English   Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.04.1993

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

Հոդված 2. Կրթության լեզուն

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Գերագույն խորհրդի կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական , մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի  ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունները եւ ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները

Պաշտոնատար անձաինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը:

Հոդված 4. Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են.

ա) գործավարությունը կատարել հայերեն,

բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը,

գ) ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձեւավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները ձեւավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության եւ կառավարման տեղական մարմինները, ինչպես նաեւ դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

17 ապրիլի 1993թ.
Հ.Ն.-0772-1-ՀՕ-52  
  
 




03.05.2005 «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
22.12.2010 «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
14.04.2011 «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
23.05.2011 «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
28.04.2014 «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
23.03.2018 «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
26.10.2022 «Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին