Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Եկամտահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի վճարած գումարը չի կարող պակաս լինել 30000 դրամից (եկամտահարկի նվազագույն գումար):

Հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկը նշված գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում), եւ այն հաշվանցվում է միայն հարկատուի՝ գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:

Հաշվետու տարում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է պետական գրանցում ստանալու ամսվանից մինչեւ տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:

Հաշվետու տարում օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցող մարմին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է տվյալ տարվա սկզբից մինչեւ գործունեության դադարեցման պետական գրանցման ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները չեն տարածվում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու մասին հարկային մարմիններին հայտարարություն (հաշվարկ, հայտարարագիր) ներկայացրած այն անհատ ձեռնարկատերերի վրա, ովքեր մինչեւ 2003 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում են ներկայացրել պետական գրանցող մարմին՝ գործունեությունը դադարեցնելու մասին:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-477