Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1.  «Զինծառայողների  եւ  նրանց  ընտանիքների  անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.

1)  օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «31» թվից, իսկ  «բ» կետի «29 (երրորդ մաս)» բառերից հետո լրացնել «34 (չորրորդ մաս)» բառերը.

2) օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Գազի, ջրամատակարարման եւ տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին տրվում է դրամական օգնություն՝ ամսական 3000 դրամի չափով, իսկ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի   ընտանիքին  (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաեւ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է  դրամական օգնություն՝  ամսական 5000 դրամի չափով, իսկ եթե ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 1000-ական դրամ:

Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում եւ վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում  եւ վճարվում է առանձին:

Դրամական օգնության առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձինք օգտվում են ջրահեռացման, աղբահանության եւ ռադիոյի  բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:»:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս եւ արձակուրդից վերադառնալիս ընտանիքի՝ նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային եւ  միջքաղաքային ուղեւորատար  տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից),  օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2004 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2003
ՀՕ-57