Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊՓԲԸ-ԻՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ԻՆ, «ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԲԸ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.1999

Հոդված 1. «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ի, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ի եւ «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ստեղծված «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձեւով՝ նախօրոք հայտնի գնորդին:

Հոդված 2. Գործարքի արդյունքում վճարվող գնից առաջնահերթ կարգով մարվում են հիմնադիր ընկերությունների պարտավորությունները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ, իսկ մնացած մասը հաշվեգրվում է պետական բյուջե:

Հոդված 3. «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 136.2 միլիոն դրամ հարկային ապառքներից եւ 250.8 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 56.3 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից եւ այդ ապառքների գծով հաշվարկված 321.7 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաեւ գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից:

Հոդված 4. «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 23.7 միլիոն դրամ հարկային ապառքներից եւ 35.4 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 0.5 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից եւ այդ ապառքների գծով հաշվարկված 20.3 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաեւ գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից:

Հոդված 5. «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ն ազատել 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցած 10.0 միլիոն դրամ հարկային ապառքներից եւ 43.6 միլիոն դրամ հարկային ապառքների գծով հաշվարկված տույժերից, 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 64.4 միլիոն դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքներից եւ այդ ապառքների գծով հաշվարկված 2854.2 միլիոն դրամ տույժերից, ինչպես նաեւ գործարքն ուժի մեջ մտնելու պահին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվեգրված լրացուցիչ պարտավորություններից:

Հոդված 6. Սույն օրենքի ընդունման պահից «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի համար սահմանել հետեւյալ հարկային արտոնությունները՝

ա) սեփական արտադրության եւ արտադրական նպատակներով շինարարության համար նախատեսված հումքի, նյութերի (այդ թվում՝ շինանյութերի), կիսաֆաբրիկատների, սարքավորումների, մեխանիզմների եւ տրանսպորտային միջոցների ներմուծումն ազատել մաքսատուրքերի գանձումից.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկ չգանձել սեփական արտադրության եւ արտադրական նպատակներով շինարարության համար նախատեսված հումքի, նյութերի (այդ թվում՝ շինանյութերի), կիսաֆաբրիկատների, սարքավորումների, մեխանիզմների եւ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ.

գ) իր կողմից արտադրված՝ արտահանվող պատրաստի արտադրանքը եւ կիսաֆաբրիկատներն ազատել արտահանման մաքսատուրքից.

դ) իր կողմից արտադրված՝ արտահանվող պատրաստի արտադրանքի եւ կիսաֆաբրիկատների նկատմամբ կիրառել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20 ապրիլի 1999թ.
ՀՕ-291