Armenian      
Բաժնետիրական ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.05.2025
Հոդված  1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

«Հոդված 35.1.  Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման կարգը

1. Ընկերությունը կարող է կնքել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված փոխարկելի փոխառության պայմանագիր:

2. Փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:

3. Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով:

4. Եթե ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կայացրել է փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում, ապա այդ որոշմանը դեմ քվեարկած բաժնետերն ունի սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքը: Ընդ որում, նախապատվության իրավունքի կիրառման դեպքում Ընկերությունը հատուցում է միայն փոխատուի վնասները՝ ազատվելով պարտավորությունը բնեղենով կատարելուց:

5. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում  Ընկերության գործադիր մարմին է ներկայացնում փոխարկման գրավոր պահանջ: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա փոխարկման գրավոր պահանջը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը: Փոխարկելի փոխառության պայմանագրով կարող է սահմանվել, որ սույն մասում նշված պահանջը համարվում է ներկայացված պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում:

6. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց), իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանները վրա հասնելուց եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց) հետո՝ 60-օրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի եւ քանակի բաժնետոմսերը թողարկել եւ տեղաբաշխել փոխատուի օգտին:

7. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ բաժնետոմսերի թողարկման եւ փոխատուի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

8. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ բաժնետոմսերը թողարկվում են Ընկերության  կանոնադրությամբ սահմանված` հայտարարված բաժնետոմսերի քանակի եւ անվանական արժեքի սահմաններում (եթե այդպիսիք սահմանված են):

9. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ թողարկված բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:»:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի փոխարկման դեպքերի վրա:»:

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44.    Ընկերության տեղաբաշխվող բաժնետոմսերի գինը

1. Ընկերության տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, բայց ոչ պակաս անվանական արժեքից: Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումն Ընկերության հիմնադրման ժամանակ իրականացնում են հիմնադիրները` բաժնետոմսի անվանական արժեքով:

2. Ընկերությունն իրավունք ունի լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու դրանց շուկայական արժեքից ցածր, եթե`

1) տեղաբաշխումն իրականացվում է Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսեր ունեցող բոլոր բաժնետերերի կողմից նման բաժնետոմսեր ձեռք բերելու նախապատվության իրենց իրավունքն իրականացնելիս.

2) բաժնետոմսերի տեղաբաշխման համար Ընկերությունն օգտվում է տեղաբաշխողի (միջնորդի) ծառայություններից: Տեղաբաշխման գինն այս դեպքում կարող է շուկայական արժեքից ցածր լինել միայն տեղաբաշխողին (միջնորդին) վճարվող վարձատրության չափով, որը սահմանվում է որպես տոկոսադրույք` տեղաբաշխվող բաժնետոմսի գնի նկատմամբ.

3) սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով տեղաբաշխում է աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսեր.

4) ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր.

5) Ընկերությունը փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:

Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ խոշոր գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 61.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «այլ բան նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

 «2.1. Եթե փոխարկելի փոխառության պայմանագրի կնքումը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված գործարք, ապա  այն   ենթակա   է   նաեւ   հաստատման   ժողովի   կողմից`   Ընկերության

քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով:»:

Հոդված 7. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը «Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների՝ կանոնադրությամբ սահմանված քանակով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.2-րդ կետով.

«25.2) Ընկերության կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշման ընդունումը,  ինչպես նաեւ այդպիսի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին որոշման ընդունումը.»:

Հոդված 9. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.

«4.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.2-րդ կետով սահմանված հարցով  որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ սույն մասով սահմանված որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ

մտնելուց հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.05.2025
Երեւան
ՀՕ-116-Ն