Armenian      
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին եւ 17-րդ կետերով.

«15.1) օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ».

«17) զերծ մնալ այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որը բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելուն:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 73.1-ին հոդվածով.

«Հոդված 73.1. Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1. Դատավորի  բարեվարքության  վերաբերյալ  ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով՝ որպես դատավոր առաջին անգամ նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում:

2. Նախկինում դատավորի պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է դատավորի պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են  դատավորի պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից:

4. Այն դեպքում, երբ դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչեւ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, դատավորն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետն սկսվում է հաշվարկվել առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից:

 5. Դատավորը  բարեվարքության  վերաբերյալ  ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

6. Բարեվարքության  վերաբերյալ ընթացիկ  ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:»:

Հոդված 3. Օրենքի 123-րդ հոդվածի 8.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.1. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նշված անձը մինչեւ դիմումներ ընդունելու ժամկետի ավարտը էլեկտրոնային համակարգում լրացնում  է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներկայացված տեղեկությունը եւ դիմումին կից ներկայացնում էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացված  լինելու մասին հայտարարություն:»:

Հոդված 4. Օրենքի 124-րդ հոդվածի 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Իսկ սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 8.1-ին մասով նախատեսված անձանց պարագայում Դատական դեպարտամենտը դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով՝ տեղեկացնելով էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացված լինելու մասին:»:

Հոդված 5. Օրենքի 132-րդ հոդվածի 4.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը մինչեւ դիմումներ ընդունելու ժամկետի ավարտը էլեկտրոնային համակարգում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը եւ դիմումին կից ներկայացնում էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացված լինելու մասին հայտարարություն:»:

Հոդված 6. Օրենքի 133-րդ հոդվածի 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Իսկ սույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված անձանց պարագայում Դատական դեպարտամենտը դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով՝ տեղեկացնելով էլեկտրոնային համակարգում բարեվարքության ուսումնասիրության հարցաթերթիկը լրացված լինելու մասին:»:

Հոդված 7. Օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա: Կարգապահական վարույթը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց վեց տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող կարգապահական վարույթների):  Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում կարգապահական վարույթը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում:»:

Հոդված 8. Օրենքի 145-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետի «1.1-ին կետով» բառերը փոխարինել «1.1-ին  եւ 1.3-րդ մասերով» բառերով.

2) 1.1-ին մասի «15-րդ եւ 16-րդ» բառերը փոխարինել «15-16-րդ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով.

«1.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված դեպքում (այդ թվում՝ գույքային դրության ուսումնասիրության արդյունքների համակցությամբ) կարգապահական վարույթ հարուցում է միայն Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

1.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության հետ կապված անհամապատասխանության հիմքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ հարուցում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 9. Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 73.1-ին հոդվածով սահմանված բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացության տրամադրումը:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Մինչեւ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն անցնող անձինք բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են թղթային տարբերակով:

3. Այն դատավորները, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են հետեւյալ հերթականությամբ.

1) վերաքննիչ վարչական դատարանի եւ վարչական դատարանի դատավորների, վերաքննիչ քրեական դատարանի դատավորների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը.

2) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

3) Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, սնանկության դատարանի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը.

4) մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված դատավորները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնելուց հետո բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են սույն օրենսգրքի 73.1-ին հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում, որոնք սկսվում են հաշվարկվել բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից:

7. Այն դատավորները, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս անցել են բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են սույն օրենսգրքի 73.1-ին հոդվածով սահմանված կարգով: Սույն ժամկետի հաշվարկը սկսվում է վերջին նշանակմանը հաջորդող օրացուցային տարվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-159-Ն