ու պայմանները սահմանում է վարչական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կարգի հիման վրա։

3. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված գործավարության կանոններին համապատասխան եւ օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնվելու։

4. Բանավոր եւ առարկայական վարչական ակտեր ընդունելու վերաբերյալ գործավարություն եւ հաշվառում չի իրականացվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 29. Վարչական վարույթում արձանագրություն կազմելը

1. Եթե գործի քննարկումը կատարվում է վարույթի մասնակիցների, վկաների, փորձագետի, այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա վարչական մարմինն արձանագրում է քննարկումները:

2. Արձանագրությունը պետք է պարունակի`

ա) վարույթն իրականացնող վարչական մարմնի անվանումը.

բ) վարույթն իրականացնելու վայրը, տարին, ամիսը եւ ամսաթիվը.

գ) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց անունը եւ ազգանունը՝ տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա եւ այլն) նշմամբ.

դ) քննարկվող հարցի բովանդակությունը.

ե) վարույթի մասնակիցների եւ վարույթում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

զ) ընդունված որոշման եզրափակիչ մասը։

Արձանագրությունը կարող է պարունակել նաեւ լրացուցիչ տեղեկություններ։

3. Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով, ապա պետք է նշվեն նաեւ ընդմիջման վերաբերյալ տեղեկությունները։ Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն։ Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաստաթղթերի ցանկը` ըստ դրանք ներկայացրած վարույթի մասնակիցների։
 


ԳԼՈՒԽ 5.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՓՈՒԼԸ

Հոդված 30. Վարչական վարույթ հարուցելու հիմքերը եւ վարույթը հարուցելը

1. Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝

ա) անձի դիմումը, բողոքը.

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված՝ համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոքող):

3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողություններ) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը։

4. Իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու մասին վարչական մարմինը գրավոր հայտարարություն է անում այն դեպքում, երբ վարչական ակտի ընդունման համար որոշակի ժամանակ է պահանջվում։

5. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված դեպքերում կիրառվում են սույն օրենքի II բաժնի համապատասխան դրույթները, իսկ «ա» կետի՝ բողոք բերելու մասով նախատեսված դեպքում` նաեւ IV բաժնի դրույթները։

Հոդված 31. Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները

1.Վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի՝

ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

բ) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայր).

գ) վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).

ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).

զ) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

է) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը եւ իրավաբանական անձի կնիքը։

Եթե վարչական ակտի համար օրենքով նախատեսվում է մուծել պետական կամ տեղական տուրք կամ կատարել այլ պարտադիր վճարում, ապա պետք է ներկայացվի նաեւ մուծման կամ վճարման կատարումը հավաստող փաստաթուղթ։

Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

2. Վարչական մարմնում անձանց ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, սույն հոդվածի իմաստով, համարվում է դիմում, եթե դրանում առկա են սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «դ» կետերով նախատեսված տեղեկությունները, եւ օրենքը չի պահանջում, որ դիմումը ներկայացվի սույն հոդվածի 1-ին մասի մյուս բոլոր կետերի պահպանմամբ:

Հոդված 32. Ձեւական սխալները վերացնելը

Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

Հոդված 33. Դիմումը վերահասցեագրելը եւ վերադարձնելը

1. Եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմումն ստացած վարչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին՝ ծանուցելով դիմողին:

2. Եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսը ենթակա են վարչական այլ մարմնի իրավասությանը, ապա վարչական մարմինը դիմումն այդ մասով վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին՝ ծանուցելով դիմողին:

Դիմումի՝ իրեն վերաբերող մասով, վարչական մարմնում վարույթ է սկսվում սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով։

3. Եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես դա ստացած վարչական մարմնի, այնպես էլ որեւէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա վարչական մարմինը դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին՝ նշելով պատճառների մասին։

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վարչական մարմինն իր մոտ պահում է վերահասցեագրված կամ հետ վերադարձված դիմումի պատճենները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ դրանց կից փաստաթղթերի կամ դրանց մի մասի պատճենները կամ դրանց ցանկը։

Հոդված 34. Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերը

Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

Հոդված 35. Վարչական վարույթի մասին ծանուցելը

1. Վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին։ Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաեւ վկային, փորձագետին, թարգմանչին եւ այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին։

2. Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում վարչական մարմինը վարույթ հարուցելու մասին գրավոր հայտարարություն է անում, ապա վարույթի մասնակիցներին ուղարկում է այդ հայտարարության պատճենը։
 


ԳԼՈՒԽ 6.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ

Հոդված 36. Վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը

1. Վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

2. Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու՝ լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննություն կատարելու, եթե առկա չեն գործի փաստացի հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ։

3. Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված եւ ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն։

Հոդված 37. Վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը եւ օբյեկտիվությունը

1. Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

2. Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած՝ վարույթին առնչվող դիմումները եւ փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ։

Հոդված 38. Վարույթի մասնակիցներին լսելը

1. Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին եւ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

2. Լսումներ կարող են չանցկացվել, եթե՝

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն.

բ) դիմումն ակնհայտ անհիմն է.

գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ։

3. Լսումներ չեն անցկացվում, եթե՝

ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որեւէ վտանգի առաջացման.

բ) ընդունվում է առարկայական վարչական ակտ։

4. Լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 39. Վարչական վարույթի նյութերի մատչելիությունը

1. Վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը եւ վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:

2. Վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորությունը պետք է տրվի համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:

Վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերից կարող են կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ։

3. Վարչական վարույթի նյութերը տրամադրելիս վարչական մարմինը պարտավոր է պահպանել պետական եւ ծառայողական գաղտնիքը, ինչպես նաեւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքներ, իսկ այդպիսի գաղտնիքներ տրամադրելիս՝ պարտավոր է պահպանել համապատասխան գաղտնիքի մասին օրենքով սահմանված կարգն ու պայմանները։

Հոդված 40. Վարույթի մասնակիցներին օգնություն ցուցաբերելը

1. Վարչական մարմինը պարտավոր է ֆիզիկական անձանց պարզաբանումներ տալ դիմումով հայցվող հարցի կապակցությամբ տվյալ վարչական վարույթի հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, օժանդակել դիմումի եւ դրան կից ներկայացվող փաստաթղթերի ձեւակերպմանը, հնարավորության դեպքում՝ նաեւ կազմել դրանք:

2. Վարչական մարմինը պարտավոր է անձանց համար պայմաններ ստեղծել իր ընդունած նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաեւ այդ մարմնի գործունեությանն առնչվող օրենքներին եւ իրավական այլ ակտերին ծանոթանալու համար:

Հոդված 41. Վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի թերությունները վերացնելը

1. Վարույթի մասնակիցների ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում վարչական մարմինը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա՝ շտկելու նպատակով, ինչպես նաեւ նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու սույն մասում նշված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ։

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին։

Հոդված 42. Ապացույցները վարչական վարույթում

1. Վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաեւ այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի եւ անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման եւ գնահատման համար։

2. Վարչական մարմինն իրավունք չունի պահանջել ներկայացնելու այնպիսի փաստաթղթեր կամ դրանց նոտարական կամ այլ կարգով վավերացված պատճեններ, որոնց ներկայացնելը կամ համապատասխան վավերացմամբ ներկայացնելը նախատեսված չէ օրենքով:

Հոդված 43. Ապացուցման պարտականությունը բաշխելը

1. Անձի եւ վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝

ա) անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններ) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններ) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:

Հոդված 44. Վկայի ցուցմունքները

Վարչական մարմինը, վարույթի մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես վկա հրավիրում եւ լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող են հայտնի լինել տվյալ գործին վերաբերող տեղեկություններ։ Իր ցանկությամբ վկան կարող է ցուցմունքներ տալ գրավոր՝ առանց վարչական մարմին ներկայանալու։ Գրավոր ցուցմունքի յուրաքանչյուր էջի վրա վկան ստորագրում է, որը հաստատվում է վարչական մարմնի կնիքով՝ ստորագրման տարվա, ամսվա եւ ամսաթվի նշմամբ։ Վկային հարցեր տալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում նա վարչական մարմնի կողմից հրավիրվում է այդ մարմին։

Հոդված 45. Փորձագետ նշանակելը, զննում կատարելը

1. Եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին՝ այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին։

2. Որպես փորձագետ` կարող է նշանակվել համապատասխան բնագավառի գիտելիքներին տիրապետող անձը։

Փորձագետն իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնում է եզրակացություն։

3. Վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը:

4. Վարչական մարմնի կամ մասնակիցների պահանջով փորձագետը պետք է լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ:

5. Վարչական մարմինը, անհրաժեշտություն դեպքում, կարող է նշանակել նաեւ ֆիզիկական անձի, տեղանքի, որեւէ օբյեկտի կամ առարկայի զննում: Վարչական մարմնի որոշմամբ զննմանը կարող են ներկա գտնվել վարչական վարույթի մասնակիցները։

Հոդված 46. Վարչական վարույթի ժամկետները

1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է։ Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ։

2. Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից։

3. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով։

Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 1800 -ին։

Հոդված 47. Վարչական վարույթի ժամկետը երկարաձգելը

1. Վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե՝

ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, եւ վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.

բ) փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

գ) փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

դ) վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ։

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 օր ժամկետով։ Այդ դեպքում թույլատրվում է մինչեւ երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ։

Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը։

Սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 30 օր ժամկետով։

3. Եթե վարչական վարույթի ժամկետի երկարաձգման համար առաջացել են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի հիմքեր, ապա վարչական մարմինը կիրառում է դրանցից միայն մեկը, որն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում վարույթն արագ եւ արդյունավետ իրականացնելու եւ ըստ էության որոշում ընդունելու համար։

4. Վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող վարչական մարմինն ընդունում է որոշում, որի մասին սահմանված կարգով պետք է ծանուցի վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ վարույթին մասնակցող այլ անձանց։

Հոդված 48. Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետեւանքները

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու դեպքում՝

ա) վարչական ակտը համարվում է ընդունված, եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը.

բ) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որեւէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որեւէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից եւ այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար։

Հոդված 49. Վարչական վարույթը կասեցնելը

1. Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝

ա) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.

բ) վարույթին չի ներկայացել ապագա վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը.

գ) վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի ապագա հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

2. Վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը, եթե՝

ա) վարչական ակտի ապագա հասցեատերը բացակայում է, եւ վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը՝ վարույթին առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար.

բ) ընդունվելիք վարչական ակտի ապագա հասցեատեր իրավաբանական անձը վերակազմակերպվում է։

Վարչական վարույթը կարող է կասեցվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում։

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո։

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը։

4. Վարչական մարմինը վարչական վարույթի կասեցման վերաբերյալ ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկվում է վարույթի մասնակիցներին:

Վարչական վարույթի կասեցման մասին որոշումը կարող է ընդունվել վարույթի ցանկացած փուլում։

Հոդված 50. Վարչական վարույթը կարճելը

1. Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե՝

ա) դիմումը ներկայացվել է առանց ստորագրության, եւ վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատասխան վարչական ակտի ընդունումը.

բ) դիմողը գրավոր ձեւով հրաժարվում է իր դիմումից.

գ) գոյություն ունի միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.

դ) դատարանի վարույթում գտնվում է միեւնույն անձանց միջեւ, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով գործ.

ե) փոխվել է դիմողի կարգավիճակը, որն օրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.

զ) դիմումն անթույլատրելի է։

Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է նաեւ սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։

2. Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե՝

ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, եւ նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում.

բ) օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը։

3. Վարչական մարմինը վարչական վարույթի կարճման վերաբերյալ ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկվում է վարույթի մասնակիցներին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» եւ «զ» կետերով սահմանված հիմքերով վարչական վարույթը կարճելու դեպքում նույն հարցով վարույթի վերսկսում եւ համապատասխան վարչական ակտի ընդունում չի թույլատրվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

5. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

Հոդված 51. Վարչական վարույթը վերսկսելը

1. Վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու կամ ուժը կորցնելու վերաբերյալ, եթե՝

ա) վարչական ակտ ընդունելուց հետո դրա հիմքում դրված փաստական հանգամանքները կամ ակտի հասցեատիրոջ կարգավիճակը փոփոխվել են հօգուտ այն անձի, որը վարույթը վերսկսելու հարցով դիմում է ներկայացրել.

բ) առկա են նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի համար ավելի բարենպաստ որոշում ընդունելուն.

գ) ի հայտ են եկել տվյալ վարչական ակտի համար էական նշանակություն ունեցող այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձանց, կամ թեեւ հայտնի են եղել նրանց, սակայն այդ անձանցից անկախ հանգամանքներով չեն ներկայացվել վարչական ակտն ընդունող վարչական մարմին.

դ) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր։

Սույն մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է։ Դրա ընթացքում կիրառվում են վարչական վարույթի իրականացման՝ սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները։

2. Դիմումը պետք է տրվի 3 ամսվա ընթացքում այն օրից, երբ վարույթը վերսկսելու հարցով դիմած անձն իմացել է վարչական վարույթը վերսկսելու հիմք դարձած` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ հանգամանքի (հանգամանքներ) մասին։

3. Դիմումի հիման վրա որոշում է ընդունում այն վարչական մարմինը, որն ընդունել է փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու ենթակա վարչական ակտը, կամ այդ ակտն օրենքով վարչական վարույթի վերսկսման միջոցով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու իրավասություն ունեցող համապատասխան վերադաս կամ իրավասու այլ վարչական մարմինը։

Հոդված 52. Մի քանի վարչական մարմինների մասնակցելը վարչական ակտ ընդունելուն

1. Եթե վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ է նաեւ վարչական այլ մարմինների թույլտվությունը կամ համաձայնությունը, ապա դրանք հայցելու եւ ստանալու համար անհրաժեշտ գործողությունները, ներառյալ՝ լրացուցիչ փաստաթղթեր հավաքելը, իրականացնում է վարչական վարույթ հարուցած վարչական մարմինը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով վարչական մարմնի ստացած թույլտվությունները եւ համաձայնություններն առանձին բողոքարկման ենթակա չեն. դրանք կարող են բողոքարկվել վարչական ակտի հետ միասին:
 

ԲԱԺԻՆ III

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ

ԳԼՈՒԽ 7.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ, ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

Հոդված 53. Վարչական ակտի հասկացությունը եւ տեսակները

1. Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, եւ ուղղված է անձանց համար իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաեւ որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որեւէ խմբի:

2. Սույն օրենքի իմաստով՝

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են նոր իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որեւէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը.

գ) զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ:

Հոդված 54. Վարչական ակտի ձեւերը

1. Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձեւով։

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր։

Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձեւակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ։

Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին` սույն օրենքով ներկայացվող պահանջները։

3. Վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ առարկայական` լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների կամ նշանների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ձեւերով։

Հոդված 55. Գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները

1. Գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետեւյալ պահանջները.

ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական եւ իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.

բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձեւի եւ նմուշի թղթի վրա:

2. Վարչական ակտը, որպես կանոն, պետք է տեղեկություններ պարունակի նաեւ այն ծախսերի եւ դրանք կրողների վերաբերյալ, որոնք կատարվել են ակտի ընդունման կապակցությամբ։ Ծախսերը վերադարձնելու հետ կապված ակտ ընդունելու դեպքում պետք է նշվեն վերադարձման ենթակա գումարը եւ վերադարձման կարգն ու պայմանները։

3. Վարչական ակտը կարող է ունենալ ներդիրներ, հավելվածներ կամ լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց գործողությունը չի կարող գերազանցել վարչական ակտի գործողության ժամկետը։ Ներդիրները, հավելվածները եւ լրացուցիչ այլ փաստաթղթերը ինքնուրույն վարչական ակտեր չեն, դրանք վարչական ակտի բաղկացուցիչ մասն են եւ գործում են այնքանով, որքանով գործում է բուն վարչական ակտը։

4. Վարչական ակտը պետք է պարունակի՝

ա) վարույթն իրականացրած վարչական մարմնի լրիվ անվանումը.

բ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

գ) ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը.

դ) ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս).

ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս).

զ) ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս).

է) ակտի գործողության ժամկետը, եթե ակտն ընդունվում է որոշակի ժամկետով.

ը) ակտի բողոքարկման ժամկետը եւ մարմինը, ներառյալ` դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

թ) ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը եւ ազգանունը, նրա ստորագրությունը.

ժ) ակտն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը։

5. Միանման հարց կարգավորող վարչական ակտը կարող է ունենալ միասնական նմուշի ձեւ (ձեւաթուղթ)։

Հոդված 56. Վարչական ակտի որոշակիությունը

1. Վարչական ակտը պետք է ձեւակերպվի հստակ եւ հասկանալի:

2. Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Հոդված 57. Վարչական ակտի հիմնավորումը

1. Գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական եւ իրավական հիմքերը։

Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը։

2. Հիմնավորում չի պահանջվում, եթե՝

ա) վարչական մարմինը բավարարում է որեւէ դիմում, եւ վարչական ակտը չի շոշափում երրորդ անձանց իրավունքները.

բ) ակտի հասցեատիրոջը կամ այն անձին, ում շահերը վարչական ակտը շոշափում է, արդեն հայտնի է վարչական մարմնի դիրքորոշումը փաստական կամ իրավական հետեւանքների վերաբերյալ, կամ այդ դիրքորոշումն ակնհայտորեն բխում է ակտի տեքստից.

գ) վարչական մարմինը նույնանման վարչական ակտեր է հրապարակում մեծ քանակությամբ կամ վարչական ակտերը հրատարակում է տեխնիկական միջոցների օգտագործմամբ, եւ յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորելու անհրաժեշտություն չկա։

3. Արգելվում է վարչական մարմնի ընդունած վարչական ակտերի հիմնավորումն այն փաստարկներով, որոնք չեն մտնում այդ մարմնի իրավասության մեջ։

ԳԼՈՒԽ 8.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ԴՐԱ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 58. Վարչական ակտ ընդունելը

1. Գրավոր վարչական ակտն ընդունված է համարվում այդ ակտը վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու օրվանից։

2. Բանավոր եւ առարկայական վարչական ակտերն ընդունված են համարվում այդ ակտերը հրապարակվելու պահից։

Հոդված 59. Վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը (վարչական ակտը հանձնելը եւ հրապարակելը)

1. Վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

2. Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին։ Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաեւ` օրենքով սահմանված այլ եղանակներով:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով։

Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որեւէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ։

Վարչական մարմինը գրավոր վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելիս պարտավոր է դրա հետ միասին հանձնել նաեւ այդ ակտի բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը։

Նշված փաստաթղթերը վարչական ակտի հետ միաժամանակ չհանձնելը կամ ուշ հանձնելը չի կարող ազդել վարչական ակտի գործողության վրա եւ այդ պատճառով ակտի իրավաչափությունը վիճարկելու հիմք դառնալ։

3. Գրավոր վարչական ակտում, ինչպես նաեւ դրա բաղկացուցիչ մաս կազմող փաստաթղթերում օրենքով սահմանված կարգով փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքում այդ փոփոխությունները եւ լրացումները կատարած վարչական մարմինը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով դրանք հանձնել վարչական ակտի հասցեատիրոջը։

4. Վարչական ակտն ընդունած վարչական մարմինը, գրավոր վարչական ակտի հասցեատիրոջ խնդրանքով, նրան կարող է տրամադրել նաեւ վարչական ակտի օտար լեզվով թարգմանված պատճենը, որը պետք է հաստատված լինի համապատասխան վարչական մարմնի պաշտոնական կնիքով։

Իրավաբանական ուժ ունի միայն վարչական ակտի վարչական վարույթի իրականացման լեզվով ընդունված տեքստը։ Օտար լեզվով թարգմանված պատճենը չի կարող հիմք լինել այդ ակտի իմաստը կամ բովանդակությունը մեկնաբանելու կամ պարզաբանելու համար, իսկ վեճ առաջանալու կամ բողոք ներկայացնելու դեպքում հիմք է ընդունվում վարչական ակտի հայերենով ընդունված տեքստը։

5. Վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:

Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Գրավոր վարչական ակտը կարող է հրապարակվել նաեւ վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրապարակումը վարչական մարմինը համարում է առավել նպատակահարմար` պետության եւ հանրության շահերի, ինչպես նաեւ անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով։

Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը։ Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը։

6. Բանավոր վարչական ակտը հրապարակվում է բանավոր ձեւով՝ դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) հայտարարելու միջոցով։ Բանավոր վարչական ակտը կարող է հրապարակվել դրա հասցեատիրոջ համար հասկանալի որեւէ օտար լեզվով:

7. Առարկայական վարչական ակտը հրապարակվում է օրենքով նախատեսված որեւէ առարկայական տեսքով դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) անմիջականորեն տեսանելի, ընկալելի կամ որեւէ այլ ձեւով հասանելի դարձնելու միջոցով։

Հոդված 60. Վարչական ակտի ուժի մեջ մտնելը

1. Գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ։

2. Եթե վարչական ակտը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք ակտի որեւէ մասով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա վարչական ակտն այդ մասով ուժի մեջ է մտնում համապատասխան պայմանի կամ հանգամանքի առաջացման պահից (պայմանով ակտ)։

3. Բանավոր եւ առարկայական վարչական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտերը հրապարակելու պահից։

Հոդված 61. Վարչական ակտի գործողության ժամկետը

1. Գրավոր վարչական ակտը կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով։

Անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ սույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որեւէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել։

Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչեւ տվյալ ակտով նախատեսված ժամկետի լրանալը։ Մինչեւ որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտի ժամկետը լրանալը կամ ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, այդ վարչական ակտի ժամկետը կարող է այլ վարչական ակտով երկարաձգվել նոր ժամկետով կամ անորոշ ժամկետով։

2. Վարչական ակտը օրենքով նախատեսված դեպքերում կարող է գործողության ժամկետի վերաբերյալ որեւէ նշում չպարունակել, եթե ակտով կարգավորվող հարցի լուծումը կապված է որոշակի մեկ կամ մի քանի այնպիսի գործողությունների կատարման կամ իրադարձության վրա հասնելու հետ, որոնց կատարման ավարտի կամ վրա հասնելու պահով էլ որոշվում է այդ ակտի գործողության ժամկետը (պայմանով ակտ)։

Այդ ակտով նախատեսված պայմանի կատարման պահով ավարտվում է դրա գործողության ժամկետը։

3. Բանավոր վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից գործում է մինչեւ այն պահը, երբ այդ ակտն ընդունած վարչական մարմինը ավարտում է դրա հետ կապված` օրենքով նախատեսված գործողությունների կատարումը կամ օրենքով նախատեսված որեւէ եղանակով ակտի հասցեատիրոջը հայտարարում է ակտի գործողության դադարեցման մասին։

4. Առարկայական վարչական ակտը գործում է մինչեւ այն պահը, երբ ակտի հասցեատիրոջը, օրենքով նախատեսված տեսանելի, լսելի կամ որեւէ այլ ձեւով հասանելի եղանակով, հայտնի է դարձվում այդ ակտի գործողության դադարեցման մասին։
 


ԳԼՈՒԽ 9.

ԱՌ ՈՉԻՆՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 62. Վարչական ակտն առ ոչինչ համարելու հիմքերը

1. Առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետեւյալ ակնառու կոպիտ սխալները.

ա) ակտից հստակ չի երեւում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.

բ) ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.

գ) ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում.

դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։

2. Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի եւ ենթակա չէ կատարման կամ կիրառման։

3. Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է։

Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

4. Առ ոչինչ վարչական ակտն ընդունած վարչական մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ արդարացված շահ ունեցող ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առ ոչինչ լինելը։

Հոդված 63. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը

1. Անվավեր է առ ոչինչ չհամարվող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաեւ դատական կարգով։

3. Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, եւ վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որեւէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որեւէ համայնքի։

Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաեւ, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը։

4. Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա՝

ա) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի կամ վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու միջոցով.

բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով.

գ) նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ՝ իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա։

5. Որպես կանոն, վարչական ակտն անվավեր է ճանաչվում ամբողջությամբ։

Վարչական ակտը մի մասով անվավեր կարող է ճանաչվել, եթե անվավեր չճանաչված մասը կարող է ուժի մեջ մնալ առանց անվավեր ճանաչված մասի։

Եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել մի մասով, ապա սույն հոդվածի կանոնները կիրառվում են միայն դրա անվավեր ճանաչված մասի նկատմամբ։

Հոդված 64. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու հետեւանքները

1. Ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից՝ սույն մասի երկրորդ պարբերությամբ եւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններով։

Սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվում այդ ակտն ընդունելու պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետեւանքների։ Սակայն եթե մինչեւ ոչ իրավաչափ վարչական ակտի անվավեր ճանաչելը դրա կատարման կամ կիրառման հետեւանքով որեւէ անձի կամ Հայաստանի Հանրապետությանը կամ որեւէ համայնքի վնաս է պատճառվել, ապա դա ենթակա է հատուցման սույն օրենքի VII բաժնի դրույթներին համապատասխան։

2. Բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետեւանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառվել օգուտ ստացողին։ Այս դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյալ դրույթները։

Հատուցման ենթակա օգուտի չափը պետք է սահմանի այն վարչական մարմինը, որն անվավեր է ճանաչել ոչ իրավաչափ վարչական ակտը։

Ընդ որում, օգուտ ստացողը չի կարող հղում կատարել վստահության իրավունքի վրա, եթե վարչական մարմինը բավարար ապացույցներ ունի, որ օգուտ ստացող անձը համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խախտումների միջոցով։

3. Եթե ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվել միայն մի մասով, ապա սույն հոդվածով նախատեսված հետեւանքները տարածվում են վարչական ակտի անվավեր ճանաչված մասի վրա։

Հոդված 65. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու ժամկետը

Ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ:

Հոդված 66. Իրավաչափ վարչական ակտի ուժը կորցնելը

1. Իրավաչափ է այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան։

2. Միջամտող իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է նորից ընդունվի միեւնույն բովանդակությամբ նոր վարչական ակտ, կամ եթե այդ ակտի ուժը կորցրած ճանաչելն արգելվում է օրենքով նախատեսված այլ պատճառներով։

3. Բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, եթե՝

ա) օրենքի փոփոխության պատճառով վերանում է տվյալ վարչական ակտի անհրաժեշտությունը, կամ դադարում է այդ ակտի գործողությունը.

բ) ուժը կորցրած ճանաչելը թույլատրվում է օրենքով կամ պայմանավորված է իրավաչափ վարչական ակտում այդպիսի վերապահմամբ.

գ) վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որեւէ պարտականություն, որը պետք է կատարեր այդ ակտի հասցեատերը, սակայն չի կատարել կամ պատշաճ չի կատարել.

դ) ակտի ընդունումից հետո՝ փաստական հանգամանքների փոփոխության հետեւանքով, վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, եւ եթե վարչական ակտի ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը.

ե) նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետեւանքով վարչական մարմինն իրավունք կունենար չընդունելու տվյալ վարչական ակտը, քանի դեռ այդ վարչական ակտի հասցեատերը չի օգտվել վարչական ակտով տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռեւս չեն կատարվել այն գործողությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել, եւ եթե վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող է խախտվել գերակայող հանրային շահը.

զ) անհրաժեշտ է վերացնել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաեւ պետության անվտանգության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքները կամ խուսափել դրանց առաջացումից։

Հոդված 67. Վարչական ակտը վերանայելը վերադասության կարգով

Վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձ), վերահսկողության կարգով եւ իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը` իրավաչափության ստուգման նպատակով։

Հոդված 68. Փաստաթղթերը եւ իրերը վերադարձնելը

1. Այն փաստաթղթերը եւ իրերը, որոնք տրվել են անվավեր կամ ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի հիման վրա, դրանք տիրապետող անձանց կողմից ենթակա են վերադարձման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Եթե փաստաթղթերը սույն հոդվածի համաձայն չեն վերադարձվում, ապա ակտն ընդունած վարչական մարմինն իրավունք ունի պաշտոնական հրապարակման միջոցով հայտարարելու, որ տվյալ վարչական ակտն այլեւս չի գործում։

2. Փաստաթղթերը վերադարձնելիս, դրանց տիրապետողի ցանկությամբ, վարչական մարմինը պարտավոր է տալ այդ փաստաթղթի պատճենը` դրա վրա համապատասխան նշում կատարելով եւ իր կնիքով հաստատելով։


ԲԱԺԻՆ IV

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

ԳԼՈՒԽ 10.

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 69. Բողոքարկման իրավունքը

Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ՝ ակտ):

Հոդված 70. Բողոքարկման կարգը

1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով։

2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած՝

ա) վարչական մարմին.

բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:

Եթե ակտը բողոքարկվել է ակտն ընդունած վարչական մարմին եւ (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում: Այդ դեպքում բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնում բողոքի առնչությամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման:

3. Եթե ակտը բողոքարկվել է վարչական եւ դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում սկսված վարույթը կարճվում է։

Հոդված 71. Բողոքարկման ժամկետները

1. Վարչական բողոքը կարող է բերվել՝

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում.

բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 3 ամսվա ընթացքում.

դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի։ Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում։

Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը։

Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում՝ նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ)։ Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը եւ բողոքն ըստ էության քննարկում եւ լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը։

Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետեւանքների հետ։

Հոդված 72. Բողոքին ներկայացվող պահանջները

Բողոքը պետք է պարունակի՝

ա) այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

բ) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

գ) բողոքարկման առարկան.

դ) բողոք բերողի պահանջը.

ե) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

զ) բողոքը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

է) բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը եւ իրավաբանական անձի կնիքը:

Հոդված 73. Վարչական մարմնի որոշումը բողոքի վերաբերյալ

1. Բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը։

2. Վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը սույն օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին եւ պարզել՝ արդյոք բողոքը բերվել է սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում:

3. Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ ժամկետը բաց թողնելը, սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել։ Մնացած դեպքերում կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները:

4. Վերադաս վարչական մարմինը պարտավոր է վարույթ հարուցելուց հետո ստորադաս վարչական մարմնից անհապաղ պահանջել վարչական վարույթի վերաբերյալ գործը (նյութերը)։ Ստորադաս վարչական մարմինը պարտավոր է այդ պահանջն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, վարչական գործը (նյութեր) ներկայացնել վերադաս վարչական մարմին:

Հոդված 74. Վարչական բողոք բերելու իրավական հետեւանքները

1. Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`

ա) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

բ) այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով:

Սույն մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական ակտի անհապաղ կատարման պահանջը (շահը) պետք է հիմնավորվի գրավոր: Հիմնավորում չի պահանջվում, եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու հետեւանքով կարող է անմիջականորեն վտանգվել անձանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, եւ այդ վտանգը կանխելու համար վարչական մարմինը հարկադրված կլինի ձեռնարկել արտակարգ միջոցներ, ինչպես նաեւ, երբ վտանգն արդեն իսկ առաջացել է։

Սույն մասի «բ» կետով նախատեսված դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ կամ պատասխանողի դիմումի հիման վրա, վարչական ակտի կատարումը կարող է չկասեցվել:

2. Վարչական մարմինը կարող է վարչական ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունել, եթե բողոքը բերվել է միայն վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակով:
 


ԳԼՈՒԽ 11.

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ ԵՎ ԼՈՒԾԵԼԸ

Հոդված 75. Վարչական բողոքի քննարկման կարգը եւ սահմանները

1. Վարչական բողոքի քննարկումն իրականացվում է սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ:

2. Վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, հայեցողական լիազորության իրականացման դեպքում՝ նաեւ նպատակահարմարության տեսանկյունից:

3. Վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվում է ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:

Հոդված 76. Վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելը

Վարչական մարմինը, վարչական բողոքը քննարկելով, իրավասու է՝

ա) բավարարել բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն եւ ընդունել նոր վարչական ակտ կամ հանձնարարել ստորադաս վարչական մարմնին՝ ընդունելու նոր վարչական ակտ.

բ) մերժել բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ.

գ) մերժել բողոքը կամ գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ եւ վերացնել դրա հետեւանքները.

դ) մերժել բողոքը կամ պարտադրել կատարելու հայցվող գործողությունը:

Հոդված 77. Վարչական ակտի բեկանման հիմքերը

1. Վարչական ակտի բեկանման հիմքերն են՝

ա) սույն օրենքի 63-64-րդ եւ 67-րդ հոդվածներով սահմանված հիմքերը.

բ) վարչական վարույթը դրա իրավունքը չունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացված լինելը, նաեւ այն դեպքում, եթե դա իրականացրել է կոլեգիալ մարմինը, որի կազմում եղել է վարույթին մասնակցելու իրավունք չունեցող պաշտոնատար անձը.

գ) վարչական ակտը վարույթն իրականացրած պաշտոնատար անձի (անձինք) կողմից ստորագրված չլինելը կամ ստորագրելու իրավունք չունեցող անձի (անձինք) կողմից ստորագրված լինելը:

2. Ընթացակարգային նորմերը խախտելը վարչական ակտի բեկանման հիմք կարող են դառնալ, եթե այդ խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել այլ որոշում ընդունելու։

3. Վարչական ակտը կարող է բեկանվել մասնակիորեն, եթե վարչական ակտում առկա են սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, եւ դրանք բեկանելուց հետո չբեկանված մասը կարող է ինքնուրույն գործել:


ԲԱԺԻՆ V

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

ԳԼՈՒԽ 12.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 78. Վարչական հարկադրանքը

1. Որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողության կատարումից ձեռնպահ մնալուն ուղղված վարչական ակտը կարող է հարկադրաբար ի կատար ածվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառմամբ:

2. Հարկադրանքի միջոցներն են՝

ա) գործողությունն այլ անձի կողմից կատարելը (փոխարինող գործողություն).

բ) տուգանքը.

գ) անմիջական հարկադրանքը:

3. Հարկադրանքի միջոցը պետք է համաչափ լինի դրա նպատակին: Հարկադրանքի միջոցը պետք է ընտրվի այնպես, որպեսզի պարտավոր անձի եւ հանրության վնասները հասցվեն նվազագույնի:

Հոդված 79. Պարտավոր անձը

Պարտավոր անձը որոշակի գործողություն կատարելու կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ ընդունված վարչական ակտի հասցեատերն է:

Հոդված 80. Կատարողական մարմինը

1. Վարչական ակտի հարկադիր կատարումն իրականացնում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Վարչական ակտն ընդունած մարմինն ի կատար է ածում նաեւ բողոքների վերաբերյալ վերադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտերը:

Հոդված 81. Փոխարինող գործողությունը

Եթե որեւէ գործողություն կատարելու վերաբերյալ վարչական ակտով նախատեսված պարտականությունը պարտավոր անձը չի կատարում, բայց դրա կատարումը հնարավոր է մեկ այլ անձի կողմից, ապա կատարողական մարմինը կարող է վերջինիս հանձնարարել կատարելու այդ գործողությունը պարտավոր անձի հաշվին:

Պարտավոր անձի հաշվին կատարողական մարմինն ինքը կարող է կատարել այդ գործողությունը, եթե դա հնարավոր է, եւ եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 82. Տուգանքը

1. Եթե գործողությունը չի կարող կատարել նաեւ մեկ այլ անձ, ապա պարտավոր անձի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք:

2. Տուգանք կարող է նշանակվել նաեւ, եթե պարտավոր անձը ձեռնպահ չի մնում որեւէ գործողություն կատարելուց, որի վերաբերյալ համապատասխան վարչական ակտ է ընդունվել:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում տուգանք կարող է նշանակվել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

4. Տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով՝ վարչական մարմնի պահանջի հիման վրա։

Հոդված 83. Անմիջական հարկադրանքը

Եթե փոխարինող գործողությունը կամ տուգանքը չի կարող հասնել իր նպատակին կամ օբյեկտիվ հանգամանքների բերմամբ չի կարող կիրառվել, ապա օրենքով համապատասխան լիազորություն ունեցող վարչական մարմինը կարող է անմիջականորեն հարկադրել կատարելու համապատասխան գործողությունը կամ արգելել կատարելու որոշակի գործողություն։

Հոդված 84. Հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին նախազգուշացնելը

1. Պարտավոր անձը հարկադրանքի միջոցների կիրառման մասին պետք է նախազգուշացվի: Նախազգուշացման մեջ պետք է սահմանվի համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, որի ընթացքում պարտավոր անձին կարող է հնարավորություն տրվել, որպեսզի նա դա կատարի իր համար ընդունելի եւ օրենքով չարգելված եղանակներով:

2. Փոխարինող գործողության կատարման առիթով նախազգուշացման մեջ պետք է նշվի ծախսերի նախահաշիվը, որը չի կարող խոչընդոտել հետագա պահանջներ ներկայացնելու համար, եթե փոխարինող գործողության կատարումն առաջացնի ավելի մեծ ծախսեր:

3. Տուգանք կիրառելու նախազգուշացման մեջ պետք է նշվի տուգանքի որոշակի չափը։

4. Նախազգուշացումը կարող է կրկնվել այնքան ժամանակ, քանի դեռ պարտականությունը չի կատարվել, կամ կատարողական մարմինը չի դիմել անմիջական հարկադրանքի միջոցի կիրառմանը: Այդ ընթացքում նախազգուշացումը կարող է փոփոխություններ կրել։

5. Նախազգուշացումը պետք է կազմվի գրավոր եւ սույն օրենքով վարչական ակտերի հանձնման համար սահմանված կարգով հանձնվի պարտավոր անձին։

Հոդված 85. Հարկադրանքի միջոցներ նշանակելը

Հարկադրանքի միջոցները նշանակվում են այդ միջոցների կիրառման մասին նախազգուշացմամբ սահմանված ժամկետում պարտավոր անձի կողմից համապատասխան պարտականությունը չկատարվելու դեպքում։

Հոդված 86. Հարկադրանքի միջոցներ կիրառելը

1. Նշանակված հարկադրանքի միջոցը կիրառվում է դրա նշանակմանը համապատասխան:

2. Եթե պարտավոր անձը փոխարինող գործողության կամ անմիջական հարկադրանքի կիրառման ժամանակ դիմադրություն է ցույց տալիս, ապա դա կարող է հաղթահարվել ուժի կիրառմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Այդ դեպքում, կատարողական մարմնի պահանջով, համապատասխան մարմինները պարտավոր են օգնություն ցույց տալ դիմադրությունը հաղթահարելու համար:

3. Երբ կատարումը հասնում է իր նպատակին, կատարողական վարույթն ավարտվում է։
 


ԳԼՈՒԽ 13.

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 87. Հանրային իրավական դրամական պահանջները

Հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (այսուհետ` դրամական պահանջներ ):

Հոդված 88. Դրամական պահանջների կատարման կարգը

Դրամական պահանջները ենթակա են կատարման դատական ակտերի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Հոդված 89. Պարտականությունը կրող անձը

Դրամական պահանջներով նախատեսվող գումարների վճարման համար պարտականությունը կրում է այն անձը, ով պարտավոր է այդ գումարը վճարել՝

ա) իր համար կամ իր կողմից թույլ տրված խախտումների համար.

բ) մեկ այլ անձի փոխարեն։

ԲԱԺԻՆ VI

ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

ԳԼՈՒԽ 14.

ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 90. Վարչական ծախսերը

Վարչական ծախսերն են վարչական վարույթում գործի քննարկման համար օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով վճարվող պետական կամ տեղական տուրքը, ինչպես նաեւ սույն գլխով սահմանված այլ ծախսեր:

Հոդված 91. Վարչական վարույթի վերաբերյալ գործերով տուրք վճարելը

1. Դիմողը, օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ երրորդ անձինք, վարչական վարույթի վերաբերյալ գործի քննարկման համար պարտավոր են օրենքով սահմանված չափով եւ կարգով մուծել պետական կամ տեղական տուրք:

2. Վարչական վարույթի ընթացքում պետական եւ տեղական տուրք վճարելու, դա վերադարձնելու կարգը, չափը, տուրք վճարելուց ազատելու, վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու եւ դրա չափը նվազեցնելու հարցերը կարգավորվում են օրենքով:

Հոդված 92. Վարչական վարույթում կատարվող այլ ծախսեր

1. Վարչական վարույթի ընթացքում կատարվող այլ ծախսերն այն ծախսերն են, որոնք կապված են՝

ա) վարչական ակտը կամ այլ փաստաթղթեր դրանց հասցեատերերին հանձնելու, ինչպես նաեւ վկաներ, փորձագետներ եւ թարգմանիչներ հրավիրելու հետ.

բ) հրապարակային հայտարարություններ անելու, վարչական ակտը հրապարակելուհետ.

գ) վարչական ակտի կամ վարույթի հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթերի լրացուցիչ օրինակներ, դրանց պատճեններ, լուսապատճեններ եւ քաղվածքներ կատարելու հետ.

դ) վարույթին մասնակցություն ապահովելու կամ վարույթի հետ կապված այլ նպատակով հեռագրեր եւ միջքաղաքային հեռախոսազանգեր ուղարկելու եւ հղելու հետ.

ե) գործուղումների առնչությամբ առաջացող ճանապարհածախսը հոգալու հետ.

զ) այլ վարչական մարմիններ կամ այլ անձանց՝ նրանց կողմից ցույց տրված օգնության կամ ծառայությունների համար վճարումներ կատարելու հետ.

է) իրեր տեղափոխելու կամ պահպանելու հետ.

ը) վարչական մարմնի կողմից կատարողական վարույթ իրականացնելու հետ.

թ) վարչական վարույթի ընթացքում փորձագետներին եւ թարգմանիչներին վարձատրելու հետ։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը կատարում է վարչական վարույթն իրականացնող մարմինը, իսկ փորձագետ կամ թարգմանիչ հրավիրելու հետ կապված ծախսերը հատուցվում են սույն օրենքի 93-րդ հոդվածով նախատեսված կարգով։

Վարչական գործի նյութերից պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ կատարելու հետ կապված ծախսերը կրում է դրանց նկատմամբ պահանջ ներկայացրած անձը։ Այդ դեպքում ծախսերի չափը չպետք է գերազանցի պատճենահանման, լուսապատճենահանման կամ քաղվածք կատարելու համար վարչական մարմնի կատարած փաստացի ծախսերի չափը։

Հոդված 93. Վարչական վարույթի ընթացքում վկաներին, փորձագետներին եւ թարգմանիչներին վճարվող գումարները

1. Վարչական վարույթի ընթացքում իրենց կատարած աշխատանքների համար փորձագետները եւ թարգմանիչները վարձատրվում են, եթե այդ աշխատանքները չեն մտնում տվյալ վարչական մարմնում նրանց ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների մեջ:

2. Վկաներին, փորձագետներին եւ թարգմանիչներին վճարումներ տրվում են Հայաստանի Հանրապետության բյուջեից կամ համապատասխան համայնքի բյուջեից՝ կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է հրավիրել այդ անձանց (պետական, թե տեղական ինքնակառավարման մարմին):

Եթե փորձագետին կամ թարգմանչին հրավիրել է վարչական վարույթի որեւէ մասնակից, ապա համապատասխան ծախսերը կրում է այդ մասնակիցը։

3. Սույն հոդվածով նախատեսված անձանց համապատասխան վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով, իսկ վարչական վարույթի մասնակիցներից որեւէ մեկի կողմից հրավիրված լինելու դեպքում՝ հրավիրողի եւ հրավիրվողի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 94. Փոխօգնության ծախսերը

Փոխօգնություն ցուցաբերելու հետ կապված ծախսերը կրում է փոխօգնությունը ցուցաբերող վարչական մարմինը:
 


ԲԱԺԻՆ VII

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ

ԳԼՈՒԽ 15.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ

Հոդված 95. Պատասխանատվություն կրողը եւ պատասխանատվության հիմքերը

1. Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետեւանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ սույն բաժնի դրույթներին համապատասխան։

2. Ոչ իրավաչափ վարչարարության, իսկ սույն բաժնով նախատեսված դեպքերում՝ նաեւ իրավաչափ վարչարարության հետեւանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է՝

ա) Հայաստանի Հանրապետությունը՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերում նշված վարչական մարմինների դեպքում.

բ) համապատասխան համայնքը՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված վարչական մարմինների դեպքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված դեպքում վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ «բ» կետով նախատեսված դեպքում՝ համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն օրենքի 106-108-րդ հոդվածներով եւ 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում բաց թողնված օգուտը ենթակա չէ հատուցման:

Հոդված 96. Վնասի հատուցման նախապայմանը

Վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հոդված 97. Վնասի հատուցման եղանակները

Վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետեւանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

Հոդված 98. Հետեւանքները վերացնելը

1. Եթե վնասը որեւէ փաստացի դրության՝ ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետեւանքները՝ նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով:

Նշված կանոնը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ պատասխանատվություն կրողի վարչարարության հետեւանքով առաջացած դրությունը, օրենքի կամ այլ իրավական ակտի ընդունման կամ փոփոխման ուժով, ոչ իրավաչափ է դառնում հետագայում, եւ այդ դրության հետեւանքները կարող են վերագրվել տվյալ պատասխանատվությունը կրողին եւ ենթակա չեն վերացման այլ կարգով:

2. Հետեւանքները վերացնելը բացառվում է, եթե փաստացի կամ իրավական հիմքերով հնարավոր չէ նախկին դրության վերականգնումը, ինչպես նաեւ այն դեպքում, երբ գոյություն ունեցող դրությունը համապատասխանում է անձի համար անվիճարկելի դարձած վարչական ակտին:

3. Եթե անձը մեղք ունի ոչ իրավաչափ դրության առաջացման համար, ապա նա հետեւանքների վերացում կարող է պահանջել, եթե ցանկանում է եւ ի վիճակի է կրելու հետեւանքների վերացման` իր մեղքով առաջացած ծախսերի մասնաբաժինը:

Եթե անձի մեղքով առաջացած ծախսերը գերազանցում են պատասխանատվություն կրողի մեղքով առաջացած ծախսերի չափը, ապա հետեւանքների վերացման պահանջ չի կարող ներկայացվել, իսկ անձը կարող է հատուցում պահանջել` սույն օրենքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին համապատասխան:

Հոդված 99. Վնասի հատուցումը դրամական միջոցներով

1. Պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետեւանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետեւանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

2. Վնասի հատուցում պահանջող անձը կրում է վնասի հետեւանքների վերացման ծախսերն այն չափով, որ չափով դրանք առաջացել են իր մեղքով:

Եթե անձն ի վիճակի չէ կրելու այդ ծախսերը, ապա նա պարտավոր է վնասի հատուցման պահանջը սահմանափակել այն ծախսերի չափով, որոնք առաջացել են պատասխանատվություն կրողի մեղքով:

Հոդված 100. Վնասի հատուցման պահանջ ներկայացնելը

1. Վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետեւանքով պատճառվել է դա:

2. Վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

Հոդված 101. Պահանջ ներկայացնելու ժամկետը

Վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել այն պահից հետո` 3 տարվա ընթացքում, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իրեն պատճառված վնասի մասին, բայց ոչ ուշ, քան այն գործողության կատարման կամ անգործություն թույլ տալու կամ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից 10 տարին լրանալը, որով նրան վնաս է պատճառվել:

Հոդված 102. Պահանջը քննարկելը եւ լուծելը

1. Վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում եւ լուծվում է դիմումի քննարկման համար` սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան:

2. Վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 103. Համապարտ պատասխանատվությունը

Եթե վնասը պատճառել են մեկից ավելի պատասխանատվություն կրողներ, ապա վնաս կրած անձի առջեւ նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

Հոդված 104. Ոչ գույքային վնասի հատուցման հիմքերը եւ կարգը

1. Ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետեւանքների վերացում` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ոչ գույքային վնաս է պատճառվել ֆիզիկական անձի առողջությանը, ապա նա կարող է դրամական միջոցներով հատուցում պահանջել: Հատուցման ծավալը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-2-րդ մասերին համապատասխան:

3. Ֆիզիկական անձի մասնագիտական աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի դեպքում հատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետեւյալ կերպ.

ա) մասնագիտական աշխատունակության լրիվ կորստի դեպքում ֆիզիկական անձին վճարվում է հատուցում` հիմնական աշխատանքի վայրում նրա վերջին մեկ տարվա աշխատավարձի առնվազն 70 տոկոսի չափով` մինչեւ տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույն տարիքի հասնելը, իսկ եթե դա սահմանված չէ, ապա մինչեւ այն տարիքի հասնելը, որի դեպքում սովորաբար նրա հետ կարող են դադարեցվել տվյալ մասնագիտությամբ աշխատանքային իրավահարաբերությունները.

բ) մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի դեպքում ֆիզիկական անձին վճարվում է հատուցում` հիմնական աշխատանքի վայրում նրա վերջին մեկ տարվա աշխատավարձի ոչ ավելի, քան 70 տոկոսի չափով` մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան, մինչեւ անձի` սույն մասի «ա» կետում նշված տարիքի հասնելը:

Եթե անձի մասնագիտական աշխատունակությունը վերականգնվում է, ապա նրան վճարվող հատուցումը նվազեցվում է` մասնագիտական աշխատունակության վերականգնման աստիճանին համապատասխան:

4. Մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում հատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետեւյալ կերպ.

ա) ընդհանուր աշխատունակության լրիվ կորստի դեպքում, եթե անձն աշխատել է, ապա վերջին աշխատանքի վայրում նրա տարեկան աշխատավարձի առնվազն 85 տոկոսի չափով` մինչեւ անձի կենսաթոշակային տարիքի հասնելը.

բ) ընդհանուր աշխատունակության մասնակի կորստի դեպքում, եթե անձն աշխատել է, ապա ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան` վերջին աշխատանքի վայրում նրա տարեկան աշխատավարձի ոչ ավելի, քան 85 տոկոսի չափով` մինչեւ անձի կենսաթոշակային տարիքի հասնելը.

գ) ընդհանուր աշխատունակության լրիվ կորստի դեպքում, եթե անձը չի աշխատել, ապա նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

դ) ընդհանուր աշխատունակության մասնակի կորստի դեպքում, եթե անձը չի աշխատել, ապա ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան` նվազագույն աշխատավարձի ոչ ավելի, քան հինգհարյուրապատիկի չափով։

Ընդհանուր աշխատունակության վերականգնման դեպքում կիրառվում են սույն հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերության կանոնները:

5. Մասնագիտական կամ ընդհանուր աշխատունակության լրիվ վերականգնման դեպքում հատուցման ենթակա գումարի վճարումը դադարեցվում է:

6. Անհատ ձեռնարկատիրոջ եւ իրավաբանական անձի գործարար համբավը արատավորելու հետեւանքով նրանց պատճառված գույքային վնասը, ներառյալ՝ բաց թողնված օգուտը, ենթակա է հատուցման` սույն օրենքի 98-99-րդ հոդվածներին համապատասխան:

Անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը միաժամանակ կարող են դիմել իրենց գործարար համբավի պաշտպանությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ մասերին համապատասխան:

7. Սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցման պահանջը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ պատասխանատվություն կրողից բացի, այդպիսի վնաս կրած անձին ապահովագրական գումար կամ ապրուստի կամ այլ միջոց պետք է տրամադրի նաեւ այլ անձ կամ մարմին կամ կազմակերպություն։

Հոդված 105. Ոչ գույքային վնասը դրամական միջոցներով հատուցելու ձեւերը

1. Սույն օրենքի 104-րդ հոդվածով նախատեսված այն դեպքերում, երբ անձին պատճառված ոչ գույքային վնասը կարող է հատուցվել դրամական միջոցներով, դրանց վճարումը կարող է կատարվել ամենամսյա վճարումների կամ միանվագ վճարման միջոցով:

2. Ամենամսյա վճարումները ենթակա են վճարման յուրաքանչյուր ամիս: Ամենամսյա վճարումների չափը որոշվում է հատուցման ենթակա ընդհանուր գումարը վճարման ժամանակահատվածի ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:

Ամենամսյա վճարումները ենթակա են վճարման նաեւ անձի մահացած ամսվա համար:

3. Ամենամսյա վճարումների փոխարեն վնաս կրած անձը կարող է պահանջել վնասի հատուցում՝ հատուցման ենթակա վնասի ընդհանուր գումարի միանվագ վճարմամբ, եթե առկա է հիմնավոր պատճառ:

Հոդված 106. Վնասի հատուցումն անձի մահվան դեպքում

1. Ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով անձի մահվան դեպքում նրա առաջին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ երկրորդ կարգի ժառանգներին վճարվում է միանվագ հատուցում՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ոչ պակաս չափով:

2. Եթե ֆիզիկական անձի մահն առաջացնում է կերակրողին կորցնելու հետեւանքներ, ապա այդ հիմքով վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածին համապատասխան՝ մինչեւ երեխաների չափահաս դառնալը, իսկ եթե մինչ այդ նրանք ընդունվել եւ սովորում են միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ մինչեւ համապատասխան հաստատությունում նրանց ուսումնառության ավարտը:

Եթե սույն մասին համապատասխան վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձը մինչեւ 22 տարեկան դառնալն ընդունվել է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա վնասի հատուցումը վերսկսվում է համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվելու օրվանից՝ դրական գնահատականներով եզրափակված յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, եւ ավարտվում է համապատասխան հաստատությունն ավարտելուն պես:

Սույն մասով նախատեսված անձանց վճարվում է ամենամսյա հատուցում` մահացածի՝ մահվանից առաջ վերջին մեկ տարվա միջին ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով:

3. Անձի մահվան դեպքում նրա հուղարկավորության ծախսերը կատարած անձին (անձինք) վճարվում է հատուցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված հատուցման գումարները կարող են նվազեցվել, բայց վճարման ենթակա գումարի կեսը չգերազանցող չափով, եթե անձի մահվան պատճառ են դարձել մասամբ նաեւ նրա ոչ իրավաչափ գործողությունները: Ընդ որում, մահացածի գործողությունների ոչ իրավաչափ լինելու ապացուցման պարտականությունը կրում է այն վարչական մարմինը, որի վարչարարության հետեւանքով անձը մահացել է։

Հոդված 107. Հատուցումը ոչ գույքային այլ վնասի դեպքում

Եթե այն անձը, ում ոչ գույքային վնաս է պատճառվել, օրենքի ուժով պարտականություններ է կրել այլ անձանց հանդեպ, եւ նրան ոչ գույքային վնաս պատճառելու հետեւանքով անուղղակի վնաս է պատճառվել նաեւ այդ անձանց, ապա այդ վնասը ենթակա է հատուցման սույն օրենքի 98-99-րդ հոդվածներով սահմանված եղանակներով՝ անուղղակի վնասի իրական չափով, եթե օրենքով այլ չափ սահմանված չէ:

Հոդված 108. Հետադարձ պահանջներ ներկայացնելը

1. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պատճառված վնասը, իրավունք ունի հետադարձ պահանջներ ներկայացնելու վարչական մարմնի այն պաշտոնատար անձին, ում գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են ոչ իրավաչափ վարչարարության, եւ որի հետեւանքով վնաս է պատճառվել անձին:

2. Հետադարձ պահանջներ ներկայացնելու հիմք է պաշտոնատար անձի գործողություններում կամ անգործությունում դիտավորության կամ անփութության առկայությունը:

ԳԼՈՒԽ 16.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 109. Պատասխանատվությունն իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի համար

1. Իրավաչափ վարչարարության հետեւանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ անձը, սույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի նորմի ուժով, վստահության իրավունք ունի:

Իրավունքի այլ սուբյեկտներից հատուցում ստանալու հնարավորության դեպքում սույն օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատասխանատվություն կրողներից հատուցում չի կարող պահանջվել:

2. Եթե ուժը կորցրել է բարենպաստ իրավաչափ վարչական ակտը, որի հետեւանքով դրա հասցեատիրոջը կամ երրորդ անձին վնաս է պատճառվել, ապա վերջինիս դիմումի հիման վրա վնասը ենթակա է հատուցման այնքանով, որքանով այդ անձը, վստահելով վարչական ակտի գոյությանը, դրա ընդունման կամ կատարման հետեւանքով վնաս է կրել։

Հոդված 110. Ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունելու հետեւանքով պատճառված վնասը հատուցելը

1. Եթե ընդունվել է ոչ իրավաչափ վարչական ակտ, որն առ ոչինչ է կամ անվավեր է ճանաչվել, ապա վարչական մարմինը, շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, պարտավոր է նրան հատուցել այն գույքային վնասը, որն այդ անձը կրել է ոչ իրավաչափ վարչական ակտի գոյությանը վստահելու հետեւանքով, բացառությամբ սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։

Հատուցման չափը սահմանում է վարչական մարմինը: Վնասի հատուցման չափը պետք է համարժեք լինի այն օգուտի չափին, որը շահագրգիռ անձը կարող էր ստանալ վարչական ակտի կատարման դեպքում։

2. Հատուցման մասին պահանջը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում` վարչական մարմնի կողմից վարչական ակտն անվավեր ճանաչվելու կամ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատվելու մասին վարչական վարույթի մասնակիցներին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվանից սկսած։

Հոդված 111. Պատասխանատվությունն անհիմն հարստացման դեպքում

1. Հանրային իրավահարաբերություններում առանց իրավական հիմքի վարչական մարմնի տիրապետման տակ անցած գույքը պետք է վերադարձվի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում սույն օրենքին:

3. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման դեպքերում անձն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջի հետ միասին պահանջելու նաեւ անհիմն տիրապետման տակ գտնված գույքի օգտագործման ժամանակահատվածում ստացված ամբողջ եկամուտը (գումար), ինչպես նաեւ այդ եկամտի (գումար) 6 տոկոսը՝ յուրաքանչյուր տարվա համար։

4. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման հետեւանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ պահանջները լուծում է այն վարչական մարմինը, որի փաստացի տիրապետման տակ է գտնվում առանց իրավական հիմքի ձեռք բերված գույքը:

Վարչական ակտով պետք է լուծվեն նաեւ գույքը վերադարձնելու եղանակի եւ հատուցելու չափի հետ կապված հարցերը:
 


ԲԱԺԻՆ VIII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 17.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 112. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ սկսված, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դեռեւս չավարտված վարչական վարույթներն իրականացվում են մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն, եթե դիմողը, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ սկսված վարչական վարույթի դեպքում՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատերը, գրավոր չեն պահանջում, որ վարույթի չավարտված մասն իրականացվի սույն օրենքին համապատասխան։
 


ԳԼՈՒԽ 18.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 113. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ինն ամիս հետո։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված վարչական մարմինները պարտավոր են ապահովել վարչարարության եւ վարչական վարույթին վերաբերող դրույթներ պարունակող իրենց իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին։

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (22 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-24) գործում է միայն քաղաքացիների առաջարկությունների մասով։
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.03.2004
ՀՕ-41


13.12.2004 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.12.2008 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
13.04.2011 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
19.03.2012 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
05.12.2013 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
17.12.2014 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
17.12.2014 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
21.12.2015 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
09.06.2017 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
25.10.2017 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
08.12.2017 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.12.2017 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.07.2019 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
09.12.2019 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
08.07.2020 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
16.12.2021 «Վարչարարության հիմուքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
15.06.2022 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
28.02.2024 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
28.02.2024 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին