Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքն ամբողջությամբ փոփոխվել է «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-234-Ն օրենքով:

Ընդունվել է 26.12.1997


ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական տուրքերի եւ վճարների հասկացությունը, տեղական տուրք եւ վճար վճարողներին, տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց գանձման կարգն ու պայմանները, կարգավորում է տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված այլ հարաբերություններ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների եւ (կամ) նրանց հիմնադրած ձեռնարկությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան գանձվող վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 2. Տեղական տուրքի հասկացությունը

Տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Սույն օրենքով սահմանված առանձին դեպքերում տեղական տուրքը կարող է գանձվել պարբերաբար:

Հոդված 3. Տեղական վճարի հասկացությունը

Տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

ԳԼՈՒԽ II

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողները

Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարող են համարվում սույն օրենքի 7 հոդվածում նշված լիազորությունների իրականացման դիմաց եւ 8 հոդվածում նշված գործողությունների համար վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Հոդված 5. Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողների իրավունքները

Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն՝

ա) պահանջել տեղական տուրք եւ (կամ) վճար գանձող մարմնից՝ կատարելու տուրքի եւ (կամ) վճարի հաշվարկ, ինչպես նաեւ վերահաշվարկ.

բ) գանգատարկել տեղական տուրք եւ (կամ) վճար գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

գ) ստանալ տեղական տուրքը եւ (կամ) վճարը վճարելու մասին տեղեկանք.

դ) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել եւ ստանալ վերադարձման ենթակա տեղական տուրքի եւ (կամ) վճարի գումարը:

Հոդված 6. Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողների պարտավորությունը

Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողները պարտավոր են տեղական տուրքի եւ (կամ) վճարի գանձմամբ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց ներկայացնել տեղական տուրքի եւ (կամ) վճարի վճարումը հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց պատճենները:

ԳԼՈՒԽ III

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 7. Տեղական տուրքերի տեսակները

Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետեւյալ տեսակները՝

ա) համայնքի տարածքում շինարարության, շենքերի, շինությունները եւ քաղաքաշինական այլ (ներառյալ՝ ժամանակավոր) օբյեկտները ամրացնելու, վերականգնելու, արդիականացնելու (բացառությամբ ներքին ընթացիկ վերանորոգման եւ հարդարման) եւ արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվության համար.

բ) համայնքի տարածքում շենքեր, շինություններ եւ քաղաքաշինական այլ օբյեկտներ քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար.

գ) համայնքի տարածքում առեւտրի համայնքային կանոններին (իսկ Երեւանում՝ համաքաղաքային կանոններին) համապատասխան ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.

դ) համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու (բացառությամբ շուկաներում, տոնավաճառներում, հիմնական եւ ոչ հիմնական շինություններում վաճառքի) թույլտվության համար.

ե) համայնքի տարածքում հասարակական սննդի եւ սպասարկման գործունեության համայնքային կանոններին (իսկ Երեւանում՝ համաքաղաքային կանոններին) համապատասխան խաղատներին, բաղնիքներին (սաունաներին), հանրային սննդի, զվարճանքի, շահումներով խաղեր կազմակերպող օբյեկտներին՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.

զ) համաքաղաքային կանոններին համապատասխան Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների տարածքում, ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար.

է) համայնքային կանոններին (իսկ Երեւանում՝ համաքաղաքային կանոններին) համապատասխան՝ համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար.

ը) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ եւ կրկնօրինակներ տրամադրելու համար.

թ) համայնքի տարածքում (բացառությամբ՝ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ՝ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար:

Հոդված 8. Տեղական վճարների տեսակները

Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետեւյալ տեսակները՝

ա) համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու եւ հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության եւ օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու եւ վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական եւ այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ եւ աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար:

ԳԼՈՒԽ IV

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 9. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը, սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Թաղային համայնքներում տեղական տուրքի դրույքաչափերի սահմանման վերաբերյալ առաջարկությունը համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է՝ խորհրդակցելով Երեւանի քաղաքապետի հետ:

2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր:

3. Ընթացիկ տարվա համար տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

Հոդված 10. Տեղական տուրքերի դրույքաչափերը

1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) հիմնական օբյեկտների համար՝ 0 - 50,000 դրամ.

բ) մինչեւ 6 մ2 տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 0 - 20,000 դրամ.

գ) 6 մ2 եւ ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 0 - 30,000 դրամ։

2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում 0-15,000 դրամ։

3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 0 - 5,000 դրամ:

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) հիմնական շինությունների ներսում՝ վաճառքի կազմակերպման դեպքում՝ 0-50,000 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 0-70,000 դրամ:

5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) գազի եւ վառելիքաքսայուղային նյութերի համար՝ ընթացիկ տարվա համար՝ 200,000- 350,000 դրամ.

բ) գյուղատնտեսական մթերքների համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 0 - 250 դրամ.

գ) այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար՝ ընթացիկ տարվա համար՝ 0 - 100,000 դրամ:

6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

ա) խաղատների համար՝ 500,000 - 1,000,000 դրամ.

բ) շահումներով խաղերի կազմակերպման համար՝ 250,000 - 500,000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 200,000 - 500,000 դրամ.

դ) հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համար՝ 50,000 - 100,000 դրամ:

7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝ 0 -5,000 դրամ։

8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 250,000 - 500,000 դրամ.

բ) այլ արտաքին գովազդի համար՝ 5,000 - 50,000 դրամ։

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ եւ կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 - 10,000 դրամ:

10. Համայնքի տարածքում (բացառությամբ՝ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 - 10,000 դրամ։

11. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել մինչեւ մեկ ու կես անգամ ավելի, իսկ թաղային համայնքներում՝ երկու անգամ ավելի:

Հոդված 11. Տեղական վճարի դրույքաչափերի սահմանումը

1. Տեղական վճարի դրույքաչափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին՝ տվյալ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի չափով:

2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական վճարների միասնական դրույքաչափեր:

3. Ընթացիկ տարվա համար տեղական վճարի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

ԳԼՈՒԽ V

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 12. Տեղական տուրքի եւ (կամ) վճարի հաշվարկումը եւ գանձումը

Տեղական տուրք եւ (կամ) վճար գանձող մարմինների պաշտոնատար անձինք տեղական տուրքի կամ վճարի հաշվարկն իրականացնում եւ տեղական տուրքը կամ վճարը գանձում են նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը՝ ելնելով սույն օրենքին համապատասխան սահմանված տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:

Հոդված 13. Արտոնությունները

Տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի արտոնություններ համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել համայնքի ավագանին՝ տեղական տուրք կամ վճար վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով տեղական տուրքը կամ տեղական վճարը:

Հոդված 14. Տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները վերադարձնելը

1. Տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման՝ տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողի դիմումի հիման վրա՝ դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում:

2. Տեղական տուրքը եւ (կամ) վճարը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե՝

ա) տեղական տուրքը եւ (կամ) վճարը վճարվել է ավելի, քան սահմանել է համայնքի ավագանին.

բ) տեղական տուրք կամ վճար գանձող մարմինները մերժել են համապատասխան գործողությունների կատարումը կամ վճարողներին վերադարձրել են նրանց դիմումները:

ԳԼՈՒԽ VI

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 16. Տեղական տուրքը կամ վճարը հաշվարկելու եւ գանձելու պատասխանատվությունը

Տեղական տուրքը կամ վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է տեղական տուրք կամ վճար գանձող համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձանց վրա:

Հոդված 17. Տեղական տուրքերը եւ վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգը պահպանելու նկատմամբ հսկողությունը

Տեղական տուրքերը եւ վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:

Հոդված 18. Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը

1. Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ՝ դատարան:

2. Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում, եւ դրանց առթիվ որոշումներ են ընդունվում գանգատը ստացվելու օրվանից ոչ ուշ՝ հնգօրյա ժամկետում:

ԳԼՈՒԽ VII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Տեղական տուրքերը եւ վճարները վճարելու արժույթը

Տեղական տուրքերը եւ վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով:

Հոդված 20. Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ որոշումների գանգատարկումը

Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումները կարող են գանգատարկվել դատարան:

ԳԼՈՒԽ VIII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոդված 22. 1998 թվականի համար տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի փոփոխությունները

Սույն օրենքի 9 հոդվածի 3-րդ կետը եւ 11 հոդվածի 3-րդ կետը չեն տարածվում 1998 թվականի համար սահմանվող տեղական տուրքերի եւ վճարների վրա:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ  Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

9 հունվարի 1998 թ.
ՀՕ-185




11.11.1998 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածում փոփոխություն կատարելու մասին
20.05.2002 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
07.10.2003 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
08.07.2005 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
16.12.2005 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.03.2006 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
23.05.2006 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
27.02.2007 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.04.2008 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
26.12.2008 «Տեղական տուրքերի եւ վճարների մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
23.06.2011 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
23.06.2011 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
20.03.2012 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
11.09.2012 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
06.12.2012 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
26.02.2015 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
29.04.2015 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
19.06.2015 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
24.11.2015 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
07.12.2015 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
07.06.2016 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
04.10.2016 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
16.12.2016 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.12.2017 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
21.03.2018 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
11.09.2018 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
14.11.2019 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
24.01.2020 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
13.02.2020 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
10.12.2020 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
11.02.2021 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
24.03.2021 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
16.12.2021 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
16.12.2022 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
13.07.2023 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին