ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԲՌՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՏԻՐԱՆԱԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը,
Վերահաստատելով իր հավատարմությունը իրավունքի գերակայության եւ սահմանադրական կարգի սկզբունքներին,
Հիմնվելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա,
Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անխախտ դրույթին՝ համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ձեւավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ,
Մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը եւ բռնության ցանկացած ձեւ քաղաքական պայքարում եւ հանրային կյանքի կազմակերպման մեջ,
Հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի եւ օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին:
2. Ահաբեկչության եւ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների:
3. Ահաբեկչությունը եւ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտները եւ հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին եւ արտաքին սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար:
4. Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը եւ երկրում ռազմական հեղաշրջման կամ որեւէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսեւորում ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքի դեմ:
5. Անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման եւ Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը: Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգեւոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգեւոր կարիքների սպասարկմանը:
6. Խիստ մտահոգիչ եւ դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որեւէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու եւ երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:
7. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին՝
դատապարտել ահաբեկչությունը եւ բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը,
աջակցել Հայաստանի Հանրապետության օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ,
նպաստել ազգային համերաշխությանը եւ պետական ինստիտուտների ամրապնդմանը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.07.2025
Երեւան
Հ-3