Օրենքը չի գործում:
Գործում է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.10.1999
  • Գլուխ I     Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II    Արդյունաբերական սեփականության օբյեկտների արտոնագրաունակության պայմանները
  • Գլուխ III  Արդյունաբերական սեփականության օբյեկտի հեղինակը եւ արտոնագրատերը
  • Գլուխ IV  Արդյունաբերական սեփականության օբյեկտների օգտագործման բացառիկ իրավունքը
  • Գլուխ V   Արդյունաբերական սեփականության օբյեկտների արտոնագրումը
  • Գլուխ VI  Արտոնագրի գործողության դադարեցումը
  • Գլուխ VII Արտոնագրի գործողության դադարեցումը
  • Գլուխ VIII Եզրափակիչ դրույթներ
  • Գլուխ I

    Ընդհանուր դրույթներ

    Հոդված 1. Օրենքի նպատակները

    Սույն օրենքը կարգավորում է գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի (այսուհետ՝ նաեւ արդյունաբերական սեփականության օբյեկտ) ստեղծման, իրավական պահպանության ու օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական ոչ գույքային հարաբերությունները:

    Հոդված 2. Արդյունաբերական սեփականության մասին օրենսդրությունը

    1. Գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ու օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական ոչ գույքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավականակտերով:

    2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, ապա կիրառվում են այդ նորմերը:

    Հոդված 3. Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունը

    1. Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունը (այսուհետ՝ գերատեսչություն), սույն օրենքին համապատասխան ընդունում է արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտեր, անցկացնում է հայտերի փորձաքննություն, տալիս է արտոնագրեր, իրականացնում է սույն օրենքի կիրառմանը եւ հրապարակային տեղեկատվությանը վերաբերող հրատարակչական գործունեություն, ապահովում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանությունը, ինչպես նաեւ իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

    2. Գերատեսչությունն ունի բողոքարկման խորհուրդ, որը լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը:

    3. Բողոքարկման խորհուրդը գործում է գերատեսչության հաստատած կանոնադրության հիման վրա:

    Հոդված 4. Արդյունաբերական սեփականության օբյեկտի իրավական պահպանությունը

    1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքը պահպանվում է օրենքով եւ հաստատվում է արտոնագրով:

    2. Արտոնագրով հաստատվում են արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը, օբյեկտի առաջնությունը եւ օբյեկտի նկատմամբ հեղինակությունը:

    3. Գյուտի արտոնագիրը գործում է մինչեւ հայտը ներկայացնելու օրվանից 20 տարին լրանալը, եթե այն տրվել է գյուտի ըստ էության փորձաքննության հիման վրա (հիմնական արտոնագիր), կամ մինչեւ 10 տարին լրանալը, եթե այն տրվել է առանց գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման (նախնական արտոնագիր), արդյունաբերական նմուշի արտոնագիրը` մինչեւ 15 տարին, իսկ օգտակար մոդելի արտոնագիրը` մինչեւ 10 տարին լրանալը:

    4. Գյուտի եւ օգտակար մոդելի արտոնագրով վերապահված իրավական պահպանության ծավալը որոշվում է դրանց հավակնության սահմանումով, իսկ արդյունաբերական նմուշի արտոնագրով վերապահված իրավական պահպանության ծավալը` իրի (մանրակերտի, նկարի) լուսանկարների վրա արտահայտված եւ արդյունաբերական նմուշի նկարագրության մեջ թվարկված էական հատկանիշների ամբողջությամբ:

    5. Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների օգտագործումը եւ դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    6. Իրավական պաշտպանության ենթակա չեն այն գյուտերը, օգտակար մոդելներն ու արդյունաբերական նմուշները, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին:

    Գլուխ II

    Արդյունաբերական սեփականության օբյեկտների արտոնագրաունակության պայմանները

    Հոդված 5. Գյուտի արտոնագրաունակության պայմանները

    1. Գյուտը պահպանվում է օրենքով սահմանված կարգով, եթե դա նոր է, ունի գյուտարարական մակարդակ եւ արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ):

    2. Գյուտը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

    3. Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում տեխնիկայի մակարդակից:

    4. Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչեւ տվյալ գյուտի առաջնության տարին, ամիս-ամսաթիվը (այսուհետ՝ թվական) աշխարհում հանրամատչելի դարձածտեխնիկայի բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաեւ գերատեսչություն ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի եւ օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը գերատեսչությունը կհրապարակի հետագայում:

    5. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած այլ անձի կողմից գյուտի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե դա կատարվել է գյուտի հայտը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում:

    6. Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է դա պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում:

    7. Գյուտի առարկա կարող են լինել սարքը, եղանակը, նյութը, մանրէի շտամը, բույսերի եւ կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը, ինչպես նաեւ հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի կիրառումը նոր նշանակությամբ:

    8. Արտոնագրաունակ գյուտեր չեն`

    1) գիտական տեսությունները եւ մաթեմատիկական մեթոդները.

    2) տնտեսության կազմակերպման եւ ղեկավարման եղանակները.

    3) պայմանական նշանները, կարգացուցակները եւ կանոնները.

    4) մտավոր գործողությունների կատարման եղանակները եւ կանոնները.

    5) հաշվիչ մեքենաների ալգորիթմները.

    6) կառույցների, շենքերի ու տարածքների հատակագծերի սխեմաները եւ նախագծերը.

    7) իրի արտաքին տեսքին վերաբերող այն առաջարկությունները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.

    8) բույսերի տեսակները եւ կենդանիների ցեղատեսակները:

    Հոդված 6. Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները

    1. Որպես օգտակար մոդել՝ օրենքով սահմանված կարգով պահպանվում է նոր եւ արդյունաբերորեն կիրառելի այն լուծումը, որը վերաբերում է արտադրության միջոցների եւ սպառման առարկաների, ինչպես նաեւ դրանց բաղկացուցիչ մասերի կառուցվածքային իրականացմանը (օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմաններ):

    2. Օգտակար մոդելը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

    3. Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչեւ օգտակար մոդելի առաջնության թվականը ներկայացված օգտակար մոդելի հետ նույնանշանակ միջոցների մասին աշխարհում հրատարակված հանրամատչելի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաեւ գերատեսչություն ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի եւ օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը գերատեսչությունը կհրապարակի հետագայում:

    4. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որեւէ անձի կողմից օգտակար մոդելի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե դա կատարվել է օգտակար մոդելի հայտը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում:

    5. Օգտակար մոդելն արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է դա պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում:

    6. Արտոնագրաունակ օգտակար մոդելներ չեն համարվում` եղանակները, նյութերը, մանրէի շտամը, բույսերի եւ կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը, դրանց կիրառումը նոր նշանակությամբ, ինչպես նաեւ սույն օրենքի 5 հոդվածի 8-րդ կետում նշված օբյեկտները:

    Հոդված 7. Արդյունաբերական նմուշի արտոնագրաունակության պայմանները

    1. Որպես արդյունաբերական նմուշ՝ օրենքով սահմանված կարգով պահպանվում է իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային այն լուծումը, որը նոր է, ինքնատիպ եւ արդյունաբերորեն կիրառելի (արդյունաբերական նմուշի արտոնագրաունակության պայմաններ):

    2. Արդյունաբերական նմուշը նոր է, եթե իրի գեղագիտական եւ(կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները պայմանավորող էական հատկանիշների ամբողջությունը մինչեւ արդյունաբերական նմուշի առաջնության թվականը հայտնի չէ աշխարհում` հանրամատչելի բոլոր տեսակի տեղեկություններից:

    3. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որեւէ անձի կողմից արդյունաբերական նմուշի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե այն կատարվել է արդյունաբերական նմուշի հայտը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 6 ամսվա ընթացքում:

    4. Արդյունաբերական նմուշը ճանաչվում է ինքնատիպ, եթե դրա էական հատկանիշները պայմանավորում են իրի գեղագիտական առանձնահատկությունների ստեղծագործական բնույթը:

    5. Արդյունաբերական նմուշն արդյունաբերորեն կիրառելի է, եթե դա կարող է բազմակի վերարտադրվել համապատասխան իրը պատրաստելու միջոցով:

    6. Արտոնագրաունակ արդյունաբերական նմուշներ չեն`

    1) այն լուծումները, որոնք բացառապես պայմանավորված են իրի տեխնիկական գործառույթներով.

    2) ճարտարապետության օբյեկտների (բացառությամբ ճարտարապետական փոքր ձեւերի), արդյունաբերական, հիդրոտեխնիկական եւ ստացիոնար այլ կառույցների լուծումները.

    3) տպագրական արտադրանքի լուծումները որպես այդպիսին.

    4) հեղուկ, գազանման, սորուն կամ համանման նյութերից պատրաստված, անկայուն ձեւ ունեցող առարկաների լուծումները:

    Գլուխ III

    Արդյունաբերական սեփականության օբյեկտի հեղինակը եւ արտոնագրատերը

    Հոդված 8. Արդյունաբերական սեփականության օբյեկտի հեղինակը

    1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով է դա ստեղծվել:

    2. Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտն ստեղծվել է մեկից ավելի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանք համարվում են համահեղինակներ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ:

    3. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական կամ կազմակերպական օգնություն, իրավունքների ձեւակերպմանն օժանդակություն եւ այլն) չի հանգեցնում համահեղինակության:

    4. Հեղինակության իրավունքն անօտարելի եւ անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունք է, որը գործում է անժամկետ:

    5. Հեղինակն իրավունք ունի արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ:

    6. Հեղինակն իրավունք ունի անվանակոչել իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտը:

    Հոդված 9. Արդյունաբերական սեփականության օբյեկտի արտոնագրատերը

    1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը տրվում է հեղինակին (համահեղինակներին) կամ նրա (նրանց) ժառանգորդներին, գործատուին, ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց (արտոնագրատեր)՝ հեղինակի (համահեղինակների) եւ վերջիններիս միջեւ կնքված պայմանագրի առկայության դեպքում, որոնք նշված են հեղինակի (համահեղինակների) կամ նրա (նրանց) իրավահաջորդի կողմից գերատեսչություն ներկայացրած հայտի կամ այն դիմումի մեջ, որը ներկայացված է մինչեւ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի պետական գրանցումը:

    2. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ժամանակ աշխատողի ստեղծած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի (ծառայողական գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ) արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գործատուին, եթե դա նախատեսված է նրանց միջեւ կնքված պայմանագրով:

    3. Ծառայողական գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակի վարձատրության չափը, պայմանները եւ վճարելու կարգը որոշվում են հեղինակի ու գործատուի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատարանի վճռով:

    4. Աշխատողը պարտավոր է իր ծառայողական գործունեությանը վերաբերող իր ստեղծած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին գործատուին գրավոր հայտնել ստեղծման օրվանից մեկամսյա ժամկետում:

    5. Եթե գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում գերատեսչություն, ապա հայտ ներկայացնելու եւ արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է հեղինակին:

    6. Այդ դեպքում գործատուն օգտվում է տվյալ օբյեկտի օգտագործման հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:

    Հոդված 10. Արդյունաբերական սեփականության օբյեկտի հեղինակի եւ արտոնագրատիրոջ իրավունքների ժառանգաբար անցնելը

    Հայտ ներկայացնելու եւ արտոնագիր ստանալու իրավունքը, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաեւ դրանց օգտագործումից առաջացած եկամուտներն ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է ժառանգաբար:

    Գլուխ IV

    Արդյունաբերական սեփականության օբյեկտների օգտագործման բացառիկ իրավունքը

    Հոդված 11. Արտոնագրատիրոջ իրավունքները եւ պարտականությունները

    1. Արտոնագրատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելել արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտն օգտագործել առանց իր թույլտվության, ինչպես նաեւ օգտագործել իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները:

    2. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքը ծագում է արտոնագիր տալու մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակման օրվանից:

    3. Մի քանի անձանց պատկանող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման հետ կապված փոխհարաբերությունները որոշվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով: Նման պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի պաշտպանվող օբյեկտն օգտագործել իր հայեցողությամբ, սակայն իրավունք չունի առանց մյուս արտոնագրատերերի համաձայնության արտոնագիրը զիջել այլ անձանց կամ տալ օգտագործման թույլտվություն (լիցենզիա):

    4. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում արտոնագրով պահպանվող օբյեկտի օգտագործումն առանց արտոնագրատիրոջ թույլտվության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

    5. Արտոնագրատերն իրավունք ունի արտոնագիրը զիջել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի: Զիջման մասին պայմանագիրը գրանցվում է գերատեսչությունում: Չգրանցված պայմանագիրն անվավեր է:

    Հոդված 12. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործումը

    1. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործում է համարվում դա պարունակող արտադրանքի պատրաստումը, կիրառումը, վաճառքի առաջարկությունը, վաճառքը, պահեստավորումը, ներմուծումը եւ տնտեսական շրջանառության մեջ մտցնելու մյուս գործողությունները, ինչպես նաեւ գյուտի արտոնագրով պահպանվող եղանակի կիրառումը:

    2. Արտադրանքը (իրը) համարվում է արտոնագրված գյուտ, օգտակար մոդել պարունակող, եթե դա պարունակում է գյուտի, օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշը կամ վերջինիս համարժեքը:

    3. Գյուտի արտոնագրով պահպանվող եղանակը համարվում է կիրառված, եթե կիրառված է գյուտի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշը կամ վերջինիս համարժեքը:

    4. Իրը համարվում է արտոնագրված արդյունաբերական նմուշ պարունակող, եթե դրա մեջ օգտագործված են արդյունաբերական նմուշի բոլոր էական հատկանիշները:

    5. Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաեւ անմիջականորեն այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում, արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե ապացուցված չէ, որ դա ստացվել է այլ եղանակով: Այդ դեպքում ապացուցման պարտավորությունը դրվում է պատասխանողի վրա, եթե արտոնագրված եղանակով ստացված արտադրանքը նոր է:

    Հոդված 13. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները

    1. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործումը՝

    1) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա.

    2) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանգամյա պատրաստման դեպքում.

    3) այլ պետությանը պատկանող եւ պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով, եւ փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին եւ (կամ) իրավաբանական անձանց, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց.

    4) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի.

    5) եթե արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտ պարունակող կամ գյուտի արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում օրինական ճանապարհով շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

    2. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաեւ արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա այլ երկրում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

    Հոդված 14. Վաղօրոք օգտագործման իրավունքը

    1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր մինչեւ արդյունաբերական սեփականության օբյեկտի առաջնության թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում հեղինակից անկախ ստեղծել եւ օգտագործել են նույնական լուծում կամ կատարել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, հետագայում պահպանում են դրա անհատույց օգտագործման իրավունքը՝ առանց արտադրական ծավալների ընդլայնման (վաղօրոք օգտագործման իրավունք):

    2. Վաղօրոք օգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

    Հոդված 15. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք տալը

    1. Արդյունաբերական սեփականության արտոնագրված օբյեկտն այլ անձինք կարող են օգտագործել միայն արտոնագրատիրոջ թույլտվությամբ` լիցենզային պայմանագրի հիման վրա:

    2. Արտոնագրատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրով պարտավորվում է մեկ այլ անձի (լիցենզառու) իրավունք տալ արտոնագրով պաշտպանված օբյեկտն օգտագործել պայմանագրով նախատեսված ծավալով, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին մուծել պայմանագրով սահմանված վճարումները եւ իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:

    3. Բացառիկ լիցենզիայի դեպքում արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին փոխանցվում է պայմանագրով որոշված սահմաններում, ընդ որում, լիցենզատուն պահպանում է արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:

    4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը լիցենզառուին փոխանցելով, պահպանում է արտոնագրից բխող բոլոր իրավունքները, այդ թվում նաեւ՝ երրորդ անձանց լիցենզիա տալու իրավունքը:

    5. Արտոնագրատերը կարող է դիմել գերատեսչություն՝ արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզիա): Այդ հայտարարության հրապարակմանը հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու տուրքը նվազեցվում է: Բաց լիցենզիա ձեռք բերելու ցանկություն հայտնած անձը պարտավոր է արտոնագրատիրոջ հետ պայմանագիր կնքել վճարումների մասին: Բաց լիցենզիայի իրավունք ընձեռելու մասին արտոնագրատիրոջ դիմումը ենթակա չէ հետկանչման:

    6. Գերատեսչությունում չգրանցված լիցենզային պայմանագիրն անվավեր է:

    7. Պայմանագրի խախտման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

    Հոդված 16. Հարկադրական լիցենզիա

    1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, հասարակության շահերից ելնելով կամ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ պետության կողմից ոչ առեւտրային օգտագործման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանց արտոնագրատիրոջ համաձայնության իրավասու է օգտագործել կամ լիազորել երրորդ անձանց օգտագործելու գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը (հարկադրական լիցենզիա)՝ դրա մասին 10-օրյա ժամկետում իրազեկ պահելով արտոնագրատիրոջը եւ նրան ապահովելով համարժեք դրամական փոխհատուցում՝ նկատի ունենալով յուրաքանչյուր դեպքի հանգամանքները եւ հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը:

    2. Եթե գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը հայտը ներկայացնելու թվականից 4 տարվա կամ արտոնագիր տալու օրվանից 3 տարվա ընթացքում (ընդ որում, պետք է կիրառվի ավելի ուշ լրացող ժամկետը) չի օգտագործվել կամ օգտագործվել է անբավարար, նշված ժամկետը լրանալուց հետո արտոնագրատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքելու համաձայնության չհասնելու դեպքում գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն օգտագործել ցանկացող յուրաքանչյուր անձ հարկադրական լիցենզիայի խնդրանքով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Այդ դեպքում լիցենզիան տրվում է, եթե արտոնագրատերը չապացուցի, որ գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը ոչ բավականաչափ օգտագործելը կամ չօգտագործելը պայմանավորված է հարգելի պատճառներով:

    3. Եթե արտոնագրով պաշտպանվող՝ տնտեսական մեծ նշանակություն ունեցող գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը չի կարող օգտագործվել առանց մեկ այլ արտոնագրով («առաջին արտոնագրով») պաշտպանվող գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրատիրոջ իրավունքները խախտելու, լիցենզային պայմանագիր կնքելու համաձայնության չհասնելու դեպքում նշված («երկրորդ արտոնագրի») արտոնագրատերը հարկադրական լիցենզիայի խնդրանքով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Խնդրանքը բավարարելու դեպքում «առաջին արտոնագրի» արտոնագրատերը փոխադարձաբար իրավունք ունի ստանալ «երկրորդ արտոնագրով» պաշտպանված օբյեկտի օգտագործման հարկադրական լիցենզիա: Հարկադրական լիցենզիայով ստացված իրավունքն արտոնագրատերը կարող է զիջել այլ անձի՝ միայն իր արտոնագրից բխող իրավունքների հետ միասին:

    4. Հարկադրական լիցենզիան կարող է լինել միայն հասարակ (ոչ բացառիկ) եւ, կախված դրա նպատակից, տրվում է որոշակի ժամկետով ու պայմաններով, հիմնականում՝ ներքին շուկայի պահանջարկն ապահովելու համար:

    5. Կիսահաղորդչային տեխնոլոգիաների դեպքում հարկադրական լիցենզիան կարող է նախատեսել միայն պետությունը՝ ոչ առեւտրային օգտագործման, ինչպես նաեւ դատական կամ վարչական մարմինները՝ հակամրցակցային գործողությունները շտկելու համար:

    6. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը հարկադրական լիցենզիա ստացած անձը կարող է փոխանցել միայն կազմակերպության այն մասի հետ միասին, որտեղ իրականացվում է նշված օբյեկտի օգտագործումը:

    7. Հարկադրական լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվում, եթե իրավասու մարմնի եզրակացության համաձայն՝ դրան հանգեցնող հանգամանքները համարվում են վերացած, եւ դրանց կրկնվելը քիչ հավանական է: Այդ դեպքում պետք է հաշվի առնվեն եւ պաշտպանվեն հարկադրական լիցենզիա ստացած անձանց օրինական շահերը: Հիմնավորված հարցումների դեպքում նշված մարմինն իրավասու է վերանայել այդ հանգամանքների շարունակվող առկայությունը:

    8. Հարկադրական լիցենզիա տրամադրելուն եւ դրա հետ կապված վճարումների չափերին, կարգին ու ժամկետներին վերաբերող վեճերը լուծվում են դատական կարգով:

    9. Հարկադրական լիցենզիա տրամադրելու պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

    Հոդված 17. Արտոնագրի խախտումը

    1. Արտոնագրի խախտում է համարվում ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից արտոնագրով պաշտպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտի այնպիսի օգտագործումը, որը հակասում է սույն օրենքին:

    2. Արտոնագրատիրոջ կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձի պահանջով, եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով, կամ հասարակ լիցենզիա ունեցող անձի պահանջով, եթե դա նախատեսված է լիցենզային պայմանագրով, պետք է դադարեցվի արտոնագրի խախտմամբ իրականացվող գործողությունը, իսկ արտոնագիրը խախտող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է հատուցել իրավատիրոջը հասցված վնասները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Գլուխ V

    Արդյունաբերական սեփականության օբյեկտների արտոնագրումը

    Հոդված 18. Արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը

    1. Արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը (հայտը) գերատեսչություն է ներկայացնում հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը (հայտատուն):

    2. Հայտի դիմումը ներկայացվում է հայոց լեզվով:

    3. Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում դրանց հայերեն թարգմանությունը՝

    1) Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են կցել այդ փաստաթղթերին.

    2) օտարերկրյա հայտատուները պարտավոր են գերատեսչություն ներկայացնել հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

    4. Հայտը կարող է ներկայացվել գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

    5. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ֆիզիկական անձինք եւ օտարերկրյա իրավաբանական անձինք գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու եւ դա գործողության մեջ պահելու հետ կապված գործերը վարում են գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

    6. Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է հայտատուի տված լիազորագրով:

    7. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրությամբ:

    8. Արտոնագրային հավատարմատարների գրանցման կարգը սահմանում է գերատեսչությունը:

    Հոդված 19. Գյուտի հայտը

    1. Գյուտի հայտը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող մի խումբ գյուտերի (գյուտի միասնության պահանջ):

    2. Գյուտի հայտը պետք է պարունակի՝

    1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են գյուտի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) եւ նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

    2) գյուտի նկարագրությունը, որը բացահայտում է գյուտը՝ դա իրականացնելու համար բավարար չափով.

    3) գյուտի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը եւ ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.

    4) գծագրեր եւ այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար.

    5) գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

    3. Գյուտի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

    4. Գյուտի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է գերատեսչությունը:

    Հոդված 20. Օգտակար մոդելի հայտը

    1. Օգտակար մոդելի հայտը պետք է վերաբերի մեկ օգտակար մոդելի կամ միասնական մտահղացում կազմող մի խումբ օգտակար մոդելների (օգտակար մոդելի միասնության պահանջ):

    2. Օգտակար մոդելի հայտը պետք է պարունակի`

    1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են օգտակար մոդելի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) եւ նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

    2) օգտակար մոդելի նկարագրությունը, որը բացահայտում է մոդելը՝ դա իրականացնելու համար բավարար չափով.

    3) օգտակար մոդելի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը եւ ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.

    4) գծագրեր եւ այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են օգտակար մոդելի էությունը հասկանալու համար.

    5) օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

    3. Օգտակար մոդելի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

    4. Օգտակար մոդելի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է գերատեսչությունը:

    Հոդված 21. Արդյունաբերական նմուշի հայտը

    1. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է վերաբերի մեկ արդյունաբերական նմուշի եւ կարող է ներառել այդ նմուշի տարբերակները (արդյունաբերական նմուշի միասնության պահանջ):

    2. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի`

    1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են նմուշի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) եւ նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

    2) արդյունաբերական նմուշի նկարագրությունը՝ ներառյալ դրա էական հատկանիշների ամբողջությունը.

    3) իրի, դրա մանրակերտի կամ նկարի լուսանկարների լրակազմը, որը մանրամասն եւ ամբողջությամբ արտահայտում է իրի արտաքին տեսքը.

    4) էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը եւ դրա քարտը, ընդհանուր տեսքի գծագիրը, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար:

    3. Արդյունաբերական նմուշի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

    4. Արդյունաբերական նմուշի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է գերատեսչությունը:

    Հոդված 22. Արդյունաբերական սեփականության օբյեկտի առաջնությունը

    1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի առաջնությունը որոշվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով: Գերատեսչությունը հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտն ստանալու թվականով, եթե՝

    1) գյուտի (օգտակար մոդելի) հայտն առնվազն պարունակում է հայտատուի անունը (անվանումը), դիմում՝ արտոնագիր տալու մասին, գյուտի (օգտակար մոդելի) հավակնության սահմանում եւ նկարագրություն համարվող նյութերը.

    2) արդյունաբերական նմուշի հայտն առնվազն պարունակում է հայտատուի անունը (անվանումը), դիմում՝ արտոնագիր տալու մասին, արդյունաբերական նմուշի լուսանկարներ եւ նկարագրություն համարվող նյութերը:

    2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտն արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որեւէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), եթե գյուտի եւ օգտակար մոդելի հայտը գերատեսչություն է ներկայացվել նշված թվականից 12 ամսվա ընթացքում, իսկ արդյունաբերական նմուշի հայտը` 6 ամսվա ընթացքում: Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ գերատեսչության կողմից դա ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով առաջին հայտի պատճենը, կամ ներկայացնել դա` հայտը գերատեսչություն ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:

    3. Առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերն ստանալու թվականով, եթե դրանցով ձեւակերպված նոր հայտը ներկայացվել է 3 ամսվա ընթացքում՝ սկսած այն ծանուցագրի ներկայացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու:

    4. Առաջնությունը կարող է որոշվել նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած նույն գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով, եթե հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, գերատեսչությունն ստացել է ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից սկսած 12 ամսվա ընթացքում: Այդ դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը համարվում է հետ կանչված:

    5. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգը:

    6. Հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:

    7. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, որի հայտը ներկայացվել է սկզբնական հայտից դա առանձնացնելու հետեւանքով (զատված հայտ), առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչեւ սկզբնական հայտով արտոնագիր չտալու մասին որոշման ընդունումը, իսկ արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան արդյունաբերական սեփականության օբյեկտի պետական գրանցումը:

    8. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միեւնույն թվականը, ապա արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի գերատեսչությանն ուղղված ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականները համընկնելու դեպքում, հայտատուների համաձայնությամբ, նրանց տրվում է մեկ արտոնագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

    Հոդված 23. Գյուտի հայտի նախնական փորձաքննությունը

    1. Գյուտի հայտի նախնական փորձաքննությունը գերատեսչությունն անցկացնում է հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում՝ սույն հոդվածի եւ իր սահմանած կարգի համաձայն:

    2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ եւ սահմանված պահանջներին համապատասխան ձեւակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ կետով, 5 հոդվածի 7-8-րդ կետերով եւ 19 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին՝ առանց գյուտի տնտեսական արդյունավետության գնահատման:

    3. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվի, որ հայտի փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում հայտի պաշտոնական հրապարակման մասին:

    4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում՝ ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

    5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, եւ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:

    6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը:

    7. Նախնական փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, եւ հայտատուն կարող է դա ձեւակերպել որպես առանձին հայտ:

    8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

    9. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված գյուտը վերաբերում է սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ կամ 5 հոդվածի 8-րդ կետին, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին։

    10. Արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել գերատեսչություն: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

    11. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում՝ նախնական արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին:

    12. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

    13. Կրկնական փորձաքննության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

    Հոդված 24. Գյուտի հայտի պաշտոնական հրապարակումը եւ համընդհանուր ծանոթացման դնելը

    1. Գյուտի հայտի պաշտոնական հրապարակման մասին որոշման հիման վրա գերատեսչությունն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում հայտի վերաբերյալ:

    2. Հրապարակվող տեղեկությունների լրիվ ցանկը սահմանում է գերատեսչությունը:

    3. Գյուտի հայտի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ հրապարակելու օրվանից՝ հայտը կից փաստաթղթերով համընդհանուր ծանոթացման է դրվում չորս ամսով:

    Հոդված 25. Առարկությունը

    1. Գյուտի հայտի համընդհանուր ծանոթացման ընթացքում ցանկացած անձ կարող է հիմնավոր առարկություն ներկայացնել տվյալ հայտով արտոնագիր տալու դեմ:

    2. Արտոնագիր տալու դեմ առարկությունը պետք է գերատեսչություն ներկայացվի համընդհանուր ծանոթացման չորսամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ:

    3. Առարկությունը ձեւակերպելու, ներկայացնելու եւ քննարկելու կարգը սահմանում է գերատեսչությունը:

    4. Առարկությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում գերատեսչությունը հայտատուին է ուղարկում առարկության պատճենը՝ այդ կապակցությամբ մեկամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

    Հոդված 26. Առարկության քննարկումը

    1. Համընդհանուր ծանոթացման ընթացքում արտոնագիր տալու դեմ առարկություն ստանալու դեպքում համընդհանուր ծանոթացման ժամկետի ավարտից հետո կամ, եթե այն ավելի ուշ է լրանում, սույն օրենքի 25 հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայտատուի նկատառումները ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում, հաշվի առնելով նաեւ իր տրամադրության տակ գտնվող գյուտի արտոնագրաունակության պայմանների ակնհայտ խախտման մասին վկայող տեղեկությունները, գերատեսչությունը քննարկում է ստացված առարկությունները եւ որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու կամ չտալու մասին:

    2. Գերատեսչության ընդունած որոշման մասին հայտատուն ծանուցվում է 10-օրյա ժամկետում:

    3. Գերատեսչության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է խնդրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

    4. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում՝ նախնական արտոնագիր տալու կամ նախնական արտոնագիր տալը մերժելու մասին:

    5. Գերատեսչության որոշման մասին հայտատուն եւ առարկություն ներկայացնողը ծանուցվում են 10-օրյա ժամկետում:

    6. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

    7. Կրկնական փորձաքննության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

    8. Համընդհանուր ծանոթացման ժամկետի ավարտից հետո, արտոնագիր տալու վերաբերյալ առարկության բացակայության դեպքում գերատեսչությունն իր սահմանած կարգով, 10-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու մասին:

    9. Նախնական արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ՝ առանց դրա իսկության երաշխիքի:

    Հոդված 27. Գյուտի ըստ էության փորձաքննությունը

    1. Հայտատուի կամ երրորդ անձի խնդրագրի հիման վրա, որը կարող է տրվել մինչեւ հայտի ներկայացման օրվանից 7 տարին լրանալը, գերատեսչությունն անցկացնում է ըստ էության փորձաքննություն եւ տալիս է եզրակացություն՝ գյուտի՝ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին համապատասխանության վերաբերյալ:

    2. Խնդրագիրը կարող է ներկայացվել նաեւ նշված ժամկետի ավարտից հետո՝ 12 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրքի վճարման պայմանով:

    3. Երրորդ անձից ստացված խնդրագրի մասին գերատեսչությունը ծանուցում է հայտատուին:

    4. Ըստ էության փորձաքննության արդյունքում տրված եզրակացության մասին գերատեսչությունը 10-օրյա ժամկետում ծանուցում է հայտատուին եւ նշված երրորդ անձին, եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է նրա խնդրագրի հիման վրա:

    5. Գերատեսչության եզրակացությանը չհամաձայնելու դեպքում հայտատուն եւ երրորդ անձը, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, կարող են դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

    6. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը տալիս է երկրորդ եզրակացությունը, ինչի մասին 10-օրյա ժամկետում ծանուցվում են հայտատուն եւ երրորդ անձը, եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է նրա խնդրագրի հիման վրա:

    7. Հայտատուի դիմումի հիման վրա, որը կարող է տրվել եզրակացությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, գերատեսչությունը, հաշվի առնելով իր տված եզրակացությունը, համապատասխան որոշում է կայացնում հիմնական արտոնագիր տալու մասին եւ 10-օրյա ժամկետում ծանուցում է հայտատուին: Այդ դեպքում նախնական արտոնագրի գործողությունը դադարեցվում է հիմնական արտոնագիր տալու մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման օրվանից:

    8. Գերատեսչության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

    9. Գերատեսչության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

    10. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման կարգը սահմանում է գերատեսչությունը:

    Հոդված 28. Գյուտի ժամանակավոր իրավական պահպանությունը

    1. Գյուտի հայտի պաշտոնական հրապարակման օրվանից մինչեւ տրված արտոնագրի մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումը գյուտին տրվում է ժամանակավոր իրավական պահպանություն՝ համընդհանուր ծանոթացման դրված հավակնության սահմանման ծավալով:

    2. Ժամանակավոր իրավական պահպանությունը համարվում է չկայացած, եթե արտոնագիր տալու մերժման մասին գերատեսչության որոշման բողոքարկման հնարավորություններն սպառվել են:

    3. Երրորդ անձինք, որոնք օգտագործել են գյուտը սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամանակամիջոցում, այդ օգտագործման համար համապատասխան դրամական փոխհատուցում են վճարում արտոնագրատիրոջը: Փոխհատուցման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Եթե այդ համաձայնությունը չկա, ապա հարցը լուծվում է դատական կարգով:

    4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամանակամիջոցը կարող է սկսվել այն օրվանից, երբ հայտատուն հայտարկված գյուտի մասին տեղեկացրել է դա օգտագործող անձին, եթե այդ օրը նախորդում է գյուտի հայտի պաշտոնական հրապարակման օրվան:

    Հոդված 29. Օգտակար մոդելի հայտի փորձաքննությունը

    1. Օգտակար մոդելի հայտի փորձաքննությունը գերատեսչությունն անցկացնում է դա ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում՝ սույն հոդվածի եւ իր սահմանած կարգի համաձայն:

    2. Փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ եւ սահմանված պահանջներին համապատասխան ձեւակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված oգտակար մոդելի համապատասխանությունը սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ, 6 հոդվածի 6-րդ եւ 20 հոդվածի 1-ին կետերով սահմանված պահանջներին՝ առանց oգտակար մոդելի տնտեսական արդյունավետության գնահատման:

    3. Եթե փորձաքննության արդյունքում գերատեսչությունը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացվում օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին:

    4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում՝ ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

    5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե օգտակար մոդելներից որը պետք է քննարկվի, եւ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:

    6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն օգտակար մոդելը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը:

    7. Փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված օգտակար մոդելի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Լրացուցիչ նյութերը համարվում են օգտակար մոդելի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված օգտակար մոդելի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, եւ հայտատուն դա կարող է ձեւակերպել որպես առանձին հայտ:

    8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

    9. Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված օգտակար մոդելը վերաբերում է սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ կամ 6 հոդվածի 6-րդ կետերին, ապա որոշում է կայացվում արտոնագիր չտալու մասին:

    10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել գերատեսչություն: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

    11. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում՝ օգտակար մոդելի արտոնագիր տալու կամ օգտակար մոդելի արտոնագիր տալը մերժելու մասին:

    12. Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ՝ առանց դրա իսկության երաշխիքի:

    13. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

    14. Կրկնական փորձաքննության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

    Հոդված 30. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը

    1. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը գերատեսչությունն անցկացնում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում՝ սույն հոդվածի եւ իր սահմանած կարգի համաձայն:

    2. Փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ եւ սահմանված պահանջներին համապատասխան ձեւակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ, 7 հոդվածի 6-րդ եւ 21 հոդվածի 1-ին կետերով սահմանված պահանջներին՝ առանց արդյունաբերական նմուշի տնտեսական արդյունավետության գնահատման:

    3. Եթե փորձաքննության արդյունքում գերատեսչությունը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացվում արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին:

    4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում՝ ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

    5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե արդյունաբերական նմուշներից որը պետք է քննարկվի, եւ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:

    6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում, քննարկվում է արդյունաբերական այն նմուշը, որը նկարագրության մեջ բերված է առաջինը:

    7. Փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական նմուշի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են նկարագրության մեջ մտցվելու ենթակա էական հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, եւ հայտատուն դա կարող է ձեւակերպել որպես առանձին հայտ:

    8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

    9. Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված արդյունաբերական նմուշը վերաբերում է սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ կամ 7 հոդվածի 6-րդ կետերին, ապա որոշում է կայացվում արտոնագիր չտալու մասին:

    10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել գերատեսչություն: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

    11. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում՝ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալը մերժելու մասին:

    12. Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ՝ առանց դրա իսկության երաշխիքի:

    13. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

    14. Կրկնական փորձաքննության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

    Հոդված 31. Հայտի փոխակերպումը

    1. Գյուտարարական մակարդակի բացակայության հիմքերով մերժված գյուտի հայտը, դրա մասին որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է փոխակերպվել օգտակար մոդելի հայտի, իսկ մինչեւ օգտակար մոդելի արտոնագիր տալու վերաբերյալ գերատեսչության որոշման ընդունումը՝ օգտակար մոդելի հայտը` գյուտի հայտի: Այդ պարագաներում պահպանվում է սկզբնական հայտի առաջնությունը:

    2. Դիմում ներկայացնելու հիմքերը եւ փոխակերպման կարգը սահմանում է գերատեսչությունը:

    Հոդված 32. Արտոնագրի հանձնումը եւ դրա մասին տեղեկությունների հրապարակումը

    1. Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, արտոնագիր տալու համար սահմանված տուրքի վճարման դեպքում գերատեսչությունը գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը գրանցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան) եւ, անկախ արտոնագրատերերի թվից, նրանց տալիս է մեկ արտոնագիր։

    2. Արտոնագրի ձեւը եւ դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է գերատեսչությունը։

    3. Արտոնագրում տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղում է գերատեսչությունը՝ արտոնագրատիրոջ պահանջով։

    4. Արդյունաբերական սեփականության օբյեկտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ գերատեսչությունն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, հրապարակում է գյուտերի եւ օգտակար մոդելների լրիվ նկարագրությունները։

    5. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է գերատեսչությունը։

    Հոդված 33. Հայտի հետկանչումը եւ արտոնագրից հրաժարումը

    1. Հայտատուն, մինչեւ արդյունաբերական սեփականության օբյեկտի պետական գրանցումը, իրավունք ունի հետ կանչել ներկայացված հայտը եւ հրաժարվել արտոնագրից։

    2. Հրապարակված հայտը հետ կանչելու եւ արտոնագիր ստանալուց կամ արտոնագրից հրաժարվելու մասին տեղեկությունները հրապարակվում են գերատեսչության պաշտոնական տեղեկագրում։

    3. Հայտը հետ կանչելու կամ արտոնագիր ստանալուց հրաժարվելու մասին տեղեկությունների հրապարակման պահից սույն օրենքի 28 հոդվածով նախատեսված ժամանակավոր պաշտպանությունը համարվում է չտրված։

    Գլուխ VI

    Արտոնագրի գործողության դադարեցումը

    Հոդված 34. Արտոնագրի վիճարկումը

    1. Արտոնագիրն իր գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, արտոնագիր տալու դեմ բողոքի հիման վրա, կարող է լրիվ կամ մասնակիորեն ճանաչվել անվավեր, եթե՝

    1) խախտված են սույն օրենքով սահմանված արտոնագրաունակության պայմանները.

    2) գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանման կամ արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջության մեջ առկա են հատկանիշներ, որոնք չկան հայտի սկզբնական նյութերում.

    3) նկարագրության մեջ արդյունաբերական սեփականության օբյեկտը լրիվ բացահայտված չէ եւ բավարար չէ դրա իրականացման համար.

    4) արտոնագրի մեջ սխալ է նշված հեղինակը կամ արտոնագրատերը:

    2. Բողոք ներկայացնող անձը պարտավոր է հիմնավորել դա եւ ներկայացնել համապատասխան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

    3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով պայմանավորված բողոքները քննարկում է գերատեսչության բողոքարկման խորհուրդը` բողոքն ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում, արտոնագրատիրոջը ծանոթացնելով այդ բողոքին: Քննարկումը չպետք է դուրս գա բողոքի մեջ պարունակվող հիմնավորումների շրջանակներից:

    4. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը, օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

    Հոդված 35. Արտոնագրի գործողության վաղաժամկետ դադարեցումը

    1. Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`

    1) սույն օրենքի 34 հոդվածի համաձայն՝ արտոնագիրն ամբողջությամբ անվավեր է ճանաչվել.

    2) արտոնագրատերն այդ մասին դիմում է ներկայացրել.

    3) արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել:

    2. Նախնական արտոնագրի գործողությունը դադարեցվում է վաղաժամկետ, եթե սույն օրենքի 27 հոդվածի համաձայն՝ դրա փոխարեն տրվել է հիմնական արտոնագիր:

    3. Նախնական արտոնագրի գործողության դադարեցման մասին գերատեսչությունը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

    Գլուխ VII

    Հեղինակների եւ արտոնագրատերերի իրավունքների պաշտպանությունը

    Հոդված 36. Պատասխանատվությունը գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակների իրավունքների խախտման համար

    1. Հեղինակության յուրացումը, համահեղինակության պարտադրումը, մինչեւ հայտ ներկայացնելն առանց հեղինակի համաձայնության հայտի էության հրապարակումը, ինչպես նաեւ ներկայացված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի էության բացահայտումը պետական արտոնագրային փորձագետի կողմից մինչեւ դրանց պաշտոնական հրապարակումն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

    2. Գերատեսչության պետական արտոնագրային փորձագետները եւ պաշտոնական անձինք ծառայության ժամանակ ու դրա ավարտից երկու տարի հետո հայտ ներկայացնելու, ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտոնագրի իրավունք ձեռք բերելու իրավունք չունեն:

    Գլուխ VIII

    Եզրափակիչ դրույթներ

    Հոդված 37. Բաց թողնված ժամկետների վերականգնումը

    1. Սույն օրենքի 23, 26, 27, 29 եւ 30 հոդվածներում սահմանված ու հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել գերատեսչությունը:

    2. Բաց թողնված ժամկետների վերականգնման մասին խնդրագիրը կարող է ներկայացվել նշված ժամկետի ավարտի օրվանից 6 ամսվա ընթացքում՝ կցելով դրան համապատասխան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

    Հոդված 38. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրումն օտարերկրյա պետություններում

    1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը կարող են արտոնագրվել օտարերկրյա պետություններում:

    2. Մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել գերատեսչություն՝ տեղեկացնելով նաեւ օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին:

    3. Եթե նշված հաղորդումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում գերատեսչությունը, սույն օրենքի 4 հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերով, չի արգելում, ապա հայտը կարող է ներկայացվել օտարերկրյա պետություններ:

    4. Սույն հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտումը հանգեցնում է պատասխանատվության՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության:

    Հոդված 39. Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքները

    Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով՝ օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից ու կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց համահավասար:

    Հոդված 40. Արտոնագրային տուրքերը

    Արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու եւ դա գործողության մեջ պահելու, ինչպես նաեւ արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար գանձվում են տուրքեր: Տուրքի տեսակները, դրանց չափն ու վճարման ժամկետները, տուրքի չափի նվազեցումը կամ հետ վերադարձնելը, տուրքից ազատվելու հիմքերը եւ կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    Հոդված 41. Անցումային դրույթներ

    1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված ժամանակավոր արտոնագրերին, որոնց գործողության ժամկետը չի ավարտվել, տրվում է սույն օրենքի համաձայն տրված՝ նախնական արտոնագրի իրավական կարգավիճակ:

    2. Եթե մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված ժամանակավոր արտոնագրերի գործողությունը դադարեցվել է արտոնագրի գործողության ժամկետն ավարտվելու կապակցությամբ, դրանց արտոնագրատերերի դիմումի համաձայն, որը կարող է գերատեսչություն ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում, նշված ժամանակավոր արտոնագրերին տրվում է սույն օրենքի համաձայն տրված՝ նախնական արտոնագրի իրավական կարգավիճակ:

    3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տրված արտոնագրերից բխող բացառիկ իրավունքները շարունակում են գործել արտոնագրատիրոջ դիմումը գերատեսչության կողմից ստանալու օրվանից:

    4. Ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    26 նոյեմբերի 1999թ.
    ՀՕ-15




    18.11.2003 «Արտոնագրերի մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին