Armenian      
Էներգետիկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2025

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«23.1)  միկրոէներգաարտադրող՝ մինչեւ 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում, իսկ մինչեւ 2022 թվականի մայիսի 1-ը՝ նաեւ 150 կՎտ-ից մինչեւ 500 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար էներգաարտադրող կայանում էլեկտրական էներգիա արտադրող անձ.»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ սպառող, կարող է մատուցել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որն էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ եւ սույն օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ:»:

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաեւ սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող եւ իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումն սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:»:

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 56.1-ին հոդվածում՝

1) 4-րդ մասը «չեն կարգավորման» բառերից հետո լրացնել «, այդ հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն (այդ թվում՝ առք ու վաճառքին) առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ» բառերով.

 2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ինքնավար էներգաարտադրողը,  շուկայի կանոնների համաձայն, կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով՝ առանց հետագայում այն վերականգնելու իրավունքի:»:

Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասը «կարգավորումները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն օրենքի 56.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթը» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

10.11.2025
Երեւան
ՀՕ-334-Ն