Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.04.2000
  • Գլուխ I     Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II  Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների շիրիմները
  • Գլուխ III Որոնողական աշխատանքներ
  • Գլուխ IV  Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված աշխատանքներն իրականացնող մարմինները եւ դրանց լիազորությունները
  • Գլուխ V Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման միջոցառումների ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը
  • Գլուխ VI Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
     

  • Հարգալից վերաբերմունքը հայրենիքի կամ նրա շահերի պաշտպանության համար զոհվածների նկատմամբ բոլոր քաղաքացիների նվիրական պարտքն է։

    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակները

    Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման շրջանակում ծագող հարաբերությունները, սահմանում այդ ոլորտի պետական քաղաքականության հիմնարար դրույթները, կառավարության լիազորած մարմնի գործունեության իրավական-կազմակերպական հիմքերն ու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման միջոցառումների իրականացման ֆինանսական ու նյութատեխնիկական ապահովման կարգը եւ պայմանները։

    Հոդված 2. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը

    Հավերժացման ենթակա է՝

    ա) հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվածների հիշատակը.

    բ) այլ պետությունների տարածքներում զինվորական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակը.

    գ) հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքներից, ցնցումներից (կոնտուզիաներից) եւ հիվանդություններից (անկախ դրանց ստացման ժամանակից) մահացածների, ինչպես նաեւ ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորածների հիշատակը.

    դ) մարտական գործողությունների պատճառով գերության մեջ հայտնված եւ զոհված, սակայն հայրենիքին նվիրված՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը բարձր պահած անձանց հիշատակը.

    ե) օտարերկրյա այն քաղաքացիների հիշատակը, ովքեր զոհվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար։

    Հավերժացման են ենթակա նաեւ այն միավորումները, զինվորական ստորաբաժանումները, մարտական գործողությունների վայրերը, որոնք պատմության մեջ մտել են որպես հայրենասիրության, հերոսության եւ արիության խորհրդանիշ։

    Հոդված 3. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձեւերը

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձեւերն են՝

    ա) զինվորական շիրիմների պահպանումը եւ բարեկարգումը, շիրմաքարերի, հուշարձանների, տապանաքարերի, հուշաքարերի ու հուշակոթողների կառուցումը եւ տեղադրումը.

    բ) այն առանձին տարածքների պահպանումն ու բարեկարգումը, որոնք պատմականորեն կապված են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրագործությունների հետ.

    գ) հայրենիքի պաշտպանության համար զոհվածների անուն-ազգանունների եւ այլ տեղեկությունների զետեղումը «Հուշամատյանում».

    դ) հիշատակի թանգարանների բացումը, ցուցահանդեսների կազմակերպումը, մարտական գործողությունների վայրերում հուշակոթողների տեղադրումը.

    ե) զանգվածային լրատվության միջոցներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրագործություններին նվիրված նյութերի հրապարակումը, արվեստի եւ գրականության ստեղծագործությունների կերտումը.

    զ) բնակավայրերի, փողոցների, հրապարակների, ֆիզիկական- աշխարհագրական օբյեկտների, կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական օջախների եւ զինվորական մասերի ու ստորաբաժանումների անվանակոչումը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների անուններով.

    է) հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումը։

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը՝ նրանց հետմահու պարգեւներ, շքանշաններ եւ կոչումներ շնորհելու միջոցով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման այլ միջոցառումները Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, իր սահմանած կարգով իրականացնում է պետական բյուջեի միջոցների հաշվին։

    ԳԼՈՒԽ II

    ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՇԻՐԻՄՆԵՐԸ

    Հոդված 4. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների շիրիմները

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների շիրիմները, շիրմաքարերը, հուշարձանները, տապանաքարերը, հուշաքարերը եւ հուշակոթողները համարվում են զինվորական շիրիմներ։

    Զինվորական շիրիմների թվին են դասվում զինվորական գերեզմանատները, ընդհանուր գերեզմանատների զինվորական հատվածները, եղբայրական եւ անհատական գերեզմանները, ռազմական օդանավերի եւ ուղղաթիռների վթարների վայրերը։

    Հոդված 5. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուղարկավորումը (վերահուղարկավորումը)

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուղարկավորումը (վերահուղարկավորումը) կատարվում է զինվորական պատվի մատուցմամբ։ Չի արգելվում դրանց զուգորդումը կրոնական ծիսակատարություններով։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուղարկավորության, շիրիմների եւ գերեզմանատների կառուցապատման ու ձեւավորման համար պատասխանատվություն են կրում տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)։

    Զոհվածների՝ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների հուղարկավորումը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

    Այլ պետությունների զինված ուժերի զինծառայողների աճյունների հայտնաբերման դեպքում հուղարկավորությունն իրականացվում է տվյալ պետությանը տեղյակ պահելով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանց համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

    Զոհվածների աճյունների վերահուղարկավորումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ՝ զոհվածների հարազատներին տեղյակ պահելով։

    Մարտական գործողությունների ընթացքում զոհվածների հուղարկավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պարեկային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

    Հոդված 6. Զինվորական շիրիմների պետական հաշվառումը, պահպանումը եւ բարեկարգումը

    Զինվորական շիրիմները ենթակա են պետական հաշվառման։ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց հաշվառումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ այլ պետությունների տարածքում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունների միջոցով։ Յուրաքանչյուր զինվորական շիրմին ամրացվում է հուշատախտակ եւ շիրիմն անձնագրավորվում է։

    Զինվորական շիրիմները պահպանվում են «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին եւ միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին համապատասխան։

    Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող զինվորական շիրիմների պահպանման համար պատասխանատվություն են կրում տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ զինվորական կայազորերի փակ տարածքներում՝ դրանց պետերը։ Այլ պետությունների տարածքում գտնվող զինվորական շիրիմների պահպանումն ու բարեկարգումն իրականացվում է միջպետական պայմանագրերին եւ համաձայնագրերին համապատասխան։

    Հոդված 7. Զինվորական շիրիմների պահպանության ապահովումը

    Իրենց գտնվելու վայրերում զինվորական շիրիմների պահպանությունն ապահովելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններն ստեղծում են պաշտպանական, բնական լանդշաֆտի պահպանման գոտիներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

    Հայտնաբերված զինվորական շիրիմները, մինչեւ դրանց պետական հաշվառման վերցնելու հարցի լուծումը, պահպանվում են սույն օրենքի պահանջներին համապատասխան։

    Քաղաքների, բնակավայրերի, ինչպես նաեւ շինարարական օբյեկտների հատակագծումը, կառուցումն ու վերակառուցումն իրականացվում են զինվորական շիրիմների պահպանության ապահովման անհրաժեշտության հաշվառմամբ։

    Զինվորական շիրիմների պահպանությանը վտանգ սպառնացող շինարարական, ճանապարհաշինարարական, երկրագործական եւ այլ աշխատանքների իրականացումը կատարվում է բացառապես լիազորված մարմնի համաձայնության առկայության պայմաններում։

    Սույն օրենքի 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12 հոդվածներով՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված՝ պետության պատվիրակած լիազորությունները պարտադիր ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին։

    Կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում իրենց օգտագործման համար տրամադրված հողերում գտնվող զինվորական շիրիմների պահպանության համար։ Նշված հողատեսքերում զինվորական շիրիմներ հայտնաբերելիս կազմակերպություններն ու քաղաքացիները պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին եւ լիազորված մարմնին։

    Հոդված 8. Զինվորական շիրիմների վերականգնումը

    Վատթար վիճակում հայտնված զինվորական շիրիմները, հուշային կառույցները եւ օբյեկտները վերականգնում են տեղական ինքնակառավարման մարմինները։

    Զինվորական շիրիմներին վնասներ պատճառած կազմակերպությունները եւ քաղաքացիները պարտավոր են դրանք վերականգնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

    ԳԼՈՒԽ III

    ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

    Հոդված 9. Որոնողական աշխատանքների կազմակերպումը

    Անհայտ զինվորական շիրիմների եւ չհուղարկավորված աճյունների, զոհվածների եւ անհայտ կորածների անունների հայտնաբերման նպատակով կատարվում են որոնողական աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են լիազորված մարմնի համապատասխան ծրագրերի հիման վրա, իսկ իրականացնում են նման աշխատանքների կատարման համար լիազորված պետական մարմինները:

    Ինքնագործ նախաձեռնությամբ որոնողական աշխատանքներ իրականացնելն այն տեղերում, ուր տեղի են ունեցել մարտական գործողություններ, ինչպես նաեւ զինվորական շիրիմները բացելը, արգելվում է։

    Հոդված 10. Որոնողական աշխատանքների իրականացման կարգը

    Որոնողական աշխատանքների իրականացման կարգը սահմանվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ենթաօրենսդրական ակտերով։

    Զոհվածների՝ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերված աճյունները հուղարկավորվում են սույն օրենքին համապատասխան, իսկ նախկինում անհայտ, սակայն հայտնաբերված զինվորական շիրիմները բարեկարգվում են դրանք հետազոտելուց եւ հաշվառելուց հետո: Բարեկարգումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշված վայրերում տեղակայված զորամիավորումների մասնակցությամբ։

    Գտնված զենքը, փաստաթղթերը եւ զոհվածներին պատկանող այլ գույքը համապատասխան ակտերի հիման վրա հանձնվում են լիազորված մարմնին՝ դրանք հետազոտելու, փորձաքննության ենթարկելու եւ հաշվառելու համար։ Զոհվածների փաստաթղթերը, անձնական իրերը եւ պարգեւատրումները հանձնվում են նրանց հարազատներին կամ նրանց համաձայնությամբ՝ թանգարաններ։

    Հրաձգային զենքը կամ սպառազինության այլ միջոցները՝ դրանց մարտական գործածումը վնասազերծելու միջոցով բացառելուց հետո, լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են հանձնվել թանգարաններ։

    Պայթունավտանգ առարկաներ հայտնաբերելու դեպքում անհապաղ տեղյակ է պահվում լիազորված մարմնին, որը սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում դրանք վնասազերծելու եւ ոչնչացնելու համար։ Ինքնագործ նախաձեռնությամբ իրենց հայտնաբերման վայրերից պայթունավտանգ առարկաների տեղաշարժումն ու տեղափոխումն արգելվում է։


    ԳԼՈՒԽ IV

    ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 11. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված աշխատանքներ իրականացնող մարմինները

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված աշխատանքները ղեկավարում է լիազորված մարմինը։

    Լիազորված մարմնի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

    Հայրենիքի համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված աշխատանքներն իրականացնում են լիազորված մարմինը եւ այլ պետական մարմինները։

    Հոդված 12. Զոհվածների հիշատակի հավերժացման աշխատանքները համակարգող լիազորված մարմնի եւ այլ պետական մարմինների պարտականությունները

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման աշխատանքները համակարգող լիազորված մարմինը՝

    ա) ղեկավարում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված աշխատանքները, շահագործման է հանձնում պետական ծրագրերը, նորմատիվային եւ այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա կազմակերպվում եւ իրականացվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանն ուղղված միջոցառումները, սահմանում է նշված միջոցառումների ֆինանսավորման կարգը, կազմակերպում է զինվորական շիրիմների կենտրոնացված հաշվառումը եւ անձնագրավորումը, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների զինվորական հուղարկավորումները, այդ թվում՝ այլ հանրապետությունների տարածքում նախատեսվող հուղարկավորումները, իրականացնում է համագործակցություն այլ պետությունների հետ զինվորական շիրիմների պահպանման եւ բարեկարգման ուղղությամբ, քննարկման է ներկայացնում զինվորական շիրիմների կարգավիճակի մասին միջպետական պայմանագրերը եւ համաձայնագրերը.

    բ) կազմակերպում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրագործությունների լուսաբանումը, պատրաստում է որոնողական աշխատանքներից հետո բացահայտված, նախկինում անհայտ կորած զոհվածների ցուցակները՝ դրանք զանգվածային լրատվության միջոցներում հրապարակելու համար.

    գ) քննարկում է քաղաքացիների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների առաջարկությունները՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հարցերով, սահմանում է դրանց իրականացման կարգը.

    դ) իրականացնում է հսկողություն սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի լիազորված մարմինը՝

    ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հատուկ մարմնի հանձնարարությամբ մշակում է զինվորահուշային աշխատանքների պլաններ եւ ծրագրեր.

    բ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ այլ պետությունների տարածքներում գտնվող զինվորական շիրիմների կարգավիճակի վերաբերյալ միջպետական համաձայնագրերի նախագծերի մշակման աշխատանքներին.

    գ) կատարում է Հայաստանի Հանրապետության տարածքում այլ պետությունների զինված ուժերի զինծառայողների զինվորական շիրիմների եւ զոհված զինծառայողների հաշվառում.

    դ) համակարգում է որոնողական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման աշխատանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների տարածքներում զինվորական շիրիմների անձնագրավորումը.

    ե) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցում է զոհված զինծառայողներին արտաշիրմելու, իսկ համապատասխան միջպետական պայմանագրի առկայության դեպքում՝ նաեւ նրանց վերահուղարկավորելու աշխատանքներին.

    զ) մասնակցում է հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների սխրագործությունների քարոզչության կազմակերպմանը, դիտարկում է քաղաքացիների՝ անհայտ կորած հարազատների ճակատագրերի մասին հարցումները։

    Զինվորական կայազորները՝

    ա) մասնակցում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուղարկավորման (վերահուղարկավորման) աշխատանքներին.

    բ) որոնողական աշխատանքներում, զոհվածների աճյունների հուղարկավորման (վերահուղարկավորման) եւ զինվորական շիրիմների բարեկարգման աշխատանքներում ցուցաբերում են գործնական օգնություն տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին.

    գ) իրականացնում են որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերված զենքի, զինվորական տեխնիկայի եւ այլ նյութական միջոցների փաստաթղթային հաշվառում, կատարում դրանց ուսումնասիրություն, փորձաքննություն՝ հետագա օգտագործման պիտանիությունը որոշելու նպատակով.

    դ) մասնակցում են այլ պետությունների տարածքներում անհայտ կորած զինվորականների շիրիմների հայտնաբերման եւ բարեկարգման աշխատանքներին, վարում դրանց հաշվառումն ու համակարգում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու աշխատանքները.

    ե) աջակցում են զանգվածային լրատվության միջոցներին՝ հուշագրքերի հրատարակման համար նյութերի նախապատրաստման գործում։

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի լիազորված մարմինը՝

    ա) վարում է իր համակարգի զոհված աշխատակիցների հաշվառումը.

    բ) մասնակցում է անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ հավաքելուն.

    գ) մասնակցում է հուշագրքերի համար նյութեր նախապատրաստելուն։

    Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառի լիազորված մարմինը՝

    ա) որոնողական աշխատանքներ իրականացնելիս ապահովում է հասարակական կարգի պահպանությունը.

    բ) սահմանված կարգով իրականացնում է որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված հրաձգային զենքի ընդունումը.

    գ) կատարում է ներքին գործերի, ներքին զորքերի համակարգի շարքային եւ ղեկավար կազմի զոհված զինծառայողների հաշվառումը.

    դ) մասնակցում է անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների բացահայտմանը.

    ե) սահմանում է նախարարության համակարգում հուշագրքերի հրատարակման կարգը:

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառի լիազորված մարմինը՝

    ա) մշակում է միջպետական պայմանագրեր եւ համաձայնագրեր այլ պետությունների տարածքներում գտնվող զինվորական շիրիմների բարեկարգման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ պետությունների զինված ուժերի զինծառայողների հուղարկավորման նախագծերը, մասնակցում է այդ պայմանագրերի եւ համաձայնագրերի իրականացմանը.

    բ) իր ներկայացուցչությունների միջոցով այլ պետություններում իրականացնում է մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորածների, այլ պետությունների տարածքներում զինվորական պարտքն իրականացնելիս ծագած զինվորական հակամարտությունների ընթացքում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու միջոցառումները, կազմակերպում է այլ պետությունների տարածքներում գտնվող զինվորական շիրիմների հաշվառումը եւ անձնագրավորումը.

    գ) այլ պետությունների համապատասխան կազմակերպություների հետ, որոնց տարածքներում գտնվում են զինվորական շիրիմները, համաձայնեցնում է դրանց վրա հուշանշանների տեղադրման, ինչպես նաեւ դրանց բարեկարգման հարցերը.

    դ) սահմանում է այլ պետությունների տարածքներում գտնվող զոհվածների շիրիմներին նրանց հարազատների այցելության կարգը, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներ համարվող անձանց, որոնց զոհված հարազատների զինվորական շիրիմները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, այցելության կարգը Հայաստանի Հանրապետություն։

    Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը՝

    ա) հիմքեր է նախապատրաստում հուշագրքերի հրատարակման համար.

    բ) ապահովում է զոհվածների, անհայտ կորածների որոնման վերաբերյալ կանոնավոր հաղորդումները զանգվածային լրատվության միջոցներում։

    Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի բնագավառի լիազորված մարմինը՝

    ա) կազմակերպում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանը նվիրված միջոցառումները.

    բ) մասնակցում է հուշարձանների եւ հուշաքարերի կառուցմանը, ցուցահանդեսների կազմակերպմանը, զինվորական շիրիմների բարեկարգմանը, զոհվածների հուշարձանների ու տապանաքարերի վերակառուցման եւ անձնագրավորման աշխատանքներին։

    Տեղական ինքնակառավարման մարմինները՝

    ա) կազմակերպում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանը նվիրված ծրագրերի պլանավորումը եւ իրականացումը.

    բ) իրականացնում են իրենց տարածքում գտնվող՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հուշակոթողների, զինվորական շիրիմների բարեկարգմանը եւ պահպանությանը նվիրված միջոցառումներ.

    գ) կատարում են զինվորական շիրիմների հաշվառումը եւ անձնագրավորումը.

    դ) որոնողական աշխատանքներ անցկացնելու նպատակով ներգրավում են հասարակական կազմակերպությունների.

    ե) համագործակցում են այլ պետությունների համապատասխան կազմակերպություւնների հետ՝ զինվորական շիրիմների բարեկարգման եւ պահպանության նպատակով.

    զ) ստեղծում են պահուստային տարածքներ՝ նոր զինվորական շիրիմների համար.

    է) ղեկավարում են հուշագրքերի հրատարակումը.

    ը) վերահսկում են սույն օրենքի կատարումը եւ խախտումների հայտնաբերման դեպքում միջոցներ են ձեռնարկում դրանց վերացման համար։
     


    ԳԼՈՒԽ V

    ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

    Հոդված 13. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման միջոցառումների ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացմանը նվիրված միջոցառումների իրականացման ծախսերը, հայրենիքի պաշտպանների սխրանքների հետ պատմականորեն կապված տարածքների պահպանումը, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների կազմակերպման ծախսերը կատարվում են պետական ու համայնքային բյուջեների միջոցներից, արտաբյուջետային հիմնադրամներից, ինչպես նաեւ կամավոր մուծումներից եւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հանգանակություններից։

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացնելիք միջոցառումների ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից։ Այլ պետությունների տարածքներում գտնվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ պետությունների զինված ուժերի զինծառայողների զինվորական շիրիմների պահպանման եւ բարեկարգման ծախսերն իրականացվում են միջպետական պայմանագրերին եւ համաձայնագրերին համապատասխան։

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման միջոցառումների նպատակով նյութատեխնիկական ապահովման՝ սույն օրենքով նախատեսված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։


    ԳԼՈՒԽ VI

    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Հոդված 14. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

    Զինվորական շիրիմները, ինչպես նաեւ հուշարձանները եւ մյուս հուշային կառույցներն ու օբյեկտները, որոնք հավերժացնում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, պահպանվում են պետության կողմից։

    Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

    Հոդված 15. Անցումային դրույթ

    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման աշխատանքների ղեկավարման եւ համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում կազմակերպում է հատուկ մարմին։

    Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    4 մայիսի 2000թ.
    ՀՕ-54




    14.12.2004 «Հարենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին