Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2001
  • Գլուխ I       Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II     Դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը
  • Գլուխ III    Դիվանագիտական ծառայության պաշտոնները եւ դիվանագիտական աստիճանը
  • Գլուխ IV    Դիվանագիտական ծառայության պաշտոնին նշանակվելը
  • Գլուխ V     Դիվանագիտական ծառայության ընթացքը
  • Գլուխ VI    Մրցութային- ատեստավորող հանձնաժողովը
  • Գլուխ VII   Դիվանագետների խրախուսումը, պատասխանատվությունը եւ լիազորությունների դադարեցումը
  • Գլուխ VIII  Դիվանագետի իրավունքները եւ պարտականությունները
  • Գլուխ IX     Դիվանագիտական անձնագրեր
  • Գլուխ X      Դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորումը
  • Գլուխ XI     Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
     


     

    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կազմակերպման, ղեկավարման, այդպիսի ծառայության անցնելու եւ ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի սահմանման, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

    Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

    1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների եւ դրանցում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց (այսուհետ՝ դիվանագետ) վրա:

    2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական ծառայողների, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրով վարչատեխնիկական կամ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:

    Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում օտարերկրյա քաղաքացիների կամ այդ պետության մշտական բնակիչներ համարվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում հաշվի են առնվում նաեւ տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաեւ այդ պետության հետ կնքված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան պահանջները:

    Հոդված 3. Դիվանագիտական ծառայությունը եւ գործունեությունը

    1. Դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որը սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված մարմիններում կատարվում է՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով այդ մարմիններին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով:

    Դիվանագիտական գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ նրա աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, հանրապետական գործադիր մարմինների, Հայաստանի Հանրապետության հատուկ առաքելությունների, պատվիրակությունների, բանակցային խմբերի կողմից միջազգային հարաբերություններում եւ միջազգային կապերում սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը:

    2. Դիվանագիտական ծառայությունը պետական ծառայության բաղկացուցիչ մասն է:

    Հոդված 4. Դիվանագիտական ծառայության խնդիրները

    Դիվանագիտական ծառայության խնդիրներն են՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն իրականացնելը, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը եւ իրավունքները պատշաճ ու հետեւողական ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը:

    Հոդված 5. Դիվանագիտական ծառայության մարմինները

    1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են՝

    ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.

    բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմինները եւ հիմնարկները.

    («ա» եւ «բ» ենթակետերում նշված մարմիններն այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ)

    գ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները.

    դ) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները.

    ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները.

    («գ»-«ե» ենթակետերում նշված մարմիններն այսուհետ՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ ):

    2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգը:

    Հոդված 6. Դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությունը

    1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:

    2. Դիվանագետների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

    3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
     
     

    ԳԼՈՒԽ II

    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը

    1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերը, ինչպես նաեւ կազմակերպում եւ ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

    2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին:

    3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է միջազգային հարաբերությունների եւ կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային մարմինների գործունեությունը:

    Հոդված 8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարումը

    1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը:

    2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգով:

    3. Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    4. Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոն է: Գլխավոր քարտուղարը ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը:

    5. Արտաքին գործերի նախարարի տեղակալների եւ գլխավոր քարտուղարի իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 9. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը

    1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով օտարերկրյա պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանությունն է եւ միջազգային կազմակերպությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը:

    Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է պաշտոնական հարաբերություններ համապատասխան օտարերկրյա պետությունում եւ միջազգային կազմակերպությունում:

    2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունն արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությամբ ենթակա եւ հաշվետու է նրան:

    3. Դիվանագիտական ներկայացուցչությունը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝

    ա) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների մասին կանոնադրությամբ.

    բ) միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների մասին կանոնադրությամբ:

    Հոդված 10. Դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը եւ լուծարումը

    1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության միջեւ նախնական համաձայնության հիման վրա:

    Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ տվյալ օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաեւ դեսպանության պահպանումը որեւէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:

    Տվյալ պետության հետ դիվանագիտական կապերը վերականգնվելու կամ որեւէ այլ պատճառով օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը լուծարելուց հետո դրա վերականգնման անհրաժեշտություն առաջանալու դեպքում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության վերաբացումը կատարվում է սույն կետի առաջին մասով սահմանված կարգով:

    2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն ստեղծվում եւ լուծարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ տվյալ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:

    3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծման եւ լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

    4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով եւ պայմաններով, կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում:

    5. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով եւ պայմաններով, կարող է որեւէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել օտարերկրյա այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում: Որեւէ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում՝ ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախնական համաձայնության դեպքում:

    Հոդված 11. Դիվանագիտական ներկայացուցչության խնդիրները

    1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խնդիրներն են՝

    ա) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան դեսպանընկալ օտարերկրյա պետությունում եւ ապահովել պաշտոնական հարաբերություններն այդ պետության հետ.

    բ) խրախուսել եւ ամրապնդել Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետության միջեւ բարեկամական հարաբերությունները (ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական եւ այլ բնագավառներ), նպաստել փոխշահավետ կապերի զարգացմանը.

    գ) պաշտպանել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ նրա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքները եւ օրինական շահերը դեսպանընկալ պետությունում.

    դ) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը.

    ե) նպաստել օտարերկրյա պետության հետ կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.

    զ) վարել բանակցություններ օտարերկրյա պետության իշխանությունների եւ այդ պետությունում հավատարմագրված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ.

    է) իրականացնել միջազգային իրավունքի նորմերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հյուպատոսական գործողություններ.

    ը) օրինական միջոցներով հավաքել, մշակել ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին տրամադրել տեղեկություններ օտարերկրյա պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական եւ տնտեսական իրավիճակի մասին.

    թ) նպաստել Հայաստանի Հանրապետության եւ դեսպանընկալ պետության հայ համայնքի համակողմանի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

    2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության խնդիրներն են՝

    ա) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում եւ ապահովել պաշտոնական հարաբերություններ միջազգային կազմակերպության հետ.

    բ) պաշտպանել Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքները եւ օրինական շահերը.

    գ) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը.

    դ) նպաստել համապատասխան միջազգային կազմակերպության հետ կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.

    ե) վարել բանակցություններ միջազգային կազմակերպության հետ.

    զ) օրինական միջոցներով հավաքել, մշակել եւ Հայաստանի Հանրապետության մարմիններին տրամադրել տեղեկություններ տվյալ միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

    3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները եւ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ (կամ) միջազգային պայմանագրերով իրենց վերապահված այլ խնդիրներ:

    Հոդված 12. Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը

    1. Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար կարող է լինել Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը կամ գործերի հավատարմատարը՝ տվյալ պետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

    2. Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

    Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

    3. Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը:

    Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին նշանակում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ:

    Հոդված 13. Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի՝ իր պարտականությունների կատարմանն անցնելու սկիզբը եւ ավարտը

    1. Հայաստանի Հանրապետության դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի տված հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի պետական մարմնի ղեկավարին իր ժամանման մասին ծանուցելուց եւ հավատարմագրի կրկնօրինակը նրան հանձնելուց հետո՝ դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:

    2. Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի պետական մարմնի ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:

    3. Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հետեւյալ դեպքերում.

    ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.

    բ) դեսպանընկալ պետության կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարվելու.

    գ) իր գործառույթները կատարելու անհնարինության.

    դ) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքների առկայության.

    ե) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«ե», «է», «ը», «ժ»-«ժգ» ենթակետերում նշված հիմքերի առկայության դեպքերում:

    Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:

    Հոդված 14. Հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ հատուկ առաքելությունները

    Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան կամ ստեղծել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:

    Հոդված 15. Հյուպատոսական հիմնարկի ստեղծումը եւ լուծարումը

    1. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության նախնական համաձայնության հիման վրա:

    Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը լուծարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

    2. Հյուպատոսական հիմնարկը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությամբ ենթակա եւ հաշվետու է նրան:

    Հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:

    3. Հյուպատոսական հիմնարկի ստեղծման եւ լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

    Հոդված 16. Հյուպատոսական հիմնարկի գործունեության կարգավորումը

    Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
     
     

    ԳԼՈՒԽ III

    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

    Հոդված 17. Դիվանագիտական ծառայության պաշտոնները

    1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝

    ա) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը. բ) արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարի պաշտոնը.

    գ) արտաքին գործերի նախարարության վարչության պետի (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնը.

    դ) արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարի տեղակալի պաշտոնը.

    ե) արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի պաշտոնը.

    զ) գործերի հավատարմատարի պաշտոնը.

    է) գլխավոր հյուպատոսի պաշտոնը.

    ը) խորհրդականի պաշտոնը.թ) հյուպատոսի պաշտոնը.ժ) փոխհյուպատոսի պաշտոնը. ժա) հյուպատոսական գործակալության ղեկավարի պաշտոնը.

    ժբ) բաժնի վարիչի (պետի) պաշտոնը.

    ժգ) առաջին քարտուղարի պաշտոնը.

    ժդ) երկրորդ քարտուղարի պաշտոնը.

    ժե) երրորդ քարտուղարի պաշտոնը.

    ժզ) կցորդի պաշտոնը:

    2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման, վերապատրաստման, նշանակման եւ ազատման հետ կապված նորմերը:

    Հոդված 18. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանները

    1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետներին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս եւ ծառայության ընթացքում: Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը:

    2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական եւ դիվանագիտական:

    Հայաստանի Հանրապետության բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են՝

    ա) Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճանը.

    բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի աստիճանը:

    Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճաններն են՝

    ա) առաջին դասի խորհրդականի աստիճանը.

    բ) երկրորդ դասի խորհրդականի աստիճանը.

    գ) առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանը.

    դ) երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանը.

    ե) երկրորդ քարտուղարի աստիճանը.

    զ) երրորդ քարտուղարի աստիճանը.

    է) կցորդի աստիճանը:

    Հոդված 19. Դիվանագիտական ծառայության պաշտոնների եւ դիվանագիտական աստիճանների հարաբերակցությունը

    1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված պաշտոններն զբաղեցնել կարող են բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձինք:

    2. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի «գ»-«ժզ» ենթակետերում նշված պաշտոններն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 20. Դիվանագիտական աստիճաններ շնորհելու իրավասություն ունեցող անձինք

    1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

    2. Հայաստանի Հանրապետության այլ դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

    Հոդված 21. Դիվանագիտական աստիճանի շնորհումը

    1. Կցորդի դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ անցած անձին:

    2. Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է, երբ դիվանագետը համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով ծառայել է հետեւյալ ժամկետներում.

    ա) կցորդ, երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար՝ առնվազն 3 տարի.

    բ) երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար, երկրորդ դասի խորհրդական, առաջին դասի խորհրդական՝ առնվազն 2 տարի:

    3. Սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերում կարող է արտահերթ դիվանագիտական աստիճան կամ հերթական դիվանագիտական աստիճան շնորհվել սույն հոդվածի երկրորդ կետում նշված ժամկետից շուտ՝ արտահերթ ատեստավորումից հետո:

    4. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ դիվանագիտական աստիճանի ժամկետից շուտ շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:

    5. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված թափուր պաշտոն զբաղեցնելու ներքին մրցույթով թեկնածու չընտրվելու դեպքում արտաքին մրցույթով անցած անձին դիվանագիտական աստիճան շնորհվում է՝ հաշվի առնելով տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան ունենալու պահանջը (19-րդ հոդվածի 2-րդ կետ):

    Հոդված 22. Դիվանագիտական աստիճանի պահպանումը

    1. Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ:

    2. Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք պահպանում են այդ աստիճանները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգից կենսաթոշակի անցնելու դեպքում:

    3. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ», «զ», «է», «ը» ենթակետերի համաձայն՝ դիվանագիտական ծառայությունից ազատված դիվանագետների աստիճանները վերականգնվում են մրցութային-ատեստավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա դիվանագետի՝ նորից դիվանագիտական ծառայության անցնելու դեպքում:

    Դիվանագիտական աստիճանի վերականգնման դեպքում հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ:

    Հոդված 23. Դիվանագիտական աստիճանից զրկելը

    Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «ե», «թ»-«ժդ» ենթակետերում սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ազատված անձանց զրկում են շնորհած դիվանագիտական աստիճաններից:
     
     

    ԳԼՈՒԽ IV

    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ

    Հոդված 24. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

    Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն եւ բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած՝ համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները:

    Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 25. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու րավունքի սահմանափակումները

    Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր՝

    ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

    բ) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

    գ) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

    դ) դատապարտվել են հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:

    Հոդված 26. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

    1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի առկայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է արտաքին կամ ներքին մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում:

    Արտաքին մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

    3. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան (19-րդ հոդվածի 2-րդ կետ):

    Ներքին մրցույթ անցկացնելու մասին՝ սույն օրենքով նախատեսված մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

    4. Մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, մրցութային-ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի վերաբերյալ արտաքին գործերի նախարարին կամ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին տալիս է եզրակացություն:

    5. Մրցույթի պայմանները չբավարարած անձանց յոթնօրյա ժամկետում այդ մասին հայտնվում է գրավոր:

    Հոդված 27. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը

    1. Մրցույթով անցած անձը դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվում է անժամկետ:

    2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը կատարվում է արտաքին գործերի նախարարի կամ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

    Հոդված 28 . Փորձաշրջանը

    1. Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը նշանակվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր:

    Հոդված 29. Դիվանագետ համարվելը

    Անձը համարվում է դիվանագետ, երբ նրան շնորհվում է առաջին դիվանագիտական աստիճանը, նա անցնում է համապատասխան պաշտոնի եւ տալիս է դիվանագետի երդումը:

    Հոդված 30. Դիվանագետի երդումը

    Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայությամբ տալիս է հետեւյալ բովանդակությամբ երդում.

    «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության դիվանագետի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը»:

    Դիվանագետն ստորագրում է երդման տեքստը, եւ նրան հանդիսավորությամբ շնորհվում է Հայաստանի Հանրապետության դիվանագետի վկայական:

    ԳԼՈՒԽ V

    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

    Հոդված 31. Դիվանագիտական ծառայության ընթացքը

    1. Դիվանագետի ծառայությունն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դիվանագիտական ծառայության մարմնում: Չի թույլատրվում առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձի նշանակումն անմիջապես օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:

    2. Դիվանագետի գործունեությունն ընթանում է ռոտացիայի սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում եւ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում համապատասխանաբար իրար հաջորդող երկամյա աշխատանքային փուլերով:

    Անհրաժեշտության դեպքում երկամյա ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

    Հոդված 32. Ռոտացիան

    1. Ռոտացիան իրականացնելիս հաշվի է առնվում դիվանագետի դիվանագիտական աստիճանը, տվյալ պահին նրա զբաղեցրած պաշտոնը եւ ռոտացիայի արդյունքում զբաղեցնելիք պաշտոնը: Ռոտացիա իրականացվում է հավասարազոր պաշտոնների միջեւ:

    2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումը մեկ այլ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:

    3. Ռոտացիա իրականացնելու կարգը եւ հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 33. Դիվանագիտական գործունեություն իրականացնելու նպատակով դիվանագետին գործուղելը

    Դիվանագետը, իր համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնից, համապատասխան դիվանագիտական ծառայության մարմնի եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների միջեւ պայմանավորվածության համաձայն, առավելագույնը երկու տարի ժամկետով կարող է համապատասխանաբար արտաքին կապերի գծով գործուղվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ: Այդ դեպքում դիվանագետը պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը եւ մասնակցել թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

    Դիվանագետի գործուղման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 34. Ատեստավորումը

    1. Ատեստավորումն իրականացվում է զբաղեցրած պաշտոնին դիվանագետի՝ համապատասխանությունը որոշելու եւ աստիճանային առաջխաղացումն ապահովելու նպատակով:

    2. Դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագետների առնվազն մեկ երրորդը յուրաքանչյուր տարի ենթակա է պարտադիր ատեստավորման:

    3. Դիվանագետի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

    4. Տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող դիվանագետն ատեստավորման ենթակա չէ:

    5. Դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի հիման վրա, պաշտոնի նկարագիրը փոփոխվելու դեպքում կամ դիվանագետի ցանկությամբ:

    6. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի պարտադիր մասնակցությամբ:

    7. Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 35. Դիվանագետի վերապատրաստումը

    1. Դիվանագետի վերապատրաստումն անցկացվում է դիվանագետի ատեստավորման արդյունքների հիման վրա:

    2. Յուրաքանչյուր դիվանագետ առնվազն հինգ տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

    3. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմնի՝ պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին՝ նրանց հրավերով, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

    4. Մեկից մինչեւ երկու տարի ժամկետով վերապատրաստման դասընթացների դեպքում ռոտացիայի իրականացման համար անհրաժեշտ ստաժի ժամկետի մեջ հաշվարկվում է միայն մեկ տարին:

    5. Վերապատրաստումը, համապատասխան վկայագրի առկայության դեպքում, կարող է հիմք դառնալ սահմանված ժամկետից շուտ հաջորդ դիվանագիտական աստիճանն ստանալու համար:

    6. Վերապատրաստման նպատակով վեց ամսից ավելի ժամկետով ուսման մեկնելու դեպքում ուսման մեկնող դիվանագետի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ կնքվում է պայմանագիր, որի համաձայն ուսման մեկնողը պարտավորվում է ուսման ավարտից հետո՝ առնվազն երեք տարի, աշխատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում: Նշված պայմանը խախտելու դեպքում նա պարտավոր է փոխհատուցել ուսման ծախսերը:

    Հոդված 36. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվը

    1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են ՝

    ա) դիվանագետները, որոնք որպես միջազգային ծառայողներ աշխատանքի են անցել միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտաների սահմաններում.

    բ) դիվանագետները, որոնք զբաղվում են գիտական գործունեությամբ.

    գ) դիվանագետները՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված պաշտոններում իրենց պաշտոնավարման ավարտից հետո.

    դ) դիվանագետները՝ սույն օրենքով սահմանված կարգով դիվանագիտական ծառայության մարմնի լուծարման ժամանակ կամ հաստիքների կրճատման դեպքում:

    2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված դեպքերում դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետները գրանցվում են մինչեւ 4 տարի ժամկետով՝ առանց վարձատրման իրավունքի: Կադրերի ռեզերվում գտնվելն իրավունք է տալիս դիվանագետին թափուր պաշտոնի առկայության դեպքում վերականգնվել դիվանագիտական ծառայությունում՝ սույն օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված ներքին մրցույթով:

    3. Սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված դեպքում դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է:

    Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

    4. Կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու եւ ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ VI

    ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

    Հոդված 37. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի խնդիրները եւ կազմը

    Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի եւ ատեստավորում անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:

    Մրցութային-ատեստավորող հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաեւ միջազգային հարաբերությունների բնագավառի գիտական աշխատողներ:

    Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

    ԳԼՈՒԽ VII

    ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

    Հոդված 38. Դիվանագետների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

    1. Ծառայողական պարտականությունները, հատուկ առաջադրանքները լավագույնս կատարելու, երկարամյա ծառայության, անբասիր աշխատանքի, ծառայության մեջ ունեցած նվաճումների համար դիվանագետների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ միջոցները.

    ա) շնորհակալության հայտարարում.

    բ) միանվագ դրամական պարգեւատրում.

    գ) հուշանվերով պարգեւատրում:

    Դիվանագետների նկատմամբ կարող են կիրառվել օրենքով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:

    2. Խրախուսանքի միջոցներ կիրառում է դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը:

    Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կիրառում է խրախուսանքի միջոցները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով արտաքին գործերի նախարարությանը:

    Հոդված 39. Դիվանագետների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

    1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահության կանոնները եւ դիվանագիտական էթիկան խախտելու դեպքում դիվանագետի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

    ա) նախազգուշացում.

    բ) նկատողություն.

    գ) խիստ նկատողություն.

    դ) աշխատավարձի իջեցում (մինչեւ երեք ամիս ժամկետով):

    2. Կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

    Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մյուս մարմինների ղեկավարները կիրառում են սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված կարգապահական տույժերը՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:

    3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կիրառում է միայն սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում նշված տույժերը:

    Հոդված 40. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերը

    1. Դիվանագետն զբաղեցրած պաշտոնից ազատվում է հետեւյալ դեպքերում.

    ա) անձնական դիմում ներկայացնելիս.

    բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելիս.

    գ) օրենքով սահմանված քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելիս կամ նշանակվելիս.

    դ) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալիս.

    ե) սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետի «բ»-«դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելիս.

    զ) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալիս (չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը).

    է) սույն օրենքի 25-րդ հոդվածի «գ» ենթակետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալիս.

    ը) հաստիքները կրճատվելիս եւ (կամ) դիվանագիտական ծառայության մարմինը լուծարվելիս.

    թ) ատեստավորման հետեւանքով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը որոշելիս.

    ժ) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները խախտելիս.

    ժա) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելիս.

    ժբ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելիս.

    ժգ) դատական կարգով դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելիս:

    2. Դիվանագետի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:

    3. Սույն հոդվածի 1-ին կետի «զ» եւ «թ» ենթակետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող դիվանագետները:

    4. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:

    Հոդված 41. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

    1. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:

    2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչեւ երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել:

    ԳԼՈՒԽ VIII

    ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 42. Դիվանագետի հիմնական իրավունքները

    Դիվանագետի հիմնական իրավունքներն են՝

    ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

    բ) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության բոլոր գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը.

    գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անhրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

    դ) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունելը (անհրաժեշտության դեպքում՝ խորհրդակցելով անմիջական ղեկավարի հետ) եւ հարցերի քննարկումներին մասնակցելը.

    ե) աշխատանքի, աշխատավարձի, առողջության պաշտպանությունը, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովվածությունը.

    զ) սոցիալական ապահովությունը.

    է) սահմանված կարգով դիվանագիտական աստիճանի բարձրացումը.

    ը) վերապատրաստումը.

    թ) մրցույթի եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

    ժ) դիվանագիտական ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

    Դիվանագետն ունի սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

    Հոդված 43. Դիվանագետի հիմնական պարտականությունները

    Դիվանագետի հիմնական պարտականություններն են՝

    ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

    բ) մասնագիտական եւ այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

    գ) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ եւ ժամանակին կատարելը.

    դ) ղեկավար անձանց՝ իրենց լիազորությունների շրջանակներում եւ սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու ընդունած որոշումները կատարելը.

    ե) մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.

    զ) արտաքին գործերի նախարարության հաստատած՝ աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը.

    է) իր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելն ու օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

    ը) պետական, ծառայողական եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո՝ օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում.

    թ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դիվանագետի էթիկայի կանոնները պահպանելը.

    ժ) իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը՝ օրենքով սահմանված կարգով:

    Դիվանագետն ունի նաեւ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ արտականություններ:

    Հոդված 44. Դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումները

    1. Դիվանագետն իրավունք չունի՝

    ա) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

    բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

    գ) իր ծառայողական դիրքը, աշխատանքային միջոցներն օգտագործել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ կրոնական միավորումների) շահերի համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար.

    դ) խախտել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝ հրաժարվել գաղտնիքին առնչվելու թույլտվության ձեւակերպման սահմանված ընթացակարգն անցնելը.

    ե) ստանալ հոնորար իր ծառայողական պարտականությունների կատարումից բխող՝ իր նախապատրաստած հրապարակումների կամ ելույթների համար.

    զ) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել դիվանագիտական ծառայության մարմնի նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքն ու ծառայողական տեղեկատվությունը.

    է) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

    2. Դիվանագետին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, վերջինիս զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

    3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիվանագետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Դիվանագետն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտներ:

    Հոդված 45. Դիվանագետների սոցիալական երաշխիքները

    Պետությունը դիվանագետի համար երաշխավորում է`

    ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովում.

    բ) ամենամյա վճարովի արձակուրդ.

    գ) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայելու ընթացքում բժշկական ապահովագրության վճար (նաեւ՝ նրա ընտանիքի անդամներին)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին.

    դ) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեսված աշխատավարձը.

    ե) ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ստացած հաշմանդամության դեպքում՝ նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նպաստներով ապահովում՝ պատճառված վնասի հատուցմամբ.

    զ) ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովում բռնությունից, ահաբեկումից եւ այլ ոտնձգություններից.

    է) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում.

    ը) կենսաթոշակի անցնելու դեպքում դիվանագիտական աստիճանի համար լրավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով.

    թ) կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով.

    ժ) օրենքով սահմանված այլ երաշխիքներ:

    Հոդված 46. Դիվանագետների դրամական բավարարումը եւ փոխհատուցման վճարները

    1. Դիվանագետների դրամական բավարարումը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից եւ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարից:

    Դիվանագետի պաշտոնային դրույքաչափը եւ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

    2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին, դրամական բավարարումից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխան, համաձայն տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով եւ կարգով:

    3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է նաեւ փոխհատուցում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ յուրաքանչյուրին՝ սույն հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա պետությունում իր ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման 10 տոկոսի չափով: Ամուսնու մասով փոխհատուցման վճարումը դադարեցվում է, երբ նա անցնում է աշխատանքի տվյալ երկրում:

    4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների՝ միջնակարգ ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվում է փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով, մինչեւ երեխայի 18 տարին լրանալը:

    5. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին եւ ընտանիքի անդամների թվին համապատասխան՝ բնակարանի համար հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

    6. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի եւ նրա ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    7. Դիվանագետն իրավունք ունի ստանալ նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լրավճարներ:

    8. Սույն օրենքում օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը եւ մինչեւ 18 տարեկան երեխաները:

    Հոդված 47. Օտարերկրյա պետություն ծառայության մեկնած դիվանագետի ամուսնու իրավունքները

    1. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո վերականգնվում է աշխատանքի պետական հիմնարկներում եւ զբաղեցնում է պաշտոն՝ մինչեւ օտարերկրյա պետություն մեկնելն ստացած աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

    2. Այն ժամանակաշրջանը, որն ամուսինն անց է կացրել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած իր ամուսնու հետ, ներառվում է նրա պետական սոցիալական ապահովագրության ժամանակաշրջանում, եւ նա ապահովվում է նախատեսված սոցիալական ապահովագրության մուծումներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    3. Դիվանագետի ամուսինն իրավունք ունի աշխատել այն երկրում, որտեղ ծառայում է նրա ամուսինը, եթե այդ հնարավորությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլատրվում է տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ: Այդ մասին դիվանագետը նախապես պետք է տեղյակ պահի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
     
     

    ԳԼՈՒԽ IX

    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ

    Հոդված 48. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը

    Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվող՝ անձը հաստատող փաստաթուղթ է, որը հաստատում է, որ դրա կրողը դիվանագետ կամ, սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, դրա կրելու իրավունքն ունեցող անձ է:

    Հոդված 49. Դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձինք

    1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երեւանի քաղաքապետին), դիվանագետներին, իսկ առանձին դեպքերում՝ այլ անձանց՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվությամբ:

    2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաեւ դիվանագետների ընտանիքների անդամներին՝ օտարերկրյա պետություններ ծառայության մեկնելիս:

    Հոդված 50. Դիվանագիտական անձնագրեր տալու եւ հետ վերցնելու կարգը

    1. Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարի է: Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ հինգ տարի ժամկետով:

    Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

    2. Սույն օրենքի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր: Այդ մասին սահմանված կարգով տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինները:

    3. Դիվանագիտական անձնագրեր տալու եւ հետ վերցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

    ԳԼՈՒԽ X

    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

    Հոդված 51. Դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորումը

    1. Դիվանագիտական ծառայության մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

    2. Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները պետական բյուջեի միջոցներից բացի կարող են ֆինանսավորվել նաեւ այլ աղբյուրներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    ԳԼՈՒԽ XI

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 52. Օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

    2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել՝

    ա) 1992 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

    բ) 1992 թվականի հունիսի 6-ի «Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

    Հոդված 53. Հաստիքացուցակների, պաշտոնների նկարագրերի, դիվանագիտական աստիճանների եւ պաշտոնների համապատասխանեցումը

    Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատում է դիվանագիտական ծառայության մարմինների հաստիքացուցակները, ինչպես նաեւ պաշտոնների նկարագրերը:

    Պաշտոնների նկարագրերը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, իրականացվում է սույն օրենքով նախատեսված ատեստավորումը:

    Ատեստավորման հետեւ անքով մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետներին շնորհվում են իրենց պաշտոններին համապատասխանող դիվանագիտական աստիճաններ՝ սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան:

    Հոդված 54. Սույն օրենքի 24-րդ հոդվածի գործողության ժամանակավոր սահմանափակումները

    Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքով դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված անձանց նկատմամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի դրույթները կիրառվում են սույն օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված ատեստավորումից հետո:

    Հոդված 55. Դիվանագետի երդում տալը

    Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, սույն օրենքի 53-րդ հոդվածով նախատեսված ատեստավորումից հետո, բոլոր դիվանագետները տալիս են դիվանագետի երդում:

    Հոդված 56. Բժշկական ապահովագրության վճարները եւ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների երեխաների ուսման ծախսերը հոգալը

    Սույն օրենքի 45-րդ հոդվածի «գ» ենթակետով նախատեսված բժշկական ապահովագրության վճարները, ինչպես նաեւ 46-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ դիվանագետների երեխաների ուսման ծախսերի նպատակով վճարվող փոխհատուցումները տրվում են 2003 թվականի հունվարի 1-ից:
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    21 նոյեմբերի 2001թ.
    ՀՕ-249
     
     




  • 19.11.2002 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    11.04.2003 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    11.06.2004 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    22.12.2010 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    22.12.2010 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    19.03.2012 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    12.12.2013 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին
    21.12.2017 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    17.01.2018 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    23.03.2018 «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    19.06.2019 «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    09.06.2022 «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    15.06.2022 «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    14.07.2022 «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    07.12.2022 «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
    01.03.2023 «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    11.12.2023 «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին