Օրենքը չի գործում:
Գործում է ««Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.05.2000

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվում է պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակելի տարածությունների (այսուհետ՝ բնակարաններ) անհատույց մասնավորեցման հետ կապված իրավահարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքի համաձայն անհատույց մասնավորեցման են ենթակա 1999 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված (վարձակալության տրված) պետական սեփականություն համարվող բնակարանները:

Մասնավորեցման ենթակա չեն պետական սեփականություն համարվող եւ 1999 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձնացված այլ բնակարաններ:

Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. Բնակարանային ֆոնդի մասնավորեցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով, մարզերում՝ մարզպետների, Երեւան քաղաքում՝ քաղաքապետի կողմից:

Հոդված 4. Պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան մարզպետին (Երեւան քաղաքում՝ քաղաքապետին) ուղղված դիմումի հիման վրա՝ այդ բնակարանում բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Մասնավորեցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Մասնավորեցման մասին դիմումը կարող է տրվել տվյալ բնակարանի վարձակալի հետ վարձակալության պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Սույն ժամկետի խախտմամբ տրված դիմումները չեն քննարկվում:

Հոդված 5. Պետական բնակարանային ֆոնդի բնակարանները մասնավորեցվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով՝ որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

Հոդված 6. 1999 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների վարձակալության պայմանագիր կնքած անձինք այդ բնակարանների մասնավորեցման համար կարող են դիմել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մեկ տարվա ընթացքում:

Հոդված 7. Պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման հետ կապված փաստաթղթերը ձեւակերպելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:

Հոդված 8. Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

23 հունիսի 2000թ.
ՀՕ-66




25.12.2006 «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին