Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.06.2002
ԲԱԺԻՆ I.   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԲԱԺԻՆ II.  ԳՆԱԳՑՈՒՄ
  • Գլուխ 1.   Հիմնական սկզբունքներ
  • Գլուխ 2.  Սովորական արժեքի որոշումը
  • Գլուխ 3.  Արտահանման գնի որոշումը
  • Գլուխ 4. Գնագցման չափը եւ դրա որոշման նպատակով կատարվող համեմատությունը
  • ԲԱԺԻՆ III. ԼՐԱՎՃԱՐ
  • Գլուխ 1.  Հիմնական սկզբունքները
  • Գլուխ 2.  Փոխհատուցելի եւ ոչ փոխհատուցելի լրավճարներ
  • Գլուխ 3.  Փոխհատուցելի լրավճարների չափի հաշվարկը
  • ԲԱԺԻՆ IV.ՎՆԱՍԸ ԵՎ ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԸ
  • Գլուխ 1. Վնասի եւ վնասի վտանգի որոշումը
  • Գլուխ 2. Պատճառահետեւանքային կապը
  • ԲԱԺԻՆ V.ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
  • Գլուխ 1.  Ուսումնասիրություն սկսելու նախաձեռնությունը եւ որոշումը
  • Գլուխ 2.  Ուսումնասիրության իրականացման կարգը
  • Գլուխ 3.  Ուսումնասիրության եզրափակումը
  • ԲԱԺԻՆ VI. ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ(ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
  • Գլուխ 1. Ժամանակավոր միջոցները
  • Գլուխ 2. Կամավոր պարտավորությունները
  • Գլուխ 3. Հակագնացման եւ (կամ) փոխհատուցման տուրքերի վերջնական կիրառումը եւ գանձումը
  • Գլուխ 4. Վերաքննությունը եւ հետագա այլ ընթացակարգերը
  • Գլուխ 5.  Տուրքի ավելի վճարված գումարների հետ վերադարձնելը
  • Գլուխ 6.  Խափանում
  • ԲԱԺԻՆ VII. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
    ԲԱԺԻՆ VIII.ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
    ԲԱԺԻՆ IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
     
     

    ԲԱԺԻՆ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը սահմանում է գնագցումը (դեմփինգը), լրավճարը (սուբսիդիան) եւ կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերին վնաս հասցնող ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման (հակալրավճարային) միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները: Սույն օրենքի լրավճարների եւ փոխհատուցման միջոցների վերաբերյալ դրույթները չեն տարածվում գյուղատնտեսության ոլորտի վրա:

    Հոդված 2. Հակագնագցման եւ փոխհատուցման մասին օրենսդրությունը

    1. Հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

    2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային
    պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

    փոխհատուցման (հակալրավճարային) տուրք՝ հատուկ տուրք, որը, որպես հակակշիռ, գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք այն ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնց պատրաստման, արտադրման կամ արտահանման համար ծագման կամ արտահանող երկրի կառավարությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն լրավճար է հատկացրել, որի արդյունքում վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղին.

    հակագնագցման (հակադեմփինգային) տուրք՝ հատուկ տուրք, որը գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի գնագցող ներմուծման նկատմամբ, եթե դրա արդյունքում վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղին.

    տնտեսության ճյուղ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն արտադրողների ամբողջությունը, որոնք արտադրում են ուսումնասիրվող ապրանքին նման ապրանք, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտադրողներից նրանք, ովքեր համատեղ թողարկում են Հայաստանի Հանրապետությունում նման ապրանքների ամբողջ արտադրության կեսից ավելին: Տնտեսության ճյուղը չի ներառում այն արտադրողներին, ովքեր կապված են արտահանողների կամ ներմուծողների հետ, կամ էլ իրենք են հանդիսանում ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծողներ:

    Սույն օրենքի իմաստով արտադրողները կապված են համարվում արտահանողների կամ ներմուծողների հետ, եթե նրանցից մեկը վերահսկում է մյուսին, կամ նրանք երկուսն էլ վերահսկվում են երրորդի կողմից, կամ նրանք միասին վերահսկում են երրորդին եւ, միաժամանակ, առկա են փաստացի հիմքեր, որ արտադրողի վարքն այդ կապվածության հետեւանքով տարբերվում է անկախ արտադրողի վարքից: Սույն օրենքի իմաստով համարվում է, որ մի անձը վերահսկում է մյուսին, եթե առաջինը՝ ըստ իր դիրքի, իրավականորեն կամ գործնականում կարող է սահմանափակել կամ ուղղորդել վերջինիս գործունեությունը.

    կառավարություն՝ ծագման կամ արտահանող երկրի կառավարություն կամ համապատասխան իրավասությամբ այլ պետական կառավարման մարմին.

    վնաս՝ տնտեսության ճյուղին հասցված նյութական վնաս կամ տնտեսության ճյուղին նյութական վնասի վտանգ, կամ տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցում, եթե սույն օրենքում այլ կերպ հատկորոշված չէ.

    շահագրգիռ կողմեր՝

    - ուսումնասիրվող ապրանքն օտարերկրյա պետությունից արտահանողը(ները) կամ դրա օտարերկրյա արտադրողը(ները),

    - ուսումնասիրվող ապրանք ներմուծողը(ները),

    - հասարակական կազմակերպություն, իրավաբանական անձանց միություն, որի անդամների մեծամասնությունն ուսումնասիրվող ապրանք արտադրողներ, արտահանողներ կամ ներմուծողներ են,

    - արտահանող երկրի(ների) կառավարությունը(ները),

    - Հայաստանի Հանրապետությունում նման ապրանք արտադրողները,

    - հասարակական կազմակերպություն, իրավաբանական անձանց միություն, որի անդամների մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում նման ապրանք արտադրողներ են.

    ուսումնասիրվող ապրանք՝ հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների կիրառման նպատակով ուսումնասիրության առարկա հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք.

    նման ապրանք՝ ապրանք, որն իր բոլոր հատկանիշներով նույնական է ուսումնասիրվող ապրանքի հետ կամ իր հատկանիշներով շատ մոտ է ուսումնասիրվող ապրանքի հատկանիշներին.

    լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, որն իրականացնում է սույն օրենքով նախատեսված գործառնությունները:

    ԲԱԺԻՆ II

    ԳՆԱԳՑՈՒՄ

    ԳԼՈՒԽ 1 .

    ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

    Հոդված 4. Հակագնագցման միջոցների կիրառումը

    Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման միջոցներ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ սույն օրենքով սահմանված կարգով նախաձեռնված եւ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ուսումնասիրվող ապրանքի ներմուծումը գնագցող է՝ համաձայն սույն օրենքի 2-րդ բաժնի դրույթների, եւ գնագցող ներմուծման հետեւանքով վնաս է հասցվում տնտեսության ճյուղին:

    Հոդված 5. Գնագցող ներմուծման սահմանումը

    Սույն օրենքի իմաստով ուսումնասիրվող ապրանքի ներմուծումը համարվում է գնագցող, եթե տվյալ ապրանքը Հայաստանի Հանրապետության շուկա է ներմուծվել իր սովորական արժեքից ցածր գնով, այսինքն՝ այլ երկրից Հայաստանի Հանրապետություն տվյալ ապրանքի արտահանման գինը ցածր է արտահանման երկրում սովորական առեւտրային գործառույթների ընթացքում ներքին սպառման համար նման ապրանքի վաճառքի համեմատելի գնից:

    Հոդված 6. Արտահանող երկիրը

    Հակագնագցման հետ կապված հարաբերությունների մասով արտահանող երկիր է համարվում ուսումնասիրվող ապրանքի ծագման երկիրը կամ որեւէ այլ երկիր, որտեղից ուսումնասիրվող ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ երկրի տարածքով կատարվել է միայն տվյալ ապրանքի տարանցիկ փոխադրում, կամ այդպիսի ապրանք չի արտադրվում այդ երկրում, կամ այդ երկրում գոյություն չունի տվյալ ապրանքի համեմատելի գին:
     


    ԳԼՈՒԽ 2.

    ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

    Հոդված 7. Սովորական արժեքը՝ ըստ արտահանող երկրում գործող գների

    1. Լիազոր մարմինն ուսումնասիրվող ապրանքի սովորական արժեքը որոշում է՝ հիմք ընդունելով արտահանող երկրում սովորական առեւտրային գործառույթների ընթացքում անկախ գնորդների կողմից նման ապրանքի վաճառքի դիմաց վճարված կամ վճարվելիք համեմատելի գինը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

    2. Ապրանքի գինը, եթե այն միմյանց հետ կապված կամ միմյանց հետ փոխհատուցողական համաձայնություն ունեցող կողմերի միջեւ գործարքի գին է, չի կարող համարվել սովորական առեւտրային գործառույթի գին եւ չի կարող օգտագործվել սովորական արժեքի որոշման համար, քանի դեռ չի պարզվել, որ կողմերի միջեւ եղած կապը չի ազդում գնի վրա:

    3. Եթե արտահանողը նման ապրանք չի արտադրում կամ նման ապրանք չի վաճառում արտահանող երկրի ներքին շուկայում, ապա սովորական արժեքը կարող է որոշվել արտահանող երկրում այլ վաճառողների կամ արտադրողների կողմից նման ապրանքի համար սահմանված գների հիման վրա:

    Հոդված 8. Սովորական արժեքը՝ ըստ հաշվարկված արժեքի կամ ըստ երրորդ երկիր արտահանման գնի

    1. Եթե արտահանող երկրի ներքին շուկայում սովորական առեւտրային գործառույթների շրջանակներում բացակայում է նման ապրանքի վաճառքը, կամ եթե հնարավոր չէ պատշաճ համեմատություն կատարել արտահանող երկրի ներքին շուկայում այդ ապրանքի վաճառքի փոքր ծավալների կամ շուկայում իշխող առանձնահատուկ հանգամանքների պատճառով, ապա լիազոր մարմինն ապրանքի սովորական արժեքը կարող է որոշել հիմք ընդունելով՝

    1) ծագման երկրում այդ ապրանքի արտադրության եւ իրացման ծախքերը՝ գումարած սովորաբար ստացվող շահույթը, կամ՝

    2) երրորդ երկիր նման ապրանքի արտահանման համեմատելի գինը:

    2. Արտահանող երկրում ներքին սպառման համար նման ապրանքի վաճառքի կամ երրորդ երկրին նման ապրանքի վաճառքի ծավալները բավարար են համարվում այդ ապրանքի սովորական արժեքի որոշման համար, եթե դրանք կազմում են Հայաստանի Հանրապետությանը վաճառված ուսումնասիրվող ապրանքի վաճառքի առնվազն հինգ տոկոսը: Լիազոր մարմինը կարող է ավելի փոքր տոկոսաչափ սահմանել, եթե շահագրգիռ կողմերից կամ այլ աղբյուրներից ստացված փաստերի հիման վրա պարզվում է, որ դա բավարար է պատշաճ համեմատության համար:

    Հոդված 9. Սովորական արժեքն ինքնարժեքից ցածր գներով վաճառքի դեպքում

    1. Լիազոր մարմինն արտահանող երկրի ներքին շուկայում կամ երրորդ երկրին նման ապրանքի միավորի ինքնարժեքից (ապրանքի արտադրության եւ իրացման ծախքերը) ցածր գներով վաճառքը կարող է համարել որպես ոչ սովորական առեւտրային գործառույթ եւ կարող է ապրանքի սովորական արժեքը որոշելիս անտեսել այդպիսի վաճառքը միայն այն դեպքում, երբ այդպիսի գործառույթներն իրականացվել են՝

    1) տեւական ժամանակահատվածի ընթացքում (սովորաբար մեկ տարի, բայց վեց ամսից ոչ պակաս).

    2) զգալի ծավալներով եւ

    3) այնպիսի գներով, որոնք հնարավորություն չեն տալիս պատշաճ ժամանակահատվածում վերականգնել բոլոր տեսակի ծախսերը:

    2. Սույն հոդվածի իմաստով ինքնարժեքից ցածր գներով վաճառքը համարվում է զգալի ծավալներ ունեցող, եթե՝

    1) սովորական արժեքի որոշման նպատակով քննարկվող առեւտրային գործառույթների վաճառքի գնի կշռված միջինը փոքր է ինքնարժեքի կշռված միջինից, կամ՝

    2) ինքնարժեքից ցածր գներով վաճառքի ծավալը կազմում է սովորական արժեքի որոշման նպատակով քննարկվող առեւտրային գործառույթներում կատարված վաճառքի ծավալի առնվազն քսան տոկոսը:

    3. Եթե վաճառքի գործարքի ժամանակ ապրանքի ինքնարժեքից ցածր եղած գները մեծ են ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածում ապրանքի ինքնարժեքի կշռված միջինի արժեքից, ապա այդ գները դիտարկվում են որպես բավարար գներ՝ պատշաճ ժամանակահատվածում ծախսերը վերականգնելու համար:

    Հոդված 10. Ծախքերի հաշվարկը

    1. Սույն օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածների համաձայն՝ լիազոր մարմինն ապրանքի ինքնարժեքի հաշվարկներն իրականացնում է՝ հիմնվելով ուսումնասիրության ենթակա արտահանողի կամ արտադրողի կողմից վարվող հաշվապահական հաշվառման գրանցումների վրա, որոնք համապատասխանում են արտահանող երկրում ընդունված ընդհանուր հաշվապահական հաշվառման կարգին:

    2. Եթե սույն օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածների համաձայն հաշվարկվող արտադրության եւ իրացման ծախքերը հնարավոր չէ որոշել՝ հիմնվելով ուսումնասիրության ենթակա արտահանողի կամ արտադրողի կողմից նման ապրանքի արտադրության ու սովորական առեւտրային գործառույթների ընթացքում դրա վաճառքի հետ կապված ծախսերի վերաբերյալ փաստացի տվյալների վրա, ապա դրանք որոշվում են՝

    1) տվյալ արտահանողի կամ արտադրողի կողմից նույն դասի ապրանքների արտադրության եւ ծագման երկրի ներքին շուկայում դրա վաճառքի առնչությամբ առաջացած եւ կատարված փաստացի ծախքերից.

    2) ելնելով ուսումնասիրության ենթակա այլ արտահանողների կամ արտադրողների կողմից նման ապրանքի արտադրության եւ ծագման երկրի ներքին շուկայում դրա վաճառքի առնչությամբ առաջացած եւ կատարված փաստացի ծախքերի կշռված միջինից, կամ՝

    3) որեւէ այլ եղանակի կիրառմամբ՝ ըստ որի, սահմանված շահույթը չի գերազանցում այլ արտահանողների կամ արտադրողների կողմից ծագման երկրի նման ապրանքի ներքին շուկայում, նույն դասի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթը:

    3. Հաշվարկները կատարելիս հաշվի են առնվում ինքնարժեքի գոյացման մեջ ծախսերի պատշաճ բաշխմանը վերաբերող բոլոր գործոնները (մասնավորապես, պարբերաշիջման (ամորտիզացիոն) եւ մաշվածության (արժեզրկման) ժամանակահատվածների, կապիտալ եւ զարգացման ծախքերի թույլատրելի մասնահանումների վերաբերյալ տվյալները), եթե այդպիսի բաշխումը նախկինում կիրառել են արտահանողները կամ արտադրողները:

    4. Հաշվարկները կատարելիս համապատասխան ճշգրտումներ են մտցվում՝ կապված արտադրությանը ապագա եւ (կամ) ընթացիկ օգուտ բերող ոչ պարբերական ծախքերի կամ այնպիսի դեպքերի հետ, երբ ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածի ընթացքում ծախքերն իրենց վրա կրում են արտադրության մեկնարկային գործառույթների ազդեցությունը, եթե դրանք արտահայտված չեն սույն հոդվածի համաձայն արված ծախքերի բաշխման մեջ: Մեկնարկային գործառույթների համար արված ճշգրտումներ կատարելիս հաշվի են առնվում մեկնարկային ժամանակահատվածի վերջում եղած ծախքերը կամ, եթե մեկնարկային ժամանակահատվածն ավարտվում է ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածից հետո, ապա նախորդող ամենամոտ ժամանակում եղած ծախքերը, որոնք կարող են համապատասխանաբար հաշվի առնվել ուսումնասիրության ընթացքում:

    Հոդված 11. Ոչ շուկայական տնտեսությունները

    1. Եթե արտահանող երկրում գործում է գնագոյացման ոչ շուկայական համակարգ, եւ ապրանքի սովորական արժեքի որոշման՝ սույն օրենքով սահմանված եղանակները կիրառելի չեն տվյալ դեպքում, ապա լիազոր մարմինն ապրանքի սովորական արժեքը կարող է որոշել, ելնելով՝

    1) համապատասխան շուկայական տնտեսությամբ երկրում սովորական առեւտրային գործառույթների ընթացքում ներքին սպառման համար նման ապրանքի վաճառքի դիմաց վճարված կամ վճարվելիք համեմատելի գնից.

    2) սովորական առեւտրային գործառույթների ընթացքում համապատասխան շուկայական տնտեսությամբ երկրից այլ երկրներ, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն նման ապրանքի արտահանման ժամանակ վճարված կամ վճարվելիք համեմատելի գնից.

    3) Հայաստանի Հանրապետության ներքին արտադրության նման ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարվելիք գնից՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտում մտցնելով գնի մեջ՝ տվյալ ճյուղում առկա տնտեսական պայմաններում ակնկալվող շահութաբերության ցուցանիշն ընդգրկելու համար.

    4) որեւէ այլ արժանահավատ հիմքից:

    2. Շուկայական տնտեսությամբ երկրի ընտրությունից հետո լիազոր մարմինը 7 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ուսումնասիրության ենթակա կողմերին՝ նրանց տալով 10 օր՝ այդ կապակցությամբ դիտողություններ կատարելու համար:
     


    ԳԼՈՒԽ 3.

    ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

    Հոդված 12. Արտահանման գինը

    1. Բացառությամբ սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերում սահմանված դեպքերի, արտահանման գին է համարվում ուսումնասիրվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարվելիք գինը, երբ այդ ապրանքը վաճառվում է արտահանող երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար:

    2. Եթե արտահանման գին չկա կամ, եթե արտահանման գինն արժանահավատ չէ արտահանողի եւ ներմուծողի կամ արտահանողի եւ երրորդ կողմի միջեւ եղած կապի կամ փոխհատուցողական համաձայնության պատճառով, ապա լիազոր մարմինը կարող է արտահանման գինը որոշել, ելնելով՝

    1) այն գնից, որով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքն առաջին անգամ վերավաճառվել է անկախ գնորդին, կամ՝

    2) որեւէ այլ արժանահավատ հիմքից, եթե ներմուծված ապրանքն անկախ գնորդին չի վերավաճառվում, կամ եթե վերավաճառվում է ապրանքի ներմուծման պայմաններից տարբեր պայմաններով:

    3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմանի վրա արժանահավատ արտահանման գնի որոշման նպատակով հաշվի են առնվում բոլոր ծախսերը, ներառյալ՝ ներմուծման եւ վերավաճառքի միջեւ առաջացող տուրքերը եւ հարկերը, ինչպես նաեւ ստացվող շահույթները: Հաշվի են առնվում նաեւ այն ծախսերը, որոնք սովորաբար առաջանում են ներմուծողի մոտ, բայց որոնք վճարում է Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող եւ ներմուծողի կամ արտահանողի հետ կապված կամ փոխհատուցողական համաձայնություն ունեցող որեւէ այլ կողմ, ներառյալ՝ տրանսպորտային, ապահովագրական, բեռնման եւ այլ օժանդակ ծախսերը, ապրանքի ներմուծման կամ վաճառքի համար Հայաստանի Հանրապետությունում գործող հարկերը, հակագնագցման եւ մաքսային տուրքերը, սովորաբար առաջացող վարչական եւ իրացման ծախսերն ու սովորաբար ստացվող շահույթը:
     


    ԳԼՈՒԽ 4.

    ԳՆԱԳՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԴՐԱ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 13. Գնագցման չափը

    Գնագցման չափ է հանդիսանում գնագցող ապրանքի սովորական արժեքի եւ դրա արտահանման գնի տարբերությունը: Գնագցման չափերի տատանման դեպքում կարող է սահմանվել գնագցման չափի կշռված միջին: Որպես կանոն, յուրաքանչյուր հայտնի ուսումնասիրվող ապրանք արտադրողի կամ արտահանողի համար սահմանվում է առանձին գնագցման չափ:

    Հոդված 14. Համեմատության ընթացքում կատարվող ճշգրտումները

    1. Լիազոր մարմինն ապրանքի արտահանման գնի եւ դրա սովորական արժեքի համեմատությունը կատարում է առեւտրային միեւնույն փուլերի՝ սովորաբար, ապրանքի՝ գործարանից դուրս առաքման փուլի համար եւ միեւնույն կամ գրեթե միեւնույն ժամանակում կատարված գործարքների համար:

    2. Համեմատության անաչառությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան ճշգրտումներ են կատարվում՝ հաշվի առնելով այն տարբերությունները, որոնք կարող են ազդել գների համեմատելիության վրա, ներառյալ՝ վաճառքի գործարքի պայմանների, հարկման, առեւտրային փուլերի, քանակների, ֆիզիկական հատկանիշների,տրանսպորտային, ապահովագրական, բեռնման եւ այլ օժանդակ ծախքերի, վաճառքից հետո առաջացող ծախքերի ու վաճառքի կոմիսիոն վճարների հետ կապված տարբերությունները, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի հատկորոշած այլ տարբերությունները: Նշված գործոնները միմյանց հետ վերադրելու դեպքում պետք է բացառել արդեն արված ճշգրտումների կրկնակի կատարումը:

    3. Եթե սույն օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի համաձայն արտահանման գինը կազմվել է՝ ելնելով այն գնից, որով ներմուծված ապրանքն առաջին անգամ վերավաճառվել է անկախ գնորդի, ապա ճշգրտումներ կարող են կատարվել նաեւ այդ ընթացքում առաջացած ծախսերի առնչությամբ, ներառյալ՝ ներմուծման եւ առաջին անկախ գնորդին վերավաճառքի միջեւ ծագող տուրքերն ու հարկերը, ինչպես նաեւ սովորաբար ստացվող շահույթը: Եթե նշված ճշգրտումներն ազդում են գների համեմատելիության վրա, ապա ապրանքի սովորական արժեքը որոշվում է առեւտրային այն փուլի համար, որը համարժեք է արտահանման գնի հաշվարկման առեւտրային փուլին, կամ կատարվում են սույն հոդվածով սահմանված համապատասխան ճշգրտումները:

    4. Լիազոր մարմինը շահագրգիռ կողմերի համար հատկորոշում է այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են անաչառ համեմատության համար:

    Հոդված 15. Համեմատության եղանակները

    1. Լիազոր մարմինը գնագցման չափի գոյությունը սովորաբար որոշում է՝ ելնելով սովորական արժեքի կշռված միջինի եւ բոլոր համեմատելի արտահանման գործարքների գների կշռված միջինի համեմատությունից կամ առանձին-առանձին գործարքների սովորական արժեքի եւ արտահանման գնի համեմատությունից՝ հաշվի առնելով սույն օրենքի 14-րդ հոդվածի դրույթները:

    2. Կշռված միջինով հաշվարկված սովորական արժեքը կարող է համեմատվել առանձին արտահանման գործարքների գների հետ, եթե պարզվում է, որ արտահանման գները միտում ունեն էականորեն տարբերվելու՝ կախված գնորդներից, ժամանակահատվածներից կամ աշխարհագրական շրջաններից: Այդպիսի դեպքերում լիազոր մարմինը բացատրություն է տալիս, թե ինչու հնարավոր չէ գների նման տարբերությունները պատշաճորեն հաշվի առնել սովորական արժեքի ու արտահանման գործարքների գների կշռված միջինների կամ առանձին-առանձին գործարքների սովորական արժեքների եւ արտահանման գների միջեւ համեմատության եղանակների կիրառմամբ:

    Հոդված 16. Տարադրամի փոխարկումը

    1. Եթե կատարվող համեմատությունների ժամանակ տարադրամի փոխարկում է պահանջվում, ապա փոխարկման ժամանակ օգտագործվում է վաճառքի գործարքի օրը եղած տարադրամի փոխարժեքը:

    2. Որպես վաճառքի գործարքի օր է համարվում ապրանքագրում նշված օրը, սակայն որպես վաճառքի գործարքի օր կարող է լինել նաեւ վաճառքի պայմանագրի կնքման, գնման պատվերի ներկայացման կամ պատվերի հաստատման օրը, եթե դրանցում ավելի հստակ են արտահայտված վաճառքի պայմանները:

    3. Անկախ սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի դրույթներից, եթե կիրառվել է արտահանման վաճառքին ուղղակիորեն առնչվող տարադրամի վաճառք ֆորվարդային շուկայում, ապա բոլոր առնչվող գործարքների համար օգտագործվում է ֆորվարդային վաճառքի փոխարժեքը:

    4. Լիազոր մարմինն անտեսում է տարադրամի փոխարժեքի տատանումները եւ առնվազն 60 օր ժամանակ է տալիս արտահանողներին իրենց արտահանման գների մեջ, ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածի ընթացքում, փոխարժեքի տեւական տեղաշարժերին համապատասխան շտկումներ կատարելու համար:
     


    ԲԱԺԻՆ III

    ԼՐԱՎՃԱՐ

    ԳԼՈՒԽ 1.

    ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

    Հոդված 17. Փոխհատուցման միջոցների կիրառումը

    Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ փոխհատուցման միջոցներ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ սույն օրենքով սահմանված կարգով նախաձեռնված եւ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ուսումնասիրվող ապրանքն օգտվում է փոխհատուցելի լրավճարից՝ սույն օրենքի 3-րդ բաժնի համաձայն, եւ լրավճարված ապրանքի ներմուծման հետեւանքով վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղին:

    Հոդված 18. Լրավճարի սահմանումը

    1. Սույն օրենքի իմաստով գոյություն ունի լրավճար, եթե առկա է արտահանող երկրի կառավարության տրամադրած ֆինանսական օժանդակություն կամ որեւէ ձեւով արտահայտված եկամտային կամ գնային օժանդակություն (որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է մեծացնել տվյալ երկրի տարածքից ապրանքի արտահանման ծավալները կամ նվազեցնել տվյալ երկրի տարածք ապրանքի ներմուծման ծավալները), եւ դրանց արդյունքում օգուտ է տրվում օժանդակություն ստացողին:

    2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ֆինանսական օժանդակությունը ենթադրում է, որ՝

    1) կառավարության կողմից իրականացվող գործառույթներն ընդգրկում են դրամական միջոցների ուղղակի փոխանցում (օրինակ՝ դրամաշնորհների, վարկերի տրամադրում), դրամական միջոցների կամ պարտավորությունների հնարավոր ուղղակի փոխանցում (օրինակ՝ վարկային երաշխիքների տրամադրում).

    2) կառավարության կողմից իրականացվող խրախուսման միջոցների կամ արտոնությունների տրամադրման արդյունքում պետական եկամուտը, որն այլ դեպքում պետք է հավաքվեր, չի հավաքվել (օրինակ՝ ֆիսկալ խրախուսման միջոցները՝ հարկային արտոնությունների տրամադրման տեսքով).

    3) կառավարությունը վաճառում կամ անհատույց տրամադրում է ապրանքներ կամ մատուցում է ծառայություններ, որոնք ընդհանուր ենթակառուցվածքային բնույթի չեն, կամ կառավարությունը գնում է ապրանքներ.

    4) կառավարությունը կատարում է դրամական հատկացումներ հիմնադրամային մեխանիզմում կամ լիազորում կամ հանձնարարում է որեւէ կազմակերպության՝ իրականացնելու սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործառույթներից մեկը կամ մի քանիսը, ինչի իրավասությունը սովորաբար տրված է կառավարությանը, եւ դրանց իրականացման գործընթացն ըստ էության չի տարբերվում կառավարության կողմից սովորաբար վարվող գործընթացից:

    Հոդված 19. Լրավճարված ապրանքը

    1. Սույն օրենքի իմաստով ապրանքը համարվում է լրավճարված, եթե այն օգտվել է փոխհատուցելի լրավճարից՝ համաձայն սույն օրենքի 20-րդ եւ 21-րդ հոդվածների: Լրավճարը կարող է տրամադրել արտահանող երկրի կառավարությունը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապրանքի արտադրության, արտահանման կամ տեղափոխման համար:

    2. Հակալրավճարման հետ կապված հարաբերությունների մասով արտահանող երկիր է համարվում ապրանքի ծագման երկիրը կամ որեւէ այլ երկիր, որտեղից ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ երկրի տարածքով կատարվել է միայն տվյալ ապրանքի տարանցիկ փոխադրում: Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից, սույն օրենքի դրույթներն ամբողջովին կիրառելի են այն դեպքերում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում ոչ թե ուղղակիորեն ծագման երկրից, այլ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար արտահանվում է լրավճար չտրամադրող միջանկյալ երկրից: Այս դեպքում համարվում է, որ ապրանքը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ծագման երկրից:
     


    ԳԼՈՒԽ 2.

    ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԵՎ ՈՉ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

    Հոդված 20. Փոխհատուցելի լրավճարները

    Սույն օրենքի իմաստով փոխհատուցելի են այն լրավճարները, որոնք համարվում են հատուկ՝ համաձայն սույն օրենքի 21-րդ հոդվածի:

    Հոդված 21. Հատուկ լրավճարները

    1. Լրավճար տրամադրող կառավարության իրավասությանը ենթակա տարածքում գործող որեւէ կազմակերպությանը կամ կազմակերպությունների խմբին կամ որեւէ տնտեսության ճյուղին կամ ճյուղերի խմբին (այսուհետ՝ հատկորոշված կազմակերպություն) տրամադրված լրավճարը համարվում է հատուկ, եթե՝

    1) լրավճար տրամադրող կառավարությունը կամ օրենսդրությունը, որի համաձայն տրամադրվում է լրավճարը, հստակորեն սահմանափակում է լրավճարի հասանելիությունը՝ այն մատչելի դարձնելով հատկորոշված կազմակերպությունների համար.

    2) լրավճարը հասանելի է լրավճար տրամադրող կառավարության իրավասությանը ենթակա սահմանազատված աշխարհագրական տարածքում գտնվող հատկորոշված կազմակերպությունների համար: Սույն օրենքի իմաստով լրավճար տրամադրող մարմնի իրավասությանը ենթակա սահմանազատված աշխարհագրական տարածքում համընդհանուր կիրառման հարկերի սահմանումը կամ դրանց դրույքաչափերի փոփոխումը չպետք է համարվի որպես հատուկ լրավճար.

    3) անկախ սույն հոդվածի դրույթներից, լրավճարը՝ ինքն առանձին կամ որպես մի շարք պայմաններից մեկը, օրենքով կամ փաստացիորեն կապված է արտահանման գործունեության հետ: Լրավճարը համարվում է փաստացիորեն արտահանման հետ կապված, եթե փաստերը ցույց են տալիս, որ լրավճարի տրամադրումը, օրենքով արտահանման հետ կապված չլինելով հանդերձ, փաստացիորեն կապված է իրական կամ նախատեսվող արտահանման կամ արտահանումից ստացվող հասույթների հետ: Այս առումով, այն փաստը, որ լրավճարը տրամադրվում է արտահանող կազմակերպություններին, չպետք է միայն այդ պատճառով համարվի արտահանման լրավճար.

    4) անկախ սույն հոդվածի դրույթներից, լրավճարը՝ ինքն առանձին կամ որպես մի շարք պայմաններից մեկը, կապված է, ներմուծվածի փոխարեն, ներքին արտադրության ապրանքների օգտագործումը խրախուսելու հետ:

    2. Եթե լրավճար տրամադրող կառավարությունը կամ օրենսդրությունը, որի համաձայն տրամադրվում է լրավճարը, սահմանում է լրավճար ստանալու համար ընտրվելիության եւ տրամադրվելիք լրավճարի չափի անաչառ չափանիշներ կամ պայմաններ, որոնք չեզոք են, բնույթով տնտեսական են եւ հորիզոնական են կիրառության մեջ, ապա լրավճարը հատուկ չի համարվում, եթե ընտրությունն ուղղակիորեն (ինքնըստինքյան) բխում է այդ չափանիշներից կամ պայմաններից:

    3. Լրավճարի հատուկ կամ ոչ հատուկ լինելը պարզելու համար կարող են հաշվի առնվել նաեւ այլ գործոններ, ինչպիսիք են՝ լրավճարային ծրագրի օգտագործումը սահմանափակ թվով հատկորոշված կազմակերպությունների կողմից, հատկորոշված կազմակերպությունների կողմից լրավճարային ծրագրի գերակշիռ օգտագործումը, հատկորոշված կազմակերպություններին անհամամասնորեն մեծ չափով լրավճարների տրամադրումը, լրավճարի տրամադրման համար ընտրություն կատարելիս լրավճար տրամադրող կառավարության կողմից կիրառվող եղանակները: Վերջին գործոնի առումով հաշվի են առնվում լրավճարների ստացման համար դիմումների մերժման կամ հաստատման հաճախականությունն ու պատճառները: Սույն մասի կիրարկման դեպքում հաշվի են առնվում լրավճար տրամադրող կառավարության իրավասության շրջանակներում գոյություն ունեցող տնտեսական գործունեության տեսակների բազմազանությունը, ինչպես նաեւ լրավճարային ծրագրի գործողության տեւողությունը:

    Հոդված 22. Ոչ փոխհատուցելի լրավճարները

    Սույն օրենքի իմաստով ոչ փոխհատուցելի լրավճարներ են համարվում ոչ հատուկ լրավճարները եւ այն լրավճարները, որոնք սույն օրենքի 21-րդ հոդվածի իմաստով հատուկ լինելով հանդերձ՝ համապատասխանում են սույն օրենքի 23-25-րդ հոդվածների դրույթներին:

    Հոդված 23. Գիտահետազոտական գործունեության համար նախատեսված լրավճարները

    1. Կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ գիտահետազոտական հաստատությունների կողմից կազմակերպությունների հետ պայմանագրերի հիման վրա իրականացվող գիտահետազոտական գործունեության համար տրամադրված լրավճարները ոչ փոխհատուցելի են, եթե դրանք կազմում են արդյունաբերական հետազոտությունների ծախսերի ոչ ավելի, քան 75 տոկոսը, կամ մրցակցային նպատակներով զարգացմանն ուղղված նախնական գործունեության ծախսերի ոչ ավելի, քան 50 տոկոսը՝ պայմանով, որ այդ լրավճարները տրամադրվում են բացառապես հետեւյալ ծախսերի ծածկման համար.

    1) անձնակազմի հետ կապված ծախսեր (բացառապես գիտահետազոտական գործունեության մեջ ընդգրկված հետազոտողներ, տեխնիկական եւ այլ օժանդակ անձնակազմ).

    2) բացառապես գիտահետազոտական գործունեության մեջ մշտապես օգտագործվող գործիքների, սարքավորումների, հողի եւ շինությունների հետ կապված ծախսեր.

    3) բացառապես գիտահետազոտական գործունեության համար մատուցվող խորհրդատվական եւ համանման ծառայությունների հետ կապված ծախսեր, ներառյալ՝ պատվիրված հետազոտությունների, տեխնիկական գիտելիքների մատուցման, արտոնագրերի եւ այլնի հետ կապված ծախսեր.

    4) ուղղակիորեն գիտահետազոտական գործունեության արդյունքում առաջացող այլ ծախսեր (նյութեր, պիտույքներ եւ այլն):

    2. Սույն հոդվածի առաջին մասը չի տարածվում քաղաքացիական ավիացիայի ոլորտի վրա:

    3. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով՝

    1) ոչ փոխհատուցելի լրավճարի թույլատրելի չափերը հաստատվում են՝ ելնելով յուրաքանչյուր առանձին ենթածրագրի իրականացման ընթացքում առաջացող, լրավճարման ծրագրով նախատեսված ամբողջ ծախսերից: Եթե ծրագրում համակցված են արդյունաբերական հետազոտությունը եւ մրցակցային նպատակներով զարգացմանն ուղղված նախնական գործունեությունը, ապա ոչ փոխհատուցելի լրավճարի թույլատրելի չափերը չեն գերազանցում նշված երկու տեսակի գործունեությունների համար սահմանված թույլատրելի չափերի թվաբանական միջինը. ընդ որում, հաշվարկները կատարվում են՝ ելնելով սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված բոլոր ծախսերից.

    2) արդյունաբերական հետազոտություն՝ նշանակում է ծրագրավորված որոնում կամ ուսումնասիրություն՝ ուղղված նոր գիտելիքների ձեռքբերմանն այն նպատակով, որ այդ գիտելիքները կարող են օգտակար լինել նոր արտադրատեսակների, արտադրական գործընթացների կամ ծառայությունների ստեղծման համար կամ գոյություն ունեցող արտադրատեսակների, գործընթացների կամ ծառայությունների նշանակալի բարելավման համար.

    3) մրցակցային նպատակներով զարգացմանն ուղղված նախնական գործունեություն՝ նշանակում է արդյունաբերական հետազոտությունների արդյունքների կիրառումը նոր, ձեւափոխված կամ բարելավված արտադրատեսակների, գործընթացների կամ ծառայությունների ստեղծման ծրագրի, գծագրի կամ նախագծի մեջ՝ նախատեսված վաճառքի կամ օգտագործման համար, ներառյալ՝ առաջին նմուշի ստեղծումը, որը պիտանի չէ առեւտրային նպատակներով օգտագործման համար: Այն կարող է ընդգրկել նաեւ ապրանքների, գործընթացների կամ ծառայությունների այլընտրանքային տարբերակների ընդհանուր ձեւակերպումն ու նախագծումը, դրանց նախնական ցուցադրումը կամ իրականի փոքրամասշտաբ փորձնական նախագծերը, եթե այդ նախագծերը չեն կարող օգտագործվել արդյունաբերական կամ առեւտրային նպատակներով: Այն չի ներառում գոյություն ունեցող արտադրատեսակի, արտադրական հոսքերի, արտադրական գործընթացների, ծառայությունների եւ այլ ընթացիկ գործառնությունների սովորական կամ պարբերաբար արվող փոփոխությունները, անգամ եթե դրանք հանգեցնում են բարելավման:

    Հոդված 24. Անբարենպաստ տարածաշրջաններին տրամադրվող լրավճարները

    1. Արտահանող երկրի անբարենպաստ տարածաշրջաններին ընդհանուր տարածաշրջանային զարգացման շրջանակներում տրամադրվող լրավճարները ոչ փոխհատուցելի են, եթե դրանք սույն օրենքի 21-րդ հոդվածի իմաստով հատուկ չեն տվյալ տարածաշրջանում, եւ

    1) անբարենպաստ տարածաշրջանն իրենից ներկայացնում է հստակորեն սահմանազատված աշխարհագրական շրջան՝ հատկորոշելի տնտեսական եւ վարչական ինքնությամբ.

    2) տարածաշրջանը համարվում է անբարենպաստ՝ չեզոք եւ անաչառ չափանիշների հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ տվյալ տարածաշրջանում առկա բարդություններն արդյունք են ոչ ժամանակավոր հանգամանքների: Այդ չափանիշները պետք է հստակորեն հատկորոշված լինեն օրենսդրական ակտերով այնպես, որ հնարավոր լինի դրանց ստուգումը.

    3) սույն մասի 2-րդ կետում նշված չափանիշներն ընդգրկում են տվյալ տարածաշրջանի տնտեսական զարգացման ցուցանիշը, որը հիմնվում է, մասնավորապես, հետեւյալ գործոններից գոնե մեկի վրա՝ հաշված երեք տարի ժամանակահատվածի համար՝

    - մեկ շնչին ընկնող եկամուտը կամ մեկ ընտանիքին ընկնող եկամուտը կամ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որը չպետք է գերազանցի արտահանող երկրի նույնպիսի ընդհանուր ցուցանիշների միջին մակարդակի 85 տոկոսը.

    - գործազրկության մակարդակը, որը պետք է կազմի արտահանող երկրի ընդհանուր գործազրկության միջին մակարդակի առնվազն 110 տոկոսը:

    2. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով՝

    1) ընդհանուր տարածաշրջանային զարգացման շրջանակում՝ նշանակում է, որ տարածաշրջանային լրավճարման ծրագրերը տարածաշրջանային զարգացման միասնական ներքին քաղաքականության բաղադրիչ մաս են, եւ տարածաշրջանային զարգացման լրավճարները չեն տրամադրվում աշխարհագրորեն առանձնացված կետերում, որոնք, ըստ էության, ազդեցություն չունեն տվյալ տարածաշրջանի զարգացման վրա.

    2) չեզոք եւ անաչառ չափանիշներ՝ այն չափանիշներն են, որոնցով որոշակի տարածաշրջանների համար սահմանվող նախապատվություններն անհրաժեշտ են միասնական տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում տարածաշրջանային անհավասարության վերացման կամ կրճատման համար: Այս առումով տարածաշրջանային լրավճարային ծրագրերն ընդգրկում են լրավճարի չափի վերին սահման՝ յուրաքանչյուր առանձին լրավճարվող ենթածրագրի համար: Լրավճարի չափի վերին սահմանները տարբերակվում են ըստ ընտրված տարածաշրջանների զարգացման մակարդակների եւ պետք է արտահայտվեն ներդրումային ծախսերի կամ աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի իմաստով: Վերին սահմանով սահմանափակված լրավճարի բաշխումը պետք է լինի բավականաչափ ընդարձակ ու համամասն՝ խուսափելու հատկորոշված կազմակերպությունների կողմից լրավճարի գերակշիռ օգտագործումից կամ դրանց անհամամասնորեն մեծ չափով լրավճարներ տրամադրելուց:

    Հոդված 25. Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված լրավճարները

    1. Օրենսդրական ակտերով սահմանված՝ շրջակա միջավայրի պաշտպանության նոր պահանջներին գոյություն ունեցող սարքավորումների եւ միջոցների հարմարեցումը (որը լրացուցիչ սահմանափակումներ եւ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ստեղծում կազմակերպությունների համար) խրախուսելու նպատակով տրվող լրավճարները ոչ փոխհատուցելի են, եթե՝

    1) լրավճարի տրամադրումը միանգամյա եւ չկրկնվող միջոցառում է, եւ

    2) լրավճարի չափը չի գերազանցում հարմարեցման արդյունքում առաջացող ծախսերի 20 տոկոսը.

    3) լրավճարը չի ծածկում օժանդակություն ստացող ներդրումների տեղադրման եւ շահագործման հետ կապված ծախսը, որն ամբողջությամբ պետք է ծածկեն կազմակերպությունները.

    4) լրավճարն ուղղակիորեն կապված է եւ համամասն է կազմակերպությունների կողմից ծրագրված՝ շրջապատի համար վտանգավորության եւ աղտոտման կրճատմանը եւ չի ծածկում արտադրական ծախսերի մասով հնարավոր խնայողությունները.

    5) լրավճարը մատչելի է բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են ներդնել նոր սարքավորումներ եւ (կամ) արտադրական գործընթացներ:

    2. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով գոյություն ունեցող սարքավորումներ եւ միջոցներ հասկացությունը նշանակում է այն սարքավորումներն ու միջոցները, որոնք շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կիրարկման պահին օգտագործման մեջ են եղել առնվազն երկու տարի:

    ԳԼՈՒԽ 3.

    ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԼՐԱՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿԸ

    Հոդված 26. Փոխհատուցելի լրավճարի չափը

    Համաձայն սույն օրենքի՝ փոխհատուցելի լրավճարի չափը հաշվարկվում է ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածում լրավճար ստացողին հասնող օգուտի իմաստով:

    Հոդված 27. Օգուտի չափի եւ փոխհատուցելի լրավճարի չափի հաշվարկը

    1. Լիազոր մարմինը լրավճար ստացողին հասած օգուտի հաշվարկը կատարում է՝ ելնելով հետեւյալ սկզբունքներից.

    1) կառավարության կողմից կանոնադրական կապիտալի տրամադրումն օգուտ է տալիս, եթե այն անհամատեղելի է արտահանման երկրի տարածքում մասնավոր ներդրողների սովորական ներդրումային գործելակերպի (ներառյալ՝ ռիսկային կապիտալի տրամադրումը) հետ.

    2) կառավարության տրամադրած վարկն օգուտ է տալիս, եթե կառավարությունից ստացվող վարկերի դիմաց կազմակերպության կողմից կատարվող վճարի չափը տարբերվում է այն վճարի չափից, որը կազմակերպությունը կվճարեր շուկայում համարժեք առեւտրային վարկի ձեռքբերման դեպքում: Այս դեպքում օգուտի չափը հավասար է նշված երկու վճարների չափերի տարբերությանը.

    3) կառավարության տրամադրած վարկային երաշխիքն օգուտ է տալիս, եթե կառավարությունից ստացվող վարկային երաշխիքի առկայության դեպքում ձեռնարկության կողմից այդ վարկի դիմաց կատարվող վճարի չափը տարբերվում է այն վճարի չափից, որը ձեռնարկությունը կվճարեր շուկայում համարժեք առեւտրային վարկի ձեռքբերման դեպքում՝ առանց կառավարության երաշխիքի: Այս դեպքում օգուտի չափը հավասար է նշված երկու վճարների չափերի տարբերությանը՝ հաշվի առնելով այլ գանձումների միջեւ եղած տարբերությունները.

    4) կառավարության կողմից ապրանքների կամ ծառայությունների տրամադրումը կամ գնումն օգուտ է տալիս, եթե ապրանքներն ու ծառայությունները տրամադրված են համարժեքից փոքր վճարման դիմաց, կամ գնումը կատարված է համարժեքից մեծ վճարման դիմաց: Վճարման համարժեքությունը որոշվում է՝ ելնելով գնման կամ վաճառքի գործարքի իրականացման երկրում տվյալ ապրանքի կամ ծառայության շուկայում իշխող պայմաններից, ներառյալ՝ գինը, որակը, մատչելիությունը, շուկայում իրացվելիությունը, տեղափոխման հարցերը եւ գնման կամ վաճառքի հետ կապված այլ պայմաններ:

    2. Փոխհատուցելի լրավճարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար արտահանվող լրավճարված ապրանքի յուրաքանչյուր միավորի համար: Այդ չափի որոշման համար ընդհանուր լրավճարից նվազեցվում են լրավճար ստանալու համար ներկայացվող հայտի դիմաց գանձվող վճարումները կամ դրանց հետ կապված ցանկացած այլ ծախսեր, ինչպես նաեւ արտահանման հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ, որոնք կիրառվում են արտահանող երկրից լրավճարված ապրանքի արտահանման նկատմամբ՝ լրավճարի փոխհատուցման նպատակով:

    3. Եթե լրավճարը չի տրամադրվել՝ ելնելով արտադրված, արտահանված կամ փոխադրված ապրանքի քանակից, ապա փոխհատուցելի լրավճարի չափը որոշվում է լրավճարի ամբողջ արժեքը համապատասխանաբար բաշխելով ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածում տվյալ ապրանքի արտադրության, վաճառքի կամ արտահանման քանակի վրա:

    4. Եթե լրավճարը կապված է հիմնական միջոցների ձեռքբերման կամ դրանց հետագա ձեռքբերման հետ, ապա փոխհատուցելի լրավճարի չափը հաշվարկվում է՝ լրավճարը բաշխելով տվյալ արդյունաբերական ճյուղում այդ հիմնական միջոցի մաշվածության ժամանակահատվածի վրա: Այս կերպ հաշվարկված ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածին վերագրվող լրավճարի չափը, ներառյալ՝ այդ ժամանակահատվածից առաջ ձեռք բերված հիմնական միջոցներից ստացված չափը, բաշխվում է համաձայն սույն հոդվածի երրորդ մասի: Եթե հիմնական միջոցը մաշվող չէ, լրավճարը գնահատվում է որպես անտոկոս վարկ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետի դրույթը:

    5. Եթե լրավճարը կապված չէ հիմնական միջոցների ձեռքբերման հետ, ապա ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածի ընթացքում ստացված օգուտի չափը վերագրվում է այդ ժամանակահատվածին եւ բաշխվում է համաձայն սույն հոդվածի 3-րդ մասի, եթե չկան մեկ այլ ժամանակահատվածի վերագրելու համար բավարար հիմքեր:

    ԲԱԺԻՆ IV

    ՎՆԱՍԸ ԵՎ ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԸ

    ԳԼՈՒԽ 1.

    ՎՆԱՍԻ ԵՎ ՎՆԱՍԻ ՎՏԱՆԳԻ ՈՐՈՇՈՒՄԸ

    Հոդված 28. Հիմնական սկզբունքը

    Համաձայն սույն օրենքի՝ լիազոր մարմինը վնասի մասին իր եզրակացությունը հիմնում է վնասը հաստատող փաստերի վրա եւ եզրակացության հանգելու համար քննության է առնում գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ծավալները, ինչպես նաեւ նման ապրանքի ներքին շուկայում գործող գներն ու ներքին նման ապրանք արտադրողների վրա գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ազդեցությունները:

    Հոդված 29. Գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումների եւ նման ապրանքի ներքին շուկայում գործող գների վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը

    1. Գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ծավալներն ուսումնասիրելիս հաշվի է առնվում գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման զգալի աճի առկայությունն ինչպես բացարձակ իմաստով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ներքին արտադրության կամ սպառման նկատմամբ հարաբերական իմաստով:

    2. Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում գործող գների վրա գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ազդեցությունն ուսումնասիրելիս հաշվի է առնվում՝

    1) գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծմամբ տեղի է ունեցել արդյոք գնի զգալի իջեցում՝ համեմատած ներքին արտադրության նման ապրանքի գնի հետ, կամ՝

    2) գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ճնշմամբ արդյոք զգալիորեն իջել են ներքին շուկայում գործող գները, կամ այդ ճնշմամբ զգալիորեն կանգնեցվել է արդյոք գների աճը, որը տեղի կունենար այդպիսի ներմուծման բացակայության դեպքում:

    3. Սույն հոդվածում նշված գործոններից ոչ մեկն ինքնին չի կարող վճռական լինել եզրակացության հանգելու համար:

    Հոդված 30. Գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման միասնական գնահատումը

    Եթե հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման ուսումնասիրությունը միաժամանակ իրականացվում է նման ապրանքի՝ մեկից ավելի երկրներից կատարվող ներմուծումների նկատմամբ, ապա լիազոր մարմինը կարող է կատարել տնտեսության ճյուղի վրա այդ ներմուծումների ունեցած ազդեցության միասնական գնահատում միայն այն դեպքերում, եթե՝

    1) յուրաքանչյուր երկրից ուսումնասիրվող ապրանքի գնագցող եւ (կամ)լրավճարված ներմուծման ծավալը մեծ է նվազագույնից, եւ յուրաքանչյուր երկրից ուսումնասիրվող ապրանքի գնագցող ներմուծման ծավալն աննշան չէ՝ համաձայն սույն օրենքի 36-րդ հոդվածի.

    2) այդ ներմուծումների ունեցած ազդեցության միասնական գնահատումը նպատակահարմար է՝ ելնելով ներմուծվող ապրանքների միջեւ, ինչպես նաեւ ներմուծվող եւ ներքին արտադրության նման ապրանքների միջեւ առկա մրցակցության պայմաններից:

    Հոդված 31. Տնտեսության ճյուղի վրա գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումների ազդեցության ուսումնասիրությունը

    1. Տնտեսության ճյուղի վրա գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ունեցած ազդեցությունն ուսումնասիրելիս լիազոր մարմինը հաշվի է առնում տնտեսության ճյուղի վիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր համապատասխան տնտեսական գործոններն ու ցուցանիշները, ներառյալ՝

    1) վաճառքի ծավալների, շահույթների, թողարկված արտադրանքի, շուկայում ունեցած բաժնեմասի, արտադրողականության, ներդրումների վերադարձվելիության, արտադրողական կարողությունների շահագործման արդյունավետության փաստացի եւ հնարավոր անկումը.

    2) ներքին գների վրա ազդեցություն ունեցող գործոնները.

    3) գնագցման չափը եւ (կամ) լրավճարի չափը.

    4) դրամական հոսքի, պահեստավորված արտադրանքի, զբաղվածության, աշխատավարձերի, արտադրության աճի, կապիտալի ստեղծման կամ ներդրումներ ներգրավելու կարողության վրա փաստացի եւ հնարավոր բացասական ազդեցությունները, եւ

    5) այն հանգամանքը, որ տնտեսության ճյուղը դեռեւս գտնվում է վերականգնման գործընթացում՝ անցյալում եղած գնագցման եւ (կամ) լրավճարման հետեւանքով:

    Նշված ցանկն սպառիչ չէ, եւ սահմանված գործոններից ոչ մեկը կամ մի քանիսն ինքնին չեն կարող վճռական լինել որոշում կայացնելու համար:

    2. Եթե առկա տեղեկությունները հնարավորություն չեն տալիս առանձին հատկորոշել նման ապրանքի ներքին արտադրությունը՝ ելնելով այնպիսի չափանիշներից, ինչպիսիք են արտադրական գործընթացը, արտադրողի կողմից իրականացված վաճառքի ծավալները եւ նրա շահույթը, ապա գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ունեցած ազդեցությունը կարող է նման ապրանքի ներքին արտադրության փոխարեն գնահատվել ապրանքների հնարավոր այն ամենանեղ խմբի արտադրության մասով, որը ներառում է ներքին արտադրության նման ապրանքը, եւ որի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն առկա են:

    Հոդված 32. Նյութական վնասի վտանգը

    1. Լիազոր մարմինը նյութական վնասի վտանգի մասին իր եզրակացությունը հիմնում է փաստերի վրա, ընդ որում, հանգամանքների փոփոխությունը, որի արդյունքում գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումը կարող է վնաս հասցնել, պետք է լինի հստակորեն կանխատեսելի եւ մոտալուտ:

    2. Նյութական վնասի վտանգի վերաբերյալ եզրակացությունը կայացնելիս լիազոր մարմինն այլ գործոնների թվում հաշվի է առնում նաեւ՝

    1) Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում գնագցող եւ (կամ)լրավճարված ներմուծման ծավալների աճի զգալի թափը, որը ցույց է տալիս ներմուծման զգալի աճի հավանականությունը.

    2) արտահանողի կարողությունների էական աճը, որը բավականաչափ մոտալուտ է ու հեշտությամբ իրացվելի եւ ցույց է տալիս Հայաստանի Հանրապետություն գնագցող եւ (կամ) լրավճարված արտահանման զգալի աճի հնարավորությունը՝ հաշվի առնելով արտահանման հավելյալ ծավալներն սպառելու ունակ այլ շուկաների առկայությունը.

    3) ներմուծման գների՝ Հայաստանի Հանրապետության շուկայի գների վրա զգալի ճնշման հավանականությունը, ինչպես նաեւ դրանց հնարավոր ազդեցությունը հետագա ներմուծումների պահանջարկի աճի վրա.

    4) ուսումնասիրվող ապրանքի պահեստավորված ծավալները.

    5) լրավճարի կամ լրավճարների բնույթը եւ դրանց արդյունքում հնարավոր առեւտրային հետեւանքները:

    Նշված գործոններից ոչ մեկն ինքնին չի կարող վճռական լինել եզրակացության հանգելու համար, սակայն այս գործոնների ամբողջությունը հանգեցնում է այն եզրակացության, որ հետագա գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումն անխուսափելի է եւ տնտեսության ճյուղին նյութական վնաս կհասցվի հակագնագցման կամ փոխհատուցման միջոցներ չկիրառելու դեպքում:
     


    ԳԼՈՒԽ 2.

    ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԸ

    Հոդված 33. Պատճառահետեւանքային կապը

    Գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման եւ տնտեսության ճյուղին հասցված վնասի միջեւ պատճառահետեւանքային կապը պարզելու համար, ի լրումն սույն օրենքի 29-րդ եւ 31-րդ հոդվածներում նշված ազդեցությունների, լիազոր մարմինը քննության է առնում նաեւ տնտեսության ճյուղին վնաս հասցնող բոլոր այլ գործոնները, որոնց պատճառած վնասը չպետք է վերագրվի գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումներին: Այս իմաստով գործին առնչվող գործոններն այլոց հետ պետք է ընդգրկեն նաեւ՝

    1) ոչ գնագցող եւ (կամ) ոչ լրավճարված ներմուծումների ծավալներն ու գները.

    2) պահանջարկի իջեցումը կամ սպառողական վարքագծի փոփոխությունները.

    3) Հայաստանի Հանրապետության ներքին արտադրողների եւ օտարերկրյա արտադրողների միջեւ մրցակցությունը եւ նրանց միջեւ առեւտուրը սահմանափակող միջոցառումները.

    4) արտադրական տեխնոլոգիայի զարգացումները.

    5) տնտեսության ճյուղի արտադրողականությունն ու արտահանման գործունեությունը:
     


    ԲԱԺԻՆ V

    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

    ԳԼՈՒԽ 1.

    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄԸ

    Հոդված 34. Ուսումնասիրություն սկսելու նախաձեռնությունը

    1. Բավարար հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինն ուսումնասիրություն է սկսում՝ պարզելու տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի կամ նյութական վնասի վտանգի առկայությունը, ինչպես նաեւ նյութական վնասի կամ նյութական վնասի վտանգի եւ ուսումնասիրվող ապրանքի գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման միջեւ պատճառահետեւանքային կապը: Ուսումնասիրությունը կարող է սկսվել՝

    1) տնտեսության ճյուղի կողմից լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա.

    2) տնտեսության ճյուղի անունից օրենքով սահմանված կարգով հանդես եկող անձի՝ լիազոր մարմին ներկայացրած դիմումի հիման վրա.

    3) լիազոր մարմնի նախաձեռնությամբ:

    2. Սույն օրենքի իմաստով ուսումնասիրություն սկսելու գրավոր դիմումը համարվում է ներկայացված տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից միայն այն դեպքում, երբ դիմումին կողմ արտահայտված նման ապրանքի ներքին արտադրողների համատեղ արտադրությունը կազմում է դիմումին կողմ կամ դեմ արտահայտված նման ապրանքի ներքին արտադրողների ընդհանուր արտադրության կեսից ավելին: Միաժամանակ, համարվում է, որ դիմումը չի ներկայացվել տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից, եւ ուսումնասիրություն չի նախաձեռնվում, եթե դիմումին կողմ արտահայտված նման ապրանքի ներքին արտադրողների համատեղ արտադրությունը փոքր է տնտեսության ճյուղի նման ապրանքի ընդհանուր արտադրության 25 տոկոսից:

    3. Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

    1) դիմողի անունը եւ հասցեն.

    2) տնտեսության ճյուղի ինքնությունը, որի կողմից կամ որի անունից ներկայացվում է դիմումը, ներառյալ՝ տվյալ ճյուղի բոլոր հայտնի արտադրողների անունները եւ հասցեները.

    3) նման ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության ներքին արտադրության ծավալներն ու արժեքը, ինչպես նաեւ դիմողի եւ դիմումի մեջ նշված նման ապրանք արտադրողների արտադրության ծավալներն ու արժեքները.

    4) գնագցող եւ (կամ) լրավճարված ապրանքի նկարագրությունը, ներառյալ՝ ապրանքի տեխնիկական բնութագրերը, դրա կիրառությունը եւ ապրանքային ծածկագրի համարը.

    5) գնագցող եւ (կամ) լրավճարված ապրանքի արտադրության երկրի անունը, իսկ եթե ապրանքը ներմուծվում է ոչ արտադրության երկրից, ապա այն միջանկյալ երկրի անունը, որտեղից ապրանքը ներմուծվում է Հայաստանի Հանրապետության տարածք.

    6) այն անձանց անուններն ու հասցեները, որոնք, ըստ դիմողի, արտադրում, արտահանում կամ ներմուծում են գնագցող եւ (կամ) լրավճարված ապրանքը՝ նշելով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով տվյալ ապրանքի արտահանման մեջ նրանց բաժինը՝ նախորդող ամենամոտակա տասներկու ամիսների ընթացքում.

    7) ուսումնասիրվող ապրանքի՝ արտահանող երկրների շուկաներում ներքին սպառման համար իրացման գները (կամ, անհրաժեշտության դեպքում, տեղեկություն՝ արտահանող երկրներից այլ երրորդ երկրներ տվյալ ապրանքի վաճառքի գները, կամ այդ ապրանքի հաշվարկված արժեքը), ինչպես նաեւ ապրանքի արտահանման գները կամ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետությունում անկախ գնորդին ապրանքի առաջին վերավաճառքի գները եւ սույն օրենքի 14-րդ հոդվածում նշված ճշգրտումները.

    8) գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ծավալների փոփոխությունները.

    9) Հայաստանի Հանրապետության շուկայում ներքին արտադրության նման ապրանքի գները, ինչպես նաեւ տնտեսության ճյուղի վրա գնագցող եւ (կամ)լրավճարված ներմուծման ազդեցությունը ցույց տվող տվյալները, որոնք բխում են տնտեսության ճյուղի վիճակի վրա ազդեցություն ունեցող համապատասխան գործոնների եւ ցուցանիշների առկայությունից, ինչպիսիք են սույն օրենքի 29-րդ, 31-րդ եւ 32-րդ հոդվածներում թվարկվածները.

    10) գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման եւ տնտեսության ճյուղին հասցված նյութական վնասի կամ նյութական վնասի վտանգի միջեւ պատճառահետեւանքային կապը ցույց տվող տվյալները՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի իմաստով.

    11) լրավճարված ներմուծումների առնչությամբ՝ նաեւ լրավճարի առկայությունը, չափը, բնույթը եւ դրա փոխհատուցելի լինելը ցույց տվող տվյալները:

    4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված տեղեկությունների ամբողջական չլինելու դեպքում կարող է սկսվել ուսումնասիրություն, եթե լիազոր մարմին ներկայացված եւ նրա տրամադրության տակ եղած տվյալները բավարար են ուսումնասիրություն իրականացնելու եւ համապատասխան եզրակացության հանգելու համար:

    5. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով լիազոր մարմինը քննության է առնում իր տրամադրության տակ եղած եւ ներկայացված փաստերի ճշտությունը եւ կարող է դիմողից լրացուցիչ տեղեկություններ պահանջել գրավոր դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Լիազոր մարմնի կողմից տեղեկությունների համար լրացուցիչ պահանջ ներկայացնելու դեպքում դիմողը պետք է դրա ստացման օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, լիազոր մարմնին տրամադրի պահանջվող տեղեկությունները:

    6. Լիազոր մարմինը չի հրապարակում ուսումնասիրություն սկսելու դիմումը, քանի դեռ որոշում չի կայացվել ուսումնասիրությունն սկսելու մասին, սակայն դիմումն ստանալու դեպքում այդ մասին շտապ տեղեկացնում է գործին առնչվող բոլոր արտահանող երկրների կառավարություններին:

    7. Լրավճարման հետ կապված դեպքերում, մինչեւ ուսումնասիրություն սկսելը, արտահանող երկրների կառավարությունները հրավիրվում են բանակցությունների՝ սույն հոդվածի երրորդ մասում նշված հարցերի քննարկման, առկա իրավիճակի պարզաբանման եւ դրա շտկման միջոցառումների վերաբերյալ փոխադարձ ընդունելի համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

    8. Գրավոր դիմումը կարող է հետ վերցվել մինչեւ ուսումնասիրությունն սկսելը: Այդ դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

    Հոդված 35. Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը

    1. Բավարար հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը տնտեսության ճյուղի կողմից կամ դրա անունից դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ ուսումնասիրություն սկսելու թույլտվության համար: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 15 օրով, եթե դիմումով ներկայացված դեպքն ունի հատուկ բարդություն, կամ եթե կա դիմողից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտություն:

    2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն սկսելը մերժելու մասին՝ լիազոր մարմնի առաջարկության ստացման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում:

    3. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը տնտեսության ճյուղի կամ դրա անունից դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում ուսումնասիրություն չսկսելու մասին: Իր որոշման մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին՝ որոշման կայացման օրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում:

    4. Լրավճարների առնչությամբ կարող է ուսումնասիրություն սկսվել դրանց փոխհատուցելի կամ ոչ փոխհատուցելի լինելը պարզելու նպատակով:

    Հոդված 36. Ուսումնասիրություն չսկսելը՝ ներմուծման աննշան ծավալների եւ գնագցման կամ լրավճարի նվազագույն չափի դեպքում

    1. Գնագցման առնչությամբ, անկախ սույն օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածների դրույթներից, գնագցող համարվող ապրանքի եւ գնագցող ներմուծման մեջ մեղադրվող երկրի առնչությամբ ուսումնասիրություն չի նախաձեռնվում, եթե լիազոր մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունների քննությունից պարզվում է, որ այդ երկրից գնագցող համարվող ապրանքի ներմուծման ծավալն աննշան է, կամ գնագցման չափը նվազագույն է:

    2. Որեւէ երկրից գնագցող համարվող ապրանքի ներմուծման ծավալն աննշան է, եթե այն փոքր է Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքի եւ նման ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 3 տոկոսից, ընդ որում, ներմուծման 3 տոկոսից փոքր բաժին ունեցող ուսումնասիրության ենթակա երկրներից գնագցող համարվող ապրանքի ներմուծման միասնական ծավալը չի գերազանցում այդ ապրանքի եւ նման ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 7 տոկոսը.

    3. Գնագցման չափը նվազագույն է, եթե այն փոքր է տվյալ ապրանքի արտահանման գնի 2 տոկոսից:

    4. Լրավճարների առնչությամբ, անկախ սույն օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածների դրույթներից, ուսումնասիրություն չի սկսվում, եթե լրավճարի չափը նվազագույն է, կամ եթե լրավճարված ներմուծման իրական կամ հնարավոր ծավալը կամ վնասն աննշան է:

    5. Որեւէ երկրից լրավճարված ապրանքի ներմուծման ծավալն աննշան է, եթե այն փոքր է Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքի եւ նման ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 3 տոկոսից, ընդ որում, 3 տոկոսից փոքր բաժին ունեցող ուսումնասիրության ենթակա երկրներից այդ ապրանքի միասնական ծավալը չի գերազանցում այդ ապրանքի եւ նման ապրանքի ներմուծման ամբողջ ծավալի 7 տոկոսը:

    6. Լրավճարի չափը նվազագույն է, եթե այն փոքր է ապրանքի միավորի արժեքի մեկ տոկոսից:

    Հոդված 37. Ուսումասիրություն սկսելու մասին ծանուցումը եւ գրավոր դիմումի բացահայտումը

    1. Լիազոր մարմինն ուսումնասիրություն սկսելու մասին տեղեկացնում է բոլոր շահագրգիռ կողմերին եւ այն սկսելու մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում:

    2. Ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցումը պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները.

    1) ուսումնասիրվող ապրանքն արտահանող երկրի(ների) անունը(ները), իսկ եթե այն տարբեր է ծագման երկրից, ապա ծագման երկրների անունները.

    2) ուսումնասիրվող ապրանքի նկարագրությունը, ներառյալ՝ ապրանքի տեխնիկական բնութագրերը, դրա կիրառությունը եւ ապրանքային ծածկագրի համարը.

    3) գնագցող եւ (կամ) լրավճարային համարվող գործունեության նկարագրությունը, ներառյալ՝ այդպիսին համարելու համար հիմնավորումները.

    4) այն գործոնների ամփոփագիրը, որոնք հիմք են վնասի եւ պատճառահետեւանքային կապի առկայության մասին պնդման համար.

    5) այն հասցեները, որտեղ կարող են ուղարկվել գործին առնչվող տեղեկություններն ու մեկնաբանությունները.

    6) ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը պետք է տեղեկացնեն իրենց մասին, գրավոր ներկայացնեն իրենց տեսակետները եւ տրամադրեն համապատասխան տեղեկություններ.

    7) ուսումնասիրության անցկացման նախատեսվող ժամանակացանկը, ներառյալ՝

    - ժամանակավոր միջոցառման կիրառման նախատեսվող ժամկետը,

    - ուսումնասիրություն սկսելու եւ ավարտելու նախատեսվող ժամկետները,

    - ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են լիազոր մարմին ներկայացնել իրենց գրավոր փաստարկները,

    - խորհրդակցությունների անցկացման նախատեսվող ժամկետները,

    - նախնական եւ վերջնական եզրակացությունների եւ որոշումների կայացման նախատեսվող ժամկետները:

    3. Ուսումնասիրությունն սկսված է համարվում ծանուցման հրապարակման օրվանից:

    4. Ուսումնասիրությունն սկսելուց անմիջապես հետո լիազոր մարմինը սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն ներկայացված դիմումի ամբողջական տեքստը տրամադրում է իրեն հայտնի արտահանողներին, օտարերկրյա արտադրողներին եւ արտահանող երկրի համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կողմերի պահանջի դեպքում ապահովում է տեքստի մատչելիությունը՝ պահպանելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջները: Գործին առնչվող արտահանողների մեծ քանակի դեպքում լիազոր մարմինը կարող է գրավոր դիմումի ամբողջական տեքստը տրամադրել միայն համապատասխան ներկայացուցչական կազմակերպություններին կամ արտահանման երկրի համապատասխան մարմիններին:

    ԳԼՈՒԽ 2.

    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 38. Ուսումնասիրության տեւողությունը

    Ուսումնասիրության տեւողությունը չի կարող գերազանցել 6 ամիսը: Բավարար հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինն այս ժամկետը կարող է երկարաձգել մինչեւ վեց ամսով: Ժամկետի երկարաձգման դեպքում լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում՝ նշելով ժամկետի երկարաձգման պատճառները եւ դրա տեւողությունը:

    Հոդված 39. Մաքսային ձեւակերպումը

    Հակագնագցման եւ (կամ) հակալրավճարային ուսումնասիրությունները եւ դրանց հետ կապված այլ գործառնությունները չպետք է խոչընդոտեն մաքսային ձեւակերպումների գործընթացը, եւ հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման դեպքում չպետք է ներկայացվեն մաքսային ձեւակերպումների հետ կապված լրացուցիչ պահանջներ, բացի նրանցից, որոնք անհրաժեշտ են այդ միջոցների կիրառման համար:

    Հոդված 40. Ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածը

    1. Գնագցման եւ (կամ) լրավճարման ուսումնասիրման մասով ուսումնասիրման ենթակա ժամանակահատված է հանդիսանում ուսումնասիրությունն սկսելու օրվան նախորդող մեկ տարին, որի համար մատչելի են անհրաժեշտ տեղեկությունները: Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը կարող է ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը սահմանափակել մինչեւ վեց ամիս:

    2. Վնասի ուսումնասիրման մասով ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածը կազմում է երեք տարի: Լիազոր մարմինը կարող է ընտրել ավելի կարճատեւ ժամանակահատված, եթե այն ավելի նպատակահարմար է՝ ելնելով տնտեսության ճյուղին եւ ուսումնասիրվող ապրանքին առնչվող տեղեկություններից:

    Հոդված 41. Տեղեկատվությունը եւ առկա փաստերը

    1. Լիազոր մարմինը, ուսումնասիրությունների իրականացման նպատակով, կարող է տեղեկություններ պահանջել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերից: Այս շրջանակներում ուսումնասիրությունն սկսելուց հետո լիազոր մարմինը հարցաթերթեր է ուղարկում բոլոր այն անձանց, ովքեր կարող են գործին առնչվող տեղեկություններ ունենալ, ներառյալ՝ հայտնի ներքին արտադրողները, ներմուծողները, արտահանողները եւ օտարերկրյա արտադրողները:

    2. Հարցաթերթերին պատասխանելու համար արտահանողներին եւ օտարերկրյա արտադրողներին տրվում է առնվազն 37 օր ժամանակ՝ սկսած պատասխանող կողմին հարցաթերթի առաքման օրվանից կամ արտահանող երկրի դիվանագիտական կամ պաշտոնական ներկայացուցչին դրա փոխանցման օրվանից: Լիազոր մարմինը, պատասխանի ժամկետը երկարաձգելու հիմնավորված պահանջի ներկայացման դեպքում, երկարաձգում է ժամկետը՝ հաշվի առնելով ուսումնասիրության ժամանակային սահմանափակումները: Լիազոր մարմինը կարող է անտեսել հարցաթերթերի պատասխանները, եթե դրանք ժամկետին չեն ներկայացվում կամ ներկայացվում են ոչ ըստ պահանջվող ձեւի:

    3. Շահագրգիռ կողմերը կարող են, սեփական նախաձեռնությամբ, գրավոր տեղեկություններ տրամադրել լիազոր մարմնին: Լիազոր մարմինը հաշվի է առնում այդ տեղեկությունները, եթե այդպիսով լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծվում եւ չի խափանվում ուսումնասիրության ժամանակին իրականացումը:

    4. Լիազոր մարմինը, գնագցման եւ (կամ) լրավճարման, վնասի եւ պատճառահետեւանքային կապի մասին իր եզրակացությունները հիմնավորում է հարցաթերթերում հատկորոշված՝ ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածներին առնչվող տեղեկություններով:

    5. Լիազոր մարմինն իր եզրակացություններն ու որոշումները կարող է կայացնել՝ հիմնվելով իր մոտ առկա տեղեկությունների վրա, եթե ուսումնասիրությունների ընթացքում որեւէ շահագրգիռ կողմ արգելք է հանդիսանում անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու գործում կամ հրաժարվում է դրանք տրամադրել լիազոր մարմնի կողմից նախանշված ժամկետում կամ որեւէ այլ ձեւով էականորեն խոչընդոտում է ուսումնասիրությունների ընթացքը:

    6. Եթե որեւէ շահագրգիռ կողմ տրամադրում է ոչ ճիշտ կամ ապակողմնորոշող տեղեկություն, ապա այդ տեղեկությունն անտեսվում է: Եթե որեւէ շահագրգիռ կողմ չի համագործակցում կամ մասնակիորեն է համագործակցում, ինչի հետեւանքով թաքցվում է համապատասխան տեղեկությունը, ապա ուսումնասիրության արդյունքը տվյալ կողմի համար կարող է լինել նվազ բարենպաստ, քան կլիներ համագործակցելու դեպքում: Լիազոր մարմինը շահագրգիռ կողմերին իրազեկ է դարձնում չհամագործակցելու հետեւանքների մասին:

    7. Համակարգչային միջոցներով պատասխան չտրամադրելը չի դիտարկվում որպես չհամագործակցելու փաստ, եթե շահագրգիռ կողմը ցույց է տալիս, որ նման ձեւով պահանջվող պատասխանի տրամադրումը կարող է հանգեցնել անհիմն ավելորդ ծանրաբեռնման եւ լրացուցիչ ծախսերի:

    8. Եթե տրամադրված տեղեկություններն ու փաստարկներն ընդունելի չեն լիազոր մարմնի համար, ապա պատասխանող կողմը տեղեկացվում է այդ մասին՝ համապատասխան պատճառաբանության ներկայացմամբ: Պատասխանող կողմին հնարավորություն է տրվում հետագա բացատրություններ տալ՝ ուսումնասիրության ընթացքը չխոչընդոտող ժամկետում: Ներկայացված բացատրությունների անբավարարության պատճառով տեղեկությունների ու փաստարկների անընդունելի լինելու մասին լիազոր մարմինը տեղեկացնում է իր հրապարակած ծանուցումներից մեկում:

    9. Եթե շահագրգիռ կողմի տրամադրած տեղեկություններն անթերի չեն, ապա դրանք չեն անտեսվում, եթե բավարար են հիմնավորված եզրակացության հանգելու համար, տրամադրվել են ժամանակին, եւ եթե շահագրգիռ կողմը գործել է իր ունեցած հնարավորություններին համապատասխան:

    10. Լիազոր մարմինը, ուսումնասիրությունների իրականացման ընթացքում, շահագրգիռ կողմերի ներկայացրած եւ իր եզրակացությունների ու որոշումների համար հիմք հանդիսացող տեղեկությունների ճշտության մեջ համոզվելու նպատակով, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերի, կարող է որոշ թվով պատահական փաստաթղթեր մատնանշել եւ պահանջել, որ դրանց պատճենները կամ բնօրինակներն իրեն տրամադրվեն սահմանված ժամկետի ընթացքում: Պահանջվող փաստաթղթերի պատճենները պետք է հաստատված լինեն արտահանման երկրի նոտարական գրասենյակի կողմից:

    11. Տեղեկությունների ճշտության մեջ համոզվելու կամ դրանց վերաբերյալ հետագա մանրամասներ պարզելու նպատակով լիազոր մարմինը, անհրաժեշտության դեպքում, կարող է ուսումնասիրություններ իրականացնել այլ երկրի տարածքում՝ դրա համար նախապես ձեռք բերելով խնդրո առարկա կազմակերպության համաձայնությունը եւ տեղեկացնելով տվյալ երկրի համապատասխան մարմիններին՝ վերջիններիս կողմից առարկություններ չլինելու դեպքում: Լիազոր մարմինը զեկուցագիր է կազմում սույն մասի համաձայն իրականացված յուրաքանչյուր ստուգման մասին, որը պետք է մատչելի լինի այն կազմակերպության համար, որի վերաբերյալ կազմված է զեկուցագիրը: Դրա ոչ գաղտնի տարբերակը զետեղվում է հրապարակայնորեն մատչելի գործում: Լիազոր մարմինը սույն մասի համաձայն իրականացված ստուգումներն ավարտում է նախքան ուսումնասիրության կապակցությամբ շահագրգիռ կողմերի հետ անցկացվող խորհրդակցությունները:

    Հոդված 42. Հրապարակայնորեն մատչելի գործը

    1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ուսումնասիրության եւ վերաքննության առնչությամբ կազմում է հրապարակայնորեն մատչելի գործ, որտեղ հաշվի առնելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջները, զետեղվում են գործին առնչվող բոլոր եզրակացություններն ու որոշումները, ծանուցումները, շահագրգիռ կողմերի հետ անցկացված քննարկումների արձանագրությունները, տեղեկությունների ճշտության ստուգման զեկուցագրերը, լիազոր մարմնին տրամադրված գրավոր փաստարկները, ներառյալ՝ հարցաթերթերն ու դրանց պատասխանները եւ լիազոր մարմնի կողմից հրապարակման արժանի համարվող ցանկացած տեսակի այլ փաստաթղթեր:

    2. Հրապարակայնորեն մատչելի գործի նյութերը պետք է մատչելի լինեն հասարակությանը՝ ծանոթացման կամ պատճենահանման համար:

    Հոդված 43. Ուսումնասիրության սահմանափակումը նմուշային խմբի ընտրությամբ

    1. Եթե բողոքարկողների, արտահանողների կամ ներմուծողների, ապրանքների տեսակների կամ գործարքների թիվը մեծ է, ապա լիազոր մարմինը կարող է ուսումնասիրության նպատակներով՝

    1) սահմանափակել քննության ենթակա շահագրգիռ կողմերի, ուսումնասիրվող ապրանքների կամ գործարքների թիվը՝ օգտագործելով նմուշային խմբեր, որոնց կազմի ընտրությունը վիճակագրորեն հիմնավորված է` հաշվի առնելով ընտրության ժամանակ լիազոր մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունները.

    2) սահմանափակել քննության ենթակա երկրում արտադրության, վաճառքի կամ այդ երկրից կատարվող արտահանման ծավալն այն առավելագույն տոկոսաչափով, որի համար պատշաճ ուսումնասիրությունը գործնականորեն իրագործելի է:

    2. Սույն հոդվածի համաձայն՝ կողմերի, ապրանքի կամ գործարքների ընտրության իրավունքը պատկանում է լիազոր մարմնին, թեեւ նախապատվությունը պետք է տրվի շահագրգիռ կողմերի հետ քննարկումների միջոցով նմուշի ընտրությանը, եթե շահագրգիռ կողմերն իրենց հայտնի են դարձնում եւ տրամադրում են ընտրության համար անհրաժեշտ բավարար տեղեկատվություն՝ ուսումնասիրությունն սկսելու օրվանից հետո՝ երեք շաբաթվա ընթացքում:

    3. Սույն հոդվածի համաձայն՝ քննությունը սահմանափակելու դեպքում, այնուամենայնիվ, առանձին գնագցման չափ եւ (կամ) առանձին փոխհատուցելի լրավճարի չափ է սահմանվում այն արտահանողների կամ արտադրողների համար, ովքեր կամավոր ներկայացնում են անհրաժեշտ տեղեկություններ՝ ուսումնասիրությունների ընթացքում դրանք հաշվի առնելու համար հարմար ժամկետում: Անկախ վերոհիշյալ դրույթից, եթե արտահանողների կամ արտադրողների թիվն այնքան մեծ է, որ առանձին քննությունների անցկացումը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում եւ կարող է խոչընդոտել ուսումնասիրությունների ժամանակին իրականացումը, ապա լիազոր մարմինը կարող է քննությունը սահմանափակել նմուշային խմբում ընդգրկված արտահանողներով եւ արտադրողներով:

    4. Եթե որոշված է նմուշառում կատարել, եւ ընտրված մի շարք կամ բոլոր կողմերը համագործակցություն չեն ցուցաբերում, որը կարող է էապես ազդել ուսումնասիրության արդյունքների վրա, ապա կարող է ընտրվել նոր նմուշ: Սակայն եթե շարունակաբար համագործակցություն չի ցուցաբերվում կամ նոր նմուշ ընտրելու համար ժամանակը բավարար չէ, ապա կիրառվում են սույն օրենքի 41-րդ հոդվածի հինգերորդ եւ վեցերորդ մասերի դրույթները:

    Հոդված 44. Նախնական եւ վերջնական գրավոր փաստարկները

    1. Շահագրգիռ կողմերը կարող են ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի կապակցությամբ իրենց գրավոր փաստարկները լիազոր մարմին ներկայացնել ոչ ուշ, քան լիազոր մարմնի նախնական եզրակացության նախատեսված ժամկետից տասնհինգ օր առաջ:

    2. Շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման դեպքում յուրաքանչյուր շահագրգիռ կողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ գրավոր փաստարկներ եւ առարկություններ ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ քննարկման նախատեսված օրվանից 10 օր առաջ: Խորհրդակցությունից հետո՝ 10 օրվա ընթացքում, դրան մասնակցած կողմերը կարող են լրացուցիչ գրավոր փաստարկներ եւ առարկություններ ներկայացնել՝ ի պատասխան խորհրդակցության ընթացքում բերված տեղեկությունների եւ փաստարկների:

    3. Շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների չանցկացման դեպքում յուրաքանչյուր շահագրգիռ կողմ ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ կարող է գրավոր փաստարկներ եւ առարկություններ ներկայացնել ոչ ուշ, քան լիազոր մարմնի վերջնական եզրակացության կայացման նախատեսված ժամկետից 45 օր առաջ: Խորհրդակցությունից հետո՝ 10 օրվա ընթացքում, դրան մասնակցած կողմերը կարող են լրացուցիչ գրավոր փաստարկներ եւ առարկություններ ներկայացնել՝ ի պատասխան խորհրդակցության ընթացքում բերված տեղեկությունների եւ փաստարկների:

    Հոդված 45. Բանակցություններն արտահանող երկրի(ների) կառավարությունների հետ

    Հակալրավճարային միջոցների կիրառման եւ ուսումնասիրության անցկացման ամբողջ ընթացքում լիազոր մարմինն արտահանող երկրի կառավարությանը հնարավորություն է ընձեռում շարունակել բանակցությունները՝ նպատակ ունենալով պարզաբանել առկա իրավիճակը եւ հասնել փոխադարձ ընդունելի համաձայնության:

    Հոդված 46. Շահագրգիռ կողմերի պահանջով խորհրդակցությունների անցկացումը

    1. Ըստ շահագրգիռ կողմերի ներկայացրած պահանջի, նախնական եզրակացության հրապարակումից ոչ ուշ, քան 30 օր հետո, լիազոր մարմինը կազմակերպում է խորհրդակցություններ, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել տեղեկություններ եւ փաստարկներ: Այդպիսի խորհրդակցությունները կազմակերպվում են ոչ ուշ, քան վերջնական եզրակացության կայացման նախատեսված ժամկետից 60 օր առաջ:

    2. Շահագրգիռ կողմերին չի պարտադրվում հաճախել խորհրդակցություններին, եւ չհաճախելու հանգամանքը չպետք է բացասական ազդեցություն ունենա տվյալ կողմի համար:

    3. Խորհրդակցությունների անցկացման օրվանից առնվազն 7 օր առաջ դրանց մասնակցել ցանկացող շահագրգիռ կողմերը պետք է լիազոր մարմնին տրամադրեն իրենց մասնակիցների ցանկը:

    4. Խորհրդակցություններն անցկացնում է լիազոր մարմնի իրավասու ներկայացուցիչը, որը երաշխավորում է առեւտրային եւ (կամ) պետական (ծառայողական) գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիության պահպանումը, ինչպես նաեւ իրենց տեսակետները ներկայացնելու համար հավասար հնարավորություն է ապահովում բոլոր կողմերի համար: Լիազոր մարմինն արձանագրում է խորհրդակցությունները, եւ արձանագրություններն անմիջապես զետեղում է հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցում եղած գաղտնի տվյալների:

    5. Շահագրգիռ կողմերն իրավունք ունեն համապատասխան հիմնավորման դեպքում իրենց ունեցած լրացուցիչ տեղեկությունները բանավոր ներկայացնել լիազոր մարմնի պաշտոնական ներկայացուցչին՝ առանձին հանդիպումների ընթացքում: Լիազոր մարմինն արձանագրում է նաեւ նման հանդիպումները, եւ արձանագրություններն անմիջապես զետեղվում են հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցում եղած գաղտնի տվյալների:

    Հոդված 47. Արդյունաբերական օգտագործողների եւ սպառողներին ներկայացնող կազմակերպությունների մասնակցությունը

    Եթե ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետությունում լայն սպառում ունի, ապա Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրվող ապրանքի արդյունաբերական օգտագործողներն ու սպառողներին ներկայացնող կազմակերպությունները կարող են գործին առնչվող հարցերի առթիվ գրավոր տեղեկություններ եւ առարկություններ ներկայացնել լիազոր մարմին:

    Հոդված 48. Նախնական եւ վերջնական եզրակացությունների հիմքերի բացահայտումը

    1. Շահագրգիռ կողմերը կարող են գրավոր պահանջ ներկայացնել լիազոր մարմին՝ ուսումնասիրության հիմնական փաստերին եւ դիտարկումներին առնչվող մանրամասների բացահայտման համար, որոնց հիման վրա կիրառվում են ժամանակավոր միջոցները: Գրավոր պահանջը ներկայացվում է ժամանակավոր միջոցների կիրառումից անմիջապես հետո: Պահանջվող մանրամասների բացահայտումը կատարվում է գրավոր եւ հնարավոր կարճ ժամկետներում:

    2. Լիազոր մարմինը նախնական եզրակացության հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, արտահանողների կամ արտադրողների կողմից պահանջ ներկայացվելու դեպքում նրանց հետ կազմակերպում է առանձին բացահայտման հանդիպումներ՝ նրանց առնչությամբ գնագցման հաշվարկներում կիրառված նախնական եղանակների առթիվ բացատրություններ տալու նպատակով:

    3. Շահագրգիռ կողմերը կարող են ոչ ուշ, քան ժամանակավոր միջոց կիրառելու մասին որոշման հրապարակումից մեկ ամիս հետո գրավոր պահանջ ներկայացնել լիազոր մարմին՝ բացահայտելու այն հիմնական փաստերը եւ դիտարկումները, որոնց հիման վրա նախատեսվում են կիրառել վերջնական միջոցներ կամ կասեցնել ուսումնասիրությունը՝ առանց միջոցներ կիրառելու: Եթե ժամանակավոր միջոց չի կիրառվել, ապա գրավոր պահանջը կարող է ներկայացվել լիազոր մարմնի նախանշած ժամկետում: Վերջնական եզրակացության հիմքերի բացահայտումը կատարվում է գրավոր եւ ոչ ուշ, քան վերջնական եզրակացությունից մեկ ամիս առաջ՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիության պահպանման պահանջները: Բացահայտման մեջ հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստերի կամ դիտարկումների վրա, որոնք տարբերվում են ժամանակավոր միջոցների կիրառման նպատակով հաշվի առնվածներից:

    4. Լիազոր մարմինը, վերջնական եզրակացության հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, արտահանողների կամ արտադրողների կողմից պահանջ ներկայացվելու դեպքում նրանց հետ կազմակերպում է առանձին բացահայտման հանդիպումներ՝ նրանց առնչությամբ գնագցման հաշվարկներում վերջնականորեն կիրառված եղանակների առթիվ բացատրություններ տալու նպատակով:

    ԳԼՈՒԽ 3.

    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿՈՒՄԸ

    Հոդված 49. Ուսումնասիրության դադարեցումը

    1. Ուսումնասիրությունն սկսվելուց հետո ուսումնասիրություն սկսելու դիմումը հետ վերցնելու դեպքում ուսումնասիրությունը դադարեցվում է՝ առանց որեւէ միջոց կիրառելու: Սակայն դիմումը հետ վերցնելու դեպքում ուսումնասիրությունը կարող է շարունակվել, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից:

    2. Ուսումնասիրությունն անմիջապես դադարեցվում է, եթե պարզվում է, որ առկա չեն գնագցման եւ (կամ) լրավճարման կամ վնասի գոյությունն ապացուցող բավարար փաստեր՝ տվյալ ուսումնասիրությունը շարունակելու համար:

    3. Ուսումնասիրությունն անմիջապես դադարեցվում է, եթե պարզվում է, որ գնագցման չափը եւ (կամ) փոխհատուցելի լրավճարի չափը նվազագույն է, կամ եթե գնագցող եւ (կամ) լրավճարված նեմուծման իրական կամ հնարավոր ծավալը, ինչպես նաեւ հասցված վնասն աննշան են՝ սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն:

    4. Ուսումնասիրությունը կարող է դադարեցվել առանց ժամանակավոր միջոցների կամ հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման՝ համաձայն 53-րդ հոդվածի, երբ գնագցման դեպքում արտահանողը, եւ (կամ) լրավճարման դեպքում ծագման կամ արտահանման երկրի կառավարությունը ստանձնում են կամավոր պարտավորություններ:

    Հոդված 50. Առանց միջոցների կիրառման ուսումնասիրության դադարեցման մասին ծանուցումը

    Լիազոր մարմինն առանց հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման ուսումնասիրությունը դադարեցնելու մասին հրապարակային ծանուցում է հրապարակում՝ հետեւելով տեղեկությունների գաղտնիության պահպանման պահանջներին: Դադարեցման մասին ծանուցումը հարկ եղած մանրամասներով ներկայացնում է արված եզրակացությունները՝ գործին առնչվող բոլոր փաստերի եւ իրավական հարցերի կապակցությամբ, ներառյալ՝ այն փաստերն ու իրավական հիմքերը, որոնց հիման վրա ընդունվել կամ ժխտվել են ներկայացված փաստարկները:
     


    ԲԱԺԻՆ VI

    ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

    ԳԼՈՒԽ 1.

    ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ

    Հոդված 51. Ժամանակավոր միջոցների կիրառումը

    1. Ուսումնասիրվող ապրանքի ներմուծման նկատմամբ կարող են ժամանակավոր միջոցներ կիրառվել, եթե լիազոր մարմնի նախնական եզրակացությամբ հաստատվում է, որ առկա է գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումը, տնտեսության ճյուղին վնաս է հասցվում, եւ գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ու վնասի միջեւ կա պատճառահետեւանքային կապ, եւ որ ժամանակավոր միջոցների կիրառումն անհրաժեշտ է ուսումնասիրության անցկացման ընթացքում պատճառվող վնասի կանխման համար:

    2. Նախնական դրական եզրակացության հանգելու դեպքում լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն է ներկայացնում ժամանակավոր միջոցների կիրառման վերաբերյալ: Նախնական բացասական եզրակացությունն ինքնին չի կարող կասեցնել ուսումնասիրությունը, սակայն այդ դեպքում չպետք է որեւէ ժամանակավոր միջոց կիրառվի:

    3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկությունն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկում է այն եւ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում ժամանակավոր միջոցների կիրառման ուղղությամբ: Ժամանակավոր միջոցների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանված կարգով ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ:

    4. Ժամանակավոր միջոցը կիրառվում է ժամանակավոր հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի ձեւով, որը չի գերազանցում նախնական եզրակացությամբ գնահատված եւ համապատասխան ծանուցման մեջ նշված գնագցման եւ (կամ) փոխհատուցելի լրավճարի չափը:

    5. Ժամանակավոր միջոցի ենթակա ապրանքն ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության տարածք կարող է ներմուծվել ժամանակավոր տուրքի գումարը վճարելուց կամ այն գրավով կամ այլ համարժեք երաշխիքով ապահովելուց հետո:

    6. Ժամանակավոր միջոցները կիրառվում են ուսումնասիրությունն սկսելու օրվանից ոչ շուտ, քան 60 օր, եւ ոչ ուշ, քան 9 ամիս հետո:

    7. Ժամանակավոր հակագնագցման միջոցը կարող է կիրառվել վեց ամիսը չգերազանցող ժամկետով: Տվյալ ապրանքի առեւտրի նշանակալի բաժին ունեցող արտահանողների պահանջով ժամանակավոր միջոցի կիրառման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ ինն ամիս:

    8. Ժամանակավոր փոխհատուցման միջոցները կարող են կիրառվել չորս ամիսը չգերազանցող ժամկետով, որը չի կարող երկարաձգվել:

    Հոդված 52. Նախնական եզրակացության ծանուցումը

    1. Լիազոր մարմինը ծանուցում է հրապարակում նախնական եզրակացության, ինչպես նաեւ ժամանակավոր միջոցի կիրառման մասին: Նախնական եզրակացության ծանուցումը հարկ եղած մանրամասներով ներկայացնում է արված եզրակացությունները՝ նյութին առնչվող բոլոր փաստերի եւ իրավական հարցերի կապակցությամբ՝ հետեւելով տեղեկությունների գաղտնիության պահպանման պահանջներին: Ծանուցումը պետք է բովանդակի նաեւ՝

    1) ուսումնասիրվող ապրանքի հայտնի արտահանողների եւ արտադրողների անունները.

    2) ուսումնասիրվող ապրանքի, մաքսային գործառույթների համար բավարար նկարագրությունը, ներառյալ՝ դրա ապրանքային ծածկագրի համարը.

    3) գնագցման եւ (կամ) լրավճարի չափը, եթե այն կա, ինչպես նաեւ դրա վերաբերյալ նախնական եզրակացության հիմնավորումները, ներառյալ՝ այդ չափերի որոշման ընթացքում կիրառված եղանակները.

    4) սովորական արժեքի եւ արտահանման գնի համեմատության եղանակը եւ դրա հետ կապված բացատրությունները գնագցման դեպքում.

    5) մերժման հիմնավորումը գնագցման դեպքում, եթե լիազոր մարմինը մերժում է առանձին գնագցման չափ որոշել կամավոր պատասխանների հիման վրա.

    6) այն գործոնները, որոնցից բխում են վնասի եւ պատճառահետեւանքային կապի առնչությամբ կայացված նախնական եզրակացությունները, ներառյալ՝ գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումներից տարբեր այլ գործոնները.

    7) կիրառվելիք ժամանակավոր միջոցի չափերը, ինչպես նաեւ ուսումնասիրության անցկացման ընթացքում պատճառվող վնասի կանխման համար այդ միջոցները կիրառելու անհրաժեշտության հիմնավորումները.

    8) նախնական եզրակացության հանգեցնող այլ հիմքեր:

    2. Ծանուցումն առաքվում է ուսումնասիրվող ապրանքի արտահանող երկիր(ներ), ինչպես նաեւ մյուս շահագրգիռ կողմերին:

    3. Ժամանակավոր միջոցների կիրառման դեպքում պահպանվում են սույն օրենքի 60-րդ եւ 69-րդ հոդվածների դրույթները:

    ԳԼՈՒԽ 2.

    ԿԱՄԱՎՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Հոդված 53. Հիմնական սկզբունքները

    1. Ուսումնասիրությունը կարող է դադարեցվել առանց ժամանակավոր միջոցների կամ հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման, կամավոր պարտավորությունների ստանձնման դեպքում, եթե՝

    1) արտահանողը կամավոր կերպով ստանձնում է իր ապրանքի գների վերանայման կամ կատարվող արտահանումների դադարեցման պարտավորություններ, որոնք բավարար են գնագցման եւ (կամ) լրավճարման վնասաբեր հետեւանքները վերացնելու համար.

    2) լրավճարման դեպքում արտահանող երկրի կառավարությունը համաձայնում է վերացնել կամ սահմանափակել լրավճարումը կամ նախաձեռնել լրավճարման հետեւանքների վերացման այլ միջոցներ:

    2. Եթե գնային պարտավորություններն ընդունելի են, ապա դրանցից բխող գնի աճը չպետք է լինի ավելի, քան անհրաժեշտ է գնագցման եւ (կամ) լրավճարի չափը ծածկելու համար:

    3. Լիազոր մարմինը կարող է արտահանողին առաջարկել, բայց ոչ մի դեպքում չհարկադրել ստանձնելու կամավոր պարտավորություն: Եթե արտահանողը չի առաջարկում կամ չի համաձայնում կամավոր պարտավորություն ստանձնել, ապա դա չպետք է բացասական ազդեցություն ունենա տվյալ գործի քննության վրա: Լիազոր մարմինը, այնուամենայնիվ, ազատ է որոշելու, որ գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման շարունակման դեպքում վնասի վտանգն ավելի իրական է դառնում:

    Հոդված 54. Կամավոր պարտավորությունների ընդունումը

    1. Լիազոր մարմինը, կամավոր պարտավորությունների սահմանված կարգով ընդունման դեպքում, համապատասխան ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում, իսկ կամավոր պարտավորությունների մերժման դեպքում ներկայացնում է կամավոր պարտավորությունների անընդունելիության պատճառները եւ արտահանողներին այդ առթիվ մեկնաբանություններ տալու հնարավորություն է ընձեռում:

    2. Կամավոր պարտավորությունների ընդունման մասին ծանուցումը պետք է ընդգրկի կամավոր պարտավորությունների ոչ գաղտնի տվյալները, ինչպես նաեւ հարկ եղած մանրամասներով ներկայացնի լիազոր մարմնի եզրակացությունները՝ նյութին առնչվող բոլոր փաստերի եւ իրավական հարցերի կապակցությամբ:

    3. Ծանուցումն ուղարկվում է այն երկիր(ներ), որի(որոնց) ապրանքի(ների) առնչությամբ կայացվել է եզրակացությունը, ինչպես նաեւ մյուս հայտնի շահագրգիռ կողմերին:

    4. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնասիրությունը շարունակելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում՝ սահմանելով վերջնական եզրակացության կայացման նախատեսվող օրն ու ուսումնասիրության սկզբնական ժամանակացանկում նախատեսվող փոփոխությունները: Այդպիսի շարունակվող ուսումնասիրության վերջնական եզրակացությունը կայացվում է այն շարունակելու մասին ծանուցման հրապարակման օրից հետո՝ 180 օրվա ընթացքում:

    Հոդված 55. Կամավոր պարտավորությունների ընդունման պայմանները

    1. Լիազոր մարմինը կարող է կամավոր պարտավորություն առաջարկել արտահանողին կամ համաձայնել արտահանողի կողմից կամավոր պարտավորություն ստանձնելու առաջարկին միայն այն դեպքում, երբ գնագցման եւ (կամ) լրավճարման, վնասի եւ պատճառահետեւանքային կապի առկայության մասին կայացվել է նախնական դրական եզրակացություն: Կամավոր պարտավորությունները պետք է առաջարկվեն ոչ ուշ, քան վերջնական եզրակացության կայացման նախատեսված օրից վաթսուն օր առաջ, բացառությամբ արտակարգ իրավիճակների:

    2. Լիազոր մարմինը կարող է չընդունել կամավոր պարտավորություն ստանձնելու առաջարկը, եթե դա համարում է ոչ նպատակահարմար, օրինակ, երբ եղած կամ հնարավոր արտահանողների թիվը չափազանց մեծ է կամ այլ պատճառներով, ներառյալ՝ ընդհանուր տնտեսական քաղաքականությանն առնչվող պատճառները: Աննպատակահարմարության հիմնավորմամբ կամավոր պարտավորության առաջարկը չընդունելու դեպքում լիազոր մարմինն արտահանողին ներկայացնում է դրա պատճառները եւ արտահանողին հնարավորություն է ընձեռում այդ առթիվ գրավոր բացատրություններ եւ մեկնաբանություններ տալու:

    3. Լիազոր մարմինը կամավոր պարտավորություն վերցրած արտահանողից կարող է պահանջել, որ վերջինս պարբերաբար տեղեկություններ ներկայացնի պարտավորության կատարման մասին եւ թույլատրի գործին առնչվող տեղեկությունների ստուգումը: Այդպիսի տեղեկությունների գաղտնիությունը պահպանվում է համաձայն սույն օրենքի 72-րդ հոդվածի դրույթների: Լիազոր մարմնի պահանջին համապատասխան տեղեկություններ չտրամադրելը կարող է դիտարկվել որպես ստանձնած կամավոր պարտավորության խախտում:

    Հոդված 56. Ուսումնասիրությունն ավարտին հասցնելը

    Արտահանողների կողմից մեկ կամ ավելի կամավոր պարտավորություն ստանձնելուն համաձայնելու դեպքում լիազոր մարմինը շարունակում եւ ավարտին է հասցնում ուսումնասիրությունը, եթե ինքը այդպես է որոշում կամ, եթե այդպես է կամենում արտահանողը: Եթե նման պարագաներում լիազոր մարմինը գնագցման եւ (կամ) լրավճարման կամ վնասի վերաբերյալ բացասական եզրակացություն է կայացնում, ապա կամավոր պարտավորության կատարումն ինքնաբերաբար դադարեցվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական եզրակացությունը հիմնականում արդյունք է կամավոր պարտավորության գոյության: Վերջին դեպքում լիազոր մարմինը կարող է պահանջել, որ կամավոր պարտավորությունը շարունակի ուժի մեջ մնալ՝ դրա համար սահմանելով գործողության պատշաճ ժամանակահատված: Լիազոր մարմնի կողմից գնագցման եւ (կամ) լրավճարման կամ վնասի վերաբերյալ դրական եզրակացության հանգելու դեպքում կամավոր պարտավորությունն ուժի մեջ է մնում սույն օրենքով սահմանված պայմաններին եւ դրույթներին համապատասխան:

    Հոդված 57. Կամավոր պարտավորության խախտումը

    Կամավոր պարտավորության խախտման դեպքում լիազոր մարմինը կարող է սույն օրենքի դրույթներին համապատասխան շտապ միջոցներ ձեռնարկել, որոնք, մասնավորապես, կարող են լինել ժամանակավոր միջոցի անհապաղ կիրառման տեսքով՝ օգտագործելով այդ պահին մատչելի ամենաարժանահավատ տեղեկությունները: Այդպիսի դեպքերում սույն օրենքի համաձայն վերջնականորեն սահմանված տուրքերը կարող են գանձվել ժամանակավոր միջոցի կիրառման օրվանից մինչեւ 90 օր առաջ սպառման համար ներմուծված ապրանքների նկատմամբ, բացառությամբ, որ այդպիսի տուրքերը չեն գանձվում կամավոր պարտավորության խախտումից առաջ ներմուծված ապրանքների նկատմամբ:

    ԳԼՈՒԽ 3.

    ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄՆ ՈՒ ԳԱՆՁՈՒՄԸ

    Հոդված 58. Վերջնական եզրակացությունը

    1. Ուսումնասիրվող ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նկատմամբ կարող են հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերկիրառվել միայն այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերջնական դրական եզրակացության է հանգում գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ու վնասի առկայության եւ գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման ու վնասի միջեւ պատճառահետեւանքային կապի վերաբերյալ:

    2. Վերջնական դրական եզրակացություն կայացնելու դեպքում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն է ներկայացնում հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման վերաբերյալ:

    3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազոր մարմնի առաջարկությունն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկում է այն եւ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման ուղղությամբ:

    4. Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի չափը չպետք է գերազանցի սույն օրենքի համաձայն սահմանված գնագցման եւ (կամ) փոխհատուցելի լրավճարի չափը, որից օգտվել են արտահանողները:

    5. Գնագցման դեպքում լիազոր մարմինը գնագցման, վնասի եւ պատճառահետեւանքային կապի մասին վերջնական եզրակացությունը կայացնում է նախնական եզրակացության օրվանից սկսած 5 ամսվա ընթացքում: Վերջնական եզրակացությունը պետք է հիմնված լինի ուսումասիրության ընթացքում լիազոր մարմնի ձեռք բերած եւ շահագրգիռ կողմերի համար բացահայտած բոլոր տեղեկությունների վրա՝ հետեւելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջներին:

    6. Լրավճարի դեպքում լիազոր մարմինը լրավճարման, վնասի եւ պատճառահետեւանքային կապի մասին վերջնական եզրակացությունը կայացնում է նախնական եզրակացության օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում: Վերջնական եզրակացությունը պետք է հիմնված լինի ուսումասիրության ընթացքում լիազոր մարմնի ձեռք բերած եւ շահագրգիռ կողմերի համար բացահայտած բոլոր տեղեկությունների վրա՝ հետեւելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջներին:

    7. Լիազոր մարմինը ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում վերջնական եզրակացության, ինչպես նաեւ հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման մասին: Վերջնական եզրակացության ծանուցումը պետք է պարունակի բոլոր տեղեկությունները՝ նյութին առնչվող փաստերի եւ իրավական հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ նման որոշման կայացման պատճառները՝ հետեւելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջներին: Ծանուցումը պետք է բովանդակի նաեւ՝

    1) ուսումնասիրվող ապրանքի հայտնի արտահանողների եւ արտադրողների անունները.

    2) ուսումնասիրվող ապրանքի՝ մաքսային գործառույթների համար բավարար նկարագրությունը, ներառյալ՝ դրա ապրանքային ծածկագրի համարը.

    3) գնագցման եւ (կամ) լրավճարի չափը, եթե այն կա, ինչպես նաեւ այդ մասին եզրակացության հիմնավորումները, ներառյալ՝ այդ չափերի որոշման ընթացքում կիրառված եղանակները.

    4) սովորական արժեքի եւ արտահանման գնի համեմատության եղանակն ու դրա հետ կապված բացատրությունները՝ գնագցման դեպքում.

    5) մերժման հիմնավորումը գնագցման դեպքում, եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ լիազոր մարմինը մերժում է կամավոր պատասխանների հիման վրա առանձին գնագցման չափ որոշել.

    6) այն գործոնները, որոնցից բխում է վնասի եւ պատճառահետեւանքային կապի առնչությամբ կայացված եզրակացությունը, ներառյալ՝ գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումներից տարբեր գործոնները.

    7) վերջնական եզրակացությանը հանգեցնող այլ պատճառներ.

    8) արտահանողների եւ ներմուծողների ներկայացրած առարկությունների եւ պահանջների ընդունման կամ մերժման պատճառները.

    9) կիրառվելիք հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերի չափերը.

    10) եզրակացության պատճառները, եթե վերջնական հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքեր պետք է գանձվեն ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվել են ժամանակավոր միջոցներ:

    8. Ծանուցումն առաքվում է այն երկրներ, որոնց ապրանքի նկատմամբ պետք է կիրառվեն միջոցները, ինչպես նաեւ մյուս շահագրգիռ կողմերին:

    Հոդված 59. Տուրքերի կիրառումը

    1. Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերը գանձվում են արժեքային (ադվալորային) կամ յուրահատուկ (հաստատագրված) տուրքերի ձեւով՝ ի լրումն տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ գործող մաքսատուրքերի:

    Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերը գանձվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին սահմանված չափերով: Գանձումն իրականացվում է առանց խտրականության՝ բոլոր աղբյուրներից ներմուծվող գնագցող եւ (կամ) լրավճարված եւ վնասի պատճառ հանդիսացող ապրանքների ներմուծման նկատմամբ, բացառությամբ այն աղբյուրներից ներմուծվող ապրանքների, որոնց կողմից սույն օրենքի համաձայն ստանձնված գնային պարտավորությունն ընդունվել է:

    2. Գնագցող եւ (կամ) լրավճարված ապրանքի յուրաքանչյուր հայտնի արտահանողի կամ արտադրողի համար սահմանվում է հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի առանձին չափ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում հիշատակված դեպքերի:

    3. Եթե լիազոր մարմինը, սույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, սահմանափակել է ուսումնասիրությունը, ապա ուսումնասիրության ենթակա նմուշային խմբի կազմից դուրս մնացած արտահանողներից եւ արտադրողներից գանձվող հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքը չպետք է գերազանցի նմուշային խմբի արտահանողների եւ արտադրողների համար որոշված գնագցման եւ (կամ) լրավճարի չափի կշռված միջինի արժեքը: Այս դեպքում անտեսվում են զրոյական եւ նվազագույն գնագցման եւ (կամ) լրավճարի չափերը, ինչպես նաեւ 41-րդ հոդվածի հինգերորդ մասում նշված հանգամանքներում որոշված չափերը: Հակագնագցման տուրքի առանձին չափ է որոշվում քննության նմուշային խմբի կազմից դուրս մնացած այն արտահանողների ու արտադրողների համար, ովքեր ուսումնասիրության ընթացքում դրա համար անհրաժեշտ տեղեկություններ են տրամադրել:

    4. Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի մնացորդային դրույքաչափ կարող է սահմանվել այն արտահանողների ու արտադրողների համար, ովքեր հայտնի չէին լիազոր մարմնին վերջնական եզրակացության կայացման պահին: Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի մնացորդային դրույքաչափը չի գերազանցում ուսումնասիրության ընթացքում քննված արտահանողների ու արտադրողների համար սահմանված առանձին գնագցման եւ (կամ) լրավճարի չափերի կշռված միջինի արժեքը, որում ընդգրկված չպետք է լինեն սույն օրենքի 41-րդ հոդվածի հինգերորդ մասում նշված հանգամանքներում սահմանված չափերը:

    Հոդված 60. Ժամանակավոր տուրքերի վերջնական գանձումը

    1. Վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են հետին թվով գանձվել ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածի համար, եթե լիազոր մարմինը վերջնական դրական եզրակացություն է կայացնում վնասի առկայության մասին (բայց ոչ վնասի վտանգի առկայության կամ տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման մասին), կամ եթե լիազոր մարմինը վնասի վտանգի առկայության մասին վերջնական դրական եզրակացություն է կայացնում՝ միաժամանակ համարելով, որ ժամանակավոր միջոցներ չկիրառելու դեպքում գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումն իրական վնաս կհասցներ տնտեսության ճյուղին:

    2. Եթե վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի չափն ավելի մեծ է, քան գնահատված երաշխիքային վճարի չափը, ապա դրանց միջեւ եղած տարբերությունը չի գանձվում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանք ներմուծողից: Եթե վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի չափն ավելի փոքր է, քան գնահատված երաշխիքային վճարի չափը, ապա դրանց միջեւ եղած տարբերությունը վերադարձվում է: Ընդ որում, կանխիկ դրամով արված երաշխիքային վճարի դեպքում գումարը փոխհատուցվում է՝ համապատասխան տոկոսավճարների հետ միասին:

    3. Եթե լիազոր մարմինը վերջնական դրական եզրակացություն է կայացնում վնասի վտանգի առկայության կամ տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման մասին (սակայն դեռ վնաս չի հասցված), ապա վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքը կարող է կիրառվել միայն այդ եզրակացության օրից հետո ընկած ժամանակահատվածի համար, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասում սահմանված դեպքերի: Այդ դեպքում ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածում կատարված երաշխիքային վճարները պետք է վերադարձվեն եզրակացության կայացման օրվանից հետո՝ 45 օրվա ընթացքում:

    4. Լիազոր մարմնի կողմից վերջնական բացասական եզրակացություն կայացնելու դեպքում ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածում կատարված երաշխիքային վճարները վերադարձվում են եզրակացության կայացման օրվանից հետո՝ 45 օրվա ընթացքում:

    Հոդված 61. Հետադարձ գործողության սկզբունքը

    1. Ժամանակավոր միջոցներն ու հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են կիրառվել միայն այն ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք սպառման համար Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ուսումնասիրության կամ համաձայն սույն բաժնի 4-րդ գլխի, կատարված վերաքննության նախնական կամ վերջնական դրական եզրակացության հրապարակման օրը կամ դրանից հետո, բացառությամբ սույն օրենքի 57-րդ, 60-րդ հոդվածներում եւ սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված դեպքերի:

    2. Վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են կիրառվել այն ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք սպառման համար Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ժամանակավոր միջոցների կիրառման սկզբից ոչ ավելի, քան 90 օր առաջ, եթե պարզվում է՝

    1) վնաս հասցնող գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծումն ունի նախապատմություն, կամ էլ տվյալ ապրանք ներմուծողը տեղյակ էր կամ պետք է տեղյակ լիներ, որ արտահանողը գնագցող եւ (կամ) լրավճարվող գործունեություն է վարում, որը կարող է վնաս հասցնել, եւ

    2) վնասը հասցվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում կատարված մեծածավալ գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման արդյունքում, որը ժամանակի, ծավալների եւ առկա այլ պարագաների (օրինակ՝ ներմուծվող ապրանքի պահեստային գույքի արագ աճի) առումով, լրջորեն կարող է նվազեցնել կիրառվելիք վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերի վերականգնողական ազդեցությունը, եթե համապատասխան ներմուծողներին հնարավորություն է տրվել այդ առթիվ արտահայտել իրենց դիրքորոշումները:

    Հոդված 62. Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման հետաձգումը

    Սույն օրենքի համաձայն՝ սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների կիրառումը կարող է որոշակի ժամկետով հետաձգվել՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից, եթե ներքին շուկայում տեղի են ունեցել իրադրության ժամանակավոր փոփոխություններ: Այս դեպքում տնտեսության ճյուղին հնարավորություն է ընձեռվում արտահայտելու իր դիրքորոշումները:

    Հոդված 63. Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների միաժամանակյա կիրառման բացառումը

    Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծման նկատմամբ գնագցման կամ լրավճարման արդյունքում ծագած միեւնույն հետեւանքների փոխհատուցման համար միաժամանակ չեն կիրառվում հակագնագցման եւ փոխհատուցման տուրքեր:

    Հոդված 64. Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցների տեւողությունը

    1. Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքը կիրառվում է այն չափով եւ պետք է ուժի մեջ լինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վնաս պատճառող գնագցմանը եւ (կամ) լրավճարմանը հակազդելու համար:

    2. Վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցի կիրառումը դադարեցվում է ամենաուշը 5 տարի հետո՝ հաշված այդ միջոցի կիրառման օրվանից կամ սույն օրենքի 66-րդ հոդվածի համաձայն կատարված վերջին դադարեցման կամ միջանկյալ վերաքննության օրվանից, եթե այդ վերաքննությունն ընդգրկել է ինչպես գնագցման եւ (կամ) լրավճարման, այնպես էլ վնասի քննությունը: Հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցի կիրառման դադարեցումից առնվազն 90 օր առաջ լիազոր մարմինը նախատեսվող դադարեցման մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում:

    Հոդված 65. Կամավոր պարտավորությունների տեւողությունը

    Սույն օրենքի 64-րդ եւ 66-րդ հոդվածների դրույթները՝ դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, կիրառելի են սույն օրենքի համաձայն ստանձնված կամավոր պարտավորությունների նկատմամբ:
     


    ԳԼՈՒԽ 4.

    ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՅԼ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

    Հոդված 66. Վերաքննությունը միջոցի կիրառման ավարտից առաջ եւ միջանկյալ վերաքննությունը

    1. Վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցի կիրառումը կարող է չդադարեցվել եւ շարունակվել, եթե դադարեցումից առաջ անցկացված վերաքննության արդյունքում պարզվում է, որ տվյալ միջոցի կիրառման դադարեցումը կարող է բերել գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման եւ դրա հետեւանքով հասցվող վնասի շարունակությանը կամ վերսկսմանը: Դադարեցման վերաքննությունը կարող է սկսվել կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, կամ տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից ներկայացված հիմնավորված պահանջով, որը Լիազոր մարմին է ներկայացվել տվյալ միջոցի նախատեսվող դադարեցման մասին ծանուցումից հետո՝ մինչեւ 45 օրվա ընթացքում:

    2. Լիազոր մարմինը, հարկ եղած դեպքում, միջանկյալ վերաքննություն է անցկացնում պարզելու համար հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցի կիրառումը շարունակելու կամ ձեւափոխելու անհրաժեշտությունը՝ իր նախաձեռնությամբ կամ, ըստ շահագրգիռ կողմի ներկայացրած գրավոր պահանջի, որը լիազոր մարմին է ներկայացվել վերջնականորեն սահմանված միջոցի կիրառման սկզբից առնվազն մեկ տարի անցնելուց հետո, եւ որը պարունակում է վերաքննության անցկացման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկություններ: Միջանկյալ վերաքննություն սկսելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում:

    3. Եթե միջանկյալ վերաքննության արդյունքում պարզվում է, որ հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցի հետագա կիրառումը հիմնավորված եւ արդարացված չէ, ապա միջոցի կիրառումը պետք է դադարեցվի անմիջապես:

    Հոդված 67. Նորահայտ արտահանողների կամ արտադրողների առնչությամբ վերաքննությունը

    1. Այն ապրանքների մասով, որոնց ներմուծման նկատմամբ կիրառվում են վերջնականորեն սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքեր, լիազոր մարմինը վերաքննություն է անցկացնում՝ սահմանելու առանձին գնագցման եւ (կամ) լրավճարի չափ արտահանող երկրի այն արտահանողների եւ արտադրողների համար, որոնք ուսումնասիրության անցկացման ժամանակահատվածում ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետություն չեն արտահանել (նորահայտ արտահանողներ ու արտադրողներ) եւ որեւէ կապ չունեն արտահանող երկրի այն արտահանողների եւ արտադրողների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ուսումնասիրության ենթակա ապրանք արտահանողներ կամ արտադրողներ են:

    2. Նորահայտ արտահանողների ու արտադրողների առնչությամբ վերաքննությունն սկսվում է նորահայտ արտահանողի կամ արտադրողի կողմից ներկայացված դիմումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Վերաքննությունը կարող է տեւել մինչեւ 4 ամիս: Անհրաժեշտության դեպքում, այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2 ամսով:

    3. Վերաքննության ընթացքում նորահայտ արտահանողների ու արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծման նկատմամբ հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքեր չեն գանձվում: Սակայն նորահայտ արտահանողներից ու արտադրողներից կարող է պահանջվել երաշխիքներ տրամադրել՝ սույն օրենքի 59-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն սահմանված մնացորդային հակագնագցման եւ(կամ) փոխհատուցման տուրքի չափով՝ վերաքննության արդյունքում վերջիններիս կողմից կատարվող գնագցող եւ (կամ) լրավճարված ներմուծման բացահայտման դեպքում հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերի հետին թվով գանձումն ապահովելու նպատակով՝ սկսած վերաքննության նախաձեռնման օրվանից: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը ենթակա է գրանցման՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից:

    Հոդված 68. Փաստերը եւ ընթացակարգերը

    1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերի, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 46-րդ, 47-րդ, 48-րդ, 54-րդ, 58-րդ եւ 72-րդ հոդվածների դրույթները՝ դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, կիրառելի են սույն գլխի համաձայն իրականացվող վերաքննությունների նկատմամբ:

    2. Սույն օրենքի 37-րդ հոդվածի չորրորդ մասի դրույթները կիրառելի են 66-րդ հոդվածի համաձայն իրականացվող վերաքննությունների համար: Այդպիսի վերաքննությունները եզրափակվում են դրանց նախաձեռնման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:

    ԳԼՈՒԽ 5.

    ՏՈՒՐՔԻ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

    Հոդված 69. Տուրքի ավելի վճարված գումարները վերադարձնելը

    1. Եթե պարզվում է, որ ներմուծողների կողմից վճարված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի սահմանման համար հիմք հանդիսացող գնագցման եւ (կամ) լրավճարի չափը վերացել է կամ նվազել է ու փոքրացել այդ պահին գործող հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի արժեքից, ապա ներմուծողներին հնարավորություն է տրվում հետ ստանալ տուրքի ավելի վճարված գումարները:

    2. Յուրաքանչյուր վեցամսյա ժամանակահատվածի մասով տուրքի ավելի վճարված գումարները հետ ստանալու համար ներմուծողը դիմում է ներկայացնում լիազոր մարմին՝ այդ ժամանակահատվածի ավարտից 60 օր առաջ: Դիմումի մեջ նշվում է տվյալ ժամանակահատվածում վերադարձման ենթակա տուրքի ավելի վճարված գումարների չափը, եւ դրան կցվում են տուրքի ավելի վճարմանն ու դրա արժեքի հաշվարկմանն առնչվող բոլոր մաքսային փաստաթղթերը:

    3. Գնագցման դեպքում դիմումն ընդգրկում է նաեւ հակագնագցման տուրքի ենթակա ապրանք արտահանողի եւ արտադրողի մասով ապրանքի սովորական արժեքի եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով ապրանքի արտահանման գնի վերաբերյալ փաստարկները:

    4. Լրավճարի դեպքում դիմումն ընդգրկում է նաեւ փոխհատուցման տուրքի ենթակա ապրանք արտահանողի եւ արտադրողի մասով ներկայացուցչական ժամանակահատվածում փոխհատուցելի լրավճարի չափի վերաբերյալ փաստարկները:

    5. Եթե ներմուծողը կապ չունի արտահանողի կամ արտադրողի հետ, եւ նշված փաստարկները հնարավոր չէ անմիջապես ձեռք բերել, կամ երբ արտահանողը կամ արտադրողը չեն կամենում ներմուծողին տրամադրել այդ փաստարկները, ապա դիմումն ընդգրկում է արտահանողի կամ արտադրողի հաղորդագրությունն այն մասին, որ գնագցման եւ(կամ) լրավճարի չափը վերացվել է կամ փոքրացել է եւ, որ հաղորդագրության ճշտությունը հաստատող փաստարկներն ուղղակիորեն կտրամադրվեն լիազոր մարմնին: Պատշաճ ժամկետներում արտահանողի կամ արտադրողի կողմից լիազոր մարմին նման փաստարկներ չառաքվելու դեպքում ներկայացված դիմումը մերժվում է:

    6. Ներկայացված դիմումի համաձայն՝ ավելի գանձված տուրքերը վերադարձնելու հարցը քննելիս եւ այդ կապակցությամբ եզրակացություն կայացնելիս լիազոր մարմինը պահպանում է սույն օրենքին համապատասխան դրույթները: Մասնավորապես, գնագցման դեպքում հետվճարման մասին եզրակացություն կայացնելիս կամ հետվճարման չափի հարցը քննելիս, երբ արտահանման գինը կազմված է՝ ելնելով այն գնից, որով ներմուծված ապրանքն առաջին անգամ վերավաճառվել է անկախ գնորդին (այն պատճառով, որ արտահանման գին չկա, կամ երբ արտահանման գինը արժանահավատ չէ), լիազոր մարմինը հաշվի է առնում ապրանքի սովորական արժեքի փոփոխությունները, ներմուծման ու վերավաճառքի միջեւ ընկած ծախսերի փոփոխությունները, ինչպես նաեւ վերավաճառքի գների այնպիսի փոփոխությունները, որոնք արտահայտվում են հետագա վաճառքի գներում: Նշված հանգամանքների համար անհրաժեշտ փաստարկների առկայության դեպքում արտահանման գինը հաշվարկվում է առանց գանձված հակագնագցման տուրքերի մասով նվազեցում կատարելու: Լիազոր մարմինը, ըստ ներմուծողների կողմից ներկայացված պահանջի, նրանց տրամադրում է վճարումների վերադարձման մասին կայացված եզրակացության մանրամասն պատճառաբանությունը:

    7. Տուրքի ավելի վճարված գումարները վերադարձվում են դիմումի ներկայացման օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ վեց ամսով: Հետվճարման ենթակա գումարները՝ համապատասխան տոկոսավճարների հետ միասին, վերադարձվում են այդ մասին սահմանված կարգով կայացված որոշման օրից սկսած 90 օրվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետային սահմանափակումներին հետեւելը կարող է անհնարին դառնալ հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերի կիրառման կապակցությամբ դատական քննություն հարուցվելու պատճառով:

    ԳԼՈՒԽ 6.

    ԽԱՓԱՆՈՒՄ

    Հոդված 70. Խափանման սկզբունքը

    1. Սույն օրենքով սահմանված հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են տարածվել երրորդ երկրներից նման ապրանքների կամ դրանց բաղադրիչ մասերի ներմուծման վրա, եթե դրանց ներմուծմամբ խափանվում է կիրառվող միջոցների արդյունավետությունը:

    2. Սույն օրենքի իմաստով կիրառվող միջոցի արդյունավետության խափանումը նշանակում է երրորդ երկրների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ առեւտրի փոփոխություն, որն առաջացել է այնպիսի գործունեության, գործընթացի կամ աշխատանքի հետեւանքով, որոնց առկայության համար, հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման տուրքի կիրառումից բացի, այլ բավարար դրդապատճառ չկա, եւ որոնց առկայությամբ խաթարվում է կիրառվող տուրքի վերականգնողական ազդեցությունը (նման ապրանքի գնի եւ քանակի իմաստով) եւ, միաժամանակ, ակնհայտ է գնագցման առկայությունը՝ ելնելով նախկինում սահմանված նման ապրանքի սովորական արժեքից, կամ լրավճարման դեպքում ակնհայտ է, որ ներմուծվող նման ապրանքը եւ (կամ) դրա բաղադրիչ մասերն օգուտ են ստանում լրավճարից:

    Հոդված 71. Խափանման որոշումը

    1. Հայաստանի Հանրապետությունում կամ երրորդ երկրում իրականացվող ապրանքի հավաքման գործողությունը դիտարկվում է որպես կիրառվող հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման ազդեցության խափանում, եթե՝

    1) այդ գործողությունն սկսվել է իրականացվել կամ իրականացման թափը էականորեն աճել է՝ սկսած հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման ուսումնասիրությունն սկսելու պահից կամ դրան անմիջապես նախորդող ժամանակահատվածում, եւ ապրանքի բաղադրամասերն այնպիսի երկրից են, որի նկատմամբ կիրառվում են հակագնագցման եւ (կամ) փոխհատուցման միջոցները, եւ

    2) բաղադրամասերը կազմում են հավաքվող վերջնական ապրանքի մասերի ընդհանուր արժեքի վաթսուն տոկոսը կամ ավելին, բացառությամբ, որ որպես խափանում չի դիտարկվում այն դեպքը, երբ հավաքման կամ ավարտման գործողության ընթացքում բերված մասերի վրա ավելացվող արժեքը գերազանցում է արտադրական ծախսերի քսանհինգ տոկոսը, եւ

    3) խաթարվում է կիրառվող տուրքի վերականգնողական ազդեցությունը հավաքվող նման ապրանքի գնի եւ (կամ) քանակի իմաստով, եւ ակնհայտ է գնագցման առկայությունը՝ ելնելով նախկինում սահմանված նման ապրանքի սովորական արժեքից, կամ լրավճարման դեպքում ակնհայտ է, որ ներմուծվող նման ապրանքը եւ(կամ) դրա բաղադրիչ մասերն օգուտ են ստանում լրավճարից:

    2. Սույն հոդվածի առաջին մասում նշված գործոնների ակնհայտության վերաբերյալ բավարար տվյալներ պարունակող դիմումի ներկայացման դեպքում լիազոր մարմինը նախաձեռնում է համապատասխան խափանման ուսումնասիրություն, որի մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում: Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրության ենթակա ապրանքների ներմուծումը կարող է ենթակա լինել գրանցման Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից, ինչպես նաեւ այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար կարող է համապատասխան երաշխիք պահանջվել: Ուսումնասիրությունների նախաձեռնման եւ իրականացման ընթացակարգերի վերաբերյալ սույն օրենքի համապատասխան դրույթները կիրառելի են խափանման ուսումնասիրությունների նկատմամբ:

    3. Սույն գլխի դրույթները չպետք է խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսատուրքերի՝ սահմանված կարգով կիրառման գործընթացը:

    ԲԱԺԻՆ VII

    ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

    Հոդված 72. Գաղտնիության պահպանումը

    1. Առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, լիազոր մարմնի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով: Գաղտնի տեղեկությունները չեն բացահայտվում առանց այդ տեղեկությունը ներկայացնող կողմի թույլտվության:

    2. Լիազոր մարմնի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաեւ անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:

    3. Առանց գաղտնի տեղեկությունները ներկայացնողի հատուկ թույլտվության, առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման դեպքում, այդ տեղեկությունները ներկայացնողին հասցված վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

    4. Տեղեկության համար գաղտնիության կարգավիճակ ձեռք բերելու համար ներկայացնող կողմը պետք է, տեղեկության տրամադրման հետ միաժամանակ, ներկայացնի համապատասխան պահանջ, ներառյալ՝ գաղտնիության երաշխիքի անհրաժեշտության պատճառաբանությունը: Այդ դեպքում լիազոր մարմինը շտապ քննության է առնում գաղտնիության երաշխիքի պահանջը եւ ներկայացնող կողմին տեղեկացնում է գաղտնիության ապահովման վերաբերյալ իր եզրակացությունը:

    5. Տեղեկություն ներկայացնող կողմը պետք է գաղտնիության երաշխիքի պահանջով տրված բոլոր տեղեկությունների համար ոչ գաղտնի ամփոփագրեր ներկայացնի: Ամփոփագրերը պետք է այնպիսին լինեն, որ թույլ տան հասկանալու գաղտնի տեղեկության բուն էությունը: Բացառիկ դեպքերում ներկայացնող կողմը կարող է հայտնել, որ հնարավոր չէ ամփոփագրել գաղտնիության երաշխիքի պահանջով տրված տեղեկությունները՝ ներկայացնելով դրա անհնարինության պատճառները: Եթե լիազոր մարմինը գտնում է, որ ոչ գաղտնի ամփոփագիրը չի բավարարում սույն կետի պահանջները, ապա կարող է համարել, որ գաղտնիության երաշխիքի պահանջը հիմնավորված չէ:

    6. Եթե լիազոր մարմինը գտնում է, որ գաղտնիության երաշխիքի պահանջը հիմնավորված չէ, եւ եթե տեղեկություն ներկայացնողը չի կամենում հրապարակայնացնել տեղեկությունը, ապա լիազոր մարմինն անտեսում է այդ տեղեկությունը եւ դա վերադարձնում է ներկայացնողին:

    ԲԱԺԻՆ VIII

    ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 73. Դատական վերաքննությունը

    Շահագրգիռ կողմերը, որոնք մասնակցել են ուսումնասիրություններին, վերաքննություններին կամ վճարների վերադարձման գործառույթներին, կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացություններն ու որոշումները, գործողությունները կամ անգործությունը:

    ԲԱԺԻՆ IX

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

    Հոդված 74. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
     
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    22 հուլիսի 2002թ.
    ՀՕ-385




    19.03.2012 «Հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    16.12.2016 «Հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին