Օրենքը չի գործում:
Գործում է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.02.2002
  • Գլուխ I. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II. Տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնումը եւ նշանակումը
  • Գլուխ III. Տեղական հանրաքվեի հանձնաժողովները
  • Գլուխ IV. Տեղական հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները: Տեղական հանրաքվեի տեղամասերը  եւ տեղամասային կենտրոնները: Տեղական հանրաքվեի ֆինանսավորում
  • Գլուխ V. Քարոզչությունը
  • Գլուխ VI .Դիտորդները
  • Գլուխ VII. Քվեարկության կազմակերպման եւ անցկացման կարգը
  • Գլուխ VIII. Տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփելու եւ անճշտությունների չափը  որոշելու կարգը
  • Գլուխ IX. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
  • Գլուխ X. Եզրափակիչ դրույթ
  • ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Տեղական հանրաքվեի հասկացությունը

    Տեղական հանրաքվեն տվյալ համայնքում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համայնքային նշանակության կարեւոր հարցերով քվեարկությունն է:

    Հոդված 2. Տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները

    1. Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Տեղական հանրաքվեի դրված յուրաքանչյուր հարցի համար ամեն մի քաղաքացի ունի մեկ ձայն:

    2. Տեղական հանրաքվեին մասնակցությունն ազատ է: Քաղաքացիների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:

    Հոդված 3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը

    1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն տվյալ համայնքում հաշվառված Հայաստանի Հանրապետության՝ 18 տարին լրացած քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

    2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու ազատությունները տարածվում են նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված ընտրական իրավունքով օժտված անձանց վրա:

    3. Տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող՝ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք տեղական հանրաքվեին մասնակցում են հավասար հիմունքներով, սույն օրենքով եւ հանրաքվեի մարզային հանձնաժողովի սահմանած կարգով:

    4. Տեղական հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները:

    Հոդված 4. Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը

    Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից եւ իրավական այլ ակտերից:

    Հոդված 5. Տեղական հանրաքվեի դրվող հարցերը

    1. Տեղական հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրությամբ եւ օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված, ինչպես նաեւ օրենքով նախատեսված հարցերը:

    2. Տեղական հանրաքվեի չեն կարող դրվել՝

    ա) Սահմանադրությամբ կամ օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը.

    բ) մարդու եւ քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերը.

    գ) պետական մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններին առնչվող հարցերը.

    դ) համայնքի ղեկավարի աշխատակազմի ձեւավորմանը վերաբերող հարցերը.

    ե) համայնքի բյուջեի ընդունման կամ փոփոխման, ինչպես նաեւ համայնքի ֆինանսական պարտավորությունների կատարման կամ փոփոխման մասին հարցերը.

    զ) համայնքի սեփականության օտարման մասին հարցերը.

    է) բնակչության առողջությունն ու անվտանգությունն ապահովող արտակարգ եւ շտապ միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերը.

    ը) պատմության, մշակույթի, բնության հուշարձաններին եւ արգելանոցներին վնաս հասցնող հարցերը:

    3. Տեղական հանրաքվեի դրվող հարցը պետք է ձեւակերպվի այնպես, որ հնարավոր լինի դրան տալ միանշանակ պատասխան:

    Հոդված 6. Տեղական հանրաքվեի անցկացումը բացառող հանգամանքները

    1. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել տվյալ համայնքի կամ համայնքն ընդգրկող մարզի (Երեւան քաղաքի, այսուհետ՝ մարզի) տարածքում արտակարգ իրավիճակ ստեղծվելու կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաեւ այդ արտակարգ իրավիճակը կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

    2. Միեւնույն հարցի կամ միեւնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ տեղական կրկնակի հանրաքվե կարող է անցկացվել տվյալ հարցով տեղական հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան երկու տարի հետո:

    3. Տեղական հանրաքվեի դրվելու ենթակա հարցի վերաբերյալ համայնքի ավագանու կամ ղեկավարի ընդունած որոշումը չի կարող այդ հարցով տեղական հանրաքվե անցկացնելու համար բացառող հանգամանք լինել, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքի:

    4. Տեղական հանրաքվեի անցկացումը բացառող այլ հանգամանքներ կարող են սահմանվել միայն օրենքով:

    ԳԼՈՒԽ II

    ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

    Հոդված 7. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը

    1. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, ինչպես նաեւ տվյալ համայնքի ավագանին եւ ղեկավարը:

    2. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 5 քաղաքացի կարող են ձեւավորել տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնող խումբ (այսուհետ՝ նախաձեռնող խումբ):

    3. Նախաձեռնող խումբը դիմում է տվյալ համայնքն ընդգրկող մարզի հանրաքվեի մարզային հանձնաժողով՝ գրանցվելու խնդրանքով, որի համար իր բոլոր անդամների ստորագրած դիմումին կից ներկայացնում է՝

    ա) տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը.

    բ) իր անդամների եւ լիազոր ներկայացուցիչների ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակության եւ աշխատանքի վայրը (պաշտոնը), կուսակցական պատկանելությունը, անձնագրային տվյալները.

    գ) տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին իր ժողովի որոշման արձանագրությունը:

    4. Նախաձեռնող խմբի դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հանրաքվեի մարզային հանձնաժողովն ստուգում է այդ դիմումի ու դրան կից ներկայացված փաստաթղթերի օրինականությունը եւ որոշում է ընդունում նախաձեռնող խումբը գրանցելու կամ նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին:

    5. Եթե տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագիծը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա նախաձեռնող խմբի առաջարկությամբ կամ համաձայնությամբ հանրաքվեի մարզային հանձնաժողովը, մինչեւ նախաձեռնող խմբին գրանցելու վերաբերյալ որոշում ընդունելը, կարող է փոփոխել այդ նախագծի ձեւակերպումը՝ պահպանելով դրա հիմնական բովանդակությունը:

    6. Եթե հանրաքվեի մարզային հանձնաժողովը որոշում է ընդունում նախաձեռնող խմբին գրանցելու մասին, ապա նա վերջինիս լիազոր ներկայացուցչին հանձնում է տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծի գրանցման վկայականը եւ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պաշտպանելու համար ստորագրահավաքի պաշտոնաթերթիկները (այսուհետ՝ պաշտոնաթերթիկներ)՝ այդ մասին տեղեկացնելով համապատասխան մարզպետին (Երեւանի քաղաքապետին), համայնքի ավագանուն, ղեկավարին եւ զանգվածային լրատվության միջոցներին:

    7. Եթե հանրաքվեի մարզային հանձնաժողովը որոշում է ընդունում նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին, ապա նա այդ որոշման մեջ նշում է մերժման հիմքերը եւ երկու աշխատանքային օրվա ընթացքում դա պաշտոնապես հանձնում է նախաձեռնող խմբին:

    8. Նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու համար հիմք կարող է լինել միայն նախաձեռնող խմբի կողմից սույն օրենքի պահանջների խախտումը: Նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է օրենքով սահմանված կարգով բողոքարկվել դատարանում:

    Հոդված 8. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունները պաշտոնաթերթիկում հավաքելու կարգը

    1. Պաշտոնաթերթիկը տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության պաշտպանության նպատակով այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունները հավաքելու համար նախատեսված համարակալված գրքույկ է, որի յուրաքանչյուր էջը պատրաստվում է սույն օրենքի հավելվածում նշված ձեւով:

    2. Մինչեւ ստորագրություններ հավաքելու գործընթացն սկսելը, պաշտոնաթերթիկում նշվում են համայնքի անվանումը եւ տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծի անվանումը: Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքող անձը պարտավոր է ստորագրող քաղաքացու առաջին իսկ պահանջով նրան ներկայացնել տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագիծը: Պաշտոնաթերթիկում յուրաքանչյուր քաղաքացի ստորագրում է անձամբ:

    3. Նախաձեռնող խումբն ինքն է որոշում պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքող անձանց՝ նրանց տալով վկայագրեր: Նշված անձինք ստորագրություններ հավաքելիս պարտավոր չեն ներկայացնել որեւէ այլ փաստաթուղթ, բացի վկայագրից, պաշտոնաթերթիկից, հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծից, ինչպես նաեւ այն նորմատիվ իրավական ակտից, որի հիման վրա անցկացվում է տեղական հանրաքվեն:

    4. Նախաձեռնող խումբն ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է հանրաքվեի մարզային հանձնաժողովից պաշտոնաթերթիկն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Եթե պաշտոնաթերթիկը տեղական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններով սահմանված ժամկետում չի հանձնվում հանրաքվեի մարզային հանձնաժողով, ապա ստորագրություններ հավաքելու գործընթացը դադարում է, իսկ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը համարվում է ավարտված: Ստորագրությունների հավաքման հետ կապված ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:

    5. Տեղական հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ստորագրությունների նվազագույն քանակը տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թվի 5 տոկոսից պակաս չպետք է լինի:

    6. Պաշտոնաթերթիկում ստորագրություններ կարող են հավաքվել միայն տվյալ համայնքի ամբողջ տարածքում՝ առանց որեւէ համամասնության սահմանման: Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքելու գործընթացն իրականացվում է այն վայրերում, որտեղ օրենքով արգելված չէ քարոզչություն անելը եւ ստորագրություններ հավաքելը:

    7. Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքելու նպատակով արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին դրամ, արժեթղթեր, սննդամթերք, ապրանքներ տալը (խոստանալը) կամ անհատույց ծառայություններ մատուցելը (խոստանալը): Արգելվում է պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքել աշխատավարձի, թոշակի եւ նպաստի վճարման ընթացքում եւ վայրում:

    Հոդված 9. Պաշտոնաթերթիկում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունների վավերականության ստուգումը

    1. Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքելու գործընթացի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետի ավարտը, նախաձեռնող խումբը հաշվում է պաշտոնաթերթիկում առկա՝ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունների ընդհանուր թիվը եւ կազմում է ամփոփիչ արձանագրություն, որտեղ նշվում են նախաձեռնող խմբի գրանցման տարեթիվը, ամսաթիվը, ստորագրություններ հավաքելու գործընթացն ավարտելու տարեթիվը, ամսաթիվը եւ հավաքված ստորագրությունների ընդհանուր թիվն ու հանրաքվեի մարզային հանձնաժողով է հանձնում սահմանված կարգով կազմված պաշտոնաթերթիկը եւ նախաձեռնող խմբի ամփոփիչ արձանագրության օրինակը: Պաշտոնաթերթիկն ընդունելիս հանրաքվեի մարզային հանձնաժողովը հաշվում է հավաքված ստորագրությունների ընդհանուր թիվը եւ պաշտոնաթերթիկը հանձնող լիազորված անձին տալիս է ստացական:

    2. Պաշտոնաթերթիկն ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում, հանրաքվեի մարզային հանձնաժողովն ստուգում է դրա օրինականությունը, ինչպես նաեւ հավաքված ստորագրությունների վավերականությունը: Նշված ստուգումն իրականացնելու համար հանրաքվեի մարզային հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի անդամների, հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների, հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված մասնագետների եւ փորձագետների թվից կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր, որոնց եզրակացությունները կարող են հիմք լինել հավաքված ստորագրություններն անվավեր ճանաչելու համար:

    3. Ստորագրությունների վավերականությունը ճշտվում է տեղական հանրաքվեի նշանակման համար անհրաժեշտ ստորագրությունների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 2 տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով:

    4. Ընտրանքային կարգով ստորագրություններն ստուգելու նպատակով հանրաքվեի մարզային հանձնաժողովը՝

    ա) վիճակահանության իր սահմանած կարգով ստանում է սահմանված թվով ստորագրությունների համարները: Ստուգման են ենթակա ստուգման համար վերցված պաշտոնաթերթիկի նույն էջի բոլոր ստորագրությունները.

    բ) մինչեւ ստուգումն սկսելն արձանագրում է ստուգման ենթակա ստորագրությունների համարները եւ համապատասխան քաղաքացիների մասին տվյալները.

    գ) ստուգման արդյունքում հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են պաշտոնաթերթիկի համարը, ստորագրությունների համարները եւ համապատասխան քաղաքացիների մասին տվյալները.

    դ) ստուգված ստորագրությունների ընդհանուր թվի վավեր եւ անվավեր ստորագրությունների հարաբերակցությունը համամասնորեն բաժանում է ստորագրությունների ընդհանուր թվի վրա՝ ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավեր եւ անվավեր ստորագրությունների քանակը.

    ե) ստուգման արդյունքների մասին կազմում է արձանագրություն:

    5. Ստուգման եւ հաշվառման ենթակա չեն պաշտոնաթերթիկում առկա այն ստորագրությունները, որոնք, մինչեւ պաշտոնաթերթիկները հանրաքվեի մարզային հանձնաժողով ներկայացնելը, նախաձեռնող խմբի լիազորած ներկայացուցիչը հատուկ նշումով հանել է:

    6. Եթե ընտրանքային կարգով ստուգման ժամանակ հայտնաբերվում է միեւնույն անձին պատկանող մի քանի ստորագրություն, ապա վավեր է համարվում դրանցից միայն մեկը:

    7. Անվավեր են համարվում՝

    ա) քվեարկության օրը տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ստորագրությունները, ինչպես նաեւ ներքին գործերի մարմնի տեղեկանքի կամ հանրաքվեի մարզային հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված մասնագետի (փորձագետի) եզրակացության հիման վրա պաշտոնաթերթիկում անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներով ստորագրությունները.

    բ) օրենքով պահանջվող տվյալների բացակայությամբ ստորագրությունները.

    գ) տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու կամ պաշտոնաթերթիկը վավերացնող անձի ստորագրության ամսաթվի փոփոխություններով ստորագրությունը, եթե այդ փոփոխության պատճառը ստորագրողը գրավոր չի ներկայացնում.

    դ) մատիտով կատարված ստորագրությունները.

    ե) սույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա ուժը կորցրած համարված ստորագրությունները.

    զ) այն ստորագրությունները, որոնք տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձը պաշտոնաթերթիկում անձամբ չի ստորագրել, եւ նշված հանգամանքը փաստացի պարզվել է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու կողմից հանրաքվեի մարզային հանձնաժողով ներկայացված գրավոր հավաստիացմամբ.

    է) սույն հոդվածի 6-րդ կետում նախատեսված դեպքում՝ մյուս բոլոր ստորագրությունները:

    Հոդված 10. Ստորագրությունների ստուգման արդյունքում հանրաքվեի մարզային հանձնաժողովի որոշումը

    1. Ստորագրությունների ստուգման արդյունքում հանրաքվեի մարզային հանձնաժողովն ընդունում է որոշում:

    2. Եթե ստորագրությունների հավաքման ընթացքում խախտվել է սույն օրենքով սահմանված կարգը, կամ նախաձեռնող խմբի ներկայացրած վավեր ստորագրությունների քանակը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված անհրաժեշտ թվին, ապա հանրաքվեի մարզային հանձնաժողովն ընդունում է տեղական հանրաքվեի անցկացումը մերժելու մասին որոշում, որի պատճենը դրա ընդունման օրվանից երկու օրվա ընթացքում ուղարկվում է նախաձեռնող խմբին: Նշված որոշման ընդունման օրվանից երկու տարվա ընթացքում տվյալ նախաձեռնող խմբի անդամները չեն կարող հանդես գալ տեղական կրկնակի հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ:

    3. Եթե տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնության իրականացման ընթացքը համապատասխանում է սույն օրենքի, այլ օրենքների պահանջներին, ապա հանրաքվեի մարզային հանձնաժողովը, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 15 օրվա ընթացքում, ներկայացված պաշտոնաթերթիկները, նախաձեռնող խմբի ամփոփիչ արձանագրության եւ իր որոշման պատճեններն ուղարկում է համապատասխան համայնքի ղեկավարին, ավագանուն եւ տվյալ համայնքն ընդգրկող մարզի մարզպետին (Երեւանի քաղաքապետին): Հանրաքվեի մարզային հանձնաժողովն իր որոշման պատճենն ուղարկում է նաեւ նախաձեռնող խմբին:

    Հոդված 11. Տեղական հանրաքվեի նշանակումը

    1. Տեղական հանրաքվե նշանակվում է համապատասխան համայնքի ավագանու, իսկ եթե դա կազմավորված չէ, ապա տվյալ համայնքն ընդգրկող մարզի մարզպետի (Երեւանի քաղաքապետի) որոշմամբ՝

    ա) սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված փաստաթղթերն ստանալու օրվանից 7 օրվա ընթացքում.

    բ) համայնքի ավագանու կողմից տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու մասին որոշման հետ միաժամանակ.

    գ) տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

    2. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման մեջ նշվում են տեղական հանրաքվեն անցկացնելու տարեթիվը եւ ամսաթիվը, հանրաքվեի դրվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագծի անվանումը:

    3. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող որոշման, նորմատիվ իրավական ակտի նախագիծը պետք է միաժամանակ պաշտոնապես հրապարակվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ:

    4. Տեղական հանրաքվե կարող է նշանակվել միայն օրացուցային ոչ աշխատանքային օրը: Չի թույլատրվում տեղական հանրաքվե նշանակել տոնական օրը: Տեղական հանրաքվեի նշանակման օրվանից մինչեւ քվեարկության օրվա ժամկետը չի կարող լինել պակաս 45 եւ ավելի 60 օրից:

    5. Տեղական հանրաքվեի անցկացումն այլ հանրաքվեի կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության հետ համատեղելու նպատակով տեղական հանրաքվե նշանակող մարմինը, ոչ ուշ, քան տեղական հանրաքվեի անցկացման օրվանից 25 օր առաջ, կարող է տեղական հանրաքվեի անցկացման օրը տեղափոխել ավելի ուշ ժամկետ (ոչ ավելի, քան 90 օրով):

    6. Տեղական հանրաքվեի նշանակման մասին, ինչպես նաեւ սույն հոդվածի նախորդ կետին համապատասխան՝ քվեարկության օրը հետաձգելու մասին որոշումները հրապարակվում են դրանց ընդունման օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո:

    7. Եթե համայնքի ավագանին ընդունում է որոշում տեղական հանրաքվեի անցկացումը մերժելու մասին, ապա տվյալ նախաձեռնությամբ հանդես եկած անձինք այդ որոշումը հարպարակվելու օրվանից հետո՝ երկու տարվա ընթացքում, չեն կարող կրկին հանդես գալ նույն հարցով տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ:

    ԳԼՈՒԽ III

    ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

    Հոդված 12. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների համակարգը

    Տեղական հանրաքվի հանձնաժողովներն են՝

    ա) տեղական հանրաքվեի մարզային հանձնաժողովները (այսուհետ՝ մարզային հանձնաժողովներ).

    բ) տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները (այսուհետ՝ տեղամասային հանձնաժողովներ):

    Հոդված 13. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կազմավորումը

    1. Մարզային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները:

    2. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով:

    Հոդված 14. Մարզային հանձնաժողովների լիազորությունները

    Մարզային հանձնաժողովը՝

    ա) համակարգում է տեղամասային հանձնաժողովների աշխատանքը.

    բ) իր լիազորությունների սահմանում ընդունում է սույն օրենքի կիրակումն ապահովող ու տեղամասային հանձնաժողովների համար պարտադիր որոշումներ եւ նորմատիվ այլ ակտեր.

    գ) տալիս է պարզաբանումներ եւ հրահանգներ՝ սույն օրենքի կիրարկման վերաբերյալ.

    դ) տեղական հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման հետ առնչվող հարցերով լսում է իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց հաղորդումները.

    ե) քննարկում է տեղամասային հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների եւ անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ անվավեր է ճանաչում դրանց՝ օրենքներին եւ այլ իրավական ակտերին հակասող, ինչպես նաեւ տեղամասային հանձնաժողովների՝ իրենց լիազորությունների գերազանցմամբ ընդունած որոշումները, վերացնում է տեղամասային հանձնաժողովների գործողության կամ անգործության հետեւանքով առաջացած՝ քաղաքացիների իրավունքների խախտումները.

    զ) որոշում է ընդունում տեղական հանրաքվեի նախաձեռնող խումբը գրանցելու կամ նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին.

    է) տեղական հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ընթացքում վերահսկողություն է իրականացնում օրինականության պահպանման նկատմամբ.

    ը) իր սահմանած կարգով հսկողություն է իրականացնում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելու նկատմամբ.

    թ) սահմանում է քվեաթերթիկների եւ տեղական հանրաքվեի այլ փաստաթղթերի նմուշները.

    ժ) սահմանում է իր ու տեղամասային հանձնաժողովների կնիքների ձեւերը, պատվիրում է դրանք եւ հատկացնում հանձնաժողովներին, սահմանում է քվեարկության ավարտից հետո կնիքները վերադարձնելու կարգը.

    ժա) քվեարկությունից ոչ շուտ, քան երկու օր առաջ, հանձնաժողովների կնիքները հանձնում է տեղամասային հանձնաժողովների նախագահներին.

    ժբ) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է տեղական հանրաքվեի տեղամասերը, համարակալում է դրանք, նշում տեղամասային կենտրոնը եւ այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում է տեղամասային հանձնաժողով.

    ժգ) տնօրինում է տեղական հանրաքվեի անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցները, օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք բաշխում է իր եւ տեղամասային հանձնաժողովների միջեւ, վերահսկողություն է իրականացնում դրանց օգտագործման նկատմամբ.

    ժդ) իրեն եւ տեղամասային հանձնաժողովներն ապահովում է հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ պարագաներով.

    ժե) միջոցներ է ձեռնարկում իրեն եւ տեղամասային հանձնաժողովներին անհրաժեշտ աշխատանքային պայմաններին համապատասխանող տարածքներով, նյութատեխնիկական եւ կապի միջոցներով, փաստաթղթերով ապահովելու համար.

    ժզ) կազմակերպում է իր եւ տեղամասային հանձնաժողովների անդամների ուսուցումը.

    ժէ) ապահովում է տեղական հանրաքվեի դրվող նախագծի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.

    ժը) իր սահմանած կարգով հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցները եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները.

    ժթ) սահմանում է քվեարկության արդյունքների ամփոփման միասնական կարգ.

    ի) տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ըստ տեղամասերի, հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.

    իա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն ամփոփում եւ հրապարակում է տեղական հանրաքվեի վերջնական արդյունքները, ապահովում է համապատասխան փաստաթղթերի հանձնումը արխիվ.

    իբ) սույն օրենքի պահանջների խախտման, ինչպես նաեւ տեղական հանրաքվեի կազմակերպման հարցերով դիմում է համապատասխան իրավասու մարմիններ.

    իգ) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

    Հոդված 15. Տեղամասային հանձնաժողովների լիազորությունները

    1. Տեղամասային հանձնաժողովը՝

    ա) անհատական ծանուցման թերթիկների միջոցով տեղեկացնում է տվյալ տեղամասի տարածքում հաշվառված տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց՝ հանձնաժողովի գտնվելու վայրի, հանրաքվեի կազմակերպման հետ կապված միջոցառումների անցկացման տեղի եւ ժամանակի մասին.

    բ) ապահովում է տեղամասային կենտրոնի կահավորումը.

    գ) տեղամասի տարածքում վերահսկողություն է իրականացնում սույն օրենքի կիրարկման նկատմամբ.

    դ) տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում է դրա արդյունքները եւ ներկայացնում է մարզային հանձնաժողով.

    ե) քվեարկությամբ լուծում է վիճելի քվեաթերթիկների հարցը.

    զ) քննարկում է սույն օրենքի խախտման հետ կապված դիմումներն ու բողոքները եւ դրանց վերաբերյալ ընդունում է որոշումներ, անհրաժեշտության դեպքում դիմում է իրավասու մարմիններ.

    է) տնօրինում է հատկացված ֆինանսական միջոցները.

    ը) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

    2. Տեղամասային հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են տեղական հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, իսկ տեղական հանրաքվեի արդյունքները դատարանում վիճարկվելու դեպքում՝ դատարանի վճիռը հրապարակվելուց հետո, եթե այդ վճռով այլ բան նախատեսված չէ:

    Հոդված 16. Հրապարակայնությունը տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներում

    1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովները գործում են հրապարակայնորեն: Տեղական հանրաքվեի հանձնաժողովներին արգելվում է ընդունել գաղտնի որոշումներ:

    2. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով: Այդ որոշումների պատճենները տրամադրվում են հանձնաժողովներում հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

    3. Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նիստերի եւ քվեարկության ընթացքում, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունը տեղական հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:

    Հոդված 17. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

    1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնում են նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով:

    2. Տեղական հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը:

    3. Մարզային հանձնաժողովներում տեղական հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ժամանակահատվածում կազմակերպվում են ժամանակավոր հիմունքներով գործող աշխատակազմեր, որոնց հաստիքացուցակները եւ դրույքաչափերը սահմանում է մարզային հանձնաժողովը:

    4. Հանձնաժողովի նախագահը սահմանում է տեղական հանրաքվեի հանձնաժողովի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:

    5. Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահն իր նախաձեռնությամբ կամ տեղական հանրաքվեի հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց առաջարկած օրակարգով եւ ժամկետում: Հանձնաժողովի նախագահն արտահերթ նիստի անցկացման մասին նախապես տեղեկացնում է տեղական հանրաքվեի հանձնաժողովի անդամներին:

    6. Տեղական հանրաքվեի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

    7. Տեղական հանրաքվեի հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

    8. Տեղամասային հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով եւ մարզային հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյաններ, որոնցում պարտադիր կարգով ամսաթվերով եւ ժամերով գրառվում է հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման հետ կապված համապատասխան գործավարությունը: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ գործավարության մատյանը լրացնելու կարգը սահմանում է մարզային հանձնաժողովը:

    9. Տեղական հանրաքվեի հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան հանձնաժողովի նիստերին:

    10. Տեղական հանրաքվեի փաստաթղթերը հանձնաժողովներում հանձնվում եւ ընդունվում են գործավարության մատյանում պարտադիր գրառմամբ՝ հանձնողի եւ ընդունողի ստորագրելու միջոցով:

    11. Քվեարկության արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո տեղական հանրաքվեի փաստաթղթերը հանձնվում են մարզային հանձնաժողով:

    12. Մարզային հանձնաժողովը, հանրաքվեի արդյունքները պաշտոնապես հրապարակելուց հետո, հանրաքվեի փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության է հանձնում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանության:

    Հոդված 18. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկման կարգը

    1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումները, գործողությունները եւ անգործությունը կարող են բողոքարկվել մարզային հանձնաժողով կամ դատարան՝ որոշումն ընդունելուց, գործողությունը կատարելուց կամ անգործության հետեւանքով օրենսդրության խախտումը հայտնի դառնալուց հետո՝ երկօրյա ժամկետում, բացառությամբ տեղամասային հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումների, որոնք կարող են բողոքարկվել մինչեւ քվեարկության հաջորդ օրվա ժամը 18.00-ն:

    2. Դատարանները եւ մարզային հանձնաժողովը բողոքների առնչությամբ պատճառաբանված որոշում են ընդունում դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Եթե բողոքում պարունակվող փաստերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

    3. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում մարզային հանձնաժողովը եւ դատարանը որոշումն ընդունում են քվեարկության օրվանից ոչ ուշ:

    4. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերն օրենքով սահմանված կարգով ընդդատյա են քաղաքացիական գործեր քննող դատարանին: Այդ վեճերով դատարան կարելի է դիմել հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում: Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով առաջին ատյանի դատարանի ընդունած վճիռը բողոքարկման ենթակա չէ:

    5. Դատարանները եւ դատախազության մարմինները պարտավոր են իրենց աշխատանքները (ներառյալ՝ հանգստյան օրերին) կազմակերպել այնպես, որպեսզի ապահովեն սահմանված ժամկետներում բողոքների քննությունը եւ որոշումների ընդունումը:

    ԳԼՈՒԽ IV

    ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ:  ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ: ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

    Հոդված 19. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելու կարգը

    Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները՝ ընտրողների ցուցակները (այսուհետ՝ ցուցակներ), կազմելու եւ վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու եւ ցուցակները ճշտելու կարգը, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ գլխում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմելուն, վարելուն, քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն եւ հանձնաժողովներին ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով:

    Հոդված 20. Տեղամասերը եւ տեղամասային կենտրոնները

    Տեղական հանրաքվեի տեղամասերը եւ տեղամասային կենտրոնները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

    Հոդված 21. Տեղական հանրաքվեի ֆինանսավորումը

    1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման (ներառյալ՝ ցուցակների կազմումը) ծախսերը կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:

    2. Հանրաքվեն կազմակերպելու եւ անցկացնելու համար նախատեսված ֆինանսական միջոցները հանրաքվե նշանակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով տրամադրվում են մարզային հանձնաժողովին:

    3. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների միջեւ ֆինանսական միջոցները բաշխվում են օրենքով սահմանված կարգով` մարզային հանձնաժողովի ներկայացրած նախահաշիվների համաձայն: Հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները եւ կրում են պատասխանատվություն՝ դրանք սահմանված կարգով օգտագործելու համար:

    ԳԼՈՒԽ V

    ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 22. Քարոզչությունը տեղական հանրաքվեի ընթացքում

    1. Տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք:

    2. Պետությունը երաշխավորում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:

    3. Քարոզչությունն սկսվում է տեղական հանրաքվեի նշանակման օրվանից եւ ավարտվում է քվեարկությունից մեկ օր առաջ:

    4. Քվեարկության եւ դրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:

    5. Քարոզչություն չեն կարող կատարել՝

    ա) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

    բ) սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, դատախազության մարմինների աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները.

    գ) բարեգործական եւ կրոնական կազմակերպությունները.

    դ) օտարերկրյա քաղաքացիները եւ կազմակերպությունները:

    6. Քարոզչությունը կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային քարոզչական միջոցառումների ձեւով (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված եւ նկարահանված նյութեր տարածելու միջոցով:

    7. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձեւով հրապարակել եւ տարածել պաստառներ, թերթիկներ եւ քարոզչական տպագիր այլ նյութեր:

    8. Համայնքների ղեկավարները քարոզչական պաստառները փակցնելու համար, հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, հատկացնում են հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետեւում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:

    9. Տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցումն անցկացնելու ժամանակը, հարցման ենթարկվածների թիվը (ընտրանքի ձեւը), տեղեկատվության հավաքման միջոցը, հարցի ճշգրիտ ձեւակերպումը, հնարավոր անճշտությունների վիճակագրական գնահատականը: Քարոզչության վերջին 3 օրվա ընթացքում արգելվում է տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:

    10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման (հրապարակման) համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:

    11. Անանուն քարոզչական նյութեր տարածելն արգելվում է: Անանուն կամ կեղծ քարոզչական նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ եւ դիմում է իրավասու մարմիններ՝ ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:

    12. Քարոզչության փուլում արգելվում է քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

    13. Քվեարկության եւ դրան նախորդող օրն արգելվում է տեղամասային կենտրոնում եւ դրան հարող տարածքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վրա բանավոր կամ գրավոր ձեւով ազդեցություն գործելը՝ երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաեւ տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ այլ եղանակներով քարոզչություն կատարելը:

    14. Արգելվում է մինչեւ քվեարկության ավարտը հրապարակել տեղական հանրաքվեին մասնակցած անձի քվեարկության արդյունքը:

    15. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերի հավաքվելը:

    16. Տեղական հանրաքվեի հանձնաժողովները հսկում են քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Դրա խախտման դեպքում հանձնաժողովները կարող են դրանք կանխելու համար դիմել իրավասու մարմիններ, ինչպես նաեւ դատարան՝ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

    Հոդված 23. Քարոզչության ֆինանսավորումը

    1. Նախաձեռնող խումբը կարող է քարոզչության ֆինանսավորման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով բացել բանկային միասնական հաշիվ (այսուհետ՝ քարոզչության հաշիվ): Քարոզչության նպատակով նախաձեռնող խմբի կողմից ֆինանսավորման այլ աղբյուրներից ծախսեր կատարելն արգելվում է:

    2. Տեղական ինքնակառավարման մարմնի նախաձեռնությամբ անցկացվող տեղական հանրաքվեի քարոզչության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    3. Քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք:

    4. Քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք չունեն՝

    ա) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները.

    բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).

    գ) օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք.

    դ) քաղաքացիություն չունեցող անձինք.

    ե) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հասարակական շարժումները.

    զ) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:

    5. Քարոզչության հաշվից ծախսեր կարող է կատարել նախաձեռնող խմբի կողմից դրա համար լիազորված անձը: Նախաձեռնող խումբը մինչեւ քարոզչության ավարտը, եռօրյա պարբերականությամբ, մարզային հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում քարոզչության հաշվից կատարվող ֆինանսական գործողությունների վերաբերյալ:

    6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված անձանց կողմից քարոզչության հաշվին մուծված գումարները, ինչպես նաեւ քարոզչության ավարտից հետո քարոզչության հաշվի մնացորդը երկու բանկային օրվա ընթացքում փոխանցվում են համապատասխան համայնքի տեղական բյուջեի ֆոնդային մաս:

    7. Քարոզչության ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, նախաձեռնող խումբը մարզային հանձնաժողով է ներկայացնում քարոզչության հաշվի միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն, որին կցվում են կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

    8. Քարոզչության հաշվի միջոցների տնօրինման սահմանված կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ VI

    ԴԻՏՈՐԴՆԵՐ

    Հոդված 24. Դիտորդական առաքելության իրավունքը

    1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝

    ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.

    բ) հասարակական կազմակերպությունները.

    գ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

    2. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեության եւ հավատարմագրման կարգը սահմանում է մարզային հանձնաժողովը:

    Հոդված 25. Դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

    1. Դիտորդը եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն՝

    ա) ներկա գտնվել հանրաքվեի հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաեւ տեղամասային կենտրոնում.

    բ) անարգել ծանոթանալ հանրաքվեի փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, հանրաքվեի հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, դրանցից կատարել քաղվածքներ.

    գ) բողոքարկել հանրաքվեի հանձնաժողովների որոշումները, դրանց անդամների գործողությունները կամ անգործությունը:

    2. Դիտորդը եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել տեղական հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին:

    3. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել, իսկ քվեարկության ընթացքում ներկա գտնվել հավատարմագրված դիտորդական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:

    4. Դիտորդները քվեարկության օրը հետեւում են տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներին: Դրանց վերաբերյալ կարող են հանձնաժողովի նահագահին ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:

    5. Դիտորդի եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օրենքով սահմանված իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում:

    6. Դիտորդը եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել տեղական հանրաքվեի ընթացքի՝ քվեարկության եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:


    ԳԼՈՒԽ VII

    ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 26. Քվեարկության կարգը

    Քվեարկության կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Հոդված 27. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկը, քվեատուփը, հանձնաժողովների կնիքները

    1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է մարզային հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է մեկ քվեաթերթիկ:

    2. Միաժամանակ երկու եւ ավելի հարցի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում է տեղական հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկ: Քվեաթերթիկները պետք է ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

    3. Քվեաթերթիկի ձեւը եւ շարադրանքը սահմանում է մարզային հանձնաժողովը:

    4. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկությունից ոչ շուտ, քան տասը եւ ոչ ուշ, քան երեք օր առաջ:

    5. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կնիքները պատրաստվում են մարզային հանձնաժողովի պատվերով՝ այդ հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:

    6. Կնիքները տեղական հանրաքվեի հանձնաժողովներին հանձնելու ու վերադարձնելու կարգը սահմանվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

    7. Տեղական հանրաքվեի քվեաթերթիկները հանձնաժողովներին հանձնվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

    Հոդված 28. Քվեարկության նախապատրաստումը

    1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային հանձնաժողովները:

    2. Տեղական հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող անձանց գրանցման եւ քվեաթերթիկներ հատկացնելու, քվեաթերթիկները կնքելու եւ քվեաթերթիկների վերահսկումն իրականացնելու համար տեղամասային կենտրոնում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ:

    3. Քվեատուփը տեղադրվում է տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

    4. Տեղամասային հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կամ մուտքի մոտ պարտավոր է տեղակայել ցուցանակ, որտեղ պետք է փակցվեն լրացված քվեաթերթիկների նմուշները եւ տեղական հանրաքվեի դրվող որոշման նախագծի ամբողջ տեքստը:

    Հոդված 29. Քվեաթերթիկը լրացնելու կարգը

    1. Քվեարկության մասնակիցը, եթե կողմ է քվեարկում, քվեաթերթիկում նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում՝ «դեմ եմ» բառի դիմաց:

    2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրված ներկայացուցիչը, դիտորդը կամ տեղական հանրաքվեի հանձնաժողովի անդամը: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:

    3. Քաղաքացին լրացված քվեաթերթիկը քառապատիկ ծալված վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում եւ մոտենում է տեղական հանրաքվեի հանձնաժողովի՝ քվեաթերթիկների համար պատասխանատու անդամին: Վերջինս ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը եւ, հավաստիանալով քվեարկողի անձի իսկության ու տվյալ տեղամասի տարածքում նրա հաշվառված լինելու մեջ, բացում է քվեատուփի ճեղքը՝ քվեարկության մասնակցին հնարավորություն տալով քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:

    4. Արգելվում է քվեաթերթիկի դուրսբերումը տվյալ տեղամասի տարածքից:

    Հոդված 30. Անվավեր քվեաթերթիկները

    1. Անվավեր են համարվում «կողմ եմ», «դեմ եմ» բառերի դիմաց միաժամանակ նշումներ պարունակող, առանց որեւէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով, չկնքված եւ չստորագրված քվեաթերթիկները:

    2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է տեղական հանրաքվեի համապատասխան հանձնաժողովը՝ քվեարկությամբ:

    Հոդված 31. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

    1. Չսահմանված նմուշի քվեաթերթիկ են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:

    2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է տեղամասային հանձնաժողովը՝ քվեարկությամբ:

    3. Տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:
     

    ԳԼՈՒԽ VIII

    ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

    Հոդված 32. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու եւ անճշտությունների չափը որոշելու կարգը

    1. Տեղամասային հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, արգելում է քաղաքացիների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց քվեարկելու հնարավորություն է ընձեռում, փակում է քվեատուփի ճեղքը, դուրս է հրավիրում տեղամասային հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց եւ փակում է տեղամասային կենտրոնը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝

    ա) հաշվարկվում, մարզային հանձնաժողովի սահմանած կարգով մարվում եւ զմռսվում է չօգտագործված, քվեարկության մասնակցի կողմից ոչ ճիշտ լրացված եւ վերադարձված քվեաթերթիկների փաթեթը.

    բ) ցուցակների հիման վրա հաշվարկվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

    գ) ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, այնուհետեւ նշված ցուցակը զմռսվում է.

    դ) բացվում է քվեատուփը:

    2. Տեղամասային հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի չսահմանված նմուշի, վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում՝ նաեւ տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «կողմ» կամ «դեմ» քվեարկած լինելու մասին: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկությունը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում՝ քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն քվեաթերթիկը դնում է «կողմ», «դեմ» կամ «անվավեր» քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Այս գործողությունն իրականացնելիս հանձնաժողովի անդամներին արգելվում է քվեաթերթիկների վրա նշումներ կատարել, ինչպես նաեւ իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

    3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո տեղամասային հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկները, կողմ քվեարկած քվեաթերթիկները եւ դեմ քվեարկած քվեաթերթիկները: Արդյունքների հիման վրա հաշվարկվում է անվավեր քվեաթերթիկների թիվը, կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված եւ տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորվում եւ մարզային հանձնաժողովի սահմանած կարգով զմռսվում են:

    4. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով տեղամասային ամփոփիչ արձանագրության տվյալները, կազմում է արձանագրություն՝ անճշտությունների չափի վերաբերյալ: Հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է հետեւյալ կերպ. միմյանց հետ համադրում է ցուցակներում ստորագրությունների թիվը քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թվի հետ, տարբերությունը համարվում է անճշտության չափ:

    5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերում նախատեսված յուրաքանչյուր գործողություն կատարվում է նշված հերթականությամբ, ընդ որում, յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտելուց եւ համապատասխան արձանագրությունը կազմելուց հետո: Նշված գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ կազմվում է առանձին արձանագրություն՝ երկու օրինակից, որոնցից մեկը փաթեթավորվում եւ զմռսվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ:

    6. Միաժամանակ երկու կամ ավելի տարբեր հարցեր կամ որոշման նախագծեր հանրաքվեի դրված լինելու դեպքում քվեարկության արդյունքների ամփոփումը յուրաքանչյուր հարցի եւ որոշման նախագծի համար կատարվում է առանձին-առանձին:

    Հոդված 33. Տեղամասային հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը

    1. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ գրանցվում է՝

    ա) տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը՝ ըստ ցուցակի.

    բ) գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների.

    գ) տեղամասային հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.

    դ) մարված քվեաթերթիկների թիվը.

    ե) քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը.

    զ) քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

    է) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

    ը) կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

    թ) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը:

    2. Հաշվարկվող եւ արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

    3. Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում եւ ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

    4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ քվեարկության արդյունքների ամփոփման նիստն սկսելուց հետո հեռացել է հանձնաժողովից, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

    5. Դիտորդի պահանջով նրան տրվում են տեղամասային արձանագրությունների պատճենները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ եւ հանձնաժողովի կնիքով:

    6. Քվեարկության ավարտից մինչեւ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

    7. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները:

    8. Քվեարկության արդյունքների ամփոփիչ եւ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրության պատճենները փակցվում են տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում: Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, տեղամասային հանձնաժողովի նախագահը հանրաքվեի հետ կապված փաստաթղթերը մարզային հանձնաժողովի սահմանած կարգով հանձնում է մարզային հանձնաժողով:

    Հոդված 34. Մարզային հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը

    1. Մարզային հանձնաժողովը, տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ամփոփում եւ քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամվա ընթացքում, հրապարակում է տեղական հանրաքվեի նախնական արդյունքները՝ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը, կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը եւ անճշտությունների չափը:

    2. Մինչեւ տեղական հանրաքվեի նախնական արդյունքներն հրապարակելը մարզային հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:

    3. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ մարզային հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում՝ հինգ օր հետո, մարզային հանձնաժողովը կազմում է մարզում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, նշելով՝

    ա) տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը՝ ըստ ցուցակի.

    բ) գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների.

    գ) տեղամասային հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.

    դ) մարված քվեաթերթիկների թիվը.

    ե) քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը.

    զ) քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

    է) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

    ը) կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

    թ) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

    ժ) անճշտությունների չափը:

    4. Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին նշում է կատարում եւ ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

    5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է տեղական հանրաքվեի վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

    6. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը:

    7. Մարզային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը քվեարկության ավարտից հետո, երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ տեղական կամ մարզային հեռուստաընկերությամբ եւ ռադիոընկերությամբ հանդես է գալիս տեղեկատվությամբ: Տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշում ընդունվելուց հետո մարզային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը 3 ժամվա ընթացքում տեղական կամ մարզային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է հանրաքվեի վերջնական արդյունքները:

    8. Դիտորդի պահանջով նրան տրվում է տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը՝ տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփ տվյալների մասին, որը պետք է վավերացված լինի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ եւ հանձնաժողովի կնիքով:

    9. Մարզային հանձնաժողովի առնվազն 3 անդամի գրավոր պահանջով մարզային հանձնաժողովն ստուգում է համապատասխան տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունը հանրաքվեի փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել տեղամասային համապատասխան հանձնաժողովի անդամները:

    Հոդված 35. Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփումը

    1. Մարզային հանձնաժողովը, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ամփոփելով հանրաքվեի արդյունքները, ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

    ա) տեղական հանրաքվեի դրված հարցը ընդունելու մասին.

    բ) տեղական հանրաքվեի դրված հարցը չընդունելու մասին.

    գ) տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

    2. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեա&ntde;կության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:

    3. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ կետի պահանջները:

    4. Տեղական հանրաքվեի արդյունքները համարվում են անվավեր, եթե անճշտությունների չափը կամ տեղական հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումներն ազդում են կամ կարող էին ազդել տեղական հանրաքվեի արդյունքների վրա:

    5. Տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան տասը եւ ոչ ուշ, քան քսան օր հետո, սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է նոր քվեարկություն:

    Հոդված 36. Տեղական հանրաքվեով ընդունված որոշման ուժի մեջ մտնելը

    1. Տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ մարզային հանձնաժողովի որոշումը հրապարակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եթե այդ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում չի ներկայացվել:

    2. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում ներկայացվելու դեպքում տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում դատարանի վճիռը հրապարակվելու պահից, եթե այդ վճռով այլ բան նախատեսված չէ:

    3. Տեղական հանրաքվեի միջոցով ընդունված որոշումները փոփոխվում են միայն տեղական հանրաքվեով:

    Հոդված 37. Տեղական հանրաքվեի փաստաթղթերի պահպանումը

    Տեղական հանրաքվեի փաստաթղթերը մարզային հանձնաժողովի սահմանած կարգով պահպանվում են պետական արխիվում առնվազն տասը տարի:

    ԳԼՈՒԽ IX

    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Հոդված 38. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

    Սույն օրենքի դրույթների խախտումն առաջ է բերում ընտրական իրավունքի դեմ կատարված իրավախախտումների համար օրենքով սահմանված պատասխանատվություն:

    ԳԼՈՒԽ X

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

    Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    7 մարտի 2002թ.
    ՀՕ-304




    28.11.2006 «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    26.12.2008 «Տեղական հանրաքվեի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    14.04.2011 «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    17.12.2014 «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    16.12.2016 «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    17.01.2018 «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին