Օրենքը չի գործում:
Գործում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.06.2000
  • Գլուխ I      Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II    Գնումների գործընթացի պետական կարգավորումը եւ միջճյուղային համակարգումը
  • Գլուխ III   Գնումների կատարման ձեւերը եւ դրանց կիրառման պայմանները
  • Գլուխ IV  Մրցույթի անցկացման կարգը
  • Գլուխ V   Գնումների այլ ձեւերի ընթացակարգերը
  • Գլուխ VI  Բողոքարկումը
  • Գլուխ VII Լրացուցիչ դրույթներ
  • Գլուխ VIII Անցումային  դրույթներ
     


    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը կարգավորում է պետության եւ համայնքների կարիքների համար ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումների հետ կապված հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները եւ պարտականությունները:

    Հոդված 2. Օրենքի նպատակը եւ գործողության ոլորտը

    1. Սույն օրենքի նպատակն է ապահովել պետության եւ համայնքների կարիքների համար գնումների կատարման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, հրապարակայնությունը եւ թափանցիկությունը, ինչպես նաեւ՝

    1) պետության եւ համայնքների համար տնտեսապես շահավետ պայմաններով գնումների կատարումը.

    2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գնումների ընթացակարգերի կազմակերպման միասնական կանոնների կիրառումը.

    3) պետական կարգավորումը եւ միջճյուղային համակարգումը.

    4) ցանկացած անձի համար, անկախ նրա որեւէ պետության ռեզիդենտը լինելու հանգամանքից, մասնակցության հավասար իրավունքի գերակայությունը։

    2. Սույն օրենքի գործողությունը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետության եւ համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաեւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը:

    Հոդված 3. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

    գնումներ ՝ պատվիրատուի կողմից Հայաստանի Հանրապետության համապատասխան բյուջեի եւ (կամ) ֆինանսական այլ միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող եղանակներով գնման, վարձակալության, լիզինգի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տարաժամկետ վճարման ճանապարհով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում.

    գնման պայմանագիր՝ սույն օրենքով սահմանված կարգով գնումներ կատարելու նպատակով պատվիրատուի կողմից կնքվող պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր).

    պատվիրատու ՝ սույն օրենքով գնումներ կատարելու լիազորությամբ օժտված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, ինչպես նաեւ կառավարության կողմից լիազորված իրավաբանական անձ կամ հիմնարկ.

    մասնակից ՝ սույն օրենքին համապատասխան պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

    ընտրված մասնակից ՝ սույն օրենքին համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված մասնակից.

    գնման պայմանագրի կնքման առաջարկ ՝ սույն օրենքով սահմանված կարգով պատվիրատուի կողմից ուղարկվող եւ պայմանագրի կնքման առաջարկ պարունակող ծանուցում.

    մրցույթի հայտի ապահովում ` մասնակցի կողմից մրցույթին մասնակցելու հետ կապված պարտավորությունների կատարման համար պատվիրատուին տրամադրվող ապահովում.

    պայմանագրի կատարման ապահովում ` ընտրված մասնակցի կողմից կնքվելիք պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարման համար պատվիրատուին տրամադրվող ապահովում.

    ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների պահանջ ՝ գնումներ կատարելու նպատակով պատվիրատուի կողմից, սույն օրենքին համապատասխան, տրամադրվող մրցույթի հրավեր (այսուհետ՝ մրցույթի հրավեր) կամ գնանշման հարցում.

    ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների առաջարկ ՝ մրցույթի հրավերի կամ գնանշման հարցման հիման վրա, սույն օրենքով սահմանված կարգով, պատվիրատուին ուղարկվող մրցույթի հայտ (այսուհետ՝ մրցույթի հայտ) կամ գնանշում.

    բնութագրեր ՝ պայմանագրի առարկան բնորոշող տնտեսական, որակական եւ տեխնիկական ցուցանիշներ.

    գնումների բազային միավոր ՝ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով արտահայտված՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկին համարժեք գումար:

    Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այլ իրավական ակտերը եւ միջազգային պայմանագրերի նորմերը

    1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (այսուհետ՝ գնումների մասին օրենսդրություն) բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից։

    2. Գնումների հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել նաեւ այլ իրավական ակտերով։

    3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

    Հոդված 5. Գնումների մասին այլ իրավական ակտերի ընդունումը եւ հրապարակումը

    Գնումների մասին այլ իրավական ակտերը, սույն օրենքի դրույթներին համապատասխան, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն) եւ (կամ) նրա կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին):

    Գնումների մասին այլ իրավական ակտերը, օրենքով սահմանված դեպքերից բացի, հրապարակվում են լիազոր մարմնի գնումների պաշտոնական տեղեկագրում (այսուհետ՝ պաշտոնական տեղեկագիր):

    Հոդված 6. Գնումների հրապարակայնությունը

    1. Եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պայմանագիրը կնքվելուց ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի սահմանած կարգով, պաշտոնական տեղեկագրում հրապարակվում է այդ պայմանագրի մասին տեղեկատվություն, որը պետք է առնվազն պարունակի՝

    1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը.

    2) գնումների անհրաժեշտության եւ կատարման ձեւի ընտրության հիմնավորումը.

    3) պայմանագրի գինը.

    4) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը.

    5) պայմանագրի կողմերի անվանումները (անունները) եւ հասցեները:

    2. Եթե հրապարակման ենթակա տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք, ապա սույն հոդվածի 1-ին կետի պահանջները չեն կիրառվում:

    Հոդված 7. Գնումներին մասնակցելու իրավունքը եւ մասնակիցների որակավորման չափանիշները

    1. Գնումներին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`

    1) որոնք անվճարունակ են, լուծարման գործընթացում սնանկ են ճանաչվել, կամ որոնց գույքի վրա կալանք է դրված.

    2) որոնց հիմնադիրներից որեւէ մեկը մրցույթի հանձնաժողովի անդամ, պատվիրատուի պաշտոնատար անձ կամ մերձավոր ազգական է.

    3) որոնք օրենքով սահմանված կարգով ենթարկվել են այնպիսի պատասխանատվության, որի հետեւանքով նրանց արգելվել է մրցույթի հայտը ներկայացնելու պահին իրականացնել տվյալ տեսակի գործունեություն, ներառյալ՝ լիցենզիան չեղյալ հայտարարելու միջոցով.

    4) որոնք մրցույթի հայտը ներկայացնելու պահին ունեն ժամկետանց պարտքեր՝ հարկային եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով:

    2. Գնումների ցանկացած ընթացակարգի համար պատվիրատուն սահմանում է մասնակիցներին ներկայացվող որակավորման հետեւյալ չափանիշները՝

    1) պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ մասնագիտական եւ տեխնիկական տվյալներ (հատկանիշներ), ֆինանսական միջոցներ, նյութական եւ աշխատանքային ռեսուրսներ.

    2) տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա:

    3. Մասնակիցը, գնումներին մասնակցելու իր իրավունքը եւ որակավորման տվյալները հավաստելու համար, պարտավոր է, լիազոր մարմնի սահմանած կարգով, պատվիրատուին ներկայացնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։

    4. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի, պատվիրատուն իրավունք չունի սահմանափակել որեւէ անձի՝ գնումների գործընթացին մասնակցության իրավունքը, սահմանել մասնակիցների որակավորման այնպիսի չափանիշներ, որոնք պայմանավորված են մասնակցի՝ որեւէ պետության ռեզիդենտը լինելու հանգամանքով, կրում են խտրական բնույթ կամ սույն օրենքով չնախատեսված այլ չափանիշներ:

    5. Պատվիրատուն անվերապահորեն մերժում (կասեցնում) է ցանկացած մասնակցի մասնակցությունը գնումների գործընթացին, եթե նրա մասնակցության իրավունքը կամ որակավորման տվյալները հավաստող փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում առկա են սխալ, ներառյալ՝ կեղծ տվյալներ:

    6. Պատվիրատուն իրավունք չունի մասնակիցների կողմից ներկայացված որակավորման տվյալները հավաստող փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով սահմանել օրենսդրությամբ չնախատեսված պահանջներ:

    Հոդված 8. Գնումներին մասնակցելու հավասարությունը

    1. Պատվիրատուն պարտավոր է միանման վերաբերմունք հանդես բերել ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ առաջարկող բոլոր անձանց նկատմամբ:

    2. Գնումների գործընթացին որեւէ պետության ռեզիդենտի մասնակցության իրավունքը, օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանափակվել Կառավարության կողմից, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ պաշտպանության շահերից:

    3. Պատվիրատուն մրցույթի հայտարարության մեջ պարտավոր է նշել, որ գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են մասնակցել գնումների ընթացակարգին, անկախ նրանց՝ որեւէ երկրի ռեզիդենտը լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը հետագայում ենթակա չէ փոփոխության:

    Եթե սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան գնումներին մասնակցելու իրավունքը սահմանափակված է, ապա պատվիրատուն այդ մասին պարտավոր է նշել մրցույթի հայտարարությունում:

    4. Պատվիրատուն պարտավոր է բացառել խտրականությունը եւ այնպիսի բնութագրերի սահմանումը, որոնք կարող են խոչընդոտել (սահմանափակել) ցանկացած անձի՝ գնումներին մասնակցելու իրավունքը:

    Հոդված 9. Փաստաթղթեր կազմելու ձեւը

    Գնումներին մասնակցող անձինք պետք է ապահովեն սույն օրենքով նախատեսված եւ գնումների ընթացակարգին վերաբերող տեղեկությունների գրառումը՝ համապատասխան փաստաթղթեր կազմելով:

    Հոդված 10. Գնման ընթացակարգի արձանագրությունը

    1. Եթե գնման պայմանագրի նախահաշվային գինը, անկախ գնումների ձեւից, գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պատվիրատուն պարտավոր է վարել գնումների ընթացակարգի արձանագրություն: Վերջինս գնումների կատարման տվյալ ձեւին համապատասխան պետք է պարունակի՝

    1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը.

    2) գնումների անհրաժեշտության եւ կատարման ձեւի ընտրության հիմնավորումը.

    3) մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) եւ հասցեները, ինչպես նաեւ այն մասնակցի անվանումը (անունը) ու գտնվելու վայրը, որի հետ կնքվում է պայմանագիրը, դրա գինը, գնի հիմնավորումը, պայմանագրի մյուս հիմնական պայմանները.

    4) տեղեկատվություն՝ մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցների որակավորման տվյալների կամ դրանց բացակայության մասին, ինչպես նաեւ ներկայացված տվյալների՝ մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

    5) յուրաքանչյուր մրցույթի հայտի գինը եւ մյուս հիմնական պայմանների համառոտ շարադրանքը.

    6) մրցույթի հայտերի գնահատման եւ համեմատման չափանիշների, ներառյալ՝ տրվող նախապատվության համառոտ շարադրանքը.

    7) մրցույթի հայտերի կամ դրանց մի մասի մերժման դեպքում՝ դրա հիմքերը.

    8) գնումների գործընթացը սկսելու, սակայն պայմանագիր չկնքելու դեպքում՝ դրա հիմքերը.

    9) մրցույթի հրավերի եւ մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների ու դրանց պատասխանների, ինչպես նաեւ այդ փաստաթղթերում կատարված փոփոխությունների համառոտ շարադրանքը.

    10) գնումների ընթացակարգի վերաբերյալ բերված բողոքների պատճառները, դրանց վերաբերյալ պատվիրատուի կայացրած որոշման հիմքերը.

    11) գնումների գործընթացի երրորդ կողմ հանդիսացած այն կազմակերպությունների եւ (կամ) փորձագետների (մասնագետների) անվանումները (անունները), որոնք տվյալ գնումների գործընթացի շրջանակում ծառայություն են մատուցել պատվիրատուին.

    12) պատվիրատուի հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

    2. Պայմանագիրը կնքելուց կամ մինչեւ այդ գնումների գործընթացը կասեցնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն լիազոր մարմնին է տրամադրում գնումների ընթացակարգի արձանագրության պատճենը:

    3. Եթե պայմանագրի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պատվիրատուն կատարում է համառոտ գրառումներ՝ նշելով գնումների անցկացման ժամանակ կատարված հիմնական գործողությունների եւ դրանց հիմքերի մասին:

    4. Պատվիրատուն պարտավոր է գնումների ընթացակարգի արձանագրության մեջ տեղ գտած տեղեկատվությունը, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկատվության, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարված գրառումները տրամադրել ցանկացած անձի՝ վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

    5. Գնումների ընթացակարգի արձանագրությունը կազմելու կարգին վերաբերող սույն հոդվածի պահանջների խախտումները հիմք չեն մասնակցի՝ վնասների հատուցման պահանջի իրավունքի ծագման համար:

    Հոդված 11. Պայմանագրի կնքումը եւ կատարման պայմանները

    1. Պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին նրա՝ մրցույթում հաղթող ճանաչվելու մասին եւ կնքում պայմանագիր՝ սույն օրենքին համապատասխան:

    2. Պայմանագրով պետք է նախատեսվեն այն պայմանները, որոնց հիման վրա կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը, ինչպես նաեւ դրա միակողմանի լուծելու դեպքում՝ կողմերի իրավունքները եւ պարտականությունները:

    3. Եթե պայմանագիրը կնքվում է սույն օրենքի 34 հոդվածի 9-րդ կետի համաձայն, ապա պայմանագրով պետք է նախատեսվի, որ եթե այն կատարելու արդյունքում ավելի քան 50 տոկոսի չափով չեն օգտագործվում հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային եւ արտադրական ռեսուրսները, ապա տվյալ պայմանագրի գինը նվազեցվում է տրամադրված նախապատվության չափով:

    Հոդված 12. Պայմանագրի կնքման մասին որոշման հրապարակումը

    1. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հաղթողին որոշելու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի սահմանած կարգով, պաշտոնական տեղեկագրում տեղեկատվություն հրապարակել պայմանագիր կնքելու իր որոշման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման որոշումը պետական գաղտնիք է: Այդ տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի՝

    1) մասնակցի անվանումը (անունը).

    2) պայմանագրի կնքվելու տարին, ամիսը, ամսաթիվը.

    3) կնքվող պայմանագրի առարկան ու գինը.

    4) պայմանագիրը կնքելու մասին որոշումն ընդունելու ամսաթիվը:

    2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջները չեն կիրառվում, եթե պայմանագրի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի մեկ քառորդը:

    Հոդված 13. Մասնակիցների հակաօրինական գործողությունները

    1. Եթե գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի կատարած գործողությունները հակասում են գնումների մասին օրենսդրությանը, ապա պատվիրատուն լիազոր մարմնի համաձայնությամբ մերժում է նրա մրցույթի հայտը կամ գնանշումը՝ վերջինիս ներկայացնելով այդ որոշման հիմքերը:

    2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան մրցույթի հայտի կամ գնանշման մերժման եւ դրա հիմնավորվածության մասին պատվիրատուն գրառում է կատարում գնումների ընթացակարգի արձանագրության մեջ՝ այդ մասին անհապաղ ծանուցելով համապատասխան պետական մարմիններին:

    3. Պատվիրատուի պատասխանատու պաշտոնատար անձն անձնական պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատվիրատուի պարտավորությունների համար:

    Հոդված 14. Տեխնիկական բնութագրերի առանձնահատկությունները

    1. Տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ նկարագրեն գնվող ապրանքները, աշխատանքները, ծառայությունները, որպեսզի դրանք սահմանվեն հստակ՝ բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը:

    2. Տեխնիկական բնութագրերը ներառում են գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների որակի, ստանդարտների, աշխատանքի արդյունքների, թեսթավորման, անվտանգության, չափերի, պայմանական նշանների, տերմինաբանության, փաթեթավորման, բեռնաթափման, նշանադրման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ պահանջների եւ ընթացակարգերի հստակ նկարագրությունը: Տեխնիկական բնութագրերը, պլանները, գծագրերը, էսքիզները կամ նկարագրերը (եթե այդպիսիք պահանջվում են) պետք է նաեւ պարունակեն՝

    1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անմիջական նկարագրությունը՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված տեխնիկական եւ որակական բնութագրերի (ստանդարտների) վրա.

    2) ստանդարտները, ցուցանիշները, պահանջները, պայմանական նշանները եւ տերմինները, գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական եւ որակական բնութագրին վերաբերող գործարքների պայմանների ստանդարտները:

    3. Տեխնիկական բնութագրերը չպետք է հղումներ պարունակեն կոնկրետ առեւտրային նշաններին, ֆիրմային անվանումներին, պատենտներին, էսքիզներին կամ մոդելներին, ծագման կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է պայմանագրի առարկայի բնորոշումն առանց դրանց: Համարժեք հղումների օգտագործման դեպքում տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն «կամ համարժեք» բառերը:

    4. Տեխնիկական բնութագրերը սահմանվում են տվյալ պայմանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին համապատասխան:

    Հոդված 15. Գնումների ընթացակարգերի պաշտոնական լեզուն

    1. Գնումներին վերաբերող բոլոր փաստաթղթերը կազմվում եւ հրապարակվում են հայերենով:

    2. Եթե պայմանագրի նախահաշվային գինը ապրանքների եւ ծառայությունների դեպքում գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում՝ հինգհարյուրապատիկը, ապա գնումներին վերաբերող փաստաթղթերը կազմվում եւ հրապարակվում են միաժամանակ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:

    Հոդված 16. Գնումների ֆինանսավորումը

    Գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեի, համայնքների բյուջեների եւ (կամ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող ֆինանսական այլ միջոցների հաշվին՝ դրանց համար նախատեսված հատկացումների շրջանակում:

    ԳԼՈՒԽ II

    ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԻՋՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

    Հոդված 17. Գնումների գործընթացի պետական կարգավորումը եւ միջճյուղային համակարգումն իրականացնող մարմինը

    1. Գնումների գործընթացի պետական կարգավորումը եւ միջճյուղային համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը ղեկավարվում է օրենսդրությամբ, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կառավարության եւ վարչապետի որոշումներով: Լիազոր մարմնի որոշումները պարտադիր են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների համար:

    2. Լիազոր մարմինը չի կարող լինել պայմանագրի կողմ, ինքնուրույն կատարել գնումներ, բացառությամբ իր կարիքների համար կատարվող գնումների:

    3. Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով լիազոր մարմինը՝

    1) կատարում է գնումների ընթացակարգերի կազմակերպման եւ անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը.

    2) մշակում է գնումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծեր եւ ներկայացնում է դրանք կառավարության եւ (կամ) վարչապետի հաստատմանը.

    3) օժանդակում է պատվիրատուներին գնումների անցկացման գործում եւ վերահսկում նրանց կողմից սույն օրենքի դրույթների եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.

    4) պատվիրատուներին ցույց է տալիս մեթոդական օգնություն, ներառյալ՝ գնումներ կատարելու ժամանակ օգտագործվող փաստաթղթերի նմուշների մշակումը եւ հրապարակումը.

    5) մասնակիցների բողոքների հիման վրա կազմակերպում է ստուգումներ եւ ընդունում պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

    6) հաստատում կամ մերժում է գնումների կատարման ձեւի մասին պատվիրատուների որոշումները՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.

    7) համակարգում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

    8) կազմակերպում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների մասնագիտական ուսուցման, որակավորման եւ վերապատրաստման գործը.

    9) ապահովում է գնումների ընթացակարգերի եւ դրանց մաս կազմող արձանագրությունների ստուգումը.

    10) հրապարակում է պաշտոնական տեղեկագիրը.

    11) հաստատում կամ մերժում է պայմանագիր կնքելու մասին պատվիրատուների որոշումները՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.

    12) վարում է գնումների ակտերի, ներառյալ՝ հրահանգների, կարգադրությունների եւ հրամանների պարբերական հաշվառումը:

    ԳԼՈՒԽ III

    ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    Հոդված 18. Գնումների կատարման ձեւերը

    1. Գնումները կատարվում են մրցույթով՝ կենտրոնացված եւ ապակենտրոնացված, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ գնանշումների հարցման կամ մեկ աղբյուրից գնումների կատարման ձեւերով:

    2. Մրցույթի տեսակներն են՝ բաց եւ փակ:

    3. Պատվիրատուն, լիազոր մարմնի համաձայնությամբ, միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում, իրավունք ունի բաց մրցույթից բացի կիրառել գնումների կատարման այլ ձեւեր:

    4. Պատվիրատուն սույն հոդվածի 3-րդ կետը կիրառելիս գնումների ընթացակարգի արձանագրության մեջ ներառում է գնումների տվյալ ձեւը կիրառելու հիմքերը:

    5. Պետական կարիքների համար իրականացվող գնումների անվանացանկը, բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ, հաստատվում է պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով:

    Հոդված 19. Կենտրոնացված գնումները

    1. Կենտրոնացված գնումները կատարում է Կառավարության կողմից լիազորված իրավաբանական անձը կամ հիմնարկը (այսուհետ՝ պետական գնումների գործակալություն):

    2. Փակ մրցույթի ձեւով գնումները կարող են կատարվել ապակենտրոնացված՝ այլ պատվիրատուների կողմից, կառավարության սահմանած դեպքերում:

    3. Պետական գնումների գործակալության կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը՝ սույն օրենքին համապատասխան:

    Հոդված 20. Երկու փուլով մրցույթի անցկացման պայմանները

    Մրցույթի ձեւով գնումները կարող են կատարվել երկու փուլով, եթե պատվիրատուն՝

    1) հնարավորություն չունի հստակ (մանրամասն եւ ամբողջական) սահմանել գնման ենթակա ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական եւ որակական բնութագրերը, եւ անհրաժեշտություն է առաջացել բանակցելու մասնակիցների հետ ու հստակեցնելու այդ բնութագրերը.

    2) մտադիր է կնքել պայմանագիր՝ գիտական (այդ թվում՝ սոցիոլոգիական, փորձագիտական) հետազոտություններ եւ գիտափորձեր ձեռք բերելու նպատակով:

    Հոդված 21. Փակ մրցույթի անցկացման պայմանները

    Պետական գաղտնիք պարունակող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար գնումները կատարվում են փակ մրցույթով՝ Կառավարության սահմանած դեպքերում:

    Հոդված 22. Գնանշումների հարցմամբ գնումների կատարման պայմանները

    Եթե գնման ենթակա ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պատվիրատուն իրավունք ունի գնումները կատարել գնանշումների հարցման ձեւի կիրառմամբ, առանց լիազոր մարմնի համաձայնության:

    Հոդված 23. Մեկ աղբյուրից գնումներ կատարելու պայմանները

    Պատվիրատուն իրավունք ունի մեկ աղբյուրից գնումներ կատարել, եթե՝

    1) գնման ենթակա ապրանքները, աշխատանքները, ծառայությունները հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային իրավունքով, մրցակցության բացակայությամբ, համապատասխան լիցենզիայի առկայությամբ.

    2) ծագել է ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնման անհետաձգելի չնախատեսված պահանջ եւ մրցույթի ձեւի կիրառումը՝ ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել, եւ որը պատվիրատուի գործողությունների հետեւանք չէ.

    3) պատվիրատուն որեւէ անձից գնելով աշխատանքներ՝ ելնելով տեխնիկական առանձնահատկություններից, որոշում է լրացուցիչ գնումներ կատարել նույն անձից, պայմանով, որ դրանց գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի գնի 20 տոկոսը: Միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնումներ կարող են կատարվել միայն մեկ անգամ։

    Հոդված 24. Գնումների արհեստական բաժանման կամ գնվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների արհեստական մեծացման անթույլատրելիությունը

    Պատվիրատուն իրավունք չունի գնումների առանձին ընթացակարգեր անցկացնելու միջոցով պայմանագրեր կնքելու նպատակով՝

    ա) արհեստականորեն գնումները բաժանել առանձին չափաբաժինների.

    բ) լրացուցիչ քանակի ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնման համար նոր ընթացակարգի անցկացումից խուսափելու նպատակով արհեստականորեն ավելացնել գործող պայմանագրերով գնվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների քանակը, բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի:

    ԳԼՈՒԽ IV

    ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

    « 1. ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

    Հոդված 25. Մրցույթի հայտարարության հրապարակումը

    1. Բաց մրցույթի ձեւով գնումների կատարման ժամանակ մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով պատվիրատուն պաշտոնական տեղեկագրում հրապարակում է մրցույթի մասին հայտարարություն:

    Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 2-րդ կետով, ապա մրցույթի հայտարարությունը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետը լրանալու օրվանից 30 օր առաջ:

    2. Եթե գնվելիք ապրանքների կամ ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում՝ հինգհարյուրապատիկը, ապա պատվիրատուն պարտավոր է մրցույթի հայտարարությունը հրապարակել նաեւ ոչ պակաս, քան տասը երկրում շրջանառվող մամուլում՝ մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետը լրանալու օրվանից 40 օր առաջ:

    3. Մրցույթի մասին հայտարարությունը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

    1) պատվիրատուի անվանումը (անունը) եւ գտնվելու վայրը.

    2) մրցույթի տեսակը.

    3) մրցույթի ծածկագիրը.

    4) կնքվելիք պայմանագրի բովանդակության, պայմանագրի առարկայի, դրա տեխնիկական, որակական եւ տնտեսական բնութագրերի համառոտ շարադրանքը.

    5) կնքվելիք պայմանագրի կատարման նախընտրելի կամ պահանջվող ժամկետը.

    6) մասնակիցների՝ անկախ որեւէ երկրի ռեզիդենտը լինելու հանգամանքից, մրցույթին մասնակցելու հավասար իրավունքի կամ սույն օրենքին համապատասխան այդ իրավունքի սահմանափակման մասին հայտարարությունը.

    7) մրցույթի հրավեր ստանալու պայմանները, այդ թվում՝ դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները եւ արժույթը.

    8) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է մրցույթի հայտեր ներկայացվեն.

    9) մասնակիցների որակավորման տվյալների նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջները.

    10) մրցույթի հայտերը ներկայացնելու տեղը եւ ժամկետը.

    11) պատվիրատուի հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

    Հոդված 26. Մրցույթի հրավերի տրամադրման կարգը եւ պայմանները

    1. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հայտարարության հիման վրա մրցույթի հրավեր ստանալու պահանջ ներկայացրած անձանց տրամադրել մրցույթի հրավեր:

    2. Եթե գնման պայմանագրի նախահաշվային գինը ապրանքների եւ ծառայությունների դեպքում գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում՝ հինգհարյուրապատիկը, ապա մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող անձինք իրավունք ունեն պատվիրատուից պահանջել հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով մրցույթի հրավեր:

    3. Բաց մրցույթի հրավեր տրամադրելու համար պատվիրատուն պահանջում է վճար, որը չի կարող ավելի լինել մրցույթի հրավերի պատճենահանման եւ առաքման համար պահանջվող ծախսերի չափից:

    4. Պատվիրատուն մրցույթի հրավերը տրամադրում է պահանջվող վճարն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

    Հոդված 27. Մրցույթի հրավերի բովանդակությունը

    1. Մրցույթի հրավերը պետք է պարունակի՝

    1) հղում՝ հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը՝ ի լրումն որի տրամադրվում է տվյալ մրցույթի հրավերը.

    2) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները.

    3) մասնակիցներից պահանջվող որակավորման տվյալների չափանիշները եւ դրանց գնահատման կարգը.

    4) մասնակիցների կողմից իրենց որակավորման տվյալները հաստատելու նպատակով ներկայացվող փաստաթղթերին կամ այդ նպատակով պահանջվող այլ տեղեկատվությանն առաջադրվող պահանջները.

    5) գնվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների բնույթը, կազմը եւ կառուցվածքը բնորոշող բնութագրերը, ներառյալ՝ տեխնիկական առանձնահատկությունները, պլանները, գծագրերը.

    6) մրցույթի հաղթողի ընտրության կարգը, ներառյալ՝ պատվիրատուի կողմից օգտագործվող չափանիշները եւ սույն օրենքին համապատասխան տրամադրվող նախապատվության հնարավորությունն ու պայմանները.

    7) կնքվելիք պայմանագրի նախագիծը.

    8) եթե մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները եւ կարգը.

    9) մրցույթի հայտի գնի հաշվարկման մեթոդը եւ արտահայտման ձեւը, արժույթը.

    10) նշում այն մասին, որ առաջարկվող գինը ապրանքի, աշխատանքների եւ ծառայությունների արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի եւ հարկերի վճարման ծախսերը.

    11) պատվիրատուի կողմից՝ մրցույթի հայտի եւ պայմանագրի կատարման ապահովմանը եւ մրցույթի հայտ ներկայացրած անձի կողմից պարտավորությունների կատարման ցանկացած ապահովման բնույթին, ձեւին, քանակին եւ այլ հիմնական պայմաններին առաջադրվող պահանջները.

    12) մրցույթի հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ՝ եղանակը, տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն.

    13) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ եւ տեղեկատվություն՝ պատվիրատուի կողմից մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, այդ թվում՝ պատվիրատուի եւ մասնակիցների միջեւ անմիջական կապ ապահովելու եւ գնումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց (ծառայողների) անունը, պաշտոնը, հասցեն, ծառայողական հեռախոսի համարը.

    14) մրցույթի հայտերը ներկայացնելու պայմանները, դրանց բացման օրը եւ ժամը, քննարկման (գնահատման եւ համեմատման) կարգը:

    15) գնումներին վերաբերող սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի դրույթներին կատարված հղումները.

    16) ընտրված մասնակցին պայմանագիրը կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.

    17) պատվիրատուի գործողությունները եւ (կամ) որոշումները, նրա կողմից օգտագործվող ընթացակարգերը բողոքարկելու՝ մասնակցի իրավունքի պարզաբանումները.

    18) տեղեկատվություն՝ պատվիրատուի կողմից մրցույթի հայտերը մերժելու վերաբերյալ իրեն իրավունք վերապահելու մասին.

    19) մրցույթի հայտերի նախապատրաստմանը, ներկայացմանը եւ գնումների վերաբերյալ այլ տեղեկատվություն:

    Հոդված 28. Մրցույթի հրավերի պարզաբանումը եւ դրանում փոփոխություն կատարելը

    1. Մասնակիցն իրավունք ունի մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետից 15 աշխատանքային օր առաջ պատվիրատուից պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում: Պատվիրատուն պարզաբանումը տրամադրում է հարցում ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուն միաժամանակ նման պարզաբանումները հրապարակում է պաշտոնական մամուլում, ինչպես նաեւ դրանց մասին գրավոր ծանուցում է մրցույթի հայտեր ներկայացրած անձանց:

    2. Պատվիրատուն պարզաբանումներ չի տրամադրում, եթե հարցումը կատարվել է սույն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաեւ, եթե հարցումը դուրս է գալիս մրցույթի հրավերի բովանդակության շրջանակից, կամ հարցման պարզաբանումը պետական գաղտնիքի հրապարակման վտանգ է պարունակում:

    3. Մինչեւ մրցույթի հայտերի ներկայացման ժամկետի կեսի ավարտը պատվիրատուն իրավունք ունի, լիազոր մարմնի համաձայնությամբ, փոփոխություններ կատարել մրցույթի հրավերում՝ նրան տրամադրելով դրանց անհրաժեշտության հիմնավորումը։ Նման փոփոխությունները պարտադիր են եւ պատվիրատուի կողմից հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, ինչպես նաեւ գրավոր ծանուցվում մրցույթի հայտեր ներկայացրած անձանց: Մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում մրցույթի հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկատվության հրապարակման օրվանից: Այդ դեպքում մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցները պարտավոր են երկարաձգել իրենց ներկայացրած մրցույթի հայտի ապահովման գործողության ժամկետը, կամ ներկայացնել մրցույթի հայտի նոր ապահովում։ Հակառակ դեպքում մրցույթի հայտը մերժվում է, չի բացվում եւ վերադարձվում է ներկայացնողին:

    4. Սույն հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատվիրատուի եւ այլ անձանց միջեւ կայացած հանդիպումների եւ դրանց արդյունքների մասին պատվիրատուն կազմում է գրավոր արձանագրություն, որը պետք է պարունակի պատվիրատուի կազմակերպած հանդիպումների ընթացքում մրցույթի հրավերի պարզաբանումների մասին ներկայացված հարցումները (առանց նշելու դրանց ստացման աղբյուրները) եւ պատասխանները։ Սույն արձանագրությունը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժան մասն է, որը պատվիրատուն ներկայացնում է մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցներին՝ վերջիններիցս նման պահանջ ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

    «  2. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ

    Հոդված 29. Մրցույթի հայտերը ներկայացնելու կարգը

    1. Մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող անձինք, մրցույթի հրավերի պահանջներին համապատասխան, պատվիրատուին ներկայացնում են մրցույթի հայտեր:

    2. Մրցույթի հայտը՝ տեխնիկական եւ տնտեսական (գնային) առաջարկները, դրանց վերաբերող հավելվածներն ու օժանդակ մյուս փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում, ստորագրվում եւ կնքվում է այն ներկայացնողի կողմից: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից եւ մրցույթի հրավերում նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» եւ «կրկնօրինակ» բառերը: Ծրարը եւ ներառված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող մասնակիցը կամ վերջինիս կողմից լիազորված անձը (այսուհետ՝ գործակալ): Եթե մրցույթի հայտը ստորագրում է գործակալը, ապա նա պատվիրատուին ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է, որ տվյալ անձը լիազորված է գործելու մրցույթի մասնակցի անունից:

    3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ծրարի վրա, մրցույթի հայտը կազմելու լեզվով, կարող են կատարվել միայն հետեւյալ գրառումները՝

    1) մրցույթի հրավերում նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

    2) մրցույթի ծածկագիրը.

    3) «չբացել մինչեւ մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը.

    4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը եւ հեռախոսահամարը:

    4. Գնի վերաբերյալ առաջարկը ներկայացվում է առանձին, դրվում է առանձին ծրարի մեջ, որի վրա նշվում է այն ներկայացնող մասնակցի անվանումը (անունը) եւ «առաջարկվող գինը» բառերը: Գնի առաջարկի ծրարը սոսնձվում, ստորագրվում, կնքվում եւ տեխնիկական առաջարկների հետ միասին դրվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան կազմված ծրարում:

    5. Մրցույթի հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում՝ ըստ ստացման հերթականության՝ ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը եւ ժամը: Ընդ որում, մասնակցի պահանջով պատվիրատուն տալիս է այդ մասին տեղեկանք:

    6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաեւ մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո տրված հայտերը մերժվում են եւ առանց բացվելու վերադարձվում են ներկայացնողին:

    Հոդված 30. Մրցույթի հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը եւ դրանում փոփոխություն կատարելը

    1. Մրցույթի հայտը վավեր է համարվում մինչեւ սույն օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից մրցույթի հայտի հետ վերցնելը, մրցույթի հայտերի մերժումը կամ մրցույթը չկայացած հայտարարվելը:

    2. Մրցույթի մասնակիցը, մինչեւ մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել այն:

    3. Մրցույթի հայտի փոփոխման կամ հետ վերցնելու մասին ծանուցումը ուղարկվում է պատվիրատուին սույն օրենքի 29 հոդվածի 3-րդ կետին համապատասխան կազմված ծրարով՝ դրա վրա ավելացնելով «փոփոխում» կամ «հետկանչ» բառը:

    Հոդված 31. Մրցույթի հայտի ապահովումը

    1. Եթե գնման ենթակա ապրանքների եւ ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում՝ հինգհարյուրապատիկը, ապա մասնակիցը, մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ օրենքով չարգելված ցանկացած ձեւով, ներկայացնում է մրցույթի հայտի ապահովում: Մրցույթի հայտի ապահովման չափը, որը չի կարող պակաս լինել մրցույթի հայտի գնի հինգ տոկոսից, որոշում է մասնակիցը:

    2. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հրավերում նշել մրցույթի հայտի ապահովման վերաբերյալ իր պահանջները։

    3. Մասնակիցն իրավունք ունի, մինչեւ մրցույթի հայտը ներկայացնելը, պատվիրատուից պահանջել հաստատելու մրցույթի հայտի ապահովման ընդունելի լինելու հանգամանքը, որին պատվիրատուն պետք է պատասխանի նման հարցում ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

    Սույն կետի համաձայն ներկայացվող ապահովման ընդունելի լինելու հանգամանքը պատվիրատուին չի զրկում այդ ապահովումն անվավեր համարելու իրավասությունից՝ այն ներկայացրած անձի կամ նրա երաշխավորի անվճարունակության հիմքով:

    4. Կանխիկ դրամի ձեւով ներկայացված մրցույթի հայտի ապահովումը պատվիրատուն, որպես ցպահանջ ավանդ, պահում է լիազոր մարմնի անվամբ այդ նպատակով բացված գանձապետական հաշվում: Ավանդը հետ վերադարձվելու դեպքում դրանից ստացված տոկոսները վերադարձվում են ապահովում ներկայացրած մասնակցին:

    Մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում, եթե այն ներկայացնողը մրցույթում հաղթել է, սակայն հրաժարվում կամ սույն օրենքի 39 հոդվածի 4-րդ կետի համաձայն զրկվում է պայմանագիր ստորագրելուց:

    5. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքի, մրցույթի հայտի ապահովումը պայմանագիրը կնքելուց, իսկ մրցույթը չկայացած հայտարարվելուց կամ մրցույթի հայտը մերժվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է այն ներկայացնողին:

    Հոդված 32. Մրցույթի հանձնաժողովը

    1. Մինչեւ մրցույթի հայտարարության եւ մրցույթի հրավերի հրապարակումը պատվիրատուն ստեղծում է առնվազն հինգ անդամից կազմված հանձնաժողով, որը՝

    1) հաստատում է մրցույթի հայտարարության եւ մրցույթի հրավերի տեքստերը.

    2) բացում եւ գնահատում է մրցույթի հայտերը.

    3) որոշում է մրցույթի հաղթողին:

    2. Մրցույթի հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքին համապատասխան:

    « 3. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ

    Հոդված 33. Մրցույթի հայտերի բացումը

    1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը, մրցույթի հանձնաժողովի հատուկ նիստում: Հայտերի բացման օրը եւ ժամը պետք է համընկնի դրանք ներկայացնելու վերջին ժամկետին:

    2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են՝

    1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի անվանումը (անունը).

    2) նախնական տվյալներ՝ ներկայացրած մրցույթի հայտերի՝ մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

    3) տվյալներ՝ գնային առաջարկներ պարունակող ծրարների առկայության, դրանք կազմելու ու ներկայացնելու՝ սույն օրենքի պահանջների համապատասխանության վերաբերյալ.

    4) ամփոփ տվյալներ՝ մրցույթի ներկայացված հայտերում սույն օրենքին համապատասխան փոփոխություններ կատարելու մասին ծանուցումների վերաբերյալ:

    3. Մրցույթի հայտերը բացելուց հետո մրցույթի հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի անդամները եւ նիստին ներկա մասնակիցները: Արձանագրությունը պետք է ներառի՝

    1) նշում՝ մրցույթի հայտերի բացման վայրի, օրվա եւ ժամի մասին.

    2) մրցույթի հայտեր ներկայացրած անձանց անվանումները (անունները) եւ գտնվելու վայրերը (հասցեները).

    3) նախնական տվյալներ մրցույթի հայտերի՝ մրցույթի հրավերի պահանջների համապատասխանության մասին.

    4) նշում՝ մրցույթի յուրաքանչյուր հայտի՝ գնային առաջարկ պարունակող ծրարի առկայության, դրա կազմման ու ներկայացման՝ սույն օրենքի պահանջների համապատասխանության, մրցույթի յուրաքանչյուր հայտի մյուս հիմնական պայմանների մասին.

    5) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում՝ դրա հիմնավորումը.

    6) մրցույթի որեւէ հայտի մերժման դեպքում դրա հիմնավորումը.

    7) տեղեկատվություն՝ մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների եւ դրանց պատասխանների մասին.

    8) մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով կայանալիք նիստի վայրը, օրը եւ ժամը.

    9) մրցույթի հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները եւ պաշտոնները.

    10) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

    4. Եթե մրցույթի հանձնաժողովի անդամները եւ (կամ) մասնակիցները մրցույթի հայտերի բացման ընթացակարգի վերաբերյալ ունեն մրցույթի բացման նիստի արձանագրության մեջ չներառված այլ կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում են գրավոր, որը կցվում է արձանագրությանը՝ որպես դրա անբաժանելի մաս:

    5. Մրցույթի մասնակիցները եւ նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հայտերի բացման նիստին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել մրցույթի բացման նիստի արձանագրության պատճենը, որը մրցույթի հանձնաժողովը տրամադրում է անհապաղ:

    6. Մրցույթի հայտերի բացման նիստի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն մրցույթի հայտերի բացման արդյունքները հաղորդում է այն մասնակիցներին, որոնք կամ որոնց ներկայացուցիչները չեն մասնակցել այդ նիստին:

    Հոդված 34. Մրցույթի հայտերի քննարկումը, գնահատումը, համեմատումը եւ մերժումը

    1. Մրցույթի հայտերի բացումից հետո պատվիրատուն կարող է մրցույթի բոլոր մասնակիցներից պահանջել բացատրություններ (պարզաբանումներ)՝ ներկայացված մրցույթի հայտերի վերաբերյալ, ինչպես նաեւ վերահաստատել իրենց կողմից ներկայացված որակավորման տվյալները: Պատվիրատուն բացատրությունների եւ ստացված պարզաբանումների վերաբերյալ կազմում է արձանագրություն, որը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Բացատրությունները չեն կարող ներառել առաջարկություններ՝ գների կամ մրցույթի հայտի պայմանների փոփոխման վերաբերյալ:

    2. Եթե մասնակիցը սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չի վերահաստատում իր որակավորման տվյալները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է: Նման դեպքում պատվիրատուն կազմում է արձանագրություն՝ նշելով մրցույթի հայտի մերժման հիմքը, որի պատճենը տրամադրում է մասնակցին՝ նրա կողմից նման պահանջ ներկայացնելու պահին: Արձանագրությունը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է:

    3. Մրցույթի հանձնաժողովը գնահատում եւ համեմատում է նշանակալի շեղումներ չունեցող մրցույթի հայտերը: Շեղումները համարվում են նշանակալի, եթե դրանք չեն համապատասխանում մրցույթի հրավերի պայմաններին կամ հանգեցնում են դրանց փոփոխմանը: Նշանակալի շեղումներ ունեցող մրցույթի հայտերը մերժվում են:

    4. Մրցույթի հրավերի պահանջները բավարարող հայտերը գնահատվում են տեխնիկապես: Տեխնիկապես բավարար գնահատված հայտերը գնահատվում են տնտեսապես: Մրցույթի հայտերի գնահատման եւ համեմատման ժամանակ մրցույթի հրավերով նախատեսված չափանիշներից բացի այլ չափանիշների օգտագործումն անթույլատրելի է:

    5. Եթե բավարար գնահատված մրցույթի հայտերում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով եւ թվերով գրված գումարների միջեւ, ապա մրցույթի հանձնաժողովը հիմք է ընդունում տառերով գրված գումարը:

    6. Մրցույթի հանձնաժողովը մերժում է մասնակիցների ներկայացրած հայտերը, սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ, եթե մրցույթի հայտ ներկայացրած մասնակիցը՝

    1) չի համապատասխանում մրցույթի հրավերով սահմանված որակավորման եւ (կամ) ընթացակարգային այլ պահանջներին.

    2) չի համաձայնվում սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան կատարված ուղղումներին:

    7. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով մրցույթի հանձնաժողովը համեմատում է բավարար գնահատված հայտերը: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած առաջարկը տեխնիկապես եւ որակապես բավարարում է մրցույթի հրավերի պահանջները եւ, եթե նրա հայտը մյուսներից առավել շահավետ է: Մրցույթի հայտը որպես առավել շահավետ ճանաչելիս մրցույթի հանձնաժողովը հաշվի է առնում միայն մրցույթի հայտի գինը, ընդ որում, ընտրված մասնակցի մրցույթի հայտի գինը մնացած հավասար պայմաններում պետք է լինի առաջարկվող գներից ամենացածրը:

    8. Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ մրցույթի հայտերի բացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

    9. Ապրանքների եւ ծառայությունների գնման դեպքում, լիազոր մարմնի համաձայնությամբ, պայմանագիրը կնքելու նախապատվությունը մինչեւ առաջարկվող գնի 20 տոկոսի չափով տրվում է այն մասնակցին, որը պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան 50 տոկոսի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային եւ արտադրական ռեսուրսները: Այդ նախապատվությունը կարող է կիրառվել, եթե բաց մրցույթով գնումների կատարման ժամանակ նախատեսված է մրցույթի հայտարարության, իսկ փակի դեպքում՝ մրցույթի հրավերի մեջ:

    Հոդված 35. Մրցույթի արդյունքների ամփոփումը

    1. Կառավարության սահմանած ժամկետում, բայց ոչ ուշ, քան մրցույթի հայտերը ներկայացնելու վերջին օրվանից 30 աշխատանքային օր անց, մրցույթի արդյունքների ամփոփման նիստում մրցույթի հանձնաժողովը որոշում է հաղթողին կամ սույն օրենքին համապատասխան մրցույթը չկայացած է հայտարարում:

    2. Մրցույթի արդյունքների ամփոփման նիստում մրցույթի հանձնաժողովը հրապարակում է հաղթող ճանաչված մասնակցի անվանումը (անունը) եւ հիմնավորում է վերջինիս ընտրությունը:

    3. Հաղթողին ընտրելուց հետո մրցույթի հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրություն, որը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի անդամները: Եթե մրցույթի հանձնաժողովի անդամները եւ (կամ) մասնակիցները մրցույթի արդյունքների ամփոփման վերաբերյալ ունեն այլ կարծիք (հատուկ կարծիք) եւ հարկ են համարում արտահայտել այն, շարադրում են գրավոր եւ կցում արձանագրությանը: Հատուկ կարծիքը մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրության անբաժանելի մասն է:

    Հոդված 36. Մրցույթը չկայացած հայտարարելը

    1. Մրցույթի հանձնաժողովը չկայացած է հայտարարում մրցույթը, եթե՝

    1) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի հրավերի պայմաններին.

    2) արտակարգ իրավիճակում անհնար է դառնում գնումների կատարումը.

    3) ոչ մի հայտ չի ներկայացվել.

    4) ներկայացվել է միայն մեկ հայտ:

    2. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո պատվիրատուն իրավունք չունի բացել հայտերը։ Դրանք ներկայացված տեսքով պետք է վերադարձվեն մասնակցին:

    3. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն պաշտոնական տեղեկագրում հրապարակում է հայտարարություն՝ նշելով մրցույթը չկայացած հայտարարվելու հիմնավորումը:

    Հոդված 37. Մասնակիցների հետ բանակցություններ վարելու անթույլատրելիությունը

    Մինչեւ պայմանագրի կնքումը մրցույթի հանձնաժողովի, պատվիրատուի եւ մասնակիցների միջեւ բանակցություններ վարելն արգելվում է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

    Հոդված 38. Պայմանագրի կատարման ապահովումը

    1. Եթե պայմանագրի նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա պատվիրատուն, որպես պայմանագրի կնքման պայման, ընտրված մասնակցին պարտավոր է ներկայացնել պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու պահանջ:

    2. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հրավերում նշել պայմանագրի կատարման ապահովման վերաբերյալ պահանջները։

    3. Պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու՝ պատվիրատուի պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է օրենքով չարգելված ցանկացած ձեւով, մրցույթի հրավերի պահանջներին համապատասխան, ներկայացնել պայմանագրի կատարման ապահովում:

    4. Մինչեւ պայմանագրի կատարման ապահովումը ներկայացնելը մասնակիցն իրավունք ունի պատվիրատուից պահանջել հաստատելու ներկայացվող պայմանագրի կատարման ապահովման ընդունելի լինելը, որին պատվիրատուն պետք է պատասխանի նման հարցում ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

    Սույն կետի համաձայն ներկայացվող ապահովման ընդունելի լինելու հանգամանքը պատվիրատուին չի զրկում պայմանագրի կատարման ապահովումը հետագայում չընդունելու իրավունքից, եթե այն ներկայացրած անձը կամ երաշխավորը դարձել է անվճարունակ:

    5. Մասնակցի կողմից սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման դեպքում պատվիրատուն իրավունք չունի չընդունել ներկայացված պայմանագրի կատարման ապահովումը եւ պարտավոր է այն ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքել պայմանագիր:

    6. Պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի գնման պայմանագրի նախագծով նախատեսված, պատվիրատուի կողմից վճարման ենթակա կանխավճարի չափին, եթե կանխավճարը պայմանագրով նախատեսված է: Հակառակ դեպքում պայմանագրի կատարման ապահովման չափը որոշում է պատվիրատուն՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

    7. Եթե պայմանագրի կատարման ապահովումը ներկայացվում է կանխիկ դրամի ձեւով, ապա պատվիրատուն պահում է այն լիազոր մարմնի անվամբ՝ այդ նպատակով բացված գանձապետական հաշվում՝ որպես ցպահանջ ավանդ: Եթե պայմանագրի կատարման ապահովումը վերադարձվում է, ապա ավանդից ստացված տոկոսները պատվիրատուն վերադարձնում է այն ներկայացրած մասնակցին:

    8. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի կատարման ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին, պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

    Հոդված 39. Գնման պայմանագիր կնքելու պատվիրատուի առաջարկը եւ պայմանագրի կնքումը

    1. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է մրցույթի հանձնաժողովի որոշման հիման վրա:

    Եթե պայմանագիրը կնքելու պատվիրատուի որոշումը պետք է հաստատվի նաեւ լիազոր մարմնի կողմից, ապա պայմանագիրը չի կարող կնքվել առանց այդ հաստատման:

    2. Պայմանագիրը կնքվում է գրավոր՝ մեկ փաստաթուղթ կազմելով:

    3. Մրցույթը հաղթած մասնակցին մրցույթի հաղթող ճանաչվելու, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից հավանություն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է պայմանագիր կնքելու առաջարկի մասին։

    Սույն օրենքով նախատեսված դեպքերում պատվիրատուն պարտավոր է հաղթած մասնակցին ծանուցել պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու մասին: Պատվիրատուն հաղթած մասնակցին ծանուցմամբ տրամադրում է գնման պայմանագրի նախագիծը եւ պաշտոնական տեղեկագրում հրապարակում է պայմանագիր կնքելու մասին որոշումը:

    4. Եթե մրցույթը հաղթած մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը եւ պայմանագրի նախագիծն ստանալուց 20 աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը կամ սույն օրենքի 38 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում պայմանագրի կատարման ապահովում, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից: Այդ դեպքում, լիազոր մարմնի համաձայնությամբ, պատվիրատուն կարող է պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնել մրցույթում երկրորդ, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում՝ երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Սույն օրենքի 34 հոդվածի 6-րդ կետի համաձայն, մրցույթի հանձնաժողովն իրավունք ունի մերժել մրցույթի մնացած հայտերը:

    5. Եթե գնվելիք ապրանքների եւ ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում՝ հինգհարյուրապատիկը, ապա պայմանագիրը կնքելու մասին պատվիրատուի որոշումը պետք է հաստատվի լիազոր մարմնի կողմից: Նման դեպքում գնման պայմանագրի նախագիծը, մրցույթի հայտարարության եւ մրցույթի հրավերի տեքստերը, ինչպես նաեւ գնումների ընթացակարգի արձանագրության ու դրա անբաժանելի մաս կազմող մյուս փաստաթղթերի պատճենները, պատվիրատուն ներկայացնում է լիազոր մարմին:

    Պատվիրատուն սույն կետով պահանջվող փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում մրցույթի հայտերի ամփոփման նիստի՝ մրցույթում հաղթողին որոշելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

    6. Լիազոր մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է պայմանագիրը կնքելու՝ պատվիրատուի որոշումը՝ վերջինիս տրամադրելով իր որոշման հիմնավորումը:

    7. Լիազոր մարմինը հաստատում է պայմանագիրը կնքելու՝ պատվիրատուի որոշումը, եթե կազմակերպված գնումների ընթացակարգը եւ գնման պայմանագրի նախագիծը համապատասխանում են օրենսդրության պահանջներին:

    Եթե լիազոր մարմինը մերժում է պայմանագիրը կնքելու մասին պատվիրատուի որոշումը, ապա անցկացված մրցույթը չեղյալ է հայտարարվում:

    8. Եթե մրցույթը չեղյալ է հայտարարվել սույն հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան, ապա այն կողմը, որի գործողությունների պատճառով մրցույթը չեղյալ է հայտարարվել, հատուցում է մրցույթի կազմակերպման եւ անցկացման, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու հետ կապված մյուս կողմի ծախսերը՝ մրցույթը չեղյալ հայտարարվելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե մրցույթը չեղյալ է հայտարարվել պատվիրատուի գործողությունների պատճառով, ապա վերջինս հատուցում է միայն ընտրված մասնակցի մրցույթին մասնակցելու հետ կապված ծախսերը:

    9. Եթե գնվելիք ապրանքների եւ ծառայությունների նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում՝ հինգհարյուրապատիկը եւ այն կնքվում է սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ապա պայմանագիր կնքելուց հրաժարված մասնակիցը պետք է հատուցի պատվիրատուի կրած վնասները պայմանագիրը կնքելուց հրաժարվելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, հատուցման գումարը պետք է հավասար լինի մրցույթում առաջին, երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների ներկայացրած մրցույթի հայտերի գների տարբերությանը:

    10. Եթե մրցույթում ընտրվել է հաղթող, եւ գնվելիք ապրանքների ու ծառայությունների նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում՝ հինգհարյուրապատիկը, սակայն պատվիրատուն կամ ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիրը կնքելուց, եւ չեն կիրառվում սույն հոդվածի 9-րդ կետի դրույթները, ապա հրաժարվող կողմը հատուցում է մրցույթի կազմակերպման, անցկացման եւ (կամ) մրցույթին մասնակցելու հետ կապված մյուս կողմի ծախսերը՝ պայմանագիրը կնքելուց հրաժարվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

    11. Եթե գնվելիք ապրանքների ու ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում՝ հինգհարյուրապատիկը, սակայն պատվիրատուն կամ ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիրը կնքելուց, ապա հրաժարվող կողմը հատուցում է մրցույթի կազմակերպման, անցկացման կամ մրցույթին մասնակցելու հետ կապված մյուս կողմի ծախսերը: Ընդ որում՝

    1) եթե պատվիրատուն պայմանագիր է կնքում սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ապա մրցույթում հաղթած եւ պայմանագիրը ստորագրելու իրավունքից զրկված մասնակիցը հատուցում է պատվիրատուի վնասները մրցույթում առաջին եւ երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների ներկայացրած մրցույթի հայտերի գների տարբերության չափով՝ իր ներկայացրած մրցույթի հայտի ապահովումը հետ ստանալու իրավունքով.

    2) եթե պայմանագիրը կնքելուց հրաժարվում է ընտրված մասնակիցը, եւ չեն կիրառվում սույն կետի 1-ին ենթակետի դրույթները, ապա այդ մասնակցի մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում:

    12. Պատվիրատուն գնումների գործընթացին առնչվող փաստաթղթերը պարտավոր է պահել առնվազն երեք տարի:

    Հոդված 40. Պայմանագրի գնի հաշվարկը

    Պայմանագրի գնի հաշվարկը պետք է ներառի տվյալ պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում՝ նաեւ հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգեւավճարները, կոմիսիոն վճարները եւ շահույթը։

    ԳԼՈՒԽ V

    ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

    Հոդված 41. Երկու փուլով մրցույթի անցկացումը

    1. Երկու փուլով մրցույթ անցկացնելու դեպքում պատվիրատուն պարտավոր է այդ մասին նշել բաց մրցույթով գնումների կատարման դեպքում մրցույթի հայտարարության, իսկ փակի դեպքում՝ մրցույթի հրավերի մեջ:

    2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

    3. Երկու փուլով մրցույթի առաջին փուլում մասնակիցների կողմից սույն օրենքին համապատասխան ներկայացվում են մրցույթի սկզբնական հայտեր: Մրցույթի սկզբնական հայտերը չպետք է ներառեն մրցույթի հայտի գինը: Մրցույթի հանձնաժողովն առաջին փուլում գնահատում է մասնակիցների ներկայացրած սկզբնական հայտերը։ Մրցույթի հանձնաժողովն իրավունք ունի բանակցություններ վարել բոլոր մասնակիցների հետ՝ նրանց ներկայացրած սկզբնական հայտերի ցանկացած դրույթի կապակցությամբ։

    4. Երկրորդ փուլում մրցույթի հանձնաժողովն առաջարկում է առաջին փուլն անցած բոլոր մասնակիցներին ներկայացնել մրցույթի վերջնական հայտեր, ներառյալ՝ գնի առաջարկը։

    5. Մրցույթի հանձնաժողովը երկրորդ փուլում կարող է փոխել մրցույթի հրավերով նախապես սահմանված տեխնիկական եւ որակական բնութագրերն ու մրցույթի հայտերի գնահատման եւ համեմատման չափանիշները, որոնց մասին նա պարտավոր է տեղեկացնել երկրորդ փուլի հնարավոր մասնակիցներին՝ մրցույթի վերջնական հայտը ներկայացնելու համար ուղարկվող առաջարկում: Մրցույթի վերջնական հայտերը գնահատելու եւ համեմատելու ժամանակ մրցույթի հանձնաժողովի եւ մասնակիցների միջեւ բանակցություններն արգելվում են:

    6. Երկու փուլով մրցույթի մասնակիցները գնի մասին առաջարկը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մրցույթի հայտի ապահովումը, ներկայացնում են երկրորդ փուլում, մրցույթի վերջնական հայտը ներկայացնելու հետ միաժամանակ:

    7. Մրցույթի առաջին փուլն անցած ցանկացած մասնակից իրավունք ունի հրաժարվել վերջնական հայտ ներկայացնելուց:

    Հոդված 42. Փակ մրցույթը

    1. Փակ մրցույթ անցկացնելու դեպքում պատվիրատուն պարտավոր է մրցույթի հրավեր տրամադրել բոլոր հնարավոր անձանց:

    2. Փակ մրցույթի ձեւով գնումների կատարման ժամանակ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

    Հոդված 43. Գնանշումների հարցումը

    1. Գնանշումների հարցման ձեւով գնումներ կատարելու դեպքում պատվիրատուն պարտավոր է նման հարցում ուղղել առնվազն երկու անձի:

    Գնանշումների հարցումը պետք է ներառի պատվիրատուի կողմից կնքվելիք պայմանագրով առաջադրվող բոլոր պայմանները, ներառյալ՝ գնանշումները ներկայացնելու, գնահատելու եւ համեմատելու պայմանները:

    2. Ի պատասխան պատվիրատուի՝ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կատարած հարցման՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ներկայացնել միայն մեկ գնանշում, որը հետագայում չի կարող փոփոխվել։ Գնանշումները ներկայացվում են նման հարցում ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 29 հոդվածի 3-րդ կետին համապատասխան կազմված փակ ծրարով:

    3. Արգելվում են բանակցությունները պատվիրատուի եւ գնանշում ներկայացրած անձանց միջեւ՝ վերջիններիս ներկայացրած գների վերաբերյալ: Գնանշումների գնահատման ժամանակ պատվիրատուն իրավունք ունի օգտագործել միայն գնանշումների հարցման մեջ նշված չափանիշները։

    4. Հաղթող է ճանաչվում պատվիրատուի ներկայացրած պահանջները բավարարող, առավել ցածր գնանշում առաջարկած անձը, որի հետ, գնանշումների ներկայացման վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն կնքում է պայմանագիր։

    Հոդված 44. Գնումներ մեկ աղբյուրից

    1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում պատվիրատուն կարող է ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ գնել մեկ անձից՝ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների պահանջ ներկայացնելու կամ գնանշման միջոցով։

    2. Մեկ անձից գնումներ կատարելու դեպքում պատվիրատուն իրավունք ունի վարել բանակցություններ՝ նրա ներկայացրած ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների առաջարկի կամ գնանշման ցանկացած դրույթի կապակցությամբ։

    ԳԼՈՒԽ VI

    ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

    Հոդված 45. Բողոքարկելու իրավունքը

    1. Յուրաքանչյուր անձ ունի բողոքարկման իրավունք, եթե պատվիրատուի եւ (կամ) լիազոր մարմնի գործողությունների հետեւանքով կրել է կամ կարող է կրել վնասներ: Բողոքարկման առարկա չի կարող լինել`

    1) պատվիրատուի գնումներ կատարելու ձեւի եւ ընթացակարգի ընտրությունը.

    2) պատվիրատուի համար պարտադիր պահանջների կիրառումը:

    2. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի`

    1) բողոքարկել պատվիրատուի որոշումները պատվիրատուին՝ սույն օրենքի 46 հոդվածի համաձայն.

    2) բողոքարկել պատվիրատուի որոշումները լիազոր մարմին՝ սույն օրենքի 47 հոդվածի համաձայն.

    3) դատական կարգով բողոքարկել լիազոր մարմնի եւ (կամ) պատվիրատուի որոշումները՝ սույն օրենքի 50 հոդվածի համաձայն:

    Հոդված 46. Պատվիրատուին բողոքարկելու կարգը

    1. Պատվիրատուին բողոք ներկայացնելու վերջին ժամկետը պայմանագիրը կնքելու մասին որոշումը հրապարակելու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն է:

    2. Բողոքը ենթակա չէ քննարկման պայմանագիրը կնքելուց հետո: Այդ դեպքում բողոքարկումը կատարվում է սույն օրենքի 47 հոդվածի 1-ին կետի համաձայն:

    3. Բողոքն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն պետք է ընդունի գրավոր որոշում, որը պետք է պարունակի`

    1) բողոքի մերժման դեպքում՝ դրա հիմնավորումը.

    2) ներկայացված պահանջների բավարարման միջոցները՝ բողոքի լրիվ կամ մասնակի բավարարման դեպքում:

    4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում որոշում չընդունվելու կամ ընդունված որոշումը մասնակցին չբավարարելու դեպքում վերջինս իրավունք ունի բողոքարկել սույն օրենքի 47 եւ 50 հոդվածների համաձայն: Նման բողոքը ներկայացվելու պահից վեճը չի կարող քննարկվել պատվիրատուի կողմից:

    5. Պատվիրատուի որոշումը համարվում է վերջնական, քանի դեռ սույն օրենքի 47 կամ 50 հոդվածներին համաձայն քննություն չի սկսվել:

    Հոդված 47. Լիազոր մարմին բողոքարկելու կարգը

    1. Լիազոր մարմին բողոքարկելու իրավունք ունի այն անձը՝

    ա) որի բողոքը պատվիրատուն չի քննարկել.

    բ) որը բավարարված չէ պատվիրատուի ընդունած որոշմամբ.

    գ) որի բողոքի վերաբերյալ պատվիրատուի որոշումն ընդունվել է սույն օրենքի 46 հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետի խախտմամբ։

    Եթե բողոքը ներկայացվում է պատվիրատուի պայմանագիր կնքելու մասին որոշումը հրապարակվելուց հետո, ապա այն պետք է գրավոր ներկայացվի որոշումը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում:

    2. Լիազոր մարմինը բողոքն ստանալու մասին գրավոր հայտնում է պատվիրատուին:

    3. Լիազոր մարմինն իրավունք ունի ընդունել հետեւյալ որոշումները`

    1) արգելել պատվիրատուին կատարել որոշակի գործողություններ, ընդունել որոշումներ, կիրառել ընթացակարգեր.

    2) պարտավորեցնել պատվիրատուին ընդունել համապատասխան որոշումներ, ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ եւ կիրառել դրանցից բխող ընթացակարգեր.

    3) լրիվ կամ մասնակի վերացնել կամ վերանայել պատվիրատուի որոշումները կամ ընդունել պատվիրատուի որոշմանը փոխարինող որոշում, բացառությամբ պայմանագիրը կնքելու մասին որոշումն անվավեր ճանաչելու կամ պայմանագիրը լուծելու մասին որոշումների.

    4) պարտավորեցնել պատվիրատուին հատուցել գնումների ընթացակարգ կատարելու կապակցությամբ նրա գործողությունների կամ որոշումների կամ նրա կողմից որոշակի ընթացակարգ կիրառելու հետեւանքով բողոք ներկայացրած անձի կողմից տվյալ գնումներին մասնակցելու նպատակով կատարված օրենսդրությամբ սահմանված եւ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը.

    5) գնումների ընթացակարգի դադարեցման մասին:

    4. Լիազոր մարմինը գնումների մասին օրենսդրությամբ սահմանված դրույթների հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում բողոքի կապակցությամբ ընդունում է հիմնավորված որոշում:

    5. Բողոքի կապակցությամբ լիազոր մարմնի որոշումը համարվում է վերջնական, եթե այն չի բողոքարկվում դատարան:

    6. Լիազոր մարմնի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին իր գործողությունների հետեւանքով պատճառված վնասի համար։

    Հոդված 48. Բողոքարկման վերաբերյալ նորմերը

    1. Բողոք ստացած մարմինը գործընթացի բոլոր մասնակիցներին տեղեկացնում է դրա բովանդակության մասին՝ սույն օրենքի 46 եւ 47 հոդվածներին համապատասխան:

    2. Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցել բողոքարկման ընթացակարգին: Բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է սույն օրենքի 46 եւ 47 հոդվածներին համապատասխան համանման բողոք ներկայացնելու իրավունքից։

    3. Բողոքի վերաբերյալ պատվիրատուի կամ լիազոր մարմնի որոշումը, այն կայացնելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին եւ տվյալ գնումներին մասնակցած ու շահագրգիռ այլ անձանց, որոնք ներկայացրել են նման պահանջ:

    Հոդված 49. Գնումների ընթացակարգի կասեցումը

    1. Սույն օրենքի 46 կամ 47 հոդվածներին համապատասխան լիազոր մարմինը մինչեւ յոթ աշխատանքային օր ժամկետով կասեցնում է գնումների ընթացակարգը, եթե բողոքը ներկայացրած անձը հիմնավորում է, որ կկրի վնասներ ընթացակարգը չկասեցվելու դեպքում:

    2. Լիազոր մարմինը բողոք ներկայացրած անձի իրավունքների ապահովման նպատակով իրավունք ունի երկարաձգել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կասեցման ժամկետը մինչեւ բողոքարկման ընթացակարգի ավարտը, պայմանով, որ կասեցման ընդհանուր ժամկետը չգերազանցի 15 աշխատանքային օրը:

    3. Կասեցումը չի կիրառվում, եթե պատվիրատուն լիազոր մարմնին հիմնավորում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերից ելնելով անհրաժեշտ է շարունակել գնումների ընթացակարգը: Գնումների ընթացակարգը շարունակելու պատվիրատուի հիմնավոր պահանջը կցվում է գնումների ընթացակարգի արձանագրությանը:

    4. Կասեցման վերաբերյալ պատվիրատուի ընդունած ցանկացած որոշում կցվում է գնումների ընթացակարգի արձանագրությանը:

    Հոդված 50. Բողոքարկումը դատական կարգով

    Սույն օրենքի 46 եւ 47 հոդվածներին համապատասխան պատվիրատուի եւ (կամ) լիազոր մարմնի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

    ԳԼՈՒԽ VII

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 51. Լրացուցիչ դրույթներ

    1. Սույն օրենքով կառավարությանը վերապահված լիազորությունները, համայնքի կարիքների համար գնումների կատարման դեպքում, իրականացնում է ավագանին, բացառությամբ սույն օրենքի 5 հոդվածով, 17 հոդվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 12-րդ ենթակետերով, 32 հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաեւ 6-րդ գլխով նախատեսված լիազորությունների:

    2. Պայմանագիր կնքած պատվիրատուի պաշտոնատար անձը պետության, համայնքի եւ (կամ) պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի վնասների հատուցման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կրում է անձնական պատասխանատվություն, եթե տվյալ պայմանագիրը կնքվել է այլ կերպ, քան նախատեսված է սույն օրենքով:

    ԳԼՈՒԽ VIII

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 52. Անցումային դրույթներ

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 60 օր հետո:

    2. Կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները, սույն օրենքի հրապարակման պահից 60 օրվա ընթացքում, ընդունում են իրենց իրավասությանը վերապահված՝ սույն օրենքը կիրառելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր եւ որոշումներ:

    3. Պետական գնումների գործակալության կողմից գնումներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին օրենքի հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրվանից սկսած:

    4. Մինչեւ պետական գնումների գործակալության կողմից գնումների իրականացումը բաց մրցույթով գնումներն իրականացվում են ապակենտրոնացված՝ այլ պատվիրատուների կողմից՝ սույն օրենքին համապատասխան:
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    19 հունիսի 2000թ.
    ՀՕ-62




  • 09.10.2001 «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին