Armenian   Russian    
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2001

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) քրեական գործերով դատարանի դատավճիռները եւ որոշումները՝ տուգանքների, գույքի բռնագրավման եւ գույքային բռնագանձումների մասով.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Երեխաների դաստիարակության հետ առնչվող կատարողական գործողություններն իրականացվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ։»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ՝

ա) հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձեւով ուղարկվում է պահանջատիրոջը եւ պարտապանին, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ անձանց եւ մարմիններ:».

բ) հոդվածի 4-րդ կետի «դատարան՝ » բառի բութը հանել, կետը «դատարան» բառից հետո լրացնել «կամ վերադասության կարգով» բառերով.

գ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:»:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երկրորդ մասով.

«Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարություն է վերցնում պարտապանից՝ նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության սահմանած կարգով: Պարտապանի կողմից՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 33-րդ՝

ա) հոդվածի 1-ին կետի «ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ը» բառերը փոխարինել «ժամը 08-00-ից մինչեւ 20.00-ն» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Կատարողական գործողությունների կատարմանը հարկադիր կատարողի որոշմամբ պարտադիր մասնակից են դարձվում նաեւ ընթերականեր:»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածը «ժամկետում» բառից հետո լրացնել «, որի մեջ չի մտնում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու եւ պարտապանի կամ նրա գույքի հետախուզման ժամկետը,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի՝

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պարտապանի գույքի եւ (կամ) պարտապան իրավաբանական անձի հետախուզումն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը, իսկ ֆիզիկական անձի հետախուզումն իրականացնում են ներքին գործերի մարմինները, ինչպես նաեւ այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):».

բ) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-րդ հոդվածով.

«Հոդված 43.1. Հարկադիր կատարողի կողմից բռնագանձում կատարելու համար բնակարան (շենք, շինություն, պահեստարան եւ այլն) մուտք գործելը

Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու համար հարկադիր կատարողը պարտապանի բնակարան (շենք, շինություն, պահեստարան եւ այլն) ազատ մուտք գործելու իրավունք ունի:

Այլ անձանց մոտ գտնվող՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու համար հարկադիր կատարողը բնակարան (շենք, շինություն, պահեստարան եւ այլն) մուտք է գործում այդ բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի) համաձայնությամբ:

Բնակարան (շենք, շինություն, պահեստարան եւ այլն) մուտք գործելու մասին սեփականատիրոջ (վարձակալի) համաձայնությունը չստանալու կամ նրա բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է այնտեղ մուտք գործել դատարանի որոշման հիման վրա:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44.1-րդ հոդվածով.

«44.1. Պարտապանի գույքն արգելանքից հանելը

Պարտապանի՝ արգելանքի տակ գտնվող գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե՝

1) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.

2) պարտապանը եւ պարտատերը կնքել են հաշտության համաձայնություն.

3) կատարվել է պարտավորությունը.

4) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:»:

Հոդված 10. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գույքի իրացումից ստացված գումարը հարկադիր կատարողի որոշմամբ բաշխվում է սույն օրենքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 68. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը

1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից:

2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետեւանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերն արվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Եթե կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի գույքի անբավարար լինելու կամ գույքի բացակայության հետեւանքով, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերի չփոխհատուցված մասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետեւանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից:

4. Եթե կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա կատարողական գործողությունների ծախսերը հարկադիր կատարողի որոշմամբ բռնագանձվում են պահանջատիրոջից:»:

Հոդված 13. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետը «գումարից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բռնագրավման ենթակա գույքի արժեքից,» բառերով:

Հոդված 14. Օրենքի 70-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.

«Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո: Բռնագանձված գումարն անբավարար լինելու դեպքում դա համապատասխան հերթի պահանջատերերի միջեւ բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:»:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 70.1-րդ հոդվածով.

«Հոդված 70.1. Պահանջատերերի պահանջների բավարարումը նույն պարտատիրոջ գույքի նկատմամբ բռնագանձման երկու կամ ավելի վճիռների առկայության դեպքում

Եթե միեւնույն պարտապանի գույքի նկատմամբ կան բռնագանձման երկու կամ ավելի դատարանի վճիռներ, ապա պահանջատերերի պահանջները բավարարվում են ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության:»:

Հոդված 16. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 17. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը կրկին անգամ դիտավորյալ չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքում հարկադիր կատարողը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ մեղավոր անձանց՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:»:

Հոդված18. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 72.1-րդ հոդվածով.

«Հոդված 72.1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը

1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձվում են դատարանի վճռով:

Դատարանը տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումը քննում է դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը եւ տուգանքի ենթարկված անձը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին:

Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետեւանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա սույն օրենքի համաձայն նշանակված տուգանքները չեն բռնագանձվում, իսկ բռնագանձված տուգանքները վերադարձվում են պետական բյուջեից:»:

Հոդված 19. Օրենքի 78-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 78. Սակարկությունների կազմակերպումը

1. Պարտապանի գույքի իրացումը կատարվում է գույքը սակարկություններով վաճառելու միջոցով:

Սակարկություններն անցկացվում են աճուրդի ձեւով:

Աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Աճուրդը կազմակերպում եւ անցկացնում է հարկադիր կատարողը:

3. Պարտապանի՝ շուտ փչացող, ինչպես նաեւ սակավարժեք (սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով) գույքն իրացվում է ինչպես սակարկությունների, այնպես էլ առեւտրային կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով:»:

Հոդված 20. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումն աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ ուղարկվում է պարտապանին:»:

Հոդված 21. Օրենքի 80-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնող անձինք վաճառվող գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով նախավճար են մուծում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին՝ այն կարգով ու ժամկետներում, որոնք նշված են աճուրդի անցկացման հաղորդագրության եւ կանոնակարգի մեջ:».

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)՝ հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Այդ գումարը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում եւ մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:»:

Հոդված 22. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին կետը «օրենքի» բառից հետո լրացնել «79-րդ հոդվածի 4-րդ կետով եւ» բառերով:

Հոդված 23. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.»:

Հոդված 24. Օրենքի 83-րդ՝

ա) հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չկայացած աճուրդից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է կրկնակի աճուրդ:».

բ) հոդվածի 2-րդ կետում «քսան» բառը փոխարինել «տասը» բառով.

գ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Երկրորդ աճուրդից հետո գույքը չվաճառվելու դեպքում գույքն առաջարկվում է պահանջատիրոջը:»:

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: 
  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 հոկտեմբերի 2001թ.
ՀՕ-222