Armenian   Russian    
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2002

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 մայիսի 1999 թվականի, ՀՕ-302, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Եթե իրավաբանական անձը սույն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածը:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի «նույնպիսի» բառը փոխարինել «նույն բնույթի», իսկ «կրկնելը» բառը՝ «կատարելը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագիրը եւ առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության եւ (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության եւ (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը՝ »:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասը:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագիրը

Օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական պետական տեսչության պետը խախտում կատարած իրավաբանական անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին՝ խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելու օրվանից հնգօրյա ժամկետում:

Լիցենզավորող մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-437