Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2025

ԳԼՈՒԽ  1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ կանոնակարգում է աճուրդային գործունեությանն առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական  հասկացությունները.

1) մշակութային արժեք՝ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում կիրառվող նշանակությամբ.

2) մշակութային նշանակության առարկա՝ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում կիրառվող նշանակությամբ.

3) մշակութային աճուրդ՝   անգլիական դասական սակարկության ձեւ, որի արդյունքով հաղթող է ճանաչվում մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների համար առավելագույն գին առաջարկող մասնակիցը.

4) մշակութային արժեքի եւ մշակութային նշանակության առարկայի լոտ՝ աճուրդով վաճառվող մշակութային արժեքներ եւ մշակութային նշանակության առարկաներ, որոնք ունեն համապատասխան նկարագրություն, տվյալներ եւ մեկնարկային գին.

5) գնահատում՝  մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի  լոտի շուկայական մոտավոր գին, որն ամրագրվում է աճուրդի կատալոգում.

6) մեկնարկային գին՝ մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի լոտի վաճառքի համար նախատեսված գին, որով մեկնարկում է աճուրդը.

7) քայլ՝ աճուրդում լոտի գնի հետեւողական բարձրացում.

8) աճուրդային գործունեություն՝ մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների աճուրդ կազմակերպելու լիազորություններով օժտված մասնագիտացված ձեռնարկատիրական գործունեություն, որն ուղղված է սույն օրենքով սահմանված ծառայությունների մատուցմանը.

9) աճուրդավար՝ ֆիզիկական անձ, որն անմիջականորեն վարում է մշակութային աճուրդը.

10) աճուրդային նվազագույն քայլ՝ նվազագույն չափ, որով բարձրանում է գինը.

11) աճուրդի կատալոգ՝ տպագիր  կամ էլեկտրոնային հրատարակություն, որտեղ ներկայացվում է առաջարկվող օտարման ենթակա լոտերի ցանկը.

12) նախաաճուրդային ցուցադրություն՝ աճուրդում վաճառքի համար առաջարկված լոտերի ցուցադրում շահագրգիռ կողմերին ծանոթացնելու նպատակով.

13) աճուրդի մասնակից՝  ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցվել եւ ցանկություն է հայտնել աճուրդի կազմակերպչի միջոցով իրականացնելու մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի օտարման կամ ձեռքբերման գործընթաց.

14) աճուրդի հավելավճար՝ գնորդի կամ վաճառողի կողմից աճուրդի կազմակերպչի համար սահմանված  հավելյալ վճար՝  գնված կամ վաճառված լոտի նկատմամբ աճուրդ կազմակերպելու եւ անցկացնելու համար.

15) վաճառքի գին՝  գին, որը գնորդը վճարում է առք ու վաճառքի պայմանագրով իր գնած լոտի (մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի) համար, որը ներառում է  նաեւ աճուրդի գինը եւ աճուրդի հավելավճարը.

16)  մշակութային աճուրդի կազմակերպիչ՝  գույքային իրավունքների տիրապետող, աճուրդային գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպություն, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա եւ ներկայանում է նրա կամ իր անունից.

17) աճուրդի մասնակցի համարանիշ՝ կազմակերպչի կողմից տրվող  բնութագրող տարբերակիչ կոդանիշ.

18) հայտ՝ աճուրդին մասնակցելու նպատակով աճուրդի մասնակցի կամ կազմակերպչի կողմից ներկայացվող գնման (վաճառքի) առաջարկ, որում նշվում են  այդ առաջարկի բավարարման բոլոր էական պայմանները.

19) գնային հայտի ներկայացում՝ աճուրդի ընթացքում մասնակցի կատարած գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել աճուրդի կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.

20) մշակութային աճուրդի տուն՝ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություն, որը տրամադրում է առցանց եւ առկա ձեւաչափով ենթակառուցվածք՝ նախատեսված  մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների աճուրդային վաճառքի կամ այլ ընթացակարգերով օտարման կազմակերպման եւ իրականացման համար.

21) բիդ՝ տվյալ պահին ամենաբարձր գինը, որով առկա է գնման պատվեր.

22) արվեստի գործակալ՝ մշակութային արժեքների եւ մշակութային

նշանակության առարկաների շուկայում  մասնագիտացած մասնակից, որը կատարում է մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների գործարքներ իր անունից եւ իր հաշվին՝ եկամուտ ստանալով առք ու վաճառքի գների տարբերությունից.

23) լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով մշակույթի բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:

ԳԼՈՒԽ 2

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԱՃՈՒՐԴՆԵՐԻ  ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 3. Մշակութային աճուրդների դասակարգումը եւ տեսակները

1. Մշակութային աճուրդները դասակարգվում են ըստ ժամանակագրության (մ. թ. ա. ժամանակաշրջանից մինչեւ  21-րդ դար) եւ  տեսակների (հնագիտական, կիրառական արվեստի, գեղարվեստորեն ձեւավորված պաշտամունքային նշանակության  առարկաների,  կերպարվեստի, ձեռագիր եւ տպագիր գրական արժեքների, երաժշտական գործիքների,   գոբելենների, գորգերի, կահույքի):

2. Մշակութային աճուրդի շուկան բաժանվում է առաջնային եւ երկրորդային մակարդակների՝

1) առաջնային մակարդակում մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների առք ու վաճառքը տեղի է ունենում անմիջականորեն վաճառողների եւ գնորդների միջեւ.

2) երկրորդային մակարդակում մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկաները սեփականատերերից սպառողներին են անցնում  մշակութային աճուրդի տների, աճուրդի կազմակերպիչների եւ արվեստի գործակալների  միջոցով:

3. Մշակութային աճուրդները լինում են բաց եւ փակ: Բաց աճուրդն իրականացվում է հրապարակային, իսկ փակ աճուրդին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք:

Հոդված 4.  Մշակութային աճուրդին մասնակցելու իրավունք ունեցող անձինք

1. Մշակութային աճուրդին ուղղակիորեն կարող են մասնակցել միայն մշակութային աճուրդի մասնակիցները եւ մշակութային աճուրդի կազմակերպիչը:

 2. Մշակութային  աճուրդի  մասնակիցները  եւ  լիազորված ներկայացուցիչները պետք է տիրապետեն աճուրդի կազմակերպման կանոններին, որոնց իմացությունը հարց ու պատասխանի ձեւաչափով ստուգում է մշակութային աճուրդի կազմակերպիչը նախքան աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվության տրամադրումը:

Հոդված 5. Մշակութային աճուրդի կազմակերպչի եւ մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները

1. Մշակութային աճուրդի կազմակերպչի իրավունքներն են՝

 1) իրականացնել մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների փորձաքննություն՝ ներգրավելով փորձագետների.

 2) աճուրդից հանել մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, կամ փաստաթղթերը ներկայացվել են թերի:

2. Մշակութային աճուրդի կազմակերպչի պարտականություններն են՝

 1) իրականացնել նախաաճուրդային ցուցադրություն.

 2) տրամադրել աճուրդի մասնակիցներին լոտերի վերաբերյալ ամբողջական եւ ստույգ տեղեկատվություն.

 3) մշակութային աճուրդի տան պաշտոնական կայքում եւ զանգվածային լրատվության միջոցներով նախապես (առնվազն 10 աշխատանքային օր առաջ) հրապարակել աճուրդի անցկացման վայրի, ժամի եւ մասնակցության պայմանների մասին տեղեկատվություն.

 4) տեղեկացնել կազմակերպվող աճուրդի կանոնների մասին.

5) ապահովել մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների պահպանման եւ ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազա,  անվտանգության միջոցներ, ցուցասրահների հասանելիություն եւ խելամիտ հարմարեցված միջավայր.

6) ապահովել եւ երաշխավորել աճուրդում ներկայացված մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների իսկությունն ու ներկայացնել դրանց հավաստիությունը հաստատող փաստաթղթեր.

7) երաշխավորել եւ իր գույքով պատասխանատու լինել, որ գնորդը փոխանցի անհրաժեշտ գումարը, իսկ վաճառողը տրամադրի մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան:

3. Մշակութային աճուրդի մասնակիցների իրավունքներն են՝

1) ծանոթանալ աճուրդի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգին եւ ստանալ ամբողջական եւ ստույգ տեղեկատվություն լոտերի վերաբերյալ.

2) ունենալ անձի գաղտնիության իրավունք:

4. Մշակութային աճուրդի մասնակիցների պարտականություններն են՝

1) գրանցվել եւ ներկայանալ աճուրդին.

2) տրամադրել մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների իսկությունը հավաստող փաստաթղթեր.

3) իրականացնել անհրաժեշտ վճարումներ:

Հոդված 6. Մշակութային աճուրդի աշխատանքների կազմակերպման կարգը

1. Մշակութային աճուրդի լսումներն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ լսումների անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, լոտերի, մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի վաճառքի վերաբերյալ:

 2. Մշակութային աճուրդի պաշտոնական լեզուն հայերենն է: Հեռավար  (էլեկտրոնային) աճուրդի դեպքում պետք է լինի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ հայերեն, անգլերեն, արաբերեն) կայք:

3. Մշակութային աճուրդի կազմակերպումն իրականացվում է վճարովի հիմունքներով: Վճարի չափը սահմանում է մշակութային աճուրդի տունը:

Հոդված 7. Մշակութային աճուրդում գործարքների իրականացումը

1. Մշակութային աճուրդի տանը մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների իրացման, ծառայությունների մատուցման եւ այլ վճարները, ինչպես նաեւ մշակութային արժեքների ու մշակութային նշանակության առարկաների գնահատման գնանշումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ անկանխիկ եղանակով:

2. Չի  թույլատրվում  իրականացնել որեւէ գործարք այն մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների առնչությամբ, որոնց վաճառքը կասեցված է դատական ակտով:

3. Մշակութային աճուրդում գրանցված եւ ներկայացված մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկաները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել պարտավորությունների դիմաց:

ԳԼՈՒԽ 3

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 8. Մշակութային աճուրդի կազմակերպման եւ անցկացման ընթացակարգը

1. Մշակութային աճուրդները կարող են կազմակերպվել ֆիզիկական մասնակցությամբ եւ հեռավար (էլեկտրոնային):

2. Մշակութային աճուրդն իրականացվում է անգլիական դասական  եղանակով: Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով, եւ մասնակիցներն աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը: Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է: Եթե երկու անգամ անընդմեջ դասական ձեւով չի օտարվում նույն արժեքը, ապա այն իրականացվում է նվազեցման եղանակով՝ փոխադարձ համաձայնությամբ:

3. Մշակութային աճուրդը վարում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձեւը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը (գնահատված արժեքի չափը), աճուրդային նվազագույն քայլի չափը, որը  կարող է կլորացվել գնի ճշտությամբ մինչեւ առավելագույն ամբողջ թիվը:

4. Մշակութային աճուրդի մասնակիցը բարձրացնում է  մասնակցի համարանիշին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու վերաբերյալ: Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկող մեկ մասնակից, որից հետո աճուրդը դադարեցվում է: Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չի լինում, աճուրդավարը երեք անգամ կրկնում է մեկնարկային գինը: Լոտը մեկնարկային գնով  երեք անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում տվյալ լոտի աճուրդը համարվում է չկայացած:

5. Մշակութային աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով մասնակցի համարանիշին համապատասխանող համարը (քարտը): Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից աճուրդավարի առաջարկած գինը երրորդ անգամ հայտարարելուց եւ մուրճի երրորդ հարվածից հետո:

6. Մշակութային աճուրդի ժամանակ, եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ է ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդում հաղթող է ճանաչվում առաջինը բարձր գին առաջարկող մասնակիցը:

7. Մշակութային աճուրդի հաղթող մասնակիցն ու աճուրդի կազմակերպիչն ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:

 8. Եթե մշակութային աճուրդի հաղթող մասնակիցը արձանագրության վերաբերյալ ունի առարկություններ, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

  9. Եթե մշակութային աճուրդով չի վաճառվում մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկան, ապա մշակութային աճուրդի տունը չի ստանում գնորդի եւ վաճառողի հավելավճարները:

 10. Մշակութային աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով:  Մշակութային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ:

 11.  Եթե մինչեւ մշակութային աճուրդի անցկացումը մասնակիցներից մեկը հրաժարվում է հետագա գործարքից, ապա մասնակցության վճարը չի վերադարձվում:

ԳԼՈՒԽ 4

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 9. Մշակութային աճուրդի տներին ներկայացվող պարտադիր պահանջները եւ պայմանները

1. Հեռավար (էլեկտրոնային) կազմակերպվող աճուրդին մասնակցելու նպատակով անձը պետք է մուտք գործի համապատասխան մշակութային աճուրդի տան կայք եւ գրանցվի համապատասխան պատուհանում, ընդ որում գրանցման համար պարտադիր է ներքոնշյալ տվյալների եւ փաստաթղթերի տրամադրումը.

1) անունը, ազգանունը եւ հայրանունը (իրավաբանական անձանց դեպքում՝ ֆիրմային անվանումը).

2) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (իրավաբանական անձանց դեպքում՝ գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) եւ  պետական գրանցման վկայականը).

3) բանկային քարտի տվյալները:

Հոդված 10. Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորումը

1. Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով: Լիցենզավորման կարգը հաստատում է Կառավարությունը:

Հոդված 11. Լիազոր մարմինը

1. Լիազոր մարմինը ՝

1) սահմանում է  աճուրդի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը.

2) իրականացնում է մշակութային աճուրդի տների հաշվառում եւ լիցենզավորում.

3) իրականացնում է մշակութային աճուրդների մշտադիտարկում:

Հոդված 12. Տեղեկությունների տրամադրումը

1. Մշակութային աճուրդի տների եւ մշակութային աճուրդի կազմակերպիչների կողմից մշակութային արժեքների գնման եւ վաճառքի վերաբերյալ տեղեկություններ կարող են տրամադրվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության գործողությունների, պետական բյուջեի եկամուտների հավաքման հսկողության իրականացման, մաքսային հսկողության իրականացման նպատակով:

ԳԼՈՒԽ  5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ  ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ինն ամիս հետո:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

06.10.2025
Երեւան
ՀՕ-276-Ն