Օրենքը չի գործում:
Գործում է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.1998
  • Գլուխ I     Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II   Առաջին ատյանի դատարանները
  • Գլուխ III Վերաքննիչ դատարանները
  • Գլուխ IV Վճռաբեկ դատարանը
  • Գլուխ V  Դատարանների նախագահների խորհուրդը
  • Գլուխ VI Եզրափակիչ դրույթ
     

    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված1. Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին օրենսդրությունը

    Հայաստանի Հանրապետության դատարանների համակարգը եւ դրանց կազմավորումը որոշվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով:

    Հոդված 2. Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից

    Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին:

    Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

    Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է օրենքով:

    Հոդված 3. Արդարադատության իրականացումը

    Արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է՝

    1) մարդու եւ քաղաքացուազատություններն, իրավունքներն ու օրինական շահերը, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը շոշափող քաղաքացիական, տնտեսական վեճերի վերաբերյալ գործեր դատական նիստերում քննելու եւ լուծելու միջոցով.

    2) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ լուծելու միջոցով.

    3) հանցագործությունների վերաբերյալ գործեր դատական նիստերում քննելու, հանցանք կատարած անձանց մեղավոր ճանաչելու, նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատիժ նշանակելու, հանցանք չկատարած անձանց անպարտ ճանաչելու եւ արդարացնելու միջոցով:

    Հոդված 4. Դատական պաշտպանության իրավունքը

    Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

    Հոդված 5. Հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ

    Օրենքի եւ դատարանի առջեւ բոլորը հավասար են եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:

    Քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

    Հոդված 6. Արդարադատության իրականացումն օրենքին համապատասխան

    Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ օրենքներին համապատասխան:

    Հոդված 7. Գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությունը

    Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից միանձնյա: Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

    Վերաքննիչ դատարանում գործերը քննվում են երեք դատավորի կազմով:

    Վճռաբեկ դատարանում գործերը քննվում են կոլեգիալ՝ պալատի դատավորների մեծամասնության եւ նախագահողի կազմով:

    Հոդված 8. Դատավարության լեզուն

    Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

    Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող եւ հայերենինչտիրապետող անձինք ունեն թարգմանչի միջոցով գործի նյութերին ծանոթանալու եւ դատարանում այլ լեզվով հանդես գալու իրավունք:

    Հոդված 9. Գործերի քննության հրապարակայնությունը

    Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:

    Դռնփակ դատական քննություն անցկացվում է միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:

    Դատարանների վճիռներն ու դատավճիռները, ինչպես նաեւ գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումները բոլոր դեպքերում հրապարակվում են դատարանի դռնբաց նիստում:

    Հոդված 10. Հայաստանի Հանրապետության դատական համակարգը

    Հայաստանի Հանրապետությունում գործում են՝

    1) առաջին ատյանի դատարանները.

    2) վերաքննիչ դատարանները.

    3) վճռաբեկ դատարանը:

    Հոդված 11. Դատավորների նշանակումը

    Առաջին ատյանի դատարանների նախագահներին եւ դատավորներին, վերաքննիչ դատարանների նախագահներին եւ դատավորներին, վճռաբեկ դատարանի նախագահին, նրա պալատների նախագահներինեւ դատավորներին նշանակում է Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11 կետով սահմանված կարգով:

    Հոդված 12. Դատական վիճակագրության արդյունքների եւ դատական պրակտիկայի ամփոփումը, դատական ակտերի կատարումը

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝

    1) ամփոփում է դատական վիճակագրության արդյունքները.

    2) կազմակերպում եւ իրականացնում է դատարանների որոշումների, վճիռների եւ դատավճիռների հարկադիր կատարումը.

    3) ուսումնասիրում եւ ամփոփում է դատական պրակտիկան:

    ԳԼՈՒԽ II

    ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

    Հոդված 13. Առաջին ատյանի դատարանների հասկացությունը եւ դրանց տեղաբաշխումը

    Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննում է բոլոր քաղաքացիական, տնտեսական, քրեական, զինվորական, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով լուծում է կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցերը:

    Առաջին ատյանի դատարանն իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

    Հայաստանի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի տասնյոթ դատարան:

    Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործում է առաջին ատյանի մեկ դատարան, որի դատական տարածքը տվյալ մարզի վարչական տարածքն է: Երեւան քաղաքում գործում է առաջին ատյանի յոթ դատարան, որոնցից յուրաքանչյուրի դատական տարածքը տվյալ համայնքի (համայնքների) վարչական տարածքն է:

    Առաջին ատյանի դատարանների նստավայրերը գտնվում են համապատասխան մարզի (համայնքի, համայնքների) վարչական տարածքում:

    Հոդված 14. Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանները եւ դրանց կազմը

    Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարաններն են՝

    1. Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 4 դատավորի կազմով.

    2. Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 4 դատավորի կազմով.

    3. Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 2 դատավորի կազմով.

    4. Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 4 դատավորի կազմով.

    5. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 4 դատավորի կազմով.

    6. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 3 դատավորի կազմով.

    7. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 4 դատավորի կազմով։

    Հոդված 15. Մարզերի առաջին ատյանի դատարանները եւ դրանց կազմը

    Մարզերի առաջին ատյանի դատարաններն են՝

    Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով.

    Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

    Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

    Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 3 դատավորի կազմով.

    Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.

    Լոռվա մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 8 դատավորի կազմով.

    Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 3 դատավորի կազմով.

    Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

    Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 1 դատավորի կազմով.

    Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատարանի նախագահի եւ 4 դատավորի կազմով:

    Հոդված 16. Առաջին ատյանի դատարանի նախագահը

    Առաջին ատյանի դատարանի նախագահը՝

    1) իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատավորին՝ օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.

    2) հետեւում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.

    3) դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.

    4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը եւ ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.

    5) կառավարության սահմանած նորմատիվների եւ աշխատավարձի ֆոնդի սահմաններումնշանակում եւ ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

    6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

    7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.

    8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.

    9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

    Հոդված17. Առաջին ատյանի դատարանի աշխատակազմը

    Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում են դատական նիստերի քարտուղարի եւ օգնականի մեկական հաստիքներ:

    Դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ եւ այլ աշխատողներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:

    ԳԼՈՒԽ III

    ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

    Հոդված 18. Վերաքննիչ դատարանների հասկացությունը, դրանց կազմը եւ տեղաբաշխումը

    Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ ըստ էության քննող դատարան է:

    Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքների փաստարկներով եւ կարող է գործը քննել լրիվ ծավալով:

    Վերաքննիչ դատարանի վճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռները եւ գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո, եթե նման բողոքներ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չեն բերվել:

    Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան՝

    1) քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.

    2) տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով.

    3) քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատարանի նախագահի եւ 12 դատավորի կազմով։

    Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է։

    Վերաքննիչ դատարանների նստավայրը Երեւան քաղաքն է:

    Հոդված 19 . Վերաքննիչ դատարանի նախագահը

    Վերաքննիչ դատարանի նախագահը՝

    1) իրականացնում է վերաքննիչ դատարանի դատավորներին՝ օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.

    2) հետեւում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.

    3) դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.

    4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը եւ ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.

    5) կառավարության սահմանած նորմատիվների եւ աշխատավարձի ֆոնդի սահմաններումնշանակում եւ ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

    6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

    7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.

    8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.

    9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

    Հոդված 20. Վերաքննիչ դատարանի աշխատակազմը

    Վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է օգնականի մեկ հաստիք:

    Վերաքննիչ դատարանին տրամադրվում են նիստերի քարտուղարի հաստիքներ՝ յուրաքանչյուր երեք դատավորին մեկ հաստիք հաշվարկով։

    Վերաքննիչ դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ,արխիվապահեւ այլ աշխատողներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:

    ԳԼՈՒԽ IV

    ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

    Հոդված 21. Վճռաբեկ դատարանի հասկացությունը, տեղաբաշխումը եւ կազմը

    Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարանների եւ վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների եւ գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումների, քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման վրա այդ ակտերը վերանայող դատարանն է՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:

    Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։

    Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:

    Վճռաբեկ դատարանը կազմված է՝

    1) վճռաբեկ դատարանի նախագահից.

    2) քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատից.

    3) քրեական եւ զինվորական գործերով պալատից։

    Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է վճռաբեկ դատարանի պալատի նախագահից եւ պալատի հինգ դատավորներից։

    Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է։

    Վճռաբեկ դատարանի նստավայրը Երեւան քաղաքն է:

    Հոդված 22. Վճռաբեկ բողոք բերելեւ հիմքերը

    Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են՝

    1) քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.

    2) քրեական դատավարությունում դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.

    3) նոր ի հայտ եկած հանգամանքները:

    Հոդված 23. Վճռաբեկ դատարանի նախագահը

    Վճռաբեկ դատարանի նախագահը դատավոր է:

    Վճռաբեկ դատարանի նախագահը՝

    1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.

    2) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի պալատի նիստը.

    3) գրանցում է փաստաբանների միությունները.

    4) գրանցում է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբաններին.

    5) հետեւում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.

    6) դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.

    7) կառավարության սահմանած նորմատիվների եւ աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում եւ ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

    8) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը եւ
    ամփոփումը.

    9) վարում է դատական վիճակագրությունը.

    10) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.

    11) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

    12) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

    Հոդված 24. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը

    Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը դատավոր է:

    Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝

    1) վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ վարում է պալատի նիստը.

    2) վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ ժամանակավորապես իրականացնում է վերջինիս լիազորությունները:

    Հոդված 25. Վճռաբեկ դատարանի աշխատակազմը

    Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է օգնականի մեկ հաստիք:

    Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատին տրամադրվում են նիստերի քարտուղարի երկու եւ գործավարի մեկ հաստիքներ: Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ եւ այլ աշխատողներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:
     


    ԳԼՈՒԽ V

    ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

    Հոդված 26. Դատարանների նախագահների խորհրդի կազմը

    Դատարանների նախագահների խորհուրդը կազմված է վճռաբեկ դատարանի, նրա պալատների, վերաքննիչ դատարանների եւ առաջին ատյանի դատարանների նախագահներից։

    Դատարանների նախագահների խորհրդի նախագահը վճռաբեկ դատարանի նախագահն է:

    Դատարանների նախագահների խորհրդի գործունեությանն աջակցելու նպատակով վճռաբեկ դատարանի աշխատակազմում ստեղծվում է առանձին կառուցվածքային միավոր, որն իրականացնում է դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի լիազորությունները:

    Հոդված 27. Դատարանների նախագահների խորհրդի լիազորությունները

    Դատարանների նախագահների խորհուրդը`

    -  քննարկում է վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր.

    -  ամփոփում է դատական պրակտիկան եւ դրա հիման վրա տալիս օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.

    -  իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ.

    -  օրենքով նախատեսված դեպքում դիմում է Հանրապետության նախագահին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ.

    -  մշակում եւ հաստատում է առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի եւ դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների բացարկի, ինքնաբացարկի, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի եւ դատավորների փոխարինման կարգերը.

    - մշակում եւ հաստատում է «Դատավորի վարքագծի կանոնագիրքը».

    - կազմում եւ սահմանված կարգով, ըստ յուրաքանչյուր դատարանի, կառավարություն է ներկայացնում դատարանների բյուջետային ֆինանսավորման հայտերը.

    - հաստատում է դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը.

    - նշանակում եւ ազատում է դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի ղեկավարին

    - սահմանում է դատարանների նախագահների խորհրդի եւ դատարանների աշխատակազմերի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը, ինչպես նաեւ դատարաններում գործավարության կարգի մասին հրահանգը.

    - կազմակերպում է դատավորների մասնագիտական ուսուցումը եւ վերապատրաստումը.

    - իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 28. Դատարանների նախագահների խորհրդի գործունեության կարգը

    Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգի հիման վրա։

    Դատարանների նախագահների խորհրդի նիստերը հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի նախագահը կամ նրա առաջարկով՝ մեկ այլ դատարանի նախագահ։

    Դատարանների նախագահների խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ։

    Դատարանների նախագահների խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների երկու երրորդը։ Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` նիստին մասնակից խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ։

    Դատարանների նախագահների խորհրդի նիստին կարող են հրավիրվել դատավորներ, իրավաբան գիտնականներ, ինչպես նաեւ այլ մասնագետներ։

    ԳԼՈՒԽ VI

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 29. Դատարանների ֆինանսավորումը

    Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր դատարան ֆինանսավորվում է պետական բյուջեից՝ առանձին տողով:

    Հոդված 30. Դատարանի կնիքը

    Յուրաքանչյուր դատավոր ունի համարակալված, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ դատարանի անվանմամբ կնիք:

    Ֆինանսական գործառույթների իրականացման համար դատարանի նախագահին տրամադրվում է կնիք՝ այդ դատարանի անվանմամբ եւ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

    Հոդված 31. Դատական իշխանության խորհրդանիշները

    Դատարանի շենքի վրա բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

    Դատարանի նիստերի դահլիճում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանը, եւ տեղադրված է Հայաստանի Հանրապետության դրոշը:

    Հոդված 32. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից։

    Սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի դրույթը՝ արդարադատության նախարարության դատավճիռների կազմակերպման եւ իրականացման լիազորության մասին, ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 1-ից:

    Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Հայկական ԽՍՀ դատարանակազմության մասին» Հայկական ԽՍՀ 1981 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքը` հետագա փոփոխություններով եւ լրացումներով, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի «Հայկական ԽՍՀ պետական արբիտրաժի մասին կանոնադրության հաստատման եւ պետական արբիտրաժների կողմից տնտեսական վեճերի քննարկման կանոնների մասին» 1988 թվականի հոկտեմբերի 13-ի N 535 որոշումը, «Հայաստանի Հանրապետության դատական համակարգում զինվորական դատարան ստեղծելու մասին» 1992 թվականի հուլիսի 25-ի օրենքը, «Հայաստանի Հանրապետության դատական համակարգում զինվորական դատարան ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» 1992 թվականի հուլիսի 25-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների կանոնադրությունը հաստատելու մասին» 1992 թվականի սեպտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշումը:

    Հոդված 33. Անցումային դրույթներ

    Սույն օրենքի 26-28 հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից։ Ընդ որում՝

    ա) դատարանների նախագահների խորհուրդը մինչեւ 1999 թվականի հունվարի 12-ը գործում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների եւ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների նախագահների կազմով.

    բ) սույն հոդվածում նշված կազմով նախագահների խորհուրդը չի իրականացնում 27 հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված լիազորությունները։
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    18 հուլիսի 1998թ.
    ՀՕ-233




  • 28.04.1999 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    13.06.2000 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    20.02.2001 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    05.03.2001 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    11.09.2001 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    15.05.2002 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    14.12.2004 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    01.06.2006 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    07.07.2006 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    21.02.2007 «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    08.12.2017 «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին