Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2001
 
  • Գլուխ I      Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II    Սահմանապահ զորքերի իրավումքները եւ պարտականությունները
  • Գլուխ III   Սահմանապահ զորքերի կողմից զենքի, մարտական տեխնիկայի եւ հատուկ միջոցների կիրառումը
  • Գլուխ IV   Սահմանապահ զորքերում ծառայության անցնելը
  • Գլուխ V    Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ պետական սահմանի պահպանությանը  մասնակցող քաղաքացիների իրավական ու սոցիալական պաշտպանվածությունը
  • Գլուխ VI  Սահմանապահ զորքերի ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը
  • Գլուխ VII  Եզրափակիչ դրույթ
  • Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հասկացությունը, գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը:
     


    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը

    Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը (այսուհետ՝ սահմանապահ զորքեր) կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ՝ պետական սահման) պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն, պետական սահմանի ռեժիմ եւ սահմանային ռեժիմ իրականացնելու համար:

    Ռազմական դրության ժամանակ սահմանապահ զորքերը կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրականացմանը:

    Սահմանապահ զորքերի միավորումներն ու զորամասերն ունեն սահմանված ձեւի մարտական դրոշներ:

    Սահմանապահ զորքերի զինծառայողներն ու մարտական տեխնիկան կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշաններ:

    Հոդված 2. Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքը

    Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը:

    Հոդված 3. Սահմանապահ զորքերի գործունեության սկզբունքները

    Սահմանապահ զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդասիրության, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, միանձնյա ղեկավարման, ազգային անվտանգության միասնական համակարգի, պետական մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ համագործակցության սկզբունքներով:

    Հոդված 4. Սահմանապահ զորքերի ղեկավարումը

    Սահմանապահ զորքերը գործում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին)կազմում:

    Սահմանապահ զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնում է սահմանապահ զորքերի հրամանատարը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

    Հոդված 5. Սահմանապահ զորքերի կազմը եւ կառուցվածքը

    Սահմանապահ զորքերի կենտրոնական ղեկավարման մարմինը պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունն է, որը կազմված է ենթակա միավորումներից ու զորամասերից, սահմանային վերահսկողության զորամասերից ու ստորաբաժանումներից, ուսումնական զորամասերից եւ ապահովման ստորաբաժանումներից:

    Սահմանապահ զորքերի թվակազմը, լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 6. Սահմանապահ զորքերի միավորումների եւ զորամասերի տեղաբաշխումը

    Սահմանապահ զորքերի միավորումների եւ զորամասերի տեղաբաշխումը (վերատեղաբաշխումը) իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը՝ սահմանապահ զորքերի հրամանատարի ներկայացմամբ:
     


    ԳԼՈՒԽ II

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 7. Սահմանապահ զորքերի իրավունքները

    Սահմանային գոտում (շերտում) եւ պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերն իրավունք ունեն՝

    ա) տեղաբաշխել սահմանապահ վերակարգեր եւ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տեղանքի ցանկացած հատվածում.

    բ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հողամասերի սեփականատերերից պահանջել իրենց խնդիրների իրականացման համար տրամադրելու այդ հողամասերի սահմանափակ օգտագործման իրավունք (սահմանապահ վերակարգերի ու տրանսպորտային միջոցների շարժի ճանապարհներ, ինչպես նաեւ ցանկապատերի եւ ուրիշ արգելափակոցների վրա միջանցքների ստեղծում եւ ապահովում).

    գ) սահմանապահ վերակարգերի միջոցով ուղեկցել մարդատար եւ ապրանքատար գնացքներ, տրանսպորտային այլ միջոցներ.

    դ) օրենքով սահմանված կարգով ստուգել անձանց եւ տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացնել տրանսպորտային միջոցների եւ դրանցով տեղափոխվող բեռների զննություն:Զննության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ սահմանապահ զորքերի կողմից պատճառված վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ վնաս պատճառած անձը ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

    ե) օրենքով սահմանված կարգով իրենց տրամադրված հողամասերում կառուցել շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնել կապի գծեր, տեղաբաշխել ու օգտագործել տեխնիկա եւ սպառազինություն.

    զ) իրականացնել պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վարչական ձերբակալում՝ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետով.

    է) զննության ենթարկել եւ անհրաժեշտության դեպքում վերցնել ձերբակալվածների մոտ եղած իրերն ու փաստաթղթերը: Վարչական ձերբակալման եւ ձերբակալվածների իրերը վերցնելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կազմվում է արձանագրություն.

    ը) վարչական ձերբակալման ենթարկված կամ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց, իրավասու մարմինների քննությանը ենթակա այլ անձանց պահել սահմանապահ զորքերի հատուկ սարքավորված շինություններում: Անհրաժեշտության դեպքում այդ անձինք կարող են պահվել ազգային անվտանգության եւ ներքին գործերի մարմինների ժամանակավոր պահման մեկուսարաններում.

    թ) անձանց, օրենքով սահմանված կարգով, հրավիրել սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ եւ նրանցից ստանալ բացատրություններ պետական սահմանի ապօրինի հատման, պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման՝ նրանց հայտնի հանգամանքները պարզելու նպատակով.

    ժ) պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերում կատարել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաեւ վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց մինչեւ նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձեւակերպումը կամ մինչեւ նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզաբանումը.

    ժա) շահագրգիռ պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ համատեղ որոշել պետական սահմանի անցման կետերում ուղեւորների ու բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կանգառի (կայանման) վայրերն ու տեւողությունը.

    ժբ) օրենքով սահմանված կարգով առգրավել սահմանային վերահսկողության ժամանակ հայտնաբերված՝ պետական սահմանով ապօրինի փոխադրվող զենքը, ռազմամթերքը, թմրանյութերը, տարադրամը, արժեքավոր իրերն ու ապրանքները.

    ժգ) սահմանային որոնում (օպերացիա), օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով, ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել անձանց եւ տրանսպորտային միջոցների շարժը, ինչպես նաեւ արգելել քաղաքացիների մուտքը տեղանքի առանձին տեղամասեր, նրանց պարտադրել մնալ այնտեղ կամ լքել այդ տեղամասերը՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով սահմանապահ զորքերի հրամանատարին.

    ժդ) պետական սահմանում Հայաստանի Հանրապետության շահերին իրական սպառնալիք ծագելու դեպքում, տեղեկացնելով տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ կազմակերպություններին, ժամանակավորապես սահմանափակել աշխատանքների կազմակերպումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կատարվող աշխատանքների, պաշտպանական նշանակության աշխատանքների եւ այն միջոցառումների, որոնք կապված են տարերային աղետների հետեւանքների եւ առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխման հետ.

    ժե) պետական սահմանը եւ դրա ռեժիմը խախտողներին հետապնդելիս օրենքով սահմանված կարգով մուտք գործել քաղաքացիների բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում՝ արգելանքները վերացնելու միջոցով: Եթե վերոհիշյալ գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա սահմանապահ զորքերի համապատասխան հրամանատարն այդ մասին 24 ժամվա ընթացքում ծանուցում է համապատասխան դատախազին.

    ժզ) ծառայողական նպատակներով անարգել օգտագործել կապի միջոցները, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումները հետ մղելիս, որոնողական միջոցառումներ իրականացնելիս, հանցագործության կամ այլ իրավախախտման մեջ կասկածվող անձանց տեղափոխելիս օգտագործել կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից), անհրաժեշտության դեպքում՝ նաեւ քաղաքացիների տրանսպորտային միջոցները՝Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ.

    ժէ) իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական միավորումներից եւ այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված է տեղեկատվության ստացման հատուկ կարգ.

    ժը) պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման վերահսկողություն սահմանելու նպատակով կատարել անձանց գրանցում, փաստացի տվյալների հաշվառում, վիճակագրություն եւ այդ նպատակներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել տեղեկատվական համակարգերը.

    ժթ) առաջարկություն ներկայացնել պետական մարմիններ, կազմակերպություններ՝ օրենքով սահմանապահ զորքերի վարույթին վերաբերող իրավախախտումներին նպաստող պատճառների եւ պայմանների վերացման մասին.

    ի) խրախուսել պետական սահմանի պահպանության գործում աչքի ընկած քաղաքացիներին.

    իա) սույն օրենքով նախատեսված կարգով գործադրել զենք, մարտական տեխնիկա, հատուկ միջոցներ եւ ծառայողական շներ.

    իբ) պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով իրենց իրավասության սահմաններում իրականացնել հետախուզական, հակահետախուզական եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն.

    իգ) վերահսկել բնակչության շրջանում պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի կանոնների պահպանումը.

    իդ) օրենքով իրենց վարույթին վերաբերող գործերով կատարել հետաքննություն.

    իե) իրականացնել այն իրավախախտումների կանխարգելումը, որոնց դեմ պայքարը գտնվում է սահմանապահ զորքերի իրավասության սահմաններում.

    իզ) մասնակցել Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչների գործունեությանը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել սահմանային որոնում (օպերացիա).

    իէ) կատարել օդանավի կամ թռչող սարքի զննում, եթե դա չի պատասխանել հարցման ազդանշաններին, գտնվել է օդային միջանցքներից դուրս, խախտել է Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու կարգը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո վայրէջք է կատարել ոչ միջազգային օդանավակայաններում: Օդանավի կամ թռչող այլ սարքի զննումն ընդգրկում է օդանավի կամ թռչող այլ սարքի փաստաթղթերի ստուգումը, անձնակազմի անդամների, ուղեւորների եւ բեռների փաստաթղթերի ստուգումը.

    իը) օդանավի կամ թռչող այլ սարքի զննումից հետո դրան թույլատրել կամ շարունակել թռիչքը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում՝ սահմանված կանոնների պահպանմամբ, կամ առաջարկել հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ դա կալանել «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

    իթ) արգելել օտարերկրյա պետության այն օդանավի կամ թռչող այլ սարքի անձնակազմի եւ ուղեւորների՝ օդանավից կամ թռչող այլ սարքից դուրս գալը, որը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքային, օդանավակայանի, մաքսային, սանիտարական կանոնների խախտումներ.

    լ) օդանավից կամ թռչող այլ սարքից իջեցնել եւ ձերբակալել քրեական պատասխանատվության ենթակա անձանց, վերջիններին հանձնել հետաքննության կամ նախաքննության մարմիններին, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

    Սահմանապահ զորքերը սույն հոդվածով իրենց տրված իրավունքները կարող են օգտագործել նաեւ սահմանային գոտուց դուրս՝ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան մարմինների հետ համատեղ սահմանախախտներին հետապնդելիս:

    Հոդված 8. Սահմանապահ զորքերի պարտականությունները

    Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը պարտավոր են՝

    ա) պահպանել պետական սահմանը եւ թույլ չտալ դրա ապօրինի փոփոխություն.

    բ) հետ մղել զինված ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, խափանել պետական սահմանում ծագող զինված եւ այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանն ու սեփականության բոլոր ձեւերը.

    գ) վերահսկել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջների ապահովումը.

    դ) ապահովել պետական սահմանի ռեժիմին վերաբերող այն պարտավորությունների կատարումը, որոնք նախատեսված ենՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.

    ե) կանխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձանց գործողությունները.

    զ) պետական սահմանում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն, պայքարել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական եւ ապօրինի գործունեության դեմ.

    է) մասնակցել պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա), սահմանագծման (դեմարկացիա) եւ վերասահմանագծման (ռեդեմարկացիա) աշխատանքներին.

    ը) աջակցել սահմանային գոտում (շերտում) Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների գործունեությանն իրենց խնդիրներին համապատասխան միջոցառումներ իրականացնելիս.

    թ) կազմակերպել եւ իրականացնել սահմանային ներկայացուցչական աշխատանք Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համապատասխան մարմինների հետ:

    Հոդված 9. Սահմանապահ զորքերի պատասխանատվությունը

    Սահմանապահներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Սահմանապահի անօրինական գործողության կամ անգործության հետեւանքով կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

    Սահմանապահների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
     


    ԳԼՈՒԽ III

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

    Հոդված 10 . Զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառումը

    Սահմանապահ զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս իրավունք ունեն կիրառել զենք ու մարտական տեխնիկա՝

    ա) զինված հարձակումը հետ մղելիս եւ պետական սահմանը խախտողների զինված դիմադրությունը կանխելիս.

    բ) անզեն հարձակումը հետ մղելիս եւ անզեն անձանց դիմադրությունը կանխելիս, եթե սահմանապահների կամ քաղաքացիների կյանքին սպառնում է բացահայտ վտանգ, եւ այդ վտանգը կանխելու այլ միջոցները բացառվում են.

    գ) պետական սահմանը խախտողների, սահմանակից պետության տարածքում թաքնվելու փորձ կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության տարածքի խորքերը թափանցելիս, եթե նրանց կանխելու մյուս միջոցներն սպառվել են.

    դ) պետական սահմանը խախտելու պատճառով ձերբակալված անձանց փախուստի ժամանակ, եթե հնարավոր չէ փախուստը խոչընդոտել այլ միջոցներով.

    ե) բնակչությանը, սեփականության բոլոր ձեւերը զինված հարձակումից, զինված եւ այլ սադրանքներից պաշտպանելիս, եթե պաշտպանության մյուս ձեւերն ապարդյուն են:

    Սույն հոդվածի «բ»-«ե» կետերով նախատեսված դեպքերում զենք եւ մարտական տեխնիկա կիրառվում է, երբ «Կանգնի§ ր» արձագանքից եւ օդ նախազգուշական կրակոցից հետո կարգազանցները չեն կատարում սահմանապահի պահանջները:

    Զենք ու մարտական տեխնիկա առանց զգուշացնելու կիրառվում է զինծառայողների եւ քաղաքացիների վրա անսպասելի զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայով, օդային եւ այլ տրանսպորտային միջոցներով հարձակման ժամանակ, զինված դիմադրության ժամանակ, պատանդներին ազատելու նպատակով:

    Սահմանապահ զորքերի զինծառայողները զենք կիրառելու իրավունք ունեն զինծառայողների ու քաղաքացիների կյանքին ու առողջությանն սպառնացող կենդանիներին հարկադրված վնասազերծելիս, ինչպես նաեւ տագնապի ազդանշան տալիս կամ օգնություն կանչելիս:

    Սահմանապահ զորքերին արգելվում է կիրառել զենք՝

    ա) պետական սահմանը սահմանապահների տեսադաշտում խախտող անձանց նկատմամբ, եթե այդ խախտումներն ակնհայտ պատահական են կամ կապված են պետական սահմանի մոտ տնտեսական աշխատանքների կատարման հետ, ինչպես նաեւ մոտորանավակներով, մակույկներով կամ առանց դրանց լողալիս.

    բ) սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած անձանց կողմից փախուստի փորձ կատարելիս, եթե պետական սահմանի խախտման իրական վտանգ չկա.

    գ) սահմանային գոտում պետական սահմանին հարող ավտոճանապարհներով ընթացող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք սահմանապահ զորքերի՝ ընթացքը դադարեցնելու վերաբերյալ պահանջը չեն կատարում, եթե պետական սահմանի խախտման իրական վտանգ չկա.

    դ) կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցուցաբերելու կամ մարդկանց կյանքին սպառնացող խմբակային հարձակման դեպքերի:

    Հոդված 11. Հատուկ միջոցների կիրառումը

    Պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը կիրառում են հատուկ միջոցներ (ձեռնաշղթա կամ կապելու այլ հարմարանքներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, ուշադրությունը շեղող լուսաձայնային սարքեր, տրանսպորտի ընթացքը հարկադրաբար կանգնեցնող սարքեր), ֆիզիկական ուժ (ներառյալ՝ ձեռնամարտի հնարքներ) եւ ծառայողական շներ՝ հետեւյալ դեպքերում.

    ա) պետական սահմանի պահպանության գործում իրենց ծառայողական պարտականությունները կամ հասարակական պարտքը կատարող սահմանապահ զորքերի զինծառայողների եւ քաղաքացիների վրա հարձակումը հետ մղելիս, ինչպես նաեւ պատանդներին ազատելիս.

    բ) պետական սահմանի խմբային խախտումները կամ զանգվածային անկարգությունները կանխելիս.

    գ) սահմանապահ զորքերի շենքերի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների վրա հարձակումը հետ մղելիս.

    դ) պետական սահմանը խախտողներին ձերբակալելիս, նրանց սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ տեղափոխելիս, ձերբակալված անձանց պահակախմբերով ուղեկցելիս, եթե նրանք չեն հնազանդվում կամ դիմադրում են սահմանապահ զորքերի զինծառայողներին:

    Հատուկ միջոցների օգտագործումը, բացի անսպասելի հարձակումը հետ մղելուց եւ պատանդներին ազատելուց, պետք է հաջորդի այդ միջոցների օգտագործման մտադրության մասին զգուշացմանը, եւ, եթե իրադրությունը թույլատրում է, իրավախախտումները դադարեցնելու համար տրամադրվի բավարար ժամանակ:

    Օգտագործվող հատուկ միջոցների տեսակը որոշվում է ստեղծված իրադրությամբ, իրավախախտման բնույթով եւ իրավախախտի անձով: Հատուկ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է ձգտել քաղաքացիների առողջությանը պատճառված վնասը հասցնել նվազագույնի:

    Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի:
     


    ԳԼՈՒԽ IV

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

    Հոդված 12. Սահմանապահ զորքերի անձնակազմը

    Սահմանապահ զորքերի անձնակազմը կազմված է զինծառայողներից եւ քաղաքացիական անձնակազմից:

    Սահմանապահ զորքերի զինծառայողներն ունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ եւ զինվորական կոչումներ, ինչպես նաեւ սահմանապահ զորքերի տարբերանշաններ:

    Սահմանապահ զորքերում զինվորական ծառայությունն ու քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

    Հոդված 13. Սահմանապահ զորքերի համալրումը

    Սահմանապահ զորքերի համալրումը ժամկետային ծառայության զինծառայողներով իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

    Սահմանապահ զորքերի համալրման վիճակի եւ որակի, զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին եւ կարգավորված զորացրման պատասխանատվությունը կրում է սահմանապահ զորքերի հրամանատարը:

    Հոդված 14. Սահմանապահ զորքերի կադրերի պատրաստումը

    Սահմանապահ զորքերի կադրերի մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում:
     


    ԳԼՈՒԽ V

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ


    Հոդված 15. Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը

    Պետական սահմանի պահպանության խնդիրները լուծելիս սահմանապահ զորքերի զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են եւ գտնվում են պետության պաշտպանության ներքո:

    Նրանց օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման բոլոր քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված անձանցից, իրավասու չէ միջամտել նրանց գործունեությանը:

    Սահմանապահ զորքերի զինծառայողների՝ պետական սահմանի պահպանության պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, այդ պարտականությունները կատարելիս սահմանապահ զորքերի զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

    Հոդված 16. Պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը

    Սահմանապահ զորքերին աջակցելու համար քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ապօրինի գործողություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

    Հոդված 17. Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը

    Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

    Հոդված 18. Սահմանապահ զորքերի զինծառայողներին եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիներին տրվող լրացուցիչ երաշխիքների սահմանումը

    Սահմանապահ զորքերի զինծառայողների եւ պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ երաշխիքներ եւ փոխհատուցումներ:


    ԳԼՈՒԽ VI

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

    Հոդված 19. Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումը

    Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

    Հոդված 20. Սահմանապահ զորքերի նյութատեխնիկական ապահովումը

    Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովվում են պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ ռազմական գույքով, նյութերով ու սարքավորումներով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված մարմնի ներկայացրած հայտերի հիման վրա, կենտրոնացված կարգով ապահովում է սահմանապահ զորքերի ռազմական եւ նյութատեխնիկական մատակարարումը:

    ԳԼՈՒԽ VII

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

    Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    17 դեկտեմբերի 2001թ.
    ՀՕ-266




    11.04.2003 «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    23.03.2018 «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոոխություն եւ լրացում կատարելու մասին