Օրենքը չի գործում:
Գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին » ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.1991


Սույն օրենքը սահմանում է բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման ու պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները:

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը

Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպման, պահպանման եւ օգտագործման կարգը սահմանվում է սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունվող Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Հոդված 2. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրները

Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրներն են.

- բնության չափանմուշի (էտալոնների), էկոհամակարգի պահպանությունն ու վերարտադրությունը.

- բնական հուշարձանների պահպանությունը.

- կենսաբանական բազմազանության պահպանումը.

- բնական երեւույթների գիտական ուսումնասիրումը.

- բնական միջավայրի վիճակի հսկողությունը.

- էկոլոգիական կրթությունը եւ դաստիարակությունը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում ռեակցիոն ճանաչողական նպատակներով բնական օբյեկտների օգտագործումը:

Հոդված 3. Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակը

Բնության հատուկ պահպանվող տարածքները մակերեսային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի՝ օրենքով սահմանված կարգով առանձնացված այն տեղամասերն են, ինչպես նաեւ առանձին բնական օբյեկտները, որոնք հատուկ էկոլոգիական, գիտական, բուժական, մշակութային, գեղագիտական արժեք են ներկայացնում եւ լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման:

Բնության հատուկ պահպանվող տարածքները ունեն միջազգային, հանրապետական եւ տեղական նշանակություն:

Բնության հատուկ պահպանվող տարածքներին տրվում է պետական արգելանոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների կարգավիճակ:

Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են պահպանական գոտիներ:

Պահպանական գոտիների չափերն ու ռեժիմը սահմանվում են տվյալ տարածքի մասին կանոնադրությամբ:

Բնության հատուկ պահպանվող տարածքները հաշվի են առնվում տնտեսական եւ սոցիալական զարգացման ծրագրերի, հողաշինարարության եւ վարչական միվորների սահմանային սխեմաների կազմման ժամանակ: Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականաշնորհումը արգելվում է:

Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը

Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը դրանց իրավական վիճակի, քանակական եւ որակական բնութագրերի, էկոլոգիական, գիտական, մշակութային եւ ժողովրդատնտեսական այլ արժեքների, հողօգտագործման մասին տեղեկությունների եւ փաստաթղթերի համակարգ է:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը կազմվում է դրանց ծրագրավորումը եւ պահպանությունը ապահովելու, գիտական հետազոտությունների, համապատասխան ռեժիմների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման ու արտադրողական ուժերի բաշխման ժամանակ դրանց դերը հաշվի առնելու նպատակով:

Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը կազմվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԲԱԺԻՆ 2

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման կարգը

Բնության հատուկ պահպանվող տարածքները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Տարածքներին (ջրատարածքներին) եւ օբյեկտներին տեղական նշանակության արգելավայրերի կամ բնական հուշարձանի կարգավիճակ տալու մասին որոշումը ընդունվում է իշխանության տեղական մարմինների կողմից եւ ներկայացվում է կառավարության հաստատմանը:

Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպման կարգը

Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպումը կատարվում է բնության պահպանության համակարգված հեռանկարային սխեմաների եւ հատուկ մշակված նախագծերի հիման վրա, որոնք կազմվում են համապատասխան գիտահետազոտական, գիտաարտադրական եւ նախագծային հաստատությունների եւ կազմակերպությունների կողմից՝ պետական բյուջեի հաշվին:

Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքի նախնական կոնսերվացման կարգը

Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալու մասին միջնորդության քննարկման հետ միաժամանակ տեղական իշխանության մարմինները բնական համալիրի կամ օբյեկտի պահպանման նպատակով ընդունում են հատուկ պահպանման հողակտորի կոնսերվացման մասին որոշում եւ ձեւակերպում համապատասխան ակտ, որով սահմանափակվում կամ անհրաժեշտության դեպքում դադարեցվում է հողօգտագործողների տնտեսական գործունեությունը տվյալ տարածքում:

Կոնսերվացման մասին ընդունված ակտին համապատասխան ճշտվում են տվյալ տեղամասի տնտեսական օգտագործման պետական ծրագրերը:

ԲԱԺԻՆ 3

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ

Հոդված 8. Պետական արգելոցների կարգավիճակը

Արգելոցը էկոլոգիական, գիտական պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտվաշ տարածք է (ջրատարածք), որտեղ բնական միջավայրի զարգացման պրոցեսներն ընթանում են առանց անմիջական միջամտության:

Արգելոցն ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:

Հոդված 9. Արգելոցների ռեժիմը

Արգելոցային տարածքներում (բնական արգելոցներում) արգելվում է բնական գործընթացների զարգացման խախտման հետ կապված որեւէ գործունեություն:

Արգելոցային տարածքներում արգելվում են.

- ջրային պաշարների շահագործումը եւ ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

- տնտեսական, արդյունաբերական եւ բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ տվյալ հաստատության գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).

- որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի պայմանների խախտումը.

- կենդանիների եւ բույսերի նոր տեսակների ներմուծումը, ինչպես նաեւ առանձին տեսակների քանակի մեծացման նպատակով տարվող որեւէ աշխատանք.

- հավաքածուների հավաքը, բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի.

- թունաքիմիկատների օգտագործումը պարարտացման եւ վնասատուների դեմ պայքարելու նպատակով.

- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների եւ լեռնատեսակների ելքերի շահագործումը.

- անտառահատումները, բույսերի, ծաղիկների եւ սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը եւ բուսական ծածկույթի այլ խախտումներ.

- ընդհանուր օգտագործման ճանապարհներից եւ ջրային ուղիներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտի երթեւեկությունը.

- մեքենայացված տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը եւ օբյեկտները կամ սպառնում է գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությանը:

ԲԱԺԻՆ  4

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ

Հոդված 10. Ազգային պարկերի կարգավիճակը

Ազգային պարկը տարածք է (ջրատարածք), որն ընդգրկում է հատուկ էկոլոգիական, պատմամշակութային եւ գեղագիտական արժեք ներկայացնող բնական համալիրներ եւ օբյեկտներ, որոնք բնական ու մշակութային լանդշաֆտների բարենպաստ զուգորդման շնորհիվ կարող են օգտագործվել ռեկրեացիոն, պատմամշակութային ու գիտական նպատակներով:

Տվյալ տարածքը ազգային պարկին մշտական օգտագործման է տրվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այն ըստ իր առանձին մասերի ֆունկցիոնալ նշանակության, պահպանության եւ օգտագործման ռեժիմի բնույթի բաժանվում է համապատասխան գոտիների, որոնցից արգելոցային գոտու տարածքները հանվում են տնտեսական շահագործումից:

Ազգային պարկը ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:

Հոդված 11. Ազգային պարկի ռեժիմը

Ազգային պարկի տարածքում հաստատվում է նրա առանձին ստորաբաժանումների (արգելոցային հատված, հանգստյան գոտի եւ այլն) պահպանության եւ բնական համալիրների ու այլ օբյեկտների օգտագործման կարգը՝ հաշվի առնելով դրանց էկոլոգիական ռեկրեացիոն, մշակութային եւ գեղագիտական արժեքը:

Ազգային պարկի տարածքում (բացառությամբ արգելոցային գոտու, որտեղ գործում է արգելոցների համար սահմանված ռեժիմը) արգելվում են.

- պարկի գործունեության հետ չառընչվող արդյունաբերական եւ այլ օբյեկտների շինարարությունն ու շահագործումը,

- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը,

- անտառահատումները (բացառությամբ սանիտարականի),

- բույսերի եւ կենդանիների նոր տեսակների ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները,

-ցանկացած այլ գործունեություն, որը հակասում է ազգային պարկի նպատակներին եւ կանոնադրությանը:
 

ԲԱԺԻՆ  5

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ

Հոդված 12. Պետական արգելավայրեր

Արգելավայրերը սահմանված կարգով մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված այն տարածքներն են, որոնց սահմաններում ապահովվում են էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական
արժեք ներկայացնող բնական համալիրների եւ նրանց տարրերի տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը:

Արգելավայրի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրերի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական կամ մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Հոդված 13. Պետական արգելավայրերի ռեժիմը

Պետական արգելավայրերի տարածքում սահմանափակվում կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի նպատակին:

Պետական արգելավայրերի հիմնական խնդիրները եւ ռեժիմի առանձնահատկությունները որոշվում են դրանց կանոնադրությամբ:
 

ԲԱԺԻՆ  6

ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Հոդված 14. Բնության հուշարձաններ

Բնության հուշարձանները բացառիկ կամ տիպիկ, գիտական եւ պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են, որոնց ցանկը հաստատվում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից:

Հոդված 15. Բնության հուշարձանների ռեժիմը

Բնության հուշարձանների պահպանության կարգը հաստատում են պետական այն մարմինները, որոնք որոշում են ընդունում օբյեկտը բնության հուշարձան հայտարարելու մասին:

Նշված մարմինների կողմից ձեւակերպվում է պահպանման վկայական եւ որոշվում է այն կազմակերպությունը, որը պատասխանատու է բնության հուշարձանի պահպանության ապահովման համար:
 

ԲԱԺԻՆ 7

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 16. Պատասխանատվությունը բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման համար

Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման մեջ մեղավոր անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ 8

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Հոդված 17. Միջազգային պայմանագրեր

Եթե միջազգային պայմանագրերով ավելի խիստ կանոններ են սահմանված, քան բնության հատուկ պահպանվող տարածքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ապա գործում է միջազգային պայմանագիրը:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ.Տեր-Պետրոսյան

17 դեկտեմբեր 1991թ.
Հ.Ն.-0450-1-ՀՕ-5