Armenian      
Բաժնետիրական ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.10.2025

Հոդված 1.   «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, Կառավարության հաստատած կարգի համաձայն Ընկերությանը վարձակալությամբ տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող գույքի (առկայության դեպքում), ինչպես նաեւ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման համակարգի մարմինների կամ մարզպետների եւ նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի  3-րդ մասով սահմանված մյուս լիազորությունները Կառավարությունը կարող է վերապահել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին կամ մարզպետին, ինչպես նաեւ, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին (այսուհետ՝ լիազորված մարմին): Ընդ որում, 100 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերով ընկերություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրամադրվում է միայն վարձակալության իրավունքով:»:

Հոդված 2.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակն ապահովել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը հետ վերցնելու եւ համապատասխան պայմանագրերը դադարեցնելու գործընթացը:

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո:   



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.11.2025
Երեւան
ՀՕ-349-Ն