ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացված կամ կազմված լինելու դեպքում պահվում են թղթային եւ էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված կամ կազմված բոլոր փաստաթղթերը՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 7-րդ կետը «բանկը,» բառից հետո լրացնել «սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) ապահովում է էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, մուտքագրման, տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման եւ դրանց մշակման գործընթացը.»:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող պետական գրանցման սուբյեկտի ներկայացրած դիմումը: Պետական գրանցման դիմումը ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, երբ դիմումը կարող է ներկայացվել նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի որեւէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից):».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում դիմում մուտքագրելիս դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով եւ դիմումի հետ ներկայացնի`
1) իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաեւ այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 2.1-ին մասերով սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.
2) «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարի մուծման անդորրագիրը եւ սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված վճարի մուծման անդորրագիրը:».
3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Դիմողի ինքնությունն ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, եւ համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվում է նրա ներկայությունը: Ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը տեսաներածվում եւ մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստում է ներկայացված փաստաթղթերի եւ տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերում ներկայացված փաստաթղթերի հետ հավասար իրավաբանական ուժ, այնուհետեւ դիմողին են վերադարձվում վերջինիս ներկայացրած բոլոր փաստաթղթերը: Անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի եւ դրանց մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերին: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվում է համակարգի կողմից ձեւավորված արագ արձագանքման (QR) կոդ պարունակող դիմումի ընդունման վերաբերյալ քաղվածք, որում պարտադիր նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները՝ անունը, ազգանունը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից դիմումի ընդունման վերաբերյալ քաղվածքի հաստատված ձեւաթղթով սահմանված անհրաժեշտ այլ տվյալներ:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, մուտքագրման, տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման եւ դրա մշակման կարգը, ինչպես նաեւ դիմողին տրամադրվող արագ արձագանքման (QR) կոդ պարունակող քաղվածքի ձեւաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:».
5) 9-րդ մասը «ներկայացված» բառից հետո լրացնել «եւ տեսաներածված» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող իրավական ակտն ընդունվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.11.2025
Երեւան
ՀՕ-342-Ն