Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.04.2000
  • Գլուխ I Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II Պետական վիճակագրության կազմակերպումը
  • Գլուխ III Պետական վիճակագրություն իրականացնող մարմնի եւ վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների իրավունքները եւ պարտականությունները
  • Գլուխ IV Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների իրավունքները եւ պարտականությունները
  • Գլուխ V Պատասխանատվությունը պետական վիճակագրության մասին օրենսդրությունը խախտելու համար
  • Գլուխ VI Միջազգային պայմանագրեր
  • Գլուխ VII Եզրափակիչ դրույթներ
  • Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման կարգը եւ կարգավորում է հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության եւ նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաեւ վերլուծության, փոխանակման եւ վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված հարաբերությունները:



    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Պետական վիճակագրության մասին օրենսդրությունը

    Պետական վիճակագրության մասին օրենսդրությունը կազմված է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

    Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

    Սույն օրենքի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մարմիններ չհանդիսացող պետական հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ), ինչպես նաեւ քաղաքացիների (վիճակագրական տեղեկություններ տրամադրողներ) վրա:

    Հոդված 3. Պետական վիճակագրությունը

    Պետական վիճակագրությունը պետական վիճակագրություն իրականացնող մարմնի եւ նրա ստորաբաժանումների կողմից վարվող գործունեությունն է՝ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա եւ տարեկան ծրագրերին համապատասխան:

    Հոդված 4. Պետական վիճակագրության հիմնական խնդիրները

    Պետական վիճակագրության հիմնական խնդիրներն են`

    ա) տնտեսական եւ հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, պետական հիմնարկներին եւ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը.

    բ) միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.

    գ) պետական վիճակագրական ռեգիստրի վարումը.

    դ) վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը.

    ե) վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձեւերի մշակման համակարգումը.

    զ) միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին՝ վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելուն աջակցությունը:

    Հոդված 5 . Պետական վիճակագրությանը ներկայացվող պահանջները

    Պետական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

    ա) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.

    բ) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի եւ տարածության մեջ, անանունությունը.

    գ) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը եւ ամբողջականությունը.

    դ) միջազգայնորեն ընդունված վիճակագրական չափանիշների եւ նորմերի հետ համադրելիությունը.

    ե) միջազգայնորեն ընդունված ազգային հաշիվներին վիճակագրական ցուցանիշների համապատասխանությունը.

    զ) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

    է) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարա-կայնությունը:


    ԳԼՈՒԽ II

    ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

    Հոդված 6. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը

    Պետական վիճակագրությունն իրականացվում է պետական վիճակագրություն իրականացնող մարմնի՝ Ազգային վիճակագրական ծառայության եւ նրա տարածքային ու գործառնական ստորաբաժանումների կողմից:

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից:

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմնի իրավասությունները սահմանվում են օրենքով:

    Հոդված 7. Ազգային վիճակագրական ծառայությունը

    Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը եւ համակարգում է այն Հայաստանի Հանրապետության տարածքում:

    Հոդված 8. Ծառայության տարածքային եւ գործառնական ստորաբաժանումները

    Ծառայության տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության մարզային բաժանմանը համապատասխան:

    Առանձին գործառնությունների իրականացման համար Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել գործառնական ստորաբաժանումներ, առանձին գործառնական լիազորություններ վերապահվել ծառայության տարածքային ստորաբաժանումներին:

    Ծառայության տարածքային եւ գործառնական ստորաբաժանումների ղեկավարներին նշանակում եւ ազատում է Ծառայության նախագահը, իսկ աշխատակիցներին՝ ստորաբաժանումների ղեկավարները:

    Հոդված 9. Ծառայության նախագահը

    Ծառայությունը ղեկավարում է նրա նախագահը, որը նշանակվում եւ ազատվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ 6 տարի ժամկետով:

    Ծառայության նախագահ կարող է նշանակվել բարձրագույն տնտեսագիտական կրթություն եւ վիճակագրության բնագավառում աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

    Ծառայության նախագահը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

    Ծառայության նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կառավարության նիստերին եւ կարող է կարծիք հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ:

    Ծառայության նախագահը՝

    ա) կազմակերպում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը.

    բ) ներկայացնում է Ծառայությունը ներքին եւ արտաքին հարաբերություններում.

    գ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    Ծառայության նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝

    ա) նրա հրաժարականի դեպքում.

    բ) նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

    գ) նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտելու դեպքում.

    դ) նրա մահվան դեպքում:

    Ծառայության նախագահի տեղակալներին նշանակում է Վիճակագրության պետական խորհուրդը՝ Ծառայության նախագահի ներկայացմամբ:

    Հոդված 10. Վիճակագրության պետական խորհուրդը

    Ծառայության եւ նրա ստորաբաժանումների կառավարման բարձրագույն մարմինը Վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ): Ծառայության նախագահը միաժամանակ հանդիսանում է Խորհրդի նախագահը:

    Պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումն իրականացնում է Խորհուրդը:

    Խորհուրդը՝

    ա) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը.

    բ) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում.

    գ) հաստատում է Ծառայության, նրա տարածքային եւ գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը.

    դ) վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը եւ հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը.

    ե) ընդունում է վիճակագրության բնագավառի իրավական ակտեր՝ օրենքով նախատեսված դեպքերում.

    զ) հաստատում է իր աշխատակարգը.

    է) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

    Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որոնք նշանակվում եւ ազատվում են Հանրապետության Նախագահի կողմից՝ 6 տարի ժամկետով:

    Խորհրդի անդամներ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք պետք է ունենան գործնական կամ գիտակրթական փորձառություն հետեւյալ բնագավառներում՝

    - ժողովրդագրության, սոցիոլոգիայի եւ հասարակական գործունեության,

    - տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման,

    - ֆինանսավարկային եւ բանկային,

    - բնապահպանության,

    - ձեռնարկատիրական գործունեության կառավարման,

    - տեղեկատվական տեխնոլոգիաների:

    Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում նոր նշանակումը կատարվում է ազատված անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:

    Խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝

    ա) նրա հրաժարականի դեպքում.

    բ) նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

    գ) նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտելու դեպքում.

    դ) մեկ տարվա ընթացքում Խորհրդի նիստերի կեսից ավելիին նրա անհարգելի բացակայության դեպքում.

    ե) նրա մահվան դեպքում:

    Խորհրդի նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կողմից՝ առնվազն ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել նրա առնվազն չորս անդամի պահանջով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

    Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են նրա անդամներից առնվազն 5-ը: Խորհրդի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակի կեսից ավելին:

    Խորհրդի որոշումներն ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից:

    Հոդված 11. Պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը

    Հայաստանի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է (այսուհետ՝ Ծրագիր):

    Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը:

    Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ ապահովեն տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

    Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

    Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է եռամյա ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար՝ տարեկան ծրագիր:

    Եռամյա ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ:

    Եռամյա ծրագիրը ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների: Եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը Ազգային ժողով է ներկայացվում Խորհրդի կողմից՝ մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը:

    Տարեկան ծրագիրը հաստատում է Խորհուրդը՝ Ծառայության նախագահի ներկայացմամբ, եւ հրապարակվում է:

    Տարեկան ծրագիրը ներառում է՝

    ա) վիճակագրական աշխատանքների ցանկը, դրանց կատարման ժամկետները, ընդգրկման դաշտը, ինչպես նաեւ դիտարկումների ձեւերը.

    բ) վիճակագրական ցուցանիշների տրամադրման պարբերականությունը.

    գ) Ծառայության կողմից իրականացման ենթակա հետազոտությունների, հրատարակվելիք վիճակագրական ժողովածուների, տեղեկագրերի եւ այլ հրապարակումների ցանկը եւ պարբերականությունը.

    դ) կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ վարչական ռեգիստրների եւ դրանց կողմից ներկայացվող ամփոփ վիճակագրական տեղեկությունների (տվյալների) ցանկը.

    ե) վիճակագրական տեղեկատվության սպառողների ցանկը, անվճար տրամադրվող տեղեկատվության կազմը եւ տրամադրման կարգը:

    Հոդված 12. Պետական վիճակագրական դիտարկումները

    Պետական վիճակագրական դիտարկումները (այսուհետ՝ դիտարկումներ), տնտեսության եւ հասարակության մեջ տեղի ունեցող երեւույթների եւ գործընթացների մասին տեղեկությունների (տվյալների) հավաքագրումն է՝ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից սկզբնական հաշվառման փաստաթղթերի կամ անմիջական հարցումների հիման վրա, նախապես մշակված ծրագրով, մեթոդներով եւ ձեւերով:

    Ծրագրի հիման վրա իրականացվող դիտարկումների մեթոդները (ներառյալ՝ ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը), ընտրանքը եւ անցկացման կարգը (ներառյալ՝ տեղեկությունների հավաքագրման՝ ներկայացման կարգը) սահմանում է Խորհուրդը:

    Դիտարկումներն ըստ ձեւերի իրականացվում են համատարած հաշվառմամբ, ընտրանքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաեւ հավաքագրված (այդ թվում՝ վարչական ռեգիստրներից ստացված) տվյալների օգտագործմամբ:

    Դիտարկումներն ըստ ընդգրկման դաշտի կարող են լինել համապետական, ճյուղային (գերատեսչական) եւ տարածքային, ինչպես նաեւ ըստ ընդգրկման դաշտի առանձին հատվածների:

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը դիտարկումներ անցկացնելիս այդ աշխատանքներում պայմանագրային կարգով կարող է ընդգրկել այլ իրավաբանական անձանց, պետական հիմնարկների, ինչպես նաեւ քաղաքացիների:

    Ծրագրով նախատեսված դիտարկումների անցկացման համար վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են Խորհրդի կողմից սահմանված կարգով անվճար տրամադրել անհրաժեշտ տվյալներ:

    Հոդված 13. Վիճակագրական եւ տեղեկատվական (վարչական) ռեգիստրներ

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վիճակագրական ներքին ռեգիստրներ, որոնք ապահովում են դրանցում կուտակվող տեղեկությունների հաշվառումը եւ ցուցանիշների նույնականացումը (իդենտիֆիկացումը):

    Հաշվառման եւ նույնականացման համակարգը գործում է տվյալ ռեգիստրի գործունեության ողջ ժամանակահատվածի համար:

    Ծառայությունը ստեղծում եւ վարում է բիզնես(ձեռնարկատիրական)-ռեգիստր:

    Բիզնես-ռեգիստրի ստեղծումը եւ վարումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հիման վրա: Բիզնես-ռեգիստրը Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց իրական գտնվելու վայրի, գործունեության հիմնական եւ ոչ հիմնական տեսակների, աշխատողների թվաքանակի եւ Խորհրդի կողմից սահմանված լրացուցիչ այլ ցուցանիշների մասին մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա է:

    Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ներառյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններ) իրականացնում են ճյուղային (գերատեսչական) եւ տեղական (համայնքային) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով:

    Վարչական ռեգիստրները պետք է ներառեն առնվազն հետեւյալ բաղադրիչները՝

    ա) Ծրագրում ընդգրկված՝ վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից Ծառայությանը ներկայացվող անհրաժեշտ ցուցանիշները.

    բ) համայնքների անձնագրերի վարումը, ինչը ներառում է բնակչության թվաքանակի, սեռատարիքային եւ սոցիալական կազմի, համայնքում տեղաբաշխված մշակութային, կրթական եւ մարզական համալիրների (կառույցների), առողջապահության, բնակարանային կոմունալ տնտեսության, արտադրական ենթակառուցվածքների, համայնքի բյուջեի եւ այլ անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ մշտապես կուտակվող եւ պահպանվող ցուցանիշների համակարգը:

    Պետական վիճակագրական եւ վարչական դիտարկումների միջոցով հավաքագրված տեղեկությունների (տվյալների) ամբողջությունը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տեղեկատվության միասնական համակարգը:

    Ծրագրով նախատեսված վարչական տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը եւ փաստաթղթերի ձեւերը սահմանվում են Խորհրդի կողմից:

    Հոդված 14. Պետական վիճակագրական եւ այլ տեղեկությունների (տվյալների) հավաքագրումը, օգտագործումը, հրապարակումը եւ պահպանումը

    Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար պետական վիճակագրական տեղեկությունները (տվյալները) հավաքագրվում (տրամադրվում) են Խորհրդի կողմից սահմանված ձեւիվիճակագրական փաստաթղթերի միջոցով:

    Վիճակագրական տեղեկությունները հավաքագրվում են հետեւյալ տեսակի վիճակագրական փաստաթղթերի միջոցով`

    ա) պետական վիճակագրական հաշվետվություններ.

    բ) հետազոտությունների հարցաթերթեր.

    գ) դիտարկումներին վերաբերող այլ՝ Խորհրդի կողմից հաստատվող տեսակի փաստաթղթեր եւ տեղեկանքներ:

    Մարդահամարներն իրականացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

    Փաստաթղթերի ձեւերը ներառում են վիճակագրական տվյալների ծավալը, ներկայացման հասցեները եւ ժամկետները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների շրջանակը եւ այլ տվյալներ:

    Ծրագրով նախատեսված դեպքերում Ծառայությանը տեղեկությունները ներկայացվում են ամփոփված ձեւերով:

    Վիճակագրական տեղեկությունները (տվյալները) պետք է լինեն արժանահավատ: Վիճակագրական փաստաթղթերի լրացման (վիճակագրական ցուցանիշների հաշվարկման) համար հիմք են ծառայում հաշվապահական հաշվառումը եւ ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված նորմերը: Օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից իրականացվում են հատուկ հաշվարկներ եւ ճշգրտումներ, ներկայացվում են վիճակագրական տվյալներ (տեղեկություններ) սահմանված պահանջներին համապատասխան:

    Վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի (այսուհետ՝ վիճակագրական գաղտնիք), եթե դրանց միջոցով հնարավոր է ուղղակի կամ անուղղակի ձեւով բացահայտել (նույնականացնել, իդենտիֆիկացնել) վիճակագրական տեղեկություն տրամադրողին` ձեռք բերել, անհատական (անվանական) տեղեկություններ: Տվյալները, որոնք հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից, վիճակագրական գաղտնիք չեն համարվում:

    Վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները, առանց դրանց ներկայացնողի համաձայնության, հրապարակման կամ այլ ձեւով տարածման ենթակա չեն: Համաձայնությունը պետք է արտահայտված լինի գրավոր: Իրավաբանական անձանց դեպքում համաձայնությունը տրվում է նրա գործադիր մարմնի կամ նրա կանոնադրությամբ համապատասխան լիազորություն ունեցող այլ մարմնի կողմից: Համաձայնությունը կարող է պարունակել տվյալների օգտագործման վերաբերյալ սահմանափակումներ: Տեղեկությունների չհրապարակման կամ այլ ձեւով չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ դրանք հանդիսանում են բնական կամ այլ մենաշնորհային գործունեությունն արտացոլող տեղեկություններ, որոնց չհրապարակումը (չտարածումը) էապես կազդի վիճակագրական տեղեկատվության ամբողջականության սկզբունքների պահպանման վրա: Նման դեպքերում հրապարակման (տարածման) մասին որոշումը կայացնում է Խորհուրդը:

    Վիճակագրական տեղեկություն տրամադրողի ուղղակի բացահայտում է տեղի ունենում, երբ հայտնի է դառնում նրա անունը (անվանումը), գտնվելու վայրը, դասակարգման նույնականացման ծածկագիրը: Անուղղակի բացահայտում է տեղի ունենում, երբ որեւէ միավորի անհատականությունը հնարավոր է լինում պարզել վերը չնշված տվյալների միջոցով:

    Վիճակագրական գաղտնիք պարունակող տվյալները բացառիկ դեպքում կարող են տրամադրվել կամ հրապարակվել անհատական (անվանական) տվյալների ուղղակի բացահայտման հնարավորություն չտվող ձեւով եւ մասով՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով՝ Խորհրդի որոշմամբ:

    Տվյալների հրապարակում կամ տարածում չի համարվում վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակցին եւ այդ մարմնին ծառայություններ մատուցող անձանց հավաքագրված տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, եթե՝

    ա) դրանք անհրաժեշտ են վիճակագրական աշխատանքներ կատարելու համար.

    բ) այդ անձինք ձեռնպահ են մնացել աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած վիճակագրական գաղտնիք բովանդակող տեղեկության հրապարակումից, ինչպես նաեւ իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով, դրանք օգտագործելուց կամ հրապարակելուց:

    Խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրություն իրականացնող մարմինը ձեռնարկում է միջոցներ վիճակագրական գաղտնիք բովանդակող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

    Պետական վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձեւերը որոշում է Խորհուրդը՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

    Ծրագրով նախատեսված հրապարակումները տեղադրվում են Ինտերնետ ցանցում եւ Ծառայության բաց գրադարանում:

    Ծրագրով նախատեսված վիճակագրական տեղեկատվությունից անվճար օգտվողների ցանկում չընդգրկված եւ Ծրագրով անվճար տրամադրվող տեղեկատվության ծավալից դուրս այլ սպառողներին տրամադրվող տեղեկատվության, դրա մշակման, ամփոփման աշխատանքների դիմաց Ծառայությունը գանձում է վճար, որի հաշվարկման, վճարման եւ օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:

    Վիճակագրական տեղեկատվությունը համարվում է պաշտոնական, եթե այն հրապարակված է`

    ա) Ծառայության կամ նրա տարածքային ու գործառնական ստորաբաժանումների կողմից.

    բ) պետական մյուս մարմինների կողմից՝ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի ներկայացրած տեղեկատվության հիման վրա:

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմնից բացի վարչական վիճակագրություն իրականացնողմարմինները կարող են հրապարակել գերատեսչական եւ համայնքային տեղեկատվություն՝ նշելով դրա աղբյուրը:

    Պետական վիճակագրական տեղեկատվության պահպանման կարգը եւ ժամկետները սահմանվում են օրենքով:


    ԳԼՈՒԽ III

    ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 15. Պետական վիճակագրություն իրականացնող մարմնի իրավունքները

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում իրավունք ունի՝

    ա) ստանալ հավաստի վիճակագրական տվյալներ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

    բ) պայմանագրային հիմունքներով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստանալ անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ քաղաքացիներից՝ նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, ինչպես նաեւ տնային տնտեսությունների վերաբերյալ.

    գ) պատրաստել ու ներկայացնել համապատասխան եզրակացություններ եւ առաջարկություններ սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա.

    դ) պարզաբանել վիճակագրական տեղեկատվության եւ տվյալների ոչ ճիշտ օգտագործման եւ մեկնաբանման դեպքերը.

    ե) ներդնել վիճակագրական տեղեկություններ ստանալու համար Խորհրդի կողմից հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձեւերը.

    զ) վիճակագրական փաստաթղթերում արտացոլված տվյալների, տեղեկությունների (սկզբնական կամ ամփոփ ձեւով) արժանահավատությունը, ամբողջականությունը եւ տվյալների հաշվարկման կարգի պահպանումն ապահովելու նպատակով սահմանված կարգով իրականացնել ստուգումներ, խախտումների հայտնաբերման դեպքում դրանց վերացման նպատակով տալ անհրաժեշտ հրահանգներ եւ կատարել համապատասխան ուղղումներ սկզբնական եւ ամփոփ վիճակագրական տվյալներում.

    է) անցկացնել փորձաքննություն վիճակագրության եւ հաշվառման հարցերի վերաբերյալ.

    ը) Ծրագրից դուրս պայմանագրային հիմունքներով մատուցել վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական, հրատարակչական եւ կանոնադրությամբ նախատեսված այլ ծառայություններ՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

    թ) ընդունել վիճակագրական աշխատանքների իրականացման եւ սույն օրենքի 14 հոդվածի երկրորդ մասում նշված փաստաթղթերի ձեւերի լրացման հետ կապված՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր.

    ժ) կնքել համագործակցության պայմանագրեր այլ պետությունների վիճակագրություն իրականացնող մարմինների եւ միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

    Հոդված 16. Պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պարտականությունները

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը պարտավոր է՝

    ա) կազմակերպել Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը.

    բ) Հանրապետության Նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին, ինչպես նաեւ Ծրագրով սահմանված այլ պետական մարմիններին ապահովել երկրի տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բնապահպանական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ՝ Ծրագրով նախատեսված կարգով.

    գ) ապահովել պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը.

    դ) պահպանել հավաքագրված վիճակագրական տվյալների անանունությունը.

    ե) չհրապարակել եւ չտարածել սկզբնական վիճակագրական տեղեկությունները.

    զ) իրավաբանական անձի, պետական հիմնարկի կամ քաղաքացու դիմումով տրամադրել տվյալների բանկում գտնվող նրանց վերաբերյալ տեղեկություններ.

    է) պետական վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին անվճար ապահովել վիճակագրական հաշվետվությունների ձեւերով եւ հրահանգներով, նրանց տեղյակ պահել վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների, պարբերականության եւ ներկայացվող պահանջների մասին:

    Հոդված 17. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների իրավունքները

    Վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններն օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունեն՝

    ա) ստանալ վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ եւ տեղեկություններ իրավաբանական անձանցից, պետական հիմնարկներից եւ անհատ ձեռնարկատերերից.

    բ) հրապարակել իրենց կողմից իրականացված տեղեկատվական գործառույթների (վարչական բնույթի դիտարկումների) արդյունքները՝ նշելով սկզբնաղբյուրը:

    Հոդված 18. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների պարտականությունները

    Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինները պարտավոր են դիտարկումների եւ այլ աշխատանքների իրականացման ժամանակ պահպանել օրենսդրության պահանջները:

    ԳԼՈՒԽ IV

    ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 19. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների իրավունքները

    Պետական վիճակագրական տեղեկություններ տրամադրողներն իրավունք ունեն՝

    ա) պետական վիճակագրություն իրականացնող մարմնից անվճար ստանալ վիճակագրական հաշվետվությունների ձեւեր եւ հրահանգներ.

    բ) պետական վիճակագրություն իրականացնող մարմինների տվյալների բանկից ստանալ իրենց վերաբերյալ սկզբնական տվյալները.

    Հոդված 20. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների պարտականությունները

    Պետական վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են՝

    ա) Ծրագրին համապատասխան՝սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնել Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ վիճակագրական տվյալներ եւ տեղեկություններ.

    բ) կատարել պետական վիճակագրության եւ հաշվառման վերաբերյալ վիճակագրություն իրականացնող մարմնի ցուցումները:

    Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները վիճակագրական հաշվետվությունները (հարցաթերթերը եւ այլն) լրացնում եւ ներկայացնում են ինքնուրույնաբար, եթե Խորհրդի կողմից այլ կարգ սահմանված չէ:


    ԳԼՈՒԽ V

    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Հոդված 21. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների եւ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

    Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաեւ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

    Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում տասնհինգ օրվա ընթացքում կատարվում է գրավոր նախազգուշացում: Սահմանված ժամկետից հաշվետվությունները մեկ ամսից ավելի ուշացնելու եւ գրավոր նախազգուշացման ներկայացումից տասնհինգ օրվա ընթացքում հաշվետվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում եւ այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

    Պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

    ԳԼՈՒԽ VI

    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

    Հոդված 22. Միջազգային պայմանագրերը

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    ԳԼՈՒԽ VII

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

    Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մայիսի 29-ին ընդունված «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

    Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարությունը վերակազմավորվում է Ազգային վիճակագրական ծառայության՝ դառնալով նրա իրավահաջորդը:

    Մինչեւ սույն օրենքով սահմանված Վիճակագրության պետական խորհրդի կողմից համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործում են պետական վիճակագրության բնագավառը կանոնակարգող իրավական ակտերը:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    26 ապրիլի 2000թ.
    ՀՕ-48




    28.06.2002 «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    19.03.2012 «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    30.09.2013 «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին