Russian    
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.06.2002
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվական, ՀՕ-112. այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից էական մրցակցության չհանդիպելու չափորոշիչները, գերիշխող դիրքի եւ ապրանքային շուկաների սահմանների, ինչպես նաեւ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը սահմանում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի նախավերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները.»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) ընդունել իրավական ակտեր, այդ թվում` հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների, գերիշխող դիրքի չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների հետ կապված կարգեր.»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) առաջին մասը «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «եւ նրանց պաշտոնատար անձինք» բառերով.

2) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչեւ հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը տնտեսավարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչեւ հազարապատիկի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 հուլիսի 2002թ.
ՀՕ-398