Russian    
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2003

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգն իրավունքի նորմերով կարգավորվող Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունների եւ Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի վրա հիմնված հետեւյալ երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է՝

ա) առաջին մակարդակ՝ պետական բյուջե.

բ) երկրորդ մակարդակ՝ համայնքների բյուջեներ:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է հետեւյալ ընդհանուր սկզբունքների վրա՝

ա) բյուջետային համակարգի միասնականություն.

բ) բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջեւ բյուջետային մուտքերի եւ ելքերի տարանջատում.

գ) բյուջեների ինքնուրույնություն.

դ) բյուջեների մուտքերի եւ ելքերի արտացոլման լրիվություն.

ե) բյուջեների հաշվեկշռվածություն.

զ) բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածություն.

է) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետություն.

ը) բյուջեների հրապարակայնություն.

թ) բյուջետային միջոցների հասցեագրվածություն եւ նպատակայնություն.

ժ) բյուջեների իրատեսություն:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Պետական բյուջեն եւ համայնքների բյուջեները (այսուհետ՝ բյուջեներ) եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն կազմում են Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն, որի մուտքերը՝ օրենքով՝ սույն հոդվածում թվարկված բյուջեներին ամրագրված աղբյուրներից ձեւավորվող (ձեւավորված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով մուտքերի), իսկ ելքերը՝ օրենքով սահմանված ուղղություններով ծախսվող (ծախսված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով ելքերի) համապատասխան հանրագումարներն են:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Սույն օրենքի իմաստով բյուջետային հիմնարկներ են բյուջեներից ֆինանսավորվող պետական եւ համայնքային հիմնարկները:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «բաշխման,» բառից հետո լրացնել «բյուջեների կատարման, հաշվետվությունների եւ հսկողության,» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Բյուջետային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով սահմանված բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունքներով:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 8. Բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունքները

1. Բյուջետային համակարգի միասնականության սկզբունքը նշանակում է իրավական հիմքի, դրամական համակարգի, բյուջետային փաստաթղթերի ձեւերի, բյուջետային դասակարգման, բյուջետային գործընթացի սկզբունքների, բյուջետային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցների միասնություն, ինչպես նաեւ բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ելքերի ֆինանսավորման եւ բյուջեների միջոցների բյուջետային հաշվառման վարման միասնական կարգ:

2. Բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջեւ բյուջետային մուտքերի եւ ելքերի տարանջատման սկզբունքը նշանակում է պետական եւ համայնքների բյուջեներին բյուջետային մուտքերի համապատասխան տեսակների (ամբողջապես կամ մասնակիորեն), ինչպես նաեւ այդ բյուջեներից ելքերի իրականացման գծով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների ամրագրում:

3. Բյուջեների ինքնուրույնության սկզբունքը նշանակում է՝

ա) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակում օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն իրականացնել բյուջետային գործընթացը.

բ) բյուջետային համակարգի յուրաքանչյուր մակարդակի բյուջեների մուտքերի` օրենսդրությանը համապատասխան որոշվող սեփական աղբյուրների առկայություն.

գ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը՝ օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների միջոցների ծախսման ուղղությունները.

դ) պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը՝ օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն որոշելու համապատասխան բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները.

ե) բյուջեների մասին օրենքների (որոշումների) կատարման ընթացքում չստացված մուտքերի եւ լրացուցիչ ելքերի բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեների հաշվին փոխհատուցման անթույլատրելիություն:

4. Բյուջեների մուտքերի եւ ելքերի արտացոլման լրիվության սկզբունքը նշանակում է, որ օրենսդրությամբ սահմանված բյուջեների մուտքերը եւ ելքերը պարտադիր կարգով եւ ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեներում: Պետական եւ համայնքների բյուջեների բոլոր ելքերը ենթակա են ֆինանսավորման՝ բյուջետային համակարգում կուտակված բյուջետային միջոցների հաշվին:

5. Բյուջեների հաշվեկշռվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեով նախատեսված ելքերի ծավալը չպետք է գերազանցի մուտքերի ծավալին:

6. Բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածության սկզբունքը նշանակում է, որ բյուջեի բոլոր ելքերը պետք է ծածկվեն բյուջեի մուտքերով: Մուտքերը չեն կարող կապվածություն ունենալ որոշակի ելքերի հետ, բացառությամբ նպատակային բյուջետային մուտքերի ստացման դեպքերի, կամ օրենսդրությամբ նպատակային բյուջետային ֆոնդերի ստեղծման դեպքում՝ դրանց մուտքերի:

7. Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ բյուջեների կազմման եւ կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից:

8. Բյուջեների հրապարակայնության սկզբունքը նշանակում է՝

ա) հաստատված բյուջեների եւ դրանց կատարման մասին հաշվետվությունների պարտադիր հրապարակումը մամուլում (սույն օրենքի 26-րդ, 36-րդ եւ 367 -րդ հոդվածների պահանջներին համապատասխան), բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն.

բ) բյուջեների նախագծերի քննարկման եւ որոշումների ընդունման գործընթացի պարտադիր թափանցիկություն հասարակության եւ զանգվածային լրատվության միջոցների համար: Ի տարբերություն համայնքների եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների, պետական բյուջեի կազմում կարող են հաստատվել գաղտնի հոդվածներ:

9. Բյուջետային միջոցների հասցեագրվածության եւ նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին՝ ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ:

Բյուջետային միջոցների հատկացման ժամանակ օրենսդրության շրջանակներից դուրս ցանկացած գործողություն, որը հանգեցնում է բյուջեով նախատեսված միջոցների հասցեագրվածության խախտմանը կամ այդ միջոցների ուղղմանը բյուջեով չնախատեսված նպատակներին, որակվում է որպես օրենսդրության խախտում:

10. Բյուջեների իրատեսության սկզբունքը նշանակում է համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման եւ դրա հիման վրա բյուջետային մուտքերի եւ ելքերի հաշվարկման իրատեսություն:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ծախսերը» բառը փոխարինել «ելքերը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բյուջետային եկամուտներն անվերադարձ կարգով օրենսդրությանը համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դրամական միջոցներն են:

Բյուջետային ծախսերը պետության եւ տեղական ինքնակառավարման խնդիրների եւ գործառույթների ֆինանսական ապահովմանն ուղղվող դրամական միջոցներն են:

Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեի համար օրենքով սահմանված եկամուտները (ընթացիկ ու կապիտալի գործառնություններից եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները), բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաեւ փոխառու եւ ներգրավված այլ դրամական միջոցները:

Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը (ընթացիկ եւ կապիտալ ծախսեր, ինչպես նաեւ բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրման ծախսեր) եւ ներգրաված փոխառու միջոցների մարումները:

Բյուջետային հատկացումները բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային միջոցներ ստացողի գծով նախատեսված բյուջետային միջոցներն են:».

3) 2-րդ մասի 2-րդ պարբերությունը «կապիտալ» բառից հետո լրացնել «եւ վարկավորման» բառերով:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Բյուջետային վարկերը վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով պետական բյուջեից համայնքներին եւ Երեւան քաղաքի բյուջեին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դրամական տեսքով տրվող միջոցներն են:

Սույն օրենքի իմաստով բյուջետային վարկեր են համարվում նաեւ՝

ա) պետության կողմից համապատասխան քաղաքականության իրականացման, բայց ոչ եկամտի ստացման կամ դրամական միջոցների կառավարման նպատակով երկրորդային շուկայում արժեթղթերի գնման (բացառությամբ պետական պարտատոմսերի հետգնման) համար պետական բյուջեից կատարված ելքերը (համապատասխանաբար նման պարագաներում գնված՝ պետության սեփականություն համարվող արժեթղթերի օտարումից մուտքերը դասվում են որպես վարկի մարում).

բ) կառավարության կողմից հաստատված որեւէ ծրագրի շրջանակներում մի քանի իրավաբանական անձանց փոխադարձ պարտավորությունների կարգավորման հետեւանքով պետական բյուջեի նկատմամբ որեւէ իրավաբանական անձի՝ հարկային չհանդիսացող պարտավորությունները այլ իրավաբանական անձի վրա վերաձեւակերպման (պարտքի փոխանցման) գծով գործառնությունը.

գ) բյուջետային երաշխիքի վճարմամբ ծագող հետադարձ պահանջները.

դ) վարկառուի կողմից ըստ վարկային պայմանագրի դրամական տեսքով մարվող պետության կողմից ապրանքային տեսքով տրվող վարկերը (դրամական տեսքով մարվող գումարի չափով):».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Բյուջետային փոխատվությունները վերադարձելիության, արժեքավորման եւ ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի պետական բյուջեից համայնքներին, ինչպես նաեւ Երեւան քաղաքի բյուջեին առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով դրամական տեսքով տրվող միջոցներն են: Համայնքներին բյուջետային փոխատվությունները տրվում են վեց ամսից ոչ ավելի տեւողությամբ եւ նշված փոխառուների կողմից ենթակա են վերադարձման նույն բյուջետային տարում:

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին պետական բյուջեից կարող են տրամադրվել դրամական միջոցներ վերադարձելիության, արժեքավորման եւ ժամկետայնության սկզբունքով՝ առանց վճարովիության սկզբունքի, որոնք սույն օրենքի իմաստով հաշվառվում են որպես բյուջետային փոխատվություններ, ընդ որում, այդ փոխատվությունների տրամադրման եւ վերադարձման պայմանները սահմանվում են կառավարության առանձին որոշումներով:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «նկատմամբ» բառից հետո լրացնել «համայնքի, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության (այսուհետ՝ պրինցիպալներ)» բառերով.

2) 3-րդ մասի սկզբում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«3. Բյուջետային երաշխավորագիրը (երաշխիքը) կազմվում է առանձին փաստաթղթի ձեւով եւ ստորագրվում է միայն պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի (այսուհետ՝ պետական լիազորված մարմին) ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխավորության (երաշխիքի) մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների:».

3) 3-րդ մասում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն` «Բյուջետային երաշխավորագրերի (երաշխիքների) տրամադրման դիմաց պետական բյուջեի օգտին կարող է գանձվել վճար:».

4) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

5) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս`

«5. Երաշխիքների վճարմամբ Հայաստանի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հոդված 12. Բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) եւ հավելուրդը».

2) 1-ին մասում «ծախսերը» բառը փոխարինել «ելքերը» բառով.

3) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Բյուջեների, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը):».

4) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «միջոցների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի» բառերով, իսկ «դեֆիցիտը» բառից հետո՝ «(պակասուրդը)» բառով.

5) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Մինչեւ Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրերով պետական գույքի մասնավորեցման գործընթացի ավարտը պետական եւ համայնքների բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) սույն օրենքին համապատասխան կարող է ֆինանսավորվել նաեւ նշված ծրագրերում ընդգրկված պետական գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների հաշվին:».

6) 3-րդ մասի երրորդ պարբերության գործողությունը դադարեցնել.

7) 3-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Պետական բյուջեի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով, իսկ համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը՝ համայնքի տվյալ տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշմամբ:».

8) 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը:

Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանի ներկայացվող համայնքի առաջիկա տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշման նախագծում համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` օրենքով սահմանված չափով մասհանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվա նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների եւ վարչական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:»:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է: Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեների մուտքն է:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հաստատված տվյալ տարվա պետական բյուջեի, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի կազմում տվյալ տարվա համապատասխան բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարը նախատեսված չլինելու կամ փաստացի ձեւավորված գումարից պակաս չափով նախատեսված լինելու դեպքում կառավարությունն իրավասու է պետական բյուջեի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի ձեւավորված փաստացի գումարի՝ հաստատված համապատասխան բյուջեով չնախատեսված մասն ուղղել նախորդ (եզրափակված) բյուջետային տարում համապատասխանաբար պետական բյուջեով եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեով նախատեսված, սակայն չֆինանսավորված՝ առկա ժամկետանց պարտավորությունների կատարմանը, ինչպես նաեւ տվյալ տարվա պետական բյուջեով եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեով նախատեսված ելքերի ֆինանսավորմանը` դրանց գծով համապատասխան այդ բյուջեներով նախատեսված հատկացումների տարեկան գումարների սահմաններում:

3. Պետական բյուջեի, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարի՝ սույն հոդվածի 2-րդ մասում չնշված նպատակներով օգտագործման ուղղությունները սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

4. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը համայնքի ավագանու որոշմամբ կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:

5. Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է՝

ա) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով՝ առկա պարտավորությունների կատարմանը.

բ) սույն մասի «ա» կետում նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:»:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «գույքի համարժեքային մասի» բառերը փոխարինել «բաժնետոմսերի (բաժնեմասերի)» բառերով:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Բյուջեների» բառից հետո լրացնել «եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերով, «լիազորություններն իրականացնող իրավաբանական անձանց՝» բառերը փոխարինել «մարմինների՝» բառով, իսկ «համապատասխանաբար պետական» բառերից հետո ավելացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը.

2) 1-ին եւ 2-րդ մասերից հանել «եկամուտների» բառը եւ «մուտքերի» բառի փակագծերը, «ծախսերի» բառը փոխարինել «ելքերի» բառով, իսկ 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության» բառերը եւ 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «պետական լիազորված մարմնի» եւ «պետական լիազորված մարմինը» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով, «բ» կետի «եկամուտներին եւ ծախսերի» բառերը՝ «մուտքերին եւ ելքերի» բառերով, իսկ «գ» կետում «պետական» բառը՝ «պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերով.

4) 6-րդ եւ 7-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով, 7-րդ մասում «Պետական եւ տեղական ինքնակառավարման լիազորություններ իրականացնող մարմինների եւ դրանց ենթակա բյուջետային» բառերը փոխարինել «Պետական եւ համայնքային» բառերով, «ծախսերն» բառը՝ «ելքերն» բառով.

5) 8-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասությունները «Բյուջետային» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերով, «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով, իսկ 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«9. Պետական հիմնարկները կարող են գանձապետարանում կամ որեւէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Համայնքին հատուկ ծրագրերի իրականացման նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որեւէ բանկում:».

6) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«12. Պետության եւ համայնքի պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում եւ ուժի մեջ են մտնում գրանցման պահից: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետության, համայնքների անունից պարտավորություններ ստանձնող պայմանագրերը (համաձայնագրերը) կնքում են միայն իրենց իրավասությունների սահմաններում:»:

Հոդված 13. Օրենքի 4-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 151 -րդ հոդվածով՝

«Հոդված 151 . Միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը եւ բովանդակությունը

1. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝

ա) կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս.

բ) կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս:

2. Հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ՝

ա) կառավարության երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի եւ պարտքի գծով կարճաժամկետ եւ միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների եւ ժամկետանց պարտքերի վերաբերյալ.

բ) հարկաբյուջետային նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի եւ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ՝ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային նպատակների եւ/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.

գ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա եւ դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով մակրոտնտեսական, եկամուտների եւ ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

դ) կարեւոր տնտեսական եւ այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները.

ե) կառավարության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ՝ դրանց կարեւորության հիմնավորմամբ.

զ) հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ:

3. Ծախսային քաղաքականության ռազմավարությունը պարունակում է յուրաքանչյուր ոլորտի (եւ պետական կառավարման բոլոր մարմինների) համար հետեւյալ տեղեկությունները՝

ա) այն արդյունքները, որոնց կառավարությունը ցանկանում է հասնել տվյալ ոլորտում ծախսեր կատարելու միջոցով.

բ) ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող ժողովրդագրական, տնտեսական եւ սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն տվյալ ոլորտում իրականացվելիք ծախսերի վրա.

գ) կառավարության գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում, այդ թվում` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված.

դ) տվյալ ոլորտում արտաքին ֆինանսական աջակցության չափերը:»:

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1 » կետով՝

«բ1 ) պետական բյուջեի նախագծի հիմքում դրված միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝

- բյուջետային եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի, համախառն եւ զուտ պարտքի գծով կառավարության երկարաժամկետ նպատակները եւ պայմանական (հնարավոր) պարտավորությունները (երաշխիքները).

- մակրոտնտեսական, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի եւ պարտքի ցուցանիշների գծով ճշգրտված եռամյա կանխատեսումները.

- տնտեսության զարգացմանը եւ այլ հարցերին վերաբերող այն կարեւոր ենթադրությունները, որոնց հիման վրա ճշգրտված են կանխատեսումները.

- միջնաժամկետ ծախսերի ծրագրում շարադրված` կառավարության ռազմավարական գերակայությունները եւ առաջիկա տարվա բյուջեում արտացոլվելիք կոնկրետ գերակայությունները.

- ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի եւ դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր).

- միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո կառավարության քաղաքականության եւ հարկաբյուջետային նպատակների մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների նկարագրությունը եւ դրանց հիմնավորումը:

Սույն մասում նշված տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել ոչ թե որպես բյուջետային ուղերձի առանձին մաս, այլ ներառվել բյուջետային ուղերձի այլ բաղկացուցիչ մասերում.».

2) 3-րդ մասում՝

ա) «ա» կետում «եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորումը, այդ թվում՝ դեֆիցիտի» բառերը փոխարինել «դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, այդ թվում՝ դեֆիցիտի (պակասուրդի)» բառերով, իսկ «բ» կետում «(հավելուրդի)» բառը՝ «(պակասուրդի) կամ հավելուրդի» բառերով,

բ) «գ» կետը «ցուցանիշների» բառից առաջ լրացնել «եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի ամփոփ» բառերով,

գ) «ե» կետը «դասակարգման» բառից առաջ լրացնել «ծախսերի գործառական եւ տնտեսագիտական» բառերով,

դ) «է» կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «առաջիկա տարվա վերջի դրությամբ» բառերով, իսկ «նախորդ բյուջետային տարվա» բառերից հետո՝ «փաստացի» բառով,

ե) «թ» կետը «տեղեկություններ՝» բառից հետո լրացնել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասում նշված մարմինների» բառերով,

զ) «ժբ» կետը «հաստիքների» բառից հետո լրացնել «միջին տարեկան ցուցակային» բառերով, իսկ «աշխատողների» բառից հետո՝ «(զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային» բառերով,

է) մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ1 » եւ «ժբ2 » կետերով՝

«ժբ1 ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի բացատրագիրը (ցուցանիշների հիմնավորումները).

ժբ2 ) կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված առաջիկա բյուջետային տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը՝ համապատասխան հիմնավորումներով, ինչպես նաեւ վերջինիս վերաբերյալ կառավարության եզրակացությունը.».

3) 4-րդ մասում՝

ա) «ա» կետը «դասակարգմամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման)» բառերով,

բ) «բ» կետում «դեֆիցիտը (հավելուրդը)՝» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը եւ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները» բառերով,

գ) մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1 » եւ «բ2 » կետերով`

«բ1 ) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն՝ օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով.

բ2 ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը՝ օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով, եւ կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը.» :

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետում «եւ տուրքեր» բառերը հանել եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1 » կետով՝

«ա1 ) պետական տուրքեր.».

2) 2-րդ մասում՝

ա) առաջին պարբերությունից հանել «եւ տուրքեր» բառերը,

բ) «զ» կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների հողերի համար» բառերը,

գ) «թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«թ) բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ.».

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ1 » կետով՝

«թ1 ) պարզեցված հարկը, ».

4) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով՝

«21 . Պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները, բացառությամբ սույն օրենքի 281 -րդ հոդվածով սահմանված՝ համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների:».

5) 3-րդ մասում՝

ա) «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) բանկերում եւ ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները.»,

բ) «գ» կետում «պետական ձեռնարկությունների եւ գույքի» բառերը փոխարինել «պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի» բառերով, իսկ «պետական պահուստի հողերի» բառերը՝ «պետական սեփականություն համարվող հողերի» բառերով,

գ) «դ» կետը «պետության» բառից հետո լրացնել «կողմից» բառով,

դ) «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաեւ տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.»,

ե) «ե» եւ «ը» կետերից հետո մասը համապատասխանաբար լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե1 » եւ «ը1 » կետերով`

«ե1 ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.»,

«ը1 ) օրենքով սահմանած դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.».

6) 4-րդ մասում՝

ա) «ա» կետը «մուտքերը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը» բառերով, իսկ «բ» կետի գործողությունը դադարեցնել,

բ) մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) եկամտի ստացման կամ պետական բյուջեի դրամական միջոցների կառավարման նպատակով պետության կողմից երկրորդային շուկայում գնված արժեթղթերի օտարումից եկամուտները:»:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ժգ» կետում «այդ թվում՝» բառերը փոխարինել «որոնց շարքին դասվում են նաեւ՝» բառերով, իսկ վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«- պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ:».

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս՝

«3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումը եւ պահպանումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է համապատասխան գումար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի եւ դիզվառելիքի, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարի ոչ պակաս, քան 10 տոկոսը:»:

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում «ֆոնդի միջոցներից ծախսերը» բառերը փոխարինել «ֆոնդից հատկացումները» բառերով:

Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 20. Համայնքների բյուջեներին տրվող հատկացումները

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ համայնքների ընթացիկ ծախսերի ծածկման համար անհատույց եւ անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ՝ ֆինանսական համահարթեցման դոտացիաներ:

2. Համայնքներին չի կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցների ուղղում կոնկրետ ծախսերի իրականացմանը:

Պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը:

3. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման եւ հատկացման կարգը սահմանվում է օրենքով:

4. Պետական բյուջեի ծախսերում կարող են նաեւ նախատեսվել համայնքների բյուջեներին հատկացվող՝

ա) այլ դոտացիաներ՝ համայնքի բյուջեի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով որեւէ ծախսատեսակի (ծրագրի) իրականացման հետ չկապակցված, անհատույց եւ անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ.

բ) սուբվենցիաներ՝ համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց եւ անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է հետ պահանջել համայնքից պետական բյուջեից համայնքին հատկացված սուբվենցիաների ոչ նպատակային ծախսված գումարները: Սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 21 - 211 -րդ մասեր՝

«21 . Պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից՝

ա) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա՝ Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.

բ) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակում:

22 . Առաջիկա երեք տարվա՝ Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին եւ քաղաքականության գերակայություններին համապատասխան: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է հիմք՝ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:

23 . Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման փուլն սկսվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը եւ ավարտվում միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակման օրը: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով եւ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

24 . Պետական լիազորված մարմինը մշակում եւ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետում պետական մարմիններին է տրամադրում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են պետական մարմինների կողմից մշակվող ոլորտային միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները, այդ նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաեւ տեղեկություններ՝ առաջիկա երեք տարում կառավարության հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ եւ միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների եւ ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ:

25 . Պետական մարմինները կազմում եւ պետական լիազորված մարմին են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում:

26 . Ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է պետական մարմնի ղեկավարը:

27 . Սահմանված ժամկետում ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության եւ հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը:

28 . Իր պարտականությունները կատարելու համար պետական լիազորված մարմինն իրավասու է պետական մարմիններից պահանջել եւ ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

29 . Պետական լիազորված մարմինը մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը եւ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է կառավարություն:

210 . Կառավարությունը քննարկում եւ մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 20-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կառավարությունը հրապարակում, ինչպես նաեւ Ազգային ժողով է ներկայացնում՝ ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչեւ յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:

211 . Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման փուլն սկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման օրը:».

2) հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններ է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու եւ դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումները՝ դրանց մեջ արտացոլելով առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունների, պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների եւ նոր ծրագրերի ու միջոցառումների ֆինանսավորման իմաստով առանձին ոլորտներում համեմատաբար առաջնահերթ համարվող պետական մարմինների ցանկը:

Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ՝ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի եւ պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերի եւ նորմատիվների, պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման ու ներկայացման կարգի, բյուջետային դասակարգման մանրամասների, բյուջետային ծախսերի նախահաշիվների ու համայնքի բյուջեի (նրա բաղկացուցիչ մասերի) միասնական ձեւերի մասին, ինչպես նաեւ խորհրդատվական բնույթ կրող ցուցումներ (ուղեցույցեր) :

4. Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու եւ դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց եւ համակարգի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ եւ ընդգծվում են առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները) առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին:».

3) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկում եւ մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերով.

4) 7-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով, իսկ «դրանք» բառից հետո ավելացնել «ըստ անհրաժեշտության եւ հնարավորության» բառերը.

5) 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով, 9-րդ մասի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերով, երրորդ պարբերության առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, նրա կողմից լիազորված նախարարի տեղակալը» բառերը՝ «պետական լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված ղեկավարի տեղակալը» բառերով, իսկ «Դրանք հայտատուներին ուղարկվում են մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը:» նախադասությունը փոխարինել «Արձանագրությունները հայտատուներին տրամադրվում են առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում:» նախադասությամբ.

6) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«10. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատվիրակված որոշակի լիազորությունների հիման վրա առանձին բնագավառներում կարգավորող գործունեություն իրականացնող գործադիր իշխանությունից անկախ մարմինների բյուջետային ֆինանսավորման հայտերի պատճենները պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում են Ազգային ժողով:».

7) 11-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով, իսկ 13-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը՝ «պետական լիազորված մարմինը» բառերով, հանել չակերտները եւ «առանձին հոդվածը» բառերը:

Հոդված 20. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագիրը սկզբից լրացնել «Ազգային ժողովում» բառերով, իսկ 3-րդ մասը՝ հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Այդ դեպքում, մինչեւ այդ տարում բյուջետային միջոցների օգտագործումը կարգավորող օրենքի ընդունումը, կառավարությունն իրավասու է տվյալ տարում բյուջետային միջոցները ծախսելու՝ օրենսդրությամբ սահմանված նպատակներով կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորություները, ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացումները տեղական ինքնակառավարման մարմիններին (նախորդ տարվա համար օրենքով սահմանված բաշխմամբ), շարունակել ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը: Ընդ որում, նշված ծախսերը կարող են կատարվել, եթե դրանց ֆինանսավորման համար նախորդ տարվա պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ: Այդ դեպքում կատարվող ծախսերի չափը չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը՝ եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը՝ ամսվա կտրվածքով: Կառավարությունն իրավասու է չֆինանսավորել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել տվյալ տարվա բյուջեի մասին իր կազմած օրենքի նախագծում:»:

Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը կառավարության սահմանած կարգով կարող է կատարել այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջեւ (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):».

2) 3-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «եկամուտները» բառը փոխարինել «մուտքերը» բառով, «ծախսերը» բառը՝ «ելքերը» բառով, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջեւ՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները:».

4) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ մասեր՝

«7. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը՝ դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին՝ ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների:

8. Հաստատված պետական բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված եւ այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները կառավարությունն իրավասու է նույն տարում ծախսել՝ ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

9. Պետական բյուջեում փոփոխությունները եւ լրացումները կատարվում են օրենքով:»:

Հոդված 22. Օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետում «15-օրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով, իսկ «դ» կետում «մեկ ամսվա» բառերը՝ «45-օրյա» բառով :

Հոդված 23. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) «ա» կետն սկզբից լրացնել «համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանու կողմից ընդունված» բառերով.

2) «բ» կետում «ծախսերի» բառը փոխարինել «ելքերի» բառով.

3) «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) համայնքի բյուջեի հաշվեկշռվածությունը՝ յուրաքանչյուր տարվա համայնքի բյուջեի սույն օրենքի 28-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր բաղկացուցիչ մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան մասում տվյալ տարում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերի հանրագումարին.»:

Հոդված 24. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 28. Համայնքների բյուջեների կառուցվածքը

1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների եւ դրանց ֆինանսավորման համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետեւյալ բաղկացուցիչ մասերի`

ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).

բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):

2. Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցները (այդ թվում՝ ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս:»:

Հոդված 25. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 281 - 283 -րդ հոդվածներով`

«Հոդված 281 . Վարչական բյուջեի մուտքերն ու ելքերը

Համայնքների բյուջեների վարչական մասը (վարչական բյուջեն) ներառում է՝

I. Մուտքերի գծով՝

1. Համայնքների բյուջեներին օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում՝

ա) հարկային եկամուտները.

բ) տուրքերը.

գ) ոչ հարկային եկամուտները.

դ) պաշտոնական տրանսֆերտները:

1.1. Հարկային եկամուտներն են՝

ա) հողի հարկը՝ համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար.

բ) գույքահարկը՝ համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

գ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից եւ պարտադիր վճարներից կատարվող մասհանումները (յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվող չափերով).

դ) հողի հարկի եւ գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժերը եւ տուգանքները:

1.2. Տուրքերն են՝

ա) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու եւ վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվող պետական տուրքը.

բ) նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր եւ դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու եւ դրանցից քաղվածքներ տալու համար գանձվող պետական տուրքը.

գ) տեղական տուրքերը :

1.3. Ոչ հարկային եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաեւ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.

բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.

դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) համայնքային հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցները.

ը) օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրվող ոչ հարկային այլ եկամուտները:

1.4. Պաշտոնական տրանսֆերտներն են՝

ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.

գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները.

դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական տրանսֆերտները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներն են՝

ա) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար համայնքի բյուջեին պետական բյուջեից տրամադրվող բյուջետային փոխատվությունները.

բ) վարչական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը (սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կարգով):

II. Ելքերի գծով՝

1. Ծախսերի գծով՝ օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերը հետեւյալ հիմնական ուղղություններով՝

ա) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.

բ) պաշտպանության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

գ) հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության բնագավառում օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

դ) կրթություն եւ գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն եւ ապահովագրություն.

է) մշակույթ, սպորտ եւ կրոն.

ը) բնակարանային կոմունալ տնտեսություն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն եւ ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն եւ հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն եւ բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ եւ կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) համայնքի բյուջեի ծախսերի հիմնական ուղղություններին չդասվող այլ ծախսեր, (որոնց շարքին դասվում են նաեւ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից իրականացվող ծախսերը եւ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերը):

2. Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջացող վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար պետական բյուջեից ներգրավված բյուջետային փոխատվությունների մարումները:

Հոդված 282 . Ֆոնդային բյուջեի մուտքերն ու ելքերը

Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է՝

I. Մուտքերի գծով՝

1. Համայնքների բյուջեներին՝ օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում՝

ա) ոչ հարկային եկամուտները.

բ) կապիտալի գործառնություններից եկամուտները.

գ) պաշտոնական տրանսֆերտները:

1.1. Ոչ հարկային եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաեւ տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտները.

բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները.

դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում՝ բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացված տոկոսավճարները:

1.2. Կապիտալի գործառնություններից եկամուտներն են՝

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (այդ թվում՝ հողերի) եւ ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ, այդ թվում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից եկամուտները.

բ) համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից եկամուտները:

1.3. Պաշտոնական տրանսֆերտներն են՝

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները.

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներ, միջազգային կազմակերպություններ եւ օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ստացվող նպատակային տրանսֆերտները:

2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցներն են՝

ա) պետական բյուջեից եւ օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ստացված վարկերը.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը.

գ) պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են՝

- Երեւան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված գույքի մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով,

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը՝ այդ համայնքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երեւան քաղաքում տեղակայված անշարժ գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները եւ Երեւանի խորհուրդը սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը.

դ) ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

II. Ելքերի գծով՝

1. Ծախսերի գծով՝ սույն օրենքի 281 -րդ հոդվածի II մասում նշված ուղղություններով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում կատարվող կապիտալ ծախսերը:

2. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի մարումները:

Հոդված 283 . Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին
պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի
ֆինանսավորումը

1. Համայնքների բյուջեներից պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվող հատկացումների հաշվին:

2. Պատվիրակված լիազորությունները (այդ թվում՝ դրանց իրականացման ծախսերի ֆինանսավորումը) իրականացվում են օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 26. Օրենքի 29-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

2. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով:

3. Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձեւավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:

4. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել համայնքի բյուջեի ֆոնդային մաս:

5. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:»:

Հոդված 27. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 30. Համայնքային բյուջեների վարկերը եւ փոխատվությունները

1. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, վարչական բյուջեով նախատեսված ծախսերը ժամանակին կատարելու նպատակով համապատասխան պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային փոխատվություններ:

2. Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, համապատասխան պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր՝ օրենքով սահմանված կարգով: Համայնքը, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է վարկային պայմանագիր կնքել կամ արժեթղթեր թողարկել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի եւ արժեթղթերի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի եւ տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները (ներառյալ՝ արժեթղթերի թողարկումից ստացվող միջոցները) պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտները եւ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները:

4. Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր եւ փոխատվություններ չեն տրամադրվում եւ արժեթղթեր չեն գնվում:»:

Հոդված 28. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում՝

ա) մուտքի նախադասությունը «ղեկավարը՝» բառից հետո լրացնել «աշխատակազմի համապատասխան ծառայությունների եւ բյուջետային հիմնարկների ղեկավարներին՝ » բառերով,

բ) երկրորդ նախադասությունից հանել «աշխատակազմի համապատասխան ծառայություններին, բյուջետային հիմնարկներին» բառերը, իսկ «եկամուտների եւ ծախսերի» բառերը փոխարինել «մուտքերի եւ ելքերի» բառերով,

գ) երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«- պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով սույն օրենքի 21-րդ հոդվածում նշված՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում ապահովում է բյուջետային մուտքերի եւ ելքերի հաշվարկման համապատասխան ձեւերով:».

2) 5-րդ մասում «մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի կողմից սահմանված ժամկետում» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Համայնքի ղեկավարն ամփոփում է սահմանված ձեւերով ներկայացված տվյալները եւ կազմում համայնքի բյուջեի նախագիծը, որը բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից եւ համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից:».

4) 7-րդ մասում՝

ա) մուտքի նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը ներառում է՝»,

բ) ուժը կորցրած ճանաչել «ա» կետը,

գ) «գ» կետը «եկամուտների եւ ծախսերի հիմնավորումը» բառերից հետո լրացնել «եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, » բառերով, իսկ «հաշվարկային (հաստատված)» բառերը փոխարինել «հաստատված եւ հաշվարկային» բառերով,

դ) «զ» կետը «բյուջեի» բառից հետո լրացնել «վարչական եւ ֆոնդային մասերի» բառերով,

ե) «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«է) սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան ստացված տեղեկությունները պետական բյուջեի նախագծում (եթե համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծն ավագանու քննարկմանը ներկայացվում է մինչեւ առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը) կամ պետական բյուջեի մասին օրենքում պետական բյուջեից համայնքի բյուջեին նախատեսված հատկացումների մասին:»,

զ) «թ» կետը «հաստիքների» բառից հետո լրացնել «միջին տարեկան ցուցակային» բառերով, իսկ «աշխատողների» բառից հետո՝ «(զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային» բառերով.

5) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս`

«8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է՝

ա) համայնքի բյուջեի եկամուտները եւ ծախսերը՝ ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի՝ սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման),

բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը եւ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ սույն օրենքով սահմանված դասակարգմամբ,

գ) այլ դրույթներ եւ ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը եւ ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը եւ դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:»:

Հոդված 29. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Համայնքի բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

2. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով եւ համայնքի ավագանու կանոնակարգով:

3. Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է համայնքի բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչեւ մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատելու բյուջեն:

4. Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ եւ ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:».

2) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Ամփոփ տեղեկանքի ձեւը, նրա կազմման կարգը եւ ներկայացման ժամկետները սահմանում է պետական լիազորված մարմինը:».

3) 8-րդ մասը «մարզպետի» բառից հետո լրացնել «(Երեւանում՝ Երեւանի քաղաքապետի)» բառերով.

4) 9-րդ մասում՝

ա) առաջին պարբերության առաջին նախադասությունում «դնում է» բառերը փոխարինել «կարող է դնել» բառերով, երկրորդ նախադասությունում «մեծամասնությամբ» բառը՝ «կեսից ավելիով» բառերով,

բ) երկրորդ պարբերությունը «մարզպետը» բառից հետո լրացնել «(Երեւանում՝ Երեւանի քաղաքապետը)» բառերով,

գ) երրորդ պարբերությունում «մեկշաբաթյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

5) 10-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:»:

Հոդված 30. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը սահմանում է համայնքի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում հաստատում է բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվները:».

2) 2-րդ մասի «ա» կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով.

3) 3-րդ մասի առաջին նախադասությունից հանել «գործառնական եւ տնտեսագիտական դասակարգման մեջ» բառերը, իսկ երկրորդ նախադասությունից՝ «գործառնական եւ տնտեսագիտական դասակարգմամբ» բառերը.

4) 4-րդ մասում՝

ա) առաջին պարբերության երրորդ նախադասությունում «եկամուտները» բառը փոխարինել «մուտքերը» բառով, իսկ «ծախսերը» բառը՝ «ելքերը» բառով,

բ) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Համայնքի բյուջեում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու ընթացակարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով՝ սույն օրենքի համաձայն:»,

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Հաստատված համայնքի բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված եւ այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները համայնքի ղեկավարն իրավասու է նույն տարում ծախսել՝ ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:».

5) 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը՝ » բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը՝ » բառերով:

Հոդված 31. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մաս`

«21 . Կառավարությունը համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է պետական բյուջեից համայնքին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիաների, պետական գույքի մասնավորեցումից սույն օրենքի համաձայն համայնքի բյուջե մասհանված գումարների, պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման նպատակով տրված միջոցների) օգտագործման, ինչպես նաեւ պետական բյուջեից եւ օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների օգտագործման եւ դրանց մարման ծրագրի նկատմամբ՝ իր կողմից սահմանված կարգով պետական կառավարման լիազորած մարմնի միջոցով:».

2) 3-րդ մասում`

ա) «ա» կետում «եկամուտների» բառը փոխարինել «բյուջետային մուտքերի» բառերով, «ծախսերի» բառը՝ «ելքերի» բառով,

բ) «բ» կետը «վարկերի եւ ներգրավված այլ փոխառու միջոցների» բառերից առաջ լրացնել «ներառյալ՝ » բառով,

գ) «ե» կետից հանել «սույն» բառը:

Հոդված 32. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «մարզպետին» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով եւ նոր նախադասությամբ՝ «(Երեւանում՝ Երեւանի քաղաքապետին): Համայնքի ղեկավարը սույն մասում նշված հաղորդումը մարզպետին (Երեւանում՝ Երեւանի քաղաքապետին) ներկայացնում է պետական լիազորված մարմնի սահմանած ձեւով:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:».

3) 3-րդ կետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 20-ը» բառերով.

4) 4-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «մեկշաբաթյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

5) 7-րդ մասի մուտքի նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ձեւով եւ ներառում է՝».

6) 7-րդ մասի «ա» կետում «եկամուտների եւ ծախսերի» բառերը փոխարինել «մուտքերի եւ ելքերի» բառերով.

7) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով`

«8. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու կողմից հաստատվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան մարզպետին (Երեւանում՝ Երեւանի քաղաքապետին):»:

Հոդված 33. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ գլխով`

«ԳԼՈՒԽ 51 .

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 361 . Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի կառուցվածքը եւ բովանդակությունը

1. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագիծը ներառում է՝

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բացատրագրի բաղկացուցիչ մաս կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի բացատրագիրը.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բաղկացուցիչ մաս կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին վերաբերող առանձին հավելվածը:

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի բացատրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի՝ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին վերաբերող մասը հիմնավորող փաստաթղթերի ամբողջություն է, որը ներառում է՝

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, այդ թվում՝ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող վարկերի տոկոսադրույքները եւ հատկացման ժամկետները, ինչպես նաեւ այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա եւ ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային ու սպասվելիք համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի համեմատական վերլուծությունը՝ նախորդ բյուջետային տարվա փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշների նկատմամբ.

գ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարին ընդգրկող հաջորդ եռամյա ժամանակաշրջանի պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի ամփոփ ցուցանիշների կանխատեսումները.

դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների հիմնավորումը՝ ըստ օրենքով սահմանված եկամտատեսակների.

ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից առաջարկվող հատկացումների հիմնավորումը.

զ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների եւ առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի՝
 

  • իրավական հիմքը,
  • բովանդակությունը,
  • խնդիրները եւ նպատակները,
  • կատարման փուլերը եւ ժամկետները.
     

    է) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի՝ առաջիկա տարվա վերջի դրությամբ պարտքի կառուցվածքը, դրա համեմատական վերլուծությունը՝ նախորդ բյուջետային տարվա փաստացի եւ ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ.

    ը) այլ տեղեկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի հիմնավորման համար:

    3. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բաղկացուցիչ մաս կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին վերաբերող առանձին հավելվածը ներառում է՝

    ա) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտները եւ ծախսերը.

    բ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը եւ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ սույն օրենքով սահմանված դասակարգմամբ:

    Հոդված 362 . Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի աղբյուրները

    Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի աղբյուրներն են՝

    1) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.

    2) ոչ հարկային եկամուտները՝

    ա) քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, համայնքների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով ստացվող միջոցները.

    բ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների բնագավառում օրենսդրությունը խախտելու համար (բացառությամբ վարչական իրավախախտումների) գանձվող տուգանքները եւ տույժերը.

    գ) օրենքով եւ իրավական այլ ակտերով մուտքագրվող այլ եկամուտները.

    3) կապիտալի գործառնություններից եկամուտները.

    4) պաշտոնական տրանսֆերտները՝

    ա) պետական եւ համայնքների բյուջեներից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտները.

    բ) միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող պաշտոնական տրանսֆերտները.

    5) դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու միջոցները եւ բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

    Հոդված 363 . Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի ելքերի ուղղությունները

    Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից ֆինանսավորվում են օրենսդրությամբ պարտադիր սոցիալական ապահովագրությունն իրականացնող մարմնին վերապահված գործառույթները:

    Հոդված 364 . Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի կազմումը եւ հաստատումը

    Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի մշակումն ու քննարկումը կազմակերպում է կառավարությունը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ եւ սույն օրենքով նախատեսված կարգով եւ ժամկետներում:

    Պարտադիր սոցիալական ապահովագրության առաջիկա տարվա բյուջեի նախագիծը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի կազմում:

    Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի քննարկումն իրականացվում է պետական բյուջեի նախագծի քննարկման գործընթացի շրջանակներում: Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն Ազգային ժողովի կողմից հաստատվում է պետական բյուջեի մասին օրենքով:

    Հոդված 365 . Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարումը

    1. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարումն իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով:

    2. Ազգային ժողովի հաստատած պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կարող են կատարվել Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության առաջարկությամբ՝ օրենսդրական նախաձեռնության կարգով: Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում այն փոփոխությունները եւ (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտները կամ ավելացնում են ծախսերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ եւ ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

    3. Եթե պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել, ապա մինչեւ այդ օրենքի ընդունումը պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից շարունակվում է օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների եւ նպաստների ֆինանսավորումը՝ ամբողջ ծավալով:

    Օրենսդրությամբ սահմանված այլ նպատակների, ինչպես նաեւ նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման եւ ներդրումային ծրագրերի շարունակման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է, եթե դրանց գծով պարտադիր սոցիալական ապահովագրության նախորդ տարվա բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ (ընդ որում, կատարվող ծախսերի չափը չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը՝ եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը՝ ամսվա կտրվածքով):

    Բյուջեից կարող են չֆինանսավորվել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել պարտադիր սոցիալական ապահովագրության տվյալ տարվա բյուջեի նախագծում:

    4. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հիմնադրամի հաստատված ծախսերի ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեով սահմանված ծախսային ծրագրերի միջեւ՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

    5. Հաստատված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված եւ այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները նույն տարում կարող են ծախսվել՝ ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

    6.Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում փոփոխությունները եւ լրացումները կատարվում են օրենքով:

    7. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները:

    8. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման համար պատասխանատուն կառավարությունն է:

    9. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների ուղղումը պետական բյուջե չի թույլատրվում:

    10. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն՝ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կառուցվածքին համապատասխան:

    11. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման հետ կապված այլ հարցերը, ինչպես նաեւ բյուջեի կատարման նկատմամբ հսկողության եւ վերահսկողության հարցերը, կարգավորվում են օրենքով:

    Հոդված 366 . Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

    1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը՝ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ միասին:

    2. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է՝

    ա) տեղեկություններ՝ հաշվետու տարում համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման արդյունքների վրա.

    բ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաեւ հաշվետու տարվա համար հաստատված եւ փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

    գ) տեղեկություններ՝ հաշվետու տարում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի պարտքերի եւ դրանց սպասարկման վերաբերյալ.

    դ) այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու եւ հիմնավորելու համար:

    3. Ազգային ժողովի նիստում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում եւ հաստատվում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման եւ հաստատման գործընթացի շրջանակներում՝ մինչեւ ընթացիկ տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

    Հոդված 367 . Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հրապարակայնությունը

    Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու եւ դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար՝

    ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագիծը հրատարակում է մամուլում.

    բ) Ազգային ժողովում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներով.

    գ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ մեկամսյա ընթացքում.

    դ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո՝ 45 օրվա ընթացքում, հրապարակում է տեղեկատվություն՝ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եռամսյակային կատարման մասին:

    Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հրապարակայնության ապահովման այլ հարցերը կարգավորվում են օրենքով:» :

    Հոդված 34. Օրենքի 37-րդ հոդվածում`

    1) 1-ին մասում «եկամուտների եւ ծախսերի» բառերը փոխարինել «մուտքերի եւ ելքերի» բառերով.

    2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

    «2. Բյուջետային դասակարգումը բյուջեների կազմման եւ կատարման համար կիրառվող բյուջեների մուտքերի եւ ելքերի խմբավորումն է՝ ըստ տեսակների եւ ուղղությունների, որով ապահովվում է բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ցուցանիշների համադրելիությունը:».

    3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

    «3. Բյուջետային դասակարգումն ունի հետեւյալ կառուցվածքը՝

    ա) բյուջեների եկամուտներ.

    բ) բյուջեների ծախսեր եւ տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների միջոցների վերադարձից մուտքեր.

    գ) բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ (ներգրավված միջոցների մուտքեր եւ ներգրավված փոխառու միջոցների վերադարձ).

    դ) բյուջեների պարտքեր:»:

    Հոդված 35. Օրենքի 38-րդ հոդվածում՝

    1) վերնագրից եւ 1-ին մասից հանել «եւ պաշտոնական տրանսֆերտները» բառերը.

    2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

    «2. Բյուջեների եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտները դասակարգվում են՝

    ա) ընթացիկ եկամուտներ (հարկային եկամուտներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, տուրքեր, ինչպես նաեւ ոչ հարկային եկամուտներ).

    բ) կապիտալի գործառնություններից եկամուտներ.

    գ) պաշտոնական տրանսֆերտներ:».

    3) ուժը կորցրած ճանաչել 3- 8-րդ մասերը:

    Հոդված 36. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

    «Հոդված 39. Բյուջեների ծախսերը՝ հանած տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների մարումները

    1. Բյուջեների ծախսերը՝ հանած տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների մարումները (այսուհետ՝ ծախսերը՝ հանած մարումը) դասակարգվում են ըստ՝

    ա) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների.

    բ) գերատեսչական բաշխվածության.

    գ) ծախսերի տնտեսագիտական բովանդակության.

    դ) տարածքային բաշխվածության:

    2. Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը գործառնական (ֆունկցիոնալ) դասակարգումը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթների իրականացման ֆինանսավորման ուղղություններն արտահայտող բյուջետային ծախսերի եւ տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների մարումների խմբավորումն է:

    3. Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը տնտեսագիտական դասակարգումը ծախսերի եւ տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների մարումների խմբավորումն է՝ դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան:

    4. Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը տնտեսագիտական դասակարգումն ունի հետեւյալ կառուցվածքը՝

    ա) ընթացիկ ծախսեր.

    բ) կապիտալ ծախսեր.

    գ) վարկավորում՝ հանած մարումը:

    5. Բյուջեների ընթացիկ ծախսերն են՝

    ա) պետական եւ համայնքային հիմնարկների աշխատողների աշխատավարձը.

    բ) տոկոսավճարները.

    գ) սուբսիդիաները, սուբվենցիաները, դոտացիաները եւ ընթացիկ այլ տրանսֆերտները.

    դ) ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսերը:

    6. Բյուջեների կապիտալ ծախսերն են՝

    ա) կապիտալ ներդրումների ծախսերը.

    բ) կապիտալ նորոգումների ծախսերը:

    7. Բյուջեների վարկավորում՝ հանած մարումը դասակարգվում է՝

    ա) ներքին վարկավորում՝ հանած մարումը.

    բ) արտաքին վարկավորում՝ հանած մարումը:

    8. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը ծախսերի՝ հանած մարումը, խմբավորումն է՝ ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքների:

    9. Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը տարածքային դասակարգումը բյուջետային ծախսերի եւ տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների մարումների խմբավորումն է՝ ըստ հանրապետության վարչատարածքային միավորների՝ մարզերի եւ համայնքների:»:

    Հոդված 37. Օրենքի 40-րդ հոդվածում՝

    1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

    «Հոդված 40. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները».

    2) 1-ին մասում «Պետական բյուջեի դեֆիցիտի» բառերը փոխարինել «Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի)» բառերով, իսկ «փոխառու» բառը հանել.

    3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

    «2. Բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները դասակարգվում են ներքին եւ արտաքին աղբյուրների:».

    4) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ մասերը:

    Հոդված 38. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 401 -րդ հոդվածով`

    «Հոդված 401 . Բյուջեների պարտքերը

    1. Բյուջեների պարտքերի դասակարգումը Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պարտքային պարտավորությունների խմբավորումն է՝ ըստ դրանց տեսակների:

    2. Բյուջեների պարտքերը դասակարգվում են՝ ներքին եւ արտաքին պարտք:»:

    Հոդված 39. Օրենքի 42-րդ հոդվածը «ինքնակառավարման» բառից հետո լրացնել «մարմինների եւ նրանց» բառերով:
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    13 մայիսի 2003թ.
    ՀՕ-541