Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2001

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ուժը կորցրած ճանաչել 41-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասը:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերի վրա:»:

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝

«ե) սույն օրենքի 6-րդ հոդվածի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով կատարվող գործարքների.»:

Այդ կապակցությամբ նախկին «ե» ենթակետը համարել «զ» ենթակետ:

Հոդված 4. Օրենքի 74-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 74. Բրոքերային եւ դիլերային գործունեությունը

1. Բրոքերային գործունեություն է համարվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա այլ անձի կամ անձանց հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելու գործունեությունը: Բրոքերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման՝ որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով իրականացվող բրոքերային գործունեության:

Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Բրոքերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է բրոքերային գործունեություն, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության կազմում կամ անունից, ինչպես նաեւ սույն կետով նախատեսված դեպքերում` բանկի կազմում կամ անունից:

2. Դիլերային գործունեություն է համարվում տվյալ անձի հաշվին արժեթղթերի առուվաճառքի գործունեությունը, եթե այն տվյալ անձի գործունեության հիմնական մասն է կազմում: Դիլերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման՝ որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ այն դեպքի, երբ այն իրականացնում են բանկերը:

Դիլերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է սույն օրենքով սահմանված դիլերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Դիլերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է դիլերային գործունեությունը, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն դիլերային կամ բրոքերային ընկերության կամ բանկի կազմում կամ անունից:»:

Հոդված 5. Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետեւյալ բառերով՝ «բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» եւ «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության»:

Հոդված 6. Օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետեւյալ բառերով՝ «, բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» եւ «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի պահառության գործունեության»:

Հոդված 7. Օրենքի 106-րդ հոդվածի 2-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Ֆոնդային բորսայի կանոններով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ սույն օրենքի 6 հոդվածի «ա» եւ «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերով գործարքների կատարմանը կարող են ուղղակիորեն մասնակցել նաեւ բանկերը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-246