Օրենքը չի գործում:
Գործում է «Հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքը

English   Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ*

Ընդունվել է 14.05.1997


ԲԱԺԻՆ I.

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը (այսուհետ՝ ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման բոլոր փուլերում։

Հոդված 2. ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող եւ սույն օրենքի 6 հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ՝ անձինք)։

Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը։ Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց։

Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա այն քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ ֆիզիկական անձինք), ովքեր գործատուների հետ կնքած պայմանագրերի համաձայն հանդիսանում են վարձու աշխատողներ եւ միաժամանակ չեն իրականացնում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ)` ԱԱՀ վճարող չեն հանդիսանում։

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը։

(փոփ. 30.12.97 ՀՕ-177, 29.12.00 ՀՕ-126)

Հոդված 3. Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը տվյալ օրացուցային տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե դրան նախորդող օրացուցային տարում այդ անձանց սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը (ներառյալ 6 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող շրջանառության գումարը) գերազանցել է 30 միլիոն դրամը։

Անկախ նշված չափից, ԱԱՀ վճարող համարվւմ են այն անձինք, որոնք՝

- գերազանցել են »Հաստատագրված վճարնրի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը,

- »Պարզեցված հարկի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն չեն համարվում կամ դադարում են համարվել պարզեցված հարկ վճարողներ,

- միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող եւ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (ԱԱՀ-ով հարկվող գործունեության մասով)։

Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնող եւ »Պարզեցված հարկի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզեցված հարկ վճարող համարվող անձանց վրա։

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց սույն օրենքի 6 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը։ Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում եւ վճարում են 3 միլիոն դրամը գերազանցող մասին համար։

Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված հասույթի մեծությունից, այն անձը, որը հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնի հայտարարաթյուն՝ իրեն ԱԱՀ վճարող ճանաչելու վերաբերյալ, կհամարվի այդպիսին՝ հայտարարությունում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ այն ներկայացնելու օրվանից։ Նշված անձն ԱԱՀ վճարող է համարվում իրեն այդպիսին ճանաչելու օրվանից սկսած՝ ընթացիկ տարվա եւ դրան հաջորդող օրացուցային մեկ տարվա ընթացքում։

Հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը՝ առանց կատարված ծախսերի (այդ թվում՝ ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման։ Առեւտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը։

(փոփ. 30.12.97 ՀՕ-177, 30.12.98 ՀՕ-276, 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 4. Մեկից ավելի անձինք կարող են լինել մեկ՝ կենտրոնացված ԱԱՀ վճարող։ Այդպիսի կենտրոնացված ԱԱՀ վճարողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ԲԱԺԻՆ II.

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված։

Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում՝

1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ ապրանքների եւ անշարժ գույքի) սեփականության իրավունքը՝ հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով։

Ֆիզիկական անձանց անձնական գույքի օտարումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ապրանքների մատակարարում չի համարվում.

2) ծառայությունների մատուցումը՝ ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը)։ Ծառայությունների մատուցում է համարվում նաեւ ապրանքների եւ անշարժ գույքի վարձակալությունը.

3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը՝ սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում եւ ծառայությունների մատուցում՝ տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի.

4) »ներմուծում ազատ շրջանառության համար« մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում եւ գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ՝

ա) կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքների, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, եւ որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման։

բ) ուժը կորցրել է 27.12.01 ՀՕ-288

(փոփ. 29.09.97 ՀՕ-141, 30.12.97 ՀՕ-177, 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 7. ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)՝

1) պետական տուրքի գումարը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա՝ հարկ վճարողների կողմից՝

- ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,

- մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության եւ ստացված հատուցման տարբերությունը.

3) հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները. այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց կոմպլեկտավորող տարրերի անհատույց փոխարինումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների արժեքում.

4) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում սեփականաշնորհման), ինչպես նաեւ ապապետականացման գործարքները.

5) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության՝ օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գործարքները.

6) պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալական գործարքները.

7) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126

8) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126

9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի եւ պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը.

10) բռնագրավման կամ նվիրատվության ձեւով գույքի կամ գույքային իրավունքի օտարումը պետությանը.

11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը՝ այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.

12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.

13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը.

14) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126

(լրաց. 28.07.98 ՀՕ-242, 29.12.00 ՀՕ-126, փոփ. 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետեւյալ կարգով՝

1) ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ՝ այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)՝ առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում։

Շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաեւ այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը կամ ներմուծողը։

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց՝ օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի եւ գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը.

3) ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում՝ ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի եւ դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը.

4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով եւ ժամկետներում։ Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով.

5) հանձնարարության, կոմիսիայի եւ գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգեւավճար եւ հատուցման համանման այլ ձեւեր)՝ առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ.

6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաեւ այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծությունը (գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգեւի կամ այլ դրամական հատուցման մեծությունը), իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի իրական արժեքը).

7) փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը՝ առանց ԱԱՀ-ի.

8) ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաեւ ակցիզային հարկի գումարը։

(փոփ. 30.12.98 ՀՕ-276, 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

ԲԱԺԻՆ III.

ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 9. ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս՝ ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ։

Ապրանքների ու ծառայությունների լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ (ներառյալ 20 տոկոս դրույքաչափը) ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափով։

Հոդված 10. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է սահմանվում սույն օրենքի 16 հոդվածում նշված ապրանքների եւ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ։

Հոդված 11. ԱԱՀ առանձին վճարողների, նրանց խմբերի, գործարքների եւ գործառնությունների առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ։

ԲԱԺԻՆ IV.

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ

Հոդված 12. Ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվում են։ Ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք՝

ա) առաքվել կամ հանձնվել են գնորդին (պատվիրատուին) Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ) արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից։

Ներմուծված ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում դրանց ներմուծման պահից։

Հոդված 13. Ծառայությունը համարվում է մատուցված Հայաստանի Հանրապետությունում, եթե ծառայությունների մատուցման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ծառայությունների մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղ ծառայություն մատուցող անձը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի վայրի բացակայության կամ որոշման անհնարինության դեպքում՝ նշված անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված դեպքերի)։

Հոդված 14. Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար, այդ թվում՝ վարձակալության, առք ու վաճառքի գործակալների եւ փորձագետների ծառայությունների, շինարարության նախապատրաստման եւ իրականացման ծառայությունների (ներառյալ նախագծման, հետախուզման, վերահսկողության եւ այլ հարակից ծառայությունները) մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը կամ նախատեսվում է դրա կառուցումը։

Տրանսպորտային ծառայությունների համար մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղից սկսվում է բեռների, փոստի, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումը։ Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող եւ չընդհատվող երթուղով բեռների, փոստի, ուղեւորների եւ ուղեբեռների միասնական միջազգային փաստաթղթերով ձեւակերպված փոխադրումների (այսուհետ՝ միջազգային փոխադրումներ) մատուցման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում։

Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության եւ առողջապահության ոլորտներում մատուցվող ծառայությունների (ներառյալ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունները), օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, բեռների մշակումը, պահպանումը եւ այլ ծառայություններ), շարժական գույքի գնահատման, նորոգման, տեղակայման եւ համանման այլ ծառայությունների մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդ ծառայությունները փոստացի մատուցվում են։

Արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների եւ համանման այլ իրավունքների՝ այլ անձանց փոխանցման, գովազդային, խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական եւ համանման այլ ծառայություններ, ինչպես նաեւ տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման եւ տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական եւ ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակների փոխադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայությունն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են նշված ծառայությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը։

Փոխադրամիջոցների վարձակալության դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ վարձատուն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ դրա բացակայության դեպքում՝ նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը։

Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա պետության տարածք մատուցվող փոստային եւ էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ պետության տարածքը։ Օտարերկրյա պետության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք մատուցվող փոստային եւ էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքը։

(փոփ. 30.12.98 ՀՕ-276)

ԲԱԺԻՆ V.

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ

Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը՝ հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է։ ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նշված հետեւյալ գործարքները եւ գործառնությունները՝

1) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126.

2) հանրակրթական դպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման եւ վերաորակավորման միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ ուսման վարձի մասով.

3) դպրոցական գրելու եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական եւ դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների իրացումը.

4) գիտահետազոտական աշխատանքները.

5) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126

6) անասնաբուժական դեղամիջոցների իրացումը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատների, պարարտանյութերի, գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմացուների եւ տնկանյութի իրացումը՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին.

7) արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.

8) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տունինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաեւ խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների եւ կատարված ծառայությունների իրացումը.

9) ուժը կորցրել է 27.12.01 ՀՕ-288

10) թերթերի եւ ամսագրերի իրացումը.

11) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաեւ մահվան եւ հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը եւ համապատասխան պարագաների իրացումը.

12) կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաների, ինչպես նաեւ կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.

13) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126

14) վիճակախաղերի տոմսերի անվանական արժեքով իրացումը.

15) ապահովագրական եւ վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ՝ դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների եւ գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

16) կենսաթոշակային ապահովման գործառնությունները, ներառյալ դրանց հետ կապված միջնորդների եւ գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

17) ֆինանսական հետեւյալ գործառնությունները եւ ծառայությունները՝

- ցպահանջ, ժամկետային, խնայողական եւ նման այլ ավանդների ընդունումը, բանկային եւ ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաեւ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում՝ պարտքերը կամ առեւտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, գնումը, վաճառքը, այդ թվում՝ վերավաճառելու նպատակով կամ պայմանով գնումը, ի պահ ընդունումը եւ հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի եւ այլ գործիքների թողարկումը, գնումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը.

- արտարժույթի (թղթադրամի եւ մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող եւ այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների եւ բանկային տոմսերի) գնումը, վաճառքը եւ փոխանակումը, հայկական դրամի եւ արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների եւ նման այլ գործարքների կատարումը.

- կանխիկ տրամադրման ծառայությունները.

- բանկերի կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.

- լիազորագրային կառավարման կամ այլ ձեւով այլ անձանց ներդրումների (ինվեստիցիաների) կառավարումը.

- թանկարժեք մետաղների ստանդարտացված (բանկային) ձուլակտորների գնումը, վաճառքը, դրանցով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանցով այլ գործառնությունների կատարումը.

- բրոքերային եւ միջնորդական այլ ծառայություններ.

- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած՝ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը.

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ եւ այլ վճարների) ընդունման, ինչպես նաեւ աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական եւ այլ վճարների կատարման ծառայությունները՝ կնքված պայմանագրերի համաձայն.

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների եւ այլ տեղեկությունների ձեւակերպումը եւ տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները.

18) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126

19) դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի եւ պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ եւ ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված եւ այլ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների եւ կատարված ծառայությունների իրացումը.

20) ուժը կորցրել է 27.12.01 ՀՕ-288

21) միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

22) հասարակական (այդ թվում՝ բարեգործական) եւ կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը.

23) ուժը կորցրել է 27.12.01 ՀՕ-288

24) ուժը կորցրել է 17.10.97 ՀՕ-146

25) ուժը կորցրել է 17.10.97 ՀՕ-146

26) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցսնկում նշված թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի իրացումը.

27) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր - 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը։

(լրաց. 17.10.97 ՀՕ-146, 08.01.01 ՀՕ-137, 20.08.01 ՀՕ-210, փոփ. 10.11.97 ՀՕ-152, 30.12.97 ՀՕ-177, 30.12.98 ՀՕ-276, 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 16. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը՝ սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ՝ հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է։

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը կիրառվում է՝

1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս »արտահանում ազատ շրջանառության համար« մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաեւ միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի եւ ուղեւորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ.

Օտարերկրյա անձանց կողմից հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են նրանց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

2) օդանավակայաններում մաքսային եւ անձնագրային հսկողության տարածքից հետո հատուկ առանձնացված վայրերում միջազգային երթուղիներով մեկնող ուղեւորներին ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչեւ վաճառքի դրվելը անցել են մաքսային ձեւակերպում ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126

4) ուժը կորցրել է 27.12.01 ՀՕ-288

5) միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ աէրոնավիգացիոն, թռիչքվայրեջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաեւ միջազգային երթուղիներով փոխադրվող ուղեւորների, ուղեբեռների, բեռների եւ փոստի սպասարկման ծառայությունների եւ փոխադրման ընթացքում ուղեւորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.

6) այն ծառայությունների (այդ թվում՝ գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են եւ ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.

7) օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից տրված հումքից, նյութերից եւ կիսաֆաբրիկատներից իրենց պատվերով Հայաստանի Հանրապետության տարածքում այն արտադրանքի մշակման կամ հավաքման, շարժական գույքի նորոգման, արդիականացման եւ համանման այլ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք արտահանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում.

8) այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում.

9) ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126

10) ուժը կորցրել է 30.12.98 ՀՕ-276

11) դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ.

12) հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ.

Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների մոտ դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների եւ մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

(փոփ. 30.12.97 ՀՕ-177, 30.12.98 ՀՕ-276, 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 17. Առանձին օրենքներով կարող են սահմանվել ԱԱՀ՟ից ազատման եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ։

(փոփ. 30.12.97 ՀՕ-177)

ԲԱԺԻՆ VI.

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Ենթաբաժին I.

Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը

Հոդված 18. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարողներն ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքներ մատակարարելու եւ ծառայություններ մատուցելու դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի հաշվարկային փաստաթուղթը՝ լրացված սույն օրենքի 20 հոդվածի համաձայն։

(փոփ. 30.12.97)

Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում՝

1) ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից,

2) այն ապրանքների եւ ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից.

3) սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար։

Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում՝ բեռնաառաքման) եւ վճարային փաստաթղթեր։

Հոդված 20. Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են հետեւյալ տվյալները՝

ա) հաշվի հերթական համարը եւ դուրս գրման ամսաթիվը.

բ) ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի անվանումը եւ իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը եւ ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում.

գ) ապրանքներ կամ ծառայություններ ստացող անձի անվանումը եւ իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը եւ ազգանունը, բնակության վայրը.

դ) ապրանքների անվանումը եւ քանակը կամ ծառայություների տեսակը եւ ծավալը.

ե) ապրանքների գինը եւ ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինը եւ հատուցման ընդհանուր գումարը՝ առանց ԱԱՀ-ի.

զ) հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով).

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված այլ տեղեկություններ։

Որպես հարկային հաշիվ կարող են ծառայել նաեւ առեւտրի եւ սպասարկումների ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից տրված ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման չեկերը (կտրոնները), եթե դրանք պարունակում են սույն հոդվածի »ա« եւ »բ« կետերում նշված տվյալները, ինչպես նաեւ ապրանքների եւ մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքն ու դրանում ներառված ԱԱՀ-ի գումարը։ Առանձին տվյալների բացակայության դեպքում դրանք պետք է արտացոլվեն չեկին կցվող սահմանված կարգով լրացված հարկային հաշվում։

ԱԱՀ վճարող չհանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց համար մանրածախ հարկային հաշիվ (չեկ) դուրս է գրվում կապված Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս՝ դրանց համար վճարված ԱԱՀ-ի գումարները նրանց վերադարձնելու հետ։

Մանրածախ առեւտրի եւ սպասարկման ոլորտում ապրանքների գնման կամ ծառայությունների ձեռքբերման դեպքում գնորդների (հաճախորդների) պահանջով ԱԱՀ վճարող հանդիսացող անձինք պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ՝ սույն հոդվածում նշված տվյալներով։

Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչեւ դրան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկություններ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների եւ իրենց կողմից մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ։ Ընդ որում, այդ տեղեկություններում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը։

(լրաց. 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288, փոփ.30.12.97 ՀՕ-177)

Հոդված 21. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ԱԱՀ-ի հաշվարկումը եւ գանձումը հիմնավորվում է մաքսային ձեւակերպման ժամանակ լրացնող մաքսային հայտարարագրերով եւ վճարային փաստաթղթերով (վճարման հանձնարարագիր, անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթեր)։

Հոդված 22. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել եւ դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարի պահպանել իրենց կողմից տրված բոլոր հարկային հաշիվների պատճենները, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը հաստատող հաշիվները, ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին ԱԱՀ-ի վճարումը հաստատող հայտարարագրերը, ինչպես նաեւ ԱԱՀ-ի հաշվարկմանը եւ վճարմանը վերաբերող այլ փաստաթղթեր։

Ենթաբաժին II.

ԱԱՀ-ի հաշվարկման կարգը

Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝

1) արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության ներքին տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների (ներառյալ՝ հիմնական միջոցների), ոչ նյութական ակտիվների եւ մատուցված ծառայությունների մատակարարների կողմից՝ սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով, բացառությամբ՝ օրենքի 241 հոդվածում նշված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների։ Այդ հոդվածում նշված՝ 2002 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց վճարումը.

2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով եւ չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին։

Սույն օրենքի 3 հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող դարձած եւ սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառման կանգնած անձինք հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածով սահմանված կարգով հաշվանցում են սույն օրենքի 3 հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու պահից հետո ձեռք բերված (այդ թվում՝ ներմուծված) ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված (մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները։

ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում՝ մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում։

(փոփ. եւ լրաց. 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 24. (ուժը կորցրել է 29.12.00 ՀՕ-126)

Հոդված 241 . Մինչեւ 2006 թ. հունվարի 1-ը բնակչությանը խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների, ինչպես նաեւ »Գնումների մասին« Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների եւ մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով։

Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված եւ գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանվցում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում՝

1) վճարվել են մատակարարներին՝ արտադրական եւ առեւտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների եւ մատուցված ծառայությունների դիմաց՝ սույն օրենքի IV բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.

2) գանձվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից՝ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար՝ օրենքով սահմանված կարգով եւ չափերով։

(լրաց. 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 25. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են ԱԱՀ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով վերադարձվում են վճարողներին՝ հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված գումարը հիմնավորող համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ 30 օրվա ընթացքում (բացառությամբ սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի գծով առաջացող գումարների)։ Ընդ որում, նշված գումարի վերադարձը պետական բյուջեից կատարվում է առաջնահերթ՝ համապատասխան տեղեկանքի տրամադրմանը հաջորդող օրերի ընթացքում՝ պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին։

Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին։ Սույն օրենքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա է վերադարձման՝ սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով։

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ միաժամանակ այլ գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ վճարող անձինք վարում են առանձնացված հաշվառում։ Այդպիսի հաշվառման իրականացման անհնարինության դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ հետ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ելնելով հարկվող ընդհանուր շրջանառության մեջ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռից։

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ կազմակերպության վերակազմակերպման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքի, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին։

(փոփ. 30.12.97 ՀՕ-177, 30.12.98 ՀՕ-276, 29.12.00 ՀՕ-126)

Հոդված 26. Սույն օրենքի 23 նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն՝

1) ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից.

2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող եւ 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքների (գործառնությունների) գծով, ինչպես նաեւ այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:

Բացառությամբ ապրանքների արտահանման դեպքի, սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաեւ շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից կամ անմիջական ներմուծողից ձեռք բերողների վրա՝ այդ տարայի մասով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ կատարողների վրա։

Սույն կետում նշված՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձեւակերպման եւ պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին։ Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։

3) ոչ արտադրական (ոչ առեւտրային) նպատակներով ձեռք բերված եւ (կամ) օգտագործված ապրանքների եւ ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:

4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների եւ այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջեւ առաջացող բացասական տարբերությունը։

(փոփ. 30.12.97 ՀՕ-177, փոփ. եւ լրաց. 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 27. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաեւ հարկման օբյեկտ չհանդիսացող) գործարքներ (գործառնություններ), ապա նրանք կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին եւ ծառայություններին վերաբերող (այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները։ Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են վարել հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաեւ հարկման օբյեկտ չհանդիսացող) գործառնությունների, ինչպես նաեւ դրանց իրականացման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների առանձնացված հաշվառում։ Եթե նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնար է, ապա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է՝ ելնելով նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում՝ զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռից։

Սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների մասով հարկվող շրջանառություն չի առաջանում եւ ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարների՝ սույն հոդվածով սահմանված կարգով վերահաշվարկներ չեն կատարվում։

(փոփ. 30.12.98 ՀՕ-276, լրաց. 29.12.00 ՀՕ-126)

Հոդված 28. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում իրենց բնակության վայրում սեփական սպառման հետ միաժամանակ եւ ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար վճարել (ձեւակերպել) են ԱԱՀ, ապա հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել (ձեւակերպվել) են անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար։

Հոդված 29. Սույն օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու եւ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե։

(փոփ. 29.12.00 ՀՕ-126)

Ենթաբաժին III.

ԱԱՀ-ի վճարման եւ հաշվարկների ներկայացման կարգը եւ ժամկետները

Հոդված 30. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում։ Եթե նախապես հայտարարված մաքսային ռեժիմը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է ազատ շրջանառության համար բացթողման (ներմուծման) ռեժիմով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ռեժիմով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում։

Հոդված 31. ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման, անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաեւ դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որեւէ մեկը՝

1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.

2) սույն օրենքի 24 հոդվածում նշված կարգով ԱԱՀ վճարողների համար՝ ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման գծով գնորդներից (պատվիրատուներից) ստացվել է հատուցում (հաշվի առնելով հատուցման չափը).

3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը (այդ թվում՝ սույն օրենքի 24 հոդվածում նշված ԱԱՀ վճարողների համար)։

(փոփ. 30.12.97 ՀՕ-177)

Հոդված 32. Սույն օրենքի 23 հոդվածի համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար։

Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը՝ բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի։

Այն անձանց համար, որոնց՝ սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 60 միլին դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը։

Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

(փոփ. 30.12.98 ՀՕ-276, 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 33. ԱԱՀ վճարողները սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ՝ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձեւով։

ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածով սահմանված դեպքի։

(լրաց. 29.12.00 ՀՕ-126)

ԲԱԺԻՆ VII.

ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 34. Զբոսաշրջիկության բնագավառում ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ՝ գործակալություններ) համար, որոնք իրականացնում են այլ անձանց ուղեգրերի (մատուցվող ծառայությունների) վաճառքը քաղաքացիներին, հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկների կողմից գործակալություններին վճարվող ամբողջ գումարի եւ այլ անձանց կողմից մատուցվող ծառայությունների արժեքի տարբերությունը (մասնավորապես փաստաթղթերի ձեւակերպման եւ համանման այլ ծախսերի կատարման նպատակով վճարվող գումարը)։

Եթե զբոսաշրջիկության հետ կապված ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումն ամբողջությամբ իրականացվում է հանրապետության տարածքից դուրս, ապա գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ, համաձայն սույն օրենքի 16 հոդվածի, կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ, իսկ եթե այդ ծառայությունները մատուցվում են ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրանից դուրս, ապա զրոյական դրույքաչափով հարկվում է միայն ծառայությունների այն մասը, որը կապված է ներքին տարածքից դուրս իրականացվող գործարքների (գործառնությունների) հետ։

Հոդված 35. Քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող անձնական գույքի սահմանված կարգով հանձնուրդային (կոմիսիոն) վաճառքի դեպքում առեւտրական գործունեություն իրականացնողի համար հարկվող շրջանառություն է համարվում հանձնուրդավճարի (կոմիսիոն գանձույթի) գումարը՝ պայմանով, որ նշված գույքի հաշվառումն իրականացվում է նոր (ոչ կոմիսիոն) ապրանքների հաշվառումից առանձնացված կարգով՝ հանձնուրդային (կոմիսիոն) առեւտրի կանոնների պահպանմամբ։

Հոդված 36. Ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար հարկվող շրջանառություն է համարվում վաճառվող ապրանքների սեփականատիրոջ (այլ անձի) կողմից միջնորդավճարի (պարգեւավճարի, տոկոսի եւ այլն) գումարը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 37. Հայաստանի Հանրապետության տարածքում կապի ծառայությունների մատուցման ժամանակ հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը՝ ելնելով սահմանված սակագներից։

Հայաստանի Հանրապետության եւ էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) անդամ մյուս երկրների միջեւ միջազգային կապի ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում ԷՄՄ անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում կապի ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային փոստային միության անդամ մյուս երկրների միջեւ փոստային ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում Համաշխարհային փոստային միության անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները համարվում են որպես արտահանված ծառայությունների դիմաց ստացվող փոխհատուցում, եւ դրանց նկատմամբ կիրառվում է ԱԱՀի զրոյական դրույքաչափ։

(լրաց. 30.12.97 ՀՕ-177)

Հոդված 38. Գրավի հետ կապված գործառնությունների իրականացման դեպքում, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 8-րդ կետում նշված դեպքի, հարկվող շրջանառություն է համարվում՝

1) շրջանառության մեջ գտնվող ապրանքներով (ներառյալ անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) առարկայի իրացման դեպքում՝ սույն օրենքի 8 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունը.

2) շրջանառությունից դուրս եկած (օգտագործման մեջ եղած) ապրանքներով գրավի առարկայի իրացման դեպքում՝ դրանց փաստացի բավարարման պահին ստացված լրիվ ծավալով պահանջի, ներառյալ տոկոսները, գրավի մասին պայմանագրով նախատեսված պարտավորության կատարումն ուշացնելու հետեւանքով վնասի փոխհատուցումը, տուգանք, տույժ, գրավ դրված գույքը պահելու եւ գրավով ապահովված պահանջը կատարելու հետ կապված ծախսերի եւ իրացման (վաճառքի) գների տարբերությունը։

Սույն հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է գրավատուն։

(փոփ. 30.12.98 ՀՕ-276)

Հոդված 39. (ուժը կորցրել է 27.12.01 ՀՕ- 288)

Հոդված 40. Առեւտրային կազմակերպությունների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների եւ այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում՝ պետության եւ երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջեւ բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ սահմանված ընդհանուր կարգով։

Անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով (այդ թվում ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների), այլ գույքային իրավունքների գծով ձեռքբերումների դիմաց վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) եւ մինչեւ գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն։

(փոփ. 29.12.00 ՀՕ-126)

ԲԱԺԻՆ VIII.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 41. Սույն օրենքը խախտելու համար ԱԱՀ վճարողները եւ նրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

Հոդված 42. Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգի խախտումով հարկային հաշիվների լրացման համար վճարողներից գանձվում է տուգանք՝ այդ փաստաթղթերում հաշվարկված ԱԱՀ-ի տասը տոկոսի չափով։

Հոդված 43. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները պակասեցնելու (հաշվանցելու) հետեւանքով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաեւ տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով։ Այդ տուգանքը կիրառվում է նաեւ սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետով սահմանված հարկի գծով պարտավորությունը չկատարելու եւ այն դեպքում, երբ հարկային տեսչության մարմինների կողմից կատարվող ստուգման արդյունքում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջանում՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցելու հետեւանքով։

(փոփ. 29.12.00 ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 431 Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման եւ ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք՝ սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5.000 դրամի չափով։

Սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա՝ ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկություններում ենթակա չեն հաշվանցման։

(լրաց. 29.12.00, ՀՕ-126, 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 44. (ուժը կորցրել է 30.12.1997 ՀՕ-177)

Հոդված 44 1. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում այդպիսի հաշիվներ դուրս գրելու դեպքերում՝ այդպիսի հաշիվներ դուրս գրող անձանցից գանձվում է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաեւ տուգանք՝ ԱԱՀ-ի գումարի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից։ Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձը, ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով, կրում է գործարքը կատարելու պարտավորություն։

(լրաց. 27.12.01 ՀՕ-288)

Հոդված 45. Եթե ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք սույն օրենքի 3 հոդվածի պահանջներին համապատասխան պարտավոր էին, սակայն չեն վճարել ԱԱՀ, իրականացնելով հարկվող գործարքներ (գործառնություններ), ապա դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Հոդված 45 1. Փոխկապակցված անձինք ԱԱՀ վճարողներ են համարվում՝ անկախ սույն օրենքի 3 հոդվածով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից։

(լրաց. 29.12.00 ՀՕ-126)
 
 

ԲԱԺԻՆ IX.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 46. Սույն օրենքի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ՝

օրենքի 15 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հետ.

օրենքի 15 հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եւ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության հետ.

օրենքի 15 հոդվածի 8-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ.

օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ.

Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման կարգին վերաբերող դրույթների մասով համապատասխան հրահանգը, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ։

Հոդված 47. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

Հոդված 48. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից։

Օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել» Ավելացված արժեքի հարկի մասին« Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հունիսի 30-ի օրենքը։
 

Երեւան
16 հունիսի 1997 թ.
ՀՕ-118

* Պաշտոնական հրապարակման աղբյուրը՝ ՀՀՊՏ 1997/14, 21.06.97։ »Ավելացված արժեքի հարկի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքը (16.06.97 ՀՕ-118) փոփոխվել եւ լրացվել է՝

29.09.97թ. ՀՕ-141 (ՀՀՊՏ 1997/23, 14.10.97),

17.10.97թ. ՀՕ-146 (ՀՀՊՏ 1997/24, 29.10.97),

10.11.97թ. ՀՕ-152 (ՀՀՊՏ 1997/26, 28.11.97),

28.11.97թ. ՀՕ-156 (ՀՀՊՏ 1997/28, 15.12.97),

30.12.97թ. ՀՕ-177 (ՀՀՊՏ 1997/33, 31.12.97),

28.07.98թ. ՀՕ-242 (ՀՀՊՏ 1998/18 (51), 10.08.98),

30.12.98թ. ՀՕ-276 (ՀՀՊՏ 1998/33 (66), 31.12.98),

29.12.00թ. ՀՕ-126 (ՀՀՊՏ 2000/33 (131), 30.12.00),

08.01.01թ. ՀՕ-137 (ՀՀՊՏ 2001/1 (133), 15.01.01),

20.08.01թ. ՀՕ-210 (ՀՀՊՏ 2001/29 (161), 01.09.01),

27.12.01թ. ՀՕ-288 (ՀՀՊՏ 2001/43(175), 31.12.01)։




08.09.1997 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
30.09.1997 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
21.10.1997 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
04.11.1997 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
26.12.1997 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
06.07.1998 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածում լրացում կատարելու մասին
28.12.1998 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
13.12.2000 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում լրացում կատարելու մասին
26.12.2000 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.07.2001 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում լրացում կատարելու մասին
14.12.2001 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
20.05.2002 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
25.09.2002 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
19.11.2002 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
11.12.2002 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
03.12.2003 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
25.12.2003 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
24.11.2004 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
06.12.2004 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
08.12.2004 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
24.12.2004 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
24.12.2004 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
19.05.2005 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
19.05.2005 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
03.10.2005 «Ավելացված արժեքի հարկի մասին»ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
04.10.2005 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
16.12.2005 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
16.12.2005 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
22.03.2006 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
23.05.2006 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
13.06.2006 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
27.11.2006 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
25.12.2006 «Ավելացված արժեքի հարկի մաuին» ՀՀ oրենքում փոփոխություն կատարելու մասին
09.04.2007 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.04.2007 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
11.10.2007 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.05.2008 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
21.08.2008 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
27.11.2008 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
26.12.2008 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.03.2009 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
19.03.2009 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.06.2009 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
11.06.2009 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
10.07.2009 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասի
29.10.2009 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
25.02.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
27.04.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
20.05.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
07.10.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
27.10.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
07.12.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
08.12.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
22.12.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
22.12.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
22.12.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
22.12.2010 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
15.04.2011 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
25.05.2011 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
25.05.2011 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
23.06.2011 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
06.12.2011 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.03.2012 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
12.11.2012 «Ավելացված արժեթի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
05.12.2012 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
06.12.2012 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
19.12.2012 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
12.11.2013 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
12.11.2013 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
21.06.2014 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
19.11.2014 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
20.11.2014 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
17.12.2014 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
17.12.2014 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.02.2015 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
07.05.2015 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
24.11.2015 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
21.12.2015 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
17.03.2016 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
17.03.2016 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
29.06.2016 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
25.10.2017 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին