Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.0000


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգեւներ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ եւ մեդալներ:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները հիմնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների եւ մեդալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգեւատրման կարգը, պետական պարգեւները կրելու կանոնները:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները եւ նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ հաստատությունների հիմնած շքանշանների եւ մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների հետ:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխնախագահը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ տեղական խորհուրդների պատգամավորները չեն կարող պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւի տեսակը որոշվում է պարգեւատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարեւորությանը համապատասխան:

Պարգեւատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգեւով: Նույնանուն պետական պարգեւով մեկից ավելի պարգեւատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ:

Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրումը կատարվում է նաեւ հետմահու:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության շքանշաններն են՝

Հայրենիքի շքանշանը (հանձնվում է միայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց),

Մարտական խաչ շքանաշանը՝ 1-ին աստիճանի եւ 2-րդ աստիճանի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը:

ԳԼՈՒԽ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության մեդալներն են՝

Արիության մեդալը,

Մարտական ծառայության մեդալը,

Մխիթար Գոշի մեդալը,

Մխիթար Հերացու մեդալը,

Անանիա Շիրակացու մեդալը,

Մովսես Խորենացու մեդալը:

ԳԼՈՒԽ 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրման միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից:

Նշված մարմիններում միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման եւ ամփոփման կարգը սահմանում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները հանձնում են Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության փոխնախագահը, վարչապետը, նախարարները եւ գերատեսչությունների ղեկավարները:

Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները, որպես կանոն, հանձնվում են զորամասերում:

Հոդված 14. Պարգեւատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգեւի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական: Պետական պարգեւների վկայականների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15. Հետմահու պարգեւատրման դեպքում պետական պարգեւը վկայականի հետ միասին հանձնվում է պարգեւատրվածի ընտանիքին:

ԳԼՈՒԽ 7

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16 . Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից:

Պարգեւատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները:

Հոդված 17. Պարգեւատրված անձի մահվան դեպքում պետական պարգեւները եւ դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վեջիններիս համաձայնությամբ՝ հանձնվել թանգարաններին:

Պետական պարգեւները թանգարաններին հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի
աշխատակազմի գիտությամբ:

Եթե պարգեւատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգեւները եւ դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգեւատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում:

Հայաստանի Հանրապետության շքանշանների եւ մեդալների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորցվել են մարտական պայմաններում, տարերային աղետի հետեւանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգեւները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

Պետական պարգեւների կրկնօրինակներ տալու միջնորդությունը հարուցվում է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից, որոնք ուսումնասիրություններից հետո իրենց միջնորդությունը պարգեւատրված անձի դիմումի, պետական պարգեւների կորստի մասին համապատասխան տեղեկանքի հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին:

Կորցրած պետական պարգեւների եւ դրանց վկայականների կրկնօրինակները պարգեւատրված անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 8

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 19. Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների եւ կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
22 ապրիլի 1994 թ.
Հ. Ն. -1027-1-ՀՕ-95
 




06.07.2000 «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
20.05.2002 «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
22.10.2003 «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.05.2005 «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
02.05.2006 «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
08.02.2011 «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին