Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.07.2001
Հոդված 1. Հաստատել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը:

Հոդված 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի թիվ 16 աղյուսակը, թիվ 5 եւ թիվ 7 հավելվածները նոր խմբագրությամբ (կցվում են):

Հոդված 3. ԹույլատրելՀայաստանի Հանրապետության կառավարությանը՝ անհրաժեշտության դեպքում, մինչեւ աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի ավարտը, աղետի գոտու վերականգնման համապատասխան տարեկան ծրագրի (այսուհետ՝ տարեկան ծրագիր) շրջանակներում համապատասխան տարեկան բյուջեով նախատեսվող ծախսային ծրագրերի գծով սահմանվող բյուջետային հատկացումների գումարների միջեւ կատարելու վերաբաշխումներ՝ տարեկան ծրագրի ընդհանուր ծավալի մինչեւ 15 տոկոսի չափով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: 
  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 օգոստոսի 2001թ.
ՀՕ-203



ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
  • 1.Ներածություն
  • 2.Ներկա վիճակի վերլուծություն
  • 3.Համալիր ծրագրի նպատակը եւ հիմնական խնդիրները
  • 4.Համալիր ծրագրի իրականացման սկզբունքները
  • 5.Աղետի գոտու առանձին ոլորտների վերականգնում
  • 6.Համալիր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները
  • 7.Համալիր ծրագրի իրականացման կազմակերպչական սխեման
  • 8.Համալիր ծրագրի իրականացումից սպասվող արդյունքները
  • 1.Ներածություն

    Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը (այսուհետ՝ համալիր ծրագիր) մշակված է «Աղետի գոտու վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:

    Համալիր ծրագիրը աղետի գոտու վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության ռազմավարության հիմքն է:

    Համալիր ծրագրով նախատեսվում է աղետի գոտում, նախկինում ընդունված որոշումների համաձայն, վերականգնողական աշխատանքների շարունակում՝ ճշտելով դրանց ներկայումս անհրաժեշտ ծավալները, կիրառելով իրականացման նոր մոտեցումներ, որոնք նպատակաուղղված են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավմանը, ինչպես նաեւ բնակավայրերում բնակության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

    Համալիր ծրագիրը հիմք է հանդիսանում տարեկան ծրագրերի մշակման համար:

    Համալիր ծրագիրը մշակված է՝ ելնելով հանրապետությունում ստեղծված սոցիալ- տնտեսական իրավիճակից:
     


    2.Ներկա վիճակի վերլուծություն

    1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժն ընդգրկեց հանրապետության տարածքի շուրջ 40 տոկոսը՝ մոտ 1 մլն բնակչությամբ:

    Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ (82 հազ. աշխատատեղով), քանդվեց կամ տարբեր աստիճանի վնասվածություն (I-IV աստիճան) ստացավ 8,9 մլն քառ.մ ընդհանուր մակերեսով բնակարանային ֆոնդը, այդ թվում՝ 4,1 մլն քառ.մ պետական եւ 4,8 մլն քառ.մ անհատական, 150,2 հազ. աշակերտական տեղով հանրակրթական դպրոցներ, առողջապահական 416 օբյեկտներ, ինչպես նաեւ առեւտրի, հանրային, սննդի, կապի, տրանսպորտի, կոմունալ տնտեսության, արդյունաբերության եւ այլ նշանակության մեծաքանակ օբյեկտներ:

    Երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով ընդունվել են մի շարք որոշումներ:

    1989թ. նախկին Խորհրդային Միության իշխանությունների կողմից ընդունված որոշումների համաձայն նախատեսվում էր միութենական հանրապետությունների, նախարարությունների, գերատեսչությունների ուժերով եւ միջոցներով 1989-1990թթ. վերականգնել աղետի գոտին: Չնայած կատարված մեծ ծավալի աշխատանքներին՝ վերականգնողական աշխատանքները տարբեր պատճառներով նախատեսված ծավալներով չիրականացվեցին, որի հետեւանքով սառեցվեցին տարբեր շինարարական պատրաստականության աստիճան ունեցող շուրջ 4700 անավարտ օբյեկտներ: Այդ օբյեկտներից մոտ 3800-ը կամ 80 տոկոսը կազմում են անավարտ շինարարության բնակելի տներ, որոնցից շուրջ 2900-ը՝ մենատներ գյուղական բնակավայրերում:

    1991թ. սկսած աղետի գոտու վերականգնման աշխատանքների ամբողջ ծանրությունն ընկավ Հայաստանի Հանրապետության վրա:

    Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությունը 1994թ. հոկտեմբերի 7-ի թիվ 17 որոշումով հաստատեց աղետի գոտու վերականգնման նոր ծրագիր: Այդ ծրագրերով ճշտվեցին երկրաշարժի հետեւանքով տուժած բնակավայրերի առանձին ոլորտների վերականգնման ենթակա ծավալները, պահպանելով նախորդ ծրագրի հիմնական մոտեցումները, եւ աղետի գոտու վերականգնման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2000թ.:

    Երկրաշարժից 10 տարի անց աղետի գոտու վերականգնման գործընթացի վերլուծության արդյունքները եւ հանրապետությունում իրականացվող բարեփոխումները կանխորոշեցին աղետի գոտու բնակավայրերի վերականգնման քաղաքականության ճշգրտման անհրաժեշտությունը: Արդյունքում, ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի թիվ 701 որոշումով հավանության արժանացավ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագիրը, որով պետական ուղղակի միջամտությամբ եւ ռեսուրսներով առաջնային դարձավ երկրաշարժից տուժած բնակավայրերի բնակարանային եւ սոցիալական ոլորտի խնդիրների լուծումը:

    Այդ ծրագրով սահմանվեցին անօթեւան մնացած ընտանիքների նկատմամբ բնակարաններով ապահովման եւ սոցիալական ոլորտի օբյեկտների վերականգնման՝ պետության ստանձնած պարտավորությունների իրականացման ուղիները: Բնակարանային ապահովման գործընթացում, բնակարանային շինարարությունից բացի, ըստ էության առաջին անգամ ներդրվեց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գաղափարը, որը բնակչությանը հնարավորություն ընձեռեց ազատորեն ընտրել իր բնակության վայրը եւ բնակարանի որակը:

    1989-2000թթ.. ժամանակահատվածում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրացված ներդրումների դիմաց աղետի գոտու բնակավայրերում գործարկվել են 3.5 մլն քառ. մ ընդհանուր մակերեսով բնակելի տներ:

    Կառուցվել եւ ամրացվել են շուրջ 68 հազ. աշակերտական տեղով դպրոցներ, 2,8 հազ. մահճակալով հիվանդանոցներ, մեկ հերթափոխում 4,3 հազ. հաճախումով պոլիկլինիկաներ, ինչպես նաեւ նախադպրոցական օբյեկտներ եւ այլ հասարակական օբյեկտներ:

    Մոտ 1,3 հազ. կմ երկարություն ունեցող նոր կառուցված կամ վերանորոգված ջրատարերից բացի, կատարվել են նաեւ կառուցված բնակելի շենքերի ջրագծերի ջրատարերին միացման աշխատանքներ: Բացի այդ, Գյումրիի Մուշ-2 թաղամասի կառուցապատված ՔՇՀ-ների ջերմամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել եւ շահագործման է հանձնվել ինքնավար ջեռուցման կաթսայատուն:

    Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկի հաշվին իրականացված ծրագրի շրջանակներում ավարտվել են 9 արդյունաբերական օբյեկտների մասնաշենքեր եւ մեկ փորձահրապարակ՝ շենքերի բլոկների արտադրության համար:

    Սակայն, արդյունաբերական ոլորտի տարբեր ճյուղերի տնտեսական կապերի խզման, շուկայի արդի պահանջներին չհամապատասխանելու պատճառներով մի շարք ձեռնարկություններ, այդ թվում՝ վերը նշված 9-ը, չեն գործում կամ գործում են թերի հզորությամբ:

    Նրանց հիմնական ֆոնդերը բնութագրվում են բարձր մաշվածության աստիճանով եւ չեն համապատասխանում ժամանակակից ստանդարտներին, որն անհնարին է դարձնում մրցունակ ապրանքների արտադրության կազմակերպումը: Արդյունքում, կրճատվել են աշխատատեղերը, եւ նվազել է բնակչության զբաղվածության աստիճանը: Քաղաքների արդյունաբերության ոլորտի օբյեկտներից թերի հզորությամբ գործում են սննդաարդյունաբերական օբյեկտները, շինարարական համալիրը: Վերը նշված գործոնները նպաստել են այդ բնակավայրերից ազգաբնակչության հոսքին:

    1989-2000թթ. վերականգնողական աշխատանքներն իրականացվել են ինչպես պետական միջոցների, այնպես էլ արտաբյուջետային միջոցների հաշվին:

    Այդ ժամանակահատվածում աղետի գոտու վերականգնմանն ուղղված կապիտալ ներդրումների իրացման եւ գործարկված հիմնական միջոցների, հզորությունների մասին տվյալները բերված են հավելվածում:

    Չնայած աղետի գոտու վերականգնման ուղղությամբ իրականացվող շարունակական ծավալուն աշխատանքներին, աղետի գոտու բնակավայրերը՝ հատկապես Գյումրի, Սպիտակ, ինչպես նաեւ Վանաձոր եւ Ստեփանավան քաղաքները, դեռեւս պահպանում են աղետյալ բնակավայրերի տեսք: Դա պայմանավորված է բնակավայրերի հին թաղամասերում տարերայնորեն տեղակայված մեծաքանակ ժամանակավոր կացարանների, տնակների եւ մինչ այժմ քանդման ենթակա եւ վթարային տների ու շինությունների առկայությամբ: Որպես ժամանակավոր կացարաններ են օգտագործվում նաեւ որոշ քանդված դպրոցների եւ արդյունաբերական օբյեկտների շենքերը:

    Հարկ է նշել, որ երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները նախկինում հիմնականում իրականացվել են քաղաքաշինական նոր թաղամասերի տարածքներում՝ սակավ ուշադրություն դարձնելով քաղաքներում գոյություն ունեցող թաղամասերի վերականգնման աշխատանքների իրականացմանը:

    Արդյունքում, անավարտ բազմաբնակարան շենքերը եւ սպասարկման ենթակառույցները գտնվում են աղետի գոտու քաղաքների նոր կառուցապատման թաղամասերի մեծ, անկառավարելի (քաղաքաշինական առումով) տարածքներում, եւ դրանց մեծ մասի ավարտը չի համապատասխանում քաղաքների զարգացման ներկա չափանիշներին:

    Երկրաշարժից հետո անցած տարիների ընթացքում աղետի գոտու բնակավայրերի ժողովրդագրական փոփոխությունները եւ վերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքը եւս նոր հարցադրումներ են առաջադրել վնասված քաղաքաշինական օբյեկտների նախկին ծավալներով կառուցման նպատակահարմարության առումով:
     


    3. Համալիր ծրագրի նպատակը եւ հիմնական խնդիրները

    Ծրագրի նպատակը աղետի գոտու վերականգնման պետական քաղաքականության հիմնական սկզբունքների ձեւավորումն է՝ ուղղված երկրաշարժի հետեւանքով տուժած բնակավայրերում բնակության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

    Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ, առաջնային հիմնական խնդիրներն են՝

    - երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը.

    - համալիր սպասարկման ենթակառուցվածքների (սոցիալական, կոմունալ եւ հասարակական նշանակության օբյեկտներ) վերականգնումը՝ ելնելով բնակավայրերի ճշգրտված կառուցապատման հատակագծային փաստաթղթերից.

    - աղետի գոտու քաղաքների նոր հատակագծային փաստաթղթերի նախապատրաստումը՝ ելնելով քաղաքների համապետական նշանակությունից, սահմանելով դրանց իրագործման ժամանակացույցը.

    - բնակարանային շուկայի զարգացումը խթանող սեփականաշնորհման իրականացումը.

    - բնակչության զբաղվածության աստիճանի բարձրացման պայմանների ստեղծումը.

    - արտադրական ներուժի վերականգնումը.

    - օրենսդրական դաշտի ապահովումը:

    4. Համալիր ծրագրի իրականացման սկզբունքները

    Հիմնական խնդիրների լուծման նպատակով համալիր ծրագրով նախատեսվում է տնակային տնտեսություններից, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, տարածքների հիմնավորված ու հաջորդական մաքրման եւ զուգահեռ այդ տարածքներում առկա խնդիրների լուծման սկզբունքի կիրառումը՝ ելնելով ժողովրդագրական փոփոխություններից:

    Այդ մոտեցումը հնարավորություն կտա ՝

    - առանձին տարածքների համապարփակ համալիր վերականգնում.

    - առանձին տարածքների վերականգնման ավարտից հետո անհրաժեշտության դեպքում անդրադառնալ տնակային տնտեսություններից ազատված տարածքների նոր կառուցապատման խնդիրներին՝ համաձայն ճշտված քաղաքաշինական փաստաթղթերի:

    Ծրագրով նախատեսվում է հիմնական խնդիրների լուծման պետական աջակցության ապահովումը նվազագույն ստանդարտների համակարգի ներդրման միջոցով՝ համաձայն տնտեսության տարբեր ոլորտներում տարվող քաղաքականության ուղիների:


    5. Աղետի գոտու առանձին ոլորտների վերականգնում

    5.1 Բնակարանային ոլորտ

    Անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար համալիր ծրագրով նախատեսվում է պետական պարտավորությունների ձեւավորման եւ աջակցության տրամադրման հետեւյալ սկզբունքները՝

    - ապահովել բնակարաններով երկրաշարժի հետեւանքով քանդված կամ քանդման ենթակա բազմաբնակարան տների սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին:

    Այս ուղղությամբ բնակարաններով ապահովումը նախատեսվում է իրականացնել՝

    -համայնքային սեփականություն հանդիսացող ազատ բնակարանների տրամադրմամբ,

    -բնակարանների գնման վկայագրերի տրամադրմամբ՝ շուկայից պատրաստի բնակարան ձեռք բերելու համար,

    -անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների ավարտմամբ՝ ավարտելով այն բնակելի տների շինարարությունը, որոնց ավարտման համար մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսին ընկնող անհրաժեշտ ներդրումները չեն գերազանցում տվյալ բնակավայրում բազմաբնակարան տների բնակարանների մեկ քառ.մ ընդհանուր մակերեսի՝ ձեւավորված շուկայական միջինացված արժեքի չափը, ինչպես նաեւ քաղաքաշինական նկատառումներից ելնելով՝ մեկ շինարարական համալիր կազմող բնակելի տների շինարարությունը:

    Անավարտ շինարարության այն բազմաբնակարան տները, որոնց ավարտը տնտեսապես նպատակահարմար չէ, նախատեսվում է մասնավորեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

    -նոր շինարարության իրականացմամբ:

    Նոր կամ անավարտ բնակելի տների շինարարություն իրականացնելու դեպքում քաղաքացիները, իրենց համաձայնությամբ, կարող են մասնակցել սեփական մասնաբաժնով եւ պետական աջակցությամբ այդ աշխատանքների իրականացմանը՝ իրենց կողմից ստեղծված համատիրությունների կամ կոոպերատիվների միջոցով.

    - աջակցել բնակարանային պայմանների բարելավման հարցում՝

    -չշահագործման հետեւանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, վնասված
    բազմաբնակարան տների բնակիչներին բնակելի տների վերականգնման աշխատանքների իրականացման միջոցով,

    -քաղաքային բնակավայրերում տնակային տնտեսություններում բնակվող այն քաղաքացիներին`

    ա)որոնց բնակարանները (բազմաբնակարան տներում), չշահագործման հետեւանքով դարձել են բնակության համար ոչ պիտանի՝ բնակարանների վերանորոգման համար դրամաշնորհների տրամադրման միջոցով.

    բ) ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, մշտական բնակության վայր չունեցող, մինչեւ սույն օրենքի ընդունումը տնակներում բնակվող ընտանիքների, իրենց գրավոր համաձայնությամբ, բնակարանային խնդիրները ժամանակավորապես լուծել՝ ցուցաբերելով տարբերակված մոտեցում (ժամանակավոր կացարանների տրամադրում, տնակների տեղափոխում, երկու տարով բնակարանների վարձակալման համար օժանդակության ցուցաբերում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Այդ բնակիչների բնակարանային պայմանների բարելավման հարցը համալիր ծրագրի իրականացման արդյունքներով կդիտարկվի 2003 թվականին՝ պետական բյուջեի քննարկման ժամանակ:

    գ) որոնք հերթագրված են, եւ նրանց ընտանիքների մի մասը մինչեւ ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի՝ «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» թիվ 701 որոշումն ստացել են բնակտարածություն՝ նախկինում զբաղեցրած բնակարանի չափից ոչ պակաս` տվյալ տարածաշրջանում ձեւավորված մեկսենյականոց բնակարանի շուկայական նվազագույն արժեքին համապատասխան, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով:

    Արդյունքում, պետական պարտավորությունները ձեւավորվում են բնակարանային խնդիրների լուծման կարիք ունեցող 14920 ընտանիքների նկատմամբ, այդ թվում`

    -սահմանված կարգով հերթագրված 10979 ընտանիքներ, որոնցից 946 ընտանիքի մի մասը ստացել է բնակարան՝ նախկինում զբաղեցրած բնակարանի չափից ոչ պակաս.

    - վերականգնման (ամրացման) ենթակա չշահագործվող բազմաբնակարան տների 2547 ընտանիքներ.

    - չամրացվող բազմաբնակարան տներում չշահագործման հետեւանքով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակարանների 174 ընտանիքներ.

    - ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, մշտական բնակության վայր չունեցող, վերջին մեկ տարում տնակներում բնակվող սոցիալապես անապահով 1220 ընտանիքներ:

    - Տվյալներն ըստ մարզերի բերված են աղյուսակ 1-ում:

    Շահագործվող, վերանորոգման, վերականգնման կարիք ունեցող բազմաբնակարան տների բնակիչներին ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետական աջակցության տրամադրում՝ նրանց կողմից սահմանված կարգով համատիրությունների ստեղծման եւ վերանորոգման, վերականգնման աշխատանքներին պարտադիր մասնակցության պայմանով:

    Ինչ վերաբերում է բնակության համար ոչ պիտանի դարձած անհատական բնակելի տների բնակիչներին, ապա նրանց բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսվում է տրամադրել ֆինանսական աջակցություն՝ դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում:

    Մասնավորապես, ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրամաշնորհների տրամադրում շուրջ 800 անհատական բնակարանային ֆոնդի քաղաքացիներին: Առաջիկա երկու տարիներում նույնպես նախատեսվում է ընդլայնել աջակցության հնարավորություններն այդ ուղղությամբ, որի արդյունքներով էլ կպայմանավորվի շուրջ 2000 անհատական բնակարանային ֆոնդի քաղաքացիներին, սկսած 2003 թվականից , տարեկան պետական բյուջեներով համապատասխան միջոցների տրամադրման գործընթացը:

    Սպիտակում, հաշվի առնելով քաղաքի համարյա ամբողջական ավերվածության փաստը, անհատական բնակելի տների բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրումը նախատեսվում է այս էտապում:

    Բնակարանային ապահովման գործընթացը հիմնականում զուգակցվելու է ընտրված տարածքներում շենքերի վերականգնմամբ եւ անօթեւան մնացած, տնակներում բնակվող ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով: Տարածքների ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով քաղաքաշինական առումով տնակներից տարածքների ազատման առաջնահերթության անհրաժեշտությունը եւ անօթեւան մնացած, տնակներում բնակվող, հաշվառման կանգնած ընտանիքների առավելագույն առկայությունը:

    Շինարարության ուղղակի ֆինանսավորման ծավալները եւ ուղղությունները (նոր կամ անավարտ շինարարություն) կպայմանավորվեն բնակարանների գնման վկայագրերի շուկայի վրա ազդեցությամբ:

    Շենքերի վերականգնման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է բնակարանները հատկացնել նախկին վարձակալներին եւ սեփականատերերին, իսկ ազատ համայնքային սեփականության բնակարանները՝ սահմանված կարգով հաշվառման կանգնած քաղաքացիներին:

    Տարածքային մոտեցմանը զուգահեռ սահմանված կարգով հաշվառման կանգնած անօթեւան քաղաքացիների բնակարանային խնդիրներն իրենց լուծումը կստանան նույնպես բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, պետական տարեկան բյուջեով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում:

    Հաշվի առնելով, որ գոյություն ունեցող բնակարանային ֆոնդը հանդիսանում է բնակարանային շուկայի հիմնական բազիսը համալիր ծրագրով նախատեսված բնակարանային ապահովման գործընթացի, ընտրված տարածքներում անօթեւան մնացած, տնակներում բնակվող ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հիմնական սկզբունքի կիրարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել խթանել աղետի գոտու բնակավայրերի բնակարանային ֆոնդի մասնավորեցման գործընթացը:

    Ելնելով վերը շարադրվածից՝ նախատեսվում է տարեկան ծրագրերով իրականացնել հետեւյալ միջոցառումները`

    -մեղմացնել Համաշխարհային բանկի վարկի հաշվին կառուցված բնակելի տների արժեքի մարման ենթակա գումարի վերադարձման պայմանները.

    -խթանել պետական միջոցների հաշվին շինարարությունը սկսած, ավարտման ոչ

    ենթակա անավարտ բնակելի տների եւ համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի մասնավորեցման գործընթացը.

    -աջակցել աղետի գոտու բնակավայրերում անհատական բնակելի տների շինարարության իրականացման գործընթացին:

    Այդ միջոցառումների իրականացումը կնպաստի բնակարանային շուկայի զարգացմանը:

    Դրա հետ մեկտեղ համատիրություններին եւ մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման մոտեցումները, հաջող փորձաքննության դեպքում, կարող են օգտագործվել հանրապետությունում առկա համանման խնդիրների լուծման համար:

    Բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսերի ծավալը կազմում է 46.613 մլրդ դրամ, որոնցից համատիրություններին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը կազմում է 0,22 մլրդ դրամ:

    Տվյալները բերված են աղյուսակներ 2 եւ 8-ում:

    5.2 Համալիր սպասարկման ենթակառուցվածքներ

    5.2.1 Կրթության ոլորտ

    Երկրաշարժի հետեւանքով վնասված կրթության օբյեկտների վերականգնման համար համալիր ծրագրով նախատեսվում է պետական պարտավորությունների ձեւավորման հետեւյալ սկզբունքները`

    -վերականգնել վնասված կամ քանդված այն հանրակրթական դպրոցները, որոնց ուսուցման գործընթացը կազմակերպված է տնակային տնտեսություններում կամ ժամանակավոր կառույցներում:

    Այդ օբյեկտների վերականգնումը նախատեսվում է իրականացնել այլ նշանակության շենքերի եւ շինությունների՝ հանրակրթական դպրոցների վերափոխմամբ, վերականգնման աշխատանքների իրականացմամբ, անավարտի ավարտմամբ եւ նոր դպրոցների շինարարությամբ:

    Ընդ որում, վերականգնման ենթակա ծավալները որոշվում են՝ ելնելով երկրաշարժից վթարված ծավալներից, հաշվի առնելով աղետի գոտու բնակավայրերի ժողովրդագրական փոփոխությունները, բայց ոչ ավելին, քան տվյալ օբյեկտների վերականգնման համար սահմանված նորմատիվ պահանջները:

    Հանրակրթական դպրոցների վերականգնման գործընթացը նույնպես հիմնականում կիրականացվի ընտրված տարածքներում շենքերի վերականգնման հետ զուգահեռաբար:

    Գործող դպրոցների վերանորոգման հարցերը նախատեսվում է լուծել հանրապետությունում նմանատիպ խնդիրների լուծման ծրագրերի շրջանակներում:

    Համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 67 դպրոց 17342 աշակերտական տեղով, որի համար անհրաժեշտ է 6.065 մլրդ դրամ:

    Բացի այդ, նախատեսվում է վերականգնել Գյումրիի եւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտների մասնաշենքերը՝ հաշվի առնելով օբյեկտների քաղաքաշինական եւ կրթական մեծ նշանակությունը: Վերականգնումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի, այդ ինստիտուտների սեփական միջոցների եւ այլ արտաբյուջետային աղբյուրների հաշվին: Այդ ուղղությամբ նախատեսվում է ներդնել 0,397 մլրդ դրամ, որոնցից պետական բյուջեի մասը կազմում է շուրջ 20 տոկոս:

    Տվյալները բերված են աղյուսակ 3-ում:

    5.2.2 Առողջապահության ոլորտ

    Համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնողական աշխատանքները համադրել ոլորտում տարվող քաղաքականության հետ՝ հիմք ընդունելով աղետի գոտու բնակավայրերում իրականացվող առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգային հիմնադրույթները:

    Համաձայն հայեցակարգային հիմնադրույթների՝ նախատեսվում է առողջապահական համակարգի կառուցվածքային եւ գործառութային վերափոխումների իրականացում իրական պահանջներին համապատասխան, բժշկական օգնության մատչելիության բարձրացմամբ՝ ներդնելով ընտանեկան բժշկի ինստիտուտի գաղափարը: Ընդ որում նշված գործընթացը իրականացվում է՝ պահպանելով բնակչությանը ցույց տրվող բուժօգնության ծավալները եւ մակարդակը:

    Ելնելով վերը շարադրվածից՝ երկրաշարժի հետեւանքով վնասված առողջապահական համակարգի բուժհաստատությունների օբյեկտների վերականգնման

    համար համալիր ծրագրով նախատեսվում է պետական պարտավորությունների ձեւավորման հետեւյալ սկզբունքները`

    -տնակային ժամանակավոր կացարաններում գործող սանիտարահիգիենիկ ցուցանիշներին չհամապատասխանող, վերակազմակերպվող համաբուժարանների փոխարեն կառուցել ընտանեկան բժշկի գրասենյակ.

    -վերականգնել այն վնասված կամ քանդված հիվանդանոցները, որոնք, համաձայն օպտիմալացման ծրագրերի, միավորում են միեւնույն գործառույթ ունեցող հիվանդանոցները:

    Համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել առողջության առաջնային պահպանման 15 օղակներ: Մնացած տնակային ժամանակավոր կացարաններում գործող համաբուժարանները նախատեսվում է վերակազմակերպման ճանապարհով միաձուլել ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ կադրերով հագեցած համաբուժարաններին:

    Գյուղական բնակչության առողջության առաջնային պահպանման օղակը բարելավելու նպատակով ծրագրով նախատեսվում է իրականացնել երկրաշարժի հետեւանքով վնասված գյուղական բժշկական ամբուլատորիաների վերակառուցում եւ վերականգնում, որով կավարտվի գյուղական բժշկական ամբուլատորիաների վերազինման գործընթացը:

    Երկրորդ ուղղությամբ նախատեսվում է վերականգնել 9 հիվանդանոց:

    Առողջապահության ոլորտի խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսերը կազմում են 1.028 մլրդ դրամ:

    Տվյալները բերված են աղյուսակ 4-ում:

    5.2.3 Մշակույթ

    Մշակութային ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակը մշակութային ժառանգության պահպանումն ու անխաթար փոխանցումն է սերունդներին:

    Մշակութային ժառանգության պահպանման, հասարակությանը մշակութային կյանքին մասնակից դարձնելու, մշակութային արժեքների մեկնաբանման եւ տարածման նպատակով համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել երկրաշարժի հետեւանքով վնասված 12 մշակութային օբյեկտներ, որի համար անհրաժեշտ է 1.004 մլրդ դրամ:

    Տվյալները բերված են աղյուսակ 5-ում:

    5.2.4 Ջրամատակարարում եւ ջրահեռացում (Ջ եւ Ջ)

    Աղետի գոտու բնակավայրերի ազգաբնակչությանն անհրաժեշտ որակի եւ քանակի խմելու ջրով անխափան ապահովման, առաջացած կեղտաջրերի կազմակերպված հեռացման ու սահմանված աստիճանի մաքրման նպատակով համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել առաջնահերթ վերականգնման միջոցառումներ ուղղված`

    -սակավաջուր բնակավայրերը խմելու ջրով ապահովելուն,

    - ջրամատակարարման որակի բարելավմանը,

    - էլեկտրաէներգիայի ծախսի կրճատման նպատակով ինքնահոս համակարգերի ստեղծմանը,

    - շուկայական հարաբերությունների ձեւավորման ընթացքում սպառողների եւ ծառայություն մատուցողների միջեւ պայմանագրային հիմունքներով փոխհարաբերությունների սահմանմանը,

    - բաժանորդային վարձավճարների գանձման նոր մեխանիզմների ստեղծմանը եւ կիրառմանը:

    Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը ներկա ծանր վիճակից դուրս բերելու, համակարգերի գործառութային նշանակության՝ վերականգնման եւ աշխատանքների բարելավման առաջնահերթ խնդիրները լուծելու համար նախատեսվում է ներդնել շուրջ 22,112 մլրդ դրամ:

    Տվյալները բերված են աղյուսակ 6-ում:

    5.2.5 Ինժեներական ենթակառուցվածքներ եւ բարեկարգում

    Համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցապատվող թաղամասերի ներքին ինժեներական ենթակառուցվածքներով ապահովումը, տնակներից տարածքների տեղահանման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վթարային ճանաչված շենքերի վնասազերծման եւ բարեկարգման աշխատանքների իրականացումը` հիմնականում տնակային տնտեսություններից ազատված եւ քանդման ենթակա շենքերի տարածքներում:

    Տնակային տնտեսություններից ազատված եւ քանդման ենթակա շենքերի տարածքների բարեկարգման աշխատանքներում նախատեսվում է հիմնականում ընդգրկել սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներին (նպաստ՝ աշխատանքի դիմաց):

    Նախատեսվում է բարեկարգել Գյումրի, Սպիտակ եւ Վանաձոր քաղաքների կենտրոնական եւ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասերը:

    Այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 1.724 մլրդ դրամ:

    5.3 Քաղաքաշինության ոլորտ

    Քաղաքաշինության ոլորտի կարգավորման հիմնախնդիրները եւ ծրագրային միջոցառումների իրականացման ներկայիս անհրաժեշտությունը պայմանավորված է՝

    - աղետալի երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում երկրում իրականացված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վերափոխումներով.

    - աղետի գոտու ժողովրդագրական իրադրության փոփոխությամբ.

    - մինչ այս իրականացված վերականգնողական աշխատանքների ծավալներով, դրանց ուղղվածությամբ եւ արդյունքների որակական չափանիշների գնահատմամբ:

    Այդ առումով խիստ կարեւորվում է ծրագրում այսուհետ քաղաքաշինական պետական քաղաքականության հիմնարար սկզբունքների ամրագրման եւ դրանց հետեւողական կենսագործման անհրաժեշտությունը: Տվյալ դեպքում հաշվի է առնվում, որ հանդիսանալով կենսամիջավայրի կազմակերպման բազմագործոն միջոց՝ քաղաքաշինական նպատակային ծրագրերը միաժամանակ հիմք են ներդրումային արդյունավետ քաղաքականության ձեւավորման համար:

    Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում քաղաքաշինական պետական քաղաքականության հիմնարար սկզբունքները հետեւյալն են՝

    - քաղաքաշինական հիմնավորված ծրագրային փաստաթղթերի միջոցով վերականգնողական բազմաբնույթ միջոցառումների պարտադիր համադրումը եւ ներդաշնակումը՝ ակնկալվող արդյունքի որակական չափանիշների առաջնայնությամբ.

    - բնակավայրերի եւ դրանց համակարգերի վերականգնման, միջբնակավայրային տարածքների վերականգնման եւ զարգացման միջոցառումների իրագործումը՝ «միջավայրային մոտեցման» պայմանների ապահովմամբ, ինչը նախատեսում է՝

    -համալիր կառուցապատման միջոցով ավարտուն եւ բարեկարգ կենսամիջավայրի ստեղծումը,

    -բնակելի ֆոնդի վերականգնմանը զուգընթաց, ինժեներական եւ հասարակական սպասարկման համարժեք ենթակառուցվածքների ձեւավորումը,

    -բնակավայրերի վերականգնման եւ բնակչության կենսաապահովման խնդիրներին զուգահեռ բնական միջավայրի պահպանությունը:

    Քաղաքաշինական նշված ծրագրային փաստաթղթերի մշակման հիմնական խնդիրներն են՝

    - կոնկրետ ծրագրերի մշակման միջոցով քաղաքաշինական ռազմավարության հիմնարար սկզբունքների գործնական կիրառումն ու ամրագրումը.

    - բնակավայրերի (հատկապես Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքների) կառուցապատման տարածքների իրատեսական ճշգրտումները՝ ելնելով «գոտու» սոցիալ-տնտեսական եւ ողովրդագրական ներկա պայմաններից.

    - համալիր կառուցապատում իրականացնելու համար անհրաժեշտ նախապայմանների եւ նպատակային ծրագրերի ապահովումը.

    - վերականգնման բազմաբնույթ միջոցառումների եւ գործողությունների համաձայնեցումը եւ դրանց համամասնությունների սահմանումը.

    - բնակավայրերում ժամանակավոր կացարանների՝ «տնակային թաղամասերի» ծրագրված վերացումը եւ ազատված տարածքների օգտագործման հիմնավոր ծրագրերի առաջադրումը.

    - բնակավայրերի գլխավոր հատակագծերի դրույթների վերանայումն ու վերաարժեքավորումը՝ նախագծման գոտեւորման սկզբունքների կիրառմամբ:

    Համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է աղետի գոտում ընդգրկված բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակումը, որոնց իրականացման համար անհրաժեշտ գումարը կազմում է 0.378 մլրդ դրամ:


    6. Համալիր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները

    Համալիր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 79.321 մլրդ դրամ: Ընդ որում, բնակարանային պայմանների բարելավման խնդիրների լուծման համար՝ 46,613 մլրդ դրամ, համալիր սպասարկման ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 32,330 մլրդ դրամ եւ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար՝ 0.378 մլրդ դրամ:

    Համալիր ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի, Համաշխարհային բանկի վարկի, ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված, «Հայաստան» համահայկական, «Լինսի», Սոցիալական ներդրումների հիմնադրամների միջոցների եւ այլ արտաբյուջետային աղբյուրների հաշվին:

    Պետական բյուջեի հաշվին համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ տարեկան բյուջեներով՝ այդ նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում:

    Կրթության եւ առողջապահության ոլորտների օբյեկտների վերականգնումը նախատեսվում է ավարտել 2002 թվականին, բնակարանային (նախկին պետական ֆոնդի), մշակութային, ինժեներական ենթակառուցվածքների եւ բարեկարգման խնդիրները լուծել 2003 թվականին:

    Ինչ վերաբերում է ծրագրով նախատեսված ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներին, ապա այն նախատեսված է ավարտել 2005 թվականին:

    Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները տրված են հաշվարկային խոշորացված գնահատականներով՝ ելնելով նմանատիպ աշխատանքների համար վերջին տարիների ընթացքում ձեւավորված մեկ միավոր հզորության արժեքից, եւ ենթակա են ճշտման տարեկան ծրագրերով: Տարեկան ծրագրերով ճշտումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես բնակարանային շուկայում, այնպես էլ շինարարական աշխատանքների պատվերները մրցույթներով տեղաբաշխելու արդյունքներով ձեւավորվող արժեքներից:

    Տվյալներն ըստ ֆինանսավորման աղբյուրների բերված են աղյուսակ 7-ում:

    Բացի այդ, այլ ոլորտներում հանրապետության կտրվածքով իրականացվող ծրագրերի շրջանակներում, աղետի գոտու բնակավայրերում նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ՝ ներդնելով շուրջ 60 մլրդ դրամ, մասնավորապես`

    Ջերմամատակարարման համակարգ

    Սպիտակի երկրաշարժի հետեւանքով վնասված ջերմամատակարարման համակարգի աշխատանքների բարելավման հարցերը նախատեսվում է լուծել ՀՀ կառավարության 06.12.2000թ. թիվ 808 որոշման համաձայն մշակվող ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է մշակել բնակչության համար ապագա ջեռուցման տարբերակները՝ հիմնվելով ջեռուցման պահանջարկի գնահատման վրա, ներառելով առեւտրայնացման շրջանակը:

    Գազամատակարարման համակարգ

    Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ աղետի գոտում նախատեսվում է գազաբաշխիչ ցանցերի վերականգնման, հակակոռոզիոն աշխատանքների իրականացում, ինչպես նաեւ բազային տնտեսությունների շահագործման հետ կապված առանձին հարցերի լուծում:

    2001թ. Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում նախատեսվում է վերականգնել շուրջ 180 կմ գազաբաշխիչ ցանցեր, որի արդյունքում կանխատեսվում է մոտ 5000 ընտանիքների ապահովումը բնական գազով:

    Այդ աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է ազգաբնակչության կողմից:

    Հետագա տարիների ծավալները կհստակեցվեն տարեկան պահանջարկի համաձայն:

    Ոռոգման համակարգ

    Աղետի գոտում, ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, գյուղատնտեսական արտադրության շուրջ 80%-ը բաժին է ընկնում ոռոգելի երկրագործությանը: Այդ իսկ պատճառով Շիրակի, Լոռու, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգի զարգացման ծրագիր:

    Ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսական մթերքների հուսալի արտադրության ապահովումը, բերքատվության եւ գյուղատնտեսական արտադրության եկամտաբերության բարձրացումը`

    - ոռոգելի հողատարածքների ջրաապահովության բարձրացմամբ,

    - համակարգերի հաշվառման եւ կառավարման կատարելագործմամբ,

    - պատվարների հուսալիության բարձրացմամբ:

    Այդ ուղղությամբ նախատեսվում է ներդնել շուրջ 7,6 մլրդ դրամ:

    Տրանսպորտի եւ կապի ոլորտ

    Տրանսպորտի եւ կապի ոլորտում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ուղղված աղետի գոտու բնակավայրերը կապող եւ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհների հատվածների վերանորոգմանը, երկաթուղային տրանսպորտի, տեղեկատվայնացման համակարգի աշխատանքների բարելավմանը:

    Այդ աշխատանքների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել տրանսպորտի վարկային ծրագրի, «Լինսի» հիմնադրամի եւ տնտեսավարող սուբյեկտների միջոցների հաշվին:

    Բացի այդ, «ԱրմենՏել» կազմակերպության կողմից նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ուղղված աղետի գոտու բնակավայրերի բաժանորդային ցանցերի վերակառուցմանը:

    Տրանսպորտի եւ կապի ոլորտով նախատեսվում է ներդնել շուրջ 50 մլրդ դրամ:

    Հասարակական օբյեկտներ եւ գույքային իրավունքի պետական գրանցում

    Համալիր ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել երկրաշարժի հետեւանքով վնասված Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի առաջին ատյանի դատարանների շենքերը. մասնավորապես, Գյումրիի առաջին ատյանի դատարանի շենքի կառուցումը, Վանաձորի, Ստեփանավանի եւ Իջեւանի առաջին ատյանի դատարանների շենքերի վերակառուցումը:

    Այդ ուղղությամբ նախատեսվում է ներդնել շուրջ 0.56 մլրդ դրամ: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է իրականացնել կադաստրային քարտեզագրման եւ գույքային իրավունքների առաջին պետական գրանցման շուրջ 1,0 մլրդ դրամի աշխատանքներ:

    Ծրագրով ընդգրկված աշխատանքների իրականացման սահմանային ժամկետը նախատեսվում է 2005 թվականին:


    7. Համալիր ծրագրի իրականացման կազմակերպչական սխեման

    ՀՀ պետական բյուջեի մասով համալիր ծրագրի վերականգնողական աշխատանքների իրականացման պատվիրատուն քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմինն է: Պատվիրատուն համալիր ծրագրի իրականացմանն առնչվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ մշակում է տարեկան ծրագրերի նախագծերը՝ ելնելով համալիր ծրագրով նախատեսված ծավալներից եւ ժամկետներից:

    Վերականգնողական աշխատանքների կապալառու կազմակերպությունների ընտրությունը, պատվիրատուի կողմից սահմանված քաղաքաշինական, տեխնիկական, ճարտարապետական եւ այլ պահանջներին համապատասխան, դրանց ֆինանսական գործընթացի վերահսկողությունը եւ ֆինանսավորման վճարահաշվարկային սպասարկումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Աղետի գոտու վերականգնողական (այդ թվում՝ այլ ֆինանսավորման աղբյուրների հաշվին) իրականացվող աշխատանքները համակարգում է քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմինը: Վերականգնողական աշխատանքների համակարգող քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:

    Աղետի գոտու բնակչությանը եւ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող արտոնություններն արտացոլվում են աղետի գոտու վերականգնման տարեկան ծրագրերում եւ համապատասխան օրինագծերի հետ միասին կառավարության կողմից ներկայացվում են Ազգային ժողովի քննարկմանը:

    8. Համալիր ծրագրի իրականացումից սպասվող արդյունքները

    Համալիր ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարելավել 14920 ընտանիքների բնակարանային պայմանները, վերականգնել 17342 աշակերտական տեղով 67 դպրոցներ եւ երկու բարձրագույն հաստատություններ, 480 մահճակալով 9 հիվանդանոցներ, 15 առողջապահության առաջնային պահպանման օղակներ, մշակութային նշանակության 12 օբյեկտներ:

    Բացի այդ, համալիր ծրագրի իրականացման գործընթացը (շինարարական, բարեկարգման աշխատանքներ եւ այլն) կխթանի աղետի գոտու բնակչության զբաղվածության աստիճանի բարձրացմանը: Շուրջ 139 մլրդ դրամ ներդրման արդյունքում վերականգնողական աշխատանքներում կանխատեսվում է ընդգրկել շուրջ 13 հազ. մարդ:

    Հարկ է նշել, որ աղետի գոտու բնակավայրերի բնակարանային շուկայի աշխուժացումը, բնակարանների գնման վկայագրերի ներդրման միջոցով, կնպաստի գոյություն ունեցող բնակարանային ֆոնդի օպտիմալ վերաբաշխմանը, ինչը հնարավորություն կտա քաղաքացիների մի մասին առք ու վաճառքի արդյունքում առաջացած ազատ միջոցներն ուղղել իր ընտանիքի բարեկեցության բարձրացմանը՝ փոքր եւ միջին բիզնեսի մասնակցությամբ:

    Բացի այդ, բնակչության զբաղվածության աստիճանի բարձրացման խնդիրները կապված են աղետի գոտու բնակավայրերի արտադրական ներուժի առավելագույնս օգտագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման հետ:

    Այդ ուղղությամբ, հանրապետության արդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգի համաձայն, աղետի գոտում արդյունաբերության ոլորտում իրականացվում են մի շարք կազմակերպչական եւ վերագործարկմանն ուղղված միջոցառումներ, որի արդյունքում կանխատեսվում է շուրջ 9500 աշխատատեղերի ստեղծում: