Օրենքը չի գործում:
Գործում է «Քրեական դատավարության օրենսգիրք» ՀՀ օրենքը

English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Ընդունվել է 01.07.1998
Ընդհանուր մաս
  • Բաժին  I   Ընդհանուր  դրույթներ
  • Բաժին  II Դատարան
  • Բաժին III Կողմերը եւ քրեական դատավարությանը մասնակցող անձինք
  • Բաժին IV  Ապացույցները
  • Բաժին V  Դատավարական հարկադրանքի միջոցները
  • Բաժին VI Գույքային հարցերը քրեական դատավարությունում
  • Բաժին VII Գաղտնիության պահպանումը եւ ժամկետները
    Հատուկ մաս
  • Բաժին VIII Քրեական գործով մինչդատական վարույթ
  • Բաժին IX Վարույթն առաջին ատյանի դատարանում
  • Բաժին X Վարույթը վերաքննիչ դատարանում
  • Բաժին XI Վարույթը վճռաբեկ դատարանում
  • Բաժին XII Դատական որոշումների կատարումը
  • Բաժին XIII Առանձին հանցագործությունների գործերով վարույթի առանձնահատկությունները
  • Բաժին XIV Հատուկ վարույթներ
  • Բաժին XV Եզրափակիչ դրույթներ

  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

    ԲԱԺԻՆ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Գլուխ 1. Քրեական դատավարության օրենսդրություն

    Հոդված 1. Քրեական գործերով վարույթը կարգավորող օրենսդրությունը

    1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

    2. Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության եւ դատախազության մարմինների, ինչպես նաեւ դատավարության մասնակիցների համար:

    Հոդված 2. Քրեական դատավարության օրենսդրության խնդիրները

    1. Քրեական դատավարությունն իրականացվում է՝ ապահովելու համար՝

    1) անձի, հասարակության եւ պետության պաշտպանությունը հանցագործությունից.

    2) անձի եւ հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից եւ չարաշահումներից՝ կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:

    2. Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում՝

    1) քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի.

    2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի եւ չդատապարտվի.

    3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների եւ ազատությունների այլ սահմանափակման:

    Հոդված 3. Քրեական դատավարական օրենքի ներգործությունը տարածության վրա

    1. Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

    2. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող, Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավի վրա կատարված հանցանքների վարույթը տարվում է սույն օրենսգրքի նորմերով:

    3. Այլ պետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների միջնորդությամբ առանձին քննչական կամ դատական գործողություններ կատարելիս կարող է կիրառվել օտարերկրյա պետության քրեական դատավարական օրենսդրությունը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

    Հոդված 4. Քրեական դատավարական օրենքի ներգործությունը ժամանակի մեջ

    1. Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:

    2. Դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաեւ նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը հետադարձ ուժ չունի եւ չի տարածվում մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելն սկսված վարույթի վրա:

    3. Ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ստացման պահին գործող օրենքին համապատասխան:

    Հոդված 5.Քրեական դատավարական օրենքի ներգործության առանձնահատկությունները

    1. Քրեական դատավարությունն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում են օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:

    2. Քրեական դատավարության առանձնահատկությունները դիվանագի-տական կամ այլ առավելություններից եւ անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ որոշվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով:

    Հոդված 6.Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները

    Ք՝րեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը՝

    1) դեպք՝ հանցագործության հատկանիշներ պարունակող իրադարձություն, որի կապակցությամբ իրականացվում է քրեական դատավարություն.

    2) քրեական գործ՝ քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ՝ քրեական օրենսգրքով արգելված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ.

    3) նյութեր՝ փաստաթղթեր եւ այլ առարկաներ, որոնք գործի բաղկացուցիչ մասն են կամ ներկայացված են գործին կցվելու համար, հաղորդումներ, ինչպես նաեւ փաստաթղթեր եւ այլ առարկաներ, որոնք կարող են նպաստել գործով վարույթի ընթացքում նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելուն.

    4) գործով վարույթ՝ քրեական դատավարական ընթացակարգ, որն սկսվում է քրեական գործի հարուցման հարցը լուծելիս եւ իր մեջ ներառում է գործով իրականացվող եւ ընդունվող դատավարական որոշումները եւ գործողությունները .

    5) քրեական գործով մինչդատական վարույթ՝ քրեական գործով վարույթը քրեական գործ հարուցելու հարցի լուծման պահից մինչեւ գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելը.

    6) դատավարական գործողություններ՝ գործով վարույթի ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված գործողություններ.

    7) դատավարական որոշումներ՝ քրեական դատավարության ընթացքում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ընդունվող՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ՝ դատավճիռներ, որոշումներ.

    8) դատավճիռ՝ դատական նիստում կայացված առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի որոշումները ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության, նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ չկիրառելու եւ այլ հարցերով.

    9) որոշում՝ քրեական գործով դատարանի որոշումները, բացի դատավճռից, ինչպես նաեւ մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կայացրած որոշումները.

    10) վերջնական որոշում՝ քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաեւ լուծում է գործն ըստ էության.

    11) դատարան՝ օրենքով սահմանված կարգով կազմավորված դատարան, որը գործերը քննում է կոլեգիալ կազմով կամ միանձնյա. առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան.

    12) առաջին ատյանի դատարան՝ դատարան, որն իրավասու է գործով կայացնել դատավճիռ կամ վերջնական որոշում, որոնք սահմանված կարգով կարող են բողոքարկվել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան.

    13) վերաքննիչ դատարան՝ դատարան, որը վերաքննության կարգով գործը քննում է վերաքննիչ բողոքի հիման վրա.

    14) վճռաբեկ դատարան՝ դատարան, որն օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկության կարգով գործը քննում է վճռաբեկ բողոքի հիման վրա.

    15) դատավոր՝ դատարանի նախագահ, դատարանի պալատի նախագահ, պալատի դատավոր, դատարանի այլ դատավոր.

    16) կողմ՝ մարմինները եւ անձինք, որոնք քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն.

    17) քրեական հետապնդում՝ այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը՝ նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաեւ ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը.

    18) քրեական հետապնդման հարուցում՝ մեղադրանքի կողմի որոշումն անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաեւ մինչեւ այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին.

    19) քրեական հետապնդման դադարեցում՝ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշումը առաջադրված մեղադրանքը վերացնելու կամ մեղադրանքից հրաժարվելու մասին.

    20) մեղադրանք՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորում՝ որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով արգելված կոնկրետ արարքի կատարման մասին.

    21) մեղադրանքի կողմ՝ քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաեւ տուժողը, քաղաքացիական հայցվորը եւ նրանց օրինական ներկայացուցիչներն ու ներկայացուցիչները.

    22) քրեական հետապնդման մարմիններ՝ դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը.

    23) դատախազ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրան ենթակա դատախազները, նրանց տեղակալները եւ օգնականները.

    24) մեղադրող՝ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը.

    25) քննիչ՝ դատախազության կամ ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմինների համակարգում աշխատող պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն.

    26) քննչական բաժնի պետ՝ ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմինների քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետը եւ նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.

    27) հետաքննության մարմին՝ սույն օրենսգրքով հետաքննության իրավասություն ունեցող պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման պետը (այսուհետ՝ հետաքննության մարմնի պետ) եւ աշխատակիցները.

    28) պաշտպանություն՝ դատավարական գործունեություն, որն իրականացնում է պաշտպանության կողմը՝ նպատակ ունենալով հերքել մեղադրանքը կամ մեղմացնել պատասխանատվությունը, պաշտպանել այն անձանց իրավունքները եւ շահերը, որոնց վերագրվում է քրեական օրենսգրքով արգելված արարքի կատարումը, ինչպես նաեւ նպաստել ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների վերականգնմանը.

    29) պաշտպանության կողմ՝ կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը եւ նրա ներկայացուցիչը.

    30) քրեական վարույթն իրականացնող մարմին՝ դատարանը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում՝ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը.

    31) դատավարության մասնակիցներ՝ դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաեւ տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները եւ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը եւ նրա ներկայացուցիչը.

    32) քրեական դատավարությանը մասնակցող անձինք՝ դատավարության մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, վկան.

    33) դիմող՝ յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին կամ հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանին՝ քրեական դատավարության կարգով խախտված իրավունքի պաշտպանության համար.

    34) միջնորդություն՝ կողմի կամ դիմողի խնդրանքը՝ ուղղված քրեական վարույթն իրականացնող մարմնին.

    35) բացատրություն՝ բանավոր կամ գրավոր փաստարկումներ, որոնք բերում են դատավարության մասնակիցները եւ դիմողները՝ հիմնավորելու համար իրենց կամ ներկայացվող անձի պահանջները, ինչպես նաեւ այլ անձանց բանավոր կամ գրավոր հաղորդումները, որոնք տրվում են մինչեւ քրեական գործ հարուցելը.

    36) արգելանքի վերցնել՝ գործողություն, որն սկսվում է անձին ազատությունից փաստացի հարկադրական զրկելու պահից՝ ձերբակալելիս, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, ազատազրկման ձեւով դատավճիռն ի կատար ածելիս.

    37) կալանավորում՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելը.

    38) անազատության մեջ պահել՝ անձին ազատությունից հարկադրաբար զրկելը, ինչ պատճառներով էլ որ դա իրականացված լինի.

    39) ազգականներ՝ ազգակցական կապի մեջ գտնվող եւ մինչեւ նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք.

    40) մերձավոր ազգականներ՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները.

    41) պաշտպանյալ՝ կասկածյալը կամ մեղադրյալը՝ իրենց պաշտպանի համար.

    42) արդարացված՝ այն անձը, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է անմեղության հիմքով.

    43) լիազորող՝ տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողն իրենց ներկայացուցչի համար.

    44) Հայաստանի Հանրապետության փաստաբանների միություն՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպություն.

    45) վնաս՝ դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը.

    46) բնակարան՝ շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում՝ սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաեւ դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաեւ որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը եւ ձեղնահարկը: <<Բնակարան>> հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաեւ մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաեւ ծառայողական անձնական աշխատասենյակը եւ ավտոմեքենան, արվեստանոցը.

    47) այլ տեղանք՝ տեղանք, որը գտնվում է համապատասխան դատարանի, հետաքննության մարմնի, նախաքննության մարմնի, դատախազության իրավասության եւ գտնվելու վայրի սահմաններից դուրս կամ քրեական դատավարությանը մասնակցող անձի բնակության վայրի սահմաններից դուրս.

    48) գիշերային ժամանակ՝ ժամը 22.00-ից մինչեւ 7.00-ը:

    Գլուխ 2. Քրեական դատավարության սկզբունքները

    Հոդված 7. Օրինականությունը

    1. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաեւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը եւ մյուս օրենքները:

    2. Ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել, խուզարկվել, կալանավորվել, դատապարտվել, ենթարկվել բերման եւ դատավարական հարկադրանքի այլ միջոցների, ինչպես նաեւ իրավունքների ու ազատությունների այլ սահմանափակումների այլ կերպ, քան օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:

    Հոդված 8. Բոլորի հավասարությունն օրենքի առջեւ

    Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:

    Հոդված 9. Անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելը

    1. Անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելը պարտադիր է քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմինների եւ անձանց համար:

    2. Դատարանը թույլատրում է անձանց իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակում: Նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշման անհրաժեշտությունը հիմնավորված է պատշաճ իրավական ընթացակարգով:

    3. Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պահվի ստորացուցիչ պայմաններում:

    4. Անձին չի կարելի հարկադրել մասնակցելու իր արժանապատվությունը նվաստացնող դատավարական գործողությունների:

    5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իր իրավունքները եւ ազատությունները:

    Հոդված 10. Իրավաբանական օգնության իրավունքի ապահովումը

    1. Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:

    2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել կասկածյալի եւ մեղադրյալի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

    3. Քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի եւ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաեւ քաղաքացիական պատասխանողը քրեական դատավարության ընթացքում իրավունք ունեն օգտվել իրենց հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից:

    4. Քրեական հետապնդման մարմինը տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք չունի արգելել նրա կողմից որպես ներկայացուցիչ հրավիրված փաստաբանի մասնակցությունը:

    5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին՝ ելնելով նրա գույքային դրությունից:

    Հոդված 11.Անձի անձեռնմխելիությունը

    1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք:

    2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել եւ պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եւ կարգով:

    3. Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Մինչեւ դատարանի համապատասխան որոշումն ստանալն անձը չի կարող ձերբակալման հետեւանքով անազատության մեջ պահվել 96 ժամից ավելի:

    4. Յուրաքանչյուր ձերբակալվածի եւ կալանավորվածի անհապաղ հաղորդվում են ձերբակալության կամ կալանավորման հիմքերը, ինչպես նաեւ այն հանցագործության փաստական հանգամանքները եւ իրավաբանական որակումը, որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է:

    5. Դատարանը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, քննիչը եւ դատախազը պարտավոր են անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի: Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարն իրավունք չունի կալանքը կրելու համար անձին ընդունել առանց համապատասխան դատական որոշման եւ պարտավոր է անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահելու ժամկետը լրացած յուրաքանչյուր անձի:

    6. Անձի խուզարկությունը եւ քննումը, ինչպես նաեւ անձեռնմխելիությունը խախտող այլ դատավարական գործողություններ կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

    7. Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում՝ բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաեւ այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից եւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ այլ անօրինական գործողությունների միջոցով:

    8. Արգելվում է անձին ներգրավել երկարաժամկետ կամ ֆիզիկական տանջանքներ պատճառող, նրա կամ շրջապատողների առողջության համար վտանգ ներկայացնող քննչական փորձարարությունների, դատավարական այլ գործողություններ կատարելուն:

    9. Քրեական դատավարության ընթացքում արգելվում է մարդու կյանքին եւ առողջությանը, շրջակա միջավայրին վտանգ ներկայացնող միջոցներ կիրառելը:

    Հոդված 12.Բնակարանի անձեռնմխելիությունը

    1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ՝ մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

    2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Բնակարանի զննումը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաեւ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ՝ քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ:

    Հոդված 13. Գույքի անձեռնմխելիությունը

    1. Քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդ-ների եւ այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ:

    2.Դատավարական գործողությունների կատարման ընթացքում առգրավվող գույքը պետք է նշվի եւ մանրամասն նկարագրվի համա-պատասխան դատավարական գործողության արձանագրության մեջ, որի երկրորդ օրինակը տրվում է գույքը տիրապետողին:

    3.Դատավարության ընթացքում դրամական տույժեր նշանակելը, ինչպես նաեւ գույքը հարկադրաբար օտարելը կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ:

    Հոդված 14.Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը

    1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:

    2. Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 15.Քրեական դատավարության լեզուն

    1. Քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:

    2. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քրեական դատավարության լեզվին չտիրապետող՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց բոլոր իրավունքները:

    3. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված՝ հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:

    4. Այլ լեզվով փաստաթղթերը քրեական գործին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ:

    Հոդված 16.Դատական քննության հրապարակայնությունը

    1. Գործերի դատական քննությունը դռնբաց է:

    2. Դռնփակ դատական քննություն անցկացվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով: Դատարանների դատավճիռները եւ վերջնական որոշումները բոլոր դեպքերում հայտարարվում են հրապարակայնորեն:

    Հոդված 17. Գործի արդարացի քննությունը

    1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

    2. Դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով:

    3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի եւ մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաեւ նրանց պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:

    4. Կասկածյալի, մեղադրյալի եւ նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաեւ քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:

    Հոդված 18.Անմեղության կանխավարկածը

    1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման եւ կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:

    3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետեւությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

    4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

    5. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:

    Հոդված 19.Կասկածյալի եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքը եւ դրա ապահովումը

    1. Կասկածյալը եւ մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

    2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին եւ մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները եւ ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:

    3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է համապատասխան դեպքերում գործին մասնակից դարձնել կասկածյալի եւ մեղադրյալի օրինական ներկայացուցչին:

    4. Կասկածյալը եւ մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի եւ օրինական ներկայացուցչի միջոցով: Կասկածյալի եւ մեղադրյալի պաշտպանի եւ օրինական ներկայացուցչի մասնակցությունը քրեական դատավարությանը չի սահմանափակում կասկածյալի եւ մեղադրյալի իրավունքները:

    5.Կասկածյալին եւ մեղադրյալին չի կարելի հարկադրել ցուցմունքներ տալ, նյութեր ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին կամ նրան որեւէ աջակցություն ցույց տալ:

    Հոդված 20.Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը

    1. Ոչ ոք պարտավոր չէ վկայել իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ:

    2. Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց եւ նյութեր տրամադրելուց:

    3. Սույն օրենսգրքով կարող են նախատեսվել վկայություններ տալու եւ տեղեկություններ հայտնելու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

    Հոդված 21.Կրկնակի դատապարտման եւ քրեական հետապնդման, մեղադրյալի վիճակի վատթարացման անթույլատրելիությունը

    1. Ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատապարտվել:

    2. Նույն անձի վերաբերյալ նույն դեպքի առթիվ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման, ինչպես նաեւ քրեական հետապնդման մարմնի չվերացված որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելը, ավելի խիստ պատիժ նշանակելը:

    3. Օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել դրանց օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

    4. Քրեական հետապնդման մարմնի կողմից գործի վարույթի կարճման կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է վերացնել միայն գլխավոր դատախազը՝ այդպիսի որոշում կայացվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

    5. Սույն հոդվածում նշված ժամկետները չեն գործում նոր երեւան եկած հանգամանքների պարագայում:

    Հոդված 22. Դատական սխալներից տուժածների իրավունքների վերականգնումը

    1.Արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի:

    2.Պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաեւ յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:

    3. Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են իրականացնել սույն օրենսգրքով նախատեսված՝ արդարացվածի իրավունքների վերականգնմանն ուղղված բոլոր միջոցառումները:

    Հոդված 23.Մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում

    1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

    2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը եւ գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ եւ անձինք:

    3.Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում եւ արտահայտում է միայն իրավունքի շահերը:

    4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը եւ անկողմնակալությունը, մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ: Դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով եւ իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:

    5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ :

    6. Քրեական դատավարության ընթացքում կողմերն իրենց դիրքորոշումը, այն պաշտպանելու եղանակները եւ միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն՝ անկախ դատարանից, այլ մարմիններից եւ անձանցից: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր:

    7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը: Վճռաբեկ դատարանում գործի քննությանը ներկա գտնվելու իրավունք ունի բողոք բերած անձը:

    8. Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է: Դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը:

    Հոդված 24. Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից

    1.Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

    2. Ոչ ոք չի կարող հանցագործության համար մեղավոր ճանաչվել, ինչպես նաեւ ենթարկվել քրեական պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով եւ օրենքին համապատասխան:

    3. Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է քրեական օրենքով:

    4. Դատարանի իրավասությունը, նրա կողմից քրեական դատավարության իրականացման կարգը չեն կարող կամայականորեն փոփոխվել առանձին գործերի կամ անձանց կամ որոշակի իրավիճակի համար կամ որեւէ ժամանակահատվածով:

    5. Ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում եւ այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով:

    6. Քրեական գործով դատարանի դատավճիռը եւ այլ որոշումներ կարող են վերանայել միայն համապատասխան վերադաս դատարանները՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

    Հոդված 25. Ապացույցների ազատ գնահատումը

    1. Դատավորը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

    2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան՝ մինչեւ դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
     


    Գլուխ 3. Քրեական գործի վարույթը

    Հոդված 26. Քրեական գործի վարույթը

    Քրեական գործի վարույթը, այն է՝ քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաեւ հարուցված գործի եւ իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները եւ որոշումների ընդունումը կատարում են սույն օրենսգրքով սահմանված մարմինները եւ պաշտոնատար անձինք՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

    Հոդված 27. Քրեական գործ հարուցելու եւ հանցագործությունը բացահայտելու պարտականությունը

    Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործությունները եւ հանցագործություն կատարած անձանց բացահայտելու համար:

    Հոդված 28. Քրեական գործերի միացումը եւ անջատումը

    1. Քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը:

    2. Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա:

    Հոդված 29.Քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը

    1. Դատավարական գործողությունների իրականացման ընթացքը եւ արդյունքները պետք է արտացոլվեն արձանագրություններում եւ այլ գրավոր փաստաթղթերում, ինչպես նաեւ որպես բաղկացուցիչ մաս դրանց կցվող լուսանկարչական նեգատիվներում ու նկարներում, դիապոզիտիվներում, ֆոնոգրամներում, տեսաժապավեններում, կինոժապավեններում, պլաններում, սխեմաներում, գծանկարներում, էլեկտրոնային փաստաթղթերում:

    2. Դատավարական գործողությունների ընթացքի եւ արդյունքների արձանագրումը պետք է ապահովի քրեական վարույթն իրականացնող մարմինը, բացի սույն օրենսգրքով նախատեսված դեպքերից:

    3. Արձանագրությունները թույլատրվում է կազմել ձեռագիր կամ մեքենագրել՝ արձանագրման համար օգտագործելով մեխանիկական միջոցներ կամ էլեկտրոնային տեխնիկա:

    4. Դատավարության ընթացքը եւ արդյունքներն արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն եւ շարադրվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության նորմալ ընկալումը:

    Հոդված 30. Քրեական գործի նյութերը

    1. Քրեական գործում պահվում են քրեական գործի նյութերը:

    2. Գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցվելով՝ անմիջապես պետք է ըստ էջերի համարակալվի: Քրեական վարույթն իրականացնող մարմիններն իրականացնում են գործի էջերի հերթական համարակալումը՝ դրանց կցման ժամանակագրական կարգով:

    3. Բոլոր դատավարական որոշումները եւ դատական նիստի արձանագրությունները շարադրվում են համարակալված ձեւաթղթերի վրա, որոնք համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

    4. Քրեական գործի փաստաթղթերը կազմվում են մեկ կամ մի քանի թղթապանակներում՝ յուրաքանչյուրի կազմի վրա համապատասխան գրառումներով եւ նրանցում պարունակվող նյութերի ցուցակով:

    5. Այլ առարկաները եւ փաստաթղթերը, որոնք իրենց մեծածավալության կամ իրենց բնույթով չեն կարող պահվել քրեական գործում, պահվում են գործից առանձին՝ որպես նրա անբաժան մաս: Քրեական գործից առանձին պահվող առարկաների եւ փաստաթղթերի ցուցակը կցվում է քրեական գործին:

    6. Քրեական գործի փաստաթղթերը կարող են պատճենահանվել թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, որը հավաստում է պատճենի ճշտությունը:

    Հոդված 31. Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը

    1. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե՝

    1) հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ.

    2) մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ.

    3) մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից.

    4) մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է.

    5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին:

    2. Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը եւ դիմել դատարանների նախագահների խորհրդին՝ «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար:

    3. Այս հիմքով գործի վարույթը կասեցնելու՝ դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

    4. Քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո:

    5. Քրեական գործով վարույթը կասեցվում է՝ մինչեւ այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը: Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ:

    6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե՝

    1) դատարանների նախագահների խորհուրդը մերժում է Հանրապետության Նախագահին միջնորդությամբ դիմելու խնդրանքը.

    2) դատարանների նախագահների խորհրդի միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հանրապետության Նախագահը չի դիմում սահմանադրական դատարան.

    3) Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա սահմանադրական դատարանը որոշում է կայացրել:

    Հոդված 32. Քրեական գործով վարույթն ավարտելը

    Քրեական գործով վարույթն ավարտվում է՝

    1) քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով.

    2) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելով, եթե այն չի պահանջում դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում.

    3) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ի կատար ածելու մասին հաստատում ստանալով, եթե այն պահանջում է դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում:


    Գլուխ 4. Քրեական հետապնդումը եւ դրա տեսակները

    Հոդված 33. Քրեական հետապնդումը հանրային եւ մասնավոր մեղադրանքի գործերով

    1. Կատարված հանցագործության ծանրությունից եւ բնույթից ելնելով՝ քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային եւ մասնավոր կարգով:

    2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:

    3. Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:

    4. Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով:

    Հոդված 34. Քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը

    1. Հետաքննության մարմինը, քննիչը եւ դատախազը հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաեւ որպես մեղադրյալ ներգրավել եւ մեղադրանք առաջադրել՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եւ կարգով:

    2. Դատախազը պարտավոր է դատարանում պաշտպանել մեղադրանքը, քանի դեռ չեն հայտնաբերվել քրեական հետապնդումը կամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ:

    Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները

    1. Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝

    1) բացակայում է հանցագործության դեպքը.

    2) արարքի մեջ հանցակազմ չկա.

    3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ.

    4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

    5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.

    6) անցել են վաղեմության ժամկետները.

    7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.

    8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի եւ դատախազի չվերացված որոշում.

    9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված տարիքին.

    10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

    11) անձը կամովին հրաժարվել է չավարտված հանցագործությունը մինչեւ վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.

    12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

    13) ընդունվել է համաներման ակտ:

    2. Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

    3. Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դատախազն իրավասու է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել նաեւ գործը դատարան ուղարկելուց հետո, բայց մինչեւ դատական նիստում գործի քննությունն սկսվելը:

    4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

    5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

    6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ եւ 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

    Հոդված 36. Քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելն այն դեպքերում, երբ տուժողը հաշտվում է կասկածյալի կամ մեղադրյալի հետ

    Սույն օրենսգրքի 33 հոդվածի երկրորդ մասում նշված հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթը կարճվում է եւ փաստվում է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարում, երբ տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ:

    Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չհարուցել քրեական գործ եւ չիրականացնել քրեական հետապնդում

    1. Դատախազի որոշմամբ քրեական գործ կարող է չհարուցվել եւ քրեական հետապնդում կարող է չիրականացվել անձին քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությամբ, կապված՝

    1) գործուն զղջալու հետ.

    2) իրադրության փոփոխման հետ.

    3) ոչ մեծ ծանրության հանցագործությունից տուժած անձի համաձայնության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ, եթե դատախազը գտնի, որ պատճառած վնասը հարթած կասկածյալը կամ մեղադրյալն ընդունակ է ուղղվելու՝ առանց նրա նկատմամբ պատիժ կիրառելու:

    2. Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում կարող է չիրականացվել, եթե նա դրա իրականացումը գտնի ոչ նպատակահարմար, ի նկատի ունենալով՝

    1) անձի կատարած արարքի հետեւանքով ոչ էական վնաս պատճառելը.

    2) կատարվածի քավումը տուժանքի միջոցներով, իրավունքի սահմանափակումներով, այլ զրկանքներով, որն անձը կրել է իր կատարած արարքի կապակցությամբ.

    3) որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անբուժելի, ծանր հիվանդությունը:

    3. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, իրավասու է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին:
     


    ԲԱԺԻՆ II

    ԴԱՏԱՐԱՆ

    Գլուխ 5. Դատարանի կազմը եւ լիազորությունները

    Հոդված 38. Քրեական գործերով արդարադատություն իրականացնող դատարանները

    Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են միայն առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:

    Հոդված 39.Դատարանի կազմը

    1. Քրեական գործերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով:

    2. Բոլոր քրեական գործերն առաջին ատյանի դատարանում քննվում են մեկ դատավորի կազմով:

    3. Քրեական գործերի քննությունը վերաքննիչ դատարանում իրականացվում է երեք դատավորի կազմով:

    4. Վճռաբեկ դատարանում գործերը քննվում են վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ պալատի դատավորների մեծամասնության կազմով:

    Հոդված 40.Դատավորների անկախությունը

    1.Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին:

    2. Դատավորները քրեական գործերը եւ նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետա-զոտման հիման վրա: Դատավորները կաշկանդված չեն գործի մինչդատական վարույթում արված եզրահանգումներով:

    3. Արդարադատությունն իրականացվում է դատավորների նկատմամբ կողմնակի ներգործությունը բացառող պայմաններում:

    4. Դատավորների նկատմամբ ապօրինի ներգործություն դրսեւորելու, ինչպես նաեւ դատարանի կողմից քրեական դատավարության իրականացմանը այլ միջամտության համար մեղավոր անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    Հոդված 41.Դատարանի լիազորությունները

    1.Դատարանը լիազորված է իր նիստերում քննել եւ լուծել ստացված գործերը եւ նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

    2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես՝

    1) կալանքի, բնակարանի խուզարկության թույլտվության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումներ ընդունելը.

    2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.

    3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության եւ վճռաբեկության կարգով.

    4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.

    5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.

    6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.

    7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.

    8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:

    Հոդված 42.Դատավորը եւ նրա լիազորությունները

    1. Իրենց իրավասության սահմաններում գործը միանձնյա քննող, դատական նիստի նախապատրաստման, դատավճռի կամ այլ որոշման կատարման ապահովման ուղղությամբ կարգադրիչ գործողություններ իրականացնող դատավորներն օժտված են դատարանի լիազորություններով:

    2. Կոլեգիալ կազմով գործը քննելիս բոլոր դատավորներն օգտվում են հավասար իրավունքներից:

    Հոդված 43.Նախագահողը եւ նրա լիազորությունները

    1. Քրեական գործը կամ նյութը դատավորների կոլեգիալ կազմով քննելիս նախագահում է դատարանի նախագահը կամ պալատի նախագահը կամ օրենքով նախատեսված կարգով՝ լիազորված դատավորը:

    2. Նախագահողը նախապատրաստում եւ ղեկավարում է դատարանի նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննությունը եւ պահպանելու սույն օրենսգրքի այլ պահանջներ, ինչպես նաեւ դատարանի նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը:

    3. Դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելիս նախագահողը գործի քննության եւ լուծման հետ կապված բոլոր հարցերը ներկայացնում է բոլոր դատավորների լուծմանը: Ընդունված է համարվում դատավորների մեծամասնության պաշտպանած որոշումը, իսկ եթե ձայները կիսվել են, ապա այն որոշումը, որն առավել բարենպաստ է մեղադրյալի համար:
     


    Գլուխ 6. Քրեական գործերի ընդդատությունը

    Հոդված44. Առաջին ատյանի դատարանին ընդդատյա քրեական գործերը

    Առաջին ատյանի դատարանը քննում է բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը:

    Հոդված45. Վերաքննիչդատարանին ընդդատյա քրեական գործերը

    Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին ընդդատյա են բոլոր քրեական գործերը, որոնցով առաջին ատյանի դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ այլ վերջնական որոշումների դեմ վերաքննիչ բողոք է բերված:

    Հոդված46. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին ընդդատյա քրեական գործեր

    Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերի պալատին ընդդատյա են բոլոր քրեական գործերը, որոնցով առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանների կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաեւ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ այլ վերջնական որոշումների դեմ վճռաբեկ բողոք է բերված:

    Հոդված47. Քրեական գործերի տարածքային ընդդատությունը

    1. Առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:

    2. Տեւող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ այն ավարտվել է: Շարունակվող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ կատարվել է քրեական օրենսգրքով արգելված վերջին արարքը:

    3. Այլ պետության տարածքում կատարված հանցանքի վերաբերյալ գործն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության վերջին վայրը, իսկ եթե չի հաջողվել պարզել այն, ապա այն դատարանին, որի դատական տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը:

    Հոդված48. Ընդդատության որոշումը քրեական գործերը միացնելիս

    Երկու եւ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է գործով մինչդատական վարույթը:

    Հոդված49. Գործն իր վարույթն ընդունած դատարանի կողմից քրեական գործի հանձնումն ըստ ընդդատության

    1. Դատարանը, պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության:

    2. Եթե սույն օրենսգրքի 47 հոդվածով նախատեսված տարածքային ընդդատության կարգի խախտումը հայտնաբերվում է դատական քննության ժամանակ, ապա կողմերի համաձայնությամբ դատարանն իրավասու է գործը թողնել իր վարույթում: Կողմերից մեկի առարկության դեպքում գործի կատարված դատական քննությունը չեղյալ է համարվում, եւ գործն ուղարկվում է ըստ ընդդատության:

    Հոդված 50.Քրեական գործի ընդդատությունը փոխելը

    1. Քրեական գործի տարածքային ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս:

    2. Ընդդատությունը փոխելու որոշումը համապատասխան դեպքերում ընդունում է գործը քննող դատարանը:

    Հոդված 51. Ընդդատության մասին վեճերը լուծելը

    Առաջին ատյանի դատարանների միջեւ ընդդատության մասին վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը:
     

    ԲԱԺԻՆ III

    ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

    Գլուխ 7. Մեղադրանքի կողմը

    Հոդված 52. Դատախազը

    1.Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանի դատավճիռները եւ այլ վերջնական որոշումները: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:

    2.Դատախազը պարտավոր է մեղադրյալի կամ վերջինիս գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի դեմ հայց հարուցել ի պաշտպանություն պետության գույքային շահերի:

    3.Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին: Նա պարտավոր է կատարել վերադաս դատախազի օրինական ցուցումները: Ցուցումն անօրինական համարելու դեպքում ստորադաս դատախազը, առանց ցուցումը կատարելու, այն բողոքարկում է վերադաս դատախազին:

    Հոդված53. Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում

    1.Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է՝

    1) հարուցել եւ իրականացնել քրեական հետապնդում, իր վարույթ ընդունել քննիչի եւ հետաքննության մարմնի հարուցած քրեական գործերը, վերացնել հետաքննության մարմնի եւ քննիչի կայացրած որոշումը քրեական գործը կարճելու մասին, դատարանի միջնորդության հիման վրա հարուցել քրեական գործ, վերացնել հետաքննության մարմնի եւ քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին եւ հարուցել քրեական գործ.

    2) անձամբ քննել գործը լրիվ ծավալով՝ սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ նախաքննության ընթացքում ընդունելով անհրաժեշտ որոշումներ եւ իրականացնելով քննչական եւ այլ դատավարական գործողություններ.

    3) հանցագործության դեպքով հետաքննության մարմնին եւ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար.

    4) հետաքննության մարմնին եւ քննիչին հանձնարարել կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ կամ դրանք կատարել անձամբ.

    5) մասնակցել հետաքննության կատարմանը.

    6) հետաքննության եւ նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում:

    2. Նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով՝ դատախազի բացառիկ լիազորությունն է՝

    1) ստուգել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ լուծման մասին օրենքի պահանջների կատարումը հետաքննության մարմնի կողմից.

    2) ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր եւ քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում.

    3) ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից եւ հանձնել քննիչին կամ ստորադաս դատախազին, քրեական գործը վերցնել քննիչից եւ հանձնել ստորադաս դատախազին կամ ընդհակառակը, քրեական գործը նախաքննության մի մարմնի քննիչից հանձնել մյուս մարմնի քննիչին, ինչպես նաեւ մի քննիչից կամ ստորադաս դատախազից մյուսին կամ գործն ընդունել իր վարույթ՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով.

    4) քրեական գործի քննությունը հանձնարարել քննիչների խմբին, ձեւավորել վերջինիս կազմը, նշանակել խմբի ղեկավար կամ անձամբ ղեկավարել այն.

    5) լուծել հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին, ստորադաս դատախազին հայտնված բացարկի, ինչպես նաեւ վերջիններիս ինքնաբացարկի հարցերը.

    6) հետաքննության մարմնին, քննիչին, ստորադաս դատախազին գրավոր ցուցումներ տալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ.

    7) լուծել հետաքննության մարմնի կամ նրա աշխատակցի եւ քննիչի՝ սույն օրենսգրքով նախատեսված առարկությունները՝ դատավարական ղեկավարում իրականացնող ստորադաս դատախազի ցուցումների վերաբերյալ.

    8) վերացնել հետաքննության մարմնի, նրա աշխատակցի, քննիչի, ստորադաս դատախազի անօրինական, չհիմնավորված որոշումները, ինչպես նաեւ ստորադաս դատախազի անօրինական, չհիմնավորված ցուցումները.

    9) լուծել հետաքննության մարմնի, քննիչի, ստորադաս դատախազի որոշումների եւ գործողությունների դեմ բերված բողոքները, բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին.

    10) հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին եւ ստորադաս դատախազին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում.

    11) դիմել համապատասխան մարմիններ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց կալանավորման հարցը լուծելու, քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով, եթե այդ անձինք քրեական գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ.

    12) վերադարձնել քրեական գործերը քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար պարտադիր ցուցումներով.

    13) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը քրեական գործով վարույթը կարճելու մասին, ինչպես նաեւ նրանց այլ որոշումներ՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում.

    14) հաստատել մեղադրական եզրակացությունը, իսկ այն անձանց նկատմամբ քրեական գործերով, որոնք քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում կամ անմեղսունակ են դարձել քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարելուց հետո՝ եզրափակիչ որոշումը.

    15) գործն ուղարկել դատարան՝ ըստ էության քննելու համար:

    3. Նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նաեւ՝

    1) անձամբ ընդունել առանձին անհրաժեշտ որոշումներ եւ կատարել առանձին քննչական եւ այլ դատավարական գործողություններ, ինչպես նաեւ գործի քննությունը ողջ ծավալով.

    2) իր իրավասության շրջանակներում հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման եւ հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց եւ կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.

    3) պահանջել փաստաթղթեր, նյութեր եւ գործեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքերի եւ դրանց առնչվող անձանց մասին.

    4) հետաքննության մարմնին պարտադիր գրավոր ցուցումներ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին՝ կապված քրեական գործով վարույթի հետ.

    5) դիմել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.

    6) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց, կարճել քրեական գործով վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը.

    7) հետաքննության մարմնին հանձնարարել իրականացնել ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաեւ հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.

    8) միջոցներ ձեռնարկել տուժողի, վկայի եւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության համար.

    9) դիմել դատարան՝ սույն օրենսգրքով նախատեսված միջնորդություններով.

    10) ազատել առանց օրինական հիմքերի կամ առանց անհրաժեշտության ձերբակալված կամ կալանքի տակ պահվող անձանց.

    11) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակումները:

    4. Քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում դատախազն իրականացնում է նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

    Հոդված54. Դատախազի լիազորությունները քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս

    1. Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է՝

    1) հայտնել բացարկներ.

    2) հարուցել միջնորդություններ.

    3) կարծիք հայտնել դատավարության մյուս մասնակիցների հարուցած միջնորդությունների վերաբերյալ.

    4) ներկայացնել ապացույցներ, հետաքննության մարմնին նրա համար պարտադիր հանձնարարություններ տալ ապահովելու դատարանին ապացույցներ ներկայացնելը.

    5) մասնակցել գործի նյութերի հետազոտմանը.

    6) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

    7) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.

    8) պահանջել դատական նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարելու իր նշած հանգամանքների մասին.

    9) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց.

    10) դատարանում հրապարակել մեղադրական եզրակացությունը, առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանում հանդես գալ ճառով եւ ռեպլիկայով, իսկ վճռաբեկ դատարանում՝ ներկա գտնվել նիստին.

    11) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատարանի այլ որոշումներ.

    12) օգտվել սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններից:

    2.Դատարանի նիստին մասնակցող դատախազը պարտավոր է՝

    1) ենթարկվել դատարանի նիստում սահմանված կարգ ու կանոնին եւ նախագահողի օրինական կարգադրություններին.

    2) կատարել սույն օրենսգրքով նախատեսված այլ պարտականություններ:

    3.Դատարանի կողմից քրեական գործեր քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է:

    Հոդված 55. Քննիչը

    1. Քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

    2. Քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր եւ հարուցել քրեական գործ եւ սույն օրենսգրքով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի, իր վարույթում եղած գործի քննության ընթացքում հարուցել քրեական գործ, եթե հայտնաբերվել է նոր հանցագործության դեպք, որը կատարել է այլ անձ: Քննիչը նաեւ իրավասու է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժել քրեական գործ հարուցելը:

    3. Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական եւ այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական եւ այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:

    4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է ՝

    1) մինչեւ քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն եւ նշանակել փորձաքննություն.

    2) հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ եւ այլ քննչական գործողություններ.

    3) միջոցներ ձեռնարկել վնասը տուժած անձին հատուցելու համար.

    4) պահանջել փաստաթղթեր եւ նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի եւ դրան առնչվող անձանց մասին.

    5) պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.

    6) իր իրավասության սահմաններում նախապատրաստվող նյութերով եւ քրեական գործով հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման եւ հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց եւ կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.

    7) իր կողմից նախապատրաստվող նյութերով եւ քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին.

    8) հետաքննության մարմնին հանձնարարել իրագործելու ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաեւ հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.

    9) կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր եւ ներգրավվել գործի քննությանը՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով.

    10) առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին.

    11) կանչել անձանց որպես վկա.

    12) գործին մասնակից դարձնել ընթերականեր, թարգմանիչներ, մասնագետներ, փորձագետներ.

    13) ձերբակալել հանցագործության համար կասկածվող անձին.

    14) որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրանք առաջադրել, այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին.

    15) ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող.

    16) ապահովել փաստաբանների նշանակումը քրեական գործով որպես պաշտպաններ եւ թույլ տալ անձանց քրեական գործով վարույթին մասնակցել որպես ներկայացուցիչներ.

    17) պաշտպաններին եւ ներկայացուցիչներին հեռացնել քրեական գործով վարույթին մասնակցելուց, եթե կհայտնաբերվեն քրեական դատավարությանը նրանց մասնակցությունը բացառող՝ սույն օրենսգրքի 93 հոդվածում նշված հանգամանքները.

    18) համապատասխան անձանց ազատել իրավաբանական օգնություն վճարելուց.

    19) լուծել ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին հայտնած բացարկները.

    20) լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաեւ այլ անձանց հայտարարությունները եւ դիմումները.

    21) իր իրավասության սահմաններում լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց բողոքները.

    22) որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու եւ դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին, բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն կասկածյալին եւ մեղադրյալին, որոնց կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է.

    23) որոշում ընդունել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին.

    24) դիմել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.

    25) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վրա դրված կալանքը, հեռախոսային խոսակցությունները լսելը.

    26) բողոքարկել դատախազի յուրաքանչյուր ցուցումը՝ չկասեցնելով դրա կատարումը.

    27) որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու եւ մեղադրանքի ծավալի, նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին.

    28) ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.

    29) կազմել եւ դատախազի հաստատմանը ներկայացնել մեղադրական եզրակացություն, իսկ քրեական օրենսգրքով արգելված արարքն անմեղսունակ վիճակում կատարած կամ քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով՝ եզրափակիչ որոշում:

    5. Քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները:

    6. Քննիչն իրականացնում է նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

    Հոդված 56. Հետաքննության մարմինները

    Հետաքննության մարմիններն են՝

    1) ոստիկանությունը.

    2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները եւ զինվորական հիմնարկների պետերը՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.

    3) հրշեջ հսկողության մարմինները՝ հրդեհների վերաբերյալ գործերով.

    4) հարկային մարմինները՝ հարկային հանցագործությունների գործերով.

    5) մաքսային մարմինները՝ մաքսանենգության գործերով.

    6) ազգային անվտանգության մարմինները՝ օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով:

    Հոդված 57. Հետաքննության մարմնի լիազորությունները

    1. Հետաքննության մարմնի պետն ապահովում է հետաքննության մարմնի լիազորությունների կատարումն անձամբ եւ հետաքննության մարմնի աշխատակիցների միջոցով:

    2. Հետաքննության մարմինը՝

    1) հանցագործությունները եւ դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու եւ խափանելու նպատակով ձեռնարկում է համապատասխան օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական միջոցառումներ.

    2) մինչեւ քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն եւ նշանակում փորձաքննություն.

    3) հարուցում է քրեական գործ, գործն ընդունում է իր վարույթ կամ ուղարկում է ըստ ենթակայության, ինչպես նաեւ սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժում է քրեական գործ հարուցելը, քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին.

    4) հայտնաբերված հանցագործության եւ գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին եւ քննիչին.

    5) քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու եւ ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ՝ զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների եւ վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն.

    6) քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ հանցանք կատարող անձին ի հայտ բերելու կամ գործում քննիչի ներգրավվելու պահից՝ անհապաղ, գործը հանձնում է քննիչին.

    7) քննիչի վարույթում գտնվող հանցագործությունների գործերով կատարում է քննիչի, դատախազի հանձնարարությունները, դատախազի ցուցումները.

    8) գրանցում է հանցագործությունների մասին հայտարարությունները.

    9) բերման է ենթարկում հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց, զննում եւ խուզարկում է նրանց, ինչպես նաեւ ազատում է առանց բավարար հիմքերի բերման ենթարկված անձանց.

    10) հնարավորություն է ապահովում դատախազին՝ իր լիազորությունների շրջանակում ստուգելու հետաքննության մարմնի գործունեությունը.

    11) դատախազին եւ քննիչին տրամադրում է իրենց լիազորությունների շրջանակում նրանց պահանջած անհրաժեշտ տեղեկությունները.

    12) միջոցներ է ձեռնարկում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.

    13) հարցման է ենթարկում դեպքի ականատեսներին, ծանոթանում դեպքի իրադրությանը, ինչպես նաեւ այն փաստաթղթերին, գործերին եւ նյութերին, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի եւ դրան առնչվող անձանց մասին.

    14) պահանջում է փաստաթղթեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի եւ դրան առնչվող անձանց մասին.

    15) պահանջում է կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.

    16) կարճում է քրեական գործի վարույթը, այդ մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին.

    17) կազմակերպում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարումը.

    18) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

    3. Քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու, կասկածյալին ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու, այն վերացնելու կամ փոփոխելու, համապատասխան քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար դատարանին միջնորդությամբ դիմելու, գործը քննիչին հանձնելու՝ հետաքննության մարմնի լիազորություններից օգտվում է միայն հետաքննության մարմնի պետը:

    4. Հետաքննության մարմնի պետն իրավունք ունի հետաքննության մարմնի աշխատակցին հանձնարարել հանցագործության դեպքով կատարել հետաքննություն, նրան տալ պարտադիր գրավոր ցուցումներ առանձին քննչական գործողություններ կատարելու մասին, գործը մի աշխատակցից հանձնել մյուսին, գործի քննությունը հանձնարարել մի քանի աշխատակիցների, մասնակցել հետաքննության կատարմանը եւ անձամբ կատարել հետաքննություն:

    5. Դատախազի ցուցումները, որոնք տրված են սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, պարտադիր են հետաքննության մարմնի պետի համար:

    6. Հետաքննության մարմինն իրականացնում է նաեւ սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

    Հոդված 58. Տուժողը

    1. Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով արգելված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաեւ այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելը:

    2. Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:

    Հոդված 59. Տուժողի իրավունքները եւ պարտականությունները

    1. Տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի ՝

    1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.

    2) տալ ցուցմունքներ.

    3) տալ բացատրություններ.

    4) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար.

    5) հայտնել բացարկներ.

    6) հարուցել միջնորդություններ.

    7) առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    8) ծանոթանալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է եւ դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, քննչական եւ այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը եւ ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

    9) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել եւ գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.

    10) մասնակցել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նիստերին.

    11) իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաեւ դատավճռի կամ դատարանի՝ այլ վերջնական որոշման պատճենը.

    12) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները եւ որոշումները, այդ թվում՝ դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով.

    13) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվել կասկածյալի եւ մեղադրյալի հետ.

    14) առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի՝ այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

    15) օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով արգելված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը.

    16) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը.

    17) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները.

    18) ունենալ ներկայացուցիչ եւ դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:

    2. Տուժողը պարտավոր է՝

    1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    2) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տալ ցուցմունքներ.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաեւ նմուշները՝ համեմատական հետազոտման համար.

    4) իր նկատմամբ ենթադրաբար կատարված հանցագործության մասին քրեական գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.

    5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը.

    6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    7) դատարանի նիստում պահպանել կարգ ու կանոն:

    3. Տուժողն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    4. Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում եւ իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների եւ պարտականությունների բնույթին: Անչափահաս կամ անգործունակ տուժողի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

    5. Տուժող կարող է ճանաչվել իրավաբանական անձը, որին հանցագործությամբ պատճառվել է բարոյական կամ նյութական վնաս: Տվյալ դեպքում տուժողի իրավունքները եւ պարտականություններն իրականացնում է իրավաբանական անձի ներկայացուցիչը:

    Հոդված 60. Քաղաքացիական հայցվորը

    1. Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով արգելված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս:

    2. Քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին որոշումն ընդունում են հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:

    Հոդված 61. Քաղաքացիական հայցվորի իրավունքները եւ պարտականությունները

    1. Քաղաքացիական հայցվորն իր ներկայացրած հայցը պաշտպանելու նպատակով իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով՝

    1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.

    2) տալ բացատրություններ՝ իր ներկայացրած հայցի առիթով.

    3) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար.

    4) հայտնել բացարկներ.

    5) հարուցել միջնորդություններ.

    6) առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    7) ծանոթանալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, քննչական եւ այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը եւ ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

    8) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել եւ գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.

    9) մասնակցել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նիստերին.

    10) դատարանում հանդես գալ ճառով եւ ռեպլիկով.

    11) իր խնդրանքով անվճար ստանալ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաեւ դատավճռի կամ դատարանի՝ այլ վերջնական որոշման պատճենը.

    12) իր ներկայացրած հայցի մասով բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները եւ որոշումները.

    13) հետ վերցնել իր կամ իր ներկայացուցչի ներկայացրած ցանկացած բողոք.

    14) իր ներկայացրած հայցի մասով առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

    15) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների եւ առաջարկությունների առիթով.

    16) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

    17) առարկել նախագահողի գործողությունների դեմ.

    18) ունենալ ներկայացուցիչ եւ դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:

    2. Քաղաքացիական հայցվորը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նաեւ ՝

    1) քրեական գործով վարույթի ցանկացած պահին հրաժարվել հայցից.

    2) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը.

    3) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաեւ իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:

    3. Քաղաքացիական հայցվորը պարտավոր է՝

    1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    2) ապահովել քաղաքացիական պատասխանողների քանակով հայցի պատճեններ դատարան ներկայացնելը.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաեւ նմուշներ՝ համեմատական հետազոտման համար.

    4) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    5) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

    4. Քաղաքացիական հայցվորը կարող է կանչվել որպես վկա:

    5. Քաղաքացիական հայցվորն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    6. Քաղաքացիական հայցվորն իրեն պատկանող իրավունքներից օգտվում եւ իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների եւ պարտականությունների բնույթին: Անչափահաս կամ անգործունակ քաղաքացիական հայցվորի իրավունքները նրա փոխարեն, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
     


    Գլուխ 8. Պաշտպանության կողմը

    Հոդված 62.Կասկածյալը

    1. Կասկածյալ է այն անձը՝

    1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով.

    2) որի նկատմամբ մինչեւ մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:

    2. Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 96 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս՝ ոչ ավելի, քան 7 օր խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից:

    3. Սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել կալանքից, կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

    4. Կասկածը համարելով չհիմնավորված՝ քրեական հետապնդման մարմինը եւ դատարանը պարտավոր են կասկածյալին ազատել կալանքից կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ նախքան սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետների լրանալը:

    5. Անձը դադարում է կասկածյալ լինելուց նրան կալանքից ազատելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում ընդունելու պահից:

    Հոդված63. Կասկածյալի իրավունքները եւ պարտականությունները

    1. Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը:

    2. Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի ՝

    1) իմանալ՝ ինչում է կասկածվում, տեղեկացվել կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին եւ իրավաբանական որակմանը.

    2) ձերբակալվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես ստանալ իր իրավունքների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

    3) ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարվելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո՝ դրա պատճենը.

    4) ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից եւ պաշտպանվել ինքնուրույն.

    5) առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցվել իր պաշտպանի հետ՝ առանց դրանց թվի եւ տեւողության սահմանափակման.

    6) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.

    7) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց.

    8) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.

    9) արգելանքի վերցվելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ օտարերկրյա պետության քաղաքացի լինելու դեպքում՝ տվյալ պետության դեսպանատուն կամ հյուպատոսարան տեղյակ պահել կալանքի տակ պահվելու իր տեղի մասին.

    10) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու համար.

    11) հայտնել բացարկներ.

    12) հարուցել միջնորդություններ.

    13) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    14) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական եւ այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.

    15) ծանոթանալ այն քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել եւ դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, քննչական եւ այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն.

    16) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների եւ մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով՝ նաեւ անվճար ստանալ այդ որոշումների պատճենները.

    17) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները եւ որոշումները.

    18) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.

    19) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետեւանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:

    3. Կասկածը չհաստատվելու դեպքում կասկածյալը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ:

    4. Կասկածյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա եւ նրա համար առաջացնի որեւէ անբարենպաստ հետեւանք: Կասկածյալի վրա չի կարող որեւէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների եւ բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

    5. Կասկածյալը պարտավոր է՝

    1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    2) լինելով ձերբակալված՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել զննման, ինչպես նաեւ անձնական խուզարկության.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել եւ հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ .

    4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման եւ փորձաքննության.

    5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին:

    6. Կասկածյալն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

    7. Անչափահաս կամ անգործունակ կասկածյալի իրավունքները նրա փոխարեն, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

    Հոդված 64. Մեղադրյալը

    1. Մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

    2. Մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, կոչվում է ամբաստանյալ: Մեղադրյալը, որի նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճիռը, կոչվում է՝

    1) դատապարտյալ, եթե դատավճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է.

    2) արդարացված, եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է:

    Հոդված65. Մեղադրյալի իրավունքները եւ պարտականությունները

    1. Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտպանության իր իրավունքը:

    2. Մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի՝

    1) իմանալ՝ ինչում է մեղադրվում, որի համար մեղադրանք առաջադրելուց, արգելանքի վերցվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման պատճենը.

    2) արգելանքի վերցվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես անվճար ստանալ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

    3) մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից եւ պաշտպանվել ինքնուրույն.

    4) առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցել իր պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման.

    5) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.

    6) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց, առերես հարցաքննվել իր դեմ վկայած անձանց հետ.

    7) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.

    8) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական եւ այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.

    9) արգելանքի վերցվելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ օտարերկրյա պետության քաղաքացի լինելու դեպքում՝ տվյալ պետության դեսպանատուն կամ հյուպատոսարան տեղյակ պահել կալանքի տակ պահվելու իր տեղի մասին.

    10) քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար ներկայացնել նյութեր.

    11) հայտնել բացարկներ.

    12) հարուցել միջնորդություններ.

    13) հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին.

    14) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    15) ծանոթանալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, եւ դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, քննչական եւ այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը եւ ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

    16) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել եւ գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.

    17) մասնակցել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նիստերին եւ գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառերով եւ ռեպլիկով.

    18) դատական քննության ընթացքում հանդես գալ վերջին խոսքով.

    19) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների եւ մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց եւ դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով՝ նաեւ անվճար ստանալ այդ որոշումների եւ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաեւ դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը.

    20) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները եւ որոշումները, այդ թվում՝ դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումը.

    21) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.

    22) առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

    23) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների եւ առաջարկությունների առիթով.

    24) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

    25) առարկել նախագահողի գործողությունների դեմ.

    26) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետեւանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:

    3. Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա եւ նրա համար առաջացնի որեւէ անբարենպաստ հետեւանք: Մեղադրյալի վրա չի կարող որեւէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների եւ բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

    4. Մեղադրյալը պարտավոր է՝

    1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    2) լինելով կալանքի վերցված՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել անձնական խուզարկության.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել եւ հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ .

    4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման եւ փորձաքննության.

    5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին.

    6) մինչեւ ընդմիջում հայտարարելն առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը.

    7) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

    5. Մեղադրյալն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

    6. Անչափահաս կամ անգործունակ մեղադրյալի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

    Հոդված 66.Արդարացվածը

    1. Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով եւ երկրորդ մասով նախատեսված որեւէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

    2. Արդարացվածն իրավունք ունի բողոքարկել իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը կամ արդարացման դատավճիռը:

    3. Արդարացվածն իրավունք ունի նաեւ պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու եւ դատապարտման հետեւանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:

    4. Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ՝

    1) աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է.

    2) գույքի բռնագրավմամբ՝ այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետեւանքով պատճառված վնասը.

    3) վճարված դատական ծախսերը.

    4) փաստաբանին վճարված գումարները.

    5) դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:

    5. Գումարները, որոնք ծախսվել են անձին անազատության մեջ պահելու համար, դատական ծախսերը, ինչպես նաեւ անազատության մեջ պարտադիր աշխատանքներ կատարելու համար այդ անձի աշխատավարձը չեն կարող հանվել այն գումարից, որը ենթակա է վճարման քրեական վարույթն իրականացնող մարմնի սխալի հետեւանքով պատճառված վնասը հատուցելու համար:

    6. Այն դեպքում, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացման դատավճիռ է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով, սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցումը կատարվում է միայն քաղաքացիական դատավարության կարգով՝ քաղաքացիական հայցի լուծումից հետո:

    7. Այն դեպքում, երբ արդարացման դատավճիռը կամ քրեական գործը կարճելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որի հիման վրա կատարվել է վնասի հատուցում, վերացվել է եւ համապատասխան անձի նկատմամբ նույն գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, գումարները, որոնք վճարվել են որպես վնասի հատուցում, կարող է առգրավել դատարանը՝ որոշման կատարման շրջադարձման կարգով:

    8. Արդարացվածն իրավունք ունի նաեւ՝

    1) վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում՝ ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետեւանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում.

    2) ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձեւով պատիժը կրել, ինչպես նաեւ կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցել.

    3) հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ստանալ բնակմակերեսով եւ գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք.

    4) զինվորական եւ այլ կոչումների վերականգնման՝ հաշվի առնելով երկարամյա ծառայությունը:

    9. Արդարացվածի պահանջով՝

    1) դատարանը կամ քննություն իրականացնող մարմինները պար-տավոր են այդ մասին երկշաբաթյա ժամկետում հայտնել անձի նախկին եւ ներկա աշխատանքի, ուսման, բնակության վայր.

    2) լրատվության միջոցը, որը հրապարակել է քրեական գործի վարույթով կասկածյալին կամ մեղադրյալին նշավակող տեղեկություններ, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հայտնել գործով կայացված վերջնական որոշման մասին:

    10. Քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:

    11. Արդարացվածի մահվան կամ անգործունակության դեպքում պահանջի իրավունքը սույն հոդվածի չորրորդ, հինգերորդ եւ իններորդ մասերով անցնում է նրա մոտակա հերթի ժառանգներին:

    Հոդված 67. Արդարացվածին պատճառված վնասի հատուցման իրավունքի պարզաբանումը եւ վնասի հատուցման կարգը

    1. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են արդարացվածին պարզաբանել վնասի հատուցում ստանալու իրավունքը:

    2. Դատարանի արդարացման դատավճռի կամ համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաեւ վնասի հատուցման կարգը պարզաբանող ծանուցումը դատավճիռը կամ որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է արդարացվածին: Ծանուցման մեջ նշվում է, թե օրենքին համապատասխան ինչպիսի վնաս կարող է հատուցվել, ինչ ժամկետում, որ մարմնին պետք է դիմել վնասը հատուցելու պահանջով:

    3. Արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

    4. Արդարացվածին պատճառված վնասը հատուցելու իրավունքը պարզաբանելու մասին իրականացվող դատավարական գործողության արձանագրության մեջ կատարվում է գրառում կամ կազմվում է առանձին արձանագրություն:

    Հոդված 68.Պաշտպանը

    1. Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը եւ նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

    2. Անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ՝ նրա պաշտպանությունն ստանձնելու պահից: Պաշտպանը պարտավոր է պաշտպանությունն ստանձնելուց հետո այդ մասին անմիջապես տեղյակ պահել քրեական վարույթն իրականացնող մարմնին:

    3. Պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե՝

    1) կասկածյալը կամ մեղադրյալը լուծել են նրա հետ ունեցած համաձայնությունը.

    2) նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց՝ հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.

    4) քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից:

    Հոդված 69.Պաշտպանի պարտադիր մասնակցությունը

    1. Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ՝

    1) այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը.

    2) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը՝ համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատեւ ծանր հիվանդության, ինչպես նաեւ տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետեւանքով.

    3) կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է սրված հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում.

    4) կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին.

    5) հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է.

    6) մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է.

    7) կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջեւ կան հակասություններ, եւ նրանցից մեկը պաշտպան ունի.

    8) քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով արգելված արարքի կատարում անմեղսունակության վիճակում.

    9) կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է:

    2. Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է՝

    1) կասկածյալի կամ մեղադրյալի կողմից պաշտպան ունենալու ցանկություն հայտնելու պահից՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում.

    2) համապատասխանաբար՝ կասկածյալին ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելու կամ մեղադրանք առաջադրելու պահից՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

    3) հիվանդությունը հայտնաբերելու պահից՝ սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում.

    4) մեղադրանք առաջադրելու պահից՝ սույն հոդվածի առաջին մասի 6-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

    5) այդպիսի հանգամանքներ հայտնաբերելու պահից՝ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում.

    6) այդպիսի հանգամանքներ հայտնաբերելու պահից՝ սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքում:

    3. Պաշտպան ունենալու՝ կասկածյալի կամ մեղադրյալի արտահայտած ցանկությունը քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունը կանխորոշող հանգամանք չէ, եթե նրանք ունեցել են նշանակված պաշտպան, սակայն հայտարարել են պաշտպանից հրաժարվելու մասին, որն ընդունել է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

    4. Քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցու-թյունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

    Հոդված70. Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը եւ վարույթին՝ նրա մասնակցելու այլ հիմքերը

    1. Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են ՝

    1) կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաեւ կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ՝ այլ անձանց հրավերով.

    2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից նշանակվելով՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա:

    2.Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որեւէ մեկին երաշխավորել հրավիրելու որեւէ պաշտպանի:

    3.Քրեական վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությունից պահանջում է փաստաբանին նշանակել պաշտպան՝

    1) կասկածյալի կամ մեղադրյալի միջնորդությամբ.

    2) այն դեպքում, երբ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, իսկ կասկածյալը կամ մեղադրյալը պաշտպան չունի:

    4. Սույն հոդվածի երրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կասկածյալին եւ մեղադրյալին առաջարկել, որ իրենք հրավիրեն այլ պաշտպան:

    5. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավունք ունեն կասկածյալին կամ մեղադրյալին առաջարկել հրավիրելու այլ պաշտպան կամ պաշտպան նշանակել Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության միջոցով, եթե՝

    1) պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելու պահից 24 ժամվա ընթացքում պաշտպանը հնարավորություն չունի ներկայանալու կամ չի ներկայանում կասկածյալի կամ արգելանքի վերցված մեղադրյալի առաջին հարցաքննությանը.

    2) պաշտպանը հնարավորություն չունի մասնակցելու քրեական գործով վարույթին 3 օրից ավելի ժամանակով:

    6.Կասկածյալը եւ մեղադրյալը կարող են ունենալ մի քանի պաշտպաններ: Դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը:

    Հոդված71. Պաշտպանի կողմից իր իրավավիճակի հաստատումը

    Իր իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ եւ փաստաբանների միության կողմից տրված՝ իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ:

    Հոդված 72. Պաշտպանից հրաժարվելը

    1. Պաշտպանից հրաժարվելը նշանակում է կասկածյալի կամ մեղադրյալի մտադրությունը՝ իր պաշտպանությունն իրականացնել առանց որեւէ պաշտպանի իրավաբանական օգնության: Պաշտպանից հրաժարվելու մասին կասկածյալի կամ մեղադրյալի հայտարարությունն արտացոլվում է արձանագրության մեջ:

    2. Պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր եւ այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է պաշտպան: Չի ընդունվում պաշտպանից հրաժարումը, եթե այն հարկադրված է իրավաբանական օգնության վճարման համար միջոցների բացակայությամբ: Սույն օրենսգրքի 69 հոդվածի առաջին մասի 2-5-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելը եւ նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները:

    3. Պաշտպանից հրաժարվելու պահից կասկածյալը եւ մեղադրյալը համարվում են իրենց պաշտպանությունն ինքնուրույն իրականացնող, որը տվյալ դեպքում իրավունքներից չի զրկում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հետագայում նշանակված կամ քրեական գործով վարույթին մասնակցելուց չազատված պաշտպանին:

    4. Պաշտպանից հրաժարված կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումն այդ առիթով: Տվյալ դեպքում, նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ գործի վարույթը վերսկսելու համար:

    Հոդված 73.Պաշտպանի իրավունքները եւ պարտականությունները

    1. Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը եւ դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին եւ մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի՝

    1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին կամ իմանալ՝ ինչում է կասկածվում պաշտպանյալը, մասնակցել նրա հարցաքննություններին.

    2) առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման.

    3) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին, քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ մասնակցել քրեական հետապնդման մարմնի կողմից իր միջնորդությամբ իրականացվող բոլոր քննչական եւ այլ դատավարական գործողություններին, մասնակցել իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող ցանկացած քննչական կամ այլ դատավարական գործողությանը, եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը՝ պաշտպանը.

    4) կասկածյալին եւ մեղադրյալին հիշեցնել իրենց իրավունքները, եւ քննչական կամ այլ դատավարական գործողություն իրականացնող անձի ուշադրությունը հրավիրել նրա կողմից թույլ տրված օրենքի խախտման վրա.

    5) քրեական գործով ձեռք բերել նյութեր, դրանք ներկայացնել քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար.

    6) հարցման ենթարկել մասնավոր անձանց, ինչպես նաեւ տարբեր կազմակերպություններից պահանջել տեղեկանքներ, բնութագրեր եւ այլ փաստաթղթեր, եթե դրանք չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:Վերջիններս պարտավոր են սահմանված կարգով տրամադրել այդ փաստաթղթերը կամ դրանց պատճենները.

    7) պաշտպանյալի համաձայնությամբ հարցնել մասնագետների կարծիքը՝ պարզաբանելու համար իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այն հարցերը, որոնք պահանջում են հատուկ գիտելիքներ.

    8) հայտնել բացարկներ.

    9) հարուցել միջնորդություններ.

    10) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    11) ծանոթանալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ իր պաշտպանյալը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել այն քննչական կամ դատավարական գործողության արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, քննչական եւ այլ դատավարական գործողությանը, ինչպես նաեւ դատարանի նիստին մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը եւ ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

    12) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել եւ գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.

    13) մասնակցել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նիստերին եւ գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառով եւ ռեպլիկով.

    14) իր խնդրանքով ստանալ այն որոշումների պատճենները, որոնք իր պաշտպանյալը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի.

    15) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները եւ որոշումները, այդ թվում՝ դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումը.

    16) հետ վերցնել իր ներկայացրած ցանկացած բողոք.

    17) տուժողի հետ կասկածյալի եւ մեղադրյալի հաշտվելիս պաշտպանյալի հանձնարարությամբ հանդես գալ նրա անունից.

    18) առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

    19) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների եւ առաջարկությունների առիթով.

    20) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

    21) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.

    22) պաշտպանյալի հաշվին, իսկ կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին ստանալ վարձատրություն:

    2. Պաշտպանն իրավունք չունի կատարել պաշտպանյալի շահերին հակասող որեւէ գործողություն: Պաշտպանը չի կարող հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ ընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը դրա կատարման մեջ: Պաշտպանն իրավունք չունի հրապարակել այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու ընթացքում, եթե դրանք կարող են օգտագործվել պաշտպանյալի շահերի դեմ:

    3. Պաշտպանն իրավունք չունի ինքնակամ դադարեցնել իր լիազորությունները որպես այդպիսին, խոչընդոտել այլ պաշտպան հրավիրելուն կամ քրեական գործով վարույթին վերջինիս մասնակցելուն: Պաշտպանն իրավունք չունի քրեական գործով վարույթին մասնակցելու իր լիազորությունները վերավստահել այլ անձի:

    4. Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի հանձնարարության՝

    1) հայտարարել հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին.

    2) հայտարարել տուժողի հետ պաշտպանյալի հաշտվելու մասին.

    3) ընդունել քաղաքացիական հայցը.

    4) հետ վերցնել պաշտպանյալի ներկայացրած բողոքը:

    5.Պաշտպանը պարտավոր է՝

    1) կասկածյալին եւ մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    2) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    3) մինչեւ ընդմիջում հայտարարելը առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը.

    4) դատական նիստում պահպանել կարգուկանոն:

    6. Պաշտպանն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

    Հոդված 74.Քաղաքացիական պատասխանողը

    1. Քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով արգելված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար:

    2. Քաղաքացիական պատասխանող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:

    Հոդված75. Քաղաքացիական պատասխանողի իրավունքները եւ պարտականությունները

    1. Քաղաքացիական պատասխանողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի՝

    1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.

    2) տալ բացատրություններ իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ.

    3) ներկայացնել նյութեր՝ քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար.

    4) հայտնել բացարկներ.

    5) հարուցել միջնորդություններ.

    6) իրեն ներկայացված հայցն ապահովելու նպատակով դատարանի դեպոզիտ մուծել դրամական միջոցներ.

    7) առարկել քրեական գործով վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    8) ծանոթանալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, քննչական եւ այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը եւ ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

    9) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել եւ գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.

    10) մասնակցել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նիստերին.

    11) դատարանի նիստում հանդես գալ ճառով եւ ռեպլիկով.

    12) իր խնդրանքով անվճար ստանալ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաեւ դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը.

    13) իրեն ներկայացված հայցի մասով բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները եւ որոշումները.

    14) հետ վերցնել իր կամ իր ներկայացուցչի ներկայացրած բողոքը.

    15) իրեն ներկայացված հայցի մասով առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

    16) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների եւ առաջարկությունների առիթով.

    17) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

    18) առարկել նախագահողի անօրինական գործողությունների դեմ.

    19) ունենալ ներկայացուցիչ եւ դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:

    2. Քաղաքացիական պատասխանողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, նաեւ իրավունք ունի՝

    1) քրեական գործով վարույթի ցանկացած պահի ընդունել հայցը.

    2) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.

    3) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաեւ իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:

    3. Քաղաքացիական պատասխանողը պարտավոր է՝

    1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    2) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաեւ նմուշներ՝ համեմատական հետազոտման համար.

    3) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    4) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

    4. Քաղաքացիական պատասխանողը կարող է կանչվել որպես վկա:

    5. Քաղաքացիական պատասխանողն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    6. Քաղաքացիական պատասխանողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում եւ իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների եւ պարտականությունների բնույթին:


    Գլուխ 9. Ներկայացուցիչներ եւ իրավահաջորդներ

    Հոդված 76. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչները

    1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ են համարվում նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում են դատավարության համապատասխան անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինական շահերը: Oրինական ներկայացուցիչ չունենալու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է նշանակում խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:

    2. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանն իրենց որոշմամբ թույլատրում են քրեական գործով վարույթին որպես համապատասխան տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ մասնակցել նրանցից յուրաքանչյուրի ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից մեկին: Ընդ որում, որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածությունն իր համաձայնության առկայության դեպքում պաշտպանում են մյուս բոլոր օրինական ներկայացուցիչները: Հակառակ դեպքում քրեական գործով վարույթին որպես օրինական ներկայացուցիչ մասնակցող անձին ընտրում է դատախազը կամ դատարանը:

    Հոդված77. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցչի իրավունքները եւ պարտականությունները

    1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի՝

    1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին, իսկ կասկածյալի օրինական ներկայացուցիչը՝ նաեւ իմանալ՝ ինչում է կասկածվում ներկայացվող անձը.

    2) իմանալ դատավարությանը ներկայացվող մասնակցին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին եւ ուղեկցել նրան.

    3) առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցել դատավարության ներկայացվող մասնակցի հետ՝ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ.

    4) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին.

    5) տալ բացատրություններ.

    6) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար.

    7) հայտնել բացարկներ.

    8) հարուցել միջնորդություններ.

    9) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    10) ծանոթանալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ դատավարությանը՝ իր կողմից ներկայացվող մասնակիցը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, քննչական եւ այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը եւ ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

    11) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել եւ գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.

    12) ստանալ մեղադրական եզրակացության պատճենը.

    13) մասնակցել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նիստերին եւ գործի նյութերի հետազոտմանը, իր կողմից ներկայացվող քաղաքացիական հայցվորի եւ մեղադրյալի համապատասխանաբար ներկայացուցչի կամ պաշտպանի բացակայության դեպքում՝ հանդես գալ ճառով եւ ռեպլիկով.

    14) իր խնդրանքով անվճար ստանալ այն որոշումների պատճենները, որոնք դատավարությանը՝ իր կողմից ներկայացվող մասնակիցը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի.

    15) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները եւ որոշումները, այդ թվում՝ դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումը՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով.

    16) հետ վերցնել իր ներկայացրած բողոքը.

    17) դատավարության՝ իր կողմից ներկայացվող մասնակցի շահերին առնչվող մասով առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

    18) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների եւ առաջարկությունների առիթով.

    19) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

    20) առարկել նախագահողի գործողությունների դեմ.

    21) իր կողմից ներկայացվող անձի համար հրավիրել համապատասխանաբար պաշտպան եւ ներկայացուցիչ, դադարեցնել իր կողմից հրավիրված պաշտպանի եւ ներկայացուցչի լիազորությունները.

    22) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաեւ իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:

    2. Անգործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը քրեական գործով վարույթի ընթացքում իրականացնում է նրանց իրավունքները, բացի այն իրավունքներից, որոնք անբաժանելի են նրանց անձից:

    3. Սահմանափակ գործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի՝

    1) դատավարությանը՝ իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի համաձայնությամբ դադարեցնել պաշտպանի լիազորությունները.

    2) իմանալ իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի մտադրության մասին՝

    հետ վերցնելու նրա նկատմամբ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելու վերաբերյալ բերված բողոքը.

    հաշտվելու տուժողի, կասկածյալի, մեղադրյալի հետ.

    հրաժարվելու իր ներկայացրած քաղաքացիական հայցից կամ ընդունելու իրեն ներկայացված քաղաքացիական հայցը.

    հետ վերցնելու նրա շահերի պաշտպանության համար ներկայացված բողոքը.

    3) համաձայնվել կամ չհամաձայնվել իր կողմից ներկայացվող անձի՝ սույն հոդվածի երրորդ մասի 2-րդ կետում թվարկված որոշումներին:

    4. Անգործունակ տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի դատավարությանը՝ իր կողմից ներկայացվող սահմանափակ գործունակ մասնակցի անունից՝

    1) հետ վերցնել նրա նկատմամբ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելու վերաբերյալ բերված բողոքը.

    2) հայտարարել հանցանքի կատարման մեջ իր կողմից ներկայացվող մեղադրյալի մեղավորության մասին.

    3) հաշտվել տուժողի, կասկածյալի, մեղադրյալի հետ.

    4) ընդունել մեղադրյալին ներկայացված հայցը եւ հրաժարվել քաղաքացիական հայցվորի ներկայացրած հայցից.

    5) հետ վերցնել դատավարությանը՝ իր կողմից ներկայացվող մասնակցի ներկայացրած բողոքը:

    5. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարել դատավարությանը՝ իր կողմից ներկայացվող մասնակցի շահերին հակասող որեւէ գործողություն, մասնավորապես՝ մեղադրյալի անունից հրաժարվել պաշտպանից:

    6. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը պարտավոր է՝

    1) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել օրինական ներկայացուցչի իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.

    2) իր կողմից ներկայացվող անձի շահերը պաշտպանելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը.

    4) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    5) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

    7. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչը կարող է կանչվել որպես վկա:

    8. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    9. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում եւ իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:

    Հոդված78. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչները

    1.Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակիցների կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու նրանց օրինական շահերը:

    2. Քրեական դատավարությունում որպես տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են մասնակցել փաստաբանները եւ դատավարությանը համապատասխան մասնակցի կողմից տրված լիազորագիր ունեցող այլ անձինք: Քրեական գործով վարույթին որպես քաղաքացիական հայցվոր կամ քաղաքացիական պատասխանող մասնակցող իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան իրավաբանական անձի ղեկավարը՝ վկայական ներկայացնելու դեպքում:

    3. Այն դեպքում, երբ անձին՝ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ ճանաչելուց հետո հայտնաբերվում է, որ բացակայում են ներկայացուցչի վիճակում անձի գտնվելու հիմքերը, քրեական վարույթն իրականացնող մարմինն իր պատճառաբանված որոշմամբ դադարեցնում է անձի մասնակցությունը վարույթին որպես ներկայացուցիչ: Ներկայացուցչի մասնակցությունը քրեական գործով վարույթին դադարում է նաեւ այն դեպքերում, եթե նրանց լիազորությունները դադարեցվում են համապատասխանաբար տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կողմից, կամ որպես այդպիսին նշանակված փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչը հրաժարվել է քրեական գործով վարույթին հետագա մասնակցությունից:

    4. Տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կարող են ունենալ մի քանի ներկայացուցիչ, սակայն քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի թույլատրել քննչական կամ այլ դատավարական գործողությանը, ինչպես նաեւ դատարանի նիստին միաժամանակ մասնակցելու միայն մեկ ներկայացուցչի:

    Հոդված79. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցչի իրավունքները եւ պարտականությունները

    1. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը քրեական գործով վարույթի ընթացքում իրականացնում է նրանց իրավունքները, բացառությամբ վերջիններիս անձից անբաժանելի իրավունքների: Լիազորողի շահերի պաշտպանության համար տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի՝

    1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.

    2) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին, գործողությունն սկսելու պահին ներկայանալիս՝ մասնակցել իր լիազորողի մասնակցությամբ իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողությանը.

    3) տալ բացատրություններ.

    4) ներկայացնել նյութեր՝ քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար.

    5) հայտնել բացարկներ.

    6) հարուցել միջնորդություններ.

    7) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    8) ծանոթանալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա կամ դատավարությանը՝ իր կողմից ներկայացվող մասնակիցը մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, քննչական եւ այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը եւ ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

    9) ստանալ մեղադրական եզրակացության պատճենը.

    10) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել եւ գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.

    11) մասնակցել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նիստերին, հանդես գալ եզրափակիչ ճառով եւ ռեպլիկով.

    12) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները եւ որոշումները, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաեւ դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումը.

    13) լիազորողի համաձայնությամբ հետ վերցնել իր ներկայացրած բողոքը.

    14) լիազորողի շահերին առնչվող մասով առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացրած կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

    15) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների եւ առաջարկությունների առիթով, ինչպես նաեւ դատարանի կողմից լուծվող այլ հարցերի կապակցությամբ.

    16) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

    17) առարկել նախագահողի գործողությունների դեմ.

    18) լիազորողի համաձայնությամբ նրա համար հրավիրել այլ ներկայացուցիչ եւ վերավստահել ներկայացուցչությունը:

    2. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը՝ իրեն տրված լիազորագրում այդ մասին հատուկ նշված դեպքերում, ինչպես նաեւ քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի շահերն ի պաշտոնե ներկայացնող, իր իրավասության սահմաններում գործող համապատասխան իրավաբանական անձի ղեկավարն իր լիազորողի անունից, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի՝

    1) հետ վերցնել իր լիազորողի նկատմամբ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելու վերաբերյալ ներկայացված բողոքը.

    2) հաշտվել կասկածյալի, մեղադրյալի հետ.

    3) հրաժարվել իր լիազորողի ներկայացրած քաղաքացիական հայցից.

    4) ընդունել իր լիազորողին ներկայացրած քաղաքացիական հայցը.

    5) ստանալ լիազորողին հատկացված գույքը:

    3. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, նաեւ իրավունք ունի իր խնդրանքով անվճար ստանալ այն որոշումների պատճենները, որոնք դատավարությանը՝ իր կողմից ներկայացվող մասնակիցը սույն օրենսգրքով ստանալու իրավունք ունի:

    4. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչն իրավունք չունի կատարել լիազորողի շահերին հակասող որեւէ գործողություն:

    5. Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը պարտավոր է՝

    1) հետեւել իր լիազորողի ցուցումներին.

    2) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել ներկայացուցչի՝ իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.

    3) ներկայացվող անձի շահերը պաշտպանելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը.

    5) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    6) դատարանի նիստում պահպանել կարգուկանոն:

    6.Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    Հոդված 80.Տուժողի իրավահաջորդը

    1. Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները եւ պարտականությունները:

    2. Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը՝ նրա խնդրանքով: Համապատասխան խնդրանքով դիմած մի քանի մերձավոր ազգականներից տուժողի իրավահաջորդի ընտրությունն իրականացնում է դատախազը կամ դատարանը:

    3. Տուժողի իրավահաջորդ ճանաչված անձն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահին դադարեցնել իր լիազորությունները:

    4. Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն եւ ունի վերջինիս իրավունքները եւ պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու եւ տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից եւ պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի եւ մեղադրյալի հետ ու հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:

    5. Տուժողի իրավահաջորդը կարող է կանչվել որպես վկա:

    6. Տուժողի իրավահաջորդն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:
     


    Գլուխ 10. Քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք

    Հոդված 81.Ընթերական

    1. Ընթերական քրեական գործով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը՝ հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը եւ արդյունքները:

    2. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ եւ ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:

    3. Ընթերական պարտավոր է՝

    1) ներկայանալ քննչական գործողություն կատարող քրեական հետապնդման մարմնի կանչով.

    2) քրեական վարույթն իրականացնող մարմնի եւ քննչական գործողություն կատարող անձի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ իր հարաբերությունների մասին.

    3) ենթարկվել քննչական գործողություն կատարող անձի օրինական կարգադրություններին.

    4) չլքել համապատասխան քննչական գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության.

    5) ստորագրել համապատասխան քննչական գործողության արձանագրությունը՝ վերջինիս մասին դիտողություններ անելով կամ առանց դրանց.

    6) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական գործողության ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

    4. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    5. Ընթերական իրավունք ունի՝

    1) սկզբից մինչեւ վերջ մասնակցել համապատասխան քննչական գործողության կատարմանը.

    2) ծանոթանալ համապատասխան քննչական գործողության արձանագրությանը.

    3) քննչական գործողության կատարման ընթացքում, ինչպես նաեւ արձանագրությանը ծանոթանալիս անել դիտողություններ, որոնք մտցվում են քննչական գործողության արձանագրության մեջ.

    4) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:

    6. Ընթերական ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    Հոդված 82. Դատական նիստի քարտուղարը

    1. Դատական նիստի քարտուղարը քրեական գործով չշահագրգռված, դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայողն է:

    2. Դատական նիստի քարտուղարը պարտավոր է՝

    1) դատարանի կամ կողմի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ իր հարաբերությունների մասին.

    2) արձանագրության մեջ լրիվ եւ ճշտորեն շարադրել դատարանի գործողությունները եւ որոշումները, միջնորդությունները, առարկությունները, ցուցմունքները, դատարանի նիստին մասնակցող բոլոր անձանց բացատրությունները, ինչպես նաեւ դատական նիստի արձանագրության մեջ արտացոլման ենթակա այլ հանգամանքներ.

    3) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում պատրաստել դատական նիստի արձանագրությունը.

    4) ենթարկվել նախագահողի օրինական կարգադրություններին.

    5) չհրապարակել դռնփակ դատական նիստի տվյալները:

    3. Դատական նիստի քարտուղարը պատասխանատվություն է կրում դատական նիստի արձանագրության լրիվության եւ ճշտության համար: Արձանագրությունը կազմելիս կաշկանդված չէ որեւէ մեկի ցուցումներով՝ կապված արձանագրության մեջ ընդգրկվող գրառումների բովանդակության հետ:

    4. Դատական նիստի քարտուղարի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    5. Դատական նիստի քարտուղարն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    Հոդված 83.Թարգմանիչը

    1. Թարգմանիչը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն իրականացնելու համար:

    2. Թարգմանիչը պետք է ազատորեն տիրապետի քրեական դատավարության լեզվին եւ այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը: Դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, պաշտպանը, ներկայացուցիչը, ինչպես նաեւ դատավարության այլ մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, փորձագետը, վկան իրավունք չունեն թարգմանիչ լինելու:

    3. Թարգմանիչ է համարվում նաեւ համրի նշանները հասկացող եւ խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:

    4. Թարգմանիչը պարտավոր է՝

    1) թարգմանություն կատարելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    2) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել թարգմանչի՝ իր որակավորումը հաստատող փաստաթղթերը.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաեւ կողմերի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի եւ համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.

    4) թարգմանությունն ապահովելու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում եւ չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.

    5) թարգմանել լրիվ, ճշտորեն եւ ժամանակին.

    6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    7) դատական նիստի ընթացքում պահպանել կարգուկանոն.

    8) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությունում թարգմանության գրառումների լրիվությունը եւ ճշտությունը, ինչպես նաեւ քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հանձնվող փաստաթղթերում թարգմանության ճշտությունը.

    9) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաեւ դռնփակ դատական նիստում իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

    5. Թարգմանչի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    6. Թարգմանիչն իրավունք ունի՝

    1) թարգմանությունը ճշգրտելու համար հարցեր տալ թարգմանության ընթացքում ներկա գտնվող անձանց.

    2) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաեւ համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը եւ թարգմանության գրառումների լրիվության եւ ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

    3) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:

    7. Թարգմանիչն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    Հոդված 84.Մասնագետը

    1. Մասնագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը նշանակում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում իր մասնագիտական հմտությունները եւ գիտելիքներն օգտագործելով աջակցելու քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս: Մասնագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:

    2. Մասնագետը պետք է տիրապետի բավարար մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների:

    3. Քրեական գործով վարույթում իրավաբանական հարցերով մասնագետ չի ներգրավվում: Մասնագետի հայտնած կարծիքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը:

    4. Մասնագետը պարտավոր է՝

    1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար.

    2) քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձին ներկայացնել իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաեւ կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի եւ համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.

    4) աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում եւ չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.

    5) օգտագործել իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն առարկաներ եւ փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու եւ վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու գործում քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձին օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ նշված անձին, քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ դատարանի նիստին ներկա գտնվող կողմերին իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցեր պարզաբանելու համար, բացատրել իր գործողությունները.

    6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    7) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն.

    8) արձանագրությունում ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ընթացքի, բովանդակության եւ արդյունքների գրառումների լրիվությունը եւ ճշտությունը.

    9) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաեւ դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

    5. Մասնագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    6. Մասնագետն իրավունք ունի՝

    1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձի թույլտվությամբ ծանոթանալ գործի նյութերին եւ հարցեր տալ ներկաներին.

    2) ներկաների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են առարկաներ եւ փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու եւ վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու, ինչպես նաեւ իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցերի բովանդակության հետ.

    3) առարկաներ եւ փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու եւ վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

    4) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաեւ համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը եւ իր մասնակցությամբ իրականացվող քննչական գործողության ընթացքի, բովանդակության եւ արդյունքների գրառումների լրիվության եւ ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

    5) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:

    7. Մասնագետն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    Հոդված 85. Փորձագետը

    1. Փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին իր համաձայնությամբ, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան՝ նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որեւէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու եւ դրա հիման վրա եզրակացություն տալու համար: Փորձագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:

    2. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որեւէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:

    3. Քրեական գործով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետ չի ներգրավվում:

    4. Փորձագետը պարտավոր է՝

    1) քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ իրեն հրավիրած անձին ներկայացնել իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը.

    2) իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավորված եւ օբյեկտիվ եզրակացություն.

    3) հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար՝ այդ մասին կազմելով եզրակացություն.

    4) եզրակացություն տալ ոչ միայն առաջադրված հարցերով, այլ նաեւ իր իրավասության շրջանակների մեջ մտնող եւ փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքներով.

    5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել փորձաքննության կատարման ծախսերի նախահաշիվ եւ կատարած ծախսերի մասին հաշվետվություն.

    6) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով՝ դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելու, ինչպես նաեւ եզրակացության բովանդակությունը պարզաբանելու համար.

    7) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաեւ կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի եւ համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.

    8) քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.

    9) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    10) դատարանի նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն.

    11) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաեւ դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

    5. Փորձագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    6. Փորձագետն իրավունք ունի՝

    1) քրեական վարույթն իրականացնող մարմնից եզրակացություն տալու համար պահանջել անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ եւ այլ նյութեր՝ համեմատական հետազոտման համար.

    2) քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ ծանոթանալ եզրակացություն տալու համար անհրաժեշտ նյութերին եւ գործի նյութերից դուրս գրել անհրաժեշտ տեղեկություններ, իր պարտականությունները պատշաճ կատարելու համար հարցեր տալ կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկաներին, ծանոթանալ փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, դրանցից դուրս գրել անհրաժեշտ տեղեկություններ.

    3) մասնակցել քննչական եւ այլ դատավարական գործողություններին, որքանով դրանք վերաբերում են փորձաքննության առարկային եւ անհրաժեշտ են եզրակացություն տալու համար.

    4) դատարանի եւ դատավարության մասնակիցների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են փորձաքննության առարկայի եւ փորձագետին առաջադրվող հարցերի ձեւակերպման հետ.

    5) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաեւ համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը եւ արձանագրության մեջ իր գործողությունների եւ բանավոր եզրակացության գրառումների լրիվության եւ ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

    6) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.

    7. Փորձագետն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

    Հոդված 86. Վկան

    1. Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ հանգամանք:

    2. Որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել՝

    1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետեւանքով ունակ չեն ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները.

    2) փաստաբանները՝ պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ.

    3) անձինք, որոնց տվյալ քրեական գործին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել քրեական գործով որպես պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ մասնակցելու կապակցությամբ.

    4) դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը եւ դատական նիստի քարտուղարը՝ կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների եւ չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի.

    5) ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը՝ խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին:

    3. Վկան պարտավոր է՝

    1) ցուցմունքներ տալու, քննչական եւ այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

    2) տալ ճշմարտացի ցուցմունքներ՝ հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը եւ պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, դատական նիստի արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաեւ նմուշներ՝ համեմատական հետազոտման համար.

    4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.

    5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը.

    6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի կարգադրություններին.

    7) չմեկնել այլ վայր՝ առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու.

    8) առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը.

    9) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:

    4. Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    5. Վկան իրավունք ունի՝

    1) իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում.

    2) հրաժարվել իրեն, ամուսնուն կամ իր մերձավոր ազգականներին հանցանքի կատարման մեջ մերկացնող ցուցմունքներ տալուց.

    3) հրաժարվել նյութեր եւ տեղեկություններ ներկայացնելուց, եթե դրանք քրեական գործով կարող են վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ.

    4) ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից եւ իր գրավոր նշումներից.

    5) ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ եւ գծանկարներ.

    6) անձամբ շարադրել մինչդատական վարույթի ընթացքում տրվող իր ցուցմունքները.

    7) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաեւ համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը եւ իր ցուցմունքների գրառումների լրիվության եւ ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

    8) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.

    9) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:

    Հոդված 87. Վկայի օրինական ներկայացուցչի մասնակցությունը քննչական եւ այլ դատավարական գործողություններին

    1. 14 տարին չլրացած վկայի օրինական ներկայացուցիչը, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ՝ նաեւ առավել բարձր տարիքի անչափահասի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի իմանալ ներկայացվող անձին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին եւ մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողությանը՝ ուղեկցելով նրան:

    2. Մասնակցելով քննչական կամ այլ դատավարական գործողությանը՝ վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի՝

    1) հարուցել միջնորդություններ.

    2) առարկել քրեական գործով վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

    3) առարկել դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.

    4) ծանոթանալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է մինչդատական վարույթի ընթացքում եւ դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ, քննչական եւ այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն:

    3. Քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելիս վկայի օրինական ներկայացուցիչը պարտավոր է՝

    1) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

    2) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:
     

    Գլուխ 11. Անձանց բացարկելը եւ նրանց ազատելը քրեական դատավարությանը մասնակցելուց
    Հոդված 88. Բացարկները, ինքնաբացարկները եւ գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունները

    1. Բացարկները, ինքնաբացարկները եւ գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունները հայտարարվում են քրեական դատավարությանը համապատասխան անձանց մասնակցությունը բացառող հանգամանքների հիման վրա:

    2. Դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, պաշտպանը, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, որոնց հայտնի են քրեական դատավարությանն իրենց մասնակցությունը բացառող հանգամանքներ, պարտավոր են դրանց մասին հայտնել դատավարության շահագրգռված մասնակիցներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ նրանք կասկածում են իրենց մասնակցությամբ գործի նորմալ քննության հնարավորությանը՝ հայտարարել ինքնաբացարկ կամ գործով վարույթից իրենց հեռացնելու մասին միջնորդություն:

    3. Դատավարության մասնակիցն իրավունք ունի դատախազին, քննիչին, հետաքննության մարմնի աշխատակցին քրեական գործով վարույթի ցանկացած պահի բացարկ հայտնել: Դատավորին բացարկ կարող է հայտնվել միայն մինչեւ դատաքննությունը սկսվելը, իսկ դրա սկսվելուց հետո, եթե բացարկ հայտնած դատավարության մասնակցին քրեական գործով վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքը հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո:

    4. Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի իր իրավասության սահմաններում լուծել հայտնված բացարկների, ինքնաբացարկների եւ գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունների հարցը կամ քրեական դատավարությանը համապատասխան անձի մասնակցությունը բացառող հանգամանքներ հայտնաբերելու դեպքում՝ սեփական նախաձեռնությամբ հեռացնել նրան քրեական գործով վարույթին մասնակցելուց: Այլ անձանց հայտնված բացարկները լուծելու համար իրավասու անձին հայտնված բացարկը պետք է լուծվի առաջնահերթության կարգով:

    5. Այն դեպքում, երբ գործով վարույթին մի քանի անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների պատճառով, քրեական գործով վարույթից պետք է հեռացվեն այն անձինք, որոնք մյուսներից ուշ են ձեռք բերել դատավորի կամ դատավարության մասնակցի իրավավիճակ: Եթե ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերություններով կապված անձինք հայտնվել են դատարանի կազմում, քրեական գործով վարույթից հեռացվելու ենթակա անձին ընտրում է նախագահողը:

    Հոդված 89. Քրեական դատավարությանը մասնակցելուց ազատելը

    Դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, որոնց մասնակցությունը քրեական գործով վարույթին չի բացառվում որեւէ հանգամանքով, կարող են վարույթն իրականացնող մարմնի կողմից, իրենց խնդրանքով, ազատվել դրան մասնակցելուց՝

    1) հաշվի առնելով իրենց պարտքը կատարելուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայությունը.

    2) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

    Հոդված 90.Դատավորին բացարկելը

    1. Դատավորը ենթակա է բացարկման, եթե՝

    1) օրենքով համապատասխան գործը քննելու համար պատշաճ դատավորը չէ.

    2) հանդես է եկել որպես կողմ, նրա օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ, կողմի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի ազգականն է, կողմի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի հետ գտնվում է անձնական կախվածության այլ հարաբերություններում.

    3) համապատասխան գործով վարույթին մասնակցել է որպես ընթերակա, դատական նիստի քարտուղար, թարգմանիչ, մասնագետ, փորձագետ, կանչվել է կամ կարող է կանչվել որպես վկա.

    4) կան այլ հանգամանքներ, որոնք հիմք են տալիս համարելու, որ նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է տվյալ գործով:

    2. Մինչդատական վարույթում, առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը: Դատավորի կողմից գործը դատական քննության նախապատրաստելն առաջին ատյանի դատարանի կազմում համապատասխան գործի հետագա քննությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի դատավորի մասնակցությունը գործի քննությանը, վճռաբեկ դատարանում նույն գործի քննությանը նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:

    3. Դատարանի կազմում չեն կարող ընդգրկվել ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք:

    4. Դատավորի բացարկման հարցը լուծում է՝

    1) գործը քննող դատավորը՝ քրեական գործը դատավորի կողմից միանձնյա քննելու ժամանակ.

    2) դատավորների կոլեգիան՝ առանց բացարկվող դատավորի մասնակցության՝ քրեական գործը դատարանի կողմից դատավորների կոլեգիալ կազմով քննելու ժամանակ:

    5.Այն դատավորին հայտնված բացարկը, որը պետք է նախագահի առաջին ատյանի դատարանում մեկ դատավորի կազմով գործը քննելիս, կամ նրա ինքնաբացարկը կարող է նախքան դատական նիստն սկսվելը լուծել համապատասխան դատարանի նախագահը:

    6. Այն դեպքում, երբ դատավորը ինքնաբացարկի հիմք է հայտնաբերում դատական նիստի նախապատրաստման ընթացքում, որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին:

    Հոդված 91. Դատախազին բացարկելը

    1. Դատախազը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե՝

    1) առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը.

    2) համապատասխան քրեական գործը կամ նյութը քննող դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:

    2. Դատախազի մասնակցությունը քրեական գործի քննությանը, ինչպես նաեւ դատական նիստում նրա կողմից մեղադրանքը պաշտպանելը համապատասխան քրեական գործով վարույթին որպես դատախազ նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:

    3. Դատախազին հայտնված բացարկը լուծում է վերադաս դատախազը, իսկ դատական նիստին մասնակցելիս՝ համապատասխան դատարանը:

    Հոդված 92. Քննիչին կամ հետաքննության մարմնի աշխատակցին բացարկելը

    1. Քննիչը կամ հետաքննության մարմնի աշխատակիցը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը:

    2. Համապատասխան քրեական գործով նախկինում կատարված քննությանը որպես քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, ինչպես նաեւ դատախազ մասնակցելը տվյալ գործով վարույթին նրանց հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքերից, երբ բացահայտվել են գործով՝ նրանց կողմից թույլ տրված օրենքի էական խախտումներ:

    3. Քննիչին կամ հետաքննության մարմնի աշխատակցին հայտնված բացարկը լուծում է քննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կամ վերադաս դատախազը:

    Հոդված 93. Պաշտպանին եւ ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելը

    1. Պաշտպանը կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե՝

    1) գտնվում է ազգակցական կամ անձնական, ծառայողական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է քրեական գործի քննությանը.

    2) գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, մասնագետ, փորձագետ կամ վկա.

    3) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փաստաբան կամ ներկայացուցիչ:

    2. Պաշտպանը, ինչպես նաեւ տուժողի, քաղաքացիական հայցվորի եւ քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող պաշտպանյալի կամ վստահորդի կողմից մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են պաշտպանյալի կամ վստահորդի շահերին, ինչպես նաեւ այդ անձի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:

    3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով պաշտպանին հեռացնելը թույլատրվում է միայն պաշտպանյալի համաձայնությամբ:

    4. Պաշտպանին եւ ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու հարցը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

    Հոդված 94. Ընթերակային բացարկելը

    1. Ընթերական չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը, ինչպես նաեւ, եթե նա օրենքով իրավունք չունի լինելու ընթերակա:

    2. Ընթերական չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե գտնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից անձնական կամ ծառայողական կախվածության մեջ:

    3. Ընթերակայի նախկին մասնակցությունը քննչական գործողությանը տվյալ քրեական գործով այլ քննչական գործողությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքերից, երբ որեւէ ընթերակայի մասնակցությունը կրում է պարբերական բնույթ:

    4. Ընթերակային հայտնված բացարկի հարցը լուծում է քննչական գործողություն կատարող անձը:

    Հոդված 95. Դատական նիստի քարտուղարին բացարկելը

    1. Դատական նիստի քարտուղարը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե՝

    1) առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը.

    2) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու դատական նիստի քարտուղար.

    3) դատավորի հետ գտնվում է ազգակցական հարաբերությունների մեջ.

    4) հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը:

    2. Որպես դատական նիստի քարտուղար՝ անձի նախորդ մասնակցությունը դատական քննությանը դատական նիստերին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:

    3. Դատական նիստի քարտուղարին հայտնված բացարկը լուծում է դատարանը:

    Հոդված 96. Թարգմանչին կամ մասնագետին բացարկելը

    1. Թարգմանիչը կամ մասնագետը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե՝

    1) առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը.

    2) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու թարգմանիչ կամ մասնագետ.

    3) դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ.

    4) գտնվում է կողմից, նրա օրինական ներկայացուցչից կամ ներկայացուցչից ծառայողական կախվածության մեջ.

    5) հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը:

    2.Որպես թարգմանիչ կամ մասնագետ՝ անձի նախորդ մասնակցությունը գործին, քրեական գործով վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ:

    3. Թարգմանչին կամ մասնագետին հայտնված բացարկը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

    Հոդված 97. Փորձագետին բացարկելը

    1. Փորձագետը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե՝

    1) առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը.

    2) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փորձագետ.

    3) դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական, ծառայողական կամ այլ կախվածության հարաբերությունների մեջ.

    4) գտնվում է կողմից, նրա օրինական ներկայացուցչից կամ ներկայացուցչից ծառայողական կախվածության մեջ.

    5) անցկացրել է ստուգումներ կամ կատարել այլ ստուգողական գործողություններ, որոնց արդյունքները հիմք են ծառայել քրեական գործ հարուցելու համար.

    6) հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը:

    2. Որպես փորձագետ՝ անձի նախորդ մասնակցությունը գործին քրեական գործով վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքերից, երբ նրա եզրակացության ճշտության վերաբերյալ ծագած կասկածի հիման վրա կատարվում է կրկնակի փորձաքննություն:

    3. Փորձագետին հայտնված բացարկը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
     


    Գլուխ 12.  Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը

    Հոդված 98. Տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների եւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցներ ձեռնարկելու պարտականությունը

    1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ տուժողը, վկան, մեղադրյալը, պաշտպանը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը քրեական օրենքով արգելված ոտնձգությունից պաշտպանվելու կարիք ունի, այդ անձանց խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է նրանց պաշտպանության անհրաժեշտ միջոցներ՝ կայացնելով համապատասխան որոշում: Պաշտպանության միջոցներ պարտադիր կիրառվում են, եթե քրեական դատավարությանը մասնակցող անձին կամ նրա մերձավոր ազգականներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ կամ գույքը ոչնչացնելով կամ նրա նկատմամբ կիրառել են բռնի գործողություններ՝ կապված քրեական գործով վարույթին նրա մասնակցության հետ:

    2. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին քրեական դատավարությանը մասնակցող անձի պահանջը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին եւ նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:

    3. Դիմողն իրավունք ունի պաշտպանության միջոցներ ձեռնարկելուց հրաժարվելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում այն բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը պահանջով դիմելու պահից 7 օրվա ընթացքում չի ստացվել՝ դիմել դատարան՝ պաշտպանության միջոցներ սահմանելու մասին պահանջով:

    4. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելուց հրաժարումը քրեական դատավարությանը մասնակցող անձին չի խոչընդոտում կրկին դիմելու նշված միջոցներ ձեռնարկելու մասին պահանջով, եթե նորից ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման, կամ ի հայտ են եկել պահանջում չարտացոլված այլ հանգամանքներ:

    Հոդված 99. Տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների եւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցները

    1. Տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների եւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցներն են՝

    1) դատարանի կամ դատախազի պաշտոնական նախազգուշացումն այն անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մասին, որը սպառնացել է բռնությամբ կամ քրեական օրենքով արգելված այլ արարքով.

    2) պաշտպանվող անձի մասին տեղեկությունների մատչելիության սահմանափակումը.

    3) պաշտպանվող անձի անվտանգության ապահովումը:

    2. Անձը, որը ենթարկվում է պաշտոնական նախազգուշացման, կանչվում է դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի մոտ, որը նրան հայտարարում է պաշտոնական նախազգուշացումը: Պաշտոնական նախազգուշացման մասին արձանագրությունն ստորագրում է նախազգուշացվող անձը:

    3. Պաշտպանվող անձի մասին տեղեկությունների մատչելիության սահմանափակման դեպքում քրեական գործի նյութերից հանվում են նրա մասին բոլոր տեղեկությունները եւ պահվում հիմնական վարույթից առանձին: Հիմնական վարույթից առանձնացված նյութերին ծանոթանալը մատչելի է միայն դատարանին եւ քրեական հետապնդման մարմիններին, իսկ դատավարության մյուս մասնակիցները դրան կարող են ծանոթանալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եթե դա անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որեւէ հանգամանք պարզելու համար:

    4. Պաշտպանվող անձի անվտանգության ապահովումն իրականացվում է հետեւյալ միջոցներից մեկի կամ մի քանիսի կիրառմամբ՝

    1) պաշտպանվող անձին կամ նրա ազգականին անձնական պահպանության տակ վերցնելով.

    2) պաշտպանվող անձին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող բնակարանը կամ գույքը պահպանելով.

    3) պաշտպանվող անձին ժամանակավորապես այնպիսի վայր տեղավորելով, որտեղ ապահովված է նրա անվտանգությունը.

    4) կալանքի տակ գտնվող անձին այնպիսի շինություն տեղափոխելով, որտեղ ապահովված է նրա անվտանգությունը:

    5. Պաշտպանության միջոցները դադարեցվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ, եթե վերանում է դրանց անհրաժեշտությունը: Պաշտպանվող անձը պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից անհապաղ տեղեկացվի իր պաշտպանության միջոցները դադարեցնելու կամ, բացի քրեական հետապնդման մարմնի պաշտոնատար անձանցից, քրեական գործով վարույթին մասնակցող որեւէ այլ անձի իր մասին տվյալները հայտնի դառնալու վերաբերյալ:
     


    Գլուխ 13. Եզրափակիչ դրույթներ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մասին

    Հոդված 100. Դատավարության մասնակից ճանաչելու պահանջի իրավունքը

    1. Դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ:

    2. Տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ ճանաչելու մասին անձի պահանջը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվում է դիմողը՝ նրան ուղարկելով համապատասխան որոշման պատճենը:

    3. Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան՝ իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով:

    4. Մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած անձի մերձավոր ազգականը կարող է պահանջել նշված անձին ճանաչելու տուժող, եթե դիմողը ցանկանում է լինել նրա իրավահաջորդը: Նշված պահանջը քննության է առնվում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով սահմանված կարգով:

    Հոդված 101. Դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների եւ պարտականությունների պարզաբանումը, դրանց իրականացման հնարավորության ապահովումը

    1.Դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները եւ պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետեւանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը:

    2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները եւ պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը:

    3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարության մասնակիցներին հայտնել այն անձանց անունները, ազգանունները եւ նրանց մասին այլ անհրաժեշտ տվյալներ, որոնց կարող է բացարկ հայտնվել:

    4. Դատավարության մասնակցի կարգավիճակ ձեռք բերած անձին նրա իրավունքները եւ պարտականությունները պարտադիր պարզաբանվում են նախքան նրա մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններն սկսվելը եւ նրա կողմից՝ որպես դատավարության մասնակից որեւէ դիրքորոշում արտահայտելը: Դատարանը պարտավոր է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին պարզաբանել նրա իրավունքները եւ պարտականությունները՝ անկախ դրանց քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում պարզաբանումից:

    5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը եւ քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձը պարտավոր են ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին, վկային նրանց մասնակցությամբ կատարվող յուրաքանչյուր քննչական կամ այլ դատավարական գործողություն սկսվելուց առաջ պարզաբանել նրանց իրավունքները եւ պարտականությունները: Վկային նրա իրավունքները եւ պարտականությունները կարող է մեկ անգամ պարզաբանվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ նրա առաջին հարցաքննությունից առաջ, եւ կրկին ՝ դատական նիստում:

    Հոդված 102. Միջնորդությունների եւ պահանջների՝ քննության առնելու պարտադիր լինելը

    1. Կողմերի միջնորդությունները, ինչպես նաեւ քրեական դատավարությանը մասնակցող անձանց պահանջները պետք է մտցվեն դատական նիստի կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունները եւ պահանջները՝ կցվեն քրեական գործի նյութերին:

    2. Միջնորդությունները եւ պահանջները պետք է քննության առնվեն եւ լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը թողնվում է առանց քննության:

    3. Միջնորդության եւ պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Միջնորդության կամ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես տեղյակ է պահում դիմողին:

    4. Միջնորդության կամ պահանջի մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության եւ պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը:

    Հոդված 103. Դատավարական գործողությունների եւ որոշումների բողոքարկման ազատությունը

    1. Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները եւ որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի եւ հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները եւ որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները եւ գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները եւ որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

    2. Բողոքները կարող են լինել գրավոր, իսկ նրանց գրավոր ձեւը սույն օրենսգրքով հատուկ նախատեսված չլինելու դեպքում՝ նաեւ բանավոր: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բանավոր բողոքը մտցնում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում առանձին արձանագրություն:

    3. Բողոքները քրեական դատավարությանը մասնակցող անձինք տալիս են անձամբ կամ քրեական վարույթն իրականացնող այն մարմնի միջոցով, որի գործողությունները կամ որոշումները բողոքարկվում են: Իր կամ այլ անձանց գործողությունների կամ որոշումների դեմ բողոքն ընդունող դատարանը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են անմիջապես, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ, բողոքն ուղարկել ըստ ենթակայության:

    4. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը:

    5. Դատավարության մասնակցի բողոքը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, բայց ոչ ուշ, քան այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Սույն օրենսգրքով կարող են նախատեսվել բողոքների քննության նաեւ այլ ժամկետներ:

    6. Բողոքը կարող է թողնվել առանց քննության եւ վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին:

    7. Յուրաքանչյուր դատապարտյալ ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի եւ որոշման վերանայման իրավունք:

    8. Յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, դիմել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջպետական մարմիններին, եթե սպառված են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության բոլոր միջոցները:

    9. Բողոք տված անձն իրավունք ունի հետ վերցնել այն: Կասկածյալը եւ մեղադրյալն իրավունք ունեն հետ վերցնել իր պաշտպանի բողոքը, քաղաքացիական հայցվորը, տուժողը կամ քաղաքացիական պատասխանողն իրավունք ունի հետ վերցնել իր ներկայացուցչի բողոքը, բացի օրինական ներկայացուցչի բողոքից: Կասկածյալի կամ մեղադրյալի շահերի պաշտպանության համար ներկայացված բողոքը կարող է հետ վերցվել միայն նրա համաձայնությամբ: Բողոքը հետ վերցնելը չի խոչընդոտում նախքան սահմանված ժամկետները լրանալը դրա կրկին ներկայացնելուն, բացի սույն օրենսգրքով նախատեսված դեպքերից:

    10. Քրեական վարույթն իրականացնող մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է պատճառաբանված որոշում, որի մասին տեղյակ է պահվում բողոք տված անձին:
     


    ԲԱԺԻՆ IV

    ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

    Գլուխ 14. Ապացույցների հասկացությունը, նշանակությունը եւ օգտագործումը

    Հոդված 104. Ապացույցների հասկացությունը

    1. Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը եւ մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաեւ գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

    2. Քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են՝

    1) կասկածյալի ցուցմունքները.

    2) մեղադրյալի ցուցմունքները.

    3) տուժողի ցուցմունքները.

    4) վկայի ցուցմունքները.

    5) դատապարտյալի ցուցմունքները.

    6) փորձագետի եզրակացությունը.

    7) իրեղեն ապացույցները.

    8) քննչական եւ դատական գործողությունների արձանագրությունները.

    9) այլ փաստաթղթերը:

    3. Քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:

    Հոդված 105. Որպես ապացույց չթույլատրվող նյութերը

    1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել՝

    1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաեւ այլ անօրինական գործողություններով.

    2) կասկածյալի եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքի, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների՝ սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.

    3) տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.

    4) բացարկման ենթակա անձի մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ պետք է իմանար քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին.

    5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.

    6) այն անձից, որն ունակ չէ ճանաչել փաստաթուղթը կամ այլ առարկան, հաստատել դրա իսկությունը, հայտնել դրա առաջացման եւ ստացման հանգամանքների մասին.

    7) անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից.

    8) ժամանակակից գիտական պատկերացումներին հակասող մեթոդների կիրառման արդյունքում:

    2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսեւորվելով մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կամ սույն օրենսգրքի որեւէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին՝ օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որեւէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

    3. Մեղադրանքի կողմի թույլ տված քրեադատավարական օրենքի պահանջների խախտման հետեւանքով ապացուցողական նշանակությունը կորցնելու ենթակա նյութը պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրվել որպես ապացույց: Այդպիսի ապացույցը թույլատրվում է միայն համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ:

    Հոդված 106. Ապացույցի օգտագործման անթույլատրելիության հաստատումը

    1.Փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, ինչպես նաեւ վարույթում դրանց սահմանափակ օգտագործման հնարավորությունը հաստատում է վարույթն իրականացնող մարմինը՝ սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:

    2. Ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունն ընկած է այն ձեռք բերող կողմի վրա: Եթե ապացույցը ձեռք բերելիս պահպանվել են սույն օրենսգրքի բոլոր պահանջները, ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունը կրում է դրա թույլատրելիությունը վիճարկող կողմը:

    Հոդված 107.Ապացուցման ենթակա հանգամանքները

    Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում՝

    1) դեպքը եւ հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը եւ այլն).

    2) կասկածյալի եւ մեղադրյալի առնչությունը դեպքին.

    3) հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.

    4) անձի մեղավորությունը քրեական օրենքով արգելված արարքը կատարելու մեջ.

    5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.

    6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

    Հոդված 108. Որոշակի ապացույցների առկայությամբ հաստատվող հանգամանքները

    Քրեական գործով վարույթում ստորեւ նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետեւյալ ապացույցները նախապես ստանալով եւ հետազոտելով՝

    1) մահվան պատճառը եւ առողջությանը հասցված վնասի բնույթը՝ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը .

    2) հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետեւանքով մեղադրյալի ունակ չլինելը դեպքի պահին գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը եւ նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք՝ դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը.

    3) վկայի կամ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները՝ դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունը.

    4) գործի համար նշանակություն ունենալու դեպքում՝ տուժողի, կասկածյալի, մեղադրյալի որոշակի տարիքի հասնելը՝ տարիքի մասին փաստաթուղթը, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատաբժշկական եւ դատահոգեբանական բնագավառների փորձագետների եզրակացությունները .

    5) կասկածյալի եւ մեղադրյալի մոտ նախկին դատվածության առկայությունը եւ նրան որոշակի պատիժ նշանակելը՝ համապատասխան տեղեկանքը, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ դատարանի դատավճռի պատճենը:
     


    Գլուխ 15. Ապացույցների տեսակները

    Հոդված 109. Կասկածյալի ցուցմունքները

    1. Կասկածյալի ցուցմունքները՝ մինչդատական վարույթում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձեւով նրա հաղորդած տվյալներն են:

    2. Կասկածյալն իրավունք ունի ցուցմունքներ տալ կասկածանքի առիթով, ինչպես նաեւ ապացույցների, գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի այլ հանգամանքների մասին:

    Հոդված 110. Մեղադրյալի ցուցմունքները

    1. Մեղադրյալի ցուցմունքները՝ մինչդատական վարույթում, ինչպես նաեւ դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձեւով նրա հաղորդած տվյալներն են:

    2. Մեղադրյալն իրավունք ունի ցուցմունքներ տալ իրեն առաջադրված մեղադրանքի առիթով, ինչպես նաեւ ապացույցների, գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի այլ հանգամանքների մասին:

    Հոդված 111. Տուժողի ցուցմունքները

    1. Տուժողի ցուցմունքները՝ մինչդատական վարույթում, ինչպես նաեւ դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձեւով նրա հաղորդած տվյալներն են:

    2. Տուժողը կարող է հարցաքննվել գործով ապացուցման ենթակա ցանկացած հանգամանքի, ինչպես նաեւ կասկածյալի, մեղադրյալի հետ իր հարաբերությունների մասին: Տուժողի հաղորդած տվյալները չեն կարող ծառայել որպես ապացույց, եթե նա չի նշում դրանց ստացման աղբյուրը:

    Հոդված 112. Վկայի ցուցմունքները

    1. Վկայի ցուցմունքները՝ մինչդատական վարույթում, ինչպես նաեւ դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձեւով նրա հաղորդած տվյալներն են:

    2. Վկան կարող է հարցաքննվել գործին վերաբերող ցանկացած հանգամանքի, այդ թվում՝ մեղադրյալի, տուժողի, այլ վկաների հետ իր հարաբերությունների մասին: Վկայի հաղորդած տվյալները չեն կարող ծառայել որպես ապացույց, եթե նա չի նշում դրանց ստացման աղբյուրը:

    Հոդված 113. Դատապարտյալի ցուցմունքները

    1. Դատապարտյալի ցուցմունքները՝ մինչդատական վարույթում, ինչպես նաեւ դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձեւով նրա հաղորդած տվյալներն են:

    2. Դատապարտյալն իրավունք ունի ցուցմունքներ տալ գործի այն հանգամանքների մասին, որոնք ապացուցված են իր նկատմամբ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Հոդված 114. Փորձագետի եզրակացությունը

    1. Փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որեւէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ գրավոր հիմնավորված հետեւություններն են իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է՝ գործի համապատասխան նյութերը հետազոտելով:

    2. Փորձագետը կարող է հարցաքննվել իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ:

    3. Փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը:

    Հոդված 115. Իրեղեն ապացույցները

    1. Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները եւ մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել :

    2. Առարկան իրեղեն ապացույց է ճանաչվում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

    3. Դատարանն առարկային իրեղեն ապացույցի նշանակություն է տալիս միայն այն դեպքում, եթե դրա մանրամասն նկարագրությամբ, կնքելով եւ այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է առարկան փոխելու, առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը, կամ եթե դատարանում հետազոտվելուց անմիջապես առաջ այն ճանաչել են կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան:

    Հոդված 116. Իրեղեն ապացույցների եւ այլ առարկաների պահպանումը

    1. Իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ, իսկ մեծածավալության դեպքում՝ կարող են հանձնվել հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ առանձին անձանց պատասխանատու պահպանմանը:

    2. Քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները եւ քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը եւ արժեթղթերը, որոնք համապատասխան քրեական գործով վարույթում կարող են ճանաչվել իրեղեն ապացույց, զննվելուց անմիջապես հետո, իրենց անհատական հատկանիշներով գործի համար նշանակություն չունենալու դեպքում, պետք է պահպանության համար հանձնվեն պետական բանկի հիմնարկներին:

    3. Իրեղեն ապացույցները եւ առգրավված այլ առարկաները, բացառությամբ շուտ փչացող առարկաների, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իրեղեն ապացույցների տնօրինման մասին որոշումը կարող է ընդունվել նախքան քրեական գործով վարույթի ավարտը:

    4. Եթե գործին որպես իրեղեն ապացույց կցված առարկայի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, տվյալ առարկան պահվում է մինչեւ քաղաքացիական գործով վճիռն ուժի մեջ մտնելը:

    Հոդված 117. Քրեական գործով վարույթում առարկաների պահպանության ապահովումը

    1. Առարկաները պահելիս եւ փոխադրելիս պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանք զերծ մնան կորստից, վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց:

    2. Գործն ուղարկելիս ուղեկցող նամակում եւ մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում թվարկվում են քրեական գործին կցված եւ նրա հետ ուղարկվող բոլոր առարկաները, ինչպես նաեւ նշվում են գործին չկցված իրեղեն ապացույցների գտնվելու տեղերը: Իրեղեն ապացույցները դատարան են ուղարկվում փաթեթավորված եւ կնքված վիճակում:

    3. Առարկաներն ստանալիս դրանք համեմատվում են ուղեկցող նամակում կամ մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում առկա տվյալների հետ: Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դրա մասին կազմվում է արձանագրություն: Փաթեթավորված եւ կնքված իրեղեն ապացույցները բացվում եւ հետազոտվում են միայն դատաքննության ընթացքում:

    Հոդված 118. Նախքան քրեական գործով վարույթի ավարտն իրեղեն ապացույցների մասին ընդունվող որոշումները

    1. Նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձնում՝

    1) շուտ փչացող առարկաները.

    2) առօրյա կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ այն առարկաները, որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել.

    3) թռչունները եւ տնային կենդանիները, ավտոմեքենան կամ տրանսպորտային այլ միջոցը, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ:

    2. Սույն հոդվածի առաջին մասում նշված առարկաների սեփականատերը կամ օրինական տիրապետողը հայտնի չլինելու կամ վերոհիշյալ իրեղեն ապացույցները վերադարձնելն այլ պատճառներով անհնարին լինելու դեպքում դրանք հանձնվում են համապատասխան կազմակերպություններին՝ պահելու, խնամելու կամ իրացնելու համար:

    Հոդված 119. Քրեական գործով վարույթն ավարտելիս իրեղեն ապացույցների մասին ընդունվող որոշումները

    1. Դատարանի դատավճռում, ինչպես նաեւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետեւյալ կանոնների պահպանմամբ՝

    1) հանցագործության գործիքները, ինչպես նաեւ շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում եւ հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում՝ ոչնչացվում են.

    2) արժեք չներկայացնող իրերը ոչնչացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ շահագրգռված անձանց միջնորդության դեպքում՝ կարող են հանձնվել նրանց.

    3) դրամը, այլ արժեքները եւ մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության կամ օրենքով արգելված այլ գործողությունների հետեւանքով, հանձնվում են տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին.

    4) հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները եւ մյուս առարկաները դատարանի դատավճռով ուղղվում են դատական ծախսերի հատուցմանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, իսկ եթե հայտնի չէ վնաս կրած անձը, որպես եկամուտ՝ հանձնվում են պետությանը.

    5) իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերը պահվում են գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում, կամ հանձնվում են շահագրգիռ կազմակերպություններին եւ քաղաքացիներին:

    Հոդված 120. Առարկաների փչացման, ոչնչացման կամ կորստի հետեւանքները

    1. Փորձաքննության կամ այլ օրինաչափ գործողությունների արդյունքում փչացած, ոչնչացած կամ կորած իրերի արժեքը մտնում է դատական ծախսերի մեջ:

    2. Արդարացման դատավճիռ կայացնելիս, ինչպես նաեւ քրեական գործի վարույթը սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում եւ երկրորդ մասում նշված հիմքերով կարճելիս փորձաքննության կամ այլ օրինաչափ գործողությունների հետեւանքով փչացած կամ կորած իրերի արժեքը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձվում պետական բյուջեի միջոցների հաշվին:

    Հոդված 121. Քննչական եւ դատական գործողությունների արձանագրությունները

    1. Քննչական եւ դատական գործողությունների արձանագրությունները սույն օրենսգրքով նախատեսված գրավոր կազմված փաստաթղթեր են, որոնք հաստատում են քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից անմիջականորեն ընկալված, քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները:

    2. Որպես ապացույց կարող են օգտագործվել սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կատարված հետեւյալ քննչական եւ դատական գործողությունների արձանագրությունները.

    1) զննության.

    2) քննման.

    3) ճանաչման ներկայացնելու.

    4) արտաշիրիմման.

    5) առգրավման.

    6) խուզարկության.

    7) գույքի վրա կալանք դնելու.

    8) նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումները վերահսկելու.

    9) հեռախոսային խոսակցությունները լսելու.

    10) նմուշներ ստանալու.

    11) քննչական փորձարարության:

    3. Որպես ապացույց կարող են օգտագործվել նաեւ կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ ընդունված բանավոր հայտարարությունների, մեղայականով ներկայանալու, ձերբակալման, անձանց իրավունքների եւ պարտականությունների պարզաբանման առիթով կազմված արձանագրությունները:

    4. Քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաեւ ընթերակայի եւ այլ անձանց ցուցմունքներով:

    Հոդված 122. Այլ փաստաթղթեր

    1. Փաստաթուղթ է թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձեւով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները:

    2. Սույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասում նշված հատկանիշներ պարունակող փաստաթղթերը կարող են ծառայել նաեւ որպես իրեղեն ապացույցներ:

    3. Այլ փաստաթղթերն ապացույց են ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

    Հոդված 123. Փաստաթղթերը կցելը, պահպանելը եւ վերադարձնելը

    1. Փաստաթուղթը քրեական գործի նյութերին կցվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից եւ պահվում է գործի հետ՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:

    2. Այն դեպքում, երբ առգրավված եւ գործին կցված փաստաթղթերն օրինական տիրապետողին անհրաժեշտ են ընթացիկ հաշվառման, հաշվետվության եւ այլ օրինաչափ նպատակների համար, նրան հնարավորություն է ընձեռվում ժամանակավոր օգտագործման համար ստանալ այդ փաստաթղթերը կամ դրանցից պատճեններ հանել:

    3. Դատարանի դատավճիռը կամ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո գործում առկա փաստաթղթերի բնօրինակները՝ դրանց օրինական տիրապետողների խնդրանքով, վերադարձվում են նրանց: Այս դեպքում գործում պետք է մնա փաստաթղթի պատճենը, որի ճշտությունը հաստատում է քննիչը, դատախազը կամ դատարանը:

    Գլուխ 16. Ապացուցումը

    Հոդված 124. Ապացուցումը

    1. Ապացուցումը՝ գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը եւ գնահատելն է:

    2. Մեղադրյալի մեղքի եւ պատասխանատվությունը խստացնող հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը կրում են քրեական հետապնդման մարմինները:

    Հոդված 125. Ապացույցներ հավաքելը

    Ապացույցները հավաքվում են հետաքննության, նախաքննության եւ դատական քննության ընթացքում՝ սույն օրենսգրքով նախատեսված քննչական եւ դատական գործողությունների կատարման ճանապարհով:

    Հոդված 126. Ապացույցների ստուգումը

    Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով:

    Հոդված127. Ապացույցների գնահատումը

    1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

    2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:
     


    ԲԱԺԻՆ V

    ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

    Գլուխ 17. Ձերբակալումը

    Հոդված 128. Ձերբակալման հասկացությունը

    1. Ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, նրան հետաքննության մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը եւ այդ մասին նրան հայտարարելն է՝ օրենքով որոշված վայրերում եւ պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:

    2. Ձերբակալել կարելի է միայն՝

    1) անձին, որը կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ՝ կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձեւով.

    2) կիրառված խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին:

    3. Ձերբակալումը կատարվում է՝

    1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.

    2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:

    Հոդված 129. Ձերբակալումը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա

    1. Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը կարող է ձերբակալվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կողմից հետեւյալ հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե՝

    1) նա բռնվել է քրեական օրենքով արգելված արարքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.

    2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով արգելված արարքը կատարողի.

    3) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով արգելված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.

    4) կան այլ հիմքեր հանցանքի կատարման մեջ կասկածելու անձին, որը դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր կամ բնակվում է այլ տեղանքում, կամ որի անձնավորությունը պարզված չէ:

    2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալումը չի կարող տեւել արգելանքի վերցնելու պահից 96 ժամից ավելի: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 96 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրվի: Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 96 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետեւանքով ազատվել է արգելանքից:

    Հոդված 130. Ձերբակալումըքրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա

    1. Եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով արգելված արարք, ընդ որում, նա գտնվում է այլ տեղանքում կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել այդ անձին ձերբակալելու մասին:

    2. Ձերբակալելու մասին որոշումն ի կատար ածելիս հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազն անմիջապես տեղյակ են պահում համապատասխան որոշումը կայացրած քրեական հետապնդման մարմնին:

    3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով՝ ձերբակալումը չի կարող տեւել արգելանքի վերցնելու պահից 96 ժամից ավելի: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով՝ ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 96 ժամվա ընթացքում, պետք է մեղադրանք առաջադրվի: Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 96 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետեւանքով ազատվել է արգելանքից:

    Հոդված 131. Քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա մեղադրյալին ձերբակալելը մինչեւ կալանավորումը

    1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին՝ միաժամանակ նրա կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան:

    2. Մեղադրյալին սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

    3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալումը չի կարող տեւել մեղադրյալին արգելանքի վերցնելու պահից 96 ժամից ավելի:

    Հոդված 132. Ձերբակալվածին ազատելը

    1. Ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե՝

    1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով արգելված արարք կատարելու մասին կասկածը.

    2) բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը.

    3) լրացել է ձերբակալման՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, եւ դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:

    2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կասկածյալին կարող է ազատել նաեւ հետաքննության մարմնի ղեկավարը: Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում կասկածյալին ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:

    3. Ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով:

    Հոդված 133. Ձերբակալված անձանց պահելու կարգը

    Ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
     


    Գլուխ 18. Խափանման միջոցները

    Հոդված 134. Խափանման միջոցների հասկացությունը եւ տեսակները

    1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

    2. Խափանման միջոցներն են՝

    1) կալանավորումը.

    2) գրավը.

    3) ստորագրություն՝ չհեռանալու մասին.

    4) անձնական երաշխավորությունը.

    5) կազմակերպության երաշխավորությունը.

    6) հսկողության հանձնելը.

    7) հրամանատարության հսկողությանը հանձնելը:

    3. Կալանավորումը եւ գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ՝ զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում:

    4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց եւ կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

    Հոդված 135. Խափանման միջոց կիրառելու հիմքերը

    1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

    1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

    2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

    3) կատարել քրեական օրենքով արգելված արարք.

    4) խուսափել քրեական պատասխանատվությունից եւ նշանակված պատիժը կրելուց.

    5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

    2.Կալանավորումը եւ դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները:

    3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության եւ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝

    1) վերագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը.

    2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

    3) տարիքը եւ առողջական վիճակը.

    4) սեռը.

    5) զբաղմունքի տեսակը.

    6) ընտանեկան դրությունը եւ խնամարկյալների առկայությունը.

    7) գույքային դրությունը.

    8) բնակության մշտական վայրի առկայությունը.

    9) այլ էական հանգամանքներ:

    Հոդված 136. Խափանման միջոց կիրառելու կարգը

    1. Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ եւ համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում:

    2. Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ՝ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաեւ պաշտպանության կողմի միջնորդությամբ:

    3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարում է խափանման միջոց կիրառելու մասին իր որոշումը եւ անմիջապես նրան է հանձնում որոշման պատճենը:

    Հոդված 137. Կալանավորումը

    1. Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում եւ պայմաններում անձին կալանքի տակ պահելն է:

    2. Կալանավորված անձը չի կարող 3 օրվանից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում, բացի այն դեպքերից, երբ ձերբակալվածներին պահելու վայրից քննչական մեկուսարան կամ, օրենքի պահանջներին համապատասխան, կալանավորվածներին պահելու այլ վայրեր նրա տեղափոխումը հնարավոր չէ տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով:

    3. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավասու են քննչական մեկուսարանի վարչակազմին տալ ցուցումներ ՝ մեկ քրեական գործով, ինչպես նաեւ իրար հետ կապված մի քանի քրեական գործերով մեղադրյալներին միմյանցից անջատ պահելու, կալանավորված այլ անձանց հետ մեղադրյալի հաղորդակցվելը կանխելու վերաբերյալ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ցուցումներ, որոնք չեն հակասում կալանավորվածներին պահելու՝ օրենքով սահմանված ռեժիմին: Տրված ցուցումները պարտադիր են քննչական մեկուսարանի վարչակազմի համար:

    4. Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը եւ, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը:

    5. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

    Հոդված 138. Կալանքի տակ պահելու ժամկետը

    1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

    2. Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է՝

    1) արգելանքի տակ՝ նրան ձերբակալելիս եւ կալանավորելիս.

    2) բժշկական հաստատությունում՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաեւ քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում՝ կասկածյալի եւ մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:

    3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ եւ բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ մեղադրյալը կամ նրա պաշտպանը ծանոթանում են գործի նյութերին, կամ կալանավորումը՝ որպես խափանման միջոց վերացվում է:

    4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, կարող է երկարացվել մինչեւ 1 տարի:

    5. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել՝

    1) 1 տարին.

    2) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը՝ այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց:

    6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:

    Հոդված 139. Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը

    1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում:

    2. Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը որոշելիս դատարանն իրավունք ունի ճանաչել մեղադրյալին գրավով ազատելու հնարավորությունը եւ նշանակել գրավի գումարը:

    3. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով:

    Հոդված 140. Գույքի խնամքի եւ հսկողության իրավունքը

    1. Անչափահասները, ինչպես նաեւ անաշխատունակ անձինք, որոնք ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել են առանց հսկողության, խնամքի եւ գոյատեւման միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները՝ կազմակերպելու վերոհիշյալ անձանց հսկողությունը, խնամքը եւ սոցիալական օգնության պետական կազմակերպությունում կամ բժշկական հաստատությունում անաշխատունակ անձանց ժամանակավոր տեղավորումը պարտադիր են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, ինչպես նաեւ նշված կազմակերպությունների եւ հաստատությունների ղեկավարների համար: Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի նաեւ անչափահաս եւ անաշխատունակ անձանց հանձնել նրանց ազգականների խնամակալությանը՝ վերջիններիս համաձայնությամբ:

    2. Անձը, որի գույքն իրեն արգելանքի վերցնելու, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել է առանց հսկողության, իր գույքի հսկողության, այդ թվում՝ տնային կենդանիների կերակրման իրավունք ունի, որը նշված մարմինը պարտավոր է ապահովել նրա խնդրանքով եւ նրա հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները՝ կազմակերպելու անձի գույքի հսկողությունը եւ կերակրելու նրան պատկանող կենդանիներին պարտադիր են համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների համար:

    3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանքի տակ գտնվող անձին կամ այլ շահագրգիռ անձին անմիջապես հայտնում է սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին:

    Հոդված 141. Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի պարտականությունները
    Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր է՝

    1) ապահովել կալանքի տակ պահվող անձանց անվտանգությունը եւ նրանց ցույց տալ անհրաժեշտ պաշտպանություն եւ օգնություն.

    2) կալանքի տակ պահվող անձանց հանձնել նրանց համար ստացվող դատավարական փաստաթղթերի պատճենները՝ դրանց ստացման օրը, իսկ եթե դրանք ստացվել են գիշերային ժամանակ՝ մինչեւ ժամը 12. 00-ն.

    3) իրականացնել կալանքի տակ պահվող անձանց բողոքների եւ այլ հայտարարությունների գրանցումը.

    4) կալանքի տակ պահվող անձանց՝ դատարանին, դատախազին, քննիչին կամ հետաքննության մարմնին հասցեագրված բողոքները եւ այլ հայտարարություններն ստանալիս անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, դրանք ուղարկել ըստ պատկանելության՝ առանց դրանք ստուգելու կամ գրաքննության ենթարկելու.

    5) պաշտպանին եւ օրինական ներկայացուցչին անարգել թույլատրել ներկայանալ կալանքի տակ պահվող անձին, ապահովել նրանց առանձին, կոնֆիդենցիալ տեսակցելու հնարավորությունը՝ առանց դրանց թվի եւ տեւողության սահմանափակման.

    6) ապահովել կալանքի տակ պահվող անձի՝ ժամանակին ներկայանալը քրեական վարույթն իրականացնող մարմնին.

    7) քննիչի կամ դատախազի պահանջով կամ դատարանի հանձնարարությամբ ապահովել կալանքի տակ պահվող անձի մասնակցությամբ քննչական եւ այլ դատավարական գործողության կատարման հնարավորությունը՝ կալանքի տակ պահելու վայրում.

    8) քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա կալանքի տակ պահվող անձին տեղափոխել մեկ այլ քննչական մեկուսարան, կատարել քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ ցուցումները, որոնք չեն հակասում կալանավորվածներին պահելու՝ օրենքով սահմանված կարգին.

    9) անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 7 օր առաջ այդ մասին տեղյակ պահել համապատասխան քրեական հետապնդման մարմնին.

    10) անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանքի տակ պահվող, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց.

    11) ապահովել այն անձանց ծանոթացումը կալանավորման եւ գրավ նշանակելու մասին դատարանի որոշումներին, որոնք ցանկություն են հայտնել գրավ մուծելով մեղադրյալին ազատել կալանքից.

    12) կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված է:

    Հոդված 142. Մեղադրյալին կալանքից ազատելը

    1. Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե՝

    1) կարճվել է համապատասխան քրեական գործի վարույթը, կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը.

    2) դատարանը դատապարտյալին նշանակել է պատիժ, որը կապված չէ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի հետ.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը.

    4) լրացել եւ չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու՝ դատարանի կողմից սահմանված ժամկետը.

    5) լրացել է անձին կալանքի տակ պահելու սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.

    6) մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը:

    2. Սույն հոդվածի առաջին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում անձին կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաեւ կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:

    3. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատախանաբար՝ արդարացվածը կամ դատապարտյալը դատարանի կողմից կալանքից ազատվում է անմիջապես դատական նիստի դահլիճում: Սույն հոդվածի առաջին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ կալանավորումը՝ որպես խափանման միջոց վերացնելու կամ փոխելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման պատճենը ստանալիս մեղադրյալին անմիջապես ազատում է կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:

    4. Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին:

    Հոդված 143. Գրավը

    1. Գրավը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձեւով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

    2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում,մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

    3. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

    4. Դատարանի նշանակած գրավի չափը չի կարող պակաս լինել՝

    1) նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից՝ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս.

    2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափից՝ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս:

    5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից:

    6. Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան՝ գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան:

    7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները կամ գրավը՝ որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը՝ համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:

    8. Դրված պարտականությունները եւ նախատեսված սահմանափակումները մեղադրյալի կողմից խախտելիս, գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով:

    Հոդված 144. Ստորագրություն չհեռանալու մասին

    1.Չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի եւ դատարանի կանչով եւ նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

    2. Կասկածյալից կամ մեղադրյալից չհեռանալու մասին ստորագրությունը վերցնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

    Հոդված 145. Անձնական երաշխավորությունը

    1. Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:

    2. Երաշխավորող կարող է լինել չափ�ահաս ֆիզիկական անձը: Ընդ որում, անձը պետք է մուծի դրամական գումար՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:3. Երաշխավորողների թիվը երկուսից պակաս չի կարող լինել: Բացառիկ դեպքերում անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է կիրառվել առանձնակի վստահություն վայելող մեկ երաշխավորողի առկայությամբ:

    Հոդված 146. Կազմակերպության երաշխավորությունը

    1. Կազմակերպության երաշխավորությունը վստահություն վայելող իրավաբանական անձի գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նա իր հեղինակությամբ եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում է կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:

    2. Նման պարտավորություն վերցնելիս իրավաբանական անձը պետք է մուծի դրամական գուր՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

    Հոդված 147. Երաշխավորության իրականացման կարգը

    1. Գտնելով, որ երաշխավորողը վայելում է վստահություն, եւ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կարող է կիրառվել անձնական երաշխավորությունը կամ կազմակերպության երաշխավորությունը, քրեական վարութն իրականացնող մարմինը դիմողին, այդ թվում՝ իրավաբանական անձի ներկայացուցչին, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է երաշխավորողի իրավունքները եւ պարտականություններն ու նախազգուշացնում է երաշխավորողի պատասխանատվության մասին: Դրանից հետո դիմողն իրավունք ունի հաստատել իր խնդրանքը կամ հրաժարվել դրանից:

    2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված դատավարական գործողությունների կատարումն արտացոլվում է արձանագրությունում: Որպես խափանման միջոց անձնական կամ կազմակերպության երաշխավորություն ընտրելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման մեջ նշվում է երաշխավորողը: Համապատասխան որոշման պատճենն անմիջապես հանձնվում է երաշխավորողին:

    3. Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերածվում է պետության եկամուտի, եթե երաշխավորողը՝

    1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու իր պարտավորությունը.

    2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:

    4. Բացի սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերից, մյուս բոլոր դեպքերում դրամական գումարը վերադարձվում է երաշխավորողին:

    5. Երաշխավորողի մուծած դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

    Հոդված 148. Հսկողության հանձնելը

    1. Հսկողության հանձնելն այն է, երբ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի ծնողների, խնամակալների, հոգաբարձուների կամ փակ մանկական հիմնարկների վարչակազմի վրա, որտեղ նա պահվում է, պարտականություն է դրվում ապահովել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:

    2. Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց հսկողության հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողներին, խնամակալներին, հոգաբարձուներին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը եւ նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում:

    3. Ծնողները, խնամակալները, հոգաբարձուներն իրավունք ունեն հրաժարվել անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ հսկողություն իրականացնելուց:

    4. Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    Հոդված 149. Հրամանատարության հսկողությանը հանձնելը

    1. Հրամանատարության հսկողությանը հանձնելն այն է, երբ զորամասի, զորամիավորման հրամանատարի, զինվորական հիմնարկի պետի վրա, որտեղ ծառայում կամ զորահավաքներ է անցնում կասկածյալը կամ մեղադրյալը, պարտականություն է դրվում ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:

    2. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց հրամանատարության հսկողությանը հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը հրամանատարության ներկայացուցչին ծանոթացնում է հրամանատարության հսկողությանը հանձնելու մասին կայացված որոշմանը եւ նրան հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրան բացատրում է իր իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում:

    3. Ենթակայի նկատմամբ հսկողություն իրականացնելիս հրամանատարությունը գործում է զինվորական կանոնադրություններին համապատասխան:

    4. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ վերոհիշյալ խափանման միջոցի կիրառման ընթացքում նա չի նշանակվում պահակության եւ մարտական հերթապահության, զրկվում է խաղաղ ժամանակ զենք կրելու իրավունքից, սպա կամ ենթասպա չհանդիսացող զինծառայողը միայնակ չի ուղարկվում զորամասի տարածքից դուրս:

    5. Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում եմ օրենքով նախատեսված պատասխանատվություն:

    Հոդված 150. Խափանման միջոցների բողոքարկումը

    1. Խափանման միջոց կիրառելու, փոխելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրա պաշտպանը եւ օրինական ներկայացուցիչը, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել դատախազին:

    2. Խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

    Հոդված 151. Խափանման միջոցը փոփոխելը եւ վերացնելը

    1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:

    2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:

    3. Կալանավորման եւ գրավի ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել եւ վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում՝ նաեւ քրեական հետապնդման մարմնի կողմից:

    4. Կալանավորումը՝ որպես խափանման միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը տեղեկացնում է կալանքի տակ պահելու վայրի վարչակազմին եւ նրան է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը:
     


    Գլուխ 19. Դատավարական հարկադրանքի այլ միջոցները

    Հոդված 152. Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը

    1. Դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ՝ հետաքննության մարմինը եւ քննիչն իրավունք ունեն ժամանակավոր դադարեցնել պետական ծառայող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

    2. Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն եւ դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին:

    3. Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի, հետաքննության մարմնի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:

    Հոդված 153. Բերման ենթարկելը

    1. Առանց հարգելի պատճառների կանչով չներկայանալու դեպքում, կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաեւ վկան եւ տուժողը հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող են բերման ենթարկվել: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաեւ վկան եւ տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:

    2. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարվում է հետաքննության մարմնի կողմից:
     


    ԲԱԺԻՆ VI

    ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

    Գլուխ 20. Քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում

    Հոդված 154. Քաղաքացիական հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը

    1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում եւ լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:

    2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, եւ քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:

    3. Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

    4. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները:

    Հոդված 155. Քաղաքացիական հայցով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման նշանակությունը

    1. Նույն քաղաքացիական հայցով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, հայցից քաղաքացիական հայցվորի հրաժարումն ընդունելու կամ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, որով հայցը մերժվել կամ լրիվ կամ մասնակի բավարարվել է, բացառում է քաղաքացիական հայցի հարուցումը:

    2. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով:

    3. Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

    Հոդված156. Դատախազի կողմից քաղաքացիական հայց հարուցելը եւ պաշտպանելը

    Դատախազը հարուցում եւ պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը, եթե խախտվել են պետության գույքային շահերը:

    Հոդված 157. Քաղաքացիական հայցվորին պետական տուրք վճարելուց ազատելը

    Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցն ազատվում է պետական տուրքի գանձումից:

    Հոդված 158. Քաղաքացիական հայցի հարուցումը

    1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի՝ սկսած քրեական գործի հարուցումից մինչեւ դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:

    2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

    3. Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա եւ ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, ինչպես նաեւ պետք է բովանդակի խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի եւ գույքի բռնագանձման մասին:

    Հոդված 159. Հայցադիմում ընդունելուց հրաժարվելը

    Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է հրաժարվել հայցադիմումն ընդունելուց, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին:

    Հոդված 160. Քաղաքացիական հայցով հատուցման ապահովումը

    Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարտավոր են քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի կամ սեփական նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղաքացիական հայցը:

    Հոդված 161. Քաղաքացիական հայցից հրաժարվելը

    1. Քաղաքացիական հայց ներկայացրած անձն իրավունք ունի հրաժարվել հայցից քրեական գործով վարույթի ցանկացած պահի, եթե դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները եւ օրինական շահերը: Նման իրավունքներից օգտվում է նաեւ այն անձը, որի շահերի պաշտպանության համար դատախազը քաղաքացիական հայց է հարուցել:

    2. Քաղաքացիական հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով վարույթի կարճման եւ համապատասխան անձին զրկում է տվյալ քաղաքացիական հայցը քրեական դատավարության կարգով կրկին հարուցելուց:

    Հոդված 162. Քաղաքացիական հայցի ընդդատությունը

    Քաղաքացիական հայցը քննվում է քրեական գործի հետ միասին՝ ըստ վերջինիս ընդդատության:

    Հոդված 163. Քաղաքացիական հայցի լուծումը

    Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով:

    Հոդված 164. Գույքային վնասի հատուցումը դատարանի նախաձեռնությամբ

    Բացառիկ դեպքերում, երբ քաղաքացին զրկված է իր գույքային շահերն անձամբ պաշտպանելու հնարավորությունից, դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել հանցագործության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին:
     


    Գլուխ 21. Աշխատանքի վարձատրությունը եւ ծախսերի հատուցումը

    Հոդված 165. Պաշտպանի վարձատրությունը

    1. Պաշտպանի կողմից կասկածյալին եւ մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին՝ պաշտպանի եւ վստահորդի միջեւ փոխհամաձայնեցված պայմաններով կամ պաշտպանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար:

    2. Նշանակված պաշտպանի կողմից կասկածյալին եւ մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական բյուջեի հաշվին, եթե վստահորդը պաշտպանի հետ չի կնքել համաձայնություն եւ պաշտպանը չի հայտարարել անվճար օգնություն ցույց տալու մասին: Նշանակված պաշտպանին վճարվելիք գումարների չափը որոշվում է պաշտպանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին հաշիվ ներկայացնելուց հետո՝ մեկ ժամվա աշխատանքի համար՝ դատախազի մեկ ժամվա աշխատավարձի չափով: Դատարանն իրավունք ունի դատապարտյալի վրա դնել նրան ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կրած ծախսերի հատուցումը, բացի այն դեպքերից, երբ կասկածյալին եւ մեղադրյալին իրավաբանական օգնությունը պետք է ցույց տրվի անվճար՝ սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:

    3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին եւ մեղադրյալին իրավաբանական օգնության վճարից լրիվ կամ մասնակի ազատելու մասին կայացնում է պատճառաբանված որոշում:

    4. Քրեական գործով վարույթին որպես նշանակված պաշտպան մասնակցող փաստաբանի իրավաբանական օգնությունը պաշտպանությունից հրաժարված կասկածյալին եւ մեղադրյալին ցույց է տրվում անվճար, եթե պաշտպանությունից նրանց հրաժարվելը չի ընդունվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:

    5. Կասկածյալի կամ մեղադրյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի վարձատրությունը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով:

    Հոդված 166. Թարգմանչի, մասնագետի, փորձագետի վարձատրությունը

    1. Քրեական գործով վարույթում թարգմանիչը, մասնագետը, փորձագետը ստանում են՝

    1) աշխատանքի վայրից աշխատավարձ, եթե աշխատանքը կատարել են ծառայության առաջադրանքի կարգով.

    2) քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ պայմանավորված չափով վարձատրություն՝ պետական բյուջեի հաշվին, եթե աշխատանքը կատարել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով.

    3) համապատասխան կողմի հետ պայմանավորված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են տվյալ կողմի հետ ունեցած պայմանավորվածությամբ:

    2. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վարձատրությունը տրվում է թարգմանչի, մասնագետի, փորձագետի կողմից հաշիվ ներկայացնելուց հետո՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման հիման վրա:

    Հոդված 167. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց ծախսերի հատուցումը

    1. Քրեական դատավարության կարգով պետական բյուջեի հաշվին ենթակա են հատուցման տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի, պաշտպանյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի, ընթերակայի, մասնագետի, թարգմանչի, փորձագետի, վկայի կրած հետեւյալ ծախսերը՝

    1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու՝ երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, բացառությամբ տաքսիից, եւ տրանսպորտի այլ տեսակներով երթեւեկության արժեքը, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ՝ նաեւ օդային տրանսպորտով երթեւեկության արժեքը.

    2) բնակտարածության վարձակալության արժեքը՝ ծառայողական գործուղումների վճարման համար ընդունված նորմերով, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել.

    3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով մշտական բնակության վայրից դուրս տվյալ անձանց բնակվելու համար անհրաժեշտ օրապահիկը, եթե այն այլ կերպ չի հատուցվել.

    4) միջին աշխատավարձն այն ամբողջ ժամանակի համար, որը նա ծախսել է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մասնակցելու համար, բացի այն դեպքերից, երբ միջին աշխատավարձը նրա համար պահպանվում է հիմնարկում, ձեռնարկությունում, կազմակերպությունում, գործատուի կողմից.

    5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելու հետեւանքով աղտոտված, փչացած կամ կորած գույքի մաքրման, նորոգման, վերականգնման կամ ձեռքբերման ծախսերը:

    2. Պետական մարմինները եւ հաստատությունները պարտավոր են տուժողի, կասկածյալի, մեղադրյալի, նրանց օրինական ներկայացուցիչների, ընթերակայի, թարգմանչի, մասնագետի, փորձագետի, վկայի համար պահպանել նրանց միջին աշխատավարձն ամբողջ ժամանակի համար, որը նրանք ծախսել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մասնակցելու համար:

    3. Մասնագետին եւ փորձագետին հատուցվում է նաեւ նրանց պատկանող օգտագործված նյութերի արժեքը, որոնք նրանց կողմից ծախսվել են հանձնարարված աշխատանքը կատարելիս, ինչպես նաեւ աշխատանքի կատարման համար սարքավորումներն օգտագործելու, կոմունալ եւ այլ ծառայությունների համար նրանց մուծած վճարը:

    4. Քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերը դատարանի որոշման հիման վրա ենթակա են հատուցման սույն հոդվածի առաջին մասում թվարկված անձանց դիմումի համաձայն՝ օրենսդրությամբ սահմանված չափով: Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ծախսերը կարող են օրենսդրությանը համապատասխան հատուցվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ:

    Գլուխ 22. Դատական ծախսերը

    Հոդված 168. Դատական ծախսերը

    1. Դատական ծախսերը բաղկացած են՝

    1) տուժողին հանցագործության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներից.

    2) տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու եւ օրապահիկի ծախսերի հատուցման գումարներից.

    3) մասնագետի, փորձագետի, թարգմանչի վարձատրության գումարներից.

    4) նշանակված պաշտպանին վճարվելիք գումարներից.

    5) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման եւ հետազոտման համար ծախսված գումարներից.

    6) հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից.

    7) փորձաքննություն, քննչական փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի եւ տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարներից.

    8) քրեական գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարներից:

    2. Դատական ծախսերը վճարվում են պետական բյուջեից, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ:

    Հոդված 169. Դատական ծախսերի գանձումը

    1. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերում թվարկված դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա:

    2. Դատարանն իրավունք ունի դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց, եթե դատապարտյալն անվճարունակ է, կամ գումարի գանձումը կարող է էապես ազդել դատապարտյալի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա:

    3. Քրեական գործով մի քանի անձ դատապարտվելիս դատական ծախսերը գանձվում է նրանցից յուրաքանչյուրից՝ ըստ դատարանի կողմից որոշված բաժնի՝ հաշվի առնելով այդ անձանց մեղավորության, նրանց նշանակված պատժի խստության աստիճանը եւ յուրաքանչյուրի գույքային դրությունը:

    4. Անչափահասին դատապարտելու դեպքում դատական ծախսերը կարող են դրվել նրա օրինական ներկայացուցչի վրա:

    5. Եթե մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն ամբաստանյալը մահացել է, ապա նրա ժառանգները պատասխանատու չեն դատական ծախսերի հետ կապված նրա պարտավորությունների համար:
     


    ԲԱԺԻՆ VII

    ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

    Գլուխ 23. Գաղտնիության պահպանումը

    Հոդված 170. Անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը

    1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքն անօրինական միջամտությունից, իր պատիվը եւ բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք:

    2.Դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն եւ տարածվեն անձի անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաեւ անձնական բնույթի այլ տվյալներ: Դատարանի, ինչպես նաեւ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական եւ դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

    3. Անձնական կամ ընտանեկան կյանքի ինտիմ կողմերին վերաբերող ապացույցները քրեական դատավարությանը մասնակցող այն անձանց պահանջով, որոնց սպառնում է անձնական կամ ընտանեկան գաղտնիքի հրապարակումը, հետազոտվում են դռնփակ դատական նիստում:

    4. Անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն, իսկ դրա հետեւանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 171. Պետական գաղտնիքի պահպանումը

    1. Քրեական դատավարության ընթացքում ձեռնարկվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:

    2. Անձինք, որոնց քրեական հետապնդման մարմինն առաջարկում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող, վկայակոչելով պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ քրեական հետապնդման մարմնի կողմից նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող, հարցաքննության կամ այլ համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

    3. Պետական գաղտնիք պարունակող, իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող պետական ծառայողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:

    4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված քրեական գործերով վարույթը հանձնարարվում է այդպիսի տեղեկությունները չհրապարակելու մասին ստորագրություն տված դատավորներին, դատախազներին, քննիչներին, հետաքննության մարմնի աշխատակիցներին:

    5. Պաշտպանները եւ մյուս ներկայացուցիչները, ինչպես նաեւ այլ անձինք, որոնց ծանոթացման համար ներկայացվում կամ այլ կերպ հաղորդվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, պետք է նախապես ստորագրություն տան այդպիսի տվյալների չհրապարակման մասին: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում պաշտպանը եւ մյուս ներկայացուցիչը, բացի օրինական ներկայացուցչից, զրկվում են քրեական դատավարությանը մասնակցելու իրավունքից, իսկ մյուս անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն ստանում: Չհրապարակելու մասին դատավարության մասնակցի տված պարտավորությունը նրան չի խոչընդոտում միջնորդելու պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հետազոտել դռնփակ դատական նիստում:

    Հոդված 172. Ծառայողական եւ առեւտրային գաղտնիքի պահպանումը

    1. Քրեական դատավարության ընթացքում ձեռնարկվում են ծառայողական, առեւտրային եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:

    2. Դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն եւ տարածվեն ծառայողական, առեւտրային եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դատարանի, ինչպես նաեւ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական եւ դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

    3. Անձինք, որոնց քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել կամ ներկայացնել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, չեն կարող վկայակոչելով ծառայողական, առեւտրային եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն իրավունք ունեն դատարանից, դատախազից, քննիչից, հետաքննության մարմնից նախապես ստանալ նրանց կողմից նշված տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը հաստատող, համապատասխան քննչական կամ դատավարական գործողության արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

    4. Ծառայողական, առեւտրային եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող, իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող պետական ծառայողը եւ անկախ սեփականության ձեւից՝ ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության աշխատողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:

    5. Ծառայողական, առեւտրային եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցներն այն անձանց պահանջով, որոնց սպառնում է նշված տեղեկությունների հրապարակումը, կարող են հետազոտվել դռնփակ դատական նիստում:
     


    Գլուխ 24. Դատավարական ժամկետները

    Հոդված 173. Ժամկետների հաշվումը

    1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով եւ տարիներով:

    2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

    3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից եւ վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ձերբակալման տակ պահելու ժամկետն սկսվում է արձանագրությունը կազմելու պահից:

    4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանքի տակ պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչեւ ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանքի տակ պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը՝ այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով:

    5. Պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետը պահպանելը հաստատվում է դատավարական փաստաթղթերում՝ համապատասխան նշումով: Քրեական դատավարությանը մասնակցող անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի ստացման փաստը հաստատվում է գործին կցված նրանց ստորագրությամբ:

    Հոդված 174. Ժամկետը բաց թողնելու հետեւանքները եւ դրա վերականգնման կարգը

    1. Ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում:

    2. Բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին: Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է սահմանված ժամկետի բացթողումով, նշված անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչեւ բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը:

    3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ: Ընդ որում, ժամկետը վերականգնվում է այն բաց թողած անձի համար, այլ ոչ ուրիշ անձանց, եթե վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

    4. Բաց թողնված ժամկետը վերականգնելուց քրեական հետապնդման մարմնի հրաժարումը կարող է բողոքարկվել դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը վերադաս դատարան բողոքարկման ենթակա չէ, սակայն վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը՝ իր վարույթում գտնվող գործով:

    ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

    ԲԱԺԻՆ VIII

    ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

    Գլուխ 25. Քրեական գործ հարուցելը

    Հոդված 175. Քրեական գործ հարուցելու պարտականությունը

    Քրեական գործ հարուցելու՝ սույն օրենսգրքով նախատեսված առիթների եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել:

    Հոդված 176. Քրեական գործ հարուցելու առիթները

    Քրեական գործ հարուցելու առիթներն են՝

    1) հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները՝ ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

    2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

    3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը՝ իրենց լիազորություններն իրականացնելիս:

    Հոդված 177. Ֆիզիկական անձանց հաղորդումները

    1. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր:

    2. Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար՝ քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի եւ ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը եւ իրազեկության աղբյուրը, ինչպես նաեւ տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ՝ նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար:

    3. Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է ակնհայտ սուտ մատնության համար պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:

    4. Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:

    5. Արձանագրությունն ստորագրում են դիմողը եւ հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:

    6. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերում շարադրված կանոնները տարածվում են նաեւ դիմողի կատարած հանցանքի մասին հաղորդման վրա՝ մեղայականով ներկայանալու դեպքում:

    7. Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ:

    Հոդված 178. Իրավաբանական անձանց հաղորդումները

    Իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձեւ: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:

    Հոդված 179. Լրատվության միջոցների հաղորդումները

    1. Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ լրատվության միջոցներին հասցեագրված եւ չհրապարակված հաղորդակցություններում:

    2. Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաեւ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող՝ իրենց մոտ եղած նյութերը:

    Հոդված 180. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը

    1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

    2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ,այլ նյութեր, ինչպես նաեւ կարող է կատարվել դեպքի վայրի զննություն եւ նշանակվել փորձաքննություն:

    Հոդված 181. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները

    Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը՝

    1) քրեական գործ հարուցելու մասին.

    2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

    3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

    Հոդված 182. Քրեական գործ հարուցելու կարգը

    1. Քրեական գործ հարուցելու առիթի եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:

    2. Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը:

    3. Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաեւ քաղաքացիական հայցվոր:

    4. Քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

    5. Քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն հանցագործությունը խափանելու եւ կանխելու, ինչպես նաեւ հանցագործության հետքերը, այն առարկաները եւ փաստաթղթերը պահելու եւ պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ:

    Հոդված 183. Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերը

    Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 110 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածի առաջին մասով, 132 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա եւ մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչեւ դատավճիռ կայացնելու համար դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը:

    Հոդված 184. Քրեական գործի նյութերով նոր գործի հարուցումը

    1. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործությունից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ՝ առանց մեղադրյալի մասնակցության:

    2. Որոշման մեջ պետք է նշվեն՝ գործի հարուցման եւ անջատման հիմքերը, դրվագները եւ անձինք, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով գործ է հարուցված եւ անջատված է առանձին վարույթում, անջատված գործը նախաքննության ուղարկելու կամ գործն իր վարույթն ընդունելու մասին որոշումը:

    3. Որոշման մեջ ընդգրկվում կամ պատճեններով կամ բնօրինակներով նրան կցվում է անջատվող նյութերի՝ որոշումների, արձանագրությունների, փաստաթղթերի, իրեղեն ապացույցների ցանկը:

    4. Որոշման եւ անջատվող նյութերի՝ նրան կցվող ցանկի առաջին օրինակն ընդգրկվում է սկզբնական գործի, իսկ երկրորդ օրինակը՝ անջատվող գործի մեջ:

    5. Նոր գործի անջատման եւ հետագա ընթացքի մասին տեղյակ է պահվում մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին եւ պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են սկզբնական գործի վարույթին:

    Հոդված 185. Քրեական գործի հարուցումը մերժելը

    1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

    2. Որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

    3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան:

    4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ գործն ընդունում է իր վարույթ կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:

    5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:

    Հոդված 186. Հանցագործության մասին հաղորդումն ըստ ենթակայության հանձնելը

    Քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի հանցագործության մասին հաղորդումն առանց գործ հարուցելու հանձնել ըստ ենթակայության միայն տվյալ շրջանի սահմաններից դուրս կատարված հանցագործությանը վերաբերող դեպքում, երբ քրեական գործի հարուցման մասին հարցի լուծման համար հանցանքի կատարման վայրում անհրաժեշտ է կատարել ստուգողական գործողություններ:

    Հոդված 187. Քրեական գործի ընթացքը դրա հարուցումից հետո

    Քրեական գործ հարուցելուց հետո՝

    1) դատախազը նախաքննություն կատարելու համար գործն ուղարկում է քննիչին կամ ընդունում է իր վարույթ.

    2) քննիչը ձեռնամուխ է լինում գործով նախաքննության կատարմանը՝ այդ մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին.

    3) հետաքննության մարմնի պետը հետաքննության մարմնի աշխատակցին հանձնարարում է կատարել քննչական անհետաձգելի գործողություններ կամ դրանք կատարում է անձամբ՝ քրեական գործ հարուցելու մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին:
     


    Գլուխ 26. Նախնական քննություն կատարելու ընդհանուր պայմանները

    Հոդված 188. Նախնական քննության պարտադիր լինելը

    1.Նախաքննության ձեւով նախնական քննությունը պարտադիր է բոլոր գործերով:

    2. Հետաքննությունը կարող է լինել քննության սկզբնական փուլ՝ քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում:

    Հոդված 189. Նախաքննության մարմինները

    Քրեական գործերով նախաքննություն կատարում են դատախազության քննիչները, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմինների քննիչները:

    Հոդված 190. Քննչական ենթակայությունը

    1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66, 69, 72, 721 , 75-77 հոդվածներով, 94 հոդվածի երրորդ մասով, 971 , 972 , 99-104,112, 1121 , 113-115, 117, 118, 120-123, 126, 128-130, 1301 հոդվածներով, 131 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 133, 1331 , 1332 , 134, 1341 , 135-142, 151, 153, 165, 166, 1801 , 182-185, 1851 , 186-191, 1911 , 1912 , 1913 , 1914 , 192-195, 2034 , 2062 , 2063 , 207, 2071 , 208, 2081 , 209, 2091 , 2161 , 2201 , 221 հոդվածներով, 229 հոդվածի երկրորդ մասով, 231, 2311 ,235, 236, 2376 , 2377 , 2378 , 2379 , 23710 , 23711 , 23712 , 23713 հոդվածներով, 238 հոդվածի երկրորդ մասով, 239, 240, 2401 , 2402 , 241, 2411 , 244 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության քննիչները:

    2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով եւ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմինների քննիչները:

    3. Պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, փաստաբանների կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը կատարում են դատախազության քննիչները:

    4. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների կատարման մեջ մեկ կամ մի քանի անձանց մեղադրանքով գործերը մեկ վարույթում միացնելու դեպքում ենթակայությունը որոշում է դատախազը:

    Հոդված 191. Նախաքննության կատարման վայրը

    1. Նախաքննությունը տարվում է այն վայրում, որտեղ կատարվել է հանցանքը:

    2. Արագության եւ լրիվության նպատակով նախաքննությունը կարող է կատարվել հանցագործության բացման վայրում, ինչպես նաեւ կասկածյալի, մեղադրյալի կամ վկաների մեծամասնության գտնվելու վայրում:

    3. Այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի այդ գործողությունները կատարել անձամբ կամ դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին:

    Հոդված 192. Նախնական քննության կատարման սկիզբը

    1. Նախաքննությունը կատարվում է միայն քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո:

    2. Քրեական գործի հարուցումից հետո քննիչը եւ հետաքննության մարմնի աշխատակիցն անմիջապես ձեռնամուխ են լինում գործի քննությանը:

    3. Եթե քրեական գործ հարուցել է քննիչը կամ հետաքննության մարմինը, եւ նրանց կողմից ընդունվել է իրենց վարույթ, ապա քրեական գործ հարուցելու եւ այն իրենց վարույթն ընդունելու մասին կազմվում է միասնական որոշում: Այս դատավարական փաստաթղթի պատճենն անմիջապես, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, ուղարկվում է դատախազին:

    Հոդված 193. Քննչական բաժնի պետի լիազորությունները

    1. Քննչական բաժնի պետը՝

    1) նախաքննության կատարումը հանձնարարում է քննիչին, գործը մի քննիչից հանձնում է մյուսին.

    2) հետեւում է քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելու, նախաքննության եւ կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելու, դատախազի ցուցումները եւ այլ քննիչների հանձնարարությունները կատարելու նկատմամբ.

    3) ցուցումներ է տալիս առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.

    4) նախաքննության կատարումը հանձնարարում է մի քանի քննիչի:

    2. Քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցել քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը՝ օգտվելով քննիչի լիազորություններից:

    3. Քննչական բաժնի պետի ցուցումները քննիչին տրվում են գրավոր եւ պարտադիր են կատարման համար, սակայն կարող են բողոքարկվել դատախազին: Ստացած ցուցումները դատախազին բողոքարկելը չի կասեցնում դրանց կատարումը՝ բացառությամբ սույն օրենսգրքի 55 հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի:

    4. Դատախազի ցուցումները պարտադիր են քննչական բաժնի պետի համար:

    Հոդված 194. Նախաքննության կատարումը քննչական խմբի կողմից

    Գործի բարդության կամ նրա ծավալի մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչի, որի մասին նշվում է գործի հարուցման վերաբերյալ որոշման մեջ կամ կայացվում է առանձին որոշում: Այդ մասին իրավունք ունի որոշում կայացնել դատախազը կամ քննչական բաժնի պետը: Որոշման մեջ պետք է նշվեն բոլոր քննիչները, որոնց հանձնարարվում է նախաքննության կատարումը, այդ թվում՝ խմբի ղեկավար քննիչը, որը գործն ընդունում իր վարույթ եւ ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները: Կասկածյալը, մեղադրյալը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը եւ նրանց ներկայացուցիչները պետք է ծանոթացվեն քննիչների խմբի կողմից քննությունը կատարելու մասին որոշմանը, եւ նրանց պարզաբանվում է ցանկացած քննիչին բացարկ հայտնելու նրանց իրավունքը:

    Հոդված 195. Քննչական խմբի ղեկավարի լիազորությունները

    1. Քննչական խմբի ղեկավարը քրեական գործն ընդունում է իր վարույթ, կազմակերպում է քննչական խմբի աշխատանքը, ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները:

    2. Գործերը միացնելու կամ անջատելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործով վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաեւ նախաքննության ժամկետը երկարացնելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ դրանց ժամկետը երկարացնելու միջնորդություններ հարուցելու մասին որոշումներն ընդունում է միայն քննչական խմբի ղեկավարը:

    3. Մեղադրական եզրակացությունը կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշումը կազմում է քննչական խմբի ղեկավարը:

    4. Քննչական խմբի ղեկավարն իրավունք ունի մասնակցել այլ քննիչների կողմից կատարվող քննչական գործողություններին, գործով անձամբ կատարել քննչական գործողություններ եւ կայացնել որոշումներ:

    Հոդված 196. Նախնական քննության ավարտը

    1. Նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով:

    2. Հետաքննությունն ավարտելուց հետո հետաքննության մարմնի պետը գործն ուղարկում է քննիչին, որի մասին կայացվում է համապատասխան որոշում: Հետաքննությունն ավարտվում է, երբ՝

    1) ավարտվում է հետաքննության ժամկետը.

    2) մինչեւ հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը.

    3) դատախազը հետաքննության մարմնի վարույթում գտնվող գործը հանձնում է քննիչին՝ նախաքննություն կատարելու համար, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը:

    Հոդված 197. Նախնական քննության ժամկետները

    1. Հետաքննությունն ավարտվում է քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում:

    2. Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից եւ ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը:

    3. Քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի ծանոթանալու ժամկետը չի մտնում գործի քննության ժամկետի մեջ: Եթե մեղադրյալը կամ նրա պաշտպանն առանց հարգելի պատճառների ձգձգում են քրեական գործին ծանոթանալը, քննիչի որոշմամբ կարող է սահմանափակվել ծանոթանալու ժամկետը:

    4. Նախաքննության ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում նախաքննությունը սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եղել է կասեցված:

    5. Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը՝ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:

    6. Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին՝ քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:

    Հոդված 198. Դատավարության մասնակիցներին իրավունքների պարզաբանման եւ ապահովման պարտադիր լինելը

    Դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը պարտավոր են կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին, քննչական գործողություններին մասնակցող այլ անձանց պարզաբանել նրանց իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ պարտականությունները չկատարելու հետեւանքները:

    Հոդված 199. Միջնորդությունների քննարկումը եւ լուծումը

    1. Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են քննարկել նախնական քննության մասնակիցների հարուցած բոլոր միջնորդությունները:

    2. Գրավոր եւ բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն եւ լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում:

    Հոդված 200. Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու եւ վերացնելու պարտականությունը

    1. Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը նախնական քննության ընթացքում պարտավոր են պարզել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավաբանական անձին կամ պաշտոնատար անձին միջնորդագիր ներկայացնել այդ հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:

    2. Միջնորդագրերը ենթակա են պարտադիր քննարկման, որի արդյունքների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հաղորդվում է այն ուղարկած մարմնին կամ պաշտոնատար անձին:

    Հոդված 201. Նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը

    1. Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

    2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են՝ նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին:

    Գլուխ 27. Որպես մեղադրյալ ներգրավելը

    Հոդված 202. Որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը եւ կարգը

    1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:

    2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

    3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը եւ նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձեւակերպումը՝ նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը եւ մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը եւ քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը:

    4. Եթե անձը որպես մեղադրյալ ներգրավվում է քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով որակվող մի քանի հանցագործությունների համար, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում է կոնկրետ ինչ հանցանքներ են կատարվել, իսկ եզրափակիչ մասում՝ այդ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածները, հոդվածի մասերը կամ կետերը:

    5. Որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին:

    Հոդված 203. Մեղադրանք առաջադրելու կարգը

    1. Մեղադրանքը պետք է առաջադրվի տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը: Մեղադրանք առաջադրելու՝ սույն հոդվածով սահմանված ժամկետն ընդհատվում է, եթե մեղադրյալը թաքնվում է քննությունից:

    2. Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան հայտարարում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը եւ բացատրում առաջադրված մեղադրանքի էությունը: Այդ գործողությունների կատարումը մեղադրյալի եւ քննիչի ստորագրությամբ հաստատվում է՝ որոշման մեջ նշելով մեղադրանքի առաջադրման ամիսը, օրը, ժամը եւ թվականը:

    3. Մեղադրանք առաջադրելիս քննիչը պարտավոր է մեղադրյալին բացատրել սույն օրենսգրքի 65 հոդվածով նախատեսված նրա իրավունքները եւ պարտականությունները: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը նրա իրավունքների եւ պարտականությունների ցանկի հետ հանձնվում է մեղադրյալին: Մեղադրանքի առաջադրման, մեղադրյալին նրա իրավունքները բացատրելու եւ որոշման պատճենը հանձնելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որն ստորագրում են քննիչը, մեղադրյալը եւ այդ գործողությունները կատարելիս ներկա գտնվող մյուս անձինք:

    4. Որոշման մեջ կամ արձանագրությունում ստորագրելուց մեղադրյալի կամ այլ անձի հրաժարվելու դեպքում քննիչը դրա վրա նշում է կատարում ստորագրելուց հրաժարվելու մասին եւ 24 ժամվա ընթացքում հայտնում է դատախազին:

    Հոդված 204. Մեղադրանքի փոփոխումը եւ լրացումը

    1. Եթե նախաքննություն կատարելիս ծագում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 202 եւ 203 հոդվածներով սահմանված պահանջները:

    2. Եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որեւէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է եւ դրա մասին հայտարարում է մեղադրյալին:
     


    Գլուխ 28. Հարցաքննություն եւ առերեսում

    Հոդված 205. Հարցաքննության կանչելու կարգը

    1. Վկան, տուժողը, կասկածյալը, մեղադրյալը քննիչի մոտ են կանչվում ծանուցագրով, որն ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ նրանց բացակայության դեպքում՝ նրանց ընտանիքի չափահաս անդամներից որեւէ մեկին, հարեւաններին, բնակարանային շահագործման կազմակերպությանը կամ նրանց է փոխանցվում իրենց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով: Նրանք կարող են կանչվել նաեւ հեռագրով, հեռախոսագրով կամ ֆաքսով:

    2. Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչ դատավարական վիճակով, ինչպես նաեւ ուր եւ երբ (ներկայանալու օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը: Ծանուցագրում նշվում է, որ չներկայանալու դեպքում կանչվողը սույն օրենսգրքի 153 հոդվածով նախատեսված կարգով կարող է բերման ենթարկվել:

    3. Անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:

    4. Կալանքի տակ գտնվող կասկածյալը եւ մեղադրյալը կանչվում են կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով:

    Հոդված 206. Վկայի հարցաքննությունը

    1. Վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում՝ կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի մասին:

    2. Վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ իր գտնվելու վայրում:

    3. Վկան հարցաքննվում է այլ վկաներից անջատ: Ընդ որում, քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչեւ հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ:

    4. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել եւ նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաեւ ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իրեն, ամուսնուն կամ իր մերձավոր ազգականներին հանցագործության մեջ մերկացնող ցուցմունքներ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը եւ սկսում է հարցաքննությունը:

    5. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է վկային պատմել գործով իրեն հայտնի ամեն ինչ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել:

    Հոդված 207. Անչափահաս վկայի հարցաքննությունը

    1. Անչափահաս վկան, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել՝ պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:

    2. Մինչեւ տասնչորս տարեկան, իսկ քննիչի հայեցողությամբ՝ նաեւ մինչեւ տասնվեց տարեկան վկայի հարցաքննությունը կատարվում է օրինական ներկայացուցչի ներկայությամբ:

    3. Հարցաքննությունն սկսվելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում է հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու եւ հարցեր տալու նրա իրավունքները, ինչպես նաեւ՝ պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունել տրված հարցերը, սակայն դրանք պետք է մտցվեն արձանագրության մեջ:

    4. Տասնվեց տարին չլրացած վկային բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու եւ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

    Հոդված 208. Խուլ, համր կամ կույր, այլ ծանր հիվանդությամբ տառապող վկայի հարցաքննությունը

    1. Խուլ, համր կամ կույր վկայի հարցաքննությունը կատարվում է նրա նշանները հասկացող կամ նրա հետ նշաններով բացատրվելու ունակ թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

    2. Վկայի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության առկայության դեպքում վկայի հարցաքննությունը կատարվում է բժշկի թույլտվությամբ եւ ներկայությամբ:

    Հոդված 209. Վկայի հարցաքննության արձանագրությունը

    1. Վկայի հարցաքննության մասին կազմվում է արձանագրություն: Արձանագրության մեջ նշվում են՝ հարցաքննություն կատարող անձի պաշտոնը եւ ազգանունը, վկայի անունը, ազգանունը, տարիքը, քաղաքացիությունը, կրթությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքի տեսակը կամ պաշտոնը, գրանցման եւ փաստացի բնակության վայրը, ինչպես նաեւ տվյալներ՝ կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ նրա փոխհարաբերությունների մասին: Արձանագրության մեջ նշվում է վկային նրա իրավունքները եւ պարտականությունները բացատրված լինելու հանգամանքը:

    2. Վկայի ցուցմունքները եւ առաջադրված հարցերին նրա տված պատասխանները գրի են առնվում առաջին դեմքով եւ, հնարավորության սահմաններում, բառացիորեն:

    3. Վկան ցուցմունքները շարադրում է հայերեն կամ այն լեզվով, որին նա տիրապետում է: Եթե վկան չի տիրապետում հայերենին, ապա հարցաքննությունը կատարվում է թարգմանչի մասնակցությամբ:

    4. Վկայի ցանկությամբ նրան հնարավորություն է տրվում ցուցմունքները գրել իր ձեռքով, որի մասին արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:

    5. Հարցաքննությունն ավարտելուց հետո քննիչը վկային ծանոթացնում է արձանագրությանը: Վկան իրավունք ունի քննիչին միջնորդել արձանագրության մեջ մտցնելու լրացումներ եւ ուղղումներ:

    6. Վկան եւ քննիչն ստորագրում են արձանագրության վերջում, իսկ վկան եւ թարգմանիչը՝ նաեւ արձանագրության յուրաքանչյուր էջի վրա:

    7. Արձանագրությունն ստորագրելուց վկայի հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները եւ արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե վկան ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետեւանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ եւ այն հաստատում իր ստորագրությամբ:

    Հոդված 210. Տուժողի հարցաքննությունը

    Տուժողի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար՝ սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

    Հոդված 211. Կասկածյալի հարցաքննությունը

    1. Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո:

    2. Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում, քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին ձերբակալելուց կամ արգելանքի վերցնելուց 24 ժամվա ընթացքում:

    3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը կասկածյալին բացատրում է կասկածանքի էությունը, ինչպես նաեւ նրա իրավունքները՝ ներառյալ ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը:

    4. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է կասկածյալին ցուցմունքներ տալ կասկածանքի եւ բոլոր այն հանգամանքների առիթով, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:

    5. Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար՝ սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

    Հոդված 212. Մեղադրյալի հարցաքննությունը

    1. Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք առաջադրելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ մեղադրյալի խուսափելու կամ նրան հետախուզում հայտարարելու դեպքում՝ նրան բերման ենթարկելուց 48 ժամվա ընթացքում:

    2. Մեղադրյալի հարցաքննությունը, բացի անհետաձգելի դեպքերից, կատարվում է ցերեկը:

    3. Մեղադրյալը հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ իր գտնվելու վայրում:

    4. Մեղադրյալը հարցաքննվում է գործով անցնող այլ անձանցից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մեղադրյալը չհաղորդակցվի գործով անցնող այլ անձանց հետ:

    5. Մեղադրյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

    6. Խուլ, համր կամ կույր մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է նրա նշանները հասկացող կամ նրա հետ նշաններով բացատրվելու ունակ անձի մասնակցությամբ:

    7. Մեղադրյալը հարցաքննվում է առաջադրված մեղադրանքի էության, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ:

    8. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին բացատրում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու նրա իրավունքը:

    9. Հարցաքննության սկզբում քննիչը պետք է պարզի, թե մեղադրյալն արդյոք իրեն մեղավոր ճանաչում է առաջադրված մեղադրանքում:

    10. Քննիչն առաջարկում է մեղադրյալին ցուցմունքներ տալ մեղադրանքի եւ բոլոր այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:

    Հոդված 213. Կասկածյալի եւ մեղադրյալի հարցաքննության արձանագրությունը

    1. Կասկածյալի եւ մեղադրյալի յուրաքանչյուր հարցաքննության մասին քննիչը կազմում է արձանագրություն, որում նշվում է դրա կատարման տեղը, ժամանակը, իր պաշտոնը եւ ազգանունը, կասկածյալի կամ մեղադրյալի անունը, ազգանունը, նրա ծննդյան տարին, ամիսը եւ օրը, ծննդավայրը, քաղաքացիությունը, կրթությունը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքի տեսակը կամ պաշտոնը, գրանցման եւ փաստացի բնակության վայրը, տեղեկություններ դատվածության, պետական պարգեւների առկայության եւ կասկածյալին ու մեղադրյալին բնութագրող, գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին:

    2. Կասկածյալի կամ մեղադրյալի ցուցմունքները եւ առաջադրված հարցերին նրա տված պատասխանները գրի են առնվում առաջին դեմքով եւ, հնարավորության սահմաններում, բառացիորեն:

    3. Հարցաքննությունն ավարտելուց հետո քննիչը կասկածյալին, մեղադրյալին ծանոթացնում է արձանագրությանը: Հարցաքննվողներն իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու լրացումներ եւ ուղղումներ: Նրանց լրացումները եւ ուղղումները պարտադիր պետք է մտցվեն արձանագրության մեջ:

    4. Արձանագրությունն ստորագրում են կասկածյալը կամ մեղադրյալը եւ քննիչը: Եթե արձանագրությունը գրված է մի քանի էջի վրա, կասկածյալը կամ մեղադրյալն ստորագրում է յուրաքանչյուր էջն առանձին:

    5. Արձանագրությունն ստորագրելուց կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները եւ արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե կասկածյալը կամ մեղադրյալը ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետեւանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ եւ այն հաստատում իր ստորագրությամբ:

    Հոդված 214. Կասկածյալի կամ մեղադրյալի ցուցմունքների գրառումն իր ձեռքով

    Կասկածյալը եւ մեղադրյալն իրավունք ունեն իրենց ցուցմունքները գրել իրենց ձեռքով, որի մասին քննիչն արձանագրության մեջ նշում է կատարում: Կասկածյալի կամ մեղադրյալի գրավոր ցուցմունքներին ծանոթանալուց հետո քննիչը նրանց կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը եւ տրվող պատասխանները մտցվում են արձանագրության մեջ:

    Հոդված 215. Դատապարտյալի հարցաքննությունը

    1. Դատապարտյալը հարցաքննվում է իր նկատմամբ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքների շուրջ:

    2. Դատապարտյալի հարցաքննությունը կատարվում է մեղադրյալի հարցաքննության համար՝ սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

    Հոդված 216. Առերեսում

    1. Քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում:

    2. Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք անձինք, որոնց միջեւ կատարվում է առերեսում, ճանաչում են իրար եւ ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Վկան նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաեւ իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:

    3. Առերեսման կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը: Դրանից հետո քննիչը հարցեր է տալիս: Առերեսման կանչված անձինք քննիչի թույլտվությամբ կարող են հարցեր տալ միմյանց:

    4. Առերեսման մասնակիցների նախորդ հարցաքննությունների ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տրվելուց եւ դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո միայն:

    5. Առերեսմանը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող են մասնակցել պաշտպանը, թարգմանիչը եւ հարցաքննվողի օրինական ներկայացուցիչը, որոնք նույնպես ստորագրում են արձանագրությունը:

    6. Քննիչը առերեսման մասնակիցներին ծանոթացնում է արձանագրության բովանդակությանը: Հարցաքննված անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ կատարելու ուղղումներ եւ լրացումներ: Առերեսման արձանագրությունն ստորագրում են քննիչը եւ հարցաքննվող անձինք: Յուրաքանչյուր հարցաքննվող ստորագրում է իր ցուցմունքները եւ արձանագրության ամեն մի էջը:

    7. Արձանագրությունն ստորագրելուց հարցաքննվողների հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները եւ արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե հարցաքննվողը ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետեւանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ եւ այն հաստատում իր ստորագրությամբ:

    Գլուխ 29. Զննում, արտաշիրմում եւ քննում

    Հոդված 217. Զննումը

    Հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագործության դեպքը, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում է տեղանքի, շինությունների, առարկաների, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում:

    Հոդված 218. Զննում կատարելու կարգը

    1. Զննումը, որպես կանոն, կատարվում է ցերեկը, ընթերակաների մասնակցությամբ:

    2. Քննիչը զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները: Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի եւ առանձին առարկաների չափումներ, կազմում է հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, իսկ հնարավորության դեպքում կատարում՝ լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում եւ այլ տեսակի ամրագրում, որի մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդյունք հանդիսացող նշված փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:

    3. Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաեւ այլ առարկաներ, որոնք գործով հետագայում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:

    4. Քննիչն իրավունք ունի զննությանը մասնակից դարձնել մեղադրյալին, կասկածյալին, պաշտպանին, տուժողին, վկային:

    5. Զննումն ավարտվելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում է այն ամենը, ինչ հայտնաբերվել է, եւ այն հաջորդականությամբ, ինչ հաջորդականությամբ քննչական գործողության կատարման ժամանակ տարվել են հայտնաբերվածի դիտարկումները:

    6. Արձանագրությունն ստորագրում են քննիչը եւ քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

    Հոդված 219. Արտաշիրմումը

    1. Դիակի արտաշիրմման անհրաժեշտության դեպքում քննիչն այդ մասին կայացնում է որոշում:

    2. Արտաշիրմումը կատարվում է քննիչի եւ դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագետի մասնակցությամբ: Ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:

    3. Արտաշիրմումից հետո դիակը կարող է բերվել համապատասխան բժշկական հաստատություն՝ այլ հետազոտություններ կատարելու համար:

    4. Քննիչը կազմում է արտաշիրմման արդյունքները ներկայացնող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրվում է այդ քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

    Հոդված 220. Քննումը

    1. Քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում՝ նրանց մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:

    2. Քննում կատարելու մասին քննիչը կայացնում է որոշում: Այդ որոշումը պարտադիր է այն անձի համար, որի նկատմամբ այն կայացվել է:

    3. Անհրաժեշտության դեպքում քննումը կատարվում է դատաբժշկության բնագավառի մասնագետի կամ բժշկի մասնակցությամբ: Քննումը, որը զուգորդվում է քննվող անձին մերկացնելու հետ, կատարվում է միեւնույն սեռին պատկանող ընթերակաների ներկայությամբ:

    4. Քննիչն իրավունք չունի ներկա գտնվել մյուս սեռին պատկանող անձին քննելիս, եթե քննումը զուգորդվում է այդ անձին մերկացնելու հետ: Այդ դեպքում, քննիչի հանձնարարությամբ, քննումը կատարում է դատաբժշկության բնագավառի մասնագետը կամ բժիշկը:

    5. Քննումն ավարտվելուց հետո քննիչը կազմում է դրա արդյունքները ներկայացնող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:
     


    Գլուխ 30. Ճանաչման ներկայացնելը

    Հոդված 221. Անձին ճանաչման ներկայացնելը

    1. Ճանաչման համար որեւէ անձի վկային, տուժողին, կասկածյալին, մեղադրյալին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը վերջիններիս նախապես հարցաքննում է այդ անձի արտաքին տեսքի ու նշանների եւ այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողը տեսել է այդ անձին:

    2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, նա նախապես նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաեւ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:

    3. Ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի եւ արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ:

    4. Ճանաչումն սկսելուց առաջ քննիչը ճանաչվողին առաջարկում է այլ անձանց միջեւ զբաղեցնել ցանկացած տեղը:

    5. Քննիչի հայեցողությամբ անձի ճանաչումը կարող է կատարվել ճանաչվողի տեսողական դիտարկումից դուրս:

    6. Ճանաչում չի կատարվում, իսկ կատարվածը չի կարող ճանաչվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվողի անձի նույնացման համար:

    7. Անհրաժեշտության դեպքում ճանաչումը կարող է կատարվել արտաքինով եւ հագուստով ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարներով:

    8. Անձին ճանաչման ներկայացնելը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:

    Հոդված 222. Առարկաները ճանաչման ներկայացնելը

    1. Որեւէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների, ինչպես նաեւ այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ առարկան:

    2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, նա նախապես նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաեւ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:

    3. Ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է միատեսակ այլ առարկաների շարքում: Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել առարկան, որը նա կարող է ճանաչել եւ բացատրել, թե ինքն ինչ հատկանիշներով ճանաչեց այդ առարկան: Առարկան ճանաչելիս թույլատրվում է այն մաքրել կեղտից, ժանգից եւ այլ կողմնակի նյութերից:

    4. Առարկաները ճանաչման ներկայացնելը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:

    Հոդված 223. Դիակը ճանաչման ներկայացնելը

    1. Դիակի, դրա մասերի, ինչպես նաեւ այն առարկաների, որոնց նմանատիպ առարկաներ անհնար է կամ դժվար է ձեռք բերել, ճանաչումը կատարվում է ներկայացված մեկ օրինակով:

    2. Եթե ճանաչվում է մարդու դիակ, որին ճանաչողը կենդանի է տեսել, թույլատրվում է հանգուցյալին գրիմ անել:

    3. Դիակը ճանաչման ներկայացնելը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:

    Հոդված 224. Ճանաչման ներկայացնելու արձանագրությունը

    1. Ճանաչման ներկայացնելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են ճանաչողի տվյալները եւ դատավարական կարգավիճակը, ինչպես նաեւ նրա նախազգուշացված լինելը ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Արձանագրության մեջ նշվում են ճանաչման ներկայացված անձանց տվյալները եւ առարկաների նկարագրությունը՝ մանրամասնորեն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը:

    2. Արձանագրության մեջ նշվում է ճանաչման ներկայացնելու տեղը, ժամանակը, ինչպես նաեւ այն կատարող անձի ազգանունը եւ պաշտոնը:

    3. Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից: Եթե կատարվել է լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ այլ տեսակի ամրագրում, այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդյունքում ստացված լուսանկարները, ժապավենները եւ այլ փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:

    Ճանաչման ներկայացնելուն մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները:
     


    Գլուխ 31. Խուզարկություն եւ առգրավում

    Հոդված 225. Խուզարկություն կատարելու հիմքերը

    1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որեւէ շենքում կամ այլ տեղ կամ որեւէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու եւ վերցնելու համար:

    2. Խուզարկություն կարող է կատարվել նաեւ հետախուզվող անձանց, ինչպես նաեւ դիակները հայտնաբերելու համար:

    3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ:

    Հոդված 226. Առգրավում կատարելու հիմքերը

    1. Գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ եւ փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում եւ, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ եւ ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում:

    2. Այն փաստաթղթերի առգրավումը, որոնք պարունակում են պետական գաղտնիք, կատարվում է միայն դատախազի թույլտվությամբ՝ համապատասխան հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված կարգով:

    3. Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք եւ քաղաքացիներն իրավունք չունեն հրաժարվել քննիչին հանձնելու այն առարկաները, փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որոնք պահանջվել են նրա կողմից:

    Հոդված 227. Խուզարկությանը եւ առգրավմանը ներկա գտնվող անձինք

    1. Խուզարկությունը եւ առգրավումը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:

    2. Անհրաժեշտության դեպքում խուզարկությանը եւ առգրավմանը մասնակցում են թարգմանիչ եւ մասնագետ:

    3. Խուզարկություն եւ առգրավում կատարելիս պետք է ապահովվի այն անձի եւ նրա ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը, որոնց ներկայությամբ կատարվում է խուզարկությունը կամ առգրավումը: Նրանց ներկայությունն անհնարին լինելու դեպքում հրավիրվում է բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ:

    4.Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող շինություններում առգրավումը եւ խուզարկությունը կատարվում է նրանց ներկայացուցչի ներկայությամբ:

    5. Անձինք, որոնց մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ինչպես նաեւ ընթերակաները, մասնագետները, թարգմանիչները, ներկայացուցիչները, պաշտպաններն իրավունք ունեն ներկա գտնվել քննիչի բոլոր գործողություններին, անել հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:

    Հոդված 228. Առգրավում եւ խուզարկություն կատարելու կարգը

    1. Քննիչն իրավունք ունի մուտք գործել բնակելի կամ այլ շինություն՝ խուզարկություն կամ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա:

    2. Խուզարկություն կամ առգրավում կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ծանոթացնել որոշմանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:

    3. Խուզարկություն կատարելիս քննիչը կամ մասնագետը կարող է օգտագործել տեխնիկական միջոցներ, որի մասին նշվում է խուզարկության արձանագրության մեջ:

    4. Քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի չհրապարակվեն առգրավման եւ խուզարկության փաստը, ինչպես նաեւ դրանց արդյունքները եւ խուզարկվողի անձնական կյանքի հանգամանքները:

    5. Քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելել հեռանալու այդ տեղից, ինչպես նաեւ հաղորդակցություն ունենալու միմյանց եւ այլ անձանց հետ՝ մինչեւ քննչական գործողության ավարտը:

    6. Առգրավման մասին որոշումը ներկայացնելուց եւ հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները եւ փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Եթե որոնվող առարկաները որոշման մեջ նշված տեղում չեն հայտնաբերվում, ապա քննիչի որոշմամբ կարող է կատարվել խուզարկություն:

    7. Խուզարկություն կատարելիս որոշումը ներկայացնելուց եւ հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է հանձնել առգրավման ենթակա առարկաները եւ փաստաթղթերը կամ թաքնված անձին: Եթե դրանք հանձնվում են կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Որոնվող առարկաների, փաստաթղթերի կամ թաքնված անձի չհանձնվելու կամ ոչ ամբողջությամբ հանձնվելու դեպքում կատարվում է խուզարկություն:

    8. Վերցված բոլոր առարկաները եւ փաստաթղթերը ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կնքվում քննիչի կնիքով:

    9. Խուզարկություն եւ առգրավում կատարելիս քննիչն իրավունք ունի բացել փակված շինություններն ու պահեստարանները, եթե դրանց տերը հրաժարվում է կամովին բացել դրանք: Ընդ որում, պետք է խուսափել փականքները, դռները եւ այլ առարկաներն առանց անհրաժեշտության վնասելուց:

    Հոդված 229. Անձնական խուզարկությունը

    1. Շինությունում խուզարկություն կատարելիս բավարար հիմքերի առկայության դեպքում քննիչը կարող է կատարել անձնական խուզարկություն եւ վերցնել այդտեղ գտնվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները եւ փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:

    2. Անձնական խուզարկությունը, առանց այդ մասին որոշում կայացնելու, կարող է կատարվել՝

    1) կասկածյալին ձերբակալելիս եւ ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմին բերելիս.

    2) կասկածյալի եւ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելիս.

    3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն շինությունում գտնվող անձը, որտեղ խուզարկություն է կատարվում, իր մոտ կարող է թաքցնել փաստաթղթեր կամ այլ առարկաներ, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:

    3. Անձնական խուզարկությունը կարող է կատարվել քննիչի կողմից՝ խուզարկվողի հետ նույն սեռի ընթերակաների եւ մասնագետի մասնակցությամբ:

    Հոդված 230. Խուզարկության եւ առգրավման արձանագրությունը

    1. Խուզարկությունը եւ առգրավումն ավարտելիս քննիչը կազմում է համապատասխան արձանագրություններ, որոնց մեջ պետք է նշվեն՝ քննչական գործողության կատարման տեղը, ժամանակը, հանգամանքները, արդյոք կամովին են հանձնվել որոնվող առարկաները եւ անձինք, խուզարկություն կատարող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ընթերակաների անունները, ազգանունները եւ հասցեները, ինչպես նաեւ քննչական գործողության այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները եւ դատավարական կարգավիճակը:

    2. Ամբողջ վերցվածի մասին պետք է նշվի քննչական գործողության արձանագրության մեջ՝ ճշգրիտ նշելով դրանց քանակը, չափը, քաշը, անհատական հատկանիշները եւ այլ առանձնահատկությունները:

    3. Եթե քննչական գործողությունները կատարելիս փորձեր են եղել ոչնչացնելու կամ թաքցնելու հայտնաբերված առարկաները կամ փաստաթղթերը, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ:

    4. Քննիչը պարտավոր է արձանագրությանը ծանոթացնել քննչական գործողության բոլոր մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո ստորագրում են արձանագրությունը եւ իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

    Հոդված 231. Խուզարկության եւ առգրավման արձանագրության պատճենի հանձնման պարտադիր լինելը

    1.Խուզարկության կամ առգրավման արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվում է քննչական գործողությունը, կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ այն բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որի տարածքում կատարվել է քննչական գործողությունը:

    2. Եթե խուզարկությունը կամ առգրավումը կատարվել է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, զորամասի տարածքում, արձանագրության պատճենը հանձնվում է դրանց ներկայացուցչին:
     


    Գլուխ 32. Գույքի վրա կալանք դնելը

    Հոդված 232. Գույքի վրա կալանք դնելը

    1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը եւ դատական ծախսերն ապահովելու համար:

    2. Կալանք դրվում է կասկածյալի եւ մեղադրյալի, ինչպես նաեւ այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի եւ մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ինչպիսի գույք է եւ ում մոտ է գտնվում:

    3. Ամուսինների կամ ընտանիքի համատեղ սեփականության դեպքում կալանքը դրվում է մեղադրյալի բաժնի վրա: Բավարար ապացույցների առկայության դեպքում, որ համատեղ սեփականությունն ավելացել կամ ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով վաստակած միջոցների հաշվին, կալանքը կարող է դրվել ամուսինների կամ ընտանիքի ամբողջ գույքի կամ դրա որոշակի բաժնի վրա:

    4. Կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքի համաձայն չի կարող տարածվել բռնագանձում:

    Հոդված 233. Գույքի վրա կալանք դնելու հիմքերը

    1.Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:

    2. Գույքի վրա կալանք դնելը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա:

    3. Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել՝ քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու համար:

    4. Անհրաժեշտության դեպքում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ գույքը կամովին չի հանձնվի, կարող է կատարվել խուզարկություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

    Հոդված 234. Կալանքի ենթակա գույքի արժեքի որոշումը

    1. Կալանքի ենթակա գույքի արժեքը որոշվում է դրա շուկայական գնով:

    2. Այն գույքի արժեքը, որի վրա քաղաքացիական հայցվորի կամ դատախազի հարուցած քաղաքացիական հայցի ապահովման համար դրվում է կալանք, պետք է համապատասխանի հայցագնի չափին:

    3. Մի քանի մեղադրյալներից կամ նրանց գործողությունների համար պատասխանող անձանցից յուրաքանչյուրի գույքի՝ կալանքի ենթակա բաժինը որոշելիս հաշվի է առնվում հանցագործությանը մեղադրյալների մասնակցության աստիճանը, սակայն քաղաքացիական հայցն ապահովելու համար նրանցից որեւէ մեկի գույքի վրա կալանք կարող է դրվել լրիվ չափով:

    Հոդված 235. Գույքի վրա կալանք դնելու որոշման կատարման կարգը

    1. Հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնում են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը եւ պահանջում հանձնել այն: Այդ պահանջը կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում գույքի վրա կալանքը դրվում է հարկադիր կարգով:

    2. Քրեական գործի նախնական քննության ավարտից հետո դատարանի կայացրած որոշմամբ գույքի վրա կալանք դնելն իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

    3. Գույքի վրա կալանք դնելիս հնարավորության դեպքում ներգրավվում է մասնագետ-ապրանքագետ, որը որոշում է դրա մոտավոր արժեքը:

    4. Գույքի վրա կալանք դնելուն ներկա գտնվող սեփականատերը կամ գույքի տիրապետողն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին որ արժեքների կամ այլ առարկաների վրա է անհրաժեշտ կալանք դնել՝ ապահովելու համար որոշման մեջ նշված գումարները:

    5. Հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը գույքի վրա կալանք դնելու մասին կազմում է արձանագրություն, իսկ հարկադիր կատարողը՝ օրենքով նախատեսված այլ փաստաթուղթ: Արձանագրության մեջ (փաստաթղթում) մասնավորապես թվարկվում է ամբողջ գույքը, որի վրա կալանք է դրված՝ ճշգրիտ նշելով անվանումը, քանակը, քաշը, մաշվածության աստիճանը, այլ անհատական հատկանիշները, հնարավորության դեպքում՝ արժեքը, նշվում է, թե ինչպիսի գույք է վերցված եւ ինչպիսին թողնված պահպանության, շարադրվում է կալանադրված գույքը՝ այլ անձանց պատկանելու մասին ներկաների հայտարարությունները:

    6. Համապատասխան արձանագրության (փաստաթղթի) պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին, որի վրա կալանք է դրված, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա ընտանիքի չափահաս անդամներից որեւէ մեկին, բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տարածքում գտնվող գույքի վրա կալանք դնելիս համապատասխան արձանագրության (փաստաթղթի) պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրանց ներկայացուցչին:

    Հոդված 236. Կալանքի տակ գտնվող գույքի պահպանությունը

    1. Բացի անշարժ գույքից եւ մեծածավալ առարկաներից, այլ կալանադրված գույքը, որպես կանոն, վերցվում է:

    2. Թանկարժեք մետաղները եւ քարերը, ադամանդը, օտարերկրյա տարադրամը, չեկերը, արժեթղթերը եւ վիճակախաղային տոմսերը պահպանման համար հանձնվում են Հայաստանի Հանրապետության գանձապետարան, դրամական գումարները մուծվում են այն դատարանի դեպոզիտ, որին ընդդատյա է տվյալ գործը, վերցված մյուս առարկաները կնքվում եւ պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքի վրա կալանք է դրվել, կամ պահպանության են հանձնվում բնակարանային շահագործման կազմակերպությանը կամ տեղական իշխանության ներկայացուցչին:

    3. Չվերցված գույքը, որի վրա կալանք է դրված, կնքվում եւ պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին: Նրանց բացատրվում է տվյալ գույքն օտարելու կամ փչացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչի մասին նրանցից վերցվում է ստորագրություն:

    Հոդված 237. Գույքի վրա կալանք դնելու բողոքարկումը

    Գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին, սակայն ներկայացված բողոքը չի կասեցնում համապատասխան որոշման ի կատար ածելը:

    Հոդված 238. Գույքը կալանքից ազատելը քրեական դատավարության կարգով

    1. Գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետեւանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:

    2. Քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ դատարանն իրավունք ունի գույքի վրա դրված կալանքը պահպանել նաեւ քրեական գործով վարույթի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
     


    Գլուխ 33. Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը

    Հոդված 239. Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումները վերահսկելը

    1. Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումներում (այսուհետ՝ նամակագրություն) կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին՝ նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար:

    2. Որոշման մեջ պետք է նշվեն կապի այն հաստատության անվանումը, որի վրա դրվում է նամակագրությունը պահելու պարտականությունը, այն անձի (անձանց) ազգանունը, անունը, որի նամակագրությունը պահվելու է, այդ անձի (անձանց) ճշգրիտ հասցեն, թղթակցությանը տեսակը, որի վրա կալանք է դրվում, եւ կալանքի ժամկետը:

    3. Նամակագրությանը, որի վրա կարող է կալանք դրվել, մասնավորապես, վերաբերում են հետեւյալ օբյեկտները՝ նամակները, հեռագրերը, ռադիոգրերը, փոստածանրոցները (բանդերոլները), ծանրոցները, փոստային բեռնամփոփները (կոնտեյներները), փոխանցումները, ֆաքսով եւ էլեկտրոնային փոստով հաղորդումները:

    4. Նամակագրությունը վերահսկելու մասին դատարանի որոշումն ուղարկվում է կապի համապատասխան հաստատության պետին, որի համար որոշումը պարտադիր է:

    5. Կապի հաստատության պետը պահում է անհրաժեշտ նամակագրությունը եւ դրա մասին անհապաղ տեղեկացնում է քննիչին:

    6. Նամակագրության վերահսկումը վերացվում է համապատասխան որոշումը կայացրած քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից:

    Հոդված 240. Նամակագրության զննումը եւ առգրավումը

    1. Քննիչն ստորագրությամբ կապի հաստատության պետին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տվյալ հաստատության այլ ծառայողներին, ծանոթացնում է առգրավում կատարելու մասին որոշմանը եւ տվյալ հաստատության աշխատողների թվից առանձնացված ընթերակաների մասնակցությամբ բացում եւ զննում է նամակագրությունը:

    2. Այնպիսի փաստաթղթեր, առարկաներ հայտնաբերելիս, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը կատարում է համապատասխան առաքումների առգրավում կամ սահմանափակվում է դրանցից պատճեններ հանելով: Այն տվյալների բացակայության դեպքում, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը ցուցում է տալիս զննված նամակագրությունը հասցեատիրոջը հանձնելու կամ այն իր կողմից սահմանած ժամկետում պահելու մասին:

    3. Նամակագրությունը զննելու կամ պահելու յուրաքանչյուր դեպքի մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է ում կողմից, որտեղ, երբ եւ կոնկրետ որ նամակագրությունն է պահվել կամ ենթարկվել զննման, ինչ է վերցվել, ինչը պետք է հանձնվի հասցեատիրոջը կամ ժամանակավորապես պահվի, որ նամակագրությունից են հանված պատճենները, ինչպիսի տեխնիկական միջոցներ են օգտագործվել եւ ինչ է հայտնաբերվել: Քննչական գործողությանը մասնակցած բոլոր անձինք պետք է ծանոթացվեն արձանագրությանը, որը նրանք հաստատում են իրենց ստորագրություններով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել դրա մեջ մտցնել իրենց դիտողությունները:

    Հոդված 241. Հեռախոսային խոսակցությունները լսելը

    1. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի եւ հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում եւ ձայնագրառում:

    2. Խոսակցությունների լսման եւ ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է՝ դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են՝ քրեական գործը եւ հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման եւ ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան:

    3. Խոսակցությունների լսման եւ ձայնագրառման համար դատավորի համաձայնության դեպքում որոշումը կատարման համար քննիչի կողմից ուղարկվում է համապատասխան հիմնարկ:

    4. Խոսակցությունների լսումը եւ ձայնագրառումը կարող են սահմանվել վեց ամսից ոչ ավելի ժամանակով: Դրանք վերացվում են, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը, բայց բոլոր դեպքերում՝ նախնական քննության ավարտից ոչ ուշ:

    5. Քննիչը սահմանված ժամկետի ընթացքում իրավունք ունի ցանկացած պահին պահանջել ձայնագրությունը՝ զննելու եւ լսելու համար: Այն քննիչին փոխանցվում է կնքված վիճակում, ուղեկցող նամակի հետ միասին, որում պետք է նշված լինեն խոսակցությունների ձայնագրառումն սկսելու եւ ավարտելու ժամանակն ու կիրառված միջոցների անհրաժեշտ տեխնիկական բնութագրերը:

    6. Քննիչի կողմից ձայնագրության զննումը եւ լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մասնագետի մասնակցությամբ, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որում պետք է բառացիորեն վերարտադրվի ձայնագրության՝ գործին վերաբերող մասը: Ձայնագրությունը կցվում է արձանագրությանը, ընդ որում, գործին չվերաբերող մասը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ գործը կարճվելուց հետո, ոչնչացվում է:

    Գլուխ 34. Քննչական փորձարարությունը

    Հոդված 242. Քննչական փորձարարությունը

    1. Գործի համար նշանակություն ունեցող տվյալներն ստուգելու եւ ճշտելու նպատակով փորձեր եւ այլ հետազոտական գործողություններ կատարելու համար քննիչն իրավունք ունի կատարել քննչական փորձարարություն:

    2. Քննչական փորձարարություն կատարելիս պետք է ներկա գտնվեն ընթերակաները: Անհրաժեշտության դեպքում քննիչը քննչական փորձարարության կատարմանը կարող է մասնակից դարձնել կասկածյալին, մեղադրյալին, վկային, մասնագետին, բժշկին եւ այլ անձանց: Քննիչն իրավունք ունի կիրառել տեխնիկական միջոցներ:

    3. Քննչական փորձարարություն թույլատրվում է, եթե տվյալ դեպքում այն վտանգավոր չէ մարդկանց կյանքի եւ առողջության համար, դրանով չի ստորացվում նրանց պատիվը եւ արժանապատվությունը, նրանց չի պատճառվում նյութական վնաս:

    4. Քննչական փորձարարություն կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որում մանրամասն շարադրվում են փորձարարության հանգամանքները եւ արդյունքները: Արձանագրության մեջ նշվում է տեխնիկական միջոցների կիրառման մասին: Արձանագրությանը ծանոթանում են քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք այն հաստատում են իրենց ստորագրություններով եւ իրավունք ունեն պահանջել նրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

    5. Պլանները, սխեմաները, գծագրերը, ինչպես նաեւ տեխնիկական միջոցների կիրառման արդյունքներն արտացոլող նյութերը կցվում են արձանագրությանը:

    Գլուխ 35. Փորձաքննություն կատարելը

    Հոդված 243. Փորձաքննություն նշանակելու եւ կատարելու հիմքերը

    Փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում՝ համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ: Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, մասնագետների, ընթերակաների հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից:

    Հոդված 244. Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը

    Քրեական հետապնդման մարմինը փորձաքննություն նշանակելու մասին կայացնում է որոշում, որում պետք է նշվեն՝ փորձաքննություն նշանակելու հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները եւ այլ օբյեկտները՝ նշելով՝ երբ, որտեղ եւ ինչ հանգամանքներում են դրանք հայտնաբերվել կամ ձեռք բերվել, իսկ քրեական գործի նյութերով փորձաքննություն կատարելիս՝ տեղեկություններ, որոնց վրա կարող են հիմնվել փորձագետի հետեւությունները, փորձագետին առաջադրված հարցերը, փորձագիտական հիմնարկի անվանումը կամ անձի ազգանունը, որին հանձնարարված է փորձաքննության կատարումը:

    Հոդված 245. Միանձնյա եւ հանձնաժողովային փորձաքննություններ

    1. Բարդ կամ կրկնակի փորձաքննությունները կարող են կատարվել միանձնյա կամ նույն մասնագիտությամբ փորձագետների հանձնաժողովի կողմից: Կողմի պահանջով փորձագետների հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել իր կողմից հրավիրված փորձագետը: Միասնական կարծիքի հանգելու դեպքում փորձագետներն ստորագրում են եզրակացությունը: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն՝ ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը:

    2. Հանձնաժողովային փորձաքննություն կատարելու մասին որոշումը պարտադիր է փորձագիտական հիմնարկի ղեկավարի համար: Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին՝ առանց հանձնաժողովային փորձաքննության պահանջի, ապա նրա ղեկավարն իրավասու է կազմակերպել հանձնաժողովային փորձաքննության կատարումը:

    Հոդված 246. Համալիր փորձաքննություն

    1. Եթե քրեական գործով նշանակություն ունեցող որեւէ հարցի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների կամ հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա պետք է նշանակվի համալիր փորձաքննություն:

    2. Համալիր փորձաքննության շրջանակում պարզաբանված փաստական տվյալների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձեւավորմանը:

    3. Փորձագետն իրավունք չունի ստորագրել համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որը չի պատկանում իր գիտական իրավասությանը:

    4. Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին՝ առանց համալիր փորձաքննություն կատարելու պահանջի, ապա անհրաժեշտության դեպքում այդ հիմնարկի ղեկավարը կարող է կազմակերպել համալիր փորձաքննություն:

    Հոդված 247. Փորձաքննություն նշանակելիս եւ կատարելիս կասկածյալի, մեղադրյալի եւ տուժողի իրավունքները

    1. Փորձաքննություն նշանակելիս եւ կատարելիս կասկածյալը, մեղադրյալը եւ տուժողն իրավունք ունեն՝

    1) մինչեւ փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը եւ ստանալ իրենց իրավունքների պարզաբանում. այդ մասին կազմվում է արձանագրություն.

    2) բացարկ հայտնել փորձագետին.

    3) միջնորդել, որ փորձագետ նշանակվի իր մատնանշած անձանց թվից.

    4) փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն.

    5) փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր.

    6) քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը.

    7) բացատրություններ տալ փորձագետին.

    8) քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը.

    9) մասնակցել իր միջնորդությամբ կատարվող՝ փորձագետի հարցաքննությանը:

    2. Թվարկված իրավունքներից օգտվում է նաեւ այն անձը, ում նկատմամբ պետք է լուծվի բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը, եթե դա թույլ է տալիս նրա հոգեկան վիճակը:

    Հոդված 248. Փորձաքննության կատարումը փորձագիտական հիմնարկում

    1. Քննիչը փորձաքննություն նշանակելու մասին իր կայացրած որոշումը, հետազոտման օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ քրեական գործն ուղարկում է փորձագիտական հիմնարկի ղեկավարին: Փորձաքննության կատարմանը մասնակցում է այն փորձագետը, որը նշված է որոշման մեջ: Եթե որոշման մեջ կոնկրետ փորձագետ նշված չէ, ապա փորձագիտական հիմնարկի ղեկավարը պետք է որոշի, թե տվյալ փորձագիտական հիմնարկի որ փորձագետն է կատարելու փորձաքննությունը:

    2. Փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին, նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին, կազմակերպում է փորձաքննության կատարումը, սակայն իրավունք չունի փորձագետին տալ ցուցումներ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը եւ հետեւությունների բովանդակությունը:

    Հոդված 249. Փորձաքննության կատարումը փորձագիտական հիմնարկից դուրս

    1. Եթե փորձաքննությունը կատարվում է փորձագիտական հիմնարկից դուրս, ապա քննիչը փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո իր մոտ է կանչում այն անձին, ում հանձնարարված է փորձաքննությունը, հավաստիանում է նրա ինքնության եւ ձեռնահասության մեջ, պարզում է փորձագետի հարաբերությունները կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, դատավարության այլ մասնակիցների հետ եւ ստուգում է, թե չկան արդյոք փորձագետին բացարկ հայտնելու հիմքեր:

    2. Փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, բացատրում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները եւ նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Այդ գործողությունները կատարելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որն ստորագրվում է փորձագետի եւ հաստատվում է քննիչի կողմից: Արձանագրության մեջ նշվում են նաեւ փորձագետի արած հայտարարությունները եւ նրա միջնորդությունները: Փորձագետի միջնորդությունները մերժելու մասին փորձաքննություն նշանակած անձը կայացնում է պատճառաբանված որոշում:

    3. Փորձաքննություն նշանակող անձը կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային ներկայացնում է փորձագետին, երբ անհրաժեշտ է հետազոտել նրանց մարմինը կամ հոգեկան վիճակը կամ եթե փորձաքննությանը նրանց մասնակցելն անհրաժեշտ է:

    Հոդված 250. Փորձագետի եզրակացությունը

    1. Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է գրավոր եզրակացություն եւ հաստատում է այն իր ստորագրությամբ, որն ուղարկվում է փորձաքննություն նշանակող անձին:

    2. Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի՝ երբ, որտեղ, ում կողմից (անուն, ազգանուն, հայրանուն, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը եւ կոչումը, զբաղեցրած պաշտոնը) եւ ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մասնակցել, քրեական գործի որ նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի իրեղեն ապացույցներ, նմուշներ եւ այլ օբյեկտներ են հետազոտվել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ:

    3. Փորձագետի եզրակացությանը պետք է կցվեն հետազոտված իրեղեն ապացույցները, նմուշները եւ այլ նյութեր, ինչպես նաեւ փորձագետի հետեւությունները պարզաբանող լուսանկարները, սխեմաները:

    4. Եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:

    Հոդված 251. Լրացուցիչ եւ կրկնակի փորձաքննությունը

    1. Եթե հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ՝ վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող են նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի:

    2.Կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները: Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է ուրիշ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետի առջեւ կարող է դրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը: Կրկնակի փորձաքննություն կատարելու մասին որոշման մեջ պետք է նշվեն նախկին փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնվելու շարժառիթները: Նախկին փորձաքննությունը կատարած փորձագետները կարող են ներկա գտնվել կրկնակի փորձաքննությանը, տալ պարզաբանումներ, սակայն հետազոտմանը եւ եզրակացություն կազմելիս նրանք չեն մասնակցում:

    Հոդված 252. Փորձագետի հարցաքննությունը

    1. Եթե փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ, ունի բացեր, որոնք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները եւ հասկացությունները, քննիչն իրավունք ունի հարցաքննել փորձագետին՝ պահպանելով սույն օրենսգրքի 205, 206 եւ 209 հոդվածների պահանջները:

    2. Փորձագետին չի թույլատրվում հարցաքննել, մինչեւ նրա կողմից եզրակացություն ներկայացնելը:


    Գլուխ 36. Հետազոտման համար նմուշներ ստանալը

    Հոդված 253. Նմուշներ ստանալու հիմքերը

    1. Քննիչն իրավունք ունի ստանալ մարդու, դիակի, կենդանու, նյութի եւ այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանց հետազոտումը գործի համար նշանակություն ունի:

    2. Նմուշներ ստանալու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որտեղ մասնավորապես պետք է նշվեն՝ նմուշներ ստացող անձը, ումից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով եւ կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ եւ ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար, որտեղ եւ ում պետք է ներկայացվեն նմուշները՝ դրանք ստանալուց հետո:

    3. Անհրաժեշտության դեպքում քննիչը նմուշներ կարող է ստանալ փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ:

    Հոդված 254. Նմուշների տեսակները

    1. Նմուշ կարող են լինել՝

    1) արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքները, մաշկի մանրադիտակային քերվածքները.

    2) թուքը, քրտինքը եւ այլ արտաթորանքներ.

    3) մաշկի գծանախշերի դրոշմը, ատամների եւ վերջավորությունների կաղապարները.

    4) ձեռագիրը, ստորագրությունը, մարդու հմտությունն արտահայտող այլ նյութեր.

    5) ձայնագրվածքը.

    6) պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի փորձնական նմուշները.

    7) զենքը, պարկուճը, գնդակը, փամփուշտը.

    8) այլ նյութեր եւ առարկաներ:

    2. Արգելվում է նմուշներ ստանալ մարդուն հոգեկան եւ ֆիզիկական տառապանքներ պատճառող կամ նրա առողջությանը եւ մարմնի ամբողջականությանը վտանգ սպառնացող միջոցներով:

    Հոդված 255. Նմուշներ ստանալու կարգը

    1. Քննիչն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը, նրան, մասնագետին, ընթերականերին բացատրում է իրենց իրավունքներն ու պարտականությունները:

    2. Քննիչը՝ մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է, եւ ընթերակաների ներկայությամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ եւ ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից, մյուս նմուշները փաթեթավորվում եւ կնքվում են:

    3. Համապատասխան դեպքերում նմուշների ստացումը իրականացվում է խուզարկության կամ առգրավման միջոցով կամ դրանց կատարման հետ միաժամանակ:

    Հոդված 256. Նմուշներ ստանալու արձանագրությունը

    1. Քննիչը, ստանալով նմուշներ, կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ գործողությանը մասնակցած անձինք, նկարագրվում են նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները եւ միջոցները, ինչպես նաեւ ստացված նմուշները:

    2. Ստացված նմուշները կցվում են արձանագրությանը:
     
     

    Գլուխ 37. Քրեական գործով վարույթի կասեցումը, կարճումը եւ քրեական հետապնդումը դադարեցնելը

    Հոդված 257.Քրեական գործով վարույթի կասեցման կարգը

    Սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազն իրավունք ունեն կասեցնել քրեական գործով վարույթը՝ դրա մասին կայացնելով պատճառաբանված որոշում։

    Հոդված 258. Քննիչի գործողությունները քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո

    1. Քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին եւ միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով։

    2. Քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննիչն ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով՝

    1) սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձին.

    2) սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու կամ քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ։

    3. Անհրաժեշտության դեպքում քննիչը, սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ։

    Հոդված 259. Մեղադրյալի հետախուզումը

    1. Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ։

    2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, քննիչը՝ իր որոշմամբ, հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին։

    3. Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելն է։ Քննիչի որոշման հիման վրա, սույն օրենսգրքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց։

    Հոդված 260. Քրեական գործով կասեցված վարույթի վերսկսումը

    1. Քրեական գործով կասեցված վարույթը քննիչի որոշմամբ վերսկսվում է, եթե՝

    1) վերացվել են քրեական գործով վարույթը կասեցնելու՝ սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերը.

    2) անհրաժեշտ է կատարել դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել առանց մեղադրյալի մասնակցության։

    2. Քրեական գործով վարույթը վերսկսվում է նաեւ այն դեպքում, երբ դատախազն իր որոշմամբ վերացնում է քննիչի որոշումը՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին։

    3. Քննիչը պարտավոր է գործով վարույթը վերսկսելու մասին հաղորդել մեղադրյալին եւ պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին։

    Հոդված 261. Նախաքննության ընթացքում գործով վարույթի կարճման եւ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը

    1. Գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում։

    2. Գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ներածական մասում նշվում են որոշումը կազմելու ժամանակը եւ տեղը, քննիչի անունը, ազգանունը եւ պաշտոնը, քննվող գործի վերաբերյալ տեղեկություններ։

    3. Որոշման նկարագրական - պատճառաբանական մասում շարադրվում են այն հանգամանքները, որոնք առիթ եւ հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է։

    4. Որոշման եզրափակիչ մասում շարադրվում է քննիչի որոշումը գործը կարճելու մասին՝ վկայակոչելով սույն օրենսգրքի համապատասխան նորմը, ինչպես նաեւ ցուցումներ՝ խափանման միջոցը, գույքի վրա դրված կալանքը վերացնելու եւ իրեղեն ապացույցների ճակատագրի մասին։

    5. Սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով եւ երկրորդ մասով նախատեսված հանգամանքների առկայությամբ գործով վարույթը կարճելիս եւ քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

    Հոդված 262. Քննիչի գործողությունները քրեական գործով վարույթը կարճելուց եւ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո

    1. Քննիչը քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին։

    2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը եւ վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը։

    3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին։

    Հոդված 263. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկումը

    1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաեւ այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին։

    2. Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը բավարարելուց դատախազի հրաժարվելը կարող է բողոքարկվել դատարան։

    Հոդված 264. Քրեական գործով կարճված վարույթի վերսկսումը

    1. Քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու դեպքում, եթե չեն անցել սույն օրենսգրքի 21 հոդվածով սահմանված ժամկետները, քրեական գործով վարույթը վերսկսվում է։

    2. Քրեական գործով վարույթը վերսկսելու մասին գրավոր տեղեկացվում են կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, տուժողը եւ նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները ։
     


    Գլուխ 38. Մեղադրական եզրակացության կազմումը եւ քրեական գործը դատարան ուղարկելը

    Հոդված 265. Մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ գործի նյութերին ծանոթացնելը

    1. Մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով, քննիչն այդ մասին հաղորդում է մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին եւ որոշում է գործի նյութերի հետ նրանց ծանոթանալու ժամանակը եւ տեղը։

    2. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին քննիչը ծանոթանալու համար գործը ներկայացնում է նրանց միջնորդության դեպքում, իսկ մեղադրյալին եւ պաշտպանին՝ անկախ միջնորդությունից։

    3. Եթե մեղադրյալի պաշտպանը կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող ներկայանալ նշանակված ժամին, քննիչը ծանոթանալը հետաձգում է մինչեւ 5 օր ժամկետով։ Տվյալ ժամկետում պաշտպանի կամ ներկայացուցչի չներկայանալու դեպքում մեղադրյալին հնարավորություն է ընձեռվում իր համաձայնությամբ կամ նշանակմամբ ունենալու այլ պաշտպան, իսկ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին՝ այլ ներկայացուցիչ։

    Հոդված 266.Քրեական գործի նյութերին ծանոթանալու կարգը

    1. Քննիչը ծանոթացման համար գործի նյութերը ներկայացնում է համարակալված էջերով եւ յուրաքանչյուր հատորում պարունակվող փաստաթղթերի ցանկով՝ մեկ կամ մի քանի կարված հատորների տեսքով։ Պետք է ներկայացվեն նաեւ գործի հետ պահվող իրեղեն ապացույցները եւ քննչական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները։ Եթե գործը բաղկացած է մի քանի հատորներից, բոլոր հատորները պետք է ներկայացվեն միաժամանակ։

    2. Դատավարության մասնակիցներին գործի հետ ծանոթացնելիս քննիչը, նրանց միջնորդությամբ, համապատասխան սարքավորումների կիրառմամբ վերարտադրում է ձայնագրառությունը, կինո եւ տեսաֆիլմերը, արձանագրությունների հավելված տեսապատկերները, ներկայացնում է իրեղեն ապացույցները։

    3. Մեղադրյալը եւ պաշտպանը գործին ծանոթանում են դատավարության մյուս մասնակիցներից ավելի ուշ։ Նրանք իրավունք ունեն գործին ծանոթանալ միասին կամ առանձին։ Նմանապես՝ ներկայացուցիչների հետ միասին կամ առանձին գործին կարող են ծանոթանալ նաեւ տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը։

    4. Գործին ծանոթացող անձինք իրավունք ունեն գործում առկա փաստաթղթերից անել դուրսգրումներ եւ պատճենահանել դրանք, լուսանկարել իրեղեն ապացույցները։

    Հոդված 267.Գործի նյութերին ծանոթանալուց հետո արվող միջնորդությունները

    1. Գործի նյութերին ծանոթանալուց հետո քննիչը մեղադրյալից, պաշտպանից, ինչպես նաեւ տուժողից, քաղաքացիական հայցվորից, քաղաքացիական պատասխանողից եւ նրանց ներկայացուցիչներից պարզում է, թե նրանք ունեն արդյոք լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ներկայացվում են մեկօրյա ժամկետում։

    2. Միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որի պատճենը դիմողին է հանձնվում միջնորդություն հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում։ Մինչեւ միջնորդության հարցը լուծելը գործը չի կարող հանձնվել դատախազին։

    3. Այն գործով հարուցված միջնորդությունը բավարարելուց քննիչի հրաժարվելը, որը քննիչը մտադրված է մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, կարող է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու մասին որոշման պատճենը դիմողին հանձնելու պահից 2 օրվա ընթացքում բողոքարկվել դատախազին։ Մինչեւ բողոքի լուծումը գործը չի ուղարկվում դատարան։

    4. Հարուցված միջնորդության վերաբերյալ բողոքը դատախազի կողմից մերժելը չի խոչընդոտում դատարանում այդ նույն միջնորդությունը հարուցելուն։

    Հոդված 268. Գործի նյութերին ծանոթացնելու արձանագրությունը

    1. Քրեական գործի նյութերին ծանոթացնելու վերաբերյալ քննիչը կազմում է արձանագրություն, որում նշում է ծանոթացնելու ժամկետը եւ տեղը, իր պաշտոնը, գործին ծանոթացող անձանց մասին եւ պաշտպանի, ինչպես նաեւ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչների լիազորությունները վկայակոչող փաստաթղթերի մասին տեղեկություններ։

    2. Դատավարության յուրաքանչյուր մասնակցի գործին ծանոթացնելու մասին կազմվում է առանձին արձանագրություն։ Եթե պաշտպանը գործին ծանոթացել է իր պաշտպանյալի հետ միասին կամ ներկայացուցիչը գործի հետ ծանոթացել է ներկայացվող տուժողի, քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի հետ միասին, ապա գործի հետ պաշտպանի եւ պաշտպանյալի, ինչպես նաեւ ներկայացուցչի եւ ներկայացվողի ծանոթանալու մասին կարող է կազմվել մեկ արձանագրություն։

    3. Արձանագրության մեջ նշվում են ծանոթացման համար ներկայացված գործի հատորների եւ յուրաքանչյուր հատորում առկա էջերի թիվը, ինչպես նաեւ ներկայացված իրեղեն ապացույցները եւ քննչական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները։

    4. Արձանագրության մեջ նշվում են գործի հետ ծանոթանալու յուրաքանչյուր օրը, սկսելու եւ ավարտելու ժամանակը։

    5. Արձանագրության մեջ մտցվում են քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո հարուցված բանավոր միջնորդությունները։ Գրավոր միջնորդությունները կցվում են արձանագրությանը, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ ։

    Հոդված 269. Գործին կրկին ծանոթանալը միջնորդությունները բավարարելուց հետո

    Կողմի միջնորդությունը բավարարելու դեպքում, անկախ այն բանից, թե ով է հարուցել տվյալ միջնորդությունը, քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում կրկին ծանոթանալ գործին՝ լրացված նյութերի մասով։

    Հոդված 270. Մեղադրական եզրակացությունը

    1. Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական- պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից։

    2. Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաեւ տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները եւ այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները։

    3. Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները եւ առաջադրված մեղադրանքի ձեւակերպումը՝ նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը։

    4. Քննիչն ստորագրում է մեղադրական եզրակացությունը՝ նշելով այն կազմելու ժամանակը եւ տեղը։

    Հոդված 271. Մեղադրական եզրակացության հավելվածները

    1. Մեղադրական եզրակացությանը կցվում է դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը։ Ցուցակում քննիչը նշում է կանչման ենթակա անձանց գտնվելու տեղը եւ գործի այն էջերը, որոնք պարունակում են նրանց ցուցմունքները կամ եզրակացությունները։

    2. Մեղադրական եզրակացությանը կցվում են իրեղեն ապացույցների եւ դրանց գտնվելու տեղի, քաղաքացիական հայցը եւ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, դատական ծախսերի, խափանման միջոցների մասին քննիչի տեղեկանքները՝ նշելով անձի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը։

    Հոդված 272. Քրեական գործի ուղարկելը դատախազին

    Ստորագրելով մեղադրական եզրակացությունը՝ քննիչը նույն օրը քրեական գործն ուղարկում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

    Հոդված 273.Մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազի կողմից լուծվող հարցերը

    Դատախազն ուսումնասիրում է մեղադրական եզրակացությամբ ստացված գործը, որպեսզի ստուգի՝

    1) ապացուցված է արդյոք մեղադրյալին մեղսագրվող արարքը եւ այն պարունակում է արդյոք հանցակազմ.

    2) հիմնավորված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը.

    3) մեղադրանքի ձեւակերպման մեջ ընդգրկված են արդյոք մեղադրյալի կատարած բոլոր հանցագործությունները.

    4) գործով որպես մեղադրյալ ներգրավված են արդյոք հանցագործությանը մասնակցած բոլոր անձինք.

    5) կան արդյոք քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքներ.

    6) ճիշտ են որակված մեղադրյալի կատարած արարքները.

    7) ճիշտ է ընտրված խափանման միջոցը.

    8) ձեռնարկված են արդյոք միջոցներ՝ ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը եւ դատական ծախսերը.

    9) բացահայտված են արդյոք հանցագործությանը նպաստող հանգամանքները եւ ձեռնարկված են արդյոք միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.

    10) կատարված է արդյոք գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտություն.

    11) մեղադրական եզրակացությունը բավարարում է արդյոք սույն օրենսգրքի 270 եւ 271 հոդվածներով նախատեսված պահանջները.

    12) պահպանված են արդյոք նախաքննության կատարման կարգը որոշող սույն օրենսգրքի բոլոր մյուս կանոնները։

    Հոդված 274. Դատախազի որոշումը մեղադրական եզրակացությամբ ստացված գործով

    1. Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝

    1) հաստատել մեղադրական եզրակացությունը.

    2) իր որոշմամբ մեղադրանքի ձեւակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, եւ այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը.

    3) իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար.

    4) կասեցնել քրեական գործով վարույթը.

    5) կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը։

    2. Մեղադրանքը լրացնելու կամ այն առավել ծանր կամ փաստական հանգամանքներով նախորդ ներկայացված մեղադրանքից էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոխելու համար։

    Հոդված 275.Խափանման միջոցի մասին որոշումը

    Մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, իսկ եթե խափանման միջոց չի կիրառվել՝ ընտրել դրանցից որեւէ մեկը կամ դիմել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։

    Հոդված 276. Դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը փոխելը

    Մինչեւ գործը դատարան ուղարկելը դատախազն իրավունք ունի իր որոշմամբ կրճատել կամ լրացնել դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակը։ Ցուցակից չեն կարող հանվել մեղադրյալը, գործունակ տուժողը, տուժողների եւ մեղադրյալների օրինական ներկայացուցիչները, քաղաքացիական հայցվորները, քաղաքացիական պատասխանողները եւ նրանց ներկայացուցիչները։

    Հոդված 277.Գործը դատարան ուղարկելը

    1. Հաստատելով մեղադրական եզրակացությունը՝ դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է։

    2. Գործը դատարան ուղարկելու մասին դատախազն անմիջապես տեղեկացնում է մեղադրյալին եւ պաշտպանին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին՝ պարզաբանելով, որ հետագայում նրանք իրավունք ունեն իրենց դիմումները եւ միջնորդություններն ուղարկել դատարան։

    3. Միաժամանակ, դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նաեւ պաշտպանին, տուժողին եւ դատավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է մեղադրական եզրակացության եւ դրան կցված հավելվածների հաստատված պատճենները։ Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատարվել են փոփոխություններ, ապա մեղադրական եզրակացությունը ներկայացվում է միայն վերջին խմբագրությամբ։ Եթե դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը փոփոխվել է, ապա ներկայացվում է նաեւ դատախազի համապատասխան որոշման պատճենը:

    4. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին եւ պաշտպանին հանձնվում են թարգմանչի կողմից ստորագրված մեղադրական եզրակացության եւ դրան կցված հավելվածների հաստատված թարգմանությունները։
     


    Գլուխ 39. Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ

    Հոդված 278. Դատական վերահսկողության ոլորտը

    1. Դատարանը քննում է քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու եւ անձի սահմանադրական իրավունքները եւ ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները։

    2. Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների եւ գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները։

    3. Դատարանի՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից՝ դատախազի, միջնորդություն հարուցած մարմնի, այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են։

    Հոդված 279.Դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները

    Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները։

    Հոդված 280. Դատարանի որոշմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցները

    Միայն դատարանի որոշման հիման վրա են կիրառվում քրեադատավարական հարկադրանքի հետեւյալ միջոցները՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, կասկածյալներին, մեղադրյալներին եւ այն անձանց, որոնց հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրանց ներգրավել որպես մեղադրյալ, բժշկական հաստատությունում տեղավորումը՝ դատահոգեբանական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար։

    Հոդված 281. Դատարանի որոշմամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները

    1. Դատարանի որոշմամբ են կատարվում այն օպերատիվ-հետախուզական գործողությունները, որոնք կապված են քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ։

    2. Դատարանի որոշման հիման վրա իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները սահմանվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով։

    Հոդված 282. Քննչական գործողություններ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները

    1. Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը՝ համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար։

    2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն, ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, համապատասխան գործողությունների կատարման ժամկետը, տեղը, անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձեւը, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական եւ հիմնավորված որոշում ընդունելու համար։ Եթե այդ նյութերը բավարար չեն, դատավորն իրավունք ունի պահանջել՝ լրացնել դրանք ։

    Հոդված 283. Քննչական գործողություններ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը

    1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում՝ միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ։

    2. Դատական նիստին իրավունք ունի մասնակցել դատախազը, եթե անհրաժեշտ է համարում անձամբ պաշտպանել միջնորդությունը: Դատախազն իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը։

    3. Դատավորն իրավունք ունի՝

    միջնորդություն ներկայացնող անձից պահանջել՝ միջնորդության հիմնավորվածությունն ստուգելու համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ իրեղեն ապացույցներ.

    ներկայացնել բացատրություններ։

    4. Միջնորդությունները դատավորի կողմից պետք է քննվեն անհապաղ, բայց ոչ ուշ, քան դրանք ստանալու հաջորդ օրը:

    5. Միջնորդության քննումն ավարտելուց հետո դատավորը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին՝ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը։

    Հոդված 284. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննարկման կարգը

    1. Անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:

    2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն է տալիս այդպիսի միջոցառումների իրականացման կամ դրանց իրականացման համար միջնորդող մարմնի գտնվելու վայրի դատարանը:

    3. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու համար հիմք է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշումը, որում պարունակվում է միջնորդություն՝ այդ միջոցառումների իրականացման թույլտվություն ստանալու վերաբերյալ: Որոշման մեջ նշվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, միջոցառման իրականացման տեղը եւ ժամկետը, ինչպես նաեւ այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են դատարանին՝ որոշում կայացնելու համար: Որոշմանը կցվում են բոլոր այն նյութերը, որոնք հիմնավորում են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը: Որոշումը եւ դրան կցվող նյութերը դատարան է ներկայացվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

    4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում՝ միջնորդությունը ներկայացնող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ: Միջնորդությունը պետք է քննարկվի եւ որոշում կայացվի այն ստացվելուց հետո՝ 12 ժամվա ընթացքում:

    5.Դատավորի պահանջով նրան են ներկայացվում նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող այլ նյութեր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կա պետական կամ ծառայողական գաղտնիքի խախտման վտանգ կամ, երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները եւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք, համապատասխան տեղեկությունների ստացման աղբյուրները եւ դրանց ստացման եղանակները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով դատավորը կարող է համապատասխան պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ եւ լրացուցիչ նյութեր:

    6. Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին՝ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:

    7. Դատարանի որոշման գործողության ժամկետը հաշվարկվում է դրա կայացման օրվանից եւ չի կարող գերազանցել վեց ամիսը, եթե որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու ժամկետը կարող է երկարացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի՝ նման միջնորդություն պարունակող հիմնավորված որոշման հիման վրա, սույն հոդվածով սահմանված կարգով:

    8. Այն դեպքերում, երբ սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հապաղումը կարող է հանգեցնել տեռորիստական ակտի կատարմանը, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը՝ 48 ժամվա ընքացքում այդ մասին ծանուցելով դատարանին՝ նրան ներկայացնելով սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված փաստաթղթերը: Այն դեպքերում, երբ դատարանը բավարար չի համարում սույն հոդվածով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, դրա իրականացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա իրականացման արդյունքում ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Հակառակ դեպքում՝ դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 285. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննումը

    1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան՝ խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին։ Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները եւ հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն։ Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը։

    2. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի կամ ձերբակալման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա՝ միջնորդություն ներկայացրած անձի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին։ Ժամանակին ծանուցված պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը դատարանում:

    3. Դատական նիստին,որպես կանոն, պետք է ներկա գտնվի անազատության մեջ գտնվող մեղադրյալը: Դատարանն իրավունք ունի դատական նիստին կանչել տուժողին եւ նրա ներկայացուցչին, մեղադրյալին եւ նրա օրինական ներկայացուցչին։

    4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:

    5. Քննելով միջնորդությունը՝ դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ միջնորդությունը մերժելու մասին։ Դատավորի որոշումը հանձնվում է տվյալ խափանման միջոցը ընտրելու մասին միջնորդություն հարուցած անձին, ուղարկվում է մեղադրյալին, տուժողին եւ ենթակա է անհապաղ կատարման։

    6. Տվյալ խափանման միջոցն ընտրելու նպատակով հարուցված միջնորդությունը դատավորի կողմից մերժելու մասին որոշումից հետո նույն գործով նույն անձին կալանավորելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելը հնարավոր է միայն կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում։

    7. Որպես խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին որոշում կայացնելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ, քանի դեռ որոշված գումարը փաստացի մուծված չէ դատարանի դեպոզիտ։

    Հոդված 286. Քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզականմիջոցառումներ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումները

    Դատարանի որոշման մեջ պետք է նշված լինեն որոշումը կազմելու օրը, ամիսը, տարին եւ տեղը, դատավորի ազգանունը, միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը, քննչական գործողություններ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու կամ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին նշում՝ ցույց տալով այդ գործողությունը կամ միջոցը եւ ում վրա է տարածվում, որոշման գործողության ժամկետը, որոշումը կատարելու համար իրավասու պաշտոնատար անձը կամ մարմինը, դատավորի կնիքով վավերացված ստորագրությունը։

    Հոդված 287.Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկումը

    1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաեւ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան՝ անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով։

    2. Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը, դատարան հասցեագրված բողոքներ ստանալով, պարտավոր է գրանցել դրանք եւ ուղարկել ըստ ընդդատության՝ այդ մասին տեղյակ պահելով հսկող դատախազին։

    3. Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը եւ դատարանի որոշումը։

    Հոդված 288.Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության եւ հիմնավորվածության դատական ստուգումը

    1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաեւ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության եւ հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից։

    2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը եւ հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը եւ հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում։

    3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում՝ դատախազի եւ պաշտպանի մասնակցությամբ։ Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն։ Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաեւ տուժողին։

    4. Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտարարում է, թե ինչպիսի բողոք է քննվելու, ներկայացնում է դատարան ներկայացած անձանց եւ նրանց պարզաբանում է իրենց իրավունքները եւ պարտականությունները։ Այնուհետեւ դիմողը, եթե նա մասնակցում է բողոքի քննությանը, հիմնավորում է բողոքը, որից հետո լսում են նիստին ներկա գտնվող այլ անձանց։

    5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

    1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ անձին կալանքից ազատելու մասին.

    2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.

    3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին։

    6. Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաեւ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը եւ հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու եւ անձին կալանքից ազատելու մասին։

    7. Դատարանի որոշման պատճենն ուղարկվում է դատախազին եւ դիմողին, իսկ անձին կալանքից ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ նաեւ կալանավորված անձի գտնվելու վայրի վարչակազմին ՝ անհապաղ կատարման համար։

    8. Բողոքն առանց բավարարման թողնվելու դեպքում դատարանի կողմից նույն գործով նույն անձի բողոքի կրկին քննում, սույն հոդվածով սահմանված կարգով, թույլատրվում է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր դեպքում։

    Հոդված 289. Քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաեւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումների բողոքարկումը եւ ստուգումը

    Քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաեւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը եւ ստուգումը կատարվում են սույն օրենսգրքի 287 եւ 288 հոդվածներով նախատեսված կանոններով։

    Հոդված 290. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների բողոքարկումը դատարան

    1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների եւ գործողությունների օրինական եւ հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները եւ օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով եւ գործողություններով, եւ եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից։

    2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաեւ դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի եւ դատախազի հրաժարվելը, ինչպես նաեւ քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։

    3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան՝ այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում։

    4. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին տեղյակ պահելով դիմողին եւ վարույթն իրականացնող մարմնին։ Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը։ Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր։ Վարույթն իրականացնող մարմինը եւ դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն։

    5. Բողոքը ճանաչելով հիմնավորված՝ դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, եւ անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին։ Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին եւ վարույթն իրականացնող մարմնին։
     


    ԲԱԺԻՆ IX

    ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    Գլուխ 40. Դատական քննության նախապատրաստելը

    Հոդված 291. Դատարանի կողմից գործն իր վարույթ ընդունելը

    1. Դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, որի մասին կայացվում է որոշում:

    2. Քրեական գործն իր վարույթ ընդունելու պահից 3 օրվա ընթացքում դատարանը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել մեղադրյալին, նրա պաշտպանին, ինչպես նաեւ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին՝ նրանց ուղարկելով սահմանված ձեւի հուշաթերթիկ՝ հասցեատիրոջ իրավունքների եւ պարտականությունների պարզաբանմամբ, ներառյալ՝ միջնորդությունների եւ դիմումների դատարան ուղարկելու կարգի եւ ժամկետների մասին պարզաբանում:

    Հոդված 292. Գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումները

    Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործում եղած նյութերը եւ քրեական գործն իր վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

    1) դատական քննություն նշանակելու մասին.

    2) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.

    3) քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.

    4) գործը մեղադրողին վերադարձնելու մասին.

    5) քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին.

    6) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.

    7) ինքնաբացարկի մասին:

    Հոդված 293. Դատական քննություն նշանակելու մասին որոշումը

    1. Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները, ինչպես նաեւ մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների:

    2. Դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվեն՝ մեղադրյալի մասին նշում, քրեական օրենքը, որի խախտումը վերագրվում է մեղադրյալին, որոշում՝ խափանման միջոցները եւ պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին, որոշումներ՝ դատավարության մասնակիցների հարուցած միջնորդությունների, բացարկների եւ այլ հայտարարությունների առթիվ, որոշում՝ դատարանի կազմի մասին, որոշում՝ մեղադրյալի ընտրած կամ վերջինիս համար նշանակված անձին որպես պաշտպան թույլատրելու մասին, դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը, տեղեկություններ՝ դատական քննության տեղի եւ ժամանակի մասին, որոշում՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին, որոշում՝ դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին:

    3. Դատական քննությունը պետք է նշանակվի դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահից 10 օրվա ընթացքում:

    Հոդված 294. Որոշում՝ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

    1. Սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց դատաքննության, դատավորը պատճառաբանված որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքները վերաբերում են մեկ մեղադրյալի, քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ:

    2. Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ընդգրկում է նախնական քննության փուլում ընտրված խափանման եւ վնասի հատուցման ապահովման միջոցները, քրեադատավարական հարկադրանքի այլ միջոցները վերացնելու մասին որոշում, ինչպես նաեւ որոշում է իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը:

    3. Գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը հանձնվում է մեղադրյալին, պաշտպանին, դատախազին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին:

    Հոդված 295. Որոշում՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին

    1. Եթե մեղադրյալը թաքնվել է, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, կամ հիվանդացել է ծանր հիվանդությամբ, կամ օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից, կամ գործում է անհաղթահարելի ուժ, որը բացառում է դատական նիստին նրա մասնակցության հնարավորությունը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 31 հոդվածով նախատեսված այլ դեպքերում դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին:

    2. Վարույթը կարող է կասեցվել նաեւ մի քանի մեղադրյալներից մեկի նկատմամբ, պայմանով, որ դա չի սահմանափակում նրա պաշտպանության իրավունքը:

    Հոդված 296. Որոշում՝ գործը մեղադրողին վերադարձնելու մասին

    1. Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին:

    2. Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում՝ 7 օրվանից ավելի լինի:

    Հոդված 297. Որոշում՝ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին

    Անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում:

    Հոդված 298. Որոշում՝ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին

    Եթե դատավորը պարզի, որ գործն իրեն ընդդատյա չէ, ապա նա որոշում է կայացնում գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին՝ նշելով նման որոշման իրավաբանական հիմքերը եւ դատարանը, որին ուղարկվում է գործը:

    Հոդված 299. Որոշում՝ ինքնաբացարկի մասին

    Եթե դատավորը պարզի, որ իր վարույթում եղած գործով առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով սահմանված բացարկի հիմք, ապա որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին՝ գործը ներկայացնելով վճռաբեկ դատարանի նախագահին:

    Հոդված 300. Որոշում՝ խափանման միջոցների մասին

    Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու եւ դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը՝ խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում:

    Գլուխ 41. Դատական քննության ընդհանուր պայմանները

    Հոդված 301. Գործը քննելիս դատարանի կազմի անփոփոխելիությունը

    1. Յուրաքանչյուր գործ քննվում է դատարանի նույն կազմով:

    2. Դատավորի մասնակցությունը դատական քննությանն անհնար լինելու դեպքում, նա փոխարինվում է այլ դատավորով, իսկ գործի քննությունը վերսկսվում է:

    Հոդված 302. Ամբաստանյալի մասնակցությունը դատական քննությանը

    Դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է:

    Հոդված 303. Ամբաստանյալի չներկայանալու հետեւանքները

    1. Ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է:

    2. Առանց հարգելի պատճառների ամբաստանյալի չներկայանալու դեպքում նա դատարանի որոշմամբ կարող է բերման ենթարկվել եւ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ այն փոխարինվել ավելի ծանրով:

    Հոդված 304. Պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը եւ նրա չներկայանալու հետեւանքները

    1. Պաշտպանը դատական քննությանը մասնակցելիս օգտվում է մեղադրողի հետ հավասար իրավունքներից:

    2. Պաշտպանի չներկայանալու եւ այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Դատական նիստին չներկայացած պաշտպանի փոխարինումը թույլատրվում է միայն ամբաստանյալի համաձայնությամբ: Եթե ամբաստանյալի կողմից հրավիրված պաշտպանի մասնակցությունն անհնար է տեւական ժամանակով, դատարանը, հետաձգելով դատական քննությունը, իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպան, իսկ նրա հրաժարվելու դեպքում՝ նշանակել նոր պաշտպան: Գործը հետաձգելիս, լուծելով պաշտպանին փոխարինելու հարցը, դատարանը հաշվի է առնում նման որոշման նպատակահարմարությունը (դատական քննության վրա արդեն ծախսված ժամանակը, գործի բարդությունը եւ դրա հետ կապված դատական քննությանը նոր մասնակցող պաշտպանի կողմից գործի նյութերի ուսումնասիրման տեւողությունը եւ այլ հանգամանքներ): Գործին նոր մասնակցող պաշտպանին դատարանը բավարար ժամանակ է տրամադրում գործի նյութերն ուսումնասիրելու համար: Նա իրավունք ունի միջնորդելու կրկնել ցանկացած գործողություն, որը դատական քննության ընթացքում կատարվել է նախքան իր ընդգրկվելը գործին:

    Հոդված 305. Քաղաքացիական պատասխանողի մասնակցությունը դատական քննությանը եւ նրա չներկայանալու հետեւանքները

    1. Քաղաքացիական պատասխանողը ներկայացված հայցի հետ կապված իր իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու նպատակով դատական քննության ընթացքում օգտվում է սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից:

    2. Քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը չի խոչընդոտում դատական քննությունը շարունակելուն եւ քաղաքացիական հայցը քննելուն:

    Հոդված 306. Դատախազի մասնակցությունը դատական քննությանը եւ նրա չներկայանալու հետեւանքները

    1. Դատախազը, դատական քննության ընթացքում օգտվելով սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից, դատարանում պաշտպանում է մեղադրանքը:

    2. Դատախազը, պաշտպանելով մեղադրանքը, ղեկավարվում է օրենքի պահանջներով, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների վրա հիմնված իր ներքին համոզմամբ:

    3. Դատախազը պարտավոր է հրաժարվել մեղադրանքից, եթե իր համոզմամբ այն չի հաստատվել դատական քննության ընթացքում:

    4. Մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը եւ դադարեցնում քրեական հետապնդումը, իսկ եթե դատախազը հրաժարվում է առանձին մեղադրյալի մասով՝ դադարեցնում է քրեական հետապնդումն այդ մեղադրյալի նկատմամբ:

    5. Դատախազի չներկայանալու եւ նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Գործին նոր ընդգրկված դատախազին տրամադրվում է նախապատրաստվելու եւ մեղադրանքը պաշտպանելու համար անհրաժեշտ ժամանակ:

    Հոդված 307. Տուժողի մասնակցությունը դատական քննությանը եւ նրա չներկայանալու հետեւանքները

    1. Տուժողը, մասնակցելով դատական քննությանը, օգտվում է սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից:

    2. Տուժողի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, լուծում է նրա բացակայությամբ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտման եւ օրինական ու հիմնավորված դատավճիռ կայացնելու հնարավորության հարցը:

    3. Առանց հարգելի պատճառների տուժողի՝ դատարան չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի նրան բերման ենթարկել, եթե դատարանի կարծիքով նրա ներկայությունն անհրաժեշտ է:

    Հոդված 308. Քաղաքացիական հայցվորի մասնակցությունը դատական քննությանը եւ նրա չներկայանալու հետեւանքները

    1. Քաղաքացիական հայցվորը դատական քննության ընթացքում պաշտպանում է իր հարուցած քաղաքացիական հայցը:

    2. Քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի չներկայանալու դեպքում դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության, ընդ որում, քաղաքացիական հայցվորին իրավունք է վերապահվում հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով: Դատարանն իրավունք ունի քաղաքացիական հայցվորի, նրա օրինական ներկայացուցչի միջնորդությամբ քաղաքացիական հայցը քննության առնել նրա բացակայությամբ:

    Հոդված 309. Դատական քննության սահմանները

    Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ եւ միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

    Հոդված 310. Դատական քննության հետաձգումը եւ քրեական գործով վարույթի կասեցումը

    1. Դատական նիստին կանչված անձերից որեւէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետեւանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը եւ միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:

    2. Եթե ամբաստանյալը թաքնվել է, ինչպես նաեւ ամբաստանյալի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության դեպքում, որը նրան զրկում է դատարան ներկայանալու հնարավորությունից, դատարանն այդ ամբաստանյալի նկատմամբ կասեցնում է գործի վարույթը մինչեւ նրան հայտնաբերելը կամ նրա առողջանալը եւ քննությունը շարունակում է մնացած ամբաստանյալների նկատմամբ: Եթե անջատ քննությունը դժվարացնում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը, դատարանը կասեցնում է գործի ամբողջ վարույթը:

    3. Դատարանն իրավունք ունի թաքնվող ամբաստանյալի հետախուզում հայտարարել:

    Հոդված 311. Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը

    Դատարանը գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության՝

    1) երբ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ է տրված քրեադատավարական օրենքի էական խախտում, եթե դա չի կարող վերացվել դատական քննության ընթացքում.

    2) մեղադրողի միջնորդությամբ՝ երբ առկա են մեղադրանքը ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր:

    Հոդված 312. Խափանման միջոցի հարցի լուծումը

    Դատարանը, դատական քննության ժամանակ, լսելով ամբաստանյալի բացատրությունները, կողմերի կարծիքները, իրավունք ունի ամբաստանյալի նկատմամբ ընտրել, փոխել կամ վերացնել խափանման միջոցը:

    Հոդված 313. Դատական նիստում որոշում կայացնելու կարգը

    1. Այն բոլոր հարցերի առթիվ, որոնք լուծվում են դատարանի կողմից դատական քննության ժամանակ, դատարանը որոշումներ է կայացնում:

    2. Գործը լրացուցիչ քննության ուղարկելու, կարճելու կամ կասեցնելու, խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու, բացարկների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում եւ դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձեւով՝ ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից:

    3. Մյուս բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել կամ վերոհիշյալ կարգով, կամ տեղում դատավորների խորհրդակցելուց հետո՝ որոշումը մտցնելով դատական նիստի արձանագրության մեջ:

    4. Դատական քննության ժամանակ դատարանի կայացրած որոշումները հրապարակվում են:

    Հոդված 314. Դատական նիստի կարգը

    1. Դատավորների՝ դատական նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է. «Դատարանը գալիս է»: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում:

    2. Դատական քննության բոլոր մասնակիցները դատարանին դիմում են «Հարգելի դատարան» արտահայտությամբ, որից հետո ոտքի կանգնած անում են անհրաժեշտ հայտարարություններ, հարուցում են միջնորդություններ, բացարկներ: Դատարանին դիմելու կանոններից շեղում թույլատրվում է նախագահողի թույլտվությամբ:

    3. Նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատական քննությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող յուրաքանչյուր անձի համար:

    4. Տասնվեց տարեկանից փոքր անձանց դատական նիստի դահլիճ մտնել չի թույլատրվում, եթե նրանք կողմ կամ վկա չեն:

    Հոդված 315. Դատական նիստի արձանագրությունը

    1. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատական նիստերում վարվում է արձանագրություն:

    2. Արձանագրությունը կարող է լինել ձեռագիր կամ մեքենագիր կամ պատրաստվել համակարգչային եղանակով:

    3. Դատական նիստի արձանագրության մեջ պարտադիր նշվում են նիստի վայրն ու թվականը՝ նրա սկսվելու եւ ավարտվելու ժամանակի նշումով, քննվող գործը, դատարանի անվանումն ու կազմը, քարտուղարը, թարգմանիչը, մեղադրողը, պաշտպանը, ամբաստանյալը, ինչպես նաեւ տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները, դատարանի կողմից կանչված այլ անձինք, եթե նրանք ներկա են, ամբաստանյալի անձին վերաբերող տվյալները եւ խափանման միջոցը, դատարանի գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել, գործին մասնակցող անձանց հայտարարություններն ու միջնորդությունները, դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, հիշատակություն՝ որոշումները խորհրդակցական սենյակում կայացված լինելու մասին, գործին մասնակցող անձանց իրավունքների եւ պարտականությունների պարզաբանումը, ցուցմունքների բովանդակությունը, փորձագետին տրված հարցերը եւ նրա պատասխանները, ապացույցներ հավաքելու ուղղությամբ դատական նիստում կատարված զննությունների եւ այլ գործողությունների արդյունքները, այն փաստերի նշումը, որոնց մասին գործին մասնակցող անձինք միջնորդել են հավաստագրել արձանագրության մեջ, դատական վիճաբանությունների եւ ամբաստանյալի վերջին խոսքի համառոտ բովանդակությունը, նշում՝ դատավճռի հրապարակման եւ դրա բողոքարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին: Բացի դրանից, արձանագրությունում նշվում է դատական նիստի դահլիճում կարգի խախտման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի եւ խախտողի անձի, ինչպես նաեւ դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին:

    4. Դատական նիստի արձանագրությունը պետք է կազմվի դատական նիստում, պատրաստվի եւ ստորագրվի նախագահողի եւ դատական նիստի քարտուղարի կողմից՝ դատական նիստի ավարտից հետո՝ 5 օրում:

    5. Նախագահողը պարտավոր է կողմերին հնարավորություն ընձեռել ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը:

    6. Կողմերը, ինչպես նաեւ դատական նիստում հարցաքննված անձն իրավունք ունեն միջնորդել ծանոթանալու արձանագրությունում իրենց ցուցմունքների գրառմանը: Այսպիսի հնարավորություն պետք է տրվի ոչ ուշ, քան միջնորդությունը հարուցելու հաջորդ օրը:

    Հոդված 316. Դիտողություններ՝ դատական նիստի արձանագրության առթիվ

    1. Դատական նիստի արձանագրությունն ստորագրելուց հետո՝ 5 օրվա ընթացքում, կողմերն իրավունք ունեն դիտողություններ անել արձանագրության մասին:

    2. Դատական նիստի արձանագրությանը վերաբերող դիտողությունները քննարկվում են նախագահողի կողմից՝ դիտողությունները ներկայացրած անձի եւ նիստերի քարտուղարի մասնակցությամբ:

    3. Դիտողությունները եւ դրանց ճշտությունը հաստատելու կամ դրանք մերժելու մասին դատարանի պատճառաբանված որոշումը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

    Գլուխ 42. Դատական նիստի նախապատրաստական մասը

    Հոդված 317. Դատական նիստի բացումը

    Նախագահողը քրեական գործը քննելու համար նշանակված ժամին բացում է դատական նիստը եւ հայտարարում, թե որ գործն է ենթակա քննության:

    Հոդված 318. Դատական նիստին կանչված անձանց ներկայության ստուգումը

    Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է կողմերի, ինչպես նաեւ վկաների, փորձագետների, մասնագետների, թարգմանչի՝ դատարան ներկայանալու մասին եւ բացակայող անձանց չներկայանալու պատճառների մասին:

    Հոդված 319. Վկաներին դատարանի դահլիճից հեռացնելը

    Նախագահողը կարգադրում է վկաներին հեռանալ նրանց համար նախատեսված սենյակ:

    Հոդված 320. Թարգմանչին նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը բացատրելը

    Նախագահողը հաղորդում է, թե ով է մասնակցում որպես թարգմանիչ եւ նրան բացատրում է սույն օրենսգրքի 83 հոդվածով սահմանված նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը:

    Հոդված 321. Թարգմանչին բացարկելու հարցի լուծումը

    1. Նախագահողը ներկայացած կողմերին բացատրում է թարգմանչին բացարկ հայտնելու նրանց իրավունքը եւ օրենքով նախատեսված բացարկման հիմքերը:

    2. Լսելով սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց՝ դատարանը լուծում է հայտնված բացարկը: Անհրաժեշտության դեպքում որոշում ընդունելու համար դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ:

    Հոդված 322. Դատարանի կազմը հայտարարելը եւ դատավորների բացարկման հարցի լուծումը

    1. Նախագահողը հայտարարում է դատարանի կազմը եւ կողմերին բացատրում է՝ ինչպես դատարանի կոլեգիալ կազմի մեջ մտնող առանձին դատավորներին, այնպես էլ դատարանի ամբողջ կազմին բացարկ հայտնելու նրանց իրավունքը: Նա բացատրում է դատավորներին բացարկ հայտնելու հիմքերը:

    2. Դատավորին, դատարանին հայտնված բացարկը լուծվում է սույն օրենսգրքի 90 հոդվածի չորրորդ մասով նախատեսված կանոններով:

    Հոդված 323. Ամբաստանյալի ինքնությունը եւ մեղադրական եզրակացության պատճենը ժամանակին նրան հանձնված լինելու հանգամանքը պարզելը

    1. Նախագահողը ճշտում է ամբաստանյալի ինքնությունը՝ պարզելով նրա ազգանունը, անունը, ծննդյան տարին, ամիսը, օրը, ծննդավայրը, ընտանեկան դրությունը, ինչպես նաեւ ամբաստանյալի անձնավորությունը բնութագրող այլ հանգամանքներ:

    2. Նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե նրան հանձնված է արդյոք մեղադրական եզրակացության պատճենը եւ երբ է հանձնված: Եթե նշված փաստաթուղթը հանձնված չէ, դատական նիստը հետաձգվում է երեք օրով՝ ամբաստանյալին հանձնելով մեղադրական եզրակացության պատճենը:

    Հոդված 324. Մեղադրողի մասին հաղորդումը եւ նրա բացարկման հարցի լուծումը

    1. Նախագահողը հայտարարում է, թե ով է պաշտպանում մեղադրանքը (ազգանունը, անունը, դասային աստիճանը, զբաղեցրած պաշտոնը) եւ կողմերին բացատրում է դատախազին բացարկ հայտնելու նրանց իրավունքը եւ սույն օրենսգրքի 91 հոդվածով նախատեսված՝ նրան բացարկելու հիմքերը:

    2. Եթե դատախազին բացարկ հայտնում է կողմերից որեւէ մեկը, դատարանը մինչեւ որոշում կայացնելը լսում է մյուս կողմի կարծիքն այդ կապակցությամբ: Հայտնված բացարկի մասին դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:

    3. Բացարկը բավարարելու եւ տվյալ դատական նիստին մեղադրողին փոխարինելու անհնարինության դեպքում դատական քննությունը հետաձգվում է:

    4. Գործին նոր մասնակցող դատախազին հնարավորություն է ապահովվում ուսումնասիրել գործի նյութերը:

    Հոդված 325. Հաղորդում տուժողի, քաղաքացիական հայցվորի ներկայացուցչի մասին եւ նրանց բացարկման հարցի լուծումը

    1. Նախագահողը, հաղորդելով այն մասին, թե ով է հանդիսանում տուժողի եւ քաղաքացիական հայցվորի օրինական ներկայացուցիչ, ներկայացուցիչ, կողմերին բացատրում է տուժողի եւ քաղաքացիական հայցվորի ներկայացուցիչներին բացարկ հայտնելու նրանց իրավունքը եւ բացարկման հիմքերը:

    2. Հայտնված բացարկի մասին որոշումը կայացվում է կողմերի կարծիքը լսելուց հետո եւ պետք է լինի պատճառաբանված:

    Հոդված 326. Ամբաստանյալի պաշտպանությունը եւ տվյալ պաշտպանի մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին հարցի լուծումը

    1. Նախագահողը հայտարարում է, թե ով է պաշտպանը, կողմերին պարզաբանում է սույն օրենսգրքի 93 հոդվածով նախատեսված, գործին պաշտպանի մասնակցելը բացառող հանգամանքները, կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք պաշտպանին գործից հեռացնելու մասին:

    2. Սույն օրենսգրքի 93 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում դատարանն իրավունք ունի իր նախաձեռնությամբ պաշտպանին հեռացնել գործի վարույթից:

    Հոդված 327. Փորձագետը, մասնագետը եւ այդ անձանց բացարկ հայտնելու մասին հարցի լուծումը

    1. Նախագահողը հաջորդաբար ներկայացնում է փորձագետին, մասնագետին եւ, ղեկավարվելով սույն օրենսգրքի 96 եւ 97 հոդվածներով սահմանված կանոններով, լուծում է նրանց բացարկ հայտնելու հարցը:

    2. Եթե փորձագետին հայտնված բացարկն ընդունվում է, դատարանը որոշում է կայացնում այլ փորձագետ հրավիրելու մասին՝ հաշվի առնելով կողմերի կարծիքը: Նոր հրավիրված փորձագետի բացարկման հարցը լուծվում է ընդհանուր կարգով:

    3. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են նաեւ այն դեպքում, երբ գործին մասնակցում է մասնագետ:

    Հոդված 328. Ամբաստանյալին նրա իրավունքները եւ պարտականությունները բացատրելը

    Նախագահողն ամբաստանյալին բացատրում է սույն օրենսգրքի 65 հոդվածով նախատեսված նրա իրավունքները եւ պարտականությունները:

    Հոդված 329. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին նրանց
    իրավունքները բացատրելը

    Նախագահողը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին բացատրում է համապատասխանաբար՝ սույն օրենսգրքի 59, 61, 79, 75 հոդվածներով նախատեսված նրանց իրավունքները եւ պարտականությունները՝ դատական քննության ժամանակ:

    Հոդված 330. Փորձագետին եւ մասնագետին նրանց իրավունքները եւ պարտականությունները բացատրելը

    1. Նախագահողը փորձագետին բացատրում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքները եւ պարտականությունները:

    2. Նախագահողը մասնագետին բացատրում է սույն օրենսգրքի 84 հոդվածով նախատեսված նրա իրավունքները եւ պարտականությունները:

    Հոդված 331. Միջնորդություններ հարուցելը եւ լուծելը

    1. Նախագահողը հարցնում է մեղադրանքի կողմին եւ պաշտպանության կողմին, թե արդյոք նրանք ունեն միջնորդություններ նոր ապացույցներ պահանջելու եւ գործին կցելու մասին: Միջնորդություն հարուցող անձը պարտավոր է ցույց տալ, թե հատկապես ինչ հանգամանքներ պարզելու համար են անհրաժեշտ լրացուցիչ ապացույցները:

    2. Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքը: Եթե հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցված է միջնորդությունը, կարող են նշանակություն ունենալ գործի համար, կամ նյութը, որի ապացուցողական նշանակությունը վիճարկվում է, ստացված է օրենքի էական խախտումով, դատարանը բավարարում է միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում: Դատարանի կողմից միջնորդության մերժումը չի սահմանափակում միջնորդություն հարուցող անձի իրավունքը՝ նույն միջնորդությունը հարուցել հետագայում:

    3. Դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել վկաներ կանչելու, փորձաքննություն նշանակելու, այլ ապացույցներ պահանջելու մասին:

    Հոդված 332. Չներկայացած վկայի, փորձագետի, մասնագետի բացակայությամբ գործի քննության հնարավորության մասին հարցի լուծումը

    1. Դատական քննությանը հրավիրված վկաներից որեւէ մեկի, փորձագետի, մասնագետի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը շարունակելու կամ հետաձգելու մասին: Դատական քննությունը կարող է շարունակվել, եթե նշված անձանցից որեւէ մեկի չներկայանալը չի խոչընդոտի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմանը:

    2. Գործի քննությունը հետաձգելու մասին որոշում կայացնելիս դատարանն իրավունք ունի հարցաքննել ներկայացած վկաներին, փորձագետին, մասնագետին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Եթե գործի քննությունը հետաձգելուց հետո այն քննվում է դատարանի նույն կազմով, ապա նշված անձինք երկրորդ անգամ դատական նիստի են կանչվում միայն անհրաժեշտության դեպքում:

    Գլուխ 43. Դատաքննություն

    Հոդված 333. Դատաքննության սկիզբը

    Նախագահողը հայտարարում է, որ դատարանը անցնում է դատաքննությանը: Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ:

    Հոդված 334. Ամբաստանյալի դիրքորոշման ճշտումը

    1. Նախագահողը ամբաստանյալին պարզաբանում է նրան ներկայացված մեղադրանքի էությունը, արարքի իրավաբանական որակումը, նրան ներկայացված քաղաքացիական հայցի հիմքերը եւ չափը: Մի քանի ամբաստանյալի առկայության դեպքում նման պարզաբանում տրվում է նրանցից յուրաքանչյուրին:

    2.Նախագահողն ամբաստանյալներից յուրաքանչյուրին հարցնում է, թե նա արդյոք իրեն ճանաչում է մեղավոր եւ կոնկրետ ինչում: Ամբաստանյալին պետք է պարզաբանվի, որ նա կաշկանդված չէ նախաքննության ընթացքում մեղքն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ արված հայտարարությամբ, պարտավոր չէ պատասխանել առաջադրված հարցերին եւ, որ պատասխանելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:

    3. Նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե նա լրիվ կամ մասնակի ընդունում է արդյոք իրեն ներկայացված քաղաքացիական հայցը: Եթե ամբաստանյալը պատասխանում է այս հարցին, նա իրավունք ունի պատճառաբանել այն:

    4. Կողմերն իրավունք ունեն ամբաստանյալին տալ այնպիսի հարցեր, որոնք ուղղված են ամբաստանյալի դիրքորոշումը ճշտելուն:

    Հոդված 335. Ապացույցների հետազոտման հաջորդականությունը

    Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշում է ապացույցների հետազոտման կարգը:

    Հոդված 336. Ամբաստանյալի հարցաքննությունը

    1. Նախագահողն ամբաստանյալին առաջարկում է ցուցմունք տալ նրան առաջադրված մեղադրանքի եւ գործի այլ հանգամանքների մասին: Ամբաստանյալին պարզաբանվում է, որ նա իրավունք ունի ցուցմունքներ չտալ, եւ դա չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:

    2. Ամբաստանյալի կողմից ցուցմունքներ տալուց հետո նրան սկզբից հարցաքննում է իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները, քաղաքացիական պատասխանողը եւ նրա ներկայացուցիչը, իսկ հետո՝ մեղադրողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը եւ նրա ներկայացուցիչը:

    3. Դատավորն ամբաստանյալին հարցեր է տալիս սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձանց կողմից նրան հարցաքննելուց հետո: Ամբաստանյալին վերջում հարցեր տալու իրավունքը, բոլոր դեպքերում, վերապահված է իր պաշտպանին:

    4. Նախագահողը հանում է այն հարցերը, որոնք չեն առնչվում գործին:

    5. Ամբաստանյալը նախագահողի թույլտվությամբ իրավունք ունի ապացույցներից յուրաքանչյուրը հետազոտելիս ցանկացած պահի տալ ցուցմունքներ:

    6. Հարցաքննվելիս ամբաստանյալն իրավունք ունի օգտվել նշումներից, փաստաթղթերից:

    7. Ամբաստանյալի կողմից իր ցուցմունքներին վերաբերող նշումները եւ փաստաթղթերը կարդալուց հետո փաստաթղթերը դատարանի պահանջով, իսկ նշումները՝ ամբաստանյալի ցանկությամբ, ներկայացվում են դատարան՝ գործին կցելու համար:

    8. Ամբաստանյալին հարցաքննելիս կողմերը եւ դատարանը կարող են ներկայացնել գործին կցված կամ կողմի մոտ եղած առարկաներ կամ փաստաթղթեր: Կողմերն իրավունք ունեն միջնորդություններ անել այդ փաստաթղթերը հրապարակելու եւ գործին կցելու մասին: Կողմերը եւ դատարանն իրավունք ունեն ամբաստանյալին տալ հարցեր, որոնք կապված են նրան ներկայացված առարկաների եւ փաստաթղթերի հետ: Դատական նիստի արձանագրության մեջ պետք է նշվի, թե ամբաստանյալին հարցաքննելիս ինչպիսի առարկաներ, փաստաթղթեր են ներկայացվել եւ ում կողմից:

    9. Բացառիկ դեպքերում, երբ դա անհրաժեշտ է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար, դատարանի պատճառաբանված որոշմամբ ամբաստանյալը կարող է հարցաքննվել մյուս ամբաստանյալի բացակայությամբ: Դատական դահլիճ ամբաստանյալի վերադառնալուց հետո նրա համար ընթերցվում են դատական նիստի արձանագրության մեջ ընդգրկված, նրա բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալի ցուցմունքները եւ նրան հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտ ցուցմունքներ եւ հարցեր տալ իր բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալին:

    Հոդված 337. Մեղադրյալի, ամբաստանյալի ցուցմունքների հրապարակումը

    1. Նախաքննության ընթացքում մեղադրյալի տված ցուցմունքների, նախորդ դատական քննության ընթացքում կամ տվյալ դատական քննության ընթացքում ամբաստանյալի տված նախորդ ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաեւ այդ ցուցմունքների ձայնագրառումների վերարտադրումը թույլատրվում է, եթե՝

    1) ամբաստանյալը հրաժարվում է դատական քննության ժամանակ ցուցմունքներ տալ մեղադրանքի էության մասին.

    2) էական հակասություններ կան դատական քննության ընթացքում տված ցուցմունքների եւ նախորդ ցուցմունքների միջեւ: Այս դեպքում ամբաստանյալի ցուցմունքների հրապարակումը հնարավոր է միայն ամբաստանյալի կողմից ցուցմունքներ տալուց եւ առաջադրված հարցերին պատասխանելուց հետո:

    2. Չի թույլատրվում ցուցմունքների ձայնագրառման վերարտադրությունն առանց նախապես հրապարակելու մեղադրյալի, ամբաստանյալի այն ցուցմունքները, որոնք պարունակվում են համապատասխան հարցաքննության արձանագրությունում կամ դատական նիստի արձանագրությունում:

    Հոդված 338. Դատապարտյալի հարցաքննությունը

    Դատապարտյալը հարցաքննվում է իր նկատմամբ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքների շուրջ՝ ամբաստանյալի հարցաքննության համար՝ սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

    Հոդված 339. Վկային ցուցմունքներ տալուց հրաժարվելու համար հիմքերը պարզաբանելը եւ նախազգուշացնելը ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու եւ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին

    1. Հարցաքննությունից առաջ նախագահողը պարզում է վկայի ինքնությունը եւ պարզաբանում է՝

    1) իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ վկայելուց հրաժարվելու նրա իրավունքը.

    2) ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին:

    2. Սույն հոդվածի առաջին մասի պահանջների կատարումը նշվում է դատական նիստի արձանագրության մեջ:

    3. Տասնվեց տարեկան չդարձած վկան ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին չի նախազգուշացվում:

    Հոդված 340. Վկայի հարցաքննության կարգը

    1. Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ եւ դեռեւս չհարցաքննված վկաների բացակայությամբ:

    2. Նախագահողը պարզում է վկայի հարաբերությունն ամբաստանյալի, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի եւ գործին մասնակցող այլ անձանց հետ եւ վկային առաջարկում է հայտնել այն ամենը, ինչ հայտնի է իրեն գործի վերաբերյալ: Չի թույլատրվում վկային հարցերով ընդհատել:

    3. Կողմի միջնորդությամբ դատական քննության կանչված կամ նրա կողմից ներկայացված վկային առաջին հերթին հարցաքննում է միջնորդություն հարուցած կամ վկային ներկայացրած անձը, այնուհետեւ՝ տվյալ կողմում հանդես եկող այլ անձինք, իսկ վերջում՝ հակառակ կողմի ներկայացուցիչները եւ դատարանը:

    4. Դատարանի նախաձեռնությամբ կանչված վկային առաջին հերթին հարցաքննում է մեղադրանքի կողմը, ապա՝ պաշտպանության կողմը, այնուհետեւ՝ դատարանը:

    Հոդված 341. Անչափահաս վկայի հարցաքննությունը

    1. Անչափահաս վկայի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի ցուցմունքները, նրան հնարավորություն է ընձեռվում տվյալ վկային տալ հարցեր եւ ցուցմունքներ՝ վկայի հաղորդած տվյալների վերաբերյալ:

    2. Տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը՝ կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ վկայի հետագա ներկայությունը:

    Հոդված 342. Վկայի ցուցմունքների հրապարակումը

    1. Հետաքննության, նախաքննության կամ նախորդ դատական քննության ընթացքում վկայի տված ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաեւ նրա ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը դատական քննության ժամանակ թույլատրվում է, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը, էական հակասություններ կան այդ ցուցմունքների եւ դատարանում վկայի տված ցուցմունքների միջեւ, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

    2. Վկայի ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը հնարավոր է միայն նրա հարցաքննության արձանագրությունը կամ դատական նիստի արձանագրության այն մասը հրապարակելուց հետո, որտեղ ամրագրված են վկայի ցուցմունքները:

    Հոդված 343. Տուժողի հարցաքննությունը

    Տուժողը հարցաքննվում է սույն օրենսգրքի 339-342 հոդվածներով սահմանված կանոններով:

    Հոդված 344. Փորձագետի եզրակացության հետազոտումը դատական քննության ժամանակ

    1. Եթե նախաքննության ժամանակ կատարվել է փորձաքննություն, դատական քննության ժամանակ կողմերը եւ դատարանը հետազոտում են փորձագետի եզրակացությունը: Անհրաժեշտության դեպքում փորձագետը հրավիրվում է դատական քննությանը եւ մասնակցում է փորձաքննության առարկային վերաբերող ապացույցների հետազոտմանը՝ ամբաստանյալի, տուժողի, վկաների հարցաքննության ժամանակ տալիս է փորձաքննության առարկային վերաբերող հարցեր, մասնակցում է իրեղեն ապացույցների զննմանը եւ այլ քննչական գործողություններին:

    2.Փորձագետի եզրակացությունը հետազոտելուց հետո դատարանն իրավունք ունի կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ նշանակել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն՝ լսելով դրա վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրի կարծիքը:

    Հոդված 345. Փորձաքննություն կատարելը դատական քննության ժամանակ

    1. Եթե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել, դատական քննության ժամանակ կողմերն իրավունք ունեն միջնորդել այն նշանակելու:

    2. Կողմը, որի միջնորդությամբ նշանակվում է փորձաքննություն, գրավոր ներկայացնում է այն հարցերը, որոնց վերաբերյալ պետք է տրվի փորձագետի եզրակացություն, նշում է, թե ինչ պետք է հետազոտվի, կարող է նշել, թե ով պետք է ներգրավվի որպես փորձագետ: Այս բոլոր հարցերի մասին մյուս կողմն իրավունք ունի շարադրել իր կարծիքը:

    3. Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս նախագահողը մեղադրանքի եւ պաշտպանության կողմերին առաջարկում է ձեւակերպել փորձագետին ուղղված հարցերը եւ շարադրել իրենց կարծիքն այն մասին, թե ում հանձնարարել փորձաքննությունը եւ ինչ պետք է հետազոտել: Վերջնական որոշումը կայացնում է դատարանը:

    4. Նշված հարցերի մասին իր կարծիքը շարադրելու համար մեղադրանքի կամ պաշտպանության կողմում հանդես եկող որեւէ անձի միջնորդության առկայության դեպքում կարող է հայտարարվել ընդմիջում: Կողմերն իրավունք ունեն որպես փորձագիտական հետազոտության օբյեկտներ ներկայացնել առարկաներ, փաստաթղթեր: Այդպիսի օբյեկտների թվից դրանք հանելիս դատարանը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում:

    5. Փորձագետ նշանակված անձին հանձնվում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշման պատճենը եւ պարզաբանվում են նրա իրավունքները եւ պարտականությունները: Փորձագետի եզրակացությունը հրապարակվում եւ հետազոտվում է սույն օրենսգրքի 344 հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 346. Փորձագետի հարցաքննությունը

    1. Փորձագետի կողմից եզրակացությունը հրապարակելուց հետո նրան կարող են տրվել հարցեր՝ եզրակացությունը պարզելու կամ լրացնելու համար:

    2. Փորձագետին առաջին հերթին հարցաքննում է այն անձը, որի միջնորդությամբ նշանակվել է փորձաքննությունը, ապա՝ այդ կողմում հանդես եկող այլ անձինք, այնուհետեւ՝ հակառակ կողմի ներկայացուցիչները եւ դատարանը:

    3. Եթե փորձաքննությունը կատարվել է կողմերի միջեւ համաձայնությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, փորձագետին սկզբից հարցաքննում է մեղադրանքի կողմը, ապա՝ պաշտպանության կողմը, այնուհետեւ՝ դատարանը:

    Հոդված 347. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելը

    Փորձագետի եզրակացությունը բավականաչափ պարզ կամ լրիվ չհամարվելու, ինչպես նաեւ փորձագետների միջեւ տարաձայնություններ լինելու դեպքում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն՝ պահպանելով մինչդատական վարույթում փորձաքննության կատարման՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

    Հոդված 348. Իրեղեն ապացույցների զննումը

    1. Դատարանում գտնվող իրեղեն ապացույցները եւ դատական նիստում կողմերի ներկայացրած եւ իրեղեն ապացույցներ ճանաչված առարկաները զննում են մեղադրանքի կողմը, պաշտպանության կողմը եւ դատարանը: Եթե իրեղեն ապացույց ճանաչված առարկան ներկայացրել է կողմը՝ նա առաջինն է մասնակցում դրա զննությանը: Զննության ժամանակ իրեղեն ապացույցները նախագահողը կարող է ներկայացնել վկաներին, փորձագետին, մասնագետին: Այդ անձինք պարտավոր են դատարանի ուշադրությունը հրավիրել իրեղեն ապացույցի զննման ժամանակ հայտնաբերված եւ գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքների վրա:

    2. Այն իրեղեն ապացույցների զննումը, որոնք չեն կարող բերվել դատարան, կատարվում է սույն հոդվածի առաջին մասի կանոնների պահպանմամբ:

    Հոդված 349. Փաստաթղթերի հրապարակումը

    Նախաքննության ժամանակ գործին կցված կամ դատական նիստում դատարանին ներկայացված փաստաթղթերը հրապարակվում են, եթե դրանցում արտացոլված կամ հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ:

    Հոդված 350. Տեղանքի եւ շենքի զննումը

    1. Եթե դատարանը, լսելով կողմերի կարծիքը, գտնի, որ չի կարելի սահմանափակվել նախաքննության կամ հետաքննության ժամանակ կատարված տեղանքի կամ շենքի զննության արձանագրությունը հրապարակելով, կամ եթե այդ գործողությունները չեն կատարվել, կատարվում է տեղանքի կամ շենքի զննություն:

    2. Անհրաժեշտության դեպքում տեղանքի եւ շենքի զննություն կարող է կատարվել վկաների, փորձագետի, մասնագետի մասնակցությամբ:

    Հոդված 351. Ճանաչման ներկայացնելը, քննչական փորձարարություն կատարելը, հետազոտման համար նմուշներ ստանալը

    1. Ճանաչման ներկայացնելը, քննչական փորձարարությունը, հետազոտման համար նմուշներ ստանալը դատական քննության ժամանակ կատարվում է սույն օրենսգրքում սահմանված կանոնների պահպանմամբ, կողմերի մասնակցությամբ՝ առանց ընթերակաների:

    2. Հետազոտության համար նմուշներ ստանալը, ճանաչման ներկայացնելը, քննչական փորձարարությունը անհրաժեշտության դեպքում կարող են կատարվել դռնփակ դատական նիստում՝ ելնելով գործի հանգամանքներից:

    Հոդված 352. Ապացույցների հետազոտման սահմանափակումը

    1. Մեղադրողն իրավունք ունի միջնորդել, որպեսզի ապացույցների հետազոտումը սահմանափակվի մինչ այդ պահը հետազոտված ապացույցներով: Դատարանը, լսելով կողմերից յուրաքանչյուրին, իրավունք ունի բավարարել այդ միջնորդությունը: Դատարանը մերժում է միջնորդությունը, եթե գտնում է, որ դեռեւս չհետազոտված ապացույցները վերաբերում են գործի այնպիսի էական հանգամանքներին, որոնք դեռեւս չեն ստացել բավարար լուսաբանում:

    2. Պաշտպանության կողմն իրավունք ունի հրաժարվել դեռեւս չհետազոտված այն ապացույցները հետազոտելուց, որոնք ներկայացվել, գործին կցվել են այդ կողմի միջնորդությամբ: Այդպիսի հրաժարումը դատարանի համար պարտադիր է:

    Հոդված 353. Դատաքննությունն ավարտելը

    1. Երբ ապացույցները հետազոտված են, նախագահողը՝

    1) կողմերին բացատրում է, որ նրանք դատական վիճաբանությունների փուլում, իսկ դատարանը՝ դատավճիռ կայացնելիս, իրավունք ունեն հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ.

    2) պաշտպանության եւ մեղադրանքի կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք լրացնել դատաքննությունը՝ ինչպիսի ապացույցների հետազոտմամբ եւ գործի կոնկրետ որ հանգամանքները բացահայտելու համար:

    2. Եթե հարուցվում է դատաքննությունը լրացնելու մասին միջնորդություն, դատարանն այն լուծում է՝ ղեկավարվելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտությունն ապահովելու պահանջով: Միջնորդությունը բավարարվելու դեպքում դատաքննությունը շարունակվում է:

    3. Այն դեպքում, երբ դատաքննությունը շարունակվելու մասին միջնորդություն չի հարուցվում կամ դատարանը պատճառաբանված մերժում է միջնորդությունը, նախագահողը դատաքննությունը հայտարարում է ավարտված:


    Գլուխ 44. Դատական վիճաբանությունները եւ ամբաստանյալի վերջին խոսքը

    Հոդված 354. Դատական վիճաբանությունների բովանդակությունը եւ կարգը

    1. Դատաքննությունն ավարտելուց հետո նախագահողը հայտարարում է, որ դատարանն անցնում է դատական վիճաբանություններն ունկնդրելուն եւ ամբաստանյալի վերջին խոսքը լսելուն:

    2. Եթե դատական վիճաբանություններին մասնակցող անձանցից որեւէ մեկը միջնորդում է՝ իրեն ժամանակ տրամադրել դատական վիճաբանություններին նախապատրաստվելու համար, նախագահողը հայտարարում է ընդմիջում՝ նշելով դրա տեւողությունը:

    3. Դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի՝ նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:

    4. Եթե մեղադրանքը պաշտպանում է մի քանի մեղադրող, գործին մասնակցում են մի քանի տուժող, պաշտպան, քաղաքացիական պատասխանող եւ նրանց ներկայացուցիչներ, քաղաքացիական հայցվոր եւ նրանց ներկայացուցիչներ, ամբաստանյալ, նախագահողը նրանց ժամանակ է տալիս՝ ելույթ ունենալու հաջորդականությունն իրենց միջեւ որոշելու համար: Անհրաժեշտության դեպքում դրա համար կարող է հայտարարվել ընդմիջում: Եթե նշված անձինք վիճաբանություններում ելույթ ունենալու հաջորդականության հարցում համաձայնության չեն գալիս, դատարանը, լսելով նրանց կարծիքը, ընդունում է համապատասխան որոշում:

    5. Իրենց ճառերում կողմերն իրավունք չունեն հիմնվել այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել դատաքննության ժամանակ: Իր հետեւությունները հիմնավորելու համար նոր ապացույցներ օգտագործելու անհրաժեշտության դեպքում կողմը միջնորդություն է հարուցում դատաքննությունը վերսկսելու մասին՝ նշելով, թե որ հանգամանքներն են պահանջում լրացուցիչ հետազոտություն եւ ինչպիսի նոր ապացույցների հիման վրա: Դատարանը, լսելով մյուս կողմի կարծիքը, պատճառաբանված որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

    6. Դատարանը չի կարող դատական վիճաբանությունների տեւողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, սակայն նախագահողն իրավունք ունի ընդհատել վիճաբանություններին մասնակցող անձանց, եթե նրանք շոշափում են քննարկվող գործի հետ առնչություն չունեցող հանգամանքներ:

    7. Դատական վիճաբանությունների բոլոր մասնակիցներն իրենց արտասանած ճառերից հետո իրավունք ունեն այդ ճառերում ասվածի առթիվ եւս մեկական անգամ ելույթ ունենալ ռեպլիկի կարգով: Վերջին ռեպլիկի իրավունքը միշտ պատկանում է պաշտպանին եւ ամբաստանյալին:

    Հոդված 355. Ամբաստանյալի վերջին խոսքը

    1. Դատական վիճաբանություններն ավարտվելուց հետո վերջին խոսքը տրվում է ամբաստանյալին: Ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ չի թույլատրվում:

    2. Դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին խոսքի տեւողությունը սահմանափակել որոշակի ժամանակով: Նախագահողն իրավունք ունի ամբաստանյալին ընդհատել, եթե նա շոշափում է գործի հետ ակնհայտորեն առնչություն չունեցող հանգամանքներ:

    3. Եթե իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտնում է գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, դատարանը վերսկսում է դատաքննությունը:

    Հոդված 356. Դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ

    Ամբաստանյալի վերջին խոսքը լսելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կամ որոշում կայացնելու համար:
     


    Գլուխ 45. Դատավճիռ կայացնելը

    Հոդված 357. Դատավճիռ կայացնելը

    Դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության:

    Հոդված 358. Դատավճռի օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված լինելը

    1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական եւ հիմնավորված:

    2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի եւ այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:

    3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե՝

    1) դրա հետեւությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

    2) այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

    3) դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

    4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետեւությունները եւ որոշումները:

    Հոդված 359. Խորհրդակցական սենյակի գաղտնիությունը

    1. Դատարանը դատավճիռը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա գտնվել միայն տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:

    2. Դատավորները կարող են ընդմիջել խորհրդակցությունն իրենց անհրաժեշտ հանգստի համար՝ աշխատանքային օրը ավարտվելու դեպքում, ինչպես նաեւ հանգստյան եւ տոն օրերին:

    3. Դատավորներն իրավունք չունեն հրապարակել խորհրդակցական սենյակի գաղտնիությունը:

    Հոդված 360. Դատավճիռ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը

    1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետեւյալ հարցերը՝

    1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.

    2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին.

    3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը.

    4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ եւ, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն.

    5) ապացուցված է արդյոք ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունը.

    6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

    7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.

    8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.

    9) քրեական պատիժներ իրականացնող հաստատության տեսակը՝ համապատասխան ռեժիմով, որտեղ ամբաստանյալը պետք է կրի ազատազրկման ձեւով նշանակված պատիժը.

    10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին եւ ինչ չափով, ինչպես նաեւ պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել.

    11) վերացվելու է արդյոք հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցումը կամ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար գույքի վրա դրված կալանքը.

    12) ինչ անել իրեղեն ապացույցները.

    13) վերացվելու, փոխվելու կամ ընտրվելու է արդյոք խափանման միջոց եւ ինչպիսի միջոց.

    14) ում վրա եւ ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը.

    15) հանցանքը կատարելու մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է արդյոք կիրառել հարկադրական բուժում գինեմոլությունից եւ թմրամոլությունից, նրա նկատմամբ նշանակել արդյոք խնամակալություն:

    2. Ամբաստանյալին մի քանի հանցանքներ կատարելու մեջ մեղադրելիս դատարանը սույն հոդվածի առաջին մասի 1-9-րդ կետերում նշված հարցերը լուծում է յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին:

    3. Մի քանի ամբաստանյալների դեպքում սույն հոդվածի առաջին մասում նշված բոլոր հարցերը լուծվում են յուրաքանչյուր ամբաստանյալի նկատմամբ առանձին:

    Հոդված 361. Ամբաստանյալի մեղսունակության հարցը քննարկելը

    1. Այն դեպքում, երբ հետաքննության, նախաքննության կամ դատական քննության ժամանակ առաջացել է ամբաստանյալի մեղսունակության կամ գործով վարույթն իրականացնելու պահին նրա կողմից իր գործողությունների համար հաշիվ տալու եւ դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը պարտավոր է դատավճիռ կայացնելիս այդ հարցը քննարկել եւս մեկ անգամ:

    2. Գտնելով, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում, կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանն ընդունում է համապատասխան որոշում:

    Հոդված 362. Պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ հսկողություն սահմանելու հարցը լուծելը

    Պայմանական դատապարտություն կիրառելիս դատարանը որոշում է, թե պետք է արդյոք հսկողություն սահմանվի պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ եւ ում վրա պետք է դրվի հսկողությունը:

    Հոդված 363. Դատաքննության վերսկսելը կամ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը

    1. Եթե խորհրդակցական սենյակում, սույն օրենսգրքի 360-362 հոդվածներում մատնանշված հարցերը քննարկելիս, դատարանը գտնի, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է լրացնել դատաքննությունը, դատարանը որոշում է կայացնում դատաքննությունը վերսկսելու մասին: Վերսկսված դատաքննությունն ավարտելուց հետո դատարանը նորից է սկսում դատական վիճաբանությունները եւ լսում է ամբաստանյալի վերջին խոսքը, որից հետո հեռանում է խորհրդակցական սենյակ:

    2. Բացահայտելով գործը լրացուցիչ քննության ուղարկելու համար սույն օրենսգրքի 311 հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը՝ դատարանն այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում:

    Հոդված 364. Դատավճիռների տեսակները

    Դատարանի դատավճիռը կարող է լինել մեղադրական կամ արդարացման:

    Հոդված 365. Մեղադրական դատավճիռը

    1. Մեղադրական դատավճիռը բովանդակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալին մեղավոր ճանաչելու եւ նրա նկատմամբ քրեական պատժի միջոցներ կիրառելու, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ քրեական պատիժ չկիրառելու կամ պատժից ազատելու մասին դատարանի որոշումը:

    2. Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա եւ կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ:

    Հոդված 366. Արդարացման դատավճիռը

    1. Արդարացման դատավճիռը ճանաչում եւ հռչակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը՝ այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ:

    2. Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով եւ երկրորդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ:

    3. Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում այդ հանցանքը կատարած անձը, դատարանը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործն ուղարկում է դատախազին՝ լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

    Հոդված 367. Քաղաքացիական հայցը լուծելը դատավճիռ կայացնելիս

    Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության:

    Հոդված 368. Քաղաքացիական հայցի ապահովման մասին որոշումը

    Քաղաքացիական հայցը բավարարելու դեպքում դատարանն իրավունք ունի, մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որոշում կայացնել հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին, եթե այդպիսի միջոցներ նախկինում ձեռնարկված չեն եղել:

    Հոդված 369. Դատավճիռ կազմելը

    1. Անհրաժեշտ բոլոր հարցերը լուծելուց հետո դատարանն անցնում է դատավճիռ կազմելուն:

    2. Դատավճիռը շարադրվում է պարզ եւ հասկանալի արտահայտություններով:

    3.Դատավճիռը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

    4. Դատավճիռն ամբողջությամբ եւ դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Առանձին կարծիքի մնացած դատավորը նույնպես ստորագրում է դատավճիռը:

    5. Դատավճռում ուղղումը պետք է համաձայնեցվի եւ հաստատվի բոլոր դատավորների ստորագրություններով, խորհրդակցական սենյակում՝ մինչեւ դատավճիռը հրապարակելը:

    Հոդված 370. Դատավճռի ներածական մասը

    Դատավճռի ներածական մասում ցույց է տրվում՝

    1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից.

    2) դատավճիռը կայացնելու ժամանակը եւ վայրը.

    3) դատավճիռը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, մեղադրողը, պաշտպանը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները.

    4) ամբաստանյալի անունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը եւ ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը եւ ամբաստանյալի անձին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի համար.

    5) այն քրեական օրենքը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել:

    Հոդված 371. Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասը

    Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում՝

    1) մեղադրանքի բովանդակությունը.

    2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու եւ ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետեւությունները.

    3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետեւությունները.

    4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:

    Հոդված 372. Դատավճռի եզրափակիչ մասը

    Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են՝

    1) դատարանի որոշումները.

    2) դատարանի դատավճռի բողոքարկման կարգը:

    Հոդված 373. Դատավճռի հրապարակումը

    1. Դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, եւ նախագահողը հրապարակում է դատավճիռը: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները դատավճիռը լսում են հոտնկայս:

    2. Եթե դատավճիռը շարադրված է այն լեզվով, որին ամբաստանյալը չի տիրապետում, ապա դատավճիռը հրապարակվելուց անմիջապես հետո թարգմանիչն այն պետք է թարգմանաբար կարդա այն լեզվով, որին ամբաստանյալը տիրապետում է:

    3. Նախագահողն ամբաստանյալին, մյուս մասնակիցներին պարզաբանում է դատավճռի բողոքարկման կարգը եւ ժամկետը: Արդարացվածին պետք է բացատրվի ապօրինի ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելով, խափանման միջոցներ կիրառելով, ապօրինի դատի տալով պատճառված վնասի հատուցման նրա իրավունքը, ինչպես նաեւ տվյալ իրավունքի իրականացման կարգը:

    4. Ամբաստանյալին ցմահ ազատազրկման դատապարտելիս նրան բացատրվում է ներման մասին միջնորդության իրավունքը:

    Հոդված 374. Ամբաստանյալին կալանքից ազատելը

    Ամբաստանյալին արդարացնելու, ինչպես նաեւ առանց պատիժ նշանակելու, կամ պատիժը կրելուց ազատելով մեղադրական դատավճիռ կայացնելու, կամ պայմանական դատապարտելու, կամ դատավճռի կատարումը հետաձգելու, կամ նրան ազատազրկման հետ կապ չունեցող պատժի կամ այն ժամկետով ազատազրկման դատապարտելու դեպքում, որը չի գերազանցում ամբաստանյալի նախնական կալանքի տակ փաստացի գտնվելու ժամկետը, եթե ամբաստանյալը կալանքի տակ է գտնվում, դատարանը նրան անհապաղ ազատում է կալանքից դատական նիստի դահլիճում:

    Հոդված 375. Դատավճռի պատճենը հանձնելը դատապարտվածին կամ արդարացվածին

    Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին եւ մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ:
     


    ԲԱԺԻՆ X

    ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    Գլուխ 46. Վերաքննիչ բողոք

    Հոդված 376. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

    1.Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, մեղադրողը: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատավճիռն իրավունք ունեն բողոքարկել քաղաքացիական հայցի մասով: Տուժողը եւ նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոք կարող են բերել միայն այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա:

    2. Բողոք բերելու իրավունք ունի գործի քննությանը որպես մեղադրող մասնակցած դատախազը: Դատախազն իրավունք չունի բողոքարկել դատավճիռը քաղաքացիական հայցի մասով:

    3. Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաեւ տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատավճիռը կամ որոշումն առնչվում է նրանց շահերին:

    Հոդված 377. Վերաքննիչ բողոքներով գործերը քննող դատարանը

    Առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ՝ վերաքննիչ դատարան):

    Հոդված 378. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը

    Վերաքննիչ բողոքը ներկայացվում է վերաքննիչ դատարան, իսկ դրա պատճենը՝ դատավճիռը կայացրած դատարան՝ սույն օրենսգրքի 382 հոդվածի եւ 383 հոդվածի երկրորդ մասի պահանջները կատարելու համար:

    Հոդված 379. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

    1.Վերաքննիչ բողոք բերվում է առաջին ատյանի դատարանի դատավճիռի հրապարակվելու օրվանից 15 օրվա ընթացքում:

    2. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության:

    Հոդված 380. Բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգը

    1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանի առաջ միջնորդել՝ վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին՝ բացատրություններ տալու համար:

    2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը եւ քննել գործը՝ պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում եւ 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները:

    3. Միջնորդությունը բավարարվելու դեպքում դատավճռի կամ որոշման կատարումը կասեցվում է:

    Հոդված 381. Վերաքննիչ բողոքը

    1. Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի՝

    1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

    2) տվյալներ՝ բողոք բերած անձի մասին՝ նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

    3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, եւ այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.

    4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.

    5) բողոք բերող անձի հետեւություններն այն մասին, թե որն է դատավճռի կամ այլ որոշման անճշտությունը եւ նրա բողոքի էությունը.

    6) առկայության դեպքում՝ այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, եւ որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում՝ նաեւ առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները.

    7) բողոքին կցվող նյութերի ցանկը.

    8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:

    2. Այն դեպքում, երբ բերված բողոքը չի համապատասխանում նշված պահանջներին, ինչը խոչընդոտում է գործի քննությանը, բողոքը համարվում է տրված, սակայն դատարանի կողմից վերադարձվում է վերակազմելու համար՝ նշելով կոնկրետ ժամկետ: Այդ ժամկետը չի մտնում վերաքննիչ դատարանում գործերի քննության ժամկետի մեջ: Վերակազմման համար սահմանված ժամկետում բողոքը չվերակազմելու դեպքում բողոքը համարվում է չտրված:

    Հոդված 382. Տրված բողոքի մասին ծանուցելը

    1. Ներկայացված բողոքի մասին դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանը ծանուցում է դատապարտյալին կամ արդարացվածին, պաշտպանին, մեղադրողին, տուժողին եւ նրա ներկայացուցչին, ինչպես նաեւ քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին, եթե բողոքն առնչվում է նրանց շահերին: Բողոքի պատճենն ուղարկվում է նշված անձանց՝ պարզաբանելով դրա վերաբերյալ նրանց գրավոր առարկությունները ներկայացնելու հնարավորությունը եւ ներկայացնելու ժամկետը:

    2. Բողոքի նկատմամբ ստացված առարկությունները կցվում են գործին:

    3. Կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաեւ մյուս կողմի բողոքի նկատմամբ տրված առարկությունների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնել նոր նյութեր կամ միջնորդել դատարան կանչելու իրենց նշած վկային կամ փորձագետին:

    Հոդված 383. Բողոքարկման հետեւանքները

    1. Դատավճռի բողոքարկումը կասեցնում է դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

    2. Բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանը գործը՝ բողոքների վերաբերյալ ստացված առարկությունների հետ, ուղարկում է վերաքննիչ դատարան, որի մասին հայտնվում է կողմերին:

    3. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել այն՝ մինչեւ վերաքննիչ դատարանում դատական նիստի սկսվելը:

    Հոդված 384. Առաջին ատյանի դատարանի՝ բողոքարկման ենթակա որոշումները

    Սույն գլխի կանոններով բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

    Գլուխ 47. Գործի քննությունը վերաքննիչ դատարանում

    Հոդված 385. Վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանները

    Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքով եւ գործում եղած, ինչպես նաեւ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով կարող է գործը քննել լրիվ ծավալով:

    Հոդված 386. Վերաքննիչ բողոքի առարկան

    Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման եւ քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաեւ գործը քննելիս եւ լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը:

    Հոդված 387. Վերաքննության կարգով գործը քննող դատարանի կազմը

    Գործը վերաքննիչ դատարանում քննվում է երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է:

    Հոդված 388. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունն սկսելու ժամկետները

    Վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննությունը վերաքննիչ դատարանն սկսում է վերաքննիչ բողոքն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան 10 օր՝ դատավճռի բողոքարկման ժամկետն անցնելու օրվանից: Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 10 օրով:

    Հոդված 389. Վերաքննիչ դատարանի նիստը նշանակելը

    1. Գործը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատարանի կազմը նախագահողին:

    2. Ուսումնասիրելով ստացված գործը՝ նախագահողն իր որոշմամբ գործը նշանակում է դատական նիստում քննության:

    3. Դատական նիստ նշանակելու որոշման մեջ պետք է լուծվեն հետեւյալ հարցերը՝ գործի քննությունն սկսելու ժամանակը եւ տեղը, ելնելով դատավճռի օրինականությունը եւ հիմնավորվածությունը պատշաճ կերպով ստուգելու անհրաժեշտությունից՝ դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, դատական նիստին կանչվող վկաները, փորձագետը եւ այլ անձինք, եթե դա անհրաժեշտ է, դատապարտյալի նկատմամբ խափանման միջոցը պահպանելը, փոխելը կամ վերացնելը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործը դռնփակ դատական նիստում քննելու անհրաժեշտությունը:

    Հոդված 390. Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը

    1. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է առաջին ատյանի դատարաններում գործերի քննության համար սահմանված, ինչպես նաեւ սույն գլխում շարադրված կանոններով:

    2. Գործի քննության տեղի եւ ժամանակի մասին կողմերը ծանուցվում են: Դատավճիռը կամ որոշումը չբողոքարկած անձանց չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն եւ որոշում կայացնելուն:

    3. Դատական նիստին պարտադիր մասնակցում են՝

    1) դատախազը.

    2) ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, կամ երբ բողոք է բերել դատախազը՝ ոչ հօգուտ դատապարտյալի.

    3) պաշտպանը՝ սույն օրենսգրքի 69 հոդվածով նախատեսված դեպքերում:

    Հոդված 391. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում

    1. Դատաքննությունն սկսվում է նախագահողի կողմից դատավճռի բովանդակության, ինչպես նաեւ վերաքննիչ բողոքի եւ դրա դեմ առկա առարկությունների էության շարադրմամբ:

    2. Նախագահողի զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքում ներկայացված՝ իր հետեւությունները հիմնավորելու մասին կողմի ելույթը եւ դատավճիռը չբողոքարկած հակառակ կողմի առարկությունները:

    3. Լսելով կողմերի ելույթները՝ դատարանն անցնում է կանչված ամբաստանյալին, վկաներին, տուժողներին հարցաքննելու միջոցով ապացույցներն ստուգելուն, ինչպես նաեւ կողմերի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ փաստաթղթերը, արձանագրությունները եւ գործի այլ նյութերը հրապարակելուն: Ապացույցների հետազոտման կարգը դատարանը որոշում է՝ լսելով կողմերի կարծիքները:

    4. Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում հետազոտվում են, եթե կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը դա համարում է անհրաժեշտ:

    5. Կողմերն իրավունք ունեն միջնորդություն հարուցել՝ նոր վկաներ կանչելու, փորձաքննություն նշանակելու, իրեղեն ապացույցներ եւ փաստաթղթեր պահանջելու մասին: Հարուցված միջնորդությունները լուծվում են սույն օրենսգրքի 331 հոդվածով սահմանված կանոններով, ընդ որում, վերաքննիչ դատարանն իրավունք չունի միջնորդությունները մերժել այն հիմքով, թե դա չի բավարարվել առաջին ատյանի դատարանի կողմից:

    Հոդված 392. Դատական վիճաբանություններ: Ամբաստանյալի վերջին խոսքը

    1. Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո նախագահողը կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք լրացնելու դատաքննությունը, եւ լուծելով այդ միջնորդությունները, անցնում է դատական վիճաբանություններին:

    2. Դատական վիճաբանությունները կատարվում են սույն օրենսգրքի 354 հոդվածով սահմանված կանոններով, ընդ որում, առաջինը ելույթ է ունենում բողոք բերած անձը:

    3. Դատական վիճաբանություններն ավարտելով՝ նախագահողն ամբաստանյալին տալիս է վերջին խոսքի իրավունք, որից հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ:

    Հոդված 393. Դատավճիռ կայացնելը

    1. Բողոքը քննելու արդյունքում՝ վերաքննիչ դատարանը կայացնում է դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատավճռին:

    2. Վերաքննիչ դատարանը դատավճիռը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

    3. Դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում: Դատավորներն իրավունք չունեն հրապարակել խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:

    4. Վերաքննիչ դատարանի դատավճռում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատավճիռը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները՝ անհիմն, ինչն է հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոխելու համար:

    5. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360-362 հոդվածներով նշված հաջորդականությամբ եւ ձեւակերպմամբ:

    6. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալ քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում:

    7. Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

    8. Սույն օրենսգրքի 360 հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:

    9. Դատավորը, առանձին կարծիքի մնալու դեպքում, իրավունք ունի այն շարադրել գրավոր ձեւով՝ դատավճիռը հրապարակելու պահից 3 օրվա ընթացքում: Առանձին կարծիքը հանձնվում է նախագահողին եւ նրա կողմից կցվում գործի նյութերին՝ փակված ծրարով, որը կարող է բացվել միայն վճռաբեկ դատարանում գործի քննության ժամանակ:

    10. Որոշումներ ընդունելիս, վերաքննիչ դատարանն իրավունք ունի իր որոշումները հիմնավորելու համար հիմնվել վերաքննիչ դատարանի նիստին չկանչված, սակայն առաջին ատյանի դատարանում հարցաքննված անձանց ցուցմունքների վրա:

    11. Դատավճիռն ամբողջությամբ եւ դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Առանձին կարծիքի մնացած դատավորը նույնպես ստորագրում է դատավճիռը:

    12. Դատավճռում ուղղումը պետք է համաձայնեցվի եւ հաստատվի բոլոր դատավորների ստորագրություններով, խորհրդակցական սենյակում՝ մինչեւ դատավճիռը հրապարակելը:

    13. Դատավճռի հրապարակումը կատարվում է սույն օրենսգրքի 373 հոդվածով սահմանված կանոններով:

    Հոդված 394. Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվող որոշումները

    Գործի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

    1) առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը թողնում է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման.

    2) բեկանում է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը եւ կայացնում է արդարացման դատավճիռ կամ կարճում է գործով վարույթը եւ դադարեցնում՝ քրեական հետապնդումը.

    3) բեկանում է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը եւ կայացնում է մեղադրական դատավճիռ.

    4) փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը.

    5) բեկանում է դատավճիռը կամ որոշումը եւ, սույն օրենսգրքի 311 հոդվածի հիմքերով, գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության:

    Հոդված 395. Առաջին ատյանի դատարանի դատավճռի կամ որոշման բեկանման կամ փոփոխման հիմքերը

    Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը բեկանվում կամ փոխվում է եւ կայացվում է նոր դատավճիռ կամ որոշում, եթե՝

    1) գործի փաստական հանգամանքների մասին դատավճռում շարադրված դատարանի հետեւությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին.

    2) ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը.

    3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.

    4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը եւ ամբաստանյալի անձին:

    Հոդված 396. Գործի փաստական հանգամանքների մասին դատավճռում կամ որոշման մեջ շարադրված՝ դատարանի հետեւությունների անհամապատասխանությունը վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին

    1. Պարզելով, որ գործի փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատավճռում կամ որոշման մեջ շարադրված՝ դատարանի հետեւությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մի մասով բեկանում է դատավճիռը եւ դատաքննության արդյունքներին համապատասխան կայացնում է նոր դատավճիռ:

    2. Վերաքննիչ դատարանը, գնահատելով դատաքննության ընթացքում իր կողմից հետազոտված ապացույցները, իրավունք ունի ապացուցված ճանաչել այն փաստերը, որոնք չեն հաստատվել կամ հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատարանի դատավճռում:

    Հոդված 397. Քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը

    1. Քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումը, որը ենթակա էր կիրառման, օրենքի սխալ մեկնաբանումը, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին :

    2. Գործի քննության արդյունքում գտնելով, որ արարքն իրավաբանորեն ճիշտ որակված չէ, վերաքննիչ դատարանն իրավունք ունի փոխել հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթեւ հանցագործության համար:

    3. Վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործի քննության արդյունքներով առաջադրված մեղադրանքի սահմաններում կիրառել ավելի ծանր հանցագործության համար օրենք կամ նշանակել ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ այդ հիմքերով բողոք է բերել մեղադրողը, ինչպես նաեւ տուժողը կամ նրա ներկայացուցիչը:

    Հոդված 398. Քրեադատավարական օրենքի էական խախտումը

    1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների եւ այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

    2. Դատավճիռը պետք է բեկանվի, երբ դատաքննության միակողմանիությունը կամ ոչ լրիվությունը հետեւանք են թույլատրելի ապացույցները գործից սխալմամբ հանելու կամ այն ապացույցների հետազոտման հարցում կողմի միջնորդությունն անհիմն մերժելու համար, որոնք կարող էին նշանակություն ունենալ գործի համար:

    3. Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե՝

    1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը.

    2) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով.

    3) գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ.

    4) գործը քննվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր, կամ այլ կերպ խախտվել է մեղադրյալի՝ պաշտպան ունենալու իրավունքը.

    5) դատարանում խախտվել է մայրենի լեզվից եւ թարգմանչի ծառայություններից օգտվելու՝ ամբաստանյալի իրավունքը.

    6) ամբաստանյալին իրավունք չի վերապահվել մասնակցելու դատական վիճաբանություններին.

    7) ամբաստանյալին չի տրվել վերջին խոսքի իրավունք.

    8) խախտվել է դատավճիռ կայացնելու գաղտնիության սկզբունքը.

    9) գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը.

    10) դատավճռում իսպառ բացակայում է դրա նկարագրական-պատճառաբանական մասը.

    11) խախտվել է գործի քննության ընդդատությունը:

    4. Գտնելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել սույն հոդվածի երրորդ մասի 2-11-րդ կետերով նախատեսված խախտում, վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը եւ կայացնում նոր դատավճիռ, իսկ 1-ին կետով նախատեսված դեպքում՝ բեկանում է դատավճիռը, կարճում է գործի վարույթը եւ դադարեցնում քրեական հետապնդումը:

    5. Եթե առաջին ատյանի դատարանը գործով թույլ է տվել քրեադատավարական օրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը կատարում է դատական քննություն՝ միջոցներ ձեռնարկելով վերացնելու թույլ տրված խախտումները, բեկանում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ, հաշվի առնելով գործի քննության արդյունքները, կայացնում է նոր դատավճիռ:

    6. Վերաքննիչ դատարանը բեկանում է դատավճիռը եւ գործն ուղարկում լրացուցիչ նախաքննության, եթե թույլ են տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննության վրա եւ որոնք չեն կարող վերացվել դատական քննությամբ:

    Հոդված 399. Նշանակված պատժի անհամապատասխանությունը հանցագործության ծանրությանը եւ ամբաստանյալի անձին

    1. Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը եւ ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում է պատիժը՝ ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:

    2. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալին կարող է նշանակել առաջին ատյանի դատարանի դատավճռով նախատեսվածից ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ տվյալ հիմքով բողոքը բերել է դատախազը, ինչպես նաեւ տուժողը կամ նրա ներկայացուցիչը:

    Հոդված 400. Արդարացման դատավճռի բեկանումը կամ փոփոխումը

    1. Արդարացման դատավճիռը վերաքննիչ դատարանը կարող է բեկանել՝ կայացնելով մեղադրական դատավճիռ՝ ամբաստանյալի արդարացումն անհիմն լինելու մասին դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի բողոքով:

    2. Արդարացման դատավճիռն արդարացվածի բողոքով կարող է փոփոխվել արդարացման հիմքերի մասով:

    Հոդված 401. Վերաքննիչ դատարանի դատական նիստի արձանագրությունը

    Վերաքննիչ դատարանի դատական նիստում դատական նիստերի քարտուղարը վարում է արձանագրություն՝ սույն օրենսգրքի 315 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: Արձանագրության վերաբերյալ կողմերը կարող են անել դիտողություններ, որոնք նախագահողը քննում է սույն օրենսգրքի 316 հոդվածով նախատեսված կարգով:

    Հոդված 402. Վերաքննիչ դատարանի դատավճռի կամ որոշման օրինական ուժի մեջ մտնելը եւ դրանք կողմերին հանձնելը

    1. Վերաքննիչ դատարանի դատավճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դրանց հրապարակման պահից հետո՝ տասնօրյա ժամկետում:

    2. Վերաքննիչ դատարանի դատավճիռը կամ որոշումը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում հանձնվում է դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին եւ օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին եւ նրա ներկայացուցչին, ինչպես նաեւ քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե նրանք մասնակցել են գործի քննությանը վերաքննիչ դատարանում:
     


    ԲԱԺԻՆ XI

    ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    Գլուխ 48. Վարույթը վճռաբեկ դատարանում

    Հոդված 403. Դատավճռի ու որոշումների վերանայումը վճռաբեկության կարգով

    Վճռաբեկության կարգով վերանայվում են առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռները եւ որոշումները, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները:

    Հոդված 404. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք

    Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն՝

    1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ որոշումների դեմ.

    2) հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ որոշումների դեմ՝ դատավարության մասնակիցների դիմումների հիման վրա, ընդ որում, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի եւ նրանց ներկայացուցիչների դիմումի հիման վրա բերվող բողոքները կարող են վերաբերել միայն քաղաքացիական հայցին, իսկ տուժողի եւ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա.

    3) վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների դեմ՝ դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը եւ նրա ներկայացուցիչը, ինչպես նաեւ քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները՝ քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով:

    Հոդված 405. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը

    Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռները եւ որոշումները, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները վճռաբեկ բողոքների հիման վրա վերանայում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը (այսուհետ՝ վճռաբեկ դատարան):

    Հոդված 406. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

    1. Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են՝

    1) դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.

    2) նոր երեւան եկած հանգամանքները:

    2. Վճռաբեկ դատարանը դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հարցի լուծման ընթացքում ղեկավարվում է սույն օրենսգրքի 397 եւ 398 հոդվածների կանոններով:

    3. Սույն օրենքի 404 հոդվածի 3-րդ կետում նշված անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

    4. Վճռաբեկ բողոքը կազմվում է վերաքննիչ բողոքի համար՝ սույն օրենսգրքի 381 հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:

    Հոդված 407. Վճռաբեկ բողոքը

    1. Վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի՝

    1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

    2) տվյալներ բողոք բերած անձի մասին՝ նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

    3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, եւ այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.

    4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.

    5) պատճառաբանված մատնանշում այն մասին, թե կոնկրետ ում եւ որ նյութական կամ դատավարական իրավունքն է խախտվել, կամ մատնանշում, թե ինչ նոր երեւան եկած հանգամանք է առկա.

    6) բողոքի էությունը.

    7) բողոքին կցվող նյութերի ցանկը.

    8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:

    2. Այն դեպքում, երբ բողոքը բերել է հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը, բողոքին կցվում է դատավարության մասնակցի դիմումը, որը փաստաբանի համար բողոք բերելու հիմք է եղել:

    3. Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

    4. Բողոքը թողնվում է առանց քննության նաեւ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել:

    Հոդված 408. Գործերի նորոգման հիմքերն ու ժամկետները նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով

    1. Նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով քրեական գործերը նորոգվում են, եթե՝

    1) օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաեւ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

    2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

    3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված եւ անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

    4) ի հայտ են եկել դատավճիռ կամ որոշում կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչեւ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաեւ ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

    2. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման ակտ հրատարակվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաեւ մեղադրյալի մահվան հետեւանքով դատավճիռ կայացնելն անհնարին է, սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր ի հայտ եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքի 409 եւ 410 հոդվածներով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:

    3. Արդարացման դատավճռի եւ գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:

    4. Այն գործի նորոգումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված, այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու հետեւանքով, որոնք ցույց են տալիս դատպարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթեւ հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:

    5. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով գործի վարույթը նորոգելուն՝ դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:

    Հոդված 409. Վարույթի հարուցումը նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով

    1. Նոր ի հայտ եկած հանգամանքների մասին քաղաքացիների հայտարարությունները եւ պաշտոնատար անձանց հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանին:

    2. Սույն օրենսգրքի 408 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում իրավասու անձինք որոշում են կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցել, եւ այդ հանգամանքների առթիվ հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը կատարում է ուսումնասիրություններ, իսկ դատախազը՝ քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:

    3. Եթե հաղորդումն ստացած անձինք նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չեն գտնում, նրանք պատճառաբանված որոշմամբ մերժում են վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգռված անձանց, որոնք դատախազի նման որոշումը կարող են բողոքարկել վերադաս դատախազին:

    Հոդված 410. Դատախազի եւ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի գործողությունները նոր
    ի հայտ եկած հանգամանքների քննությունն (ուսումնասիրությունը) ավարտելուց հետո

    1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո, գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով՝ դատախազը քննության ակտերն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

    2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը գործի նորոգման հիմքերը առկա համարելով՝ վճռաբեկ բողոք են ներկայացնում վճռաբեկ դատարան՝ դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:

    3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանն իր պատճառաբանված որոշմամբ կարճում են վարույթը: Այդ որոշումը պետք է հաղորդվի շահագրգիռ անձանց, հաստատություններին:

    Հոդված 411. Դատավճռի բողոքարկման կարգը

    Վճռաբեկ բողոքը բերվում է վճռաբեկ դատարան, իսկ պատճենը՝ դատավճիռը կայացրած դատարան՝ սույն օրենսգրքի 413 հոդվածի երկրորդ մասի պահանջները կատարելու համար:

    Հոդված 412. Դատավճռի բողոքարկման ժամկետները

    1. Վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճռի կամ որոշման դեմ վճռաբեկության կարգով բողոք կարող է ներկայացվել դատավճռի կամ որոշման հրապարակման օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

    2. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ որոշումների բողոքարկման ժամկետ չի սահմանվում՝ բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

    3. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության:

    Հոդված 413. Բողոքարկման հետեւանքները

    1. Օրինական ուժի մեջ չմտած դատավճռի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:

    2. Բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանը գործը՝ ստացված բողոքի հետ ուղարկում է վճռաբեկ դատարան, որի մասին հայտնվում է բողոք բերող անձին:

    3. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել այն մինչեւ վճռաբեկ դատարանում դատական նիստի սկսվելը:

    Հոդված 414. Բողոքարկման ենթակա որոշումները

    Սույն գլխի կանոններով ենթակա են բողոքարկման միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

    Հոդված 415. Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները

    1. Վճռաբեկ դատարանը վերանայում է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:

    2. Եթե գործով դատապարտված են մի քանի անձ, իսկ բողոքը բերված է դատապարտյալներից միայն մեկի կամ մի քանիսի նկատմամբ, դատարանը վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում պարտավոր է գործն ստուգել միայն տվյալ դատապարտյալների վերաբերյալ:

    Հոդված 416. Վճռաբեկության կարգով գործը քննող դատարանի կազմը

    Գործը վճռաբեկ բողոքի հիման վրա քննվում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի դատավորների մեծամասնության եւ նախագահողի կազմով:

    Հոդված 417. Վճռաբեկ դատարանի նիստի նախապատրաստումը

    1. Վճռաբեկ դատարանը դատական նիստում գործը քննում է՝ այն բողոքի հետ ստանալու պահից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

    2. Գործի քննության տեղի եւ ժամանակի մասին ծանուցվում է բողոք բերող անձը:

    Հոդված 418. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը

    1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով:

    2. Զեկուցողը շարադրում է գործի հանգամանքները, դատավճռի կամ որոշման բովանդակությունը եւ վճռաբեկ բողոքի փաստարկները:

    3. Վճռաբեկ դատարանի պալատի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալ զեկուցողին:

    4. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվել վճռաբեկ դատարանի նիստին:

    Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաեւ դատավարության մասնակիցները, որոնք ծանուցվում են նիստի ժամանակի եւ տեղի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

    Հոդված 419. Բողոքը քննող դատարանի որոշումները

    Գործը վճռաբեկության կարգով քննելիս դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

    1) դատավճիռը կամ որոշումը թողնել անփոփոխ, իսկ բողոքը՝ առանց բավարարման.

    2) դատավճիռը կամ որոշումն ամբողջովին կամ մասամբ բեկանել եւ գործը նոր քննության ուղարկել՝ գործը քննած առաջին ատյանի դատարան կամ վերաքննիչ դատարան՝ այլ կազմով քննելու համար, կամ գործն ուղարկել նոր նախաքննության.

    3) դատավճիռը կամ որոշումը բեկանել, սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց դատաքննության, կարճել քրեական գործով վարույթը եւ դադարեցնել քրեական հետապնդումը: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքները վերաբերում են մեկ մեղադրյալի, քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ:

    Հոդված 420. Արդարացման դատավճռի բեկանումը

    1. Արդարացման դատավճիռը կարող է վճռաբեկության կարգով բեկանվել ոչ այլ կերպ, քան դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի բողոքի հիման վրա, կամ արդարացված անձի բողոքի հիման վրա, եթե նա համաձայն չէ արդարացման հիմքի հետ:

    2. Արդարացման դատավճիռը, գործը կարճելու մասին կամ մեղադրյալի օգտին կայացրած այլ որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում:

    Հոդված 421. Դատավճռի բեկանումը՝ գործը նոր քննության ուղարկելով

    1. Դատավճիռը ենթակա է բեկանման՝ գործը նոր դատական քննության ուղարկելով, եթե թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը ազդել է կամ կարող էր ազդել դատավճռի օրինականության վրա:

    2. Դատավճիռը կարող է բեկանվել նաեւ ավելի ծանր հանցագործության մասին օրենք կիրառելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու անհրաժեշտության դեպքում, եթե այն ճանաչվել է անարդարացի՝ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, սակայն միայն այն դեպքերում, երբ այդ հիմքերով բողոք բերել է դատախազը, տուժողը կամ նրա օրինական ներկայացուցիչը:

    3. Դատավճիռը ենթակա է բեկանման՝ գործը նոր նախաքննության ուղարկելով, եթե թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը չի կարող վերացվել դատական քննության ժամանակ:

    Հոդված 422. Վճռաբեկ դատարանի որոշումների բովանդակությունը

    1.Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝

    1) գործի համարը եւ որոշման կայացման տարին, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

    2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

    3) գործը քննած դատարանի անվանումը, դատավճռի կամ որոշման կայացման տարին, ամսաթիվը, դատարանի կազմը.

    4) դատավճռի կամ որոշման էության համառոտ շարադրանքը.

    5) դատավարության մասնակիցների անունները, ազգանունները.

    6) հիմքերը, որոնցով դրվել է դատավճռի կամ որոշման օրինականության եւ հիմնավորվածության ստուգման հարցը.

    7)օրենքները, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.

    8) դատավճիռը կամ որոշումը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնվել դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի հետեւություններին.

    9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

    2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ բացակայում են դատավճիռը կամ որոշումը բեկանելու հիմքեր, այդ մասին պետք է նշի կայացրած որոշման մեջ:

    3. Որոշումն ստորագրում է դատարանի ամբողջ կազմը:

    4.Դատարանի որոշումները բողոքի հետ կցվում են գործին:

    Հոդված 423. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը

    1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

    2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

    3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի եւ կանչված այլ անձանց բացակայությամբ:

    4. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է կայացված, եթե դրա օգտին քվեարկել է վճռաբեկ դատարանի պալատի նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

    5. Որոշումն ստորագրում են որոշում կայացրած դատավորները:

    6. Որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է նիստում:

    7. Որոշումը կայացման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է բողոք բերած անձին եւ դատավարության մասնակիցներին:

    Հոդված 424. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

    Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:

    Հոդված 425. Վճռաբեկ դատարանի մասնավոր որոշումը

    1.Վճռաբեկ դատարանը, գործը քննելիս, պարզելով, որ հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը բերել է ակնհայտ անհիմն վճռաբեկ բողոք, իրավունք ունի միջնորդություն ներկայացնել փաստաբանին հատուկ արտոնագիր տված մարմին՝ փաստաբանի նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու մասին:

    2.Արտոնագիր տված մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում վճռաբեկ դատարան հայտնել ձեռնարկված միջոցառումների մասին:

    3.Միեւնույն փաստաբանի մոտ կրկնակի խախտումներ հայտնաբերելիս վճռաբեկ դատարանն իրավունք ունի մասնավոր որոշում կայացնել նրա գրանցումը չեղյալ ճանաչելու մասին:

    Հոդված 426. Գործի քննությունը դատավճիռը կամ որոշումը վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո

    Դատավճիռը կամ որոշումը վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո գործը ենթակա է քննության ընդհանուր հիմունքներով:
     


    ԲԱԺԻՆ XII

    ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

    Գլուխ 49. Դատական որոշումների կատարումը

    Հոդված 427. Դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը եւ նրա ի կատար ածումը

    1. Առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վերաքննիչ բողոք բերվելու դեպքում դատական որոշումը, եթե այն չի բեկանված, օրինական ուժի մեջ է մտնում դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

    2. Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:

    3. Ամբաստանյալի արդարացման կամ նրան պատժից ազատելու մասին որոշումը կատարման է հանձնում դատավճիռ կայացրած դատարանը: Այս դեպքում կալանքի տակ գտնվող ամբաստանյալն անմիջապես ազատվում է դատական նիստերի դահլիճից՝ որոշումը հրապարակելուց հետո:

    4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված կարգով՝ կալանքից ազատվում է նաեւ այն ամբաստանյալը, որը դատապարտվել է առանց նրա նկատմամբ պատիժ նշանակելու կամ ազատազրկման հետ կապ չունեցող պատժի, ազատազրկման դատապարտվել է պայմանական կամ դատավճռի կատարման հետաձգմամբ կամ այն ժամկետով, որը չի գերազանցում ձերբակալման կամ խափանման միջոց կիրառելու հետեւանքով կամ տվյալ գործով վճռաբեկության կարգով փոխված որոշման ուժով տվյալ անձի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

    Հոդված 428. Դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությունը

    1. Դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում՝ նաեւ վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը:

    2. Միաժամանակ դատավորը պարտավոր է կալանքի տակ գտնվող եւ ազատազրկման դատապարտվածի ընտանիքին հայտնել ի կատար ածելու համար դատական որոշումն ուղարկելու մասին:

    3. Դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը պետք է դատական որոշումը կայացրած դատարանին եւ դատապարտյալի ընտանիքին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու եւ ազատելու մասին:

    4. Եթե դատական որոշմամբ նախատեսված է դատապարտյալին զրկել պատվավոր, զինվորական կամ հատուկ կոչումներից, կամ անհրաժեշտ է համարվել դնել դատապարտյալին պետական պարգեւներից զրկելու հարցը, որոշում կայացրած դատարանը որոշման պատճենն ուղարկում է այն մարմնին, որը դատապարտյալին շնորհել է պատվավոր, զինվորական կամ հատուկ կոչումը կամ պարգեւատրել է պետական պարգեւով:

    Հոդված 429. Դատական որոշումը ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովումը

    1. Դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը՝ կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման եւ կատարման հետ:

    2. Դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշումը կայացրած դատարան՝ դատական որոշման կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հաշմանդամության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետեւանքով պատիժը կրելուց ազատելու, պայմանական վաղակետ ազատման եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու, ուղղիչ հիմնարկում պահելու պայմանները փոխելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով:

    3. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին եւ տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ եւ հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները եւ որոշումները:

    4. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: Անչափահաս, ինչպես նաեւ ֆիզիկական կամ հոգեկան արատներով տառապող դատապարտյալի նկատմամբ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

    Հոդված 430. Դատական որոշման վերաբերյալ կասկածների եւ անհստակությունների լուծումը

    Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները եւ անհստակությունները, մասնավորապես՝

    1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ.

    2) սահմանել քրեական պատիժն իրականացնող այն հիմնարկի տեսակը, որտեղ դատապարտյալը պետք է կրի ազատազրկման ձեւով պատիժը, եթե դատավճռում այն սահմանված չէ.

    3) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու եւ իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.

    4) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները:

    Հոդված 431. Դատական որոշման կատարման հետաձգումը

    1. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատական որոշման կատարումը որոշում կայացրած դատարանը կարող է հետաձգել, եթե առկա է հետեւյալ հիմքերից որեւէ մեկը՝

    1) դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտում է պատիժը կրելուն՝ մինչեւ նրա առողջանալը.

    2) դատապարտյալի հղիությունը դատական որոշման կատարման պահին՝ մեկ տարուց ոչ ավելի ժամանակով.

    3) դատապարտված կնոջ փոքրահասակ երեխաների առկայությունը՝ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը.

    4) երբ պատժի անհապաղ կրելը կարող է առանձնապես ծանր հետեւանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար՝ հրդեհի կամ այլ տարերային աղետների, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության, մահվան դեպքում կամ այլ բացառիկ հանգամանքներում՝ դատարանի կողմից սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս:

    2. Տուգանքի վճարումը կարող է հետաձգվել կամ տարաժամկետվել մինչեւ վեց ամիս ժամանակով, եթե տուգանքի անհապաղ վճարումը դատապարտյալի կողմից անհնար է:

    3. Քաղաքացիական հայցի մասով կամ այլ վնասի հատուցման մասով դատական որոշման հետաձգման կամ տարաժամկետման հարցը դատարանի կողմից լուծվում է՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները եւ դատապարտյալի նյութական դրությունը:

    4. Դատական որոշման կատարման հետաձգման հարցը դատարանի կողմից քննվում է դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների, պաշտպանի, այլ մասնակիցների միջնորդությամբ, ինչպես նաեւ դատական որոշումը կայացրած դատարանի նախաձեռնությամբ:

    Հոդված 432. Պատիժը կրելուց ազատելը հիվանդության պատճառով

    1. Այն դեպքում, երբ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին:

    2. Պատիժը հետագայում կրելուց խրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող դատապարտյալին ազատելիս դատարանն իրավունք ունի նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կամ նրան խնամակալության համար հանձնել առողջապահության մարմիններին կամ ազգականներին:

    3. Ծանր հիվանդությամբ հիվանդացած անձանց պատիժը հետագայում կրելուց ազատելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը եւ այլ հանգամանքներ:

    4. Հիվանդության պատճառով պատիժը հետագայում կրելուց դատապարտյալին ազատելով՝ դատարանն իրավունք ունի նրան ազատել ոչ միայն հիմնական, այլ նաեւ լրացուցիչ պատժից:

    Հոդված 433. Այն դատապարտյալին պատժից ազատելը, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ինչպես նաեւ դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելը

    1. Դատապարտյալին, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, դատարանը պատժից ազատում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդությամբ: Պատժից ազատելու մասին միջնորդություն դատարանին կարող է ներկայացնել նաեւ դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը:

    2. Դատարանը ազատազրկման ձեւով պատժի կատարման հետաձգումը վերացնում եւ դատապարտյալին ազատազրկումը կրելու է ուղարկում պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդությամբ:

    Հոդված 434. Պատժից պայմանական վաղակետ ազատելը եւ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը

    1. Պատժից պայմանական վաղակետ ազատում եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով: Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ սույն միջոցները դատարանը կիրառում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով: Պատժից պայմանական վաղակետ ազատելու եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին միջնորդագիր դատարան կարող են ներկայացնել նաեւ դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը:

    2. Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով նշանակված պատժից դատարանն ազատում է հասարակական կազմակերպության, դատապարտյալի կամ նրա պաշտպանի միջնորդությամբ:

    3. Պատժից պայմանական վաղակետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինումը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի վերաբերյալ միջնորդագրի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 6 ամիս անց:

    Հոդված 435. Ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ պատիժը կրելու ժամանակ պահելու պայմանները փոխելը

    1. Դատապարտյալի փոխադրումը քրեական պատիժն իրականացնող մի հիմնարկից ավելի մեղմ ռեժիմի հիմնարկ կատարում է դատարանը՝ քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, ինչպես նաեւ դատապարտյալի կամ նրա պաշտպանի միջնորդագրով:

    2. Այն դեպքում, երբ դատարանը մերժում է դատապարտյալին ավելի մեղմ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկ փոխադրելը, այդ հարցի վերաբերյալ միջնորդագրերը կարող են կրկին քննարկվել ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ դատարանի որոշումն ընդունվելու օրվանից 6 ամիս անց:

    Հոդված 436. Բուժական հիմնարկում գտնվելու ժամանակի հաշվակցումը պատժի ժամկետի մեջ

    Ազատազրկման ձեւով պատիժ կրող անձի՝ բուժական հիմնարկում անցկացրած ժամանակը հաշվակցվում է պատժի ժամկետի մեջ:

    Հոդված 437. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծող դատարանները

    1. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական որոշում կայացրած դատարանը:

    2. Եթե դատական որոշումն ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է տվյալ դատական տարածքի միեւնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում որոշման պատճենն ուղարկվում է դատական որոշումը կայացրած դատարան:

    3. Հիվանդության կամ հաշմանդամության պատճառով պատիժը կրելուց ազատելու, պատժից պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատապարտյալին մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը:

    4. Պայմանական դատապարտության դեպքում փորձաշրջանը կրճատելու կամ պայմանական դատապարտությունը վերացնելու եւ դատապարտյալին, դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերմամբ դատավճռի կատարումը հետաձգվել է, պատժից ազատելու, ինչպես նաեւ դատավճռի կատարման այդպիսի հետաձգումը վերացնելու եւ դատապարտյալին ազատազրկումը կրելու համար ուղարկելու վերաբերյալ հարցերը լուծվում են դատապարտյալի բնակության վայրի դատարանի որոշմամբ:

    Հոդված 438. Դատական որոշման կատարման հետ կապված հարցերի լուծման կարգը

    1. Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում՝ դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաեւ պաշտպանի մասնակցությունը:

    2. Եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաեւ քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությանը չի խոչընդոտում:

    3. Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:

    4. Պատժից պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու, մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:

    5. Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները եւ լսում է դատական նիստին ներկայացած անձանց կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետեւ՝ դատարանը հեռանում է խորհրդակցության՝ որոշում կայացնելու համար:
     


    ԲԱԺԻՆ XIII

    ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Գլուխ 50. Անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները

    Հոդված 439. Անչափահասների գործերով վարույթի կարգը

    1. Սույն գլխի դրույթները կիրառվում են այն անձանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ում տասնութ տարին չի լրացել հանցանքը կատարելու պահին:

    2. Անչափահասների գործերով վարույթի կարգը կարգավորվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով, ինչպես նաեւ սույն գլխի հոդվածներով:

    Հոդված 440. Անչափահասների գործերով հաստատման ենթակա հանգամանքները

    Բոլոր գործերով հաստատման ենթակա հանգամանքներից բացի, անչափահասների գործերով անհրաժեշտ է պարզել նաեւ անչափահասի՝

    1) տարիքը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը).

    2) կյանքի եւ դաստիարակության պայմանները.

    3) առողջության եւ ընդհանուր զարգացման վիճակը:

    Հոդված 441. Անչափահասի օրինական ներկայացուցչի մասնակցությունը գործի քննությանը

    Անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:

    Հոդված 442. Անչափահասի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը

    Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:

    Հոդված 443. Անչափահասին պատժից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով

    Դատարանը, դատավճիռ կայացնելիս, գալով այն եզրակացության, որ անչափահասը կարող է ուղղվել առանց քրեական պատժի միջոցներ կիրառելու,կարող է անչափահասին ազատել պատժից եւ նրա նկատմամբ կիրառել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ:
     


    Գլուխ 51. Միջազգային պայմանագրերով սահմանված առավելություններից եւ անձեռնմխելիությունից օգտվող անձանց գործերով վարույթի առանձնահատկությունները

    Հոդված 444.Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձանց գտնվելը Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո

    Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո այն դեպքում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը կամ միջազգային կազմակերպությունը դրա առնչությամբ կտա հստակ համաձայնություն:

    Հոդված 445.Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք

    Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվում են հետեւյալ անձինք՝

    1) օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, այդ ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամները եւ նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամները, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.

    2) փոխադարձության հիման վրա դիվանագիտական ներկայացուցչությունների վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցները եւ նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամները, եթե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.

    3) փոխադարձության հիման վրա դիվանագիտական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.

    4) դիվանագիտական սուրհանդակները.

    5) հյուպատոսական հիմնարկների ղեկավարները եւ այլ պաշտոնատար անձինք.

    6) օտարերկրյա պետության ներկայացուցիչները, խորհրդարանական եւ կառավարական պատվիրակությունների անդամները եւ, փոխադարձության հիմքով, օտարերկրյա պետության այն պատվիրակությունների անդամները, որոնք ժամանել են միջազգային բանակցությունների, միջազգային վեհաժողովների եւ խորհրդակցությունների կամ այլ պաշտոնական հանձնարարություններով կամ նույն նպատակներով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են տարանցիկ, նշված անձանց ընտանիքի անդամները, որոնք ուղեկցում են նրանց եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն.

    7) միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետության ներկայացուցչությունների ղեկավարները, անդամները եւ անձնակազմը, դրանց պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են միջազգային համաձայնագրերի կամ միջազգային հանրաճանաչ սովորույթների ուժով.

    8) երրորդ պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են տարանցիկ, եւ նրանց ընտանիքի անդամները, որոնք ուղեկցում են նշված անձանց կամ ճանապարհորդում են առանձին՝ նրանց միանալու կամ իրենց պետություն վերադառնալու նպատակով:

    Հոդված 446. Անձնական անձեռնմխելիությունը

    1. Սույն օրենսգրքի 445 հոդվածում թվարկված անձինք օգտվում են անձնական անձեռնմխելիության իրավունքից: Նրանք չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարման համար:

    2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց ձերբակալած կամ կալանավորած նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը, պարտավոր են հեռախոսագրով, հեռագրով կամ այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան պետության արտաքին գործերի նախարարությանը:

    Հոդված 447. Քրեական հետապնդման անձեռնմխելիությունը

    1. Սույն օրենսգրքի 445 հոդվածում թվարկված անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդման անձեռնմխելիությունից: Այդպիսի անձանց որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով:

    2. Դիվանագիտական ներկայացուցչությունն սպասարկող անձնակազմի աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում, հյուպատոսական հիմնարկների ղեկավարները եւ այլ պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդման անձեռնմխելիությունից միայն իրենց գործունեության ոլորտում ծառայողական պարտականությունները կատարելիս :

    Հոդված 448. Առավելությունը ցուցմունքներ տալուց

    1. Սույն օրենսգրքի 445 հոդվածում թվարկված անձինք կարող են ցուցմունքներ չտալ որպես վկա կամ տուժող, իսկ ցուցմունքներ տալու համաձայնության դեպքում՝ պարտավոր չեն դրա համար ներկայանալ քննիչին, դատախազին, դատարան:

    2. Երբ տվյալ անձինք նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել որպես վկա, տուժող, իսկ դատական քննության չեն ներկայացել, դատարանը կարող է հրապարակել նրանց ցուցմունքները:

    3. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարները եւ այլ պաշտոնատար անձինք չեն կարող հրաժարվել որպես վկաներ կամ տուժողներ ցուցմունքներ տալուց՝ բացառությամբ իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հարցերի վերաբերյալ ցուցմունքներ տալու դեպքերի: Հյուպատոսական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելու դեպքում նրանց նկատմամբ չեն կարող կիրառվել հարկադրանքի միջոցներ:

    4. Սույն հոդվածի առաջին մասում նշված համաձայնությունը ստանալու դեպքում, համապատասխան անձանց հանձնված կանչ-ծանուցագրում չպետք է բովանդակվի նշում վարույթն իրականացնող մարմին չներկայանալու դեպքում հարկադրական միջոցների կիրառման մասին:

    5. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք պարտավոր չեն քննիչին, դատախազին, դատարան ներկայացնել իրենց ծառայողական պարտականությունների կատարմանն առնչվող թղթակցություններ կամ այլ փաստաթղթեր:

    Հոդված 449. Շինությունների եւ փաստաթղթերի անձեռնմխելիությունը

    1. Դիվանագիտական ներկայացուցչության զբաղեցրած շենքը, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նստավայրը, դիվանագիտական անձնակազմի անդամների բնակելի շինությունները, նրանց գույքը եւ փոխադրամիջոցներն անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործել, ինչպես նաեւ խուզարկություն, առգրավում, գույքի վրա կալանք դնել կարող է կատարվել միայն դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձի համաձայնությամբ:

    2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքները փոխադարձության հիման վրա, տարածվում են դիվանագիտական ներկայացուցչության վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցների եւ նրանց ընտանիքների համատեղ բնակվող անդամների զբաղեցրած բնակելի շինությունների վրա, եթե նշված անձինք եւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում:

    3. Հյուպատոսական հիմնարկների զբաղեցրած շենքը եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների նստավայրը փոխադարձության հիման վրա, անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործելը, ինչպես նաեւ խուզարկություն, առգրավում, գույքի վրա կալանք դնել կարող են կատարվել միայն դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների խնդրանքով կամ համաձայնությամբ:

    4. Դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների արխիվը, փաստաթղթերը, պաշտոնական գրությունները անձեռնմխելի են: Դիվանագիտական փոստը չի կարող բացվել եւ վերցվել:

    5. Դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համաձայնությունը սույն հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերոով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինները ստանում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

    6. Վերոհիշյալ շինություններում խուզարկությունը, առգրավումը եւ կալանավորումը պարտադիր կատարվում են դատախազի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ:
     


    ԲԱԺԻՆ XIV

    ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

    Գլուխ 52. Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը

    Հոդված 450. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հիմքերը

    1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով արգելված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար:

    2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին գործերով վարույթի կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով եւ սույն գլխի հոդվածներով:

    Հոդված 451. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մինչդատական վարույթը

    1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու գործերով նյութերի մինչդատական նախապատրաստումը կատարվում է նախաքննության ձեւով:

    2. Քննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:

    3. Քննչական գործողություններին կարող են մասնակցել պաշտպանը, օրինական ներկայացուցիչը, այն անձը, որի նկատմամբ հարուցված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրա հոգեկան վիճակը խոչընդոտում է մասնակցությանը:

    4. Եթե անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործով վարույթին, քննիչը կամ դատախազն այդ մասին կազմում են արձանագրություն, որն ուղարկվում է դատավորին՝ համապատասխան անձին անգործունակ ճանաչելու հարցը լուծելու համար:

    Հոդված 452. Անմեղսունակների գործերով բացահայտման ենթակա հանգամանքները

    Այն անձանց գործերով, որոնց նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, պետք է պարզվի՝

    1) նրանց կողմից քրեական օրենքով արգելված արարք կատարելու ժամանակը, տեղը, միջոցը եւ այլ հանգամանքները.

    2) արարքը տվյալ անձի կողմից կատարելը.

    3) տվյալ անձի մոտ մինչեւ արարքը կատարելը հոգեկան հիվանդության առկայությունը, հիվանդության աստիճանը եւ բնույթը արարքը կատարելու պահին, դրանից հետո, գործի քննության ժամանակ.

    4) տվյալ անձի վարքագիծն արարքը կատարելուց առաջ եւ հետո.

    5) պատճառված վնասի չափը եւ բնույթը:

    Հոդված 453. Քրեական գործն անջատելը

    Եթե քրեական գործի ընթացքում պարզվի, որ հանցակիցներից որեւէ մեկն արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, ապա նրա նկատմամբ գործն առանձնացվում է առանձին վարույթում:

    Հոդված 454. Պաշտպանի մասնակցությունը

    Պաշտպանի մասնակցությունը պարտադիր է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու պահից:

    Հոդված 455. Օրինական ներկայացուցիչը

    Այն անձանց գործերով, որոնց նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ որպես օրինական ներկայացուցիչներ գործին մասնակցում են մերձավոր ազգականները կամ այն բժշկական հաստատության ներկայացուցիչը, որտեղ գտնվում է անձը:

    Հոդված 456. Այն անձանց իրավունքները, որոնց նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ

    Անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից: Նա իրավունք ունի, կախված հիվանդության աստիճանից եւ բնույթից, իմանալ հանրորեն վտանգավոր որ արարքի կատարումն է նրան մեղսագրվում, ունենալ պաշտպան, տալ բացատրություններ, ներկայացնել ապացույցներ, քննիչի թույլտվությամբ մասնակցել քննչական գործողություններին, ծանոթանալ քննչական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, եւ դիտողություններ անել արձանագրություններում գրառումների լրիվության եւ հավաստիության վերաբերյալ, հարուցել միջնորդություններ եւ բացարկներ, գործով վարույթն ավարտվելուց հետո ծանոթանալ գործի բոլոր նյութերին եւ ցանկացած գրառումներ անել՝ առանց դրանց ծավալի սահմանափակման, ստանալ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշման պատճենը, մասնակցել դատական քննությանը, ապացույցների հետազոտմանը, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը եւ դիտողություններ անել:

    Հոդված 457. Անվտանգության միջոցները

    1. Անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել խափանման միջոցներ:

    2. Այդ անձանց նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետեւյալ անվտանգության միջոցները՝

    1) հսկողության համար հիվանդին հանձնելը ազգականներին, հոգաբարձուներին, խնամակալներին՝ իրազեկելով առողջապահության մարմիններին.

    2) հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:

    Հոդված 458. Հսկողության համար ազգականներին, խնամակալներին, հոգաբարձուներին հանձնելը

    1. Քրեական օրենքով արգելված արարք կատարած, սակայն հասարակության համար վտանգ չներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է հանձնվել ազգականների, խնամակալների, հոգաբարձուների հսկողությանը՝ այդ մասին տեղյակ պահելով առողջապահության մարմիններին:

    2. Տվյալ միջոցն ընտրելու մասին քննիչը, դատախազը, դատարանը կայացնում են պատճառաբանված որոշում:

    Հոդված 459. Անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը

    1. Քրեական օրենքով արգելված արարք կատարած եւ հասարակության համար վտանգ ներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է տեղավորվել հոգեբուժական հաստատությունում:

    2. Հոգեբուժական հաստատությունում տեղավորելը թույլատրվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ, որը հաստատում է դատարանը:

    Հոդված 460. Մինչդատական նախապատրաստման ավարտը

    1. Հավաքված ապացույցները գործով վարույթն ավարտելու համար բավարար համարելու դեպքում քննիչը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

    1) բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին.

    2) գործով վարույթը կարճելու մասին, եթե քրեական օրենքով արգելված արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձը քննության պահին առողջացել է եւ չունի բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու կարիք.

    3) ընդհանուր հիմքերով քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

    2. Գործով վարույթն ավարտելով՝ քննիչը ավարտված վարույթի նյութերը ներկայացնում է տուժողին, նրա ներկայացուցչին, այն անձին, որի նկատմամբ իրականացվել է վարույթը, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին:

    3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված անձանց կողմից գործի նյութերին ծանոթանալու մասին կազմվում է արձանագրություն:

    Հոդված 461. Դատախազի լիազորություններն անմեղսունակների գործերով նախաքննությունն ավարտելիս

    Ավարտված վարույթի նյութերը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին քննիչի որոշման հետ հանձնվում են դատախազին, որն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

    1) հաստատում է քննիչի որոշումը եւ գործն ուղարկում է դատարան.

    2) գործն ուղարկում է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար.

    3) կարճում է գործով վարույթը եւ դադարեցնում է քրեական հետապնդումը:

    Հոդված 462. Գործի քննությունը դատարանում

    1. Դատաքննությունն սկսվում է քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին դատախազի զեկույցով: Այնուհետեւ՝դատարանը հետազոտում է կողմերի ներկայացրած ապացույցները եւ լսում է այն անձին, որի նկատմամբ իրականացվում է վարույթը, նրա պաշտպանին եւ օրինական ներկայացուցչին, ինչպես նաեւ դատախազի կարծիքը:

    2. Այնուհետեւ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:

    Հոդված 463. Որոշում կայացնելիս դատարանի կողմից քննարկվող հարցերը

    Գործով որոշում կայացնելիս դատարանը պետք է լուծի հետեւյալ հարցերը՝

    1) կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք.

    2) արարքը կատարել է արդյոք այն անձը, որի նկատմամբ իրականացվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ.

    3) արարքը կատարվել է արդյոք անմեղսունակության վիճակում, անձը գտնվում է արդյոք տվյալ վիճակում դատական քննության պահին.

    4) անձը կարիք ունի արդյոք իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու եւ հատկապես ինչպիսի միջոցներ:

    Հոդված 464. Որոշում կայացնելը

    1. Անձի կողմից քրեական օրենքով արգելված արարքն անմեղսունակության վիճակում կատարելն ապացուցված համարելով՝ դատարանը որոշում է կայացնում անձին քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելու ու նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին:

    2. Եթե անձը հասարակության համար մեծ վտանգ չի ներկայացնում եւ կարիք չունի իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման, դատարանը կայացնում է գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Եթե արարքը կատարելու պահին անձը գտնվել է անմեղսունակության վիճակում, իսկ դատական քննության պահին առողջացել է, դատարանը նույնպես որոշում է կայացնում գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

    Հոդված 465. Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելը կամ փոփոխելը

    1. Եթե անձի առողջական վիճակի բարելավումից կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:

    2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու մասին միջնորդություն կարող են հարուցել մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչները եւ այլ շահագրգիռ անձինք:

    3. Բոլոր հարցերը լուծում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման վայրի դատարանը՝ դատախազի եւ այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:
     


    Գլուխ 53. Դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը

    Հոդված 466. Մինչդատական նախապատրաստումը

    1. Տվյալ կատեգորիայի գործերով մինչդատական նախապատրաստումը կատարվում է նախաքննության ձեւով:

    2. Քրեական գործով վարույթին կարող են մասնակցել դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձը, նրա պաշտպանը, օրինական ներկայացուցիչը:

    3. Եթե հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձն առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործով վարույթին, քննիչը, դատախազը դրա մասին պետք է կազմեն արձանագրություն:

    4. Հավաքված ապացույցները բավարար համարելով՝ քննիչը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

    1) կասեցնել քրեական գործով վարույթը եւ նյութերն ուղարկել դատախազին՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին հարցը լուծելու.

    2) կարճել քրեական գործով վարույթը եւ դադարեցնել քրեական հետապնդումը:

    5. Ստանալով սույն հոդվածի չորրորդ մասում նշված նյութերը՝ դատախազն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

    1) հաստատում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործի նյութերը դատարան ուղարկելու մասին քննիչի որոշումը.

    2) գործը վերադարձնում է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար.

    3) կարճում է քրեական գործով վարույթը եւ դադարեցնում քրեական հետապնդումը:

    Հոդված 467. Պաշտպանի մասնակցությունը

    Պաշտպանի մասնակցությունը պարտադիր է հոգեկան խանգարման փաստը հաստատվելու պահից, եթե նա մինչ այդ չի մասնակցել գործին:

    Հոդված 468. Քրեական գործն անջատելը

    Եթե գործի քննության ընթացքում պարզվի, որ հանցակիցներից մեկը հանցանքը կատարելուց հետո ստացել է հոգեկան խանգարում, ապա նրա նկատմամբ գործը կարող է առանձնացվել առանձին վարույթում:

    Հոդված 469. Խափանման միջոցները

    1. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան խանգարում ստացած անձանց նկատմամբ կարող են կիրառվել խափանման միջոցներ, եթե դրան չի խոչընդոտում նրանց առողջական վիճակը: Եթե տվյալ անձինք գտնվում են արգելանքի տակ, նրանք պետք է գտնվեն հատուկ բժշկական հաստատություններում՝ բժշկական վերահսկողության տակ:

    2. Եթե հոգեկան խանգարում ստացած անձանց նկատմամբ, առողջական վիճակի պատճառով, չեն կարող կիրառվել խափանման միջոցներ, նրանց նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 458 եւ 459 հոդվածներով նախատեսված անվտանգության միջոցները:

    Հոդված 470. Մեղադրանք առաջադրելը

    1. Հանցանք կատարելու մեջ մեղադրանք առաջադրելու համար հիմք տվող բավարար ապացույցների առկայության դեպքում քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

    2. Որոշումը կարող է ներկայացվել անձին, եթե դրան չի խոչընդոտում նրա առողջական վիճակը: Որոշմանը ծանոթացնելու անհնարինության դեպքում կազմվում է արձանագրությունը: Որոշմանը ծանոթացվում են պաշտպանը, ինչպես նաեւ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:

    Հոդված 471. Գործի քննությունը դատարանում

    1. Գործը դատարանում քննելիս դատախազի եւ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Դատական նիստին կարող է հրավիրվել փորձագետ:

    2. Դատաքննությունն սկսվում է քննիչի որոշումը հրապարակելով, որից հետո դատարանն անցնում է ապացույցների հետազոտմանը:

    3. Դատաքննությունն ավարտվելիս ճառով հանդես է գալիս դատախազը, լսվում է պաշտպանի կարծիքը:

    4. Այնուհետեւ դատարանը որոշում կայացնելու համար հեռանում է խորհրդակցական սենյակ, որտեղ պետք է լուծվեն հետեւյալ հարցերը՝

    1) կատարվել է արդյոք արարքը.

    2) արարքը պարունակում է արդյոք հանցակազմ.

    3) այդ արարքը կատարել է արդյոք մեղադրյալը.

    4) հիվանդացել է արդյոք անձը հոգեկան հիվանդությամբ, ինչպիսին է դրա բնույթը, երբ է սկսվել հիվանդագին վիճակը.

    5) կարիք ունի արդյոք անձը բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման եւ ինչպիսի միջոցների:

    5. Եթե հոգեկան հիվանդությունը վրա է հասել դատական քննության փուլում, դատարանը պետք է լուծի նաեւ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին հարցը:

    Հոդված 472. Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելը եւ փոփոխելը

    1. Եթե անձի առողջական վիճակը բարելավվելուց կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:

    2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու մասին միջնորդություն կարող են հարուցել մերձավոր ազգականները եւ այլ շահագրգիռ անձինք:

    3. Բոլոր հարցերը լուծում է այն բժշկական հաստատության գտնվելու վայրի դատարանը, որտեղ կիրառվում են բժշկական բնույթի հարկադրական միջոցները:

    Հոդված 473. Վարույթը վերսկսելը

    1. Եթե դատարանը գտնում է, որ անձը, որի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոց, առողջացել է, ապա բժշկական եզրակացության հիման վրա որոշում է կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու մասին եւ լուծում է նախաքննություն կամ դատական քննություն կատարելու համար գործն ուղարկելու հարցը:

    2. Բժշկական հաստատությունում գտնվելու ժամանակը մտնում է արգելանքի տակ պահելու ժամկետի մեջ:


    Գլուխ 54. Դատարանների, դատախազների, հետաքննության մարմինների փոխհարաբերություններն օտարերկրյա պետության համապատասխան հաստատությունների եւ պաշտոնատար անձանց հետ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգով

    Հոդված 474. Դատավարական գործողություններ կատարելու մասին հանձնարարություններ տալը

    1. Օտարերկրյա պետության տարածքում հարցաքննություն, զննություն, առգրավում, խուզարկություն, փորձաքննություն եւ սույն օրենսգրքով նախատեսված այլ քննչական եւ դատական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը դրանց կատարումը հանձնարարում են օտարերկրյա պետության համապատասխան մարմիններին՝ իրավական օգնության մասին միջազգային պայմանագրի առկայության դեպքում:

    2. Առանձին քննչական գործողություններ կատարելու մասին հաձնարարությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջոցով, իսկ դատական գործողություններինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ համապատասխանաբար՝ նրանց տեղակալների միջոցով:

    3. Հանձնարարությունը ձեւակերպվում է այն օտարերկրյա պետության լեզվով, որին այն ուղարկվում է, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:

    Հոդված 475. Դատավարական գործողությունների կատարման մասին հանձնարարականի բովանդակությունը

    Առանձին քննչական եւ դատական գործողություններ կատարելու մասին հանձնարարականը պետք է կազմված լինի գրավոր, ստորագրված լինի այն ուղարկող պաշտոնատար անձի կողմից, հաստատված լինի զինանշանի պատկերով կնիքով եւ բովանդակի՝

    1) հանձնարարությունը տվող մարմնի անվանումը.

    2) այն մարմնի անվանումը եւ հասցեն, որին ուղարկվում է հանձնարարությունը.

    3) գործի անվանումը եւ հանձնարարության բնույթը.

    4) տվյալներ այն անձանց մասին, որոնց կապակցությամբ տրվում է հանձնարարությունը, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը, բնակության կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձանց համար՝ դրանց անվանումը եւ գտնվելու վայրը.

    5) բացահայտման ենթակա հանգամանքների շարադրանքը, ինչպես նաեւ պահանջվող փաստաթղթերի, իրեղեն եւ այլ ապացույցների ցանկը.

    6) տեղեկություններ՝ կատարված հանցանքի փաստական հանգամանքների, դրա որակման մասին, անհրաժեշտության դեպքում՝ տվյալներ հանցագործությամբ պատճառված վնասի բնույթի եւ չափի մասին:

    Հոդված 476. Վկային, տուժողին, քաղաքացիական պատասխանողին, քաղաքացիական հայցվորին, նրանց ներկայացուցիչներին, փորձագետին կանչելը եւ հարցաքննելը

    1. Վկան, տուժողը, քաղաքացիական պատասխանողը, քաղաքացիական հայցվորը, նրանց ներկայացուցիչները, փորձագետը, եթե նրանք օտարերկրյա պետության քաղաքացի են, իրենց համաձայնությամբ, քննչական կամ դատական գործողությունների կատարման համար, քրեական գործով վարույթն իրականացնող համապատասխան մարմնի կողմից կարող են կանչվել Հայաստանի Հանրապետություն:

    2. Կանչվող անձի ներկայանալու մասին խնդրանքն ուղարկվում է սույն օրենսգրքի 474 հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով:

    3. Վկայի, տուժողի, սույն հոդվածի առաջին մասում նշված դատավարության այլ մասնակիցների մասնակցությամբ քննչական եւ դատական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով սահմանված կանոններով, հետեւյալ վերապահումներով՝ չի թույլատրվում նշված անձանց բերման, դրամական տույժի, ինչպես նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ կամ եզրակացություն տալու համար:

    Հոդված 477. Դատավարական գործողությունների մասին հանձնարարությունների կատարումը

    1. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սահմանված կարգով իրենց տրված հանձնարարությունները կատարում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով:

    2. Հանձնարարությունները կատարելիս կարող են կիրառվել օտարերկրյա պետության դատավարական նորմերը, եթե դա նախատեսված է այդ պետության հետ կնքված միջազգային պայմանագրով:

    3. Միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում հանձնարարությունը կատարելիս կարող է ներկա գտնվել օտարերկրյա պետության համապատասխան հաստատության ներկայացուցիչը:

    4. Եթե հանձնարարությունը չի կարող կատարվել, ստացված փաստաթղթերը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դատախազության կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով հետ են վերադարձվում այն հաստատություն, որից ստացվել է հանձնարարությունը՝ նշելով դրա կատարմանը խոչընդոտող պատճառները: Հանձնարարությունը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե դրա կատարումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անկախությանը կամ անվտանգությանը կամ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

    Հոդված 478. Քրեական հետապնդումը շարունակելու համար գործի նյութերն ուղարկելը

    Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացու կողմից հանցագործություն կատարելու եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում հարուցված կամ քննվող գործի բոլոր նյութերը տրվում են Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որը որոշում է քրեական հետապնդումը շարունակելու համար դրանք օտարերկրյա պետության համապատասխան հաստատություններ ուղարկելու հարցը:

    Հոդված 479. Քրեական հետապնդումը շարունակելու կամ քրեական հետապնդում հարուցելու մասին խնդրանքը կատարելը

    1. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած եւ Հայաստանի Հանրապետություն վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ քրեական գործը հետագա քննության համար հանձնելու մասին օտարերկրյա պետության համապատասխան հաստատության խնդրանքը քննում է Հայաստանի Հանրապետության դատախազությունը: Այդպիսի դեպքերում գործի նախաքննությունը եւ դատական քննությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

    2. Իր իրավասության սահմաններում եւ սահմանված ձեւով դրա համար լիազորված պաշտոնատար անձի կողմից օտարերկրյա պետության տարածքում գործը քննելիս ստացված ապացույցները, քննությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու դեպքում, ունեն գործով հավաքված մյուս բոլոր ապացույցներին հավասար իրավաբանական ուժ:

    3. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած եւ Հայաստանի Հանրապետություն վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ մինչեւ հանցանքի կատարման վայրում նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, օտարերկրյա պետության համապատասխան հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության դատախազություն ներկայացրած նյութերի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում դրա համար իրավասու մարմինը կարող է հարուցել քրեական գործ եւ քննել գործը:

    Հոդված 480. Հանձնումը

    1. Հարցումն ստացած հաստատությունը պարտավոր է պահանջի դեպքում հանձնել իր պետության տարածքում գտնվող անձին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրա նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու համար:

    2. Քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հարցումն ուղարկող եւ հարցումն ստացած պետություններում համարվում են պատժելի, եւ որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձեւով՝ մեկ տարուց ոչ պակաս ժամանակով:

    3. Դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հարցումն ուղարկող եւ հարցումն ստացած պետությունների օրենսդրությանը համապատասխան համարվում են պատժելի, եւ որոնց կատարման համար անձը դատապարտվել է ազատազրկման՝ վեց ամսից ոչ պակաս ժամանակով կամ ավելի խիստ պատժի:

    Հոդված 481. Հանձնելուց հրաժարվելը

    1. Հանձնելը չի թույլատրվում, եթե՝

    1) պահանջն ստանալու պահին հարցումը ներկայացնող պետության օրենսդրությանը համապատասխան քրեական հետապնդում չի կարող հարուցվել, կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքերով.

    2) անձի նկատմամբ արդեն իսկ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կամ գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

    2. Թույլատրվում է հրաժարվել հանձնելուց, եթե՝

    1) անձը, որին պահանջում են հանձնել, հարցումն ստացած պետության քաղաքացի է կամ նրան տրամադրված է քաղաքական ապաստան.

    2) հանցագործությունը, որի կապակցությամբ պահանջվում է հանձնել, կատարվել է հարցումն ստացած պետության տարածքում.

    3) անձը, որին պահանջում են հանձնել, հետապնդվում է քաղաքական, ռասայական կամ կրոնական շարժառիթներով.

    4) անձը, որին պահանջում են հանձնել, հետապնդվում է խաղաղ ժամանակ զինվորական հանցանք կատարելու համար.

    5) հանձնելու պահանջով դիմած պետությունը տվյալ ոլորտում չի ապահովում փոխադարձությունը:

    Հոդված 482. Հանձնելու մասին պահանջի բովանդակությունը

    1. Հանձնելու մասին պահանջը պետք է բովանդակի՝

    1) հարցման հասցեատիրոջ անվանումը.

    2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը եւ հարցումը ներկայացնող պետության օրենքի բնագիր տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցագործություն.

    3) այն անձի ազգանունը, անունը, որը ենթակա է հանձնման, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը եւ, հնարավորության դեպքում, նրա մասին այլ տվյալներ.

    4) նշում հանցագործությամբ պատճառված վնասի չափի մասին:

    2. Հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինի անձի կալանավորման մասին որոշման հաստատված պատճենը:

    3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինեն դատավճռի հաստատված պատճենը՝ այն օրինական ուժի մեջ մտնելու օրվա մասին նշումով եւ քրեական օրենքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալն արդեն իսկ կրել է պատժի մի մասը, հաղորդվում են նաեւ տվյալներ դրա մասին:

    Հոդված 483. Լրացուցիչ տեղեկությունները

    1. Եթե հանձնելու մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հարցումն ստացած հաստատությունը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ: Դրա համար կարող է սահմանվել մինչեւ մեկամսյա ժամկետ:

    2. Եթե հարցումը ներկայացրած հաստատությունը սահմանված ժամկետում չի ներկայացնում լրացուցիչ տվյալներ, ապա հարցումն ստացած հաստատությունը պետք է ազատի հանձնման ենթակա անձին, եթե նա վերցվել է արգելանքի:

    Հոդված 484. Հանձնելու համար արգելանքի վերցնելը

    1. Կալանքի վերցնելու մասին որոշման պատճենի հետ հանձնելու մասին պահանջն ստանալիս անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ հանձնելու մասին որոշում ընդունելը, միջոցներ են ձեռնարկվում հանձնման ենթակա անձին կալանավորելու ուղղությամբ:

    2. Սույն հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխան կալանքի վերցված անձն իրավունք ունի կանգնել դատարանի առջեւ՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը հաստատելու, փոխելու կամ վերացնելու համար:

    Հոդված 485. Կալանավորումը կամ ձերբակալումը նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը

    1. Անձը, որին պահանջվում է հանձնել, հարցումը ներկայացրած պետության միջնորդությամբ կարող է կալանավորվել նաեւ մինչեւ հանձնելու մասին պահանջն ստանալը: Միջնորդության մեջ պետք է բովանդակվեն հղումներ կալանքի վերցնելու մասին որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի վրա՝ նշելով, որ հանձնելու մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ: Մինչեւ հանձնելու մասին պահանջը կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, հեռագրով կամ ֆաքսով:

    2. Անձը կարող է ձերբակալվել նաեւ առանց սույն հոդվածի առաջին մասում նշված միջնորդության, եթե օրենքով նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ նա այլ պետության տարածքում կատարել է հանցանք եւ ենթակա է հանձնման:

    3. Մինչեւ հանձնելու մասին պահանջն ստանալը կալանավորման կամ ձերբակալման մասին անմիջապես տեղյակ է պահվում օտարերկրյա պետության հարցումը ներկայացրած համապատասխան հաստատություն:

    4. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված դրույթներին համապատասխան՝ կալանքի վերցված անձն իրավունք ունի կանգնել դատարանի առջեւ՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը կամ ձերբակալումը հաստատելու, փոխելու կամ վերացնելու համար:

    Հոդված 486. Ձերբակալված կամ կալանավորված անձին ազատելը

    1. Սույն օրենսգրքի 485 հոդվածի առաջին մասով կալանավորված անձը պետք է ազատվի, եթե նրան հանձնելու մասին պահանջ չի ստացվի կալանքի վերցնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

    2. Սույն օրենսգրքի 485 հոդվածի երկրորդ մասով ձերբակալված անձը պետք է ազատվի, եթե նրան հանձնելու մասին պահանջ չի ստացվի տվյալ պետության օրենսդրությամբ՝ ձերբակալման համար սահմանված ժամկետում:

    Հոդված 487. Հանձնումը հետաձգելը

    Եթե անձը, որին պահանջվում է հանձնել, ենթարկվել է քրեական պատասխանատվության կամ դատապարտվել է տվյալ պետությունում կատարած այլ հանցագործության համար, ապա նրան հանձնելը կարող է հետաձգվել մինչեւ քրեական հետապնդումն ավատելը, դատավճիռն ի կատար ածելը կամ պատժից ազատելը:

    Հոդված 488. Ժամանակավոր հանձնելը

    1. Եթե սույն օրենսգրքի 487 հոդվածով նախատեսված հանձնման հետաձգումը կարող է հանգեցնել քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցնելուն կամ վնաս պատճառել քննությանը, անձը, որին պահանջվում է հանձնել, կարող է հանձնվել ժամանակավորապես:

    2. Ժամանակավորապես հանձնված անձը պետք է վերադարձվի քրեական գործի վարույթով այն գործողությունները կատարելուց հետո, որի համար նա հանձնվել էր, բայց ոչ ուշ, քան հանձնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Հիմնավորված դեպքերում ժամկետի երկարացումը պետք է կատարվի կողմերի համաձայնությամբ:

    Հոդված 489. Հանձնելու մասին պահանջի կոլիզիան

    Եթե հանձնելու մասին պահանջն ստացվում է մի քանի պետություններից, ապա հարցումն ստացած հաստատությունն ինքն է որոշում, թե այդ պահանջներից որը պետք է բավարարվի առաջին հերթին:

    Հոդված 490. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

    1. Առանց հարցումն ստացած հաստատության համաձայնության՝ հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկել մինչեւ նրա հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել:

    2. Առանց հարցումն ստացած հաստատության համաձայնության՝ անձը չի կարող հանձնվել նաեւ երրորդ պետությանը:

    3. Հարցումն ստացած հաստատության համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական դատավարությունն ավարտվելուց մեկ ամսվա ընթացքում, իսկ դատապարտման դեպքում՝ պատիժը կրելուց կամ ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում չի լքի հարցումն ստացած պետության տարածքը, կամ եթե նա ինքնակամ կվերադառնա այնտեղ: Այս ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը չէր կարող լքել հարցումը ներկայացրած պետության տարածքը ոչ իր կամքով:

    Հոդված 491. Հանձնված անձին փոխանցելը

    1. Հարցումն ստացած հաստատությունը հարցումը ներկայացրած հաստատությանը տեղյակ է պահում հանձնման ժամանակի եւ տեղի մասին:

    2. Եթե հարցումը ներկայացրած հաստատությունը հանձնման ենթակա անձին չի ընդունում սահմանված ժամկետից հետո՝ 15 օրվա ընթացքում, այդ անձը ազատվում է կալանքից:

    Հոդված 492. Կրկնակի հանձնումը

    Եթե հանձնված անձը խուսափում է քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց եւ վերադառնում է հարցումն ստացած պետության տարածք, ապա նոր պահանջով նա պետք է հանձնվի՝ առանց սույն գլխում շարադրված նյութերը ներկայացնելու:

    Հոդված 493. Տարանցիկ փոխադրումը

    1. Հարցումն ստացած հաստատությունը հարցում ներկայացրած հաստատության միջնորդությամբ լուծում է իր տարածքով երրորդ պետությանը հանձնված անձանց տարանցիկ փոխադրման հարցը:

    2. Նման փոխադրման մասին միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին պահանջը:

    3. Հարցումն ստացած հաստատությունը տարանցիկ փոխադրման հարցը լուծում է այն ձեւով, որը գտնում է առավել նպատակահարմար:

    Հոդված 494. Քրեական հետապնդման պարտադիր լինելը

    1. Նախաքննության մարմինը պարտավոր է հարցումը ներկայացրած հաստատության հանձնարարությամբ՝ օրենսդրությանը համապատասխան քրեական հետապնդում իրականացնել իր պետության քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում են հարցում ներկայացրած պետության տարածքում հանցանք կատարելու մեջ:

    2. Եթե հանցագործությունը, որով հարուցված է քրեական գործ, առաջ է բերում հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջներ, վնասը հատուցելու մասին նրանց միջնորդության առկայության դեպքում դրանք քննվում են տվյալ գործով վարույթում:

    Հոդված 495. Քրեական գործով վարույթ իրականացնելու հանձնարարությունները

    1. Քրեական գործով վարույթ իրականացնելու մասին հանձնարարությունը պետք է բովանդակի՝

    1) հարցումը ներկայացնող հաստատության անվանումը.

    2) այն արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկված է քրեական հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունը.

    3) արարքը կատարելու ժամանակի եւ տեղի մասին առավել ստույգ նշումներ.

    4) հարցումը ներկայացնող հաստատության այն օրենքի բնագիր տեքստը, որը տվյալ արարքը դիտում է որպես հանցագործություն, ինչպես նաեւ այն օրենսդրական նորմերի բնագիր տեքստերը, որոնք էական նշանակություն ունեն գործով վարույթի համար.

    5) կասկածվող անձի ազգանունն ու անունը, քաղաքացիությունը, ինչպես նաեւ նրա մասին այլ տվյալներ.

    6) հանցագործությամբ պատճառված վնասի չափը:

    2. Հանձնարարությանը կցվում են հարցումը ներկայացնող հաստատության մոտ առկա նյութերը, ինչպես նաեւ ապացույցները:

    3. Հարցումը ներկայացնող հաստատության կողմից հարուցված քրեական գործն ուղարկելիս այդ գործով քննությունը շարունակում է հարցումն ստացած հաստատությունը՝ իր երկրի օրենսդրությանը համապատասխան: Գործում առկա յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է հաստատվի զինանշանի պատկերով կնիքով:

    Հոդված 496. Քրեական գործով վարույթի արդյունքների մասին տեղեկացնելը

    Հարցումն ստացած հաստատությունը հարցումը ներկայացրած հաստատությանը պարտադիր կերպով տեղեկացնում է քրեական գործով ընդունված վերջնական որոշման մասին: Հարցում ներկայացրած հաստատության խնդրանքով նրա հասցեով ուղարկվում է վերջնական որոշման պատճենը:

    Հոդված 497. Որոշում ընդունելու հետեւանքները

    Եթե հաստատությանն ուղարկված է եղել քրեական գործով վարույթ իրականացնելու հանձնարարություն դատավճիռը կամ հարցումը ներկայացրած հաստատության այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա հարցումը ստացած հաստատությունը չի կարող հարուցել քրեական գործ, իսկ հարուցվածը՝ ենթակա է կարճման:

    Հոդված 498. Մի քանի պետությունների դատարաններին ընդդատյա գործի քննության կարգը

    Մեկ կամ մի քանի անձանց մի քանի հանցանքների կատարման մեջ մեղադրելիս, որոնց վերաբերյալ գործերը ընդդատյա են մի քանի պետությունների դատարաններին, դրանք քննելու համար իրավասու է այն պետության դատարանը, որի տարածքում ավարտվել է նախնական քննությունը: Տվյալ դեպքում գործը քննվում է այդ պետության դատավարական կանոններով:

    Հոդված 499. Առարկաներ հանձնելը

    1. Հարցումն ստացած հաստատությունը հարցումը ներկայացրած հաստատության խնդրանքով հանձնում է այն առարկաները, որոնք՝

    1) օգտագործվել են հանցանքը կատարելիս, այդ թվում՝ հանցագործության գործիքները, առարկաներ, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, կամ հանցագործը ստացել է որպես փոխհատուցում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն.

    2) կարող են ունենալ ապացուցողական նշանակություն քրեական գործով: Այդ առարկաները հանձնվում են նաեւ այն դեպքում, երբ հանցագործին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով:

    2. Եթե հարցումը ստացած հաստատությանը սույն հոդվածի առաջին մասում նշված առարկաները անհրաժեշտ են որպես քրեական գործով ապացույցներ, ապա դրանց հանձնումը կարող է հետաձգվել մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:

    3. Հանձնված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Քրեական գործով վարույթն ավարտվելուց հետո այդ առարկաները պետք է անհատույց վերադարձվեն դրանք հանձնած հաստատություն:
     


    ԲԱԺԻՆ XV

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Գլուխ 55. Անցումային դրույթներ

    Հոդված 500. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը

    1.Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:

    2.Սույն օրենսգրքի 66 հոդվածին համապատասխան վնասի հատուցման իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով եւ երկրորդ մասով նախատեսված որեւէ հիմքով կամ, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ 1981 թվականի հունիսի 1-ից հետո:

    3.Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    1 սեպտեմբերի 1998թ.
    ՀՕ-248




    19.03.1999 ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    07.03.2000 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    11.09.2001 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    23.10.2001 «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    04.12.2001 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    18.02.2004 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    14.12.2004 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    14.12.2004 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    24.12.2004 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    07.07.2005 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    13.09.2005 ՀՀ քրեական դատավարության օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին
    23.05.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    23.05.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    01.06.2006 ՀՀ քրեական դատավարության oրենuգրքում փոփոխություն կատարելու մասին
    01.06.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    01.06.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    01.06.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    13.06.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    07.07.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    15.11.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    28.11.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    21.12.2006 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    21.02.2007 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    22.02.2007 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    22.02.2007 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    27.02.2007 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    09.04.2007 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    24.10.2007 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    28.11.2007 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    22.10.2008 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    26.12.2008 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    05.02.2009 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    18.03.2009 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
    04.02.2010 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    17.03.2010 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    18.05.2010 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    20.05.2010 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    24.06.2010 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    08.02.2011 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    08.02.2011 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    09.02.2011 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    23.05.2011 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
    25.10.2011 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    26.10.2011 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    08.12.2011 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    19.03.2012 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    30.09.2013 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    28.04.2014 ՀՀ քրեական դատավարության օրենս•րքում փոփոխություններ կատարելու մասին
    19.05.2014 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    10.06.2014 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    21.06.2014 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    21.06.2014 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    21.06.2014 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    09.06.2015 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    16.05.2016 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    17.06.2016 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    06.12.2016 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    06.12.2016 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    16.12.2016 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    16.12.2016 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    01.03.2017 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    01.03.2017 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    09.06.2017 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    13.12.2017 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    16.01.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    16.01.2018 ՀՀ քրեական դատավարության oրենuգրքում փոփոխություն կատարելու մասին
    17.01.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    09.02.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    07.03.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    21.03.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    21.03.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    23.03.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    23.03.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    23.03.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    04.05.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    23.05.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    07.09.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    11.09.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    01.11.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին
    09.07.2019 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    13.09.2019 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    14.11.2019 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    21.01.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    21.01.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    22.01.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    25.03.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    14.04.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    15.04.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    15.04.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    16.04.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    01.06.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    03.06.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    03.06.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    03.06.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    18.06.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    18.06.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    24.06.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    08.07.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    17.09.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    09.10.2020 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    19.01.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    03.03.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    24.03.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    25.03.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
    14.04.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    05.05.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    03.06.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    30.06.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    30.06.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    30.07.2021 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
    09.02.2022 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    09.02.2022 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    25.05.2022 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    25.05.2022 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    07.07.2022 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին