Օրենքը չի գործում:
Գործում է «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքը

English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.1996
  • Գլուխ 1. Վերահսկիչ պալատի կարգավիճակը եւ իրավասությունը
  • Գլուխ 2. Վերահսկիչ պալատի կառուցվածքը
  • Գլուխ 3. Վերահսկիչ պալատի գործունեության ձեւերը
  • Գլուխ 4. Վերահսկիչ պալատի աշխատակիցների իրավունքները եւ պարտականությունները
  • Գլուխ 5. Անցումային դրույթներ
  • Գլուխ 6. Օրենքի ուժի մեջ մտնելը

  • Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի (այսուհետեւ՝ Վերահսկիչ պալատ) կարգավիճակը, իրավասությունը, կազմակերպական կառուցվածքը, գործունեության սկզբունքները եւ ձեւերը։

    ԳԼՈՒԽ 1.

    ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

    ՀՈԴՎԱԾ 1. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ

    Վերահսկիչ պալատը ֆինանսատնտեսական աուդիտ ( ուսումնասիրություններ եւ վերլուծություններ) իրականացնող կազմակերպություն է, որը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից եւ հաշվետու է միայն նրան։

    Վերահսկիչ պալատն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք եւ ձեւաթուղթ։

    ՀՈԴՎԱԾ 2. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    Վերահսկիչ պալատի խնդիրներն են՝

    ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնել աուդիտի արդյունքները, դրանց մասին տեղեկացնել կառավարությանը.

    բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնել եզրակացություններ՝

    պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության,

    պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության,

    կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

    գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին յուրաքանչյուր կիսամյակի սկզբում տեղեկանք ներկայացնել նախորդ կիսամյակում պետական բյուջեի կատարման, այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման, սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի կատարման ընթացքի մասին.

    դ) Ազգային ժողովի հանձնաժողովներին եւ պատգամավորներին ցույց տալ մեթոդական եւ մասնագիտական օգնություն:

    ՀՈԴՎԱԾ 3. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

    Վերահսկիչ պալատի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իր կանոնադրությամբ։

    Վերահսկիչ պալատի կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ։

    ՀՈԴՎԱԾ 4. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

    Վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքներն են՝ անկախությունը գործադիր իշխանության մարմիններից, կոլեգիալությունը ու հրապարակայնությունը։

    ՀՈԴՎԱԾ 5. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

    Վերահսկիչ պալատն իրավասու է աուդիտ իրականացնել՝

    ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, մասնավորապես, եկամուտների եւ ծախսերի հոդվածների՝ պետական բյուջեի եկամուտների մուտքի, պետական բյուջեի միջոցների, պետական արտաբյուջետային ֆոնդերի օգտագործման, պետական մարմինների պահպանման ծախսերի, պետական բյուջեով նախատեսված եւ փաստացի կատարման միջեւ շեղումների նկատմամբ.

    բ) պետական ծրագրերի եւ պետական պատվերների կատարման համար ձեռնարկություններին, հիմնարկներին եւ կազմակերպություններին (անկախ սեփականության ձեւից) պետական սեփականության, ֆինանսական միջոցների տրամադրման նկատմամբ.

    գ) պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում բյուջետային հատկացումների օգտագործման նկատմամբ.

    դ) այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման եւ մարման նկատմամբ.

    ե) պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի կատարման, սեփականաշնորհման եւ ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների եւ պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունների սահմանափակումների կատարման, սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման, բաշխման եւ մարման նկատմամբ:

    ՀՈԴՎԱԾ 6. ԱՈւԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

    Վերահսկիչ պալատն աուդիտն իրականացնում է ուսումնասիրությունների միջոցով:

    Ուսումնասիրությունն ընդգրկում է՝

    ա) օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին եւ կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, պետական այլ մարմինների որոշումներին եւ նորմատիվ ակտերին ծանոթությունն ու դրանց վերլուծությունը .

    բ) Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից եւ կազմակերպություններից իր իրավասության շրջանակներում եւ կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ, տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր պահանջելը, ստանալը, դրանց հետ ծանոթանալը եւ վերլուծելը .

    գ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ֆինանսատնտեսական փաստաթղթերի հետ տեղում ծանոթանալը եւ իրավիճակն արձանագրելը:

    Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները եւ դրանցից բխող առաջարկություններն ամփոփվում են համապատասխան տեղեկանքներում, արձանագրություններում եւ եզրակացություններում:

    ՀՈԴՎԱԾ 7.ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են Վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ, աջակցել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց՝ իրենց պարտականությունները կատարելիս։

    Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների պաշտոնատար անձինք Վերահսկիչ պալատին կեղծ տեղեկություններ հաղորդելու, նրա պաշտոնատար անձանց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
     


    ԳԼՈՒԽ 2.

    ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

    ՀՈԴՎԱԾ 8. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

    Վերահսկիչ պալատի աշխատանքները կազմակերպում եւ նրա գործունեությունը ղեկավարում է Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը։

    Վերահսկիչ պալատի առջեւ դրված խնդիրներն իրականացնելու նպատակով ստեղծվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ։

    Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման եւ պլանավորման, աուդիտի մեթոդական հարցերի քննարկման, կատարված ուսումնասիրությունների արդյունքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացվող տեղեկանքների, արձանագրությունների, եզրակացությունների եւ հաշվետվությունների հաստատման նպատակով ստեղծվում է Վերահսկիչ պալատի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են Վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, Վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

    Վերահսկիչ պալատի նախագահ, նրա տեղակալ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Նրանք չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցնել պետական այլ պաշտոններ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։

    ՀՈԴՎԱԾ 9. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

    Վերահսկիչ պալատի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ ։

    Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց պաշտոններում նշանակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հրամանով՝ Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում։

    Վերահսկիչ պալատի մյուս աշխատակիցներին նշանակում է Վերահսկիչ պալատի նախագահը։

    ՀՈԴՎԱԾ 10. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Վերահսկիչ պալատի նախագահը՝

    ա) ներկայացնում է Վերահսկիչ պալատը պետական եւ ոչ պետական մարմինների հետ հարաբերություններում.

    բ) Ազգային ժողովի նախագահին առաջարկություններ է ներկայացնում Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ նշանակելու եւ աշխատանքից ազատելու մասին.

    գ) հրամաններ է արձակում Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ.

    դ) գումարում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը, նախագահում է այդ նիստերը, ստորագրում է Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումները եւ նիստերի արձանագրությունները, Վերահսկիչ պալատի կազմած տեղեկանքները.

    ե) Ազգային ժողովին ներկայացնում է Վերահսկիչ պալատի եզրակացությունները՝ պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության, պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության, Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

    զ) Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացնում՝

    Վերահսկիչ պալատի կանոնադրությունը.

    Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները.

    Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը։

    Վերահսկիչ պալատի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը կարող են մասնակցել հանձնաժողովներում եւ Ազգային ժողովում կազմակերպվող խորհրդակցություններին եւ նիստերին։

    Վերահսկիչ պալատի մյուս աշխատակիցները այդ նիստերին եւ խորհրդակցություններին կարող են մասնակցել Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հրավերով։

    ՀՈԴՎԱԾ 11. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

    Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ նրա արձակման դեպքում:

    Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝

    ա) Ազգային ժողովի որոշմամբ.

    բ) Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի դեպքում.

    գ) Վերահսկիչ պալատի նախագահի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

    դ) Վերահսկիչ պալատի նախագահի ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ ճանաչվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա.

    ե) Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում։

    Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

    Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին դիմումը տրվում է Ազգային ժողովի նախագահի անունով։ Վերջինս Ազգային ժողովի առաջիկա նիստում պատգամավորներին տեղեկացնում է Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին։

    Եթե Ազգային ժողովում հրաժարականը հրապարակելուց տասնհինգ օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսում, Վերահսկիչ պալատի նախագահը կրկնում է հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը։

    Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում, ինչպես նաեւ նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ ճանաչվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը։

    ՀՈԴՎԱԾ 12. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

    Վերահսկիչ պալատի խորհուրդը՝

    ա) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում եւ հավանություն է տալիս Ազգային ժողովի հաստատմանը ներկայացվող հետեւյալ փաստաթղթերին՝

    Վերահսկիչ պալատի կանոնադրության նախագծին.

    Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին, դրանում կատարվող փոփոխությունների եւ լրացումների նախագծերին.

    Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը.

    բ) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում եւ հաստատում է Ազգային ժողով ներկայացվող հետեւյալ եզրակացությունները՝

    պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության,

    պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության,

    կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

    գ) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում եւ հաստատում է՝

    Ազգային ժողովի պատգամավորներին տրամադրվող կիսամյակային տեղեկանքները՝ պետական բյուջեի կատարման, այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման, սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրերի կատարման ընթացքի մասին.

    Վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրությունների եւ վերլուծությունների կատարման վերաբերյալ մեթոդական հրահանգները։

    Վերահսկիչ պալատի խորհուրդն իրավասու է կատարված ուսումնասիրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովներից ստացված հայտերի հիման վրա Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ՝ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար։

    Վերահսկիչ պալատի խորհուրդը կարող է քննարկել եւ որոշումներ ընդունել Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման, աշխատակիցների խրախուսման եւ կարգապահական տույժերի ենթարկման հարցերի վերաբերյալ։

    Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը գումարվում են Վերահսկիչ պալատի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան ամիսը 2 անգամ։

    Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը արձանագրվում են։ Արձանագրությունները ստորագրում է Վերահսկիչ պալատի նախագահը։

    Վերահսկիչ պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին։

    Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը վարում է Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը։

    Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է խորհրդի անդամների մեծամասնությունը։ Ձայների հավասարության դեպքում Վերահսկիչ պալատի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք։

    Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին կարող են մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, իսկ Վերահսկիչ պալատի նախագահի հրավերով՝ նաեւ կառավարության, նախարարությունների, պետական այլ մարմինների, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարները եւ այլ անձինք։
     

    ԳԼՈՒԽ 3.

    ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

    ՀՈԴՎԱԾ 13. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

    Վերահսկիչ պալատի կանոնադրությունը կանոնակարգում է Վերահսկիչ պալատի աշխատանքը, սահմանում է Վերահսկիչ պալատի կառուցվածքը, խորհրդի կազմը, նրա աշխատակիցների իրավունքները եւ պարտականությունները։

    Վերահսկիչ պալատի կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։

    ՀՈԴՎԱԾ 14. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

    Վերահսկիչ պալատը բյուջետային տարին սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ մշակում եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացնում իր գործունեության տարեկան ծրագիրը՝ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար:

    Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրն ընդգրկում է կատարվելիք ուսումնասիրությունների բնույթը եւ ժամանակացույցը։

    Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում Ազգային ժողովի հանձնաժողովների, ինչպես նաեւ պատգամավորների առաջարկները։

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»։

    ՀՈԴՎԱԾ 15. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Վերահսկիչ պալատի գործունեության արդյունքները ամփոփվում են տարեկան հաշվետվության մեջ։

    Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում։

    Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգ է մտնում ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացմամբ:

    Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»։

    ՀՈԴՎԱԾ 16. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ

    Վերահսկիչ պալատը բյուջետային տարվա յուրաքանչյուր կիսամյակի սկզբում տեղեկանք է ներկայացնում Ազգային ժողովի պատգամավորներին՝ նախորդ կիսամյակում պետական բյուջեի կատարման ընթացքի, այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման, սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրի կատարման ընթացքի մասին։

    Կիսամյակային տեղեկանքները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»։

    ՀՈԴՎԱԾ 17. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

    Ուսումնասիրություններ կատարելիս Վերահսկիչ պալատը կարող է համագործակցել վերահսկողական գործունեություն իրականացնող պետական այլ մարմինների հետ։

    ՀՈԴՎԱԾ 18. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

    Վերահսկիչ պալատը համագործակցում է օտարերկրյա նմանատիպ մարմինների եւ կազմակերպությունների հետ, կարող է նրանց հետ կնքել համագործակցության մասին համաձայնագրեր, գործուղել իր աշխատակիցներին՝ միջազգային վերահսկողական մարմիններում աշխատելու համար։

    Վերահսկիչ պալատը կարող է անդամագրվել նմանատիպ մարմիններ եւ կազմակերպություններ միավորող միջազգային կազմակերպություններին։

    ՀՈԴՎԱԾ 19. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

    Վերահսկիչ պալատի գործունեության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծախսերի նախահաշվով:

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները Վերահսկիչ պալատին ցույց են տալիս կազմակերպական, տեխնիկական եւ այլ աջակցություն։

    Վերահսկիչ պալատի գործունեությունն իրականացվում է Ազգային ժողովի ներքին աշխատակարգին համապատասխան:
     

    ԳԼՈՒԽ 4.

    ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    ՀՈԴՎԱԾ 20. ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

    Ուսումնասիրություն կատարելու համար հիմք է Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի հիման վրա Վերահսկիչ պալատի նախագահի տված հրամանը, որտեղ նշվում են ուսումնասիրության հիմքը, նպատակը, ժամկետը, այն իրականացնող պաշտոնատար անձը։

    ՀՈԴՎԱԾ 21. ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

    Վերահսկիչ պալատի ուսումնասիրություն իրականացնող աշխատակիցն իրավունք ունի պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ եւ այլ տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրության նպատակներին։

    Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությանը սահմանված կարգով կարող են ներգրավվել ուսումնասիրվող մարմնի մասնագետները։

    ՀՈԴՎԱԾ 22 ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈւՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Վերահսկիչ պալատի ուսումնասիրություն իրականացնող աշխատակիցը պարտավոր է ՝

    ա) ուսումնասիրվող մարմնի ղեկավարին ներկայացնել ուսումնասիրություն անցկացնելու մասին հրամանը.

    բ) անաչառ եւ համակողմանի ուսումնասիրել ուսումնասիրությանն առնչվող տեղեկությունները եւ փաստերը, ուսումնասիրության արդյունքներով կազմել արձանագրություն.

    գ) պահպանել ուսումնասիրվող մարմնի՝ օրենքով սահմանված իրավունքները եւ օրինական շահերը.

    դ) հնարավորին չափ չխոչընդոտել ուսումնասիրվող մարմնի բնականոն աշխատանքին.

    ե) ուսումնասիրվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին եւ պարտականություններին.

    զ) ուսումնասիրվող մարմնի ղեկավարին ծանոթացնել ուսումնասիրության արդյունքներին։

    ՀՈԴՎԱԾ 23. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

    Վերահսկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը։

    Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի կողմից կատարվող ուսումնասիրությունների օբյեկտիվության, դրանց արդյունքների խեղաթյուրման, ինչպես նաեւ պետական, բանկային եւ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման համար։

    Մինչեւ Վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրության վերաբերյալ որոշում ընդունելը, Վերահսկիչ պալատի աշխատակիցներին եւ պաշտոնատար այլ անձանց արգելվում է որեւէ ձեւով նախնական գնահատականների եւ եզրակացությունների հրապարակումը։

    Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով։

    ԳԼՈՒԽ 5.

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    ՀՈԴՎԱԾ 24. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Վերահսկիչ պալատի առաջին նախագահը Վերահսկիչ պալատի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացնում մեկամսյա ժամկետում՝ առանց Վերահսկիչ պալատի խորհրդի հավանությունը ստանալու։

    Վերահսկիչ պալատի գործունեության առաջին տարեկան ծրագիրը մշակվում եւ հաստատվում է 1997 թվականի բյուջետային տարվա համար։
     

    ԳԼՈՒԽ 6.

    ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

    ՀՈԴՎԱԾ 25. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

    Սույն օրենքի հրապարակման պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։

    Հայաստանի Հանրապետության
    նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

    25 հունիսի 1996թ.
    ՀՕ-65




    10.03.1999 «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    24.10.2000 «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին