Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.03.1998
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Յուրաքանչյուր տարի, պետական բյուջեն հաստատվելուց հետո 10 օրվա ընթացքում, կենտրոնական բանկն Ազգային ժողով է ներկայացնում եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը:»:

Հոդված 2. Օրենքի 17 հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կենտրոնական բանկը, մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված՝ նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է՝

ա) աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը.

բ) հաշվետու ժամանակաշրջանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը.

գ) կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝  Ռ. Քոչարյան

15 ապրիլի 1998 թ.
ՀՕ-209