Armenian      
Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.10.2025

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6.1-ին կետում  «եւ բացահայտման» բառերը փոխարինել «, բացահայտման եւ պետական վիճակագրության վարման» բառերով:

Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության՝ հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության կանոնադրություններում կատարվում են փոփոխություններ, որոնց ուժի մեջ մտնելու օրվանից հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը գործում է ներքին գործերի նախարարության կազմում:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայության այդ պաշտոնները զբաղեցվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի՝ 2023 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի անցկացման կարգը սահմանելու մասին»  N 288-Ա որոշմամբ սահմանված կարգով:

4. Ոստիկանության ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրանց վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որոնք սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կզբաղեցնեն ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում եւ հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, եւ պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.10.2025
Երեւան
ՀՕ-322-ն