Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.1996
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, այդ տեղեկությունների հրապարակման, պահպանման եւ տրամադրման իրավական հիմքերը եւ կարգը, բանկային գաղտնիքի շուրջ ծագող հարաբերությունների մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը:

Հոդված 2. Բանկային գաղտնիքի մասին օրենսդրությունը

Բանկային գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում եւ սահմաններում՝ նաեւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքի գործողության շրջանակները

Սույն օրենքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, այդ թվում դրանց եւ օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի (բաժանմունքների), ներկայացուցչությունների վրա (այսուհետեւ՝ «բանկեր»), ինչպես նաեւ բոլոր այն ֆիզիկական, իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետեւ՝ անձինք) վրա, որոնք սույն օրենքով սահմանված կարգով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են ստացել կամ տեղեկացել են դրանց: Եթե կոնկրետ դրույթի բովանդակությունից այլ բան չի բխում, սույն օրենքում «բանկ» տերմինը ներառում է նաեւ Կենտրոնական բանկը՝ նաեւ օրենքով սահմանված պատասխանատվության առումով:

Հոդված 4. Բանկային գաղտնիքը

1. Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ նրա առեւտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները եւ նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել եւ բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:

2. Բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի եւ դրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին հայտնի դարձած սույն հոդվածի առաջին մասում սահմանված տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Բանկերը համարվում են Կենտրոնական բանկի հաճախորդներ:

Հոդված 5. Երրորդ անձինք

Սույն օրենքի իմաստով երրորդ անձ են համարվում բացի տվյալ բանկից եւ իր հաճախորդից, բոլոր այլ անձինք. ընդ որում, Կենտրոնական բանկը եւ բանկերը երրորդ անձ չեն հանդիսանում:

Հոդված 6. Բանկային գաղտնիքի հրապարակումը

1. Բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձեւով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է՝ թույլատրելը, չխոնչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետեւանքով այն հնարավոր դարձնելը:

2. Բանկին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ բանկի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց եւ կազմակերպություններին տվյալ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար եւ, որ այդ անձինք եւ կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն օրենքի 8 հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից՝ բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:

Հոդված 7. Բանկային գաղտնիքի հրապարակման արգելումը

1. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով՝ արգելվում է:

2. Սույն հոդվածը չի տարածվում բանկի հաճախորդի վրա՝ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակման մասով, ինչպես նաեւ բանկերի վրա՝ բանկերի վերահսկողության ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկությունների մասով:

3. Որոշակի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերվող տեղեկությունները՝ սույն օրենքի 14 հովածին համապատասխան:

Հոդված 8. Բանկային գաղտնիքի պահպանումը

1. Բանկերը երաշխավորում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը:

2. Բանկի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում բանկի ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաեւ այն անձանց ու կազմակերպություններին, որոնք բանկին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպես նաեւ իր անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետեւանքով այն հնարավոր դարձնելը:

3. Բանկերը պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել եւ կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

4. Բանկը կարող է դատարանում հրապարակել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հաճախորդի վերաբերյալ՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում եւ սահմաններում, եթե վեճը ծագել է բանկի եւ տվյալ հաճախորդի միջեւ: Տվյալ դեպքում, բանկի կամ հաճախորդի միջնորդությամբ դատական նիստը կարող է լինել դռնփակ:

Հոդված 9. Բանկային գաղտնիքի տրամադրումըը

1. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը՝ միայն սույն օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով եւ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձեւով հաղորդելն է:

2. Այն անձինք կամ կազմակերպությունները, բացառությամբ բանկերի, որոնց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունեն այդ տեղեկությունները տրամադրել: Կենտրոնական բանկը իրավունք չունի պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին կամ որեւէ այլ անձի տրամադրել բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի հաճախորդների վերաբերյալ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

Հոդված 10. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում հարուցող մարմիններին

1. Բանկերը քրեական գործով մեղադրյալ ճանաչված անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն խուզարկության մասին դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները եւ փաստաթղթերը՝ փակ եւ կնքված ծրարում: Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ տվյալ որոշումը ստանալու եւ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:

3. Բանկի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել բանկի հաճախորդի վերբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում եւ սույն օրենքի 11, 12 եւ 16 հոդվածներում սահմանված կարգով:

Հոդված 11. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը դատարանին

1. Բանկերը քաղաքացիական եւ քրեական գործերի կողմ հանդիսացող իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաեւ իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:

2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը ստանալու պահից երկու բանկային օրվա ընթացքում դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները եւ փաստաթղթերը՝ փակ եւ կնքված ծրարում: Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը ստանալու եւ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:

Հոդված 12. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին)

1. Բանկերը հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:

2. Բանկը պարտավոր է ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթերը ստանալու պահից հինգ բանկային օրվա ընթացքում տեղեկացնել դիմող անձանց կամ կազմակերպություններին ներկայացված փաստաթղթերի անբավարարության մասին՝ նշելով պակասող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իսկ դրանց բավարարության դեպքում՝ տասը բանկային օրվա ընթացքում նրանց հաղորդել հաճախորդի վերաբերյալ բանկում եղած սպառիչ տեղեկութունները եւ տրամադրել բոլոր փաստաթղթերը:

3. Բանկի կողմից սույն հոդվածին համապատասխան տեղեկությունները հաղորդելու եւ փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է գանգատարկվել դատարանում: Մերժման կամ սույն օրենքով սամանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու եւ փաստաթղթերը չներկայացնելու հետեւանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ չափով, եթե մերժումը եղել է անհիմն կամ ժամկետները խախտվել են բանկի մեղքով:

Հոդված 13. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հարկային մարմիններին

Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձանց՝ նրանց հարցման հիման վրա:

Հոդված 14. Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջեւ

1. Բանկերը, իրենց գործունեության անվտանգությունը, վարկերի եւ այլ ներդրումների վերադարձելիությունը ապահովելու նպատակով, կարող են միմյանց հետ փոխանակել կամ միմյանց տրամադրել իրենց հաճախորդների մասին տեղեկություններ, թեկուզեւ դրանք բանկային գաղտնիք կազմեն:

2. Կենտրոնական բանկը իրավունք ունի բանկերի վերահսկողության ընթացքում, ստանալու եւ ծանոթանալու բանկերի հաճախորդների վերաբերյալ տեղեկություններին, թեկուզեւ դրանք բանկային գաղտնիք կազմեն, եթե այդ տեղեկությունները անհրաժեշտ են վարկային եւ այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման համար:

Հոդված 15. Տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները

1. Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքի 10, 11, 12 եւ 13 հոդվածներին համապատասխան տրամադրում է միայն իր հաճախորդի վերաբերյալ. ընդ որում, եթե հաճախորդների՝ բանկում պահվող փաստաթղթերում նշված են այլ անձանց կամ կազմակերպությունների անուններ կամ անվանումներ, գործարքի (գործառնության) պայմաններ եւ նման այլ տեղեկություններ, վերջիններս սույն հոդվածի իմաստով համարվում են հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:

2. Բանկը իրավունք չունի իր տվյալ հաճախորդի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրելիս, վերջինիս կողմից կնքված պայմանագրերի կամ այլ գործարքների (գործառնությունների) կողմ հանդիսացող անձանց եւ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, եթե դրանք չեն պահանջվել սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 16. Բանկային գաղտնիքի տրամադրման պահանջի մերժումը

Բանկը պարտավոր է մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում սույն օրենքի դրույթներին:

Հոդված 17. Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը

1. Բանկերի ղեկավարները պարտավոր են քրեական հետապնդում իրականացնող մարմնին հայտնել իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին. ընդ որում, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները եւ փաստաթղթերը քրեական հետապնդում իրականացնող մարմնին տրամադրվում են սույն օրենքի 10 եւ 11 հոդվածներին համապատասխան: Բանկերի ծառայողները պարտավոր են իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության վերաբերյալ նման տեղեկությունների մասին գրավոր ձեւով հայտնել բանկի ղեկավարներին, կամ նրանցից թեկուզ մեկին:

2. Սույն օրենքի որեւէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես հանցագործության հետքերը եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները պարտակելու կամ հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից ազատող:

Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի 7, 8, 10, 11 եւ 15 հոդվածների պահանջների խախտման մեջ մեղավոր անձինք եւ կազմակերպությունները պարտավոր են հատուցել խախտման հետեւանքով բանկի հաճախորդին պատճառված վնասները լրիվ չափով: Նշված խախտումներըը առաջացնում են տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից մինչեւ տաս հազարապատիկի չափով եւ կարող են առաջացնել օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Տուգանքը կիրառվում է դատական կարգով:

Հոդված 19. Անցումային դրույթներ

Մինչեւ նոր քրեական դատավարքության օրենսգրքի ընդունումը, սույն օրենքի 10 հոդվածի համաձայն, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են միայն քրեական գործով մեղադրյալ ճանաչված անձի վերաբերյալ եւ դատախազի խուզարկության սանկցիայի հիման վրա՝ գործող քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

14 հոկտեմբերի 1996թ.
ՀՕ-80
 
 
 


02.12.1997 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
29.05.2002 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
03.03.2004 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
24.11.2004 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
14.12.2004 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
15.11.2005 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
27.02.2007 «Բանկային գաղտնիքի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.05.2008 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
26.05.2008 «Բանկային գաղտնիքի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
17.06.2008 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
22.10.2008 «Բանկային գաղտնիքի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
19.03.2012 «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին