Օրենքը չի գործում:
Գործում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2003
  • Գլուխ 1.  Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Սնանկության վերաբերյալ հայցի հարուցումը
  • Գլուխ 3. Սնանկ ճանաչելու  հարցի լուծումը
  • Գլուխ 4. Սնանկության ժամանակավոր կառավարիչները եւ կառավարիչները
  • Գլուխ 5. Պարտատերերի ժողովը  եւ խորհուրդը
  • Գլուխ 6. Պարտատերերի պահանջները
  • Գլուխ 7. Պարտապանի գույքը
  • Գլուխ 8. Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը
  • Գլուխ 9. Պարտապան - իրավաբանական անձի լուծարումը եւ պարտապան - անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը
  • Գլուխ 10. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը
  • Գլուխ 11.Սնանկության պարզեցված ընթացակարգերը
  • Գլուխ 12.Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

  • ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Անվճարունակության (սնանկության) հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

    1. Անվճարունակության (սնանկության) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով:

    2. Անվճարունակության (սնանկության) գործերի քննության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

    1. Սույն օրենքը սահմանում է պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապանի կողմից սեփական անվճարունակությունը (սնանկությունը) հայտարարելու հիմքերն ու կարգը, անվճարունակ (սնանկ) ճանաչված պարտապանի ֆինանսական առողջացման եւ լուծարման ընթացակարգերն ու դրանց մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

    2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վրա:

    3. Բանկերի եւ վարկային կազմակերպությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    4. Ապահովագրական ընկերությունների, բնական մենաշնորհի եւ շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների անվճարունակության (սնանկության) վարույթի առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով:

    Հոդված 3. Պարտապանի անվճարունակության (սնանկության) հատկանիշները

    1. Պարտապանը կարող է անվճարունակ (սնանկ) (այսուհետ՝ սնանկ) ճանաչվել միայն դատարանի վճռով, եթե ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները սույն հոդվածով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

    2. Այն դեպքում, երբ սնանկության գործը հարուցվում է պարտատիրոջ (պարտատերերի) կողմից, պարտապանը ճանաչվում է սնանկ, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված հատկանիշներն առկա են:

    3. Այն դեպքում, երբ սնանկության գործը հարուցվում է պարտապանի կողմից, պարտապանը ճանաչվում է սնանկ, եթե վճռի կայացման պահին ի վիճակի չէ կատարել իր դրամական պարտավորությունը (պարտավորությունները), կամ եթե նրա գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար:

    Հոդված 4. Սնանկության գործերի ենթակայությունը

    1. Սնանկության գործերը քննում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի (այսուհետ՝ դատարան)՝ սնանկության գործեր քննող դատավորները (այսուհետ՝ դատավոր):

    2. Սնանկության գործերը, այդ թվում` դրանցով կայացված վճիռների՝ վճռաբեկության կարգով վերանայումից եւ բեկանումից հետո, քննվում են միանձնյա:

    Հոդված 5. Պարտապանի` դատարան դիմելու պարտականությունը

    1. Պարտապանը սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե՝

    ա) մեկ կամ մի քանի պարտատերերի պահանջների բավարարումն անհնար է դարձնում այլ պարտատերերի հանդեպ դրամական պարտավորությունների լրիվ կատարումը.

    բ) պարտապանի կառավարման բարձրագույն մարմինը որոշում է ընդունել պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումով դատարան դիմելու մասին:

    2. Պարտապան-իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմում ներկայացնել դատարան, եթե լուծարման ժամանակ պարզվում է, որ լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջներն ամբողջովին բավարարելու համար:

    3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումը պետք է դատարան ներկայացվի ոչ ուշ, քան համապատասխան հիմքերի հայտնաբերումից հետո` տասնօրյա ժամկետում:

    Հոդված 6. Պարտատիրոջ կամ այլ անձանց՝ դատարան դիմելու պարտականությունը

    1. Հայաստանի Հանրապետության եւ համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումով դիմել դատարան հետեւյալ դեպքերում՝

    ա) հարկային պետական ծառայության մարմինները` հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարումների գծով վճարումն ուշացնելու դեպքում՝ հարկերի վճարման համար սահմանված ժամկետին կամ հարկային պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.

    բ) սոցիալական ապահովության պետական հիմնադրամը՝ պարտադիր սոցիալական վճարների վճարումն ուշացնելու դեպքում՝ պարտադիր սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետին կամ պարտադիր սոցիալական վճարների պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.

    գ) համայնքի ղեկավարը՝ տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաեւ համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում՝ այդ վճարների վճարման համար սահմանված ժամկետին կամ նման վճարային պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.

    դ) այլ իրավասու պետական մարմինները՝ մյուս դրամային պարտավորություններով՝ տվյալ պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում՝ այդ վճարների վճարման համար սահմանված ժամկետին հաջորդող 6 ամսվա ընթացքում:

    2. Եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մեկ կամ մի քանի կատարողական վարույթներով պարտատիրոջ (պարտատերերի) պահանջը բավարարելու դեպքում գույքի անբավարարության հետեւանքով անհնարին է դառնում այլ կատարողական վարույթներով պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումով դիմել դատարան, անկախ նրանից՝ այդ բոլոր կատարողական վարույթները գտնվում են նույն հարկադիր կատարողի մոտ, թե ոչ:

    3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված պետական մարմինների կողմից սահմանված ժամկետում սնանկության հայցադիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

    4. Սույն հոդվածով նախատեսված պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել հայցից միայն այն դեպքում, երբ պարտավորության կատարման հետեւանքով դրա չափը նվազել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափից:

    Հոդված 7. Անձնական գույքային պատասխանատվությունը դատարան դիմելու պարտականությունը չկատարելու համար

    1. Պարտապանի սնանկությունը ճանաչելու հայցադիմումը սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված անձանց կողմից նույն հոդվածում սահմանված դեպքերում եւ ժամկետում չներկայացնելու դեպքում հայցադիմում ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտատերերի առջեւ սուբսիդիար պատասխանատվություն են կրում պարտապանի այն պարտավորությունների համար, որոնք առաջացել են սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետը լրանալուց հետո: Նույն պատասխանատվությունն առաջանում է նաեւ հարկադիր կատարողի համար՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում վերջինիս համար սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում:

    2. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձինք նույն հոդվածում նախատեսված դեպքերում եւ ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմում չներկայացնելու դեպքում անձնական գույքային պատասխանատվություն են կրում դրա հետեւանքով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքին պատճառված վնասի համար:

    Հոդված 8. Կեղծ եւ կանխամտածված սնանկությունը

    1. Եթե պարտապանն իր սնանկությունը ճանաչելու հայցադիմում է ներկայացնում դատարան՝ ակնհայտորեն հնարավորություն ունենալով ամբողջությամբ բավարարել պարտատերերի պահանջները (կեղծ սնանկություն), ապա դատավորի կողմից հայցադիմումը մերժվելու դեպքում պարտապանը պատասխանատվություն է կրում հայցադիմումը ներկայացնելու հետեւանքով պարտատերերին պատճառված վնասների համար:

    2. Այն դեպքում, երբ պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունը ուղղորդելը եւ այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այլ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի պարտավորություններով՝ վերջինիս գույքի անբավարարության դեպքում:

    Հոդված 9. Շահագրգիռ անձինք

    1. Պարտապանի նկատմամբ շահագրգիռ անձինք են համարվում՝

    ա) պարտապանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական, դուստր կամ կախյալ իրավաբանական անձինք.

    բ) պարտապանի ղեկավարը, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամները, պարտապանի կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), այդ թվում՝ սնանկ ճանաչելու հայցադիմում ներկայացնելու պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձինք.

    գ) պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսին տիրապետող անձը (անձինք).

    դ) պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամները:

    Պարտապանի նկատմամբ շահագրգիռ անձ է համարվում նաեւ այն անձը, որը սույն կետում նշած անձանց հետ գտնվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հարաբերությունների մեջ:

    2. Ֆիզիկական անձի նկատմամբ շահագրգիռ է համարվում նրա ամուսինը, նրա հետ ուղիղ վերընթաց եւ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը եւ նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

    3. Սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարչի եւ պարտատերերի նկատմամբ շահագրգիռ անձինք որոշվում են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով:
     


    ԳԼՈՒԽ 2.

    ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

    Հոդված 10. Սնանկության վերաբերյալ հայցի հարուցումը

    1. Սնանկության վերաբերյալ հայցը հարուցվում է պարտատիրոջ (պարտատերերի), պարտապանի կամ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 6-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից:

    2. Դատավորը հայցադիմումը վարույթ է ընդունում եւ գործը քննում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 11. Հայցադիմում ներկայացնելը եւ հետ վերցնելը

    1. Պարտապանին սնանկ ճանաչելու նպատակով դատարան հայցադիմում կարող են ներկայացնել`

    ա) պարտապանը` սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով.

    բ) մեկ կամ մի քանի պարտատերերը համատեղ.

    գ) դատական ակտերի հարկադիր կատարողը` սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում:

    2. Սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնելու եւ այն հետ վերցնելու իրավունք ունեն`

    ա) իրավաբանական անձանց անունից` օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները (այսուհետ՝ պարտապանի ղեկավար).

    բ) անհատ ձեռնարկատիրոջ անունից՝ անհատ ձեռնարկատերը կամ նրա ներկայացուցիչը:

    3. Մեկից ավելի պարտատերերի ներկայացրած հայցադիմումը կարող է հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ:

    4. Հայցադիմումը կարող է հետ վերցվել միայն մինչեւ հայցադիմումը վարույթ ընդունելը:

    Հոդված 12. Հայցադիմումի ձեւը եւ բովանդակությունը

    1. Հայցադիմումը դատարան է ներկայացվում գրավոր:

    2. Հայցադիմումում պետք է նշվեն`

    ա) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

    բ) իրավաբանական անձ-հայցվորի անվանումը, գտնվելու վայրը եւ պետական գրանցման տվյալները, ղեկավար անձանց տվյալները, անհատ ձեռնարկատեր-հայցվորի անունը, ազգանունը եւ բնակության վայրը.

    գ) պարտապանի անվանումը (անունը), գտնվելու (բնակության) վայրը եւ պետական գրանցման տվյալները.

    դ) պարտատիրոջ դրամական պահանջի չափը՝ նշելով պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը՝ համապատասխան հաշվարկներով.

    ե) պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը.

    զ) հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը.

    է) հայցապահանջի հիմքերը հաստատող ապացույցները.

    ը) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

    3. Հայցադիմումին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարված լինելը եւ հայցապահանջը հիմնավորող հանգամանքները:

    4. Հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձեւով:

    Հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի հայցվորի կողմից:

    5. Պարտատիրոջ հայցադիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա:

    6. Պարտատերերը կարող են միավորել իրենց պահանջները պարտապանի նկատմամբ եւ մեկ հայցադիմումով դիմել դատարան: Նման հայցադիմումն ստորագրում են պահանջները միավորած բոլոր պարտատերերը:

    Հոդված 13. Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը

    1.Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնելու դեպքում հայցադիմումին կից ներկայացվում են (իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով սահմանված դեպքերում պարտապանը պարտավոր է ներկայացնել) հետեւյալ փաստաթղթերը`

    ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը՝ համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ՝ կապիտալ եւ ֆինանսական ներդրումները, հիմնական եւ շրջանառու միջոցները, ինչպես նաեւ ոչ նյութական ակտիվները եւ նշված կազմին չպատկանող այլ միջոցներ.

    բ) պարտապանի պարտատերերի եւ պարտապանների ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը եւ առանձին պարտավորությունների, ներառյալ՝ արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը եւ չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաեւ այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաեւ պարտապանի տված երաշխիքները եւ ստանձնած այլ պարտավորություններ.

    գ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.

    դ) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է` լիակատար անդամների անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը եւ պետական գրանցման տվյալները.

    ե) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.

    զ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին:

    2. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է հայցադիմումին կից ներկայացնել նաեւ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիր:

    3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան:

    Հոդված 14. Սնանկության վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելը

    1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը դատավորն ընդունում է վարույթ՝ հայցադիմումն ստանալու հաջորդ օրը:

    Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին այն վերանայելու պահանջով: Դիմումն ստանալու հաջորդ օրն այն քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:

    Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

    2. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատավորը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ:

    3. Դատավորը սնանկության վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է`

    ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմին.

    բ) անշարժ եւ պետական գրանցման ենթակա այլ գույքի պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններ.

    գ) այն հարկային եւ սոցիալական ապահովության մարմիններ, որտեղ պարտապանը հաշվառված է.

    դ) մաքսային պետական մարմիններ.

    ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

    զ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

    4. Ժամանակավոր կառավարչի միջնորդությամբ դատավորը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել հայցի ապահովման միջոցներ, եթե պարտապանի եւ նրա հետ առնչվող գործողությունների կամ գործարքների կատարումը կարող է էապես նվազեցնել նրա ակտիվները (միջոցները) կամ ավելացնել պարտավորությունները:

    5. Սնանկության հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատավորի որոշումն ստանալու պահից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:

    Հոդված 15. Սնանկության վերաբերյալ հայցադիմումի ընդունումը մերժելը

    1. Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ հայցադիմումի վարույթ ընդունելը, եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանի վարույթում, ինչպես նաեւ սույն օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:

    2. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու հաջորդ օրը:

    3. Դատավորի որոշումը, հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը պատշաճ ձեւով ուղարկվում են հայցվորին:

    4. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:

    Դիմումն ստանալու հաջորդ օրն այն քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:

    Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

    5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված` այդ որոշման ընդունման օրը:

    Հոդված 16. Սնանկության վերաբերյալ հայցադիմումը վերադարձնելը

    1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ հայցադիմումը, եթե՝

    ա) չեն պահպանվել սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածների պահանջները, եւ դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը.

    բ) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրված է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձի կամ այնպիսի անձի կողմից, որի պաշտոնեական կարգավիճակը նշված չէ.

    գ) չեն ներկայացվել օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.

    դ) մեկ հայցադիմումում միացված են մի քանի պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջներ.

    ե) մինչեւ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու միջնորդությամբ:

    2. Հայցադիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու հաջորդ օրը:

    3. Հայցադիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար:

    4. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:

    Դիմումն ստանալու հաջորդ օրը դիմումը քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:

    Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

    5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված` այդ որոշման կայացման օրը:

    Հոդված 17. Պետական տուրքը` սնանկության հայցադիմում ներկայացնելու դեպքում

    Սնանկության հայցադիմում ներկայացնելու դեպքում վճարվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:

    Պետական տուրքի գծով արտոնություններ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
     
     

    ԳԼՈՒԽ 3.

    ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈԻԾՈՒՄԸ

    Հոդված 18. Պարտապանին սնանկ ճանաչելը պարտապանի հայցադիմումի հիման վրա

    1. Սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտապանի հայցադիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե առկա է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը (հիմքերը):

    2. Եթե սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքի (հիմքերի) առկայությունը վիճելի է, ակնհայտ չէ, ապա դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը եւ հայցադիմումում նշված պարտատերերը:

    Պատշաճ ծանուցված պարտատերերի եւ պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

    3. Դատական նիստում հայցադիմումի քննարկման արդյունքներով դատավորը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ հայցը մերժելու մասին:

    4. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում` դրա կայացման, իսկ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում` դատական նիստում հրապարակման պահից 15 օր հետո:

    Հոդված 19. Պարտապանին սնանկ ճանաչելը պարտատիրոջ (պարտատերերի) հայցադիմումի հիման վրա

    1. Դատավորը պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը պարտապանին է ուղարկում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով հայցադիմումի պատճենը:

    Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին:

    2. Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատավորին, ապա դատավորն առարկություններն ստանալու պահից 10 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով ծանուցվում են հայցադիմում ներկայացրած անձը (անձինք) եւ պարտապանը:

    Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

    Դատավորը ներկայացված ապացույցներով նույն օրը վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու կամ հայցը մերժելու մասին:

    3. Եթե սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանում են հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո, ապա հայցը մերժելու մասին վճռով դատավորը պարտավորեցնում է պարտապանին` փոխհատուցել դատական ծախսերը:

    4. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում` դրա կայացման, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում` դատական նիստում հրապարակման պահից 15 օր հետո:

    Հոդված 20. Սնանկության անվիճելիությունը

    1.Դատավորը պարտապանին ճանաչում է սնանկ, եթե սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքի (հիմքերի) առկայությունն ակնհայտ է: Անվճարունակության հիմքերի առկայությունն ակնհայտ է համարվում, մասնավորապես, եթե`

    ա) պարտատերն ունի դրամական պարտավորության բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ.

    բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա եւ չկա վեճ հանդիպակաց կողմի պարտավորությունների կատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ.

    գ) պարտապանը չի առարկում իրեն ներկայացված դրամական պահանջի դեմ:

    2. Պարտապանի սնանկության հիմքը (հիմքերը) ակնհայտ չլինելու դեպքում դատավորը կայացնում է վճիռ՝ հայցը մերժելու մասին:

    3. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտության համաձայնություն չի կարող կնքվել:

    Հոդված 21. Պարտապանին սնանկ ճանաչելու եւ հայցը մերժելու հետեւանքները

    1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորը`

    ա) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ՝ կառավարիչ).

    բ) անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը եւ վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա եւ ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում.

    գ) պարտապանին սնանկ ճանաչելու մասին անհապաղ տեղեկացնում է՝

    - պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին,

    - անշարժ եւ պետական գրանցման ենթակա այլ գույքի պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,

    - այն հարկային եւ սոցիալական ապահովության մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է,

    - մաքսային պետական մարմիններին,

    - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերին եւ այլ վարկային կազմակերպություններին ծանուցելու համար,

    - դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը,

    - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար.

    դ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում եւ փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում.

    ե) սույն օրենքով նախատեսված դեպքերում` կառավարչի, պարտատերերի խորհրդի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ հրավիրում է դատական նիստ.

    զ) պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե հայցադիմումը ներկայացրել է պարտատերը, հարկադիր կատարողը, կամ պարտապանի կողմից հայցադիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի.

    է) պարտապանին լուծարելու պահից անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու եւ կառավարելու իրավունքները կասեցնելու մասին, արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:

    2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից առանց դատավորի թույլտվության արգելվում է պարտապանի մոտ որեւէ ստուգում կամ ուսումնասիրություն, բացառությամբ ֆինանսական առողջացման ծրագրի գործողության եւ լուծարված պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պարտապանի լուծարումից հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է:

    3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող անձանց եւ պարտապանի ղեկավարի՝ օրենքով եւ պարտապանի կանոնադրությամբ սահմանված լիազորությունները:

    4. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցը մերժելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար:

    5. Սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ հայցի մերժումը չի արգելում նույն անձին նույն հայցով դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:

    Հոդված 22. Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը

    1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու հայցը մերժելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան` մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

    2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ հայցադիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը) եւ հարկադիր կատարողը` վերջինիս կողմից հայցադիմում ներկայացնելու դեպքում:

    3. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաեւ դատարանի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի գործողությունները:

    4. Դատարանի վճռի բեկանումից հետո գործը քննվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում միանձնյա՝ այլ դատավորի կողմից:

    5. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում` վճռաբեկության կարգով, միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում: Մնացած դեպքերում դատավորի կայացրած որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն:

    ԳԼՈՒԽ 4.

    ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

    Հոդված 23. Ժամանակավոր կառավարիչը

    1. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից որպես սնանկության կառավարիչ լիցենզավորված եւ սույն օրենքով սնանկության կառավարչի համար սահմանված պահանջները բավարարող ֆիզիկական անձը: Ժամանակավոր կառավարչի նշանակումը եւ վաղաժամկետ ազատումը կատարվում են սույն օրենքով կառավարչի նշանակման եւ վաղակետ ազատման համար սահմանված կարգով:

    2. Սնանկության ժամանակավոր կառավարիչը՝

    ա) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքում որոշում է կայացնում պարտապանի եւ նրա հետ առնչվող գործողությունների եւ (կամ) գործարքների կասեցման վերաբերյալ.

    բ) մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված լիազորությունը:

    3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում են ժամանակավոր կառավարչի լիազորությունները:

    4. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցը մերժվելու, ինչպես նաեւ այն դեպքում, երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

    5. Ժամանակավոր կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգը եւ ժամանակավոր կառավարչի պատասխանատվությունը որոշվում են սույն օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով սահմանված կանոններով:

    Հոդված 24. Կառավարչի նշանակումը եւ ազատումը

    1. Կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից որպես սնանկության կառավարիչ լիցենզավորված ֆիզիկական անձը:

    2. Եթե կառավարիչ նշանակված անձը հրաժարվում է կառավարչի պարտականություններն ստանձնելուց, ապա դատավորն անհապաղ կառավարիչ է նշանակում այլ անձի:

    3. Եթե կառավարչի հրաժարումն անհիմն է, ապա դատավորը կարող է այդ մասին տեղյակ պահել լիցենզավորող մարմնին եւ այն ինքնակարգավորվող կազմակերպությանը, որի անդամ է կառավարիչը:

    4. Կառավարիչը կարող է հրաժարվել կառավարչի պարտականություններն ստանձնելուց միայն աշխատանքային ծանրաբեռնվածության կամ այլ հարգելի պատճառով:

    Հոդված 25. Կառավարչին ներկայացվող պահանջները

    1. Կառավարչի լիցենզիա կարող է տրվել այն ֆիզիկական անձին, որն ունի բարձրագույն կրթություն եւ լիցենզիա ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել է որեւէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման ու ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել է համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում եւ իրականացնում, ինչպես նաեւ դրա անցկացման պայմանները որոշում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն այն չի կարող պակաս լինել 6 ամսից:

    2. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել, իսկ նշանակված լինելու դեպքում ենթակա է ազատման այն անձը, որը`

    ա) շահագրգիռ է պարտատերերի կամ պարտապանի նկատմամբ.

    բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող է.

    գ) քրեական գործով հանդես է գալիս որպես մեղադրյալ կամ ամբաստանյալ.

    դ) նախկինում դատապարտվել է շահադիտական հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը մարված չէ.

    ե) պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն.

    զ) վերջին երեք տարիների ընթացքում սնանկ է ճանաչվել որպես անհատ ձեռնարկատեր.

    է) սնանկության վերաբերյալ այլ գործերով չի փոխհատուցել կառավարչի պարտականությունների կատարման հետեւանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասները.

    ը) վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի կողմից վաղաժամկետ ազատվել է կառավարչի պարտականությունների կատարումից` սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով.

    թ) չի հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, կամ կազմակերպությունը, որի անդամ է կառավարիչը, չի համապատասխանում սույն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջներին կամ, չհանդիսանալով ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, չունի սույն օրենքով սահմանված չափով դեպոզիտ կամ քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրում:

    3. Կառավարիչների լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 26. Կառավարչի հաշվառումը դատարանում

    Կառավարիչները, որոնք չեն հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, լիցենզիա ստանալու պահից 10-օրյա ժամկետում պարտավոր են հաշվառվել դատարանում՝ ներկայացնելով լիցենզիաների պատճենները, քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրումը կամ համապատասխան դեպոզիտի առկայությունն ապացուցող տեղեկություններ: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչներն այդ մասին անհապաղ հայտնում են դատարանին:

    Հոդված 27. Կառավարչի գույքային պատասխանատվությունը

    1. Կառավարիչը պարտավոր է ապահովագրել իր քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար: Ապահովագրական գումարի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր կառավարչի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:

    2. Կառավարիչը կարող է իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը փոխարինել ապահովագրական դեպոզիտով: Ապահովագրական դեպոզիտի գումարները կարող են ծախսվել բացառապես սնանկության գործին մասնակցող անձանց՝ կառավարչի կողմից պատճառված վնասը փոխհատուցելու համար: Ապահովագրական դեպոզիտի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր կառավարչի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:

    3.Ապահովագրական դեպոզիտի չափը սույն հոդվածով սահմանված նվազագույն չափից նվազելու դեպքում կառավարիչը պարտավոր է 10-օրյա ժամկետում լրացնել այն:

    4. Կառավարչի մեղքով պարտապանին եւ պարտատիրոջը պատճառված վնասի փոխհատուցման համար, նրա գույքի անբավարարության դեպքում, վնասի հատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական դեպոզիտից կամ ապահովագրական գումարից:

    5. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը կամ պարտատերը համարվում են ապահովագրական գումարի շահառուներ: Եթե ապահովագրական գումարի սույն օրենքով սահմանված չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների՝ վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա ապահովագրական գումարը բաշխվում է վնաս կրած բոլոր շահառուների միջեւ` իրենց վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն: Սույն կարգը կիրառվում է նաեւ ապահովագրական դեպոզիտի վրա:

    Հոդված 28 . Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը

    1. Սույն օրենքի համաձայն՝ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը, որի անդամ են հանդիսանում ոչ պակաս, քան 20 լիցենզավորված կառավարիչներ: Կառավարիչը կարող է լինել կառավարիչների ինքնակարգավորվող միայն մեկ կազմակերպության անդամ:

    2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունների պետական գրանցումն իրականացվում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաեւ տեղեկություններ նրա անդամների մասին եւ նրանց լիցենզիաների պատճենները, անդամների քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրումը կամ համապատասխան դեպոզիտի առկայությունն ապացուցող տեղեկություններ:

    3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում պարտավոր է հաշվառվել դատարանում՝ ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է դատարանին:

    4. Օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջների բազմակի կամ կոպիտ խախտումների համար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ՝ շահագրգիռ անձանց դիմումով:

    Հոդված 29. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գույքային պատասխանատվությունը

    1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր անդամների քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար: Ապահովագրական գումարի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր անդամի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:

    2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է իր անդամների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը փոխարինել ապահովագրական դեպոզիտով: Ապահովագրական դեպոզիտի գումարները կարող են ծախսվել բացառապես սնանկության գործին մասնակցող անձանց՝ կառավարչի կողմից պատճառված վնասը փոխհատուցելու համար: Ապահովագրական դեպոզիտի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր կառավարչի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:

    3. Ապահովագրական դեպոզիտի չափը սույն հոդվածով սահմանված նվազագույն չափից նվազելու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է 10-օրյա ժամկետում լրացնել այն:

    4. Կառավարչի մեղքով պարտապանին եւ պարտատիրոջը պատճառված վնասի փոխհատուցման համար նրա գույքի անբավարարության դեպքում վնասի հատուցումն իրականացվում է կառավարիչների ինքնակարգավորվող այն կազմակերպության ապահովագրական դեպոզիտից կամ ապահովագրական գումարից, որի անդամ է հանդիսանում տվյալ կառավարիչը:

    Հոդված 30. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի պատասխանատվությունը

    1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել իր անդամի գործունեության վերաբերյալ ստացված բողոքը: Բողոքում նշված օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը լուծում է տվյալ կառավարչին կազմակերպության անդամությունից ազատելու հարցը: Տվյալ հարցը պետք է լուծվի ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու կամ դրա մասին տեղեկանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

    2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը 5 օրվա ընթացքում ուղարկվում է լիցենզավորող մարմին եւ դատարան:

    3. Որոշումը կարող է հիմք հանդիսանալ օրենքով սահմանված կարգով լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաեւ դատարանի կողմից կառավարչին` իր պարտականությունների կատարումից ազատելու համար:

    Հոդված 31. Կառավարչի լիազորությունները

    1. Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`

    ա) դատավորի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ առկա պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով եւ նախագահում է այն.

    բ) սնանկության գործով դիմում է դատավորին` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

    գ) դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես հայցվոր կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.

    դ) դատավորի որոշմամբ իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետներ եւ նրանց վարձատրում է պարտապանի հաշվին.

    ե) կազմակերպում է գույքագրում եւ միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.

    զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաեւ պարտապանի ֆինանսական, տնտեսական եւ ներդրումային գործունեությունը եւ նրա դրությունն ապրանքային շուկայում.

    է) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.

    ը) ստուգում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը.

    թ) հիմնական կապիտալի մեծությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին հինգ առեւտրային բանկերից մեկում բացում է սնանկության հատուկ հաշիվ եւ դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.

    ժ) դատավորի որոշման հիման վրա արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա.

    ժա) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    2. Սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումներով, դիմումներով, վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից:

    3. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է իր անունից եւ իր պատասխանատվությամբ:

    4. Յուրաքանչյուր կառավարիչ ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, որի վրա արձանագրվում են նրա անունը, ազգանունը եւ լիցենզիայի համարը:

    Հոդված 32. Կառավարչի վարձատրությունը

    1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից կամ այլ գույքի իրացումից ստացված դրամական միջոցներից, պարտատերերի կողմից կառավարչի ծախսերի փոխհատուցման նպատակով տրամադրված դրամական միջոցներից:

    2. Կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանում է դատարանը՝ վերջին տարում պարտապանի տնօրենի (գլխավոր տնօրենի, ղեկավարի) տարեկան վաստակի 1/12-րդ չափով:

    3. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրով եւ չի կարող պակաս լինել ամսական սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կառավարչի վարձատրության նվազագույն չափից:

    4. Կառավարչի հավելյալ վարձատրությունը սահմանվում է դատավորի որոշմամբ` սնանկության հատուկ հաշվում պարտապանի գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից (այդ թվում` դեբիտորական պարտքերից) գոյացած միջոցների նկատմամբ՝ մինչեւ 10 տոկոսի չափով` պարտատերերի խորհրդի (իսկ եթե այն ձեւավորված չէ` պարտատերերի ժողովի) նախնական համաձայնությամբ:

    5. Այն դեպքում, երբ պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, սնանկության գործի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է վարձատրություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

    Հոդված 33. Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը

    1. Պարտապանը եւ պարտատերը (պարտատերերը) կարող են դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատավորին ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

    2. Բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատավորը քննում է այն եւ կայացնում համապատասխան որոշում, որի մասին տեղեկացնում է բողոքարկողին եւ կառավարչին:

    3.Բողոքարկումը չի կասեցնում կառավարչի գործողությունները:

    4. Կառավարչի գործողությունները չեն կարող բողոքարկվել այլ դատարաններում:

    Հոդված 34. Կառավարչի պատասխանատվությունը

    1. Դատավորն իր նախաձեռնությամբ, պարտապանի կամ պարտատիրոջ (պարտատերերի) միջնորդությամբ կարող է վաղաժամկետ ազատել կառավարչին իր պարտականությունների կատարումից, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները` այդ մասին տեղեկացնելով պարտապանին եւ պարտատերերին: Կառավարչին իր պարտականությունների կատարումից ազատելուց հետո դատավորը սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է նոր կառավարիչ:

    Ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան՝ սահմանված վարձատրության եւ դրա չափի հարցը որոշում է դատավորը:

    2. Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատավորի որոշումը հիմք է կառավարչի լիցենզիայի գործողությունը օրենքով սահմանված կարգով դադարեցնելու համար:

    Կառավարչի լիցենզիայի գործողության դադարեցման կամ կասեցման մյուս հիմքերը եւ դրա իրականացման կարգը սահմանվում են այլ օրենքով:

    3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատավորի որոշումը կարող է հիմք հանդիսանալ նրան կազմակերպությունից հեռացնելու համար:


    ԳԼՈՒԽ 5.

    ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ

    Հոդված 35. Պարտատերերի ժողովը

    1. Պարտատերերի ժողովին (այսուհետ՝ ժողով) քվեարկության ձայնի իրավունքով կարող են մասնակցել պարտատերերի առաջին ժողովին ներկայացած բոլոր պարտատերերը: Մնացած պարտատերերը հետագա ժողովներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ առաջին ժողովին չներկայացած, սակայն պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ` սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ մասում սահմանված դեպքերի:

    Այն դեպքում, երբ սնանկության գործով առկա է մեկ պարտատեր, ժողովի իրավասությանը վերաբերող հարցերով որոշումները կայացնում է այդ պարտատերը:

    2. Ժողովում պարտապանը պարտավոր է պատասխանել կառավարչի եւ պարտատերերի ցանկացած հարցին` կապված իր ֆինանսատնտեսական գործունեության հետ:

    3. Ժողովը հրավիրում եւ դրանում նախագահում է կառավարիչը:

    4. Ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում՝

    ա) ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը եւ ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին դատարանին առաջարկություն ներկայացնելը.

    բ) պարտատերերի խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմի հաստատումը եւ խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

    գ) իր կանոնակարգի ընդունումը.

    դ) սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը:

    5. Պարտատերերի ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է պարտատերերի առաջին ժողովին ներկայացած պարտատիրոջը (պարտատերերին), որը բաշխվում է վերջինների միջեւ` նրանց հաստատված պահանջներին համամասնորեն:

    Պարտատերերի առաջին ժողովին չներկայացած եւ պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ կողմից հետագա ժողովներին

    ներկայանալու դեպքում համապատասխան ժողովում ձայների 100 տոկոսը պատկանում է պարտատերերի առաջին ժողովին ներկայացած եւ այդ պարտատիրոջը (պարտատերերին)` նրանց պահանջներին համամասնորեն:

    6. Առաջին ժողովի անցկացման վայրի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցման դեպքում ժողովն իրավասու է` անկախ դրանում ներկայացված պարտատերերի (պարտատիրոջ) ձայների քանակից:

    Հետագա ժողովներն իրավասու են, եթե դրանց մասնակցում են քվեարկության իրավունք տվող ձայների պարզ մեծամասնություն ունեցող պարտատերերը (պարտատերը):

    7. Ժողովի նիստերն արձանագրվում են: Ժողովի արձանագրությունն ստորագրում է կառավարիչը, եւ դրա մեկ օրինակը ժողովի անցկացման հաջորդ օրը ներկայացվում է դատարան:

    8. Պարտատերերի ժողովի արձանագրությանը կցվում են՝

    ա) ժողովի անցկացման օրվա դրությամբ պարտատերերի պահանջների գրանցամատյանը (միայն առաջին ժողովի արձանագրության).

    բ) ժողովի մասնակիցների գրանցման թերթիկները.

    գ) քվեաթերթիկները.

    դ) ժողովի մասնակիցների լիազորագրերը կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթեր.

    ե) ժողովի մասնակիցների կողմից ժողովի քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.

    զ) ժողովի անցկացման վայրի եւ ժամանակի մասին պարտատերերի պատշաճ ծանուցումը հավաստող ապացույցները.

    է) այլ փաստաթղթեր:

    Հոդված 36. Պարտատերերի ժողովի մասին ծանուցումը

    1. Ժողովի անցկացման վայրի եւ ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին եւ պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի:

    Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

    Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն իրականացնելու համար

    անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաեւ ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը:

    2. Ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք պետք է ծանուցվեն ոչ ուշ, քան ժողովի հրավիրման օրվանից 3 օր առաջ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում հայտարարությունը պետք է հրապարակվի ժողովի հրավիրման օրվանից 5 օր առաջ:

    3. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`

    ա) պարտապանի անվանումը (անունը) եւ գտնվելու (բնակության) վայրը.

    բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը եւ վայրը.

    գ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.

    դ) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին եւ նյութերին ծանոթանալու կարգը.

    ե) ժողովի մասնակիցների գրանցման կարգը:

    Հոդված 37. Ժողովի գումարման կարգը

    1. Ժողովը գումարում է կառավարիչը՝ իր նախաձեռնությամբ կամ քվեարկելու իրավունք տվող 5 եւ ավելի տոկոս ձայն ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով: Պարտատիրոջ նախաձեռնությամբ ժողովը հրավիրվում է, եթե պարտատերը վճարում է ժողովի կազմակերպման եւ անցկացման բոլոր ծախսերը: Կառավարչի նախաձեռնությամբ հրավիրված ժողովների ծախսերը վճարվում են պարտապանի հաշվին:

    2. Ժողով անցկացնելու պահանջում պետք է նշվեն ժողովի օրակարգում առաջարկվող հարցերը, որոնք ընդգրկվում են ժողովի օրակարգում առանց քվեարկության:

    Կառավարիչն իրավունք չունի փոխել պարտատերերի պահանջով հրավիրվող ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի ձեւակերպումները:

    3. Կառավարիչն անցկացնում է պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով գումարվող ժողովը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջն ստանալուց երկու շաբաթվա ընթացքում: Ժողովի անցկացումը պահանջող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է փոխհատուցել իր պահանջով անցկացվող ժողովի ծախսերը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջ ներկայացնելուց մեկ շաբաթվա ընթացքում՝ ըստ կառավարչի ներկայացրած նախահաշվի: Պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով հրավիրված ժողովի համար փոխանցված եւ չօգտագործված միջոցները վերադարձվում են պարտատիրոջը (պարտատերերին)` ժողովի ավարտման օրվանից 3 օրվա ընթացքում:

    Հոդված 38. Պարտատերերի ժողովի որոշումների ընդունման կարգը

    1. Ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակից, քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    2. Կառավարիչն ու պարտատերերն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատավորին բողոքարկել սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված ժողովի որոշումը: Դատավորն իրավունք ունի անվավեր ճանաչել ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատավորը դիմումը մերժում է:

    Դատավորը բողոքը քննում է եռօրյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնել ժողովի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, եւ թույլ տված խախտումներն էական չեն:

    Հոդված 39. Ժողովում քվեարկության քվեաթերթիկը

    1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների օգտագործմամբ:

    2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը եւ տրամադրում է ժողովին մասնակցող քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերին:

    3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները`

    ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը եւ վայրը.

    բ) քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձեւակերպումը եւ հարցերի քննարկման հերթականությունը.

    գ) քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ».

    դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը.

    ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը:

    4. Քվեարկությունների անցկացման եւ կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով:

    Հոդված 40. Խորհուրդը

    1. Խորհուրդը ներկայացնում է պարտատերերի շահերը եւ սույն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ: Հաստատված պահանջներով պարտատերերի թիվը 10-ից պակաս լինելու դեպքում պարտատերերի խորհուրդ չի ձեւավորվում: Նման դեպքում, ինչպես նաեւ այլ պատճառներով խորհրդի չձեւավորման դեպքերում խորհրդի լիազորություններն իրականացնում է պարտատերերի ժողովը:

    2. Պարտատերերի խորհուրդը ձեւավորվում է պարտատերերի առաջին ժողովում: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը՝ հաստատված պահանջների մեծությանը համապատասխան, անկախ պարտատերերի ժողովում քվեարկության իրավունք տվող ձայն ունենալու հանգամանքից:

    3. Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող չապահովված պարտատերերի քանակը հինգից պակաս լինելու դեպքում հաջորդ առավել խոշոր չապահովված պահանջ ունեցող պարտատերերը (պարտապանը) ընդգրկվում են խորհրդի կազմում:

    4. Խորհուրդն իրավունք ունի՝

    ա) կառավարչից պահանջել տեղեկություններ պարտապանի ֆինանսական վիճակի եւ սնանկության գործընթացի մասին.

    բ) օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկել կառավարչի գործողությունները.

    գ) իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

    5. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայն: Խորհրդի անդամի ձայնի փոխանցումն այլ անձի չի թույլատրվում:

    6. Խորհրդի որոշումներն ընդունված են համարվում, եթե որոշման օգտին քվեարկել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի կողմից հարցեր քննարկելու եւ որոշումներ ընդունելու կարգը որոշվում է խորհրդի ընդունած կանոնակարգով: Խորհրդի որոշումներն ստորագրում են որոշման օգտին քվեարկած խորհրդի անդամները:

    7. Խորհրդի նիստերը նախագահում է կառավարիչը՝ առանց քվեարկության ձայնի իրավունքի:

    8. Կառավարիչն ու պարտատերերն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատավորին բողոքարկել սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված խորհրդի որոշումը: Դատավորն իրավունք ունի անվավեր ճանաչել խորհրդի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատավորը դիմումը մերժում է:

    Դատավորը բողոքը քննում է եռօրյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնել ժողովի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, եւ թույլ տված խախտումներն էական չեն:
     


    ԳԼՈՒԽ 6.

    ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    Հոդված 41. Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում)

    1.Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչեւ դատարանի թույլտվությունը սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը: Այդ պահից կասեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը:

    2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝

    ա) արգելվում է պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը.

    բ) արգելվում է առանց դատավորի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաեւ նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների եւ օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձեւով ծանրաբեռնումը.

    գ) կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական եւ այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները:

    3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների (այդ թվում` ապահովված) եւ պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների եւ այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաեւ վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը:

    4. Մորատորիումի գործողությունը չի տարածվում միջանկյալ բաշխման ծրագրերով դատավորի կողմից թույլատրվող կառավարչի վարձատրության, վարչական եւ պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա:

    5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող այն քաղաքացիական գործերի վարույթները, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ:

    6. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերջինիս անունից ֆինանսական եւ այլ բնույթի հաշվետվություններ ներկայացնում է կառավարիչը:

    Հոդված 42. Պահանջների հաշվառումը եւ հաշվարկումը

    Կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով իր կողմից վարվող գրանցամատյանում հաշվառում եւ հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված բոլոր պահանջների չափերը եւ առաջնահերթությունը:

    Հոդված 43. Ապահովված պահանջները

    1. Ապահովված են համարվում պարտապանի՝ գրավադրված գույքով (այդ թվում` երրորդ անձանց պատկանող) ապահովված պահանջները: Ապահովված պահանջ ունեցող պարտատերը (այսուհետ` ապահովված պարտատեր) կարող է պահանջել անմիջապես բավարարել իր պահանջները գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:

    2. Ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող չգրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչեւ գրավադրված գույքի իրացումը:

    3. Եթե գրավի առարկայի վաճառքից ստացված միջոցները բավարար չեն ապահովված պահանջներն ամբողջովին մարելու համար, ապա պարտատիրոջ պահանջի չբավարարված մասը համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով: Եթե գրավի առարկայի վաճառքից ստացված միջոցները գերազանցում են ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե գրավի առարկան այլ անձի սեփականություն է, փոխանցվում են այդ անձին:

    4. Եթե գրավի առարկայի շուկայական արժեքը հավասար է կամ ցածր է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարից, ապա վերջինս իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն ստանալ գրավի առարկան:

    Հոդված 44. Կատարման ժամկետը չլրացած պարտավորությունները

    Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից նրա՝ կատարման ժամկետը չլրացած բոլոր պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են լրացած, իսկ դրանցից բխող պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

    Հոդված 45. Չապահովված պահանջները

    Գրավով չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ:

    Հոդված 46. Պահանջների հաստատումը

    1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում:

    2. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն՝

    ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ՝

    - իրավաբանական անձի համար՝ անվանումը եւ գտնվելու վայրը,

    - անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը եւ բնակության վայրը.

    բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաեւ կատարման ժամկետը.

    գ) պահանջի չափը՝ առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը՝ համապատասխան հաշվարկներով.

    դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

    Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:

    Պահանջը եւ նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:

    3. Պահանջը սահմանված կարգով գրանցվում է դատարանում:

    4. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատավորը պահանջի եւ նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու նպատակով:

    5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում՝ սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան: Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատավորին, պարտապանին եւ բոլոր պարտատերերին: Նախնական ցուցակն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դատավորը հրավիրում է դատական նիստ՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու համար, որի տեղի եւ ժամանակի մասին կառավարչին, պարտապանին եւ պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում՝ նիստից առնվազն 2 օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

    Պատշաճ ծանուցված կառավարչի, պարտապանի եւ պարտատերերի չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

    6. Նիստում նախնական ցուցակի վերաբերյալ առարկություններ չներկայացվելու դեպքում դատավորը որոշում է կայացնում պարտատերերի պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

    7. Եթե պահանջն առարկվում է, ապա դատավորը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը եւ ապահովվածությունը:

    8. Առարկությունների քննարկման արդյունքում դատավորը որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

    9. Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:


    ԳԼՈՒԽ 7.

    ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

    Հոդված 47. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը

    1. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, մինչեւ նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի վերահսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու եւ կառավարելու իրավունքների իրականացումը` առանց կառավարչի համաձայնության:

    2. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարումից հետո իրականացնում է կառավարիչը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու եւ կառավարելու իրավունքներից:

    Հոդված 48. Պարտապանի` համագործակցելու պարտավորությունը

    Մինչեւ պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելը պարտապանի ղեկավար մարմինները պարտավոր են համագործակցել կառավարչի հետ եւ նրան տրամադրել պարտապանի գործունեության եւ միջոցների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ հավաստի տեղեկությունները, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած երեք տարվա ընթացքում պարտապանի գույքի օտարման կամ ակտիվների այլ ձեւով նվազեցման մասին:

    Նշված պահանջը չկատարելու դեպքում համապատասխան անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 49. Պարտապանի կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը

    1. Պարտապանին կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջուր, հեռախոսակապ եւ այլն) մատուցող կազմակերպությունները չեն կարող հրաժարվել, մերժել, դադարեցնել իրենց ծառայությունների մատուցումը պարտապանին դատարանի կողմից նրան սնանկ ճանաչելու պատճառով, եթե պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո ժամանակին կատարում է նշված ծառայությունների դիմաց ընթացիկ վճարումները:

    2. Մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելն առաջացած պարտքի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ կոմունալ ծառայությունների տրամադրման պայմանագրի լուծման կամ ծառայությունների դադարեցման համար:

    Հոդված 50. Պարտապանի պայմանագրերը

    1. Պարտապանի ակտիվներն առավելագույնս հավաքագրելու նպատակով, կառավարչի հայցով, դատական կարգով, կարող է լուծվել ցանկացած պայմանագիր, այդ թվում` վարկ տրամադրելու, վարձակալության կամ այլ երկարաժամկետ պայմանագրերը, եթե պայմանագրի մյուս կողմն ամբողջությամբ կամ մասամբ չի կատարել իր պարտավորությունները:

    2. Եթե պարտապանի գույքը գնած անձը մինչեւ վաճառքի գումարի ամբողջական մարումն ստացել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, իր պարտավորության լրիվ կատարման դեպքում գործարքը համարվում է ավարտված, եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը նրա վրա չի տարածվում:

    3. Պարտապանի աշխատանքային պայմանագրերը լուծվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սնանկ ճանաչելուց հետո կառավարչի կողմից աշխատողներին համապատասխան ծանուցման պայմանով:

    4. Պայմանագրի կողմը կարող է պահանջել պայմանագրի վաղաժամկետ լուծմամբ իրեն պատճառված իրական վնասի հատուցում՝ իր պահանջը ներկայացնելով սույն օրենքով սահմանված կարգով:

    5. Եթե պայմանագրով նախատեսվում են պարբերական վճարումներ պարտապանի կողմից, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն սույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը եւ դրանց բավարարման հերթականությունը դատավորի կողմից հաստատվելուց հետո:

    Հոդված 51. Տարանցման վիճակում գտնվող գույքը

    1. Եթե պարտատիրոջ կողմից պարտապանին վաճառված գույքի նկատմամբ պահանջը գրանցելու պահին պարտապանը ձեռք չի բերել սեփականության իրավունք, ապա պարտատերը կարող է այն հետ ստանալ կամ չհանձնել պարտապանին: Այդ դեպքում հետ ստանալու կամ չհանձնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է պարտատերը՝ վերադարձնելով նաեւ պարտապանի կատարած վճարները:

    2. Եթե պարտատերը, այնուամենայնիվ, հանձնում է գույքը պարտապանին կամ մինչեւ պահանջը գրանցելու պահը գույքը հետ ստանալու պահանջ չի ներկայացնում, ապա նրա դրամական պահանջը կարող է ընդգրկվել ընդհանուր պահանջների ցանկում:

    Հոդված 52. Երրորդ անձանց պատկանող գույքի իրացումը

    1. Եթե պարտապանն իրացնում է երրորդ անձին պատկանող գույքը, կամ այդ գույքը նրա մոտ է գտնվում այլ պայմանագրային հիմունքներով (այսուհետ՝ երրորդ անձանց պատկանող գույք), ապա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երրորդ անձն իրավունք ունի պարտապանից հետ պահանջել իր գույքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

    2. Եթե պարտապանին սնանկ ճանաչելու պահին երրորդ անձանց պատկանող գույքի կամ դրա մի մասի վերադարձը հնարավոր չէ կամ վերադարձի արդյունքում դրա որակական հատկանիշները կարող են էապես վատանալ (արագ փչացող ապրանքներ եւ այլն), ապա այդ գույքի սեփականատիրոջ դիմումով այդ պահանջն ընդգրկվում է պահանջների գրանցամատյանում գույքի պայմանագրային արժեքով, իսկ վերջինիս որոշման անհնարինության դեպքում` դրա շուկայական արժեքով:

    Հոդված 53. Մասնագիտական ծառայությունների մատուցումը

    1. Այն դեպքում, երբ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո պայմանագրի մյուս կողմը համաձայն է պարտապանի՝ ծառայություններ մատուցելու պայմանագրային պարտավորություններն ընդունել, ապա պարտապանը կարող է կառավարչի հսկողությամբ իրականացնել այդ ծառայությունները՝ մինչեւ պարտապանի լուծարումը:

    2. Գույքն օտարելու պայմանագրային պարտավորությունները պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չեն կարող կատարվել:

    3. Եթե կառավարիչը գտնում է ոչ նպատակահարմար պարտապանի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրային պարտավորությունների կատարումը, ապա այդ պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 54. Երրորդ անձանց կատարված փոխանցումները եւ գույքի օտարումը

    1. Կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու`

    ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում՝ ոչ դրամային) պարտապանի նկատմամբ շահագրգիռ անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.

    բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում.

    գ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած 90 օրվա ընթացքում կատարված ցանկացած փոխանցում (այդ թվում՝ ոչ դրամային).

    դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների եւ գույքի օտարումների հետեւանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետեւանք է իրացման եւ շուկայական արժեքի տարբերության:

    2. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կառավարիչը կարող է դիմել դատարաններ` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կնքված այն գործարքները անվավեր ճանաչելու պահանջով, որոնք ակնհայտորեն անշահավետ են եղել պարտապանի համար եւ (կամ) էականորեն նվազեցրել են պարտապանի ակտիվները:

    Հոդված 55. Պարտապանին պատկանող գույքի պահպանումը եւ իրացումը

    1. Կառավարիչը ձեռնարկում է պարտապանին պատկանող գույքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

    2. Կառավարիչը, մինչեւ դատավորի կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունումը, դատավորի թույլտվությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի գործարքով կարող է վաճառել միայն`

    ա) պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները.

    բ) պարտապանին պատկանող գույքի պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ տարվա ընթացքում պարտապանի գույքի արժեքի 5 տոկոսը գերազանցող ծախսերը:

    3. Պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող են օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները: Եթե պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները բավարար չեն պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար, ապա կառավարիչը դատավորի թույլտվությամբ ուղղակի գործարքով կարող է վաճառել պարտապանին պատկանող այլ գույքը: Այդ նպատակով վաճառվող գույքի արժեքը չի կարող գերազանցել պարտապանին պատկանող ամբողջ գույքի արժեքի 10 տոկոսը:

    4. Սույն հոդվածով նախատեսված գործարքներից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի` սնանկության հատուկ հաշվին:

    5. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վաճառվում է գրավի առարկա հանդիսացող գույքը, ապա պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող են օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների ոչ ավելի, քան 5 տոկոսը, իսկ գրավառուի համաձայնությամբ՝ 5 տոկոսից ավելին:

    Հոդված 56. Պարտապանի գույքի գույքագրումը

    1. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների դեպքում դատավորը կարող է երկարացնել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանի համապատասխան աշխատակիցները պարտավոր են ներկա լինել եւ աջակցել գույքագրմանը:

    Պարտապանի գույքի գույքագրման մասին կառավարիչը ծանուցում է պարտատերերի խորհրդին, իսկ այն ձեւավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին: Այդ անձինք կարող են ներկա գտնվել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:

    2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը:

    3. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որը ստորագրում են կառավարիչը եւ գույքագրմանը մասնակցած պարտապանի ներկայացուցիչը: Պարտապանի ներկայացուցչի ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը եւ երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանի ներկայացուցիչն ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը:

    Հոդված 57. Պարտապանի գույքի գնահատումը

    Պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրել անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար՝ այդ մասին նախօրոք տեղյակ պահելով պարտատերերի խորհրդին, իսկ այն ձեւավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին:

    Հոդված 58. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը

    Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատավորին է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը, որը պետք է պարունակի տեղեկություններ ՝

    ա) սնանկության պատճառների մասին, այդ թվում՝ կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին.

    բ) դատական ծախսերի փոխհատուցման եւ կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին.

    գ) պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին.

    դ) պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրման հնարավորության մասին.

    ե) պարտապանի կնքած վիճարկելի գործարքների մասին:
     


    ԳԼՈՒԽ 8.

    ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

    Հոդված 59. Ֆինանսական առողջացման ծրագիրը

    1. Ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող՝ օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի արդյունքում պարտապանը չի լուծարվում:

    2. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 24 ամիսը, եթե սույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել:

    Հոդված 60. Ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացումը

    1. Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաեւ պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք:

    2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչեւ պարտատերերի առաջին ժողովը: Կառավարչի կամ պարտատերերի խորհրդի միջնորդությամբ դատավորը կարող է երկարացնել ծրագրի ներկայացման ժամկետը եւս 30 օրով:

    3. Պարտատիրոջ, պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 1/3-ին տիրապետող անձանց կողմից առաջարկված ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ծախսերը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ դատական ծախսերը կատարվում են առաջարկողի հաշվին: Կառավարչի կամ պարտապանի կողմից առաջարկված ֆինանսական առողջացման ծրագրի ծախսերը կատարվում են պարտապանի գույքի հաշվին:

    Հոդված 61. Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

    1. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`

    ա) ապահովված, չապահովված եւ այլ խմբերի պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ եւ պետական գրանցման ենթակա այլ գույքով, պարտատիրոջ պահանջների բավարարման երաշխիքները` ըստ պարտատերերի ձեւավորված խմբերի.

    բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձեւակերպելու կարգը եւ չափերը.

    գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար սույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների բովանդակությունը եւ իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքում պարտապանի գործունեությունը շարունակելիս՝ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, պարտապանին պատկանող գույքի վաճառքի դեպքում՝ վաճառվող գույքի կազմը.

    դ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի եւ այլ մասնագետների, պարտապանի ղեկավարի վարձատրության եւ վարչական ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափերը.

    ե) ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը դադարեցնելու հետեւանքով պարտապանի լուծարման դեպքում պարտատերերի խմբերի միջեւ լուծարումից ստացված միջոցների բաշխման կարգը եւ չափերը:

    2. Ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել պարտատերերի պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենքով:

    3. Ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ խախտել այլ անձանց շահերը:

    Հոդված 62. Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը

    1. Ֆինանսական առողջացման ծրագիրը դատավորը թողնում է առանց քննարկման, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին: Մինչեւ ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը դատավորը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել փորձագետի եզրակացություն` ծրագրի վերաբերյալ:

    2. Դատավորը ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ուղարկի կառավարչին, պարտապանին եւ իրեն հայտնի բոլոր պարտատերերին ոչ ուշ, քան այն ստանալուց 3 օրվա ընթացքում: Ծրագրի մեծածավալության դեպքում դատավորն այն դեպոնացնում է դատարանում՝ հայտնելով նշված անձանց դատարանում դեպոնացված ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:

    3. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու՝ սույն օրենքով կամ երկարաձգման մասին դատավորի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում հրավիրում է պարտատերերի ժողով` ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը:

    Պարտատերերի ժողովի հրավիրման մասին որոշումը պետք է հրապարակվի իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում՝ նշելով ծրագիրը (ծրագրերը) ներկայացնողի անունը (անվանումը) եւ պարտատերերի ժողովի հրավիրման տարին, ամիսը, ամսաթիվը:

    Հոդված 63. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը

    1. Մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր քննարկվելու դեպքում բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:

    2. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը:

    3. Պարտատերերի հետեւյալ խմբերը ձեւավորվում եւ քվեարկում են առանձին`

    ա) ապահովված պահանջներով պարտատերերը.

    բ) սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե» եւ «է» կետերով սահմանված՝ չապահովված պահանջներով պարտատերերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային բյուջեների եւ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի պահանջներով պարտատերերի:

    4. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված պարտատերերի խմբի կողմից, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է տվյալ խմբի պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը:

    5. Եթե քվեարկվում են մեկից ավելի ծրագրեր, ապա դրանք քվեարկվում են ըստ ներկայացման առաջնայնության: Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումից հետո մնացած ծրագրերը չեն քվեարկվում:

    Հոդված 64. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը

    Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատավորը, եթե այն ընդունել են սույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված պարտատերերի խմբերը: Հակառակ դեպքում դատավորը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու եւ պարտապանին լուծարելու մասին:

    Հոդված 65. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման հետեւանքները

    1. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պարտապանի գործունեությունն իրականացվում է միայն ծրագրի շրջանակներում, իսկ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է ծրագրով սահմանված կարգով:

    2. Պարտապանը կառավարչի վերահսկողությամբ պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

    3. Ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ընթացքում պարտապանի կառավարման մարմինները, այդ թվում` ղեկավարը, գործում են ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված իրավասության շրջանակներում:

    4. Կառավարիչն առնվազն 3 ամիսը մեկ դատավորին է ներկայացնում հաշվետվություն՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

    Հոդված 66. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի երկարաձգումը

    1. Պարտատերերի ժողովն իրավունք ունի քննարկել ֆինանսական առողջացման ծրագիրը մինչեւ 12 ամիս ժամկետով երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ մտցնելու հարցը:

    2. Դատավորը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը մինչեւ 12 ամիս երկարաձգելու կամ դրա մեջ փոփոխություններ մտցնելու մասին, եթե այդ որոշումն ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման վերաբերյալ սույն օրենքի 63-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

    Հոդված 67. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտը

    1. Մինչեւ ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտը, պարտատերերի պահանջների բավարարման դեպքում, կառավարիչը դատավորին է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտի մասին հաշվետվություն: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտման հաշվետվությունը հաստատելու դեպքում սնանկության գործը ենթակա է ավարտման:

    2. Եթե պարտատերերի պահանջները հաշվետվության ներկայացման պահին բավարարված չեն, ապա դատավորը մերժում է կառավարչի հաշվետվության հաստատումը, եւ ֆինանսական առողջացման ծրագիրը շարունակվում է:

    Հոդված 68. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը

    1. Ֆինանսական առողջացման ծրագիրը կարող է դատավորի կողմից վաղաժամկետ դադարեցվել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են՝

    ա) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը.

    բ) այն հանգամանքների առկայությունը, որոնք վկայում են, որ պարտապանն ի վիճակի չէ կատարել պարտավորությունների մարման ժամանակացույցը:

    2. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով դատավորին կարող են դիմել կառավարիչը, պարտապանը կամ առավել խոշոր պահանջներ ունեցող 5 ապահովված եւ 5 չապահովված պարտատերերից յուրաքանչյուրը:

    3. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատավորը վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը եւ որոշում է կայացնում պարտապանին լուծարելու մասին: Հակառակ դեպքում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը մերժվում է:

    Հոդված 69. Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը

    1. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատավորին ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

    2. Կառավարչի հաշվետվությանը կցվում են՝

    ա) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը.

    բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը՝ նշելով բավարարված պահանջները.

    գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

    3. Դատավորը ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունն ստանալուց ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին եւ պարտատերերին:

    4. Ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության եւ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատավորը վճիռ է կայացնում՝

    ա) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու եւ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են.

    բ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին պարտապանի հաշվետվության հաստատումը մերժելու եւ պարտապանին լուծարելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարված չեն:
     


    ԳԼՈՒԽ 9.

    ՊԱՐՏԱՊԱՆ - ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ - ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

    Հոդված 70. Պարտապան - իրավաբանական անձի լուծարումը եւ պարտապան - անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը

    1. Սույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատավորը որոշում է կայացնում պարտապան - իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան - անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման մասին (այսուհետ՝ պարտապանի լուծարում):

    2. Պարտապանի լուծարման մասին որոշման կայացումից հետո` 5 օրվա ընթացքում, կառավարիչն այն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Պարտապանին լուծարելու մասին որոշման մեկ օրինակը դատավորն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին՝ համապատասխան գրառում կատարելու համար:

    3. Պարտապանին լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:

    Հոդված 71. Պարտապանի գույքի արգելադրումը

    1. Դատավորի կողմից պարտապանի լուծարման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը դատավորի որոշման հիման վրա արգելադրում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ այն գույքի, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:

    2. Եթե պարտապանը սեփականության իրավունքով գույք ունի այլ երկրներում, ապա կառավարիչը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով դիմում է այդ երկրների դատարաններին` նշված գույքն արգելադրելու մասին հանձնարարությամբ: Այլ երկրներում պարտապանին պատկանող գույքի արգելադրումը կարող է իրականացվել միայն տվյալ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 72. Պարտապանի գործունեության կասեցումը

    1. Եթե դատավորը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա գույքը կառավարելու կամ տնօրինելու՝ պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատավորի որոշմամբ:

    2. Դատավորի որոշմամբ պարտապանի՝ գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նաեւ մինչեւ պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:

    Հոդված 73. Պարտապանի գործունեության վերսկսումը

    Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատավորի որոշմամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մինչեւ մեկ տարի ժամանակով, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է ավելացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Դատավորի որոշումը եռօրյա ժամկետում կառավարիչն ուղարկում է պարտատերերին:

    Պարտատերերը գրավոր կարող են առարկել պարտապանի գործունեությունը վերսկսելու մասին դատավորի որոշմանը՝ այն կայացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Առարկությունները դատարանում քննարկվում են դրանց ներկայացման պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին առնվազն 3 օր առաջ ծանուցելով կառավարչին եւ պարտատերերին: Դատավորը, առանց դատական նիստ հրավիրելու, որոշում է կայացնում առարկությունը մերժելու կամ այն լրիվ կամ մասնակի բավարարելու մասին:

    Դատարան ներկայացված առարկությունը չի կասեցնում պարտապանի գործունեության վերսկսման մասին որոշման կատարումը:

    Հոդված 74. Կառավարչի հաշվետվությունը պարտապանի գործունեության վերսկսման դեպքում

    1. Կառավարիչը պարտավոր է ամիսը երկու անգամ դատավորին ներկայացնել հաշվետվություն` պարտապանի վերսկսած գործունեության վերաբերյալ:

    2. Կառավարչի հաշվետվությունները պարտատերերի ժողովում կամ խորհրդում քննարկվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

    3. Եթե պարտապանի գործունեության վերսկսման արդյունքում բավարարվում են պարտատերերի բոլոր պահանջները, ապա կառավարիչը դատավորին է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որում պարունակվում է հիմնավորված միջնորդություն գործն ավարտելու մասին: Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքագրման վերաբերյալ: Հաշվետվությանը կցվում է պարտապանի վերջնական հաշվեկշիռը:

    4. Դատարան ներկայացվող պարտապանի վերջնական հաշվեկշռին կցվում են՝

    ա) պարտատերերի պահանջների գրանցամատյանը՝ նշելով բավարարված պահանջները.

    բ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

    5. Վերջնական հաշվեկշիռը եւ հաշվետվությունը դատավորին ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին՝ առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ այդ փաստաթղթերի՝ իր մոտ դեպոնացված օրինակին:

    6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց ոչ ուշ, քան 15 եւ ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ՝ այդ մասին առնվազն 3 օր առաջ ծանուցելով կառավարչին եւ պարտատերերին:

    Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի եւ ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:

    Որեւէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

    7. Դատավորը, հաստատելով վերջնական հաշվեկշիռը, վճիռ է կայացնում լուծարման գործընթացը դադարեցնելու եւ պարտապանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Հակառակ դեպքում դատավորը մերժում է վերջնական հաշվեկշռի հաստատումը եւ գործն ավարտելու միջնորդությունը՝ նշելով մերժման պատճառները:

    Հոդված 75. Պարտապանի գույքի վաճառքը

    1. Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` դատավորի թույլտվությամբ՝ հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

    2. Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանին լուծարելուց հետո, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

    3. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է այդ ծրագրով նախատեսված կարգով:

    Հոդված 76. Լուծարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով

    1. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատավորին` վաճառքի առաջարկվող օրվանից առնվազն 40 օր առաջ: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:

    Միջնորդության վերաբերյալ դատավորը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

    ա) միջնորդությունը բավարարելու եւ դրանում նշված պայմաններով գույքի վաճառքը թույլատրելու մասին.

    բ) միջնորդությունը մերժելու մասին՝ նշելով պատճառները:

    2. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում այն կարող է կրկին ներկայացվել հրապարակային սակարկություններով վաճառքի կամ ուղղակի գործարքով վաճառքի՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

    3. Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում առնվազն երկու անգամ հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը փակցվում է նաեւ դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում: Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաեւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

    Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 20 օր հետո` օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

    4. Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

    Հոդված 77. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով

    1. Եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է պարտատերերի խորհրդի նիստ, իսկ վերջինի ձեւավորված չլինելու դեպքում՝ պարտատերերի ժողով՝ քննարկման դնելով այդ հարցը: Պարտատերերի խորհրդի որոշումը՝ ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, եւ խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատավորին: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը եւ հնարավոր գնորդը:

    Դատավորը, առանց դատական նիստ հրավիրելու, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

    2. Պարտապանի գույքի արժեքի մեկ տոկոսը չգերազանցող արժեք ունեցող գույքի ուղղակի գործարքով վաճառքի համար խորհրդի նիստի հրավիրումը պարտադիր չէ:

    3. Կառավարչի կամ որեւէ պարտատիրոջ նկատմամբ շահագրգիռ անձին գույքի ուղղակի գործարքով վաճառքի դեպքում չի կարող տրվել որեւէ արտոնություն այլ անձի նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

    Հոդված 78. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

    Պարտապանին պատկանող գույքի կառավարումից եւ տնօրինումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին եւ բաշխվում է պարտատերերի միջեւ` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ միասին:

    Հոդված 79. Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցների փոխանցումը

    Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

    Հոդված 80. Գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխումը

    1.Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, կառավարչի կողմից՝ դատավորի հաստատած բաշխման ծրագրին համապատասխան:

    2. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման եւ իրացման հետ կապված ծախսերը, դատական ծախսերը եւ կառավարչի վարձատրությունը, եթե դրանք հնարավոր չէ բավարարել պարտապանի այլ գույքի հաշվին:

    Հոդված 81. Պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը

    Կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից յուրաքանչյուր ամիս դատավորին ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման եւ պարտատերերի պահանջների բավարարման մասին:

    Հոդված 82. Պահանջների բավարարման հերթականությունը

    1.Պարտատերերի պահանջները բավարարվում են հետեւյալ հերթականությամբ՝

    ա) ապահովված պահանջները.

    բ) կառավարչի վարձատրություն եւ վարչական ծախսերը, այդ թվում՝

    - գույքի պահպանման եւ տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը,

    - վարչական աշխատողների աշխատավարձը,

    - վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

    - պարտադիր սոցիալական վճարումները, այդ թվում` գործատուի պարտադիր սոցիալական վճարումները.

    գ) դատական ծախսերը.

    դ) ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները՝ կապված պարտապանի գույքի վաճառքի հետ.

    ե) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում՝ գործունեության վերսկսման) հետեւանքով.

    զ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջեւ պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար՝ համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով, ինչպես նաեւ պարտապան քաղաքացու անչափահաս երեխաների համար անհրաժեշտ ծախսերը (ալիմենտները).

    է) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչեւ լուծարումը առաջացող), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները եւ սույն հերթի պահանջների բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումները.

    ը) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների, սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նկատմամբ առաջացած պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.

    թ) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 83-րդ հոդվածի.

    ժ) պարտապանի, հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների պահանջները:

    2. Սույն հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պարբերական վճարումների կապիտալացման միջոցով իրականացվող վճարումները հաշվարկվում են մինչեւ քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն ոչ պակաս, քան 10 տարվա համար:

    Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Քաղաքացու համաձայնությամբ պարտապանի նկատմամբ նրա՝ կապիտալացված վճարումներով պահանջի իրավունքը կարող է անցնել Հայաստանի Հանրապետությանը: Այդ դեպքում քաղաքացու հանդեպ պարտապանի համապատասխան վճարումներ կատարելու պարտավորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը:

    Հոդված 83. Ստորադաս չապահովված պահանջները

    Ստորադաս չապահովված պահանջների խմբին դասվում են`

    ա) պարտապան - իրավաբանական անձին իր հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների կողմից տրամադրված վարկերից, փոխառություններից կամ այլ ներդրումներից առաջացած պահանջները.

    բ) պարտապանի կողմից տեղաբաշխված տասը տարի եւ ավելի ժամկետ ունեցող պարտատոմսերով, ինչպես նաեւ արտոնյալ արժեթղթերով ներկայացված պահանջները.

    գ) աշխատավարձի գծով այլ պահանջներ.

    դ) սույն օրենքի 82-րդ եւ 83-րդ հոդվածներով չնախատեսված այլ պահանջներ:

    Հոդված 84. Պահանջների բավարարման կարգը

    1. Պարտապանի դրամական միջոցներն անբավարար լինելու դեպքում համապատասխան հերթի պարտատերերի միջեւ դրանք բաշխվում են բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:

    2. Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

    Հոդված 85. Սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջների բավարարումը

    1. Սույն օրենքով սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները դատավորի որոշմամբ կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող խմբում:

    2. Սույն հոդվածով սահմանված պահանջներն ստորադաս չապահովված բոլոր պահանջների բավարարումից հետո ներկայացնելու դեպքում բավարարման ենթակա չեն:

    Հոդված 86. Պահուստավորվող գումարները

    Դատավորի որոշմամբ կարող են միջոցներ պահուստավորվել չապահովված պահանջների դիմաց բաշխման ենթակա միջոցների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Նշված պահուստավորված միջոցներից կարող են բավարարվել`

    ա) պարտատերերի այն պահանջները, որոնք վիճարկելի են եւ դատավորի կողմից դեռ չեն հաստատվել.

    բ) գույքի պահպանման հետ կապված հետագա ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները:
     


    ԳԼՈՒԽ 10.

    ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

    Հոդված 87. Սնանկության գործի ավարտը պարտապանի լուծարումով

    1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատավորին է ներկայացնում լուծարման հաշվեկշիռը եւ վերջնական հաշվետվությունը:

    2. Դատարան ներկայացվող պարտապանի լուծարման հաշվեկշռին կցվում են՝

    ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.

    բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը՝ նշելով բավարարված պահանջները.

    գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

    Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն՝ պարտապանի ակտիվների հավաքագրման, եւ հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:

    3. Լուծարման հաշվեկշիռը եւ վերջնական հաշվետվությունը դատավորին ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին՝ առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ դրանց՝ իր մոտ դեպոնացված օրինակին:

    4. Դատավորը լուծարման հաշվեկշիռն ստանալուց ոչ ուշ, քան 15 եւ ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ՝ այդ մասին առնվազն 3 օր առաջ ծանուցելով կառավարչին եւ պարտատերերին:

    Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի եւ ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:

    Որեւէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

    5. Դատավորը, հաստատելով լուծարման հաշվեկշիռը՝ վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետեւանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Հակառակ դեպքում դատավորը մերժում է լուծարման հաշվեկշռի հաստատումը եւ գործն ավարտելու միջնորդությունը՝ նշելով մերժման պատճառները:

    6. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտվել է պարտապանի լուծարմամբ, ապա այն ավարտվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 88. Կառավարչի պարտականությունները պարտապանի լուծարման հետեւանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտվելու դեպքում

    1. Կառավարիչը պարտապանի լուծարման հետեւանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճռի կայացումից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պարտապանի՝ օրենքով եւ իրավական այլ ակտերով պահպանման ենթակա արխիվային փաստաթղթերը հանձնում է Հայաստանի Հանրապետության պետական արխիվ, սահմանված կարգով հանձնում է պարտապանի կնիքը եւ իրականացնում է օրենքով սահմանված բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են պարտապան - իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան - անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար:

    2. Պարտապան - իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար կառավարիչը պետական գրանցումն իրականացնող մարմին է ներկայացնում՝

    ա) դիմում.

    բ) պարտապանի լուծարման հետեւանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի պատճենը.

    գ) կնիքը հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթը.

    դ) պետական գրանցման վկայականը:

    3. Կառավարիչը գույքային պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները չկատարելու հետեւանքով երրորդ անձանց պատճառած վնասի համար:

    4. Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան - իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման գրանցման պահից դադարեցվում են կառավարչի՝ սույն օրենքով սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

    Հոդված 89. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու դեպքում

    Սնանկության գործի ցանկացած փուլում կառավարչի միջնորդության հիման վրա գործը կարող է ավարտվել, եթե պարտատերերը հրաժարվել են իրենց պահանջներից, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:

    Կառավարչի հաշվետվությունը եւ վերջնական հաշվեկշիռը քննարկվում եւ դատավորի կողմից վճիռ է կայացվում սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 90. Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետեւանքները

    1. Պարտապան - իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ պարտապան - անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը` դադարած, սույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից:

    2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 69-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով, ինչպես նաեւ 74-րդ եւ 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած եւ կարող է շարունակել իր գործունեությունը:

    Այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կասեցումները: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, եւ այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

    3. Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել՝

    ա) ալիմենտների վճարումից.

    բ) անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ պարտատերերի պահանջներից.

    գ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային եւ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

    դ) կյանքի եւ առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից:

    4. Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատավորի վճիռը կարող է բողոքարկվել:
     


    ԳԼՈՒԽ 11.

    ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

    Հոդված 91. Լուծարվող պարտապանի սնանկությունը

    Եթե լուծարվող իրավաբանական անձ-պարտապանի գույքի արժեքը բավարար չէ պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա իրավաբանական անձը լուծարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 92. Լուծարվող պարտապանի գործի քննության առանձնահատկությունները

    1. Եթե լուծարման հանձնաժողովն իրականացրել է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները պարտատերերի հայտնաբերման ուղղությամբ, ապա նրա ներկայացրած պարտատերերի ցուցակը հիմք է դատավորի կողմից պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու համար:

    2. Եթե ապահովված չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանը, ապա պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները լուծարվող պարտապանի նկատմամբ` լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարության հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:

    3. Լուծարման հանձնաժողովը չի կարող ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր:

    Հոդված 93. Լուծարման հանձնաժողովի լիազորությունների դադարումը

    Լուծարման հանձնաժողովի լիազորությունները դադարում են լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է սնանկության գործով կառավարչին հանձնել պարտապանի ողջ գույքը, հաշվապահական եւ այլ փաստաթղթերն ու կնիքը:

    Հոդված 94. Բացակայող պարտապանի սնանկությունը

    1. Եթե փաստացի իր գործունեությունը դադարեցրած՝ պարտապան - անհատ ձեռնարկատերը կամ պարտապան - իրավաբանական անձի ղեկավարը բացակայում են, եւ նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ՝ բացակայող պարտապան), ապա նրանց սնանկության վարույթն իրականացվում է սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

    2. Բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո դատավորը ծանուցում է բացակայող պարտապանին՝ նրա վերջին հայտնի գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

    3. Դատավորը բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու, վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին:

    4. Բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու օրը դատավորը նշանակում է կառավարիչ եւ կայացնում է որոշում՝ պարտապանի եւ նրա գույքի, ինչպես նաեւ հաշվապահական եւ այլ փաստաթղթերի հետախուզում հայտարարելու մասին:

    5. Բացակայող պարտապանի եւ (կամ) նրա գույքի հայտնաբերման դեպքում կառավարչի միջնորդությամբ դատավորը կարող է որոշում կայացնել` սնանկության պարզեցված ընթացակարգի դադարեցման եւ սույն օրենքով նախատեսված սնանկության ընդհանուր ընթացակարգերին անցնելու մասին:

    Հոդված 95. Վերագրանցում չանցած իրավաբանական անձանց սնանկության առանձնահատկությունները

    Իրավաբանական անձինք, որոնք օրենսդրության պահանջներին համապատասխան չեն անցել վերագրանցում, եւ որոնց վերագրանցման ժամկետը լրացել է սնանկության վերաբերյալ գործը հարուցելու պահին, ենթակա չեն ֆինանսական առողջացման եւ պետք է լուծարվեն սույն օրենքի 94-րդ հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 96. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը կառավարչի ներկայացմամբ

    1. Սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ եւ պարտատերերի խորհրդի համաձայնության առկայության դեպքում, վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե՝

    ա) պարտապանը չունի որեւէ գույք.

    բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ.

    գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը.

    դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքագրման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:

    2. Այն դեպքում, երբ պարտատերը (պարտատերերը) առարկում է սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեմ, սնանկության վերաբերյալ գործը կարող է շարունակվել առարկող պարտատիրոջ (պարտատերերի) հաշվին: Նման դեպքերում առարկող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է դատավորի որոշմամբ սահմանված չափով դեպոզիտ վճարել սնանկության հատուկ հաշվին՝ ի ապահովումն սնանկության գործի շարունակման հետ կապված ծախսերի հատուցման:


    ԳԼՈՒԽ 12.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 97. Պարտապանին պատկանող շրջանառությունից հանված եւ սահմանափակ շրջանառու գույքը

    1. Պարտապանին պատկանող շրջանառությունից հանված գույքն օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարիչը հանձնում է իրավասու պետական մարմիններին:

    2. Պարտապանին պատկանող սահմանափակ շրջանառու գույքը կառավարչի կողմից կարող է օտարվել միայն նման գույք՝ որպես սեփականություն ունենալու իրավունք ունեցող անձանց կամ կարող է օտարվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հատուկ թույլտվություն ստացած անձանց:

    Հոդված 98. Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերում ընդգրկված առեւտրային կազմակերպություններին սնանկ ճանաչելը

    1. Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերում ընդգրկված եւ չմասնավորեցված (չսեփականաշնորհված) առեւտրային կազմակերպությունները չեն կարող սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնել դատարան:

    2. Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերում ընդգրկված եւ չմասնավորեցված (չսեփականաշնորհված) առեւտրային կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին պարտատիրոջ (պարտատերերի) դիմումը սույն օրենքով սահմանված կարգով գրանցում է դատարանը եւ այդ մասին մեկ օրվա ընթացքում ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` կցելով դիմումի պատճենը:

    3. Դատարանը սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերում ընդգրկված եւ չմասնավորեցված (չսեփականաշնորհված) առեւտրային կազմակերպությանը պարտատիրոջ (պարտատերերի) դիմումի հիման վրա սնանկ ճանաչելու վերաբերյալ գործն իր վարույթ ընդունելու մասին, եթե`

    ա) դատարանի ծանուցումն ստանալուց 60 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով սահմանված կարգով տվյալ առեւտրային կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին որոշում չի ընդունում.

    բ) տվյալ առեւտրային կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու պահից անցել է 150 օր.

    գ) տվյալ առեւտրային կազմակերպության` միջազգային մրցույթով մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունվելու դեպքում կազմակերպությունը միջազգային մրցույթով մասնավորեցվել (սեփականաշնորհվել) է, ինչպես նաեւ մրցույթը չկայանալու պահից անցել է մեկ ամիս, եթե այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ առեւտրային կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին այլ որոշում չի ընդունել:

    Հոդված 99. Եզրափակիչ դրույթներ

    Սույն օրենքով սահմանված կարգով պարտապանի գույքի օտարման դեպքում դատավորի որոշումը, կառավարչի կնքած պայմանագրերը եւ այլ փաստաթղթերը (աճուրդի արդյունքների ամփոփման արձանագրություն եւ այլն) հիմք են նոտարի մոտ եւ գույքի նկատմամբ իրավունքներ գրանցող պետական մարմիններում համապատասխան ձեւակերպումներ կատարելու եւ գործարքներից ծագող իրավունքները գրանցելու համար:

    Հոդված 100. Անցումային դրույթներ

    1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կառավարիչների մոտ պահպանված, նախկինում ավարտված սնանկության գործերով արխիվացման ենթակա փաստաթղթերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության պետական արխիվ, որն ընդունում է նշված նյութերը եւ կազմակերպում դրանց արխիվացման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց կառավարիչների վճարումների:

    2. Մինչեւ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի հրապարակումը սույն օրենքով սահմանված հրապարակումները եւ ծանուցումները հրապարակվում են առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով:

    3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված լիակատար տնտեսական ընկերակցությունների եւ կոոպերատիվների սնանկության գործերը ենթակա են ավարտման, եթե առկա է սույն օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից որեւէ մեկը:

    Հոդված 101. Օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

    2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների եւ անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) եւ ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

    3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հարուցված եւ դատարանի վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործերի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված կարգով:

    4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով եւ 27-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են 2005 թվականի հուլիսի 1-ից:

    5. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են, եթե պարտապանի` սույն օրենքով սահմանված սնանկության հատկանիշներն ի հայտ են եկել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո:
     



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    14.01.2004
    ՀՕ-17


    24.11.2004 «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    14.12.2004 «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին