ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմնի գույքը ձեւավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված շարժական գույքից եւ Կառավարության սահմանած կարգով վարձակալված անշարժ գույքից:».
2) 6-րդ մասը «հանձնվում է» բառերից հետո լրացնել «կամ վարձակալությամբ է տրամադրվում» բառերով.
3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Սույն օրենքով սահմանված կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնի, ենթակա պետական մարմնի համար ձեռք բերված շարժական գույքը եւ այն հանձնել պետական այլ մարմնի կամ Կառավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ դադարեցնելու անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:».
4) 8-րդ մասը «իրենց հանձնված» բառերից հետո լրացնել «կամ վարձակալված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետի «ամրացված կամ օգտագործման հանձնված» բառերը փոխարինել «հանձնված կամ վարձակալության տրամադրված» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Պետական մարմնին, ենթակա պետական մարմնին հանձնված շարժական, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի կազմը եւ չափը որոշում է Կառավարությունը: Կառավարությունը որոշում է նաեւ հանձնվող կամ վարձակալությամբ տրամադրվող գույքի օգտագործման եւ տիրապետման կարգը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված կամ վարձակալված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված կամ վարձակալված» բառերով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված» բառով:
Հոդված 6.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակն ապահովել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը հետ վերցնելու եւ համապատասխան պայմանագրերը դադարեցնելու գործընթացը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.11.2025
Երեւան
ՀՕ-347-Ն