Armenian      
Կատարողական վարույթի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2025

Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «գնահատումը» բառից հետո լրացնել «եւ հարկադիր իրացումը» բառերով.

2) 1-ին մասը «որոշում է» բառերից առաջ լրացնել «սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում» բառերով.

3) 2-րդ մասը «փորձագետի միջոցով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Արգելադրված գույքի հարկադիր իրացումը կազմակերպվում է աճուրդով, եթե սույն օրենքով հարկադիր իրացման այլ ընթացակարգ սահմանված չէ:»:

Հոդված 2 . Օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 87.1-ին հոդվածով.

«Հոդված 87.1. Կրիպտոակտիվների վրա բռնագանձում տարածելը

1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջոցով: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով՝ առանց կիրառելու 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 5-րդ մասը:

2. Կրիպտոակտիվները սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կրիպտոակտիվների հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ կրիպտոակտիվի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքին եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերին համապատասխան:

4. Եթե պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում եւ հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 91.1-ին հոդվածով.

«Հոդված 91.1. Ցուցակված արժեթղթերի վրա բռնագանձում տարածելը

1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով ցուցակված արժեթղթերը հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով: Ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով, առանց կիրառելու 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 5-րդ մասը:

2. Ցուցակված արժեթղթերը սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Ցուցակված արժեթղթերի հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ արժեթղթի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքին եւ տվյալ կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան:

4. Եթե պարտապանին պատկանող ցուցակված արժեթղթերը հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում եւ հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»:

Հոդված 5.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.06.2025
Երեւան
ՀՕ-171-Ն