Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2001

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում երաշտի hետեւանքների վերացման պետական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները եւ սահմանում է երաշտի hետեւանքների վերացման ծրագրային կատարման սկզբունքները։

Հոդված 2. Երաշտի հետեւանքների վերացման մասին օրենսդրությունը

Երաշտի հետեւանքների վերացման գործընթացը ու դրա հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով։

Հոդված 3. Երաշտի հետեւանքների վերացման պետական քաղաքականության ծրագրային սկզբունքները

1. Երաշտի հետեւանքների վերացման աշխատանքներն իրականացվում են Երաշտի հետեւանքների վերացման ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով։

2. Ծրագիրը, որով սահմանվում են դրա իրականացման համամասնությունները, մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում։

Հոդված 4. Ծրագրի մշակման բովանդակությունը

Ծրագիրը ներառում է՝

ա) հիմնական խնդիրները.

բ) նախատեսվող աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը՝ ըստ երաշտից տուժած տարածաշրջանների.

գ) նախատեսվող աշխատանքների ֆինանսավորման սկզբունքները, ծավալները եւ աղբյուրները.

դ) Ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսվող աշխատանքների առաջնահերթությունը.

ե) երաշտից տուժած բնակչությանը, տնտեսավարող սուբյեկտներին եւ համայնքներին տրամադրվող օգնությունները.

զ) երաշտի հետեւանքների վերացման աշխատանքներն իրականացնելու եւ դրանք ֆինանսավորելու (այդ թվում՝ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

է) ցորենի, գարու, կերային կուլտուրաների սերմացուի, կարտոֆիլի տնկանյութի, անասնապահության ձմեռացումն անցկացնելու նպատակով հատիկաֆուրաժի, ինչպես նաեւ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար հանքային պարարտանյութեր եւ դիզելային վառելանյութ ձեռք բերելու եւ երաշտից տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրելու քանակական ցուցանիշները.

ը) երաշտից տուժած տնտեսություններին հատկացվող պարենային օգնության ծավալը.

թ) ոռոգման համակարգի գործունեության եւ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակ ապահովելու համար պահանջվող ֆինանսավորման ծավալները։

Հոդված 5. Ծրագրի կատարման հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում Ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։

Հոդված 6. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի գործողությունը վերաբերում է նաեւ 2000 թվականի երաշտի հետեւանքների վերացմանը:

2. 2000 թվականի ծրագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողովի նիստում մինչեւ 2001 թվականի մայիսի 1-ը ներկայացնում է հաղորդում։

3. 2000 թվականի երաշտից տուժած տարածաշրջաններն են՝

Արագածոտնի մարզի Թալինի, բարձրադիր եւ անջրդի տարածաշրջանները.

Արարատի մարզի նախալեռնային տարածաշրջանները.

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը.

Գեղարքունիքի մարզը.

Շիրակի մարզի բարձրադիր եւ անջրդի տարածաշրջանները.

Լոռու մարզի բարձրադիր եւ անջրդի տարածաշրջանները.

Կոտայքի մարզի անջրդի տարածաշրջանները.

Սյունիքի մարզի Սիսիանի եւ անջրդի տարածաշրջանները.

Վայոց Ձորի մարզի անջրդի տարածաշրջանները.

Տավուշի մարզի բարձրադիր եւ անջրդի տարածաշրջանները:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 ապրիլի 2001թ,
ՀՕ-161