ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 70-րդ կետով.
«70) լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր՝ լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացրած տեղեկատվության հիման վրա ձեւավորվող եւ լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների կողմից վարվող տվյալների շտեմարան, որը պարունակում է տեղեկություններ լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ներառյալ՝ նրանց լաբորատոր կարողությունների վերաբերյալ:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «համակարգ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասով նախատեսված՝ Կառավարության որոշմամբ սահմանված ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում կամ ստանդարտներին համապատասխան հավատարմագրում ունեցող լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատում է լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
1.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունում որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում կազմակերպության լաբորատոր-ախտորոշիչ տեսակով բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիայի գործողությունը լիցենզավորող մարմինը կասեցնում է օրենքով սահմանված կարգով:
1.3. Սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում խախտման պատճառը համարվում է վերացված լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպության՝ որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության գնահատման դիմումը լիազոր մարմնի կողմից բավարարվելու դեպքում:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձեւավորման եւ վարման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող Օրենքի 6-րդ հոդվածի 1.2-րդ եւ 1.3-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:
2. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձեւավորման եւ վարման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
10.11.2025
Երեւան
ՀՕ-338-Ն