Russian    
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2001

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում՝

ա) 1-ին կետի «դրանց ստեղծած հիմնարկներում,» բառերը փոխարինել «հիմնարկներում (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերով.

բ) 3-րդ կետը «ներքին ընթացակարգ է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ մասով նախատեսված դեպքերի» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Որեւէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման եւ վերադարձի, ինչպես նաեւ հսկիչ գնումների իրականացման դեպքերում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման առանձին կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվում:

Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է նաեւ հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա:».

գ) 6-րդ կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձանց» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչության պետին:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու ճշտությանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնի տնօրենին:

Հարկային մարմինների կողմից առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հայտնաբերմանն ուղղված ստուգումների ժամանակ ստուգման հրամանում (հանձնարարագրում) նշվում են ստուգումն իրականացնող մարմնի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման նպատակը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը:».

բ) 3-րդ կետի «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման,» բառերով, իսկ «իրականացման» բառից հետո կետը լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու ճշտությանն ուղղված» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-282