Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2001

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 1105-րդ հոդվածի՝

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1105. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը».

բ) 2-րդ կետի «բացառիկ» բառը փոխարինել «անձնական ոչ գույքային» բառերով.

գ) 2-րդ կետի վերջին նախադասությունը լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1121-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հեղինակության իրավունքից հրաժարվելու մասին հեղինակի դիմումը կամ որեւէ մեկի հետ նրա համաձայնությունն առ ոչինչ է:

Հեղինակն իրավունք ունի միակողմ գրավոր հայտարարությամբ կամ պայմանագրով հրաժարվել սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված իրավունքներից ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտվելուց:»:

Հոդված 3. Օրենսգրքի 1128-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետը եւ 2-րդ կետի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով ստեղծված ստեղծագործության (ծառայողական ստեղծագործության) նկատմամբ անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են ստեղծագործության հեղինակին:

2. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ հեղինակային բացառիկ իրավունքի իրավատերը, եթե հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:».

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի եւ այլ պարբերական հրատարակությունների վրա:».

գ) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 1132-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին նախադասությունը լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-270