Armenian      
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.05.2024

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 10-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածում 1-ին մասի «Կողմերն» բառը փոխարինել «Կողմերը, սույն օրենսգրքի եւ այլ օրենքների պահանջների պահպանմամբ,» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 57. Պետական տուրքը

1. Պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը, վճարման կարգը, պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը եւ դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Եթե, հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

3. Եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված դատավարության մասնակցից՝ բավարարված պահանջների չափին համամասնորեն:

4. Հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասի բռնագանձման հարցը լուծվում է գործն ըստ էության լուծող դատական ակտով:

5. Վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 61-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 61. Դատական ծանուցումը

1. Դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները եւ թարգմանիչները սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

2. Դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին լիազորագրում հատուկ նշում առկա լինելու դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:

3. Սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-9-րդ  մասերով նախատեսված ներկայացուցչության դեպքերում ծանուցվում է դատավարության մասնակցի ներկայացուցիչը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «բնակության (գտնվելու) վայրը» բառերը փոխարինել «հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն» բառերով, իսկ «բնակության վայրից» բառերը՝ «հաշվառման վայրի հասցեից» բառերով.

2) 2-րդ մասի 3-րդ կետի «բնակության (գտնվելու) վայրը» բառերը փոխարինել «հաշվառման (գտնվելու) վայրի  հասցեն» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձի ներկայացրած հայցադիմումը պետք է պարունակի նշում այն մասին, թե վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ պետության կամ համայնքի որ իրավունքներն են խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եւ վեճը ենթակա  չէ  լուծման վերադասության կարգով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 76-րդ հոդվածում 2-րդ մասի «մշտական բնակության վայրը» բառերը փոխարինել «հաշվառման վայրի հասցեն» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 80-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «եւ երրորդ անձին» բառերը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 86-րդ հոդվածում 3-րդ մասի 3-րդ կետի «բնակության (գտնվելու) վայրը» բառերը փոխարինել «հաշվառման (գտնվելու) վայրի  հասցեն» բառերով, իսկ «բնակության վայրից» բառերը՝ «հաշվառման վայրի հասցեից» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 91-րդ հոդվածում 1-ին մասը «կատարումը» բառից հետո լրացնել «կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 95-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու հիմք:»:

Հոդված 11. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասի երրորդ նախադասության երկրորդ «117-րդ հոդվածի 1.1-ին մասով» բառերը փոխարինել «118.2-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատարանի կողմից սույն մասով նախատեսված գործողությունները սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին հոդվածով նախատեսված գործերով կատարելը բավարար է սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:»:

Հոդված 12. Օրենսգրքի 121-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 121. Արագացված դատաքննության կարգը եւ ժամկետները

1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:

2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ նախատեսված չէ:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:»:

Հոդված 13. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, վճռի պարզաբանման» բառերը, իսկ 131-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից՝ «, վճռի պարզաբանումը մերժելու» բառերը:

Հոդված 14. Օրենսգրքի 127-րդ հոդվածում 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) եւ 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք չի ներկայացվում:  Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից եւ կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:»:

Հոդված 15. Օրենսգրքի 128-րդ հոդվածում «լրացուցիչ» բառը փոխարինել «մասնավոր» բառով:

Հոդված 16. Օրենսգրքի 136-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:»:

Հոդված 17. Օրենսգրքի 137-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետից հանել  «կամ սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է» բառերը:

Հոդված 18. Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Վերաքննիչ դատարանի կողմից ընդունման  ենթակա չեն սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով սույն օրենսգրքով սահմանված ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված  ապացույցները, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարության մասնակիցը ներկայացնում է բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական դատարան ներկայացնելու հնարավորությունից:»:

Հոդված 19. Օրենսգրքի 145-րդ հոդվածում 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ անհրաժեշտության դեպքում կայացնում  նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) եւ 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը թողնելով անփոփոխ, իսկ 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերը թողնում է օրինական ուժի մեջ:»:

Հոդված 20. Օրենսգրքի 147-րդ հոդվածում «լրացուցիչ» բառը փոխարինել «մասնավոր» բառով:

Հոդված 21. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 147.1-ին հոդվածով.

«Հոդված 147.1. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղումը, լրացուցիչ որոշումը

1. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների, թվաբանական սխալների ուղղման եւ լրացուցիչ որոշման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղմանը եւ լրացուցիչ որոշմանը վերաբերող համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 22. Օրենսգրքի 148-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) եւ 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով.

«8. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից եւ կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

9. Սույն օրենսգրքի 136-րդ եւ 137-րդ հոդվածներով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու եւ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին վերաքննիչ դատարանի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում:»:

Հոդված 23. Օրենսգրքի 149-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումը հրապարակվում է գործի քննությունն ավարտվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:»:

Հոդված 24. Օրենսգրքի 152-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Անկախ բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ,  4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:»:

Հոդված 25. Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «, կամ որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը եւ դրանց հիմնավորումները» բառերը.

2) 3-րդ մասից հանել «, ինչպես նաեւ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքի առկայությունը» բառերը:

Հոդված 26. Օրենսգրքի 160-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետից հանել «բացակայում է կամ» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:».

3) 2-րդ մասը «հոդվածի պահանջներին» բառերից հետո լրացնել «, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը» բառերով.

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքի, նշելով առկա թերությունները: Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացվում է վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին դիմումը բողոք բերող անձի կողմից ներկայացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:»:

Հոդված 27. Օրենսգրքի 165-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի եւ վերաքննիչ դատարանում բողոքարկված՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են դրանք վարույթ ընդունելուց հետո՝ երկու ամսվա  ընթացքում:»:

Հոդված 28. Օրենսգրքի 166.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 166.1. Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը

1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը եւ գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին:

2. Դատական նիստը նախագահողը նշանակված ժամին բացում է դատական նիստը եւ հայտարարում դատարանի կազմը, քննության ենթակա գործը:

3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը, ստուգում վերջիններիս ներկայացուցիչների լիազորությունները, նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ դատական նիստի կարգը: Պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:

4. Բողոքի քննությունը սկսվում է զեկուցող դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը եւ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

5. Բողոքի քննությանը մասնակցող դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին եւ նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո նիստը նախագահողը բողոքի քննությունը հայտարարում է ավարտված:»:

Հոդված 29. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) եւ 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը թողնելով անփոփոխ, իսկ 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը թողնում է օրինական ուժի մեջ կամ անհրաժեշտության դեպքում կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:»:

Հոդված 30. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 171.1-ին հոդվածով.

«Հոդված 171.1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղումը

1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 31. Օրենսգրքի 181-րդ հոդվածում ամբողջ տեքստի «բողոք բերած» բառերը փոխարինել «դիմում ներկայացրած» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 191-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վարչական դատարանին ընդդատյա են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:»:

Հոդված 33. Օրենսգրքի 200-րդ հոդվածում 1-ին մասի «պաշտոնապես հրապարակվում է այն տեղեկագրում, որում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հրապարակվում է անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի տվյալ տեսակը» բառերը փոխարինել «դատարանը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝  նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում դրա պաշտոնական հրապարակումն իրականացնելու համար» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 215-րդ հոդվածում 4-րդ մասի «բնակության (գտնվելու) վայրը» բառերը փոխարինել «հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն» բառերով, իսկ «բնակության վայրից» բառերը՝  «հաշվառման վայրի  հասցեից» բառերով:

Հոդված 35. Օրենսգրքի 31-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 36. Օրենսգրքի 222.5-րդ հոդվածում 1-ին մասի 2-րդ կետի «բնակության վայրը» բառերը փոխարինել «հաշվառման վայրի հասցեն» բառերով, իսկ «բնակության վայրից» բառերը՝  «հաշվառման վայրի հասցեից» բառերով:

Հոդված 37. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին եւ 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 18-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 1-ից:

4. Սույն օրենքի 14-րդ, 17-րդ, 22-րդ եւ 29-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունվող միջանկյալ դատական ակտերի վրա:

5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված վերաքննիչ բողոքների քննության վրա:

6. Սույն օրենքի 25-րդ եւ 26-րդ հոդվածները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված վճռաբեկ բողոքների քննության վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

17.05.2024
Երեւան
ՀՕ-220-Ն